Դանիա

երկիր Հյուսիսային Եվրոպայում

Դանիա (դան․՝ Danmark, ˈd̥ɛnmɑɡ̊), պաշտոնապես՝ Դանիայի Թագավորություն (դան․՝ Kongeriget Danmark, ˈkɔŋəʁiːəð ˈd̥ɛnmɑɡ̊), պետություն Հյուսիսային Եվրոպայում երկու հավելյալ բաղկացուցիչ հատվածներով արտերկրում՝ Հյուսիսատլանտյան Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան Հյուսիսային Ամերիկայում։ Դանիան Հյուսիսային երկրներից ամենահարավայինն է, տեղակայված Շվեդիայից դեպի հարավ արևմուտք, որի հետ միացած է կամուրջ-թունելով, Նորվեգիայից՝ հարավ և հարավից սահմանակից է Գերմանիային։ Երկիրը բաղկացած է մեծ թերակղզուց՝ Յուտլանդիա և բազմաթիվ կղզիներից՝ Զելանդիա, Ֆյուն, Լոլան, Ֆալստեր և Բորնհոլմ, ինչպես նաև հարյուրավոր մանր կղզյակներից, որոնց հաճախ անվանում են Դանիական կղզեխումբ։ Դանիայի թագավորությունը պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, որի կառավարության նստավայրը մայրաքաղաք Կոպենհագենն է։ Թագավորությունը ունիտար է։ Դանիայի կազմի մեջ մտնող Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների կառավարումը կենտրոնական կառավարության կողմից վերահղված է այդ երկրներին՝ ներքին ինքնավարության սկզբունքով, որը կոչվում է Դանիական ոստան[7]։ Ֆարերյան կղզիների ժողովուրդը դիտարկվում է որպես համայնք թագավորության ներսում, իսկ Գրենլանդիայի ժողովուրդը՝ առանձին ժողովուրդ, ինքնորոշման իրավունքով։ Այս պայմանավորվածությունների արդյունքում 1973 թվականին Դանիան դարձավ Եվրամիության անդամ, սակայն Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները գերադասեցին Եվրամիություն չմտնել։

Դանիա
դան․՝ Danmark
Դանիայի Թագավորություն
դան․՝ Kongeriget Danmark
Դանիայի դրոշ
Դրոշ
Դանիայի զինանշան
Զինանշան
Նշանաբան՝
թագավորական նշանաբան
Guds hjælp, Folkets kærlighed, Danmarks styrke[1]
"Աստծու օգնությունը, ժողովրդի սերը, Դանիայի ուժը"
Ազգային օրհներգ՝ Der er et yndigt land
noicon
Թագավորական օրհներգ՝ Kong Christian stod ved højen mast
noicon
Դանիայի դիրքը
Դանիայի դիրքը
ՄայրաքաղաքԿոպենհագեն
55°43′N, 12°34′E
Ամենամեծ քաղաք Կոպենհագեն
(մայրաքաղաք)
Պետական լեզուներ դանիերեն
Շրջանային լեզուներ ֆարյորերեն, գրենլանդերեն, գերմաներեն[2]
Կառավարում ունիտար խորհրդարանական սահմանափակ միապետություն
 -  միապետ Ֆրիդրիխ X
 -  վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն
 -  ֆոլկետինգի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսեն
Տարածք
 -  Ընդհանուր 43,094 կմ² 
 -  Ջրային (%) 1.6
Բնակչություն
 -  Դանիա 2012 հունվար նախահաշիվը 5,543,453[3]
 -   Գրենլանդիա
 -   Ֆարերյան կղզիներ
 -   խտություն (Դանիա)
57,695[4]
49,483[5]
128/km2  
 -  Խտություն 128.48 /կմ² 
332.78 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $206.586.000.000[6] (աշխարհի 52-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $37,151 (աշխարհի 20-րդ)
ՀՆԱ (անվանական) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $333.238 (աշխարհի 32-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $59,928 (աշխարհի 7-րդ)
Արժույթ դանիական կրոն = 100 օրյո (DKK)
Ժամային գոտի Կենտրոնական եվրոպական ժամանակ (ՀԿԺ+1)
 -  Ամռանը (DST)  (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն Դանիա - .dk
Ֆարերյան կղզիներ - .fo
Գրենլանդիա - .gl
Հեռախոսային կոդ +45 Դանիա
+298 Ֆարերյան կղզիներ
+299 Գրենլանդիա

Նախապես լինելով նավագնաց հետախույզ վիկինգների բնակավայր, ովքեր միջնադարում ներխուժեցին Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ տարածքներ և այնտեղ հետագայում բնակություն հաստատեցին, Դանիան միջին դարերում դարձավ միասնական թագավորություն։ Դանիայի հետագա պատմության վրա էական ազդեցություն է գործել նրա աշխարհագրական դիրքը՝ Հյուսիսային և Բալթիկ ծովերի արանքում։

Սա նշանակում էր, որ լինելով Շվեդիայի և Գերմանիայի միջև՝ Դանիան հայտնվել էր Բալթիկ ծովին տիրանալու փոխադարձ պայքարի կենտրոնում, քանի որ մինչև Քիլի ջրանցքի փորելը, ջրային ուղիները դեպի Բալթիկ ծով հնարավոր էին միայն երեք ջրանցքներով, որոնք հայտնի էին որպես Դանիական ջրանցքներ։ Դանիան երկար ժամանակ վիճարկում էր Շվեդիայի հետ Սկանիայի վրա (Սկանիական պատերազմ) վերահսկողություն ունենալու համար և Նորվեգիայի հետ Հանսական Միություն Շլեզվիգ (Դանիական կալվածք) և Հոլշտայն (Գերմանական կալվածք) հերցոգությունների վրա վերահսկողություն ունենալու համար։ Ի վերջո Դանիան հակամարտությունը տանուլ տվեց և արդյունքում սկզբում Սկանիան զիջեց Շվեդիային, իսկ ավելի ուշ Շլեզվիգ-Հոլշտայնը Գերմանական կայսրությանը։ Չնայած Դանիական կայսրությունը կառավարում էր Դանիան և Նորվեգիան, սակայն 1814 թվականի Դանիա-Նորվեգիայի լուծարումից հետո Դանիան ձեռք բերեց Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները, որոնք տասնչորսերորդ դարից գաղութի կարգավիճակում էին։ Քսաներորդ դարում Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան երկուսն էլ դարձան Դանիայի Ոստանի անքակտելի մասերը և ստացան ինքնակառավարման իրավունք համապատասխանաբար 1948 և 1979 թվականներին։

Միավորված Ազգերի Կազմակերպության և ՆԱՏՕ-ի հիմնադիր, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ Դանիան նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության անդամ է։

Գերզարգացած խառն արդյունաբերություն ունեցող տնտեսությամբ և համատարած բարեկեցիկ Դանիան առաջատար երկրներից է բնակչության եկամտի հավասարաչափ բաշխվածության ցուցանիշով և մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշով յոթերորդն է աշխարհում։ Հաճախ Դանիան գնահատվում է որպես ամենաերջանիկ երկիրը[8][9], իսկ կաշառակերությամբ՝ վերջինը[10]։

Պաշտոնական լեզուն դանիերենն է, որը սերտորեն կապված է շվեդերենի և նորվեգերենի հետ, որոնց հետ այն ունի մշակութային և պատմական սերտ կապեր։ Դանիան Շվեդիայի և Նորվեգիայի հետ միասին Սկանդինավիա մշակութային տարածքի մասն է, ինչպես նաև Հյուսիսային խորհրդի անդամ է։

Անվանում խմբագրել

Դանիա բառի ստուգաբանությունը միշտ բանավեճերի առարկա է եղել[11][12]։ Բանավեճերը հիմնականում կենտրոնացված են "Դան" նախածանցի վրա, արդյոք այն հղվում է Դաներ գերմանական ցեղին, թե պատմական նշանակալի անձ Դան թագավորին։ Շատ ձեռնարկներ բացատրում են[13], որ դան տերմինը ժողովրդի անվանում է որը նշանակում է "հարթավայր", գերմաներենից Tenne "ներքնահարկ", անգլերենից den "քարանձավ", սանսկրիտով dhánuṣ- (धनुस्; "անապատ")։ Առաջին անգամ Դանիա բառի արձանագորությունը գտել են սեպագրերի տեսքով Ելինգում գրված Գորմ Մեծահասակի կողմից 955 թվականին և Հերալդ I Կապտատամի կողմից 965 թվականին։ Երկու քարերի վրա էլ Դանիա բառը փորագրված է տարբեր լեզուներով։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Առաջին հնագիտական բացահայտումները Դանիայում վերաբերվում են մ. թ. ա. 130,000-110,000 թվականներին[14]։ Դանիան բնակեցվել է մոտավորապես մ. թ. ա. 12.500 թվականին, իսկ գյուղատնտեսությունը այստեղ զարգացել է մոտ մ.թ.ա 3900 թվականից[15]։ Դանիայի տարածքում հայտնաբերվել են նաև Բրոնզե դարի (1800-600 մ. թ. ա) դամբարաններ և գերեզմանատներ, որտեղ թաղված են եղել բրոնզե տարատեսակ իրեր և Արևային սայլեր։

Երկաթե դարի ընթացքում տեղաբնակները սկսեցին գաղթել հարավ, Հռոմեական կայսրության ժամանակ հռոմեական պրովինցիաները սկսեցին առևտրով զբաղվել տեղի ցեղերի հետ, այդ մասին են վկայում Դանիայի տարածքում գտնված հռոմեական մետաղադրամները։ Մեծ է եղել նաև Կելտական մշակույթի հետևանքները տարածաշրջանի վրա, այս մասին են վկայում երկրի տարածքում գտվնած կելտական սպասքը և տարատեսակ այլ իրեր։

 
Արևային սայլակի ոսկեջրված մասը:

Պատմաբանները հավատում են որ դանիացիների նախնիները եկել են Դանիական կղզիների հարավից (Զիլանդ) և խոսում էին վաղ գերմանական լեզուներով, իսկ Յուտլանդիայի և մոտակա կղզիների մեծ մասը բնակեցվել են Յուտերի կողմից։ Հետագայում նրանք հրավիրվեցին Մեծ Բրիտանիա որպես վարձկաններ Բրիտանական թագավոր Վորտիգերնի կողմից և բնակություն հաստատեցին Քենթի հարավարևելյան մասում, Ուեյտ կղզին նույնպես այն կղզիներից էր, որտեղ նրանք բնակություն հաստատեցին։ Հետագայում նրանք ենթարկվեցին էթնիկ զտման անգլո-սաքսոնների կողմից։ Մնացած բնակչությունը ձուլվեց Դան ժողովրդի հետ։

