Հայ նոր գրականություն՝ 18-րդ դարի սկզբից սկսել են ձևավորվել լուսավորական վերածննդի նախադրյալները։ Սկիզբ է առել մտավոր գրական մի շարժում, որը բնորոշվում է «նորոգություն» ընդհանուր հասկացությամբ։

18-19-րդ դարեր

խմբագրել

Միջին հայերենից հետո վերստին անցում է կատարվել գրաբարին, շուրջ 2 դար ստեղծվել են բանաստեղծություններ, գիտական ու իմաստասիրական երկեր։

Մտավոր գրական շարժում

խմբագրել

Մտավոր գրական շարժումը մեծապես ծավալվել է 18-րդ դարի 2-րդ կեսին՝ հատկապես Մխիթարյան միաբանության և հնդկահայ համայնքի լուսավորական գործունեությամբ։

Մխիթարյան միաբանություն

խմբագրել

Մխիթարյան միաբանության ուշադրությունն ուղղվել է հայության ազգային ինքնագիտակցության արթնացման նպատակին, ձգտել է վերակենդանացնել ազգի հիշողությունը՝ գտնելու անցյալի հետ կապը, վերածնել է հայոց պատմության մեծագույն արժեքները՝ պետություն, թագավորություն, եկեղեցի, համակարգել դասական հայերենը, կազմել բառարաններ, գրել քերականական և տրամաբանության դասագրքեր ու դպրոց, ուսումնական ձեռնարկներ։ Դասական հայերենի վերածնության շարժումը, որն առավելապես դրսևորվել է գրականության բնագավառում, և որի նախաձեռնողներն առաջին հերթին Մխիթարյաններն էին, ուղղված էր մի նպատակի՝ դարերի ընթացքում աղճատված գրաբարը խորթ ձևերից ու լատինաբանությունից մաքրելուն և ոսկեդարյան վիճակը վերականգնելուն, որպեսզի այն դառնար ոչ միայն գրականության ու դպրոցի լեզու, այլև ժամանակի սոցիալական ու տնտեսական փոխհարաբերությունների ու գաղափարախոսության արտահայտման միջոց։

Հնդկահայ համայնք

խմբագրել

Ազգային զարթոնքի գաղափարները մեծ արձագանք են գտել հնդկահայ համայնքում, առանձնապես՝ Մադրասի և Կալկաթայի հայկական միջավայրերում։ Նշանակալի Երևույթներ էին Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (1772) և Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» (1773) հրապարակախոսական, երկերը, Հարություն Շմավոնյանի «Ազդարար» (1794-1796 թթ. և 2008 թվականից) հայերեն առաջին պարբերականի հրատարակությունը։

Գրականության նորոգություն

խմբագրել

Գրականության նորոգությունն ընդգրկել է տարբեր ժանրեր։

Պատմագրություն

խմբագրել
 
Առաքել Դավրիժեցու պատմության 1669 թ. հրատարակության շապիկը

Պատմագրություն (Առաքել Դավրիժեցի, «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցտյ սոսկ դիպուածոց Հայաստանեայց...», 1651-1662, Զաքարիա Քանաքեռցի, «Պատմագրութիւն», 1699, Աբրահամ Կրետացի, «Պատմագրութիւն անցիցն իւրոց...», 1796), հուշագրություն (Սիմեոն Լեհացի, «Ուղեգրութիւն», 1619-1625, Խաչատուր Թոխաթցի, «Պատմութիւն Գենետիկ քաղաքին», «Հովսեփ էմին հայի կյանքն ու արկածները», անգլերեն, 1792, Հարություն Արարատյան, «Արտեմի Արարատյանի կյանքը», ռուսական, 1813

Օրագրություն

խմբագրել

17-րդ դարում ձևավորվել է հուշագրության մեկ այլ ժանր՝ օրագրությունը, անդրանիկ երկերի հեղինակներն են Զաքարիա Ագուլեցին, Երեմիա Քյոմուրճյանը, Մինաս Ամդեցին։

Հիշատակարաններ

խմբագրել

Այս շրջանում գրվել են նաև պատմական և գեղարվեստական արժեք ունեցող մի շարք հիշատակարաններ, որոնք հարստացրել են գեղարվեստական արձակն ու բանաստեղծությունը։

Վարքեր, վկայաբանություններ, առակներ

խմբագրել

Օտար աղբյուրներից թարգմանվել, փոխադրվել ու ազգայնացվել են մի շարք վարք-վկայաբանություններ, առակներ, զրույցներ և այլն։ Լայնորեն ծավալվել է հայատառ թուրքերեն, գրականությունը թուրքախոս հայության համար, ունենալով ագգային բովանդակություն ու ոգի՝ այն կազմել է հայ գրականության ինքնատիպ ու անքակտելի մասը։ 17-18-րդ դարերի ձեռագրերում պահպանվել են նաև որոշ դրամատիկ, երկեր, որոնցից հնագույնը «Նահա- տակութիւն Սրբոյն Հռիփսիմեայ» ողբերգությունն է (բեմադրվել է 1668 թ.-ին Լվովի հայ կաթոլիկ, դպրոցում)։

Բանաստեղծություններ

խմբագրել

17-18-րդ դարերի բանաստեղծությունը նշանավորվել է տաղաչափական նոր ձևերի յուրացմամբ, որն աշխարհի բանաստեղծական ընկալումն ազատել է խորհրդանշական այլա բանաձևերից, հին բանաստեղծական շեշտական չափը փոխարինել է վանկական չափով։ Այդ շրջանի հայտնի բանաստեղծներն են Պաղտասար Դպիրը, Պետրոս Ղափանցին, Հարություն Ալամդարյանը։

Բաղտասար Դպիր
խմբագրել

Հարուստ ու բազմաժանր է Բաղդասար Դպիրի գրական ժառանգությունը, գրել է գիտական, մատենագիտական, կրոնական, փիլիսոփայական, քերականական, բանասիրական և այլ բնույթի աշխատություններ («Պարզաբանութիւն քերականութեան կարճառօտ եւ դիւրիմաց», 1736, «Օրինակք բարեւագրաց», 1752, «Գիրք քերականութեան», 1760, «Համառօտ մեկնութիւն տրամաբանութեան...», 1822, «ժամանակագրութիւն», հրատարակվել է՝ 1951)։ Նա մեծապես նպաստել է հայ նոր բանաստեղծության զարգացմանը, որոշակի ստեղծագործական վերաբերմունք է ցուցաբերել հայ հին եկեղեցական ու աշուղական արվեստի նկատմամբ («Տա ղարան փոքրիկ Պաղտասար Դպրի ասացեալ ...», 1723Պաղտասար Դպիրի պոեզիան աչքի է ընկնում աշխարհիկ կենսազգացողությամբ, պարզ ու մատչելի լեգվամտածողությամբ։ Բանաստեղծական արվեստի կատարյալ նմուշ է նրա «Ի ննջմանէդ արքայեական» տաղը։