Միջին դարեր խմբագրել

 
Լաբդի նավակը, որը ամենամեծ թաղված նավակն է՝ հայտնաբերված Դանիայում:

8-րդ դարից մինչև 10-րդ դարը դան ժողովուրդը հայտնի էր որպես Վիկինգներ։ Նորվեգացիների և շվեդների հետ նրանք գաղութականացրել են և առևտրով են զբաղվել Եվրոպայի մեծ մասով։ Վիկինգ նավագնացները հանկարծակի 9-րդ դարում հայտնաբերեցին Իսլանդիան, Ֆարերյան կղզիների ճանապարհին հայտնաբերեցին նաև "Վինլանդը" (գինու երկիր), որը այժմ հայտնի է Նյուֆաունդլանդ անվանմամբ Կանադայում։ Դանիական վիկինգները ամենաակտիվն էին բրիտանական կղզիներում և Արևմտյան Եվրոպայում։ Նրանք ժամանակավորապես բնակություն հաստատեցին Անգլիայում, Իռլանդիայում և Ֆրանսիայում, որտեղ հիմնեցին Նորմանդիան։ Շատ անգլո-սաքսոններ այս ժամանակահատվածում բնակություն հաստատեցին Դանիայում, հետո տեղափոխվեցին Անգլիա։ Ինչպես վկայում են սեպագրերը, Դաները քրիստոնեություն են ընդունել մոտ 965 թվականին, որի գլխավոր տարածողը Հերալդ Բլյութութն է եղել։ Ենթադրվում է, որ Դանիան դարձել է քրիստոնյա քաղաքական պատճառներով, որպեսզի ապահովագրվի աճող քրիստոնեական ուժի ներխուժումից և Գերմանիայի հետ առևտրային հարաբերությունների պահպանմամբ։ Այս ժամանակահատվածում Հերալդը կառուցեց վեց ամրոց Դանիայի տարածքում իսկ ավելի ուշ կառուցեց Դաներվիրկեն։ 11-րդ դարի սկզբին Կնուդ մեծը հաղթանակ տարավ և միավորեց Դանիան, Անգլիան և Նորվեգիան մոտ 30 տարով[16]։

Բարձր և Ուշ միջնադարում Դանիան նվաճեց նաև Սկանիան (Սկոնը, Հալլանդը և Բլեկինգը) և Դանիական Էստոնիան, ինչպես նաև Սվեզլիգի և Հոլշտեյնի դքսությունները։

1397 թվականին Դանիան միություն ստեղծեց Նորվեգիայի և Շվեդիայի հետ, այն ղեկավարում էր Մարգարեթ I-ին թագուհին։ Միությունում երեք երկրների իրավունքները հավասար էին։ Սակայն Մարգարեթի ղեկավարումը Դանիային տալիս էր մի փոքր շատ իրավունքներ[17]։ Այսպիսով սկանդինավյան պատմության հաջորդ 125 տարին կապված էր այս միության հետ։

Բողոքականների բարեփոխումները Սկանդինավիա եկան 1530-ական թվականներին և հաջորդեց քաղաքացիական պատերազմ, Դանիան ընդունեց Լյութերականություն 1536 թվականին։ Ավելի ուշ Դանիան Նորվեգիայի հետ ստեղծեց նոր միություն։

Վաղ ժամանակակից պատմություն խմբագրել

 
Օլանդի ճակատամարտը Դանիա-Նորվեգական և Նիդերլանդական դաշինքի և Շվեդական ռազմածովային ուժերի միջև 1676-ի հունիսի մեկին:

Կալմարյան միությունից 1523 թվականին Շվեդիայի դուրս գալուց հետո Դանիան անընդհատ փորձում էր վերականգնել իր տիրապետություն Շվեդիայում։ Առաջին փորձը Հյուսիսային յոթամյա պատերազմն էր, որն ընթացավ 1563–1570 թվականներին։ Երկրորդ փորձը Կալմարյան պատերազմն էր, երբ Կրիստիան IV-ը հարձակվեց Շվեդիայի վրա 1611 թ., բայց չհասավ իր հիմնական նպատակին՝ պարտադրել Շվեդիային վերադառնալ միություն։ Պատերազմը տարածքային փոփոխություններ չմտցրեց, բայց Շվեդիան ստիպված վճարեց 2 միլիոն արծաթ ռազմատուգանք[18]։

Կրիստիան թագավորը այս միջոցներով կառուցեց մի քանի քաղաքներ և ամրոցներ, որոնցից ամենահայտնին են Գլյուկխտադտը (որպես հակակշիռ Համբուրգին), Կրիստանիան (հետագայում վերանվանվեց Օսլո), Կրիստիանշավնը, Կրիստիանսթադը և Կրիստիանսանդը։ Ոգեշնչվելով Նիդերլանդների գաղութատիրական քաղաքականությունից թագավոր Կրիստիանը որոշեց ծրագրավորել դանիական գաղութատիրական քաղաքականությունը, որի շրջանակներում ծրագրավորում էր գաղութականացնել Շրի Լանկան, սակայն այս ծրագրի արդյունքում հաջողվեց գաղութականացնել Տրաքեբարը Հնդկաստանում։ Դանիայի գաղութատիրական կայսրությունը սահմանափակվում է միայն մի քանի որոշիչ առևտրային տարածքներով Աֆրիկայում և Հնդկաստանում։

Երեսնամյա պատերազմի ժամանակ Կրիստիանը փորձեց ղեկավարել Գերմանիայի Լյութերեն նահանգները, բայց ջախջախիչ պարտություն կրեց Լյութերի ճակատամարտում[19]։ Արդյունքում կաթոլիկ բանակը Ալբրեխտ ֆոն Վալենշտայնի գլխավորությամբ գրավեց և կողոպտեց Յուտլանդիան[20], ստիպելով Դանիային դուրս գալ պատերազմից։ Դանիան կարողացավ խուսափել տարածքներ կորցնելուց, սակայն տարածաշրջանում ընդհանուր հսկողությունը անցավ Շվեդիայի ձեռքը։ Շվեդական զորքերը 1643 թվականին ներխուժեցին Յուտլանդիա և նվաճեցին Սկոնեն 1644 թվականին։ Շվեդական ներխուժման արդյունքում տուժեց Դանիայի գյուղատնտեսությունը, իսկ բնակչությունը նվազեց 20 տոկոսով[21]։

1645 թվականի Բրոմսբերի պայմանագրով Դանիան կորցրեց Հոլլանդը, Գոթլանդը, Դանիական Էստոնիայի մնացած հատվածը և Նորվեգիայի որոշ տարածքներ։ 1657 թվականին Ֆրեդերիկ III-ը պատերազմ հայտարարեց Շվեդիային և շարժվեց դեպի Բրեմեն-Վերդեն։ Սա բերեց դանիական զորքերի վերջնական ջախջախմանը և 1658 թվականի Ռոսկիլդի պայմանագրով Շվեդիային անցան Յուտլանսիան, Ֆունենը և Զիլանդի մեծ մասը։ Կառլ X Գուստավը մտափոխվեց, որ ամբողջությամբ չի ոչնչացրել Դանիան և սկսեց Կոպենհագենի երկամյա պաշարումը, բայց չկարողացավ գրավել այն։ Հաջորդ հաշտության պայմանագրով Դանիային հաջողվեց պահպանել իր անկախությունը։

Դանիան փորձեց վերականգնել վերահսկողությունը Սկոնեում Սկանիան պատերազմում, բայց չհաջողվեց։ Հաջորդ Հյուսիսային Մեծ պատերազմում (1700–1721), Դանիային հաջողվեց վերականգել հսկողությունը Շլեզվիգում և Հոլսթեյնում։ Նապոլեոնական պատերազմներում Դանիան պահպանեց չեզոք դիրք, շարունակելով առևտրային հարաբերությունների մեջ մնալ հակամարտող կողմերի հետ և միացավ Երկրորդ չեզոք զինված լիգային Ռուսական կայսրության, Շվեդիայի և Պրուսիայի հետ միասին։ Մեծ Բրիտանիան այս միացման գործուղությանը համարեց թշնամական արարք և հարձակվեց Կոպենհագենի վրա, արդյունքում ոչնչացվեց Դանիայի ռազմածովային ուժերը և ավերվեց Կոպենհագենի մի հատվածը։ Սկսվեց Դանիա-Բրիտանական պատերազմը, որի արդյունքում Դանիան հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ և տնտեսությունը անկման եզրին կանգնեց։ Դանո-Նորվեգիական դաշինքը լուծարվեց Կիելի պայմանագրով 1814 թվականին։ Նորվեգիան Շվեդիայի հետ ստեղծեց նոր միություն, որը գոյատևեց մինչև 1905 թվականը։ Դանիան կարողացավ պահպանել Իսլանդիան, Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան։

Սահմանադրական միապետություն խմբագրել

 
Den Grundlovsgivende Rigsforsamling (Դանիայի սահմանադրության հիմնադիր հայրերը), 1860–1864 նկարված Կոնստանտին Հանսենի կողմից:

Դանիայի լիբերալ և ազգային շարժումները ձևավորվեցին 1830-ականներին և Եվրոպական հեղափոխություններից հետո 1849 թ. հունիսին Դանիան դարձավ սահմանադրական միապետություն։ Երկրորդ Շլեզվիգյան պատերազմից հետո 1864 թ. Դանիան զիջեց Շլեզվիգ Հոլսթեյն նահանգները Պրուսիային։ Դրանից հետո Դանիան չեզոք դիրք գրավեց Եվրոպայում։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վերսալի պայմանագրով Դանիային վերադարձվեց Շլեզվիգ-Հոլսթեյն նահանգը։ Վախենալով Գերմանիայի Իրրեդենտիզմից, Դանիան որոշեց Շլեզվիգ նահանգում հանրաքվե անցկացնել։ Հանրաքվեի արդյունքում ձայների մեծամասնությամբ Շլեզվիգը միացավ Դանիային, իսկ հանրաքվեի օրը նահանգում ազգային տոն է հայտարարված։

 
Դանիան դարձավ Եվրոպական միության անդամ 1973-ին:

Գերմանիայի ներխուժումը Դանիա տեղի ունեցավ 1940 թ. ապրիլի 9-ին, երկու ժամ դիմադրությունից հետո Դանիայի կառավարությունը անձնատուր եղավ։ Տնտեսական համագործակցությունը Գերմանիայի հետ շարունակվեցին մինչև 1943 թ., երբ Դանիայի կառավարությունը խզեց բոլոր հարաբերությունները և ոչնչացրեց իր ռազմանավերը, իսկ սպաներին տեղափոխեց Շվեդիա։ Պատերազմի ընթացքում Դանիայի հրեաները քիչ տուժեցին կառավարության վարած հրեապաշտպան քաղաքականության շնորհիվ։ 1948 թ. Իսլանդիան անկախացավ, իսկ Ֆարերյան Կղզիներին տրվեց ինքնիշխանական կարգավիճակ։

Պատերազմից հետո Դանիան դարձավ Միացյալ Ազգերի Կազմակերպության և ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ և 1973 թ. Բրիտանիայի և Իռլանդիայի հետ միասին միացավ Եվրոպական տնտեսական հանձնաժողովին (այժմյան Եվրոպական միություն) 1972 թ. հանրաքվեից հետո։ Գրենլանդիան ստացավ ինքնիշխանություն 1979 թվականին։ Ոչ Գրենլանդիան, ոչ էլ Ֆարերյան կղզիները չեն մտնում Եվրոպական միության մեջ։

Աշխարհագրություն խմբագրել

 
Դանիայի քաղաքների քարտեզը
   Հարևան բնակավայրեր   
      Նորվեգիա    
   Միացյալ Թագավորություն       Շվեդիա 
      Գերմանիա    
 
Դանիայի լուսանկարը արբանյակից
 
Դանիայի լանդշաֆտը հարթ է, մշակատարածքներով և ավազե լողափներով
 
Դանիայում տարածված են հիմնականում լայնատերև անտառները

Գտնվելով Հյուսիսային Եվրոպայում, Դանիան զբաղեցնում է Յուտլանդիա թերակղզին և 443 անվանված կղզիներ (ընդհանուր 1419 կղզի, որոնց մակերեսը մեծ է 100 մ²)[22]։ Այս կղզիներից 72 բնակեցված են, Ֆյունը և Զելանդիան խոշորագույններն են, Բորնհոլմը տեղակայված է արևելքում, Բալթիկ ծովում։ Մեծ կղզիներից շատերը միացած են իրար կամուրջներով։ Էրեսունդի կամուրջը միացնում է Զելանդիան Շվեդիայի հետ, Մեծ գոտի կամուրջը միացնում է Ֆյունը Զելանդիայի հետ, և Փոքր գոտի կամուրջը միացնում է Յուտլանդիան Ֆյունի հետ։ Մյուս կղզիների հետ կապը իրականացվում է լաստանավերով կամ օդանավերով։

Յուտլանդիա թերակղզու հարավային մասում Դանիան սահմանակից է Գերմանիայի հետ, մյուս կողմերից թերակղզին շրջապատված է Հյուսիսային և Բալթիկ ծովերով։ Սկագերակ նեղուցը Դանիան բաժանում է Նորվեգիայից, իսկ Կատեգատ և Էրեսուն նեղուցները՝ Շվեդիայից։ Պաշտոնապես Դանիայի կազմի մեջ է մտնում նաև աշխարհում ամենամեծ կղզի՝ Գրենլանդիան, ինչպես նաև Ֆարերյան կղզիները։ Սակայն այս երկու տարածքները ինքնավար են և փաստացիորեն անկախ։

Դանիայի խոշորագույն քաղաքները, որոնց բնակչությունը ավելին է քան 100 000-ը՝ մայրաքաղաք - Կոպենհագենը (1 096 187) Զելանդիայի վրա, Օրհուսը (219 003) և Օլբորգը (120 059) Յուտլանդիայում, և Օդենսեն (145 300) Ֆյունի վրա։

Դանիայի տարածքի մակերեսն է 43,094 կմ²[3][23]։ Դանիայի ցամաքային մասի մակերեսը հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել, քանի որ օվկիանոսը անընդհատ լվանում կամ ավելացնում է ափեզրը, բացի այդ իրականացվում են բազմաթիվ հողերի ամրապնդման ծրագրեր (որպեսզի պայքարեն լավացման դեմ)։ Գերմանիայի հետ սահմանի երկարությունը 68 կմ, մյուս կողմերից շրջապատված է 7 314 կմ երկարությամբ մակընթացային ափեզրով (ներառյալ բազմաթիվ փոքր ծովախորշեր)[24]։ Դանիայում չկա մի վայր, որը հեռու լինի ծովեզրից ավելին քան 52 կմ։

Դանիայի ամենահյուսիսային կետը Սկագեն քաղաքն է (հյուսիսային Սկավ ծովափ) 57° 45' 7" հյուսիսային լայնության վրա, ամենահարավային կետը՝ Գեդսեր գյուղն է (Ֆալստեր կղզու հարավային ափին) 54° 33' 35" հյուսիսային լայնության վրա, ամենաարևմտյան կետը Բլավենդշուկ հրվանդանն է 8° 4' 22" արևելյան երկայնության վրա, և ամենաարևելյան կետը՝ Օյստերսկար ժայռն է 15° 11' 55" արևելյան երկայնության վրա, այն գտնվում է Էրթոլմեն կղզեխմբում 18 կիլոմետր Բորնհոլմ կղզուց հյուսիս-արևելք։

Լանդշաֆտը ցածրադիր է, հիմնականում երեք տեսակի՝ գյուղատնտեսական մշակահողեր, անանտառ տարածքներ (մարգագետիններ, ճահիճներ, քարքարուտներ) և անտառներ։ Ռելիեֆը հարթավայրային է սառցակալման հետքերով, միջին բարձրությունը ծովի մակարդակից 31 մետր է։ Երկրի ամենաբարձր կետն է Ինդինգ Սկովհոյը (173 մ), ամենացածրը Լամեֆյորդը (-7 մ)։ Երկրի տարածքում գտնվող ջրային տարածքների մակերեսը կազմում է 700 կմ²։ Յուտլանդիայի արևմուտքում գերակայում են ավազային և քարակարկառների հարթավայրերը, հյուսիսում և արևելքում ցածր լեռներ են 173 մ առավելագույն բարձրությամբ և բազմաթիվ լճեր։ Դանիայում հիմնականում հոսում են փոքր գետեր, որոնցից ամենանշանակալին Գուդենոն է (երկարությունը 176 կմ) է։ Հարթավայրային մասում կան բազմաթիվ սառցադաշտային ծագման լճեր։ Անտառները զբաղեցնում են տարածքի մոտ 11,8 %-ը։ Դանիայի տարածքի բնական լայնատերև (հաճարենու և կաղնու) անտառները ամբողջությամբ ոչնչացվել են մարդու գործունեության արդյունքում, այժմ վերականգնելու համար բնական անտառները ամեն տարի տնկվում է մոտ 3 000 հա անտառ։ Կղզիների վրա գերակշռում են մշակվող կաղնու անտառները, Յուտլանդիա թերակղզում՝ փշատերևները (եղևնի, սոճի

Դանիայի տարածքում բնակվում են կաթնասունների 49 տեսակ, որոնցից 19 ներառված են Դանիայի Կարմիր գրքում։ Նրանց մեծամասնությունը կրծողներ և միջատակերներ են։ Անտառներում պահպանվել են այծյամը և եղջերուն, Հյուսիսային ծովի ջրերում կա բալթիական ներպա, հասարակ փոկ, երկարադունչ փոկ։ 1850 թ. հետո անհետացած են համարվում մոտ 350 տեղաբնակ կենդանիների տեսակներ և բույսեր։

Վարչական բաժանում խմբագրել

 
Դանիայի քաղաքական քարտեզ

Մինչև 2007 թվականի հունվարի 1-ը Դանիան բաժանված էր 14 շրջանների։ 2007 թվականի քաղաքային բարեփոխումների հետևանքով շրջանները փոխակերպվեցին 5 մեծ տարածաշրջանների՝ Մայրաքաղաքային տարածաշրջան, Զելանդիա տարածաշրջան (կամ Սելանդիա), Հյուսիսային Դանիա, Կենտրոնական Յուտլանդիա և Հարավային Դանիա։ Յուրաքանչյուր շրջան բաղկացած է համայնքներից։ Մինչ 2007 թվականը երկրում կար 270 համայնք, սակայն բարեփոխումների ժամանակ դրանց թիվը կրճատվեց` հասնելով 98-ի։ Յուրաքանչյուր համայնքի բնակչությունը կազմում է ամենաքիչը 20000 մարդ[25]։ Հատուկ կարգավիճակ ունի Էրթոլմեն կղզեխումբը, որը չի մտնում ոչ մի շրջանի և ոչ մի համայնքի կազմի մեջ, այլ կառավարվում է Դանիայի պաշտպանության նախարարության կողմից։

 
Դանիայի վարչատարածքային բաժանումը

Ֆարերյան կղզիները և Գրենլանդիան ունեն ինքնավարություն և սեփական օրենսդիր մարմիններ։ Ֆարերյան կղզիներում կենտրոնական կառավարությունը կարգավորում է արտաքին քաղաքականությունը, պաշտպանությունը, դրամավարկային քաղաքականությունը, ոստիկանության գործունեությունը և դատական համակարգը։

Կլիման խմբագրել

Դանիայի կլիման հանդարտ է, ծովային, մեղմ անկայուն ձմեռներով, զով ամառներով և ձգված անցումային շրջաններով։ Միջին ջերմաստիճանը՝ փետրվարին 0,0 °C, օգոստոսին՝ 15,7 °C[26]: Դանիայում տարվա ընթացքում անձրև է գալիս միջինը 121 օր, տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ 712 մմ տեղումներ, աշունը ամենախոնավ տարվա եղանակն է, իսկ գարունը ամենաչոր[26]։