Պետրոս Ղափանեցի
խմբագրել

Պետրոս Ղափանցին ժամանակի վկայություններում հիշատակվել է որպես երևելի ազգային-եկեղեցական գործիչ ու բանաստեղծ։ 1772 թվականին հրատարակել է «Գրքոյկ կոչեցեալ երգարան» ժողովածուն։ Նրա պոեզիայում ուշագրավ է 18-րդ դարի հայ ազգային-քաղաքական զարթոնքի արձագանքը («Առ ազգն իւր սիրելի», «Առ ազգն իմ պատուելի», «Ձվշտակրութենէ հայրենեաց մերոյ»), բնության պանծացումը («Ձքաղցրիկ թռչնոց կաքատց», «Ծիլ-ծիլ ոսկի են վարդի թերթերն»)։

Հարություն Ալամարդյան
խմբագրել

Հայ նոր քնարերգության առաջին բանաստեղծը Հարություն Ալամդարյանն է։ Գրել է սիրային, խոհաքնարական, կրոնական, բանաստեղծություններ («Սուգ», «Պարերգութիւն», «Դաւ երեւակայութեան», «Ամենեփնս ես գեղեցիկ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց», «Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս» և այլն), ձոներ, առակներ, պատմական ողբերգություն («Հռադամիգդ եւ Զենոբիա»)։ 1826-1828-ական թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ օգնել է հայ կամավոր, գնդի կազմավորմանը։ Լինելով ժամանակի լուսավորյալ անձանցից՝ պաշտպանել է Հայ եկեղեցու և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը։

Կլասիցիզմ

խմբագրել

18-րդ դարի հայ գրական մտքի առանցքային հարցերից է եղել կլասիցիզմի տեսական հիմնավորումը։

Հայկական կլասիցիզմ

խմբագրել

Խաչատուր էրզրումցու «Համառօտական իմաստասիրութիւն» (1711), Ստեփանոս Ագոնցի «ճարտասանութիւն» (1775), Սարգիս Տիգրանյանի «Ինչ-ինչ զեղերգութենէ» (1834), էդուարդ Հյուրմյուզյանի «Առձեռն բանաստեղծութիւն» (1839) աշխատություններում համակարգվել են հայկական կլասիցիզմի գեղագիտական սկզբունքները, ուշադրություն է դարձվել գեղարվեստական լեզվին ու ոճին, ստեղծագործության ներքին տրամաբանական պատճառաբանվածությանը, սահմանվել են առանձին գրական ժանրերը։

Բովանդակությունը

խմբագրել

Հայկական կլասիցիզմը, լինելով եվրոպական կլասիցիզմի տարբերակը, բովանդակությամբ ազգային էր։ Եթե եվրոպական կլասիցիզմի հիմքն անտիկ հունահռոմեական մշակույթն էր, ապա հայկականինը՝ ազգային դիցաբանությունն ու պատմությունը։ Ագգային պատմության ու նշանավոր անհատների իդեալականացումը, հայ դասական հեղինակների նկատմամբ պաշտամունքը, հասարակական կյանքն ու արվեստը կարգավորելու ձգտումը կանխորոշել են հայկական կլասիցիզմի առանձնահատկությունները, որոնց բնորոշ են լուսավորական, բարոյադաստիարակչական, հայրենասիրական ու քաղաքացիական մոտիվները։

Ժանրային ձևեր

խմբագրել

Հայկական կլասիցիզմի ժանրային ձևերն էին ներբողը, էլեգիան, հովվերգությունը, դյուցազներգությունը, դրամատուրգիան։

Ականավոր դեմքեր

խմբագրել

Կլասիցիզմի ականավոր դեմքերն են Ղուկաս Ինճիճյանը, Գաբրիել Ավետիքյանը, Մանվել Ջախջախյանը, Եղիա Թովմաճյանը և ուրիշներ։ Հայկական կլասիցիզմին որոշակի ձև և ուղղություն է տվել Հովհաննես Վանանդեցին։

Հովհաննես Վանանդեցի
խմբագրել

Նա գրել է դյուցազներգություններ («Արփիական Հայաստանի», 1836, «Ոսկի դար Հայաստանի», 1841, «Տեսարան հանդի- սիցն Հայկայ, Արամայ եւ Արայի», հրատարակվել է՝ 1856), բանաստեղծություններ, բանասիրական և աստվածաբանական ուսումնասիրություններ («ճառ ներբողական ի Սուրբ խաչն Քրիստոսի Եւ պատմագրական առասացութիւն ի Սուրբ Նշանն Վարագայ», 1816, հրատարակվել է՝ 1853)։ Վանանդեցու բանաստեղծություններից հայտնի է «Առ Հայաստանը» (առավելապես՝ իր առաջին տողով՝ «Հայաստան, երկի՝ր դրախտավայր»), որը հետագայում վերածվել է երգի։

Պետրոս Մինասյան
խմբագրել

Հայկական կլասիցիստական դրամատուրգիայում նշանակալի ավանդ ունի Պետրոս Մինասյանը։ Նա եղել է կլասիցիզմի տեսաբաններից, «Թատերգութիւնք» (1845) խորագրով լույս է ընծայել պիեսների ժողովրդական, որտեղ ընդգրկվել են «Խոսրով Մեծ», «Սմբատ Առաջին», «Արշակ Բ» և այլ ողբերգություններ։