Դանիայի հյուսիսային դիրքի պատճառով օրվա լուսավորության երկարության մեծ տատանումներ են լինում տարվա ընթացքում։ Ձմռանը օրերը կարճ են, արևածագը լինում է մոտ 8:45 և մայրամուտը՝ 15:45, իսկ ամռանը համապատասխանաբար օրերը երկար են, արևածագը՝ 4:30, և մայրամուտը՝ 22:00-ին[27]։

Շրջակա միջավայր խմբագրել

Դանիան պատմականորեն առաջատար տեղ է ունեցել շրջակա միջավայրի պաշտպանության գործում։ 1971 թվականին Դանիան հիմնեց իր Բնապահպանության նախարարությունը, և դարձավ առաջին պետությունը աշխարհում, որը ներդրեց բնապահպանության օրենք 1973 թվականին[28]։ Շրջակա միջավայրի աղտոտման և գլոբալ տաքացման դեմ պայքարելու նպատակով Դանիայի Կառավարությունը ստորագրել է հետևյալ միջազգային համաձայնագրերը՝ Անտարկտիկական համաձայնագիր, Կիոտոյի արձանագրություն, Վտանգված կենդանիների ակտը[3]։

Կոպենհագենը առաջատար է հանդիսանում Դանիայում պայծառ կանաչ բնապահպանական շարժման շրջանակներում[29]։ Կոպենհագենի ամենակարևոր շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող հետազոտական հաստատություններն են Կոպենհագենի համալսարանը, Կոպենհագենի գործարարության դպրոցը[30], Ռիսո ԴՏՈւ կայուն էներգիայի ազգային լաբորատորիան և Դանիայի տեխնիկական համալսարանը։

Հայտնի դանիացիներ խմբագրել

Դանիան բազմաթիվ նշանավոր մարդկանց հայրենիքն է. բոլորին են հայտնի ֆիզիկոսներ Յոհան Կեպլերի, Լյուդվիգ Լորենցի, Նիլս Բորի հայտնագործությունները։ Համաշխարհային ճանաչում ունեն գրող-հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Վայրի կարապները» և բազմաթիվ այլ հեքիաթներ։

Քաղաքական համակարգ խմբագրել

Դանիան սահմանադրական միապետություն է։ 1953 թվականի հունիսի 5-ին ընդունած սահմանադրության համաձայն պետության ղեկավարը թագավորն է, իսկ 1972 թվականին՝ Մարգարետ II թագուհին՝ Շլեզվիգ-Գոլշտեյն-Զոնդերբուրգ-Գլյուկսբուրգ դինաստիայից։ Թագուհին իրականացնում է օրենսդիր իշխանությունը միապալատ խորհրդարանի՝ ֆոլկետինգի հետ։

Պետական կառուցվածք խմբագրել

 
Դանիայի թագուհի Մարգրետ II-ը.

Դանիան միապետություն է, որտեղ իշխանությունն իրականացվում է թագուհու, գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջոցով։

Գործադիր իշխանությունը պատկանում է թագավորին, և նա դա իրականացնում է կառավարության միջոցով (21 անդամ)՝ վարչապետի գլխավորությամբ։ Կառավարությունը պատասխանատու է խորհրդարանի առջև։

Օրենսդիր իշխանությունն իրականացվում է թագավորի և միապալատ խորհրդարանի՝ ֆոլկետինգի հետ համատեղ, որի կազմի մեջ են մտնում 179 պատգամավոր։

Դատական համակարգը բաղկացած է 82 ստորին ատյանի դատարաններից, 2 վերաքննիչ դատարաններից (արևելյան տարածաշրջանինը գտնվում է Կոպենհագենում, արևմտյանը՝ Վիբորգում) և Գերագույն դատարանից, որը ստեղծվել է 1661 թվականին։

Քաղաքական կուսակցություններ խմբագրել

Դանիան բազմակուսակցական երկիր է։ Կառավարությունը կազմված է մի քանի կուսակցություններից և փոքրաթիվ աջակցող կուսակցություններից։ Ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի կազմել սկսած 1901 թ.: Այդ ժամանակից բոլոր կառավարությունները կամ միակուսակցական կառավարություններ են եղել կամ կոալիցիաներ՝ 2 կամ ավել կուսակցություններից կազմված։ Ոչ մի կուսակցություն միայնակ կառավարություն չի կազմել սկսած 1982 թվականից։ Սոցիալական ապահովության նախարարությունը գրանցում և ստուգում է կուսակցությունների անվանումները և պաշտոնական կուսակցական տառերը, որոնք մասնակցում են ազգային ընտրություններին։ Քվեաթերթիկների վրա կուսակցությունները դասավորված են այբբենական կարգով՝ ըստ կուսակցական տառերի։ Կուսակցություններից են Վենստրե, սոցիալ-դեմոկրատական, Դանիայի ժողովրդական կուսակցություն, պահպանողական ժողովրդական կուսակցություն, սոցիալիստական ժողովրդական կուսակցություն, ռադիկալ Վենստրե կուսակցություն, կարմիրա-կանաչ կուսակցություն, քրիստոնեական ժողովրդական կուսակցություն և այլն։

Զինված ուժեր խմբագրել

Դանիայի զինված ուժերը կազմված են ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերից, ինչպես նաև Հեմվերն ռազմականացված կամավոր կազմակերպությունից, որի անդամների քանակը 2006 թվականի դրությամբ կազմում էր 59000 մարդ։ Գերագույն հրամանատարն է միապետը, իսկ զինված ուժերի անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության նախարարը։ Զինվորական ծառայությունը տևում է 4-10 ամիս[31]։

Արտաքին քաղաքականություն խմբագրել

Դանիան ՄԱԿ-ի հիմնադիր երկրներից է և մեծապես աջակցում է կազմակերպությանը։ Հակասական վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ փոխվել է դեպի դրական 1990 թվականից․ դանիական բանակի ստորաբաժանումները մասնակցել են Պարսից ծոցի պատերազմին (1990–1991), բալկանյան հակամարտությանը, աջակցել է Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների հետ ռազմական համագործակցությանը։ Թեև Դանիան միացել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովին միայն 1973 թվականին, նա թերահավատորեն է վերաբերվում Եվրոպայի միավորման ծրագրերին։ 1992 թ. հանրաքվեի արդյունքում ընտրողները մերժեցին Մաաստրիխտյան պայմանագրի պայմանները, սակայն ավելի ուշ ընդունեցին այն վերապահումներով, իսկ 1998 թ. հանրաքվեի ժամանակ հաստատեցին Ամստերդամի համաձայնագիրը։ Դանիան չի ստորագրել արևելաեվրոպական միության համաձայնագիրը պաշտպանության մասին, սակայն աջակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը՝ Եվրոպայում անվտանգություն և համագործակցություն ապահովելու համար։ 1995 թվականին Դանիան առանձնացրել է իր ազգային համախառն արտադրանքի 1%-ը որպես հումանիտար օգնություն։

Հայ-դանիական կապեր խմբագրել

Օրհուսի համալսարանում է աշխատում հայագիտությամբ զբաղվող դանիացի գիտնական Հ. Լեհմանը։ Հիշարժան են դանիացի միսիոներուհիներ Կարեն Եփփեն (1876–1935) և Մարիա Յակոբսենը (1882–1960), ովքեր իրենց նվիրվածությամբ և բարերարությամբ փրկել են Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրավոր հայ որբերի, հիմնել որբանոցներ, կազմակերպել երեխաների բուժումը և կրթության գործը։ Այժմ գործում է «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիան։ Դանիայի փոքրաթիվ հայ համայնքն ըստ կարելվույն օգնություն է ցուցաբերել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած հայրենակիցներին։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Դանիայի Թագավորության միջև հաստատվել են 1992 թվականին[32]։

Տնտեսություն խմբագրել

Դանիան արդյունաբերագյուղատնտեսական երկիր է զարգացման բարձր մակարդակով։ Արդյունաբերության մասնաբաժինը կազմում է ազգային եկամտի 40%-ը։ Երկիրը զբաղեցնում է աշխարհում առաջին տեղը մեկ շնչին ընկնող արտաքին առևտրաշրջանառության առումով։ Հիմնական արտահանման արտադրանքներն են՝ մեքենաշինության արտադրանքներ, միս և մսամթերք, կաթնամթերք, ձուկ, դեղորայք, կահույք։

Առաջատար արդյունաբերություններն են՝ մետաղամշակում, մեքենաշինություն (հատկապես էլեկտրատեխնիկական և ռադիոէլեկտրական), սննդի, քիմիական, տեքստիլ արդյունաբերություն։ Գյուղատնտեսության բնագավառում առաջատար դեր է զբաղեցնում մսակաթնատու անասնաբուծությունը։ Դանիան զբաղեցնում է 7-րդ տեղը աշխարհում խոզերի թվաքանակով՝ 25 միլիոն, դրանցից 87%-ը արտահանվում է[33]։

Դանիան Եվրոպայի բարձր զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական երկրներից է։ Զարգացած են մեքենաշինությունը, նավաշինությունը, սարքաշինությունը. քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերության ճյուղերը, բժշկական, պատճենահանող սարքերի արտադրությունը։ Տնտեսության կարևոր ճյուղ է նաև ձկնորսությունը։ Զարգացած է գյուղատնտեսությունը, որի արտադրության ծավալում բացարձակ գերակշռում է անասնապահությունը։ Դանիան աշխարհում կաթի, յուղի, պանրի, խոզի և թռչնամսի, ձվի խոշորագույն արտադրողներից և արտահանողներից է։ Երկրագործությանը նպաստում է մեղմ և խոնավ կլիման, որի շնորհիվ ստանում են ցորենի, աշորայի, կերային մշակաբույսերի բարձր բերք։

Տարադրամ խմբագրել

Դանիան չի մտնում Եվրագոտու մեջ և ունի սեփական տարադրամը՝ դանիական կրոնը։ 2000 թվականին հանրաքվե անցկացվեց եվրոյին անցնելու համար, սակայն բնակչության մեծամասնությունը դեմ արտահայտվեց[34]։ Սակայն Դանիան հետևում է Եվրոպական արժութային միության հանձնարարականներին և ապահովում է ազգային տնտեսության համապատասխանեցումը Մաաստրիխտյան չափանիշերին։ Դանիայի Ազգային բանկը պահպանում է դանիական կրոնից եվրո ֆիքսված փոխարժեքի կուրսը[35]։

Ֆարերյան կղզիներում բացի դանիական կրոնից շրջանառվում է նաև ֆարերյան կրոնը։ Գրենլանդիայում ծրագրվում էր գրենլանդական կրոնի շրջանառությունը, սակայն այդ առաջարկը մերժվեց։

Տրանսպորտ խմբագրել

Դանիան ռազմավարական տրանսպորտային կապող օղակ է։ 2000 թվականին բացվեց Էրեսունդի կամուրջը, որը կապում է Կոպենհագենը շվեդական Մալմյո քաղաքի հետ, որի շնորհիվ էլ Սկանդինավիայի և Կենտրոնական Եվրոպայի միջև գործում է ճանապարհային և երկաթուղային գիծը։ Գերմանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի հետ Դանիան կապված է լաստանավերի կանոնավոր գծերով։

Ըստ 2011 թվականի սկզբների տվյալների՝ Դանիայում կա 74171 կմ ճանապարհ, այդ թվում և 1130 արագընթաց մայրուղի[36]։ Մեծ և Փոքր Բելտ նեղուցները մայրցամաքային Դանիան կապում են Զելանդիայի և Ֆյուն կղզիների հետ։

Երկրի երկաթուղային գծերի մեծ մասը սպասարկվում է պետական Danske Statsbaner ընկերության կողմից։ Կան նաև մասնավոր երկաթուղային փոխադրողներ։ Կոպենհագենում և արվարձաններում գործում է արվարձանաքաղաքային S-tog գնացքների համակարգը։ Մայրաքաղաքում է գործում նաև երկրի միակ մետրոպոլիտենը։

Դանիայում կա 28 օդանավակայան, որից 10-ը կատարում է կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Ամենամեծ օդանավակայանը Կաստրուպն է Կոպենհագենում։ 2010 թվականին Կաստրուպից օգտվողների քանակը կազմել է 21.5 միլիոն ուղևոր։ Ամենամեծ ուղևորափոխադրողը Սկանդինավյան Էյրլայնս Սիստեմ ընկերությունն է։

Փոստ խմբագրել

Դանիայի փոստի պատմությունը սկսում է Քրիստիան IV–ի 1624 թվականի դեկտեմբերի 24–ի հրամանից, որով նա հիմնեց ազգային փոստային ծառայությունը[37]։ Համաձայն թագավորական հրամանի, առանձին քաղաքների և արտասահմանցի առևտրականների միջոցներով պահվող սուրհանդակները փոխարինվեցին ճիշտ կազմակերպված սուրհանդակների ծառայությամբ, որի վարույթը Կոպենհագենը հանձնեց չորս առևտրականներից կազմված կոմիտեին[38]։ Ծառայությունը կազմված էր ինը գլխավոր երթուղիներից և ղեկավարվում էր Կոպենհագենի քաղաքագլխի և մի քանի գիլդաների կողմից։ Սկզբում փոստը բաժանում էին հետիոտն, իսկ 1640 թվականին՝ ձիավոր սուրհանդակները[37]։ 17-րդ դարի կեսերին փոստի մասնավոր տերերը հիմնեցին ձիա–ուղևորատար փոստային կապ Կոպենհագենի և Համբուրգի միջև[38]։

Ժողովրդագրություն խմբագրել

Ըստ 2012 թվականի վիճակագրական տվյալների, Դանիայի բնակչության (5.580.51) մոտ 89.6 % դանիական ծագում ունի[39]։ Մնացած 10.4 % ներգաղթածներն կամ վերջին ներգաղթածների ժառանգներն են հարևան երկրներից, Թուրքիայից, Իրաքից, Սոմալիից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հարավային Ասիայից և Մերձավոր Արևելքից։ Այդ 10.4 % մոտավորապես 200.000 (34 %) արևմտյան ծագումով են, իսկ մոտ 390.000 (66 %)՝ ոչ արևմտյան[40]։

Միջին տարիքը Դանիայում 39,8 է։ Բնակչության 98,2 % (տարիքը 15 և ավել) գրագետ են։ Ծնելիությունը մեկ կնոջ հաշվով կազմում է 1.74 երեխա (2006 թ. տվյալներով)։ Չնայած ցածր ծնելիության, բնակչությունը շարունակում է աճել 0,33 միջին տարեկան տոկոսադրույքով[3]։ Էդրիան Ուայթի կազմակերպած միջազգային հետազոտությունը Լեյչեստեր համալսարանում ցույց տվեց, որ Դանիայի բնակչությունը ամենաբարձր կյանքի բավարարությունն ունի աշխարհում[41]։

Դանիերենը, ֆարյորերենը և գրենլանդերենը պաշտոնական լեզուներն են, համապատասխանաբար Դանիայի, Ֆարերյան կղզիների և Գրենլանդիայի, իսկ գերմաներենը պաշտոնական լեզուն է Գերմանիայի սահմանի մոտ գտնվող Հարավային Յուտլանդիա շրջանում։ Դանիերենը խոսվում է ողջ թագավորությունում և Դանիայի ազգային լեզուն է։ Օտար լեզուներից առավել խոսվողները անգլերենն և գերմաներենն են[42]։

Հայերը Դանիայում խմբագրել

Դանիայում հայերը սկսել են բնակություն հաստատել 1970-ական թվականներից։ Նրանք Լիբանանից, Իրանից, 1990-ական թվականների սկզբին Հայաստանից գաղթածներ են. հաստատվել են հիմնականում Օրհուս քաղաքում։ Այնտեղ ներկայումս բնակվում է 3 հզ. հայ. հիմնականում արհեստավորներ և սպասարկման ոլորտի աշխատողներ են։ Գործում է 1 կիրակնօրյա դպրոց, որտեղ դասավանդվում է հայոց լեզու և պատմություն։ Լույս է տեսնում «Հորիզոն» եռամսյա պարբերականը։

Դանիայի հայ համայնքը կազմում է 3.100 մարդ։ Համայնքը կազմվել է Հայաստանից, Իրանից և Իրաքից գաղթած հայերից։ Հայերը հաճախում են Կոպենհագենի, Աարհուսի և Օդենսեի հայկական եկեղեցիները, որոնք գտնվում են ՀԱԵ Շվեդիայի թեմի իրավասության ներքո։ 2003 թվականին Հայաստանի և Դանիայի կառավարությունների միջև պայմանավորվածությամբ Դանիայում ապօրինի ներգաղթած հայերը (մոտ 100 մարդ) ստացան Դանիայի քաղաքացիություն։

Դանիայի կառավարությունը 2005 թվականին ճանաչել է Հայ եկեղեցու իրավունքները ամուսնություններ և որոշ այլ արարողություններ իրականացնելու համար։

Մշակույթ խմբագրել

Պատմականորեն, Դանիան, ինչպես իր Սկանդինավյան հարևանները, եղել է աշխարհի սոցիալապես առաջադեմ երկրներից մեկը։ Դանիան առաջին երկիրն էր, որն օրինականացրեց պոռնոգրաֆիան 1969 թ.[43], նաև 2012 թվականին, Դանիան փոխարինեց իր «գրանցված զուգընկերություն» օրենքները, որոնք Դանիան որպես առաջին երկիր ներմուծել էր 1989 թվականին, միասեռական ամուսնությունով։ Դանիական ապրելաոճի կարևոր գծերն են՝ համեստությունը, ճշտապահությունը, բայց առաջնահերթը հավասարությունն է։

Տիխո Բրագեյի (1546–1601) աստղագիտական հայտնագործությունները և Նիլս Բորի (1885–1962) փայլուն ներդրումները ատոմային ֆիզիկայի բնագավառում դանիական գիտական նվաճումների վառ օրինակ են։ Հանս Քրիստիան Անդերսենի (1805–1875) հեքիաթները, Սյորեն Կիերկեգորի (1813–1855) փիլիսոփայական էսսեները, Կարեն Բլիքսենի (1885–1962) պատմվածքները, ինչպես նաև Կառլ Նիլսենի (1865–1931) սիմֆոնիաները միջազգային ճանաչում են ձեռք բերել։ Սկսած 1990 –ական թվականների կեսերից, դանիական ֆիլմերը գրավել են միջազգային ուշադրությունը, հատկապես նրանք, որոնք կապված են ռեժիսոր, սցենարիստ, և պրոդյուսեր Լարս ֆոն Թրիերի հետ։

Ճարտարապետություն խմբագրել

 
Գրունդվիգի եկեղեցին Կոպենհագենում: Էքսպրեսիոնիստական ոճի ճարտարապետական նմուշ:

Դանիական ճարտարապետությունը հաստատվել է Միջնադարում, երբ առաջին անգամ ամբողջ երկրով մեկ սկսեցին կառուցվել ռոմանական, ապա գոթական ոճերի եկեղեցիներ և տաճարներ։ XVI դարից սկսած Դանիա կանչվեցին հոլանդական և ֆլամանդական դիզայներներ՝ միտում ունենալով ուժեղացնելու երկրի պաշտպանական կառույցները, բայց արդյունքում նրանք ավելի ու ավելի շատ սկսեցին կառուցել վերածննդի ոճի թագավորական ամրոցներ և պալատներ։ XVII դարում շատ տպավորիչ շինություններ սկսվեցին կառուցվել բարոկո ոճով՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Նեոդասական ոճը Ֆրանսիայից դանդաղորեն ինտեգրվել է Դանիա և հարազատ է դարձել դանիացի ճարտարապետների համար։ Հիմնական պատճառն այն էր, որ ֆրանսիացիները մեծ մասնակցություն են ունեցել ճարտարապետական ոճերի ձևավորման մեջ։ XIX դարում այս ոճերը միացվեցին իրար և ձևավորվեց ընդհանրական Ազգային Ռոմանական ոճը[44]։