Արսեն Բագրատունի
խմբագրել

Հայկական կլասիցիզմի ամենանշանավոր դեմքը բանաստեղծ, բանասեր, լեզվաբան Արսեն Բագրատունին է, որն առավել հայտնի է «Հայկ Դիւցազն» (1830, հրատարակվել է՝ 1858) էպիկական, հերոսական պոեմով, որտեղ արտացոլվել է Հայկի և Բելի առասպելը։ Պոեմում առասպելապատմական Հայաստանն է՝ իր բնաշխարհով, հեթանոսական աստվածներով և արարողություններով՝ գրաբարի բառային ողջ հարստությամբ։ Բագրատունին գրել է նաև կրոնապատմական բովանդակությամբ թատերագրություններ («Ի ծնունդ Տեառն», «Ի յայտնութիւն Տեառն», «Երուանդ», հրատարակվել է՝ 1869), լեգվաբանական աշխատություններ («Հայերէն քերականութիւն ի պէտս զարգացելոց», 1852, «Սկզբունք ուղիղ խորհելոյ եւ բարոտք կելոյ», 1857, «Քերականութիւն գաղղիական», 1821

Գրաբարից աշխարհաբար

խմբագրել

Գրաբար ստեղծագործություններին զուգընթաց գրաբարախառն աշխարհաբարով ստեղծվել են հոգևոր ու աշխարհիկ բովանդակությամբ տաղեր (Պետրոս Բերդումյան Աղամալյանց, Գրիգոր Օշականցի, Հովհաննես Կարնեցի և ուրիշներ)։

Սենտիմենտալիզմ

խմբագրել

Կլասիցիզմի զարգացման շրջանում աստիճանաբար սկսել են նշմարվել հայկական սենտիմենտալիզմի և նախառոմանտիզմի նշաններ, որոնց դրսևորումները նկատվել են կլասիցիզմից ռոմանտիզմին անցնող որոշ հեղինակների գործերում (Հարություն Ալամդարյան և ուրիշներ)։

Մամուլ

խմբագրել

1830-1840-ական թվականների հայկական իրականության մեջ ազգային ոգու վերածնության տարիներ էին։ Արևելահայ մշակութային կենտրոններում մտավորականությունը փորձել է ժամանակի նորահայտ գաղափարներով ուղղություն տալ ազգի նյութական և հոգևոր զարգացմանը։ Ներքաղաքական կյանքի ազատականացման միտումներ են ստեղծվել նաև արևմտահայ շրջանակներում։ Աշխարհայացքի և հասարակական մտքի կազմավորմանը նպաստել է մամուլը, հրատարակվել են թեթեր, ամսագրեր («Լրագիր» (1832, Կոստանդինոպոլիս), «Շտեմարան պիտանի գիտելյաց» (1839, Զմյուռնիա), «Ազդարար Բյուզանդիան» (1840,), «Արշալույս Արարատյան» (1840, Զմյուռնիա), «Բազավեպ» (1843, Վենետիկ), «Ազգասեր» (1845, Կալկաթա), «Կովկաս» (1846, Թիֆլիս), «Եվրոպա» (1847, Վիեննա), «Բանասեր» (1848, Մադրաս)։ Ազգային զարթոնքին նպաստել են նաև համաշխարհային պատմական իրադարձությունները, հեղափոխական շարժումները։

Ռոմանտիզմ

խմբագրել

Հեղափոխություն է կատարվել գաղափարախոսության մեջ. լուսավորականին փոխարինել է ռոմանտիզմի դարաշրջանը։ Մտավոր գրական նոր շարժման ականավոր ներկայացուցիչներն էին լուսավորական-ռոմանտիստները՝ Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Ղևոնդ Ալիշանը։

Մ. Թաղիադյան

խմբագրել

Հայ գրականության մեջ ռոմանտիզմի սկզբնավորողներից է Մ. Թաղիադյանը, որը հալածվել է ազատամտության համար։ Գրել է բանաստեղծություններ, վեպեր («Վէպ Վարդգիսի», 1846, «Թութակ Թաղիադեանց», ժողովրդական, «Վէպ Վարսենկան...», երկուսն էլ՝ 1847), աշխատություններ («Պատմութիւն հին Հնդկաստանի», 1841 ), «Պատմութիւն Պարսից», 1846), գիտամանկավարժական ձեռնարկներ («ՄԵսրովբեան այբբենարան», «Մեսրովբեան շարադրիչ», երկուսն էլ՝ 1840

Ղևոնդ Ալիշան

խմբագրել
 
Ղևոնդ Ալիշանը, իր «Հայապատում» գիրքը (1901)

Ղևոնդ Ալիշանը 19-րդ դարի հայ ռոմանտիկական և հայրենասիրական պոեզիայի հիմնադիրն է. գրաբար ու աշխարհաբար բանաստեղծություններում, պոեմներում և արձակ գործերում արտացոլել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական ձգտումները, նրա պատմական անցյալի հերոսական դրվագները («Հրազդան», «Ողբամ գքեզ, Հայո՜ց աշխարհ», «Պլպուլն Աւարայրի», «Կարմիր Վարդան», «Աբգար Դպիր» և «Յուշիկք հայրենեաց հայոց», 1869-1870)։ Գրել է նաև գիտական, բանագիտական, պատմաաշխարհագրական, բանասիրական, կրոնափիլիսոփայական աշխատություններ («Քաղաքա կան աշխարհագրութիւն...», 1853, «Տե ղեկագիր Հայոց Մեծաց», 1855, «Նշմարք Հայկականք», 1870, «Շիրակ», 1881, «Սիսուան», 1885, «Այրարատ», 1890, «Սիսական», 1893, «Հայ-Բուսակ կամ Հայկական բուսաբառութիւն», 1895, և այլն)։

Խաչատուր Աբովյան

խմբագրել
 
Խաչատուր Աբովյան

Դարաշրջանի հոգևոր արժեքների, ռոմանտիկական աշխարհընկալման ընդհանրացումը Աբովյանի հարուստ գրական ու գիտական ժառանգությունն է։ Գրաբար և աշխարհաբար բանաստեղծություններում («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց», «Սրբաճեմ ոտից Տեառն գթութեանց», «Զգացմունք ցաւալի սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Գարուն» և այլն) անդրադարձել է անհատի և հայրենիքի ճակատագրերին, երազանքի և աններդաշնակ իրականության հակադրություններին։ Աբովյանը մտորել է գեղարվեստական գրականությանը համապատասխանեցնելու նոր ժամանակների պահանջներին, աշխարհաբարը ժողովրդին հասկանալի գրականության լեզու դարձնելու մասին։

«Վերք Հայաստանի»
խմբագրել

Հայ գրականության պատմության մեջ շրջադարձային էր «Վերք Հայաստանի» (1841, հրատարակվել է՝ 1858) պատմավեպը, որը նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով, արծարծած գաղափարներով։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Աբովյանը ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգությունը, հայրենիքի վերածնության հույսը կապել ազգային համախմբման, կրթության և լուսավորության հետ։

19-20-րդ դարեր

խմբագրել

Բուրժուականացող հասարակության ներազգային կյանքում ստեղծվել են սոցիալ-տնտեսական, մշակութային, բարեգործական հաստատություններ, որոնք գործնական ուղղություն են տվել մտավորական շարժմանը։

Վաղ շրջան

խմբագրել

1850-1860-ական թվականներին հայ գրականությունը թևակոխել է նոր շրջան։ Բուրժուականացող հասարակության ներազգային կյանքում ստեղծվել են սոցիալ-տնտեսական, մշակութային, բարեգործական հաստատություններ, որոնք գործնական ուղղություն են տվել մտավորական շարժմանը։ Վերացել է գաղափարական միօրինակությունը, որը բնորոշ էր զարթոնքի շրջանի լուսավորականներին։ Հասարակական միտքը բանավիճել է հնի ու նորի, ազգի, եկեղեցու, դպրոցի, լեզվի, գրականության արմատական փոփոխությունների և այլ հարցերի շուրջ։ Գաղափարական պայքարի կիզակետում են եղել հասարակական մտքի 3 ուղղությունները՝ իրենց պաշտոնաթերթերով՝ եկեղեցական («Մասյաց աղավնի», «ճռաքաղ», «Երևակ»), ազգային պահպանողականություն («Կռունկ Հայոց աշխարհին», «Մեղու Հայաստանի», «Մասիս») և ազատամտական («Հյուսիսափայլ», «Մեղու», «Արևելք»)։ Հայ հասարակության միտքը դարաշրջանի առաջադեմ գաղափարներով ուղեգծելու պատմական առաքելությամբ ասպարեզ է եկել եվրոպական համալսարաններում կրթված աշխարհիկ մտավորականների նոր սերունդ (Ստեփանոս Նազարյան, Միքայել Նալբանդյան, Նիկողայոս Ձորայան, Նահապետ Ռուսինյան, Գրիգոր Օտյան, Ստեփան Ոսկանյան (Ստեփան Ոսկան), Հարություն Սվաճյան և ուրիշներ)։

Օրախնդիրը

խմբագրել

Օրախնդիր է դարձել գրապայքարը, որն ավարտվել է աշխարհաբարի հաղթանակով։ Զուգահեռաբար ձևավորվել են հայ գրականության արևելահայ և արևմտահայ հատվածները։ Հասարակական մտքի ընդհանուր վերելքը որոշակի նախադրյալներ է ստեղծել ազգային գրականության զարգացման համար։ Գրականության զարգացումը խթանել է գրականագիտության և քննադատության ձևավորումը՝ որպես ինքնուրույն բնագավառ։ Բարձրացել է գրականության դերն ազգի հոգևոր կյանքի կազմակերպման գործում։

Համաշխարհային գրականություն

խմբագրել
 
Էժեն Սյու
 
Վիկտոր Հյուգո
 
Ֆրիդրիխ Շիլլեր
 
Ջորջ Բայրոն
 
Իվան Կռիլովի դիմանկարը (նկարիչ` Կառլ Բրյուլով)

Ազգային գրականության ձևավորման ընթացքն ուղեկցվել է համաշխարհային գեղարվեստական փորձի յուրացմամբ։ Եվրոպական և ռուսական գրականությունները դարձել են ժողովրդի հոգևոր ու բարոյական զարգացման կարևորագույն միջոցներից, որոնք էլ խթանել են թարգմանչական աշխատանքները։ Հայերեն լույս են տեսել Էժեն Սյուի, Բիչեր Սթոոփ, Վիկտոր Հյուգոյի, Յոհան Գյոթեի, Ալեքսանդր Դյումայի, Ժան-Բատիստ Մոլիերի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ջորջ Բայրոնի, Ադամ Միցկևիչի, Շանդոր Պետեֆիի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի և ուրիշներ ստեղծագործությունները։

Հայ գրականություն

խմբագրել
 
Ստեփան Պալասանյան
 
Ստեփանոս Նազարյան

Հայ գրականության պատմաբանները և քննադատները (Հովսեփ Գաթրճյան, Ստեփան Պալասանյան, Ստեփանոս Նազարյան, Միքայել Նալբանդյան և ուրիշներ) ընդհանրացրել են ազգային գրականության փորձն ու զարգացման օրինաչափությունները, լուսաբանել ընթացիկ գրականական շարժման հիմնական միտումները։ Առաջադրելով գրականության ազգային ինքնատիպության պահանջը՝ քննադատությունը ելակետ է ունեցել գրականության և պատմության նույնականության գեղագիտական սկզբունքը։

  Բանաստեղծությունը նույնպիսի ճշգրիտ հիշատակարան է, ինչպես պատմությու նը։
- Միքայել Նալբանդյան
 
Ռոմանտիզմ և ռեալիզմ
խմբագրել
 
Ղազարոս Աղայան

1850-1860-ական թվականների հայ գրականությանը հատկանշվել է 2 գլխավոր ուղղությունների՝ ռոմանտիզմի և ռեալիզմի զուգահեռ գոյությամբ, որոնք ել ընդլայնել են գրականության արտահայտչամիջոցները։ Գեղարվեստական նվաճումներից էր վեպի ծնունդը։ Սենտիմենտալ- ռոմանտիկական վիպագրության նմուշներ են ստեղծել Հովհաննես Հիսարյանը («Խոսրով եւ Մաքրուհի», 1851), Արմենակ Հայկունին («էլիզա», 1861), Հակոբ Հաճյանը («Հեղինէ», 1869) և ռեալիստական վեպեր գրել Հովսեփ Վարդանյանը («Ագապի», 1851), Պերճ Պռոշյանը («Սօս եւ Վարդիթեր», 1860), Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը («Տեր Սարդիս», 1861), Ղազարոս Աղայանը («Արութիւն եւ Մանուէլ», 1867