20-րդ դարը իր հետ բերեց նոր ճարտարապետական ոճեր՝ այդ թվում էքսպրեսիոնիզմը, որի լավագույն օրինակներից են ճարտարապետ Պեթեր Վիլհելմ Ջենսեն-Քլինթի գործերը, որոնք գոթական ոճով շինություններ են՝ կառուցված սկանդինավիական աղյուսից։ Իսկ մյուս տարածված ոճը միջին կլասիցիզմն էր, որը շատ լայն տարածում գտավ միայն առաջին տասնամյակին։ 1960-ականներին Արնե Յակոբսոնը աշխարհին հայտնի դարձավ իր շատ հաջողված ֆունկցիոնալ ճարտարապետությամբ։ Աշխարհի դասական գլուխգործոցների թվին էն պատկանում Ջորն Ութզոնի Սիդնեյի օպերայի տունը և Ջոհան Օտտո վոն Սփրեքելսենի Դեֆանսի մեծ շքամուտքը Փարիզում։ Արդյունքում նրանք ճանապարհ բացեցին ժամանակակից դանիական ճարտարապետներին՝ այնպիսիներին, որոնցից է օրինակ Բյարկ Ինգելսը։ Նրանք պարգևատրվել են ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում[45]։

Կերպարվեստ խմբագրել

 
Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ, Կինը հայելու դիմաց (1841)

Չնայած որ դարերի ընթացքում Դանիայի արվեստի վրա ազդել է Գերմանական և Նիդեռլանդական ուղղությունները, XV և XVI դարի եկեղեցական ֆրեսկոների մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ նրանք տիպիկ դանիական նկարչության գործեր էին՝ կերտված դանիացի նկարիչների կողմից[46]։

1754 թվականին Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիայի հիմնադրումը նպաստեց կլասիցիզմի զարգացմանը։ Այդ ժամանակվա բնանկարներին ու դիմապատկերներին բարոկկոյի, ռոկոկոյի և կլասիցիզմի ոճերի միահյուսումը։ 19-րդ դարի առաջին կեսին գեղանկարչության ասպարեզում առաջատար տեղ գրավեցին Քրիստոֆեր Վիլհելմ Էկերսբերգ և նրա հետևորդները։ Ք. Վ. Էկերսբերգը ոչ միայն ամենարտադրողական արվեստագետն էր, այլ նաև դասավանդում էր Դանիայի թագավորական գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նրա աշակերտներն էին այնպիսի ճանաչված նկարիչներ, որոնցից են Վիլհելմ Բենցը, Քրիստեն Կրիբկեն, Մարտինուս Ռեբրյեն, Կոնստանտին Հանսենը և Վիլհելմ Մարստրանդը։ Այդ դարաշրջանի համար շատ հատկանշական էր Բերտել Տորվարդսենի քանդակները[47]։

1871 թվականին Հոլգեր Դրախմանը և Կառլ Մեդսենը այցելել են Յուտլանդիայի հեռավոր հյուսիսում գտնվող Սկագեն, որտեղ նրանք ստեղծեցին ամենահաջողակ սկանդինավիական նկարչական խմբերից մեկը՝ մասնագիտանալով նատուրալիզմի և ռեալիզմի գծով։ Միքայել Անչերի և նրա կին Աննա Անչերի ղեկավարությամբ նրանց որդին սկսել է աշխատել Պեդեր Սևերին Կրեյերի, Կառլ Լոչերի և Լաուրից Տուկսենի հետ։ Նրանք բոլորը զբաղվում էին բնության և բնակելի վայրերի նկարչությամբ[48]։ Նման աշխատանքային միտում դրսևորեց Ֆունենը՝ իր Ֆունենի նկարիչներ խմբով, որի կազմում էին Հովհաննես Լարսենը, Ֆրից Սայբերգը և Փիթեր Հենսենը[49], և Բորնհոլմ կղզում Բորնհոլմի նկարիչների դպրոցը, որտեղ ներառնված էին Նիլս Լերգաարդը, Քրեստեն Իվերսենը և Օլուֆ Հեսթը[50]։

1880-ական թվականներին սկսեց 1760 թվականից արտադրվող դանիական գեղարվեստական ճենապակու ստեղծման ծաղկումը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դանիական կերպարվեստը վերելք ապրեց կապված մի խումբ ռեալիստ նկարիչների ստեղծագործության հետ։ Հիշյալ խմբի ականավոր դեմքն էր դանիական իմպրեսիոնիզմի հիմնադիր, քանդակագործ և նկարիչ Թ. Է. Ֆիլիպսենը; Առանձնահատուկ տեղ է գրավել Ք. Սասրտմանի ստեղծագործությունները Դանիայի պատմական թեմաներով։ 1930-ական թվականներից զարգանում են տարբեր մոդեռնիստական ուղղություններ, որոնց հակադրվում են գեղանկարիչներ Օ. Ռուդեի, Ք. Էնսենի, գծանկարիչներ Պ. Քրիստենսենի, Է. Ֆրեդերիկսենի, ծաղրանկարիչ Հեռլուֆ Բիդստրուպի արվեստը։

Դանիայում լուսանկարչությունը զարգացել է ակտիվ մասնակցության շնորհիվ։ Այդ արվեստով սկսել են զբաղվել 1839 թվականի սկզբներին և դանիացի լուսանկարիչները ներկայումս զգալի հաջողություն ունեն։ Դանիայում լուսանկարչության պիոներներն էին Մադս Ալսթրափը և Գեորդ Էմիլ Հանսենը, որոնք ճանապարհ հարթեցին XIX դարում արագ զարգացող մասնագիտության համար։ Նկարիչները և ֆոտոլրագրողները մեծ ներդրումներ կատարեցին այս ոլորտում։ Ներկայումս դանիացի հայտնի լուսանկարիչներից են Աստրիդ Կրուսե Ջենսենը և Յակոբ Աուե Սոբոլը, որոնք ցուցահանդեսներ են ներկայացնում ինչպես հայրենիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս[51]։

Ժամանակակից արվեստի գործերը շատ գրավիչ տեսք ունեն Կոպենհագենից հյուսիս գտնվող Լուիզիանա թանգարանում և Յուտլանդիայի հյուսիսում գտնվող Օլբորգի արվեստի թանգարանում։ Նշանավոր նկարիչներից են նեոէսպրեսիոնիստ Պեր Կիրեբին, Տալ Էռը իր վայրի և գեղատեսիլ նկարներով[52], Օլաֆուր Էլիսոնն իր տիեզերական ցուցահանդեսներով[53] և Ջեփ Հեյնը[54]։

Թատրոն խմբագրել

 
Արքայական թատրոնը Դանիայում

Թատրոնը Դանիայում շարունակում է զարգանալ Կոպենհագենում գործող բազմաթիվ թատրոնների շնորհիվ, որոնք բեմադրում են բազմապիսի ներկայացումներ։ Ամենահայտնի թատրոնն է Արքայական թատրոնը (դան․՝ Det Kongelige Teater), որտեղ բեմադրվում են դրամաներ, օպերաներ, բալետներ և մյուզիքլներ։ XVIII դարից սկսած դանիական դրամատուրգիան սկսեց գրավել հանդիսատեսի լայն զանգված։

Լյուդվիգ Հոլբերգը (1684–1754) համարվում է դանիական թատրոնի հիմնադիրը։ Նրա երգիծական կատակերգությունները մինչ այժմ բեմադրվում են տարբեր թատրոններում։

Ադամ Էլենշլեգերը (1779–1850) դանիական թատրոնին ներկայացրեց ռոմանտիզմը։ Հատկապես հաջողություն ունեցավ նրա «Կոմս Հակոնի մահը», որի պրեմիերան կայացավ 1808 թվականին։

Նորվեգիացի դրամատուրգ Հենրիկ Իբսենը ևս բազմաթիվ պիեսներ է բեմադրել Կոպենհագենում, որոնցից է «Տիկնիկների տունը» (1879)։

Վերջին տարիներին դանիական թատրոնում վերածնունդ է նկատվում։ Շատ նոր դրամատուրգներ և պրոդյուսերներ հայտնվեցին, որոնցից են Աստրիդ Սաալբակը (ծն․ 1955 թվական), ով 2004 թ. արժանացավ «Սկանդինավյան դրամա» մրցանակին և Պետեր Ասմուսենը (ծն․ 1957), ով գրել է Լարս ֆոն Թրիերի «Ճեղքելով ալիքները» ֆիլմի սցենարը։ Դանիական մյուզիքլները ևս հաջողություն են վայելում ժամանակակից թատրոնում։

Դանիական թատրոնի մյուս ուղղություններից է ռեվյուն, որը սկսել է զարգանալ XIX դարի կեսերից։ Այժմ ռեվյուները բեմադրվում են ամեն ամառ ողջ Դանիայում։ Դրանցից ամենահայտնիները «Circusrevyen» և «Nykøbing Revy» են[55]։

Բալետ խմբագրել

1630–ական թվականներին հիմնվել է պալատական բալետը։ 1748 թվականին «Դանիական բեմ» թատրոնին կից ստեղծվել է բալետային խումբ, 1770 թվականից հետո վերանվանվել է «Թագավորական բալետ», իսկ 1754 թվականին պարի դպրոց, որը այժմ էլ շարունակում է գործել։ դանիայի բալետի ծաղկումը կապված է Ա. Բուռնոնվիլի գործունեության հետ, որը ստեղծել է ժողովրդական ծեսերն ու սովորությունները պատկերող, ինչպես նաև դիցաբանական թեմաներով ներկայացումներ։ 19-րդ դարի կեսից ձևավորվել է պարարվեստի դպրոցը, որն այժմ էլ լայն համբավ ունի[56]։

Խոհանոց խմբագրել

 
Դանիական սենդվիչ (սմոռեբրոդ), սև հացը ձկով, մանր ծովախեցգետինով, ձկնկիթով և ցիտրուսային մրգով (stjerneskud)

Դանիական խոհանոցը ինչպես այլ սկանդինավյան երկրներում և Հյուսիսային Գերմանիայում, հիմնականում բաղկացած է մսից և ձկից։ Սա գալիս է երկրի գյուղատնտեսական անցյալից, աշխարհագրական դիրքից և երկար, ցուրտ ձմեռներով լի կլիմայից։ Դանիան մեկ շնչի հաշվով սպառել է 145.9 կգ միս 2002 թ., դառնալով աշխարհի ամենամսակեր երկիր[57]։