Դրամատուրգիա
խմբագրել

Դրամատուրգիայում կլասիցիզմից ռոմանտիզմին անցումը եղել է ժանրային փոփոխությամբ, պատմական ողբերգությունը ձևափոխվել է պատմառոմանտիկական դրամայի։ Դրամատուրգիայի ազգային ուղղության ճանաչված դեմքերն էին Մկրտիչ Պեշիկթաշլյանը («Կոռնակ», «Արշակ Երկրորդ»), Սրապիոն Հեքիմյանը («Արտաշէս եւ Սաթենիկ», «Սամուէլ»), Հակոբ Կարենյանը («Շուշանիկ», «Վարդան Մամիկոնեան»), Թովմաս Թերզյանը («Հռիփսիմէ», 1861, «Յովսէփ Գեղեցիկ», 1871

Կատակերգություն
խմբագրել

Պատմառոմանտիկական դրամային զուգահեռ զարգացել է սոցիալ-կենցաղային կատակերգությունը։ Նիկողայոս Փուղի- նյանի, Նիկողայոս Ալադաթյանի, Միքայել Պատկանյանի, Միքայել Տեր-Գրիգորյանի և ուրիշներ վոդևիլներում ու կատակերգություններում ներկայացվել են քաղքենիական միջավայրը, բարքերը։

Գաբրիել Սունդուկյան
խմբագրել
 
Գաբրիել Սունդուկյան

Ռեալիստական դրամատուրգիայի գեղարվեստական փորձի ընդհանրացումը Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործությունն է։ Նա «Խաթաբալա» (1866), «էլի մէկ զոհ» (1870), «Պեպօ» (1871), «Քանդած օջախ» (1872) կատակերգություններում ներկայացրել է իրականության գեղարվեստական պատկերը, բուրժուականացող հասարակության սոցիալական և բարոյական նկարագիրը, սոցիալական խավերի հակադրությունը, մարդկային արժեքների կորուստը։ «Պեպո» կատակերգությունը հայ ռեալիստական դրամատուրգիայի նշանավոր երևույթներից է։ Սունդուկյանը կերտել է աշխատավոր մարդու կերպար, որը մարմնավորել է ժողովրդի բարձր հատկանիշները՝ առաքինությունն ու հոգու գեղեցկությունը, նրա ընդվզումը կեղծիքի և անարդարության դեմ։ Հետագա տասնամյակներին Սունդուկյանը սիրո և ընտանիքի խնդիրը բարոյական լուծումներով կարգավորող պիեսներից («Ամուսիններ», 1893, «Սէր Եւ ազատութիւն», 1910, «Կտակ», 1912) բացի՝ գրել է հրապարակախոսական ու արձակ երկեր։

Պոեզիա
խմբագրել

1850-1860-ական թվականներին հայ գրականության առաջատար ժանրը պոեզիան էր։ Քնարերգությունը, ազատագրվելով կլասիցիզմի կանոնականությունից, հարստացել է բնության, սիրո, կարոտի մոտիվներով։ Քնարական խոհերի առանցքում հայրենիքն է՝ որպես հոգևոր արժեքների լինելիության սկիզբ։ Միքայել Նալբանդյանի «Ազատություն», Ռափայել Պատկանյանի «Արաքսի ար տասուքը», Րաֆֆու «Ձա՞յն տուր, ո՞վ ծովակ», Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Եղբայր եմք մեք», Նահապետ Ռուսինյանի «Կիլիկիա», Սմբատ Շահազիզի «Երազ», Գևորգ Դոդոխյանի «Ծիծեռնակ», Գևորգ Միրիմանյանի «Հայոց աղջիկներ» բանաստեղծություններն ազգային, հայրենասիրական քնարերգության վառ նմուշներ են։

Մկրտիչ Պեշիկթաշյան
խմբագրել

Մկրտիչ Պեշիկթաշլյանի քնարերգությանը բնորոշ է դասականության և ռոմանտիզմի ոճական ներհյուսումը, որը նրա բանաստեղծություններին տվել է ներքին ու արտաքին ձևերի ներդաշնակություն։ Պեշիկթաշլյանի գեղագիտական իդեալը գեղեցիկն ու բարին են («Գարուն», «Առ զեփիւռն Ալեմտաղի», «Գացե՞ք, իմ տաղք»)։ Ստեղծել է հայրենասիրության, հերոսության, փառքի ու անմահության քնար, հիմներ («Ձեյթունյան երգեր», բանաստեղծությունների շարք), նաև ճառեր ու հրապարակախոսական հոդվածներ («Մատենագրութիւնք», 1870, «Քերթուածներ ու ճառեր», հրատարակվել է՝ 1904, «Տաղք եւ թատերգութիւք», հրատարակվել է՝ 1917

Սմբատ Շահազիզ
խմբագրել

«Ազատութեան ժամեր» (1860) բանաստեղծությունների ժողովածույից հետո, որի գլխավոր մոտիվը անձնական զգացմունքներն են, Սմբատ Շահազիզը հրատարակել է «Լեոնի վիշտը եւ զանազան բանաստեղծութիւններ» (1865) ժողովածուն, որը տոգորված է ազգային-ազատագրական, և հայրենասիրական գաղափարներով։ Շահազիզի գրական ժառանգության մեջ ուրույն արժեք ունեն հրապարակախոսական էջերը («Հրապարակախօս ձայն», 1881, «Ամառային նամակներ», 1887

Պետրոս Դուրյան
խմբագրել
 
Պետրոս Դուրյան

Ներքաղաքական ռեակցիայի ուժեղացումը Թուրքիայում սուր տագնապներ է առաջացրել Պետրոս Դուրյանի պոեզիայում։ Բանաստեղծը հայ ժողովրդի փրկության ելքը համարել է լուսավորությունն ու միաբանությունը, կոչ է արել ինքնապաշտպանության («Նոր սև օրեր»)։ Դուրյանը հայ նոր քնարերգության առաջին մեծ սիրերգակն է. ռոմանտիկորեն չափազանցված, բայց զգացմունքի ողջ խորությամբ արտահայտել է անհատի հոգևոր ներաշխարհը, ապրումները («Պետք է մեռնիլ», «Սիրել», «Դրժել», «Լճակ», «Հծծյունք», «Նե», «Ներա հետ» և այլն ), տառապող մարդու բողոքը («Տրտունջը»)։ Դուրյանի ժառանգության անքակտելի մասն են ռոմանտիկական դրամաները («Վարդ եւ Շուշան կամ Հովիւք Մասեաց», 1867, «Սեւ հողեր կամ Յետին գիշեր Արարատեան», 1868, «Արտաշես Աշխարհակալ», 1869, «Թատրոն կամ Թշուառներ», 1871, և այլն)։

Ռափայել Պատկանյան
խմբագրել

19-րդ դարի հայ քաղաքացիական պոեզիայի խոշորագույն դեմքը Ռափայել Պատկանյանն է, որի ստեղծագործության գլխավոր թեման հայ ժողովրդի քաղաքական պայքարն է և ազատագրության երազանքը («Իմ երգը», «Արաքսի արտասուքը», բանաստեղծություններ, «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը», «Քյոռ Օղլի», պոեմներ)։ 1870-ական թվականներին ռուս-թուրքական պատերազմի ազդեցությամբ ստեղծել է մարտական կրքոտությամբ ներշնչված բանաստեղծություններ («Ազատ երգեր», 1878)։ Պատկանյանը գրել է նաև սենտիմենտալ-ռոմանտիկական վիպակներ («Ես նշանած էի», 1880, «Փառասեր», 1880, «Տիկին և Նաժիշտ», 1884), պատմվածքներ («Օձի խածածը», «Շատերեն մեկը», «Չախու» և այլն)։

Միքայել Նալբանդյան
խմբագրել
 
Միքայել Նալբանդյան

Իր ապրած դարաշրջանի ողջ հոգևոր փորձն ընդհանրացրել է Միքայել Նալբանդյանը։ Նա թողել է հարուստ գրական ժառանգություն (պոեզիա, արձակ, գրաքննադատական, հրապարակախոսական, պատմագիտական, փիլիսոփայական, լեզվաբանական, մանկավարժական, բանասիրական աշխատություններ)։ Նալբանդյանի պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհականությունը, հայրենասիրությունը, ազատասիրությունը, անցավորի ու հավերժականի տիեզերական սկզբի որոնումը, ներանձնական խոհերը («Լուսին», «Վազող ջրին», «Կյանք», «Մտածողություն», «ճշմարտություն», «Ապոլլոնին», «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր» և այլն)։ Սզգային վեպի ձևավորման ասպարեզում նշանակալի է Նալբանդյանի դերը. «Մինին՝ խօսք, միւսին՝ հարսն» (1858) վիպակը և «Մեռելահարցուկ» (1859) վեպը հայ ռեալիստական արձակի առաջին գործերից են։ Հրապարակախոսության և գեղարվեստական ոճերի միասնություն է «Յիշատակարան Կոմս էմմանուէլի օրագրական թերթերից» (1858-1860) երկը, որտեղ արտացոլվել են ժամանակի հայ հասարակական կյանքին բնորոշ իրադարձությունները։ «Յաղագս հայկական մատենագրութեան ճառ» (1854-1855), «Յառաջաբան Թափառական հրեայի» (1857), «Հանդես նոր հայախօսութեան» (1858), «Կրիտիկա Սօս եւ Վարդիթերի» (1863-1864) ու բազմաթիվ այլ հոդվածներով և ուսումնասիրություններով Նալբանդյանը հայ գրաքննադատության հիմքն է դրել։ Բացառիկ է նրա ավանդը հայ հրապարակախոսության ձևավորման և զարգացման մեջ («Երկու տող», 1861, «Երկրագործութիւնը որպես ուղիղ ճանապարհ», 1862, «Հեգելը եւ նորա ժամանակը», 1863, հրատարակվել է՝ 1902

19-րդ դարի երկրորդ կես

խմբագրել

1870-1880-ական թվականների հայ գրականությունն ընթացել է ռոմանտիզմի և ռեալիզմի գեղարվեստական փորձի նոր յուրացումներով։ Հասարակության զարգացումն ուղեկցվել է ազգային ինքնագիտակցության վերելքով՝ օրակարգի խնդիր առաջադրելով ազատագրության գաղափարը, որն առավել նպատակային է դարձել 1875-1878 թվականների [[Բալկանյան պատերազմներ (1912-1913)|Բալկանյա]]ն և ռուս-թուրքական պատերազմների ընթացքում։ Գեղագիտական միտքը մերժել է «արվեստը արվեստի համար» տեսությունը և ռոմանտիկ ու ռեալիստական ուղղությունների միաբանությամբ հաստատել է գրականության օգտակարության սկզբունքը։ Ազգի գոյության հիմքերի վերաբերյալ մամուլում ծավալվել է 2 ազդեցիկ հոսանքների բանավեճը։ Ազատամտականները («Մշակ») ազգի գոյության հիմքը համարել են «նյութական հարստությունը», ազգային պահպանողականները («Մեղու Հայաստանի», «Նոր Դար») դրան հակադրել են «բարոյական հարստությունը»՝ եկեղեցին, մշակութը, ընտանիքը և ազգային ավանդույթները։ Այդ ժամանակաշրջանի ականավոր ներկայացուցիչներն էին Րաֆֆին, Հակոբ Պարոնյանը, Ծերենցը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Արփիար Արփիարյանը, Սրբուհի Տյոաաբը, որոնք ընդլայնել են իրականության ընդգրկման շրջանակները, արծարծել սոցիալական, ազգային, բարոյափիլիսոփայական խնդիրներ։19-րդ դարի 2-րդ կեսի հայ գրականությունը բացառիկ նշանակություն է ունեցել ժողովրդի հոգևոր զարգացման համար, յուրացնելով ռոմանտիզմի և ռեալիզմի գեղարվեստական փորձը՝ աննախընթաց բարձրության են հասել պոեզիան, արձակը, դրամատուրգիան։

Ղազարոս Աղայան

խմբագրել
 
Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը վիպակներում և պատմ վածքներում արտացոլել է 1850-1880-ական թվականների հայ հասարակական կյանքի համակողմանի պատկերը, հայ գյուղի սոցիալական շերտավորումը («Արութիւն եւ Մանուէլ», 1867, «Երկու քոյր», 1872, «Բաժանութիւն», 1881, «Սերը արտաքսուած», 1889)։ Գրել է ազգային, լուսավորական, քաղաքական ու սոցիալական, պատմական բովանդակությամբ բազմաթիվ չափածո երկեր («ճախա րակ», «Ձմեռ», «Տորք Անգեղ», «Հիշողություն» և այլն), հուշագրություն («Իմ կեանքի գլխատր դեպքերը», 1894), քննադատական, լեզվաբանական, հրապարակախոս, հոդվածներ, կազմել դասագրքեր։ Աղայանը գեղարվեստական հե քիաթագրության հիմնադիրն է հայ գրականության մեջ («Անահիտ», «Արեգնազան», «Հազարան բլբուլ» և այլն)։