Սենդվիչները, որոնք հայտնի են որպես սմոռեբրոդ (կարագ և հաց), համարվում են սովորական նախաճաշի կերակուր, կարելի է նաև դիտարկել որպես ազգային առանձնահատկություն, երբ պատրաստվում և զարդարվում են մի շարք բաղադրիչներով։ Տաք կերակուրները ավանդաբար կազմված են աղացած մսից, ինչպիսին է ֆրիկադելերները (կոլոլակ), ֆլասկեստեգից (տապակած խոզի միս) և կոգտ տորսկից (եփած ձողաձուկ) մանանեխի սոուսով։ Դանիան հայտնի է նաև իր Կառլսբերգ և Տյուբորգ գարեջրերով, նաև ակվավիտ և բիտտերս ալկոհոլային խմիչքներով, թեև ներկրվող գինիները այժմ բավականի հանրածանոթ են։

Դանիացի խոհարարները վերջին տարիներին ձևավորել են ճաշատեսակներ բարձրորակ տեղական արտադրանքի հիման վրա։ Արդյունքում, Կոպենհագենում և մարզերում արդեն բավականին մեծ թվով բարձր կարգ ունեցող ռեստորաններ կան, որոնցից մի քանիսը արժանացել են Միչելին աստղերին։

Դիզայն խմբագրել

 
Արնե Յակոբսենի Կարապը և ձուն

Դանիական դիզայնը եզր է, որը օգտագործվում է նկարագրելու համար ֆունկցիոնալիստական դիզայնը և ճարտարապետությունը, որը սկիզբ է առել 20-րդ դարի կեսին, Դանիայում։ Դանիական դիզայնը սովորաբար կիրառվում է արդյունաբերական դիզայնի, կահույքի և կենցաղային պարագաների մեջ, դրանցից շատերն արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների։

Դանիական Կավի գործարանը ("Ռոյալ Կոպենհագեն") հայտնի է իր կավե ապրանքների որակով։ Դանիական դիզայնը նույնպես հանդիսանում է ճանաչված ապրանքանիշ, որը հաճախ նույնացվում է համաշխարհային ճանաչում ստացած դիզայներների և ճարտարապետների հետ, այնպիսիք ինչպիսին են՝ Բյորգե Մոգենսենը (1914–1972), Ֆին Յուհլը (1912–1989), Հանս Վեգները (1914–2007), Արնե Յակոբսենը (1902–1971), Փոլ Կյարհոլմը (1929–1980), Փոլ Հենինգսենը (1894–1967) և Վերներ Պանտոնը (1926–1998)[58]: Գեորգ Յենսենը (1866–1935) հայտնի է իր ժամանակակից դիզայնի արծաթե իրերով։

Այլ դիզայներներից հիշատակելու արժանի են՝ Կրիստիան Սոլմեր Վեդելը (1923–2003) արտադրական դիզայնի ասպարեզում, Ջենս Հերալդ Քուիստգարդը (1919–2008) խոհանոցային կահույքի և պարագաների դիզայնի ասպարեզում և Օլե Վանշեր (1903–1985) կլասիկ կահույքի դիզայնի ասպարեզում։

Գրականություն և փիլիսոփայություն խմբագրել

 
Աշխարհահռչակ դանիացի պոետ Հանս Քրիստիան Անդերսենը

Առաջին հայտնի դանիական գրականության նմուշները դրանք 10-րդ և 11-րդ դարերի առասպելներն ու հեքիաթներն են։ Սաքսոն Գրամատիկուսը համարվում է առաջին դանիացի գրողը, որն աշխատել է Աբսալոն եպիսկոպոսի համար Դանիայի պատմության քրոնիկայի՝ (Դաների գործունեություն) աշխատության վրա։ Պայծառացման դարաշրջանում հայտնի դարձավ Լյուդվիգ Հոլբերտը, որի կատակերգությունները մինչև հիմա էլ բեմադրվում են։

19-րդ դարի գրականությունը դիտվում էր որպես հասարակության վրա ազդելու միջոց։ Որպես ժամանակակից առաջընթաց ոճի ստեղծագործողներ հայտնի են Ջորջ Բրենդեսը, Հենրիկ Պոնթոպիդան (Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր) և Յենս Փեթեր Յակոբսոնը։ Ռոմանտիզմի վրա մեծ ազդեցություն է գործել գրող և պոետ Հանս Քրիստիան Անդերսենը, որը հայտնի է իր պատմվածքներով և հեքիաթներով, որոնցից են «Անճոռնի ճուտիկը», «Փոքրիկ ջրահարսը» և «Ձյունե թագուհին»։ Ավելի ուշ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել նաև Հովհաննես Վիլհելմ Յենսենը։ Կարեն Բլիքսենը հայտնի է իր վեպերով և պատմվածքներով։ Դանիայի նշանավոր գրողներից են նաև Գուստավ Ուեյդը, Ուիլյամ Հեինեսենը, Մարտին Անդերսոն Նեխոն, Փիեթ Հեյնը, Հանս Շչերֆիգը, Կլաուս Ռիֆբյերգը, Դան Թուրելը, Թով Դիթևսենը, Ինգեր Քրիստենսենը և Փեթեր Հոեգը։

Դանիական փիլիսոփայության ավանդույթը Արևմտյան փիլիսոփայության մաս է կազմում։ Ամենանշանակալից դանիացի փիլիսոփան Սյորեն Կիերկեգորն է, որը Քրիստոնեական էքիստենցիոնալիզմի գաղափարի ստեղծողն է։ Կիերկեգորն ուներ մի քանի դանիացի հետևորդներ, այդ թվում նաև Հարալդ Հելդինգը՝ որն ավելի ուշ միացավ պոզիտիվիզմ շարժմանը։ Կիերկեգորի հետևորդներից Կիերկեգորի անձով շատ տպավորված էին Ժան Պոլ Սարտրը և Ռոլո Մեյը՝ ով օգնել է ստեղծել հումանիստական փիլիսոփայությունը։ Դանիացի փիլիսոփաներից հայտնի է նաև Նիկոլայ Ֆրեդերիկ Սևերին Գրունդվիգը, որի փիլիսոփայությունը ծնեց նոր փիլիսոփայական ձև՝ ոչ-ագրեսիվ նացիոնալիզմը Դանիայում։ Գրունդվիգը նաև հիշարժան է իր աստվածաբանական և պատմական աշխատություններով։

Երաժշտություն խմբագրել

Դանիական երաժշտությունը հնագույններից է Եվրոպայում[59]։ Մինչև 12-րդ դար այն սահմանափակվում էր ժողովրդական ժանրերով, իսկ հետագայում սկսում է զարգանալ նաև աշխարհիկ և հոգևոր երաժշտությունը։ 16-րդ դարից ի վեր Դանիայում զարգանում է դասական երաժշտությունը։ Դանիացիները Կառլ Նիլսոնին համարում են իրենց երկրի ամենամեծ երգահան[60]։ Բալետի ոլորտում հարկավոր է հիշատակել պարուսույց Ավգուստ Բուռնովիլին, ում շնորհիվ դանիական բալետը հասել է վարպետության գագաթնակետին[61]։

Կինո խմբագրել

 
Դանիայի համր կինոյի աստղ Աստա Նիլսենը

XX դարի սկզբին Դանիայի կինեմատոգրաֆն եղել է համաշխարհային կինոյի առաջատարներից մեկը։ 1906 թ. հիմնվել է «Nordisk Film» կինոստուդիան, որը գոյություն ունի մինչև մեր օրերը։ 1919 թվականին կինոյում նորամուտն է ունեցել ռեժիսոր Կառլ Թեոդոր Դրեյեր, որը XX դարի սկզբի Եվրոպայի ամենաշանավոր ռեժիսորներից էր։ Համր կինոյի աստղերից էր դերասանուհի Աստա Նիլսենը։ 1920 թվականին ստեղծվել է առաջին դանիական մուլտֆիլմը՝ «Երեք մարդուկները» վերնագրով։ 1930-ական թվականներին կինոարտադրությունը կրճատվել է, քանի որ Դանիան չէր կարող մրցակցել Հոլիվուդի հետ։

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Դանիում նկարահանվեցին բազմաթիվ ֆիլմեր, որոնց գլխավոր թեման նացիստների կողմից Դանիայի օկուպացիան էր։ Բոդիլ Իսպենի և Լաու Լաուրիտցեն կրտսերի «Կարմիր մարգագետին» ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակի։ 1970-ականներին պետությունն օրենք ընդունեց կինեմատոգրաֆին հովանավորելու համար, որոնք նոր ազդակ տվեցին կինոարտադրությանը։ Արդյունքում 1980-ականներին նկարահանված «Պելե նվաճողը» և «Բաբետտայի խրախճանքը» ֆիլմերը հաջողություն ունեցան և արժանացան բազմաթիվ մրցանակների ամբողջ աշխարհով մեկ։ Դանիական ռեժիսորներ Լարս ֆոն Թրիերը և Թոմաս Վինտերբերգը ստեղծեցին «Դոգմա 95» մանիֆեստը, որը նոր մակարդակի վրա բերեց փոքրաբյուջետ կինեմատոգրաֆը։

Սպորտ խմբագրել

 
Կարոլին Վոզնյացկին, դանիացի թենիսիստուհի: Նախկին Կանանց թենիսի ասոցիացիայի առաջին ռակետ:

Սպորտը բավականին հանրահայտ է Դանիայում և նրա քաղաքացիները մասնակցում և հետևում են բազմազան մարզաձևերին։ Ազգային սպորտը ֆուտբոլն է, առավել ուշագրավ արդյունքներն են այս ձևում վեց անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնության որակավորման փուլն անցնելն (1984–2004) և 1992 թ. առաջնությունն հաղթելն է։ Այլ էական նվաճումների թվում մտնում են հաղթանակը Կոնֆեդերացիաների գավաթում 1995 թվականիին և 1998 աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ հասնելը։

Դանիայի բազմաթիվ առողջարաններն ու ծովափներն սիրված վայրերն են ձկնորսության, կանոե կամ կայակ վարելու և մի շարք այլ ջրային մարզաձևերի համար։

Վերջին տարիներին, Դանիան հաջողությամբ հանդես է գալիս հեծանվավազքում, Բյարնե Ռիիսը հաղթեց 1996 թ. Տուր դե Ֆրանսում և Մայքլ Ռասմուսենը հասավ Սարերի Թագավոր կարգավիճակի, 2005 և 2006 թթ.: Այլ սիրված մարզաձևերի մեջ մտնում են գոլֆը, թենիսը, որտեղ դանիացիները հաջող են հանդես գալիս, բադմինտոնն, հանդբոլը, սեղանի թենիսը և մարմնամարզության տարբեր ձևերը։ Այս վերը նշված բոլոր ձևերում Դանիան ունի աշխարհի կամ օլիմպիական մեդալակիր։