Պերճ Պռոշյան

խմբագրել

Հայ ռեալիստական գրականության նշանավոր գործերից են Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» (1880), «Ցեցեր» (1889), «Բղդէ» (1890), «Յունոն» (1901) վեպերը, որտեղ գրողը նկարագրել է բուրժուական հարաբերությունների ներխուժումը նահապետական գյուղ և գյուղական համայնքի քայքայումը։ «Կռուածաղիկ» (1878), «Շահեն» (1883) և «Սկիզբն երկանց» (1892) վեպերում անդրադարձել է ազգային-ազատագրական պայքարին։

Ծերենց

խմբագրել

Հայ դասական պատմավեպի հիմնադիրը Ծերենցն է։ «Թորոս Լեոնի» (1877), «Երկունք Թ դարու» (1879) և «Թեոդորոս Ռշտունի» (1881) պատմավեպերում գրողը պատկերել է հայոց պատմության առանձնապես դրամատիկ շրջանները։ Ծերենցը բացահայտել է հասարակությունը միավորող դասերի «բարոյական դաշինքի» պատմափիլիսոփայական դրույթը։

Սրբուհի Տյուսաբ

խմբագրել
 
Սրբուհի Տյուսաբ

Հայ գրականության մեջ ֆեմինիստական շարժման առաջին արձագանքը Սրբուհի Տյուսաբի ստեղծագործությունն է։ Հրապարակախոսական հոդվածներում («Կանանց դաստիարակություն», «Քանի մը խոսք կանանց անգործության մասին», «Կանանց աշխատութան սկզբունքները») և վեպերում («Մայտա», 1883, «Սիրանոյշ», 1889, «Արաքսիա կամ Վարժուհին», 1887) արտացոլել է կանանց ազատագրման խնդիրները։

Հակոբ Պարոնյան

խմբագրել
 
Հակոբ Պարոնյան

Հայ երգիծաբանության ազգային դպրոցի հիմնադիրը Հակոբ Պարոնյանն է։ Երգիծական, հրապարակախոսական հոդվածներում, կատակերգություններում («Երկու տէրով ծառայ մը», 1865, հրատարակվել է՝ 1911, «Ատամնաբոյժն արեւելեան», 1868), արձակ գործերում («Ազգային ջոջեր», 1874, «Կսմիթներ», 1874-1878, «Հոսհոսի ձեռատետրը», 1880, «Քաղաքավարութեան վնասները», 1886-1887]], «Խօսակցութիւնք մեռելոց», 1886-1887) ծաղրել է 19-րդ դարի հայ ազգային, հասարակական կյանքը, ընտանեկան կենցաղն ու բարքերը։ Երգիծական ժանրի կատարյալ նմուշներ են «Պաղտասար աղբար» (1886-1887) կատակերգությունը և «Մեծապատիւ մուրացկաններ» (1887) վեպը, որոնք առանձնանում են խոսքի, կերպարների և դրության ընդգծված կոմիզմով։

 
Րաֆֆի

1870-1880-ական թվականների գրականության կենտրոնական դեմքը Րաֆֆին է։ Հրապարակախոսական և քննադատական հոդվածներում, չափածո և արձակ գործերում նա արձագանքել է ժամանակաշրջանի կենսական հարցերին, լուսաբանել սոցիալական և ազգային-քաղաքական հրատապ խնդիրները, ուղղորդել մտավոր և գրական շարժումը։ «Սալբի» (1866), «Հարեմ» (1868), «Խաչագողի յիշատակարանը» (1873) վեպերում և մի շարք պատմվածքներում («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմէն», 1872, «Մի օրա վար հող», 1873 և այլն) Արտացոլել է պարսկական ավատատիրական իրականութունը։ «Զահրումար» (1871), «Ոսկի աքաղաղ» (1878) և «Մինն այսպես, միան այնպես» (1890) վեպերում պատկերել է արևելահայ առևտրականության բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ «Ջալալէդդին» (1878), «Խենթը» (1880), «Կայծեր» (1883-1887) ծրագրային- քաղաքական վեպերում Րաֆֆին պատկերել է արևմտահայության ողբերգական վիճակը թուրքական տիրապետության տակ և առաջադրել ազգային-ազատագրական պայքարի ուղին։ Այնուհետև ընդհանրացնելով պատմության փիլիսոփայությունը՝ հայ ժողովրդի ազատագրության պայքարը հանգեցրել է ազգային հեղափոխության գաղափարին («Դաւիթ Բեկ», 1881, «Սամուէլ», 1888

Քնարերգություն

խմբագրել

Շուրջ մեկուկես տասնամյա տեղատվությունից հետո վերելք է ապրել քնարերգությունը։ Արդեն 1880-ական թվականների 2-րդ կեսին ասպարեզ է եկել հայ նոր բանաստեղծության «երկրորդ սերունդը»,որի նշանավոր դեմքերն են Հովհաննես Հովհաննիսյանը, Լևոն Մանվելյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Արշավ Չոպանյանը, Վահրամ Մալեգյանը, Վահան Միրաքյանը և ուրիշներ։ Ազգայինից դեպի ժողովրդականը և գաղափարից դեպի ոգին՝ այսպիսին էր նոր ուղղության գեղագիտական իմաստը։ Յուրացնելով ազգային բանաստեղծության հարուստ ավանդույթները և կատարելագործելով համաշխարհային պոեզիայի գեղարվեստական նվաճումները՝ բանաստեղծների նոր սերունդն աննախադեպ բարձրության է հասցրել հայ քնարերգութունը։ ոեզիայի նոր ուղղության էական հատկանիշը բանաստեղծի անհատականության ընդգծումն էր։ Հեղինակներից յուրաքանչյուրը բերել է իր նախասիրած մոտիվը, բանաստեղծական աշխարհի գույնը, քնարը, իր հայեցակարգը։