2012 թ. հունվարի դրությամբ, Դանիայի հանդբոլի ազգային հավաքականը ներկայիս եվրոպական չեմպիոնն և Եվրոպայի առաջնության պատմություններում ամենից շատ մեդալներ նվաճած թիմն է՝ ընդհանուր նվաճել է հինգ մեդալներ, որոնցից երկուսը ոսկե (2008, 2012 թթ.) և երեքը բրոնզե մեդալ (2002, 2004 և 2006 թթ.)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hendes Majestæt Dronning Margrethe II». kongehuset.dk (Դանիական միապետության պաշտոնական կայք). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 փետրվարի 4-ին. (դան.)
  2. Դանիերենը պաշտոնական լեզու է բուն Դանիայում և երկրորդ պաշտոնական Ֆարյորյան կղզիներում, բայց ոչ Գրենլանդիայում; գրենլանդերենը միակ պաշտոնական լեզու է Գրենլանդիայում։ Գերմաներենը ընդունված է որպես պաշտպանված փոքրամասնության լեզու Հարավային Յուտլանդիայի դանիական մասում։
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Դանիա». Աշխարհի փաստերի գիրք. CIA. 2012 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  4. "Greenland" Արխիվացված 2020-05-09 Wayback MachineThe World Factbook. 2012 Հունիսի 6
  5. "Faroe Islands" Արխիվացված 2019-05-06 Wayback MachineThe World Factbook. 2012 Հունիսի 6
  6. «Denmark». International Monetary Fund. Վերցված է տվյալները ըստ 2012 ապրիլի 18, միայն բուն Դանիա՝ առանց Ֆարերյան կղզիների և Գրենլանդիայի։-ին. (անգլ.)
  7. Harhoff, Frederik (1993) Rigsfællesskabet (Realm). Århus: Klim, p. 498. ISBN 87-7724-335-8 (դան.), (անգլ.)ամփոփումով
  8. Francesca Levy, "The World's Happiest Countries", Forbes 2010 հուլիսի 14 (անգլ.)
  9. Francesca Levy, "Table: The World's Happiest Countries", Forbes 2010 հուլիսի 14 (անգլ.)
  10. «Transparency International – the global coalition against corruption». Transparency.org. 2010 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.
  11. Kristian Andersen Nyrup, Middelalderstudier Bog IX. Kong Gorms Saga Արխիվացված 2010-01-09 Wayback Machine (դան.)
  12. Indvandrerne i Danmarks historie, Bent Østergaard, Syddansk Universitetsforlag 2007, ISBN 978-87-7674-204-1, pp. 19–24 (դան.)
  13. J. de Vries, Altnordisches etymologisches Wörterbuch, 1962, 73; N. Å. Nielsen, Dansk etymologisk ordbog, 1989, 85–96. (գերմ.)
  14. Michaelsen (2002), p. 19.
  15. Nielsen, Poul Otto (2003 թ․ մայիս). «Denmark: History, Prehistory». Royal Danish Ministry of Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 1-ին.
  16. Lund, Niels (2003 թ․ մայիս). «Denmark – History – The Viking Age». Denmark. Royal Danish Ministry of Foreign Affairs. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.) Historical Atlas of Denmark (անգլ.)
  17. Palle Lauring, A History of the Kingdom of Denmark (Host & Son Co.: Copenhagen, 1960) p. 108. (անգլ.)
  18. «Kalmarkriget 1611–1613». Svenskt Militärhistoriskt Bibliotek. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին. (շվեդ.)
  19. Parker, pp. 69–70.
  20. Parker, p. 70.
  21. Geoffrey Parker (2001). "Europe in crisis, 1598–1648". Wiley-Blackwell. p.205. ISBN 0-631-22028-3 (անգլ.)
  22. «Landet i tal  – Største øer». Դանիայի ազգային հետազոտություններ և կադաստր. 2003 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2007 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
  23. Դանիայի մակերեսը – Աշխարհագրություն – Ինդեքս Մունդի. հունիսի 5 (անգլ.)
  24. «Բնությունը և շրջակա միջավայրը». Denmark.dk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 3-ին.
  25. Դանիա՝ շրջաններ, համայնքներ, քաղաքներ (անգլ.)
  26. 26,0 26,1 «Կլիմայի ցուցանիշները Դանիայի համար». Դանիական օդերևութաբանական ինստիտուտ. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 28 հոլտեմբեր 2008-ին. Ցուցանիշները բացատրված են դանիերենով՝ Առաջինը ամբողջ երկրի մասին է, Nedbør=Տեղումներ, Nedbørdage=Տեղումների օրեր (>1 մմ), (Dag/Middel/Nat)temp.=(օրվա/միջին/գիշերվա) ջերմաստիճան, Solskinstimer=Արևային ժամերի քանակը
  27. «Կոպենհագեն, Դանիա – Արևածագ և մայրամուտ ժամերը տարվա ընթացքում». Գայզմա. Վերցված է 2012 թ․ հունիսի 24-ին. (անգլ.)
  28. Շրջակա միջավայրին հասցրած վնասի մասին օրենք. պատասխանատվությունը և վերականգնումը. Մարի-Լուիզ Լարսոն
  29. "Մաքուր տեխնոլոգիական հեղաշրջում": Ռոն Պերնիկ Ron Pernick, Քլինթ Ուայլդեր։ Էջ՝ 265
  30. «Հաջողության ճանապարհները մաքուր տեխնոլոգիաներով գործարարության համար». Սի-Բի-Էս Օբզերվեր. 2009 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 24-ին.
  31. Յու․ Օսիպով, Ս․ Կրավեց, Տ․ Գրիգորև, Մեծ ռուսական հանրագիտարան, 2007 թ, էջ 291-312 (ռուս.)
  32. «ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  33. Անվանվել են ամենաէժան և ամենաթանկ եվրոպական երկրները Արխիվացված 2009-09-07 Wayback Machine (ռուս.)
  34. NEWSru.com, «Դանիացիները հրաժարվեցին եվրոյից
  35. Դանիան և եվրոն Արխիվացված 2006-11-16 Wayback Machine (անգլ.)
  36. Ճանապարհային ցանցը ըստ հունվարի 1-ի տվյալներով (անգլ.), (դան.)
  37. 37,0 37,1 «Postal history». Company presentation. About us. Post Danmark. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին. (անգլ.), (չաշխատող հղում)
  38. 38,0 38,1 Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան, Փոստ (ռուս.)
  39. Immigrants and their descendants and foreign nationals - Statistics Denmark.
    Official data(չաշխատող հղում) 2012 հունվարի 1. Վերցված է 2012 օգոստոսի 25.
  40. Immigrants and their descendants - Statistcs Denmark. 2012 հունվարի։ Վերցված է 2012 օցոստոսի 25
  41. Taylor, Jerome (2006 օգոստոսի 5). «Denmark is the world's happiest country – official – Europe, World». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2009 մայիսի 5-ին. (անգլ.)
  42. Lewis, M. Paul, ed. (2009). Ethnologue: Languages of the World (16th ed.). Dallas, Tex.: SIL International. ISBN 978-1556712166. Վերցված է 2012 օգոստոսի 27-ին. (անգլ.)
  43. «Denmark  – An Overview». 2007 թ. սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2007 թ. սեպտեմբերի 22-ին.
  44. "Դանիական ճարտարապետություն. Տեսարան" Արխիվացված 2011-07-19 Wayback Machine, Visit Denmark. Վերցված է 3 Սեպտեմբեր 2011.
  45. "Ճարտարապետություն" Արխիվացված 2010-02-06 Wayback Machine, Դանիայի դեսպանատուն, Հանոի. Վերցված է 3 Սեպտեմբեր 2011.
  46. Դանիական եկեղեցիների պատերի նկարներ Արխիվացված 2009-11-28 Wayback Machine. Retrieved 12 Օգոստոս 2009. Adopting the Biblia pauperum approach, they present many of the most popular stories from the Old and New Testaments.
  47. "Դանիայի Ոսկե դարի ուղեցույց" Արխիվացված 2011-10-25 Wayback Machine. Retrieved 4 Սեպտեմբեր 2011.
  48. Արվեստի հանրագիտարան. Skagen. Retrieved 9 Դեկտեմբեր 2008.
  49. "The Funish Art Colony" Արխիվացված 2013-04-18 Wayback Machine, Johannes Larsen Museet. Retrieved 12 Օգոստոս 2011.
  50. The Bornholm School from the Rough Guide to Denmark. Արխիվացված 2013-01-20 Wayback Machine Retrieved 10 Դեկտեմբեր 2008.
  51. Contemporary Danish Photography. From Photography-Now Արխիվացված 2012-07-07 Wayback Machine (անգլ.) Վերցված է 2010 հունվարի 28
  52. «"Tal R: The Sum", Camden Arts Gallery». Camdenartscentre.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31-ին.
  53. Take Your Time. Olafur Eliasson. From MoMA Արխիվացված 2012-12-07 Wayback Machine. Վերցված է 2010 հունվարի 27
  54. "Exhibition of Interactive Work by Artist Jeppe Hein Announced in Indianapolis", Artdaily.org.(անգլ.) Վերցված է 2010 մարտի 4
  55. "Ռեվյուն Դանիայում", Den store Danske (դան.)
  56. Հայկական Սովետական Հանրագիտարան
  57. Բրաուն, Ֆելիսիթի (2009 սեպտեմբերի 2). «Meat consumption per capita». guardian.co.uk. Վերցված է 2012 մայիսի 10-ին. (անգլ.)
  58. "Դանիացի ըստ Դիզայնի" Արխիվացված 2010-05-22 Wayback Machine, DDC. Ստացված է 2011 սեպտեմբերի 4
  59. Գլ. խմբ. Յուրի Կելդիշ, Երաժշտական հանրագիտարան, հ. 2, Մոսկվա, «Խորհրդային հանրագիտարան հրատ․», [[1974]] — 156-160, էջեր 156-160 — 1005 էջ։ (ռուս.)
  60. «Դանիական մշակույթ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին. (ռուս.)
  61. «Ժամանակակից դանիական արվեստ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 276  
  Ընթերցե՛ք «Դանիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։