Հովհաննես Հովհաննիսյան
խմբագրել

Պոեզիայի նոր ուղղության համար հատկանշական է եղել Հովհաննես Հովհաննիսյանի անդրանիկ՝ «Բանաստեղծութիւններ» (1887) ժողովածոն։ Արևելահայ բանաստեղծական նոր դպրոցի հիմնադիրը Հովհաննիսյանն է, որի քնարական բանաստեղծությունների հիմնաան թեման հայրենիքն է, սերը, բնությունը («Տե սե՞լ ես արդյոք բլուրները», «Մայրս», «Տղմուտ», «Սարն ի վեր», «Իզուր է, հոգին, իզուր, ի՜մ հրեշտակ», «Կուզեի լինել կարկաչուն վտակ», «Վահագնի ծնունդը» և այլն)։

Ալեքսանդր Ծատուրյան
խմբագրել

Ալեքսանդր Ծատուրյանի բանաստեղծական ընկալումների հիմնական ոլորտը գերազանցապես բնությունն է, ազգային-ազատագրական պայքարը («Նավավար», «Բնության գրկում», «Գե տակ», «Սերմնացան», «Ղրիմի ալբո մից», «Տուր ձեռքդ», «Զինվորի երգը»), Լ. Միքայել Մանվելյանինը՝ փիլիսոփայական խոհականությունը («Բանաստեղծութիւններ եւ պոէմաներ», 1899-1907

Արշակ Չոպանյան
խմբագրել
 
Արշակ Չոպանյան

Արշակ Չոպանյանը կյանքն ու աշխարհը դիտել է իր հավերժական ընթացքի մեջ («Արշալոյսի ձայներ», 1891, «Թրթռումներ», 1892, «Քերթուածներ», 1908

Մուրացան
խմբագրել
 
Մուրացան

Հայկական ուշ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչը Մուրացանն է։ Նրա առաջին գեղարվեստական գործը «Ռուզան կամ Հայրենասէր օրիորդ» (1881) պատմառոմանտիկական դրաման է։ «Հայ բողոքականի ընտանիքը» (1882), «Իմ կաթոլիկ հարսնացուն» (1885), «Չհաս է» (1886) վիպակներում մերժել է այլադավանությունը՝ այն համարելով ազգը տրոհող չարիք։ «Հասարակաց որդեգիրը» (1884), «Ի՞նչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886), «Հարուստները զուարճանում են» (1888) վիպակներում քննադատել է բուրժուական բարքերը, ապազգային մարդկանց։ Մուրացանի իդեալական հերոսն առաքյալն է, որի շուրջ հյուսելով հասարակական ուտոպիայի իր գաղափարը՝ միաժամանակ ցույց է տվել ռոմանտիկական այդ պատրանքների փլուզումը («Խորհրդատր մի անձնուհին», 1889, «Լուսավորութեան կենտրոնը», 1890, «Նոյի ագռաւը», 1899, «Առաքեալը», 1902)։ Հայ դասական պատմավեպի նվաճումներից է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն (1896

Վրթանես Փափազյան
խմբագրել
 
Վրթանես Փափազյան

1889 թվականից մամուլում Վրթանես Փափազյանն սկսել է արևմտահայության կյանքը պատկերող պատմվածքների տպագրությունը, որը հետագայում լույս է տեսել 2 գրքով («Պատկերներ թիւրքահայոց կեանքից», 1891, «Պատմուածքներ թուր քահայերի կեանքից», 1904)։ «Էմմա» (1895, հրատարակվել է՝ 1901) վեպում և «Հաջի բեկ» (1906) վիպակում քննադատել է ազգային կուսակցույթուններին, 10-րդ դարի սկզբին հանգել է դասակարգային պայքարի գաղափարին («Վիշապ», 1903)։ Փափազյանը նպաստել է հայ ազգային դրամատուրգիայի զարգացմանը («Արշալոյս», 1905, «Հոսանք», 1902, հրատարակվել է՝ 1905, «Ժայռ», 1907, և այլն)։

19-րդ դարի վերջը

խմբագրել

1880-1890-ական թվականների գեղարվեստական արձակի զարգացումն ուղեկցվել է նոր հերոսի, սոցիալական նոր միջավայրի և ժանրային նոր տարբերակների ընտրությամբ, գրականության գլխավոր խնդիրը դարձել է մարդու ճակատագիրը, մեծ տեղ է հատկացվել կնոջ ու ընտանիքի թեմաներին։ Պոլսահայերի հասարակական կյանքը, բուրժուական բարքերի ապականությունը, նյութապաշտ աշխարհի բարոյազրկությունն ու հասարակ մարդկանց անխուսափելի կործանումն է արտացոլված Ա. Արփիարյանի «Կատակ մը» (1884), «Դատապարտեալը» (1885), «Ապուշը» (1886), «Ոսկի ապարանջան» (1906), «Կարմիր ժամուց» (1909) վիպակներում ու պատմվածքներում, Տիգրան Կամսարականի «Վարժապետին աղջիկը» (1888) վեպում, Լևոն Բաշալյանի «Ղալաթիոյ րէսդը» (1889), «Խաչախճին» (1890) և այլ նովելներում։ Հայ դասական ռեալիզմը գեղարվեստական նշանակալի հաջողության է հասել Գրիգոր Զոհրապի, Շիրվանզադեի, Նար-Դոսի ստեղծագործություններում։

Գրիգոր Զոհրապ

խմբագրել
 
Գրիգոր Զոհրապ

Ռեալիստական գրական ուղղության խոշոր նվաճումներից է նովելի (նորավեպ) ժանրը, որը գեղագիտական կատարելության է հասել Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունում։ «Խղճմտանքի ձայներ» (1909), «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցաւեր» (երկուսն էլ՝ 1911) նովելների ժողովուրդների հերոսները նյութապաշտ հասարակության գռեհիկ և կոպիտ բարքերի զոհերն են։ Նովելներում Զոհրապը բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները («ճիտին պարտքը», «Մագթաղինեն», «Այրին», «Փոստալը»), սիրո թեման քննել մարդկային երջանկության, բարոյական բարձր արժեքների լույսի ներքո («Այինկա», «Ռեհան», «Արջի սեր, արջի բարի», «Ձաբուղոն», «ճեյրան»)։

Նար-Դոս

խմբագրել
 
Նար-Դոս

Նար-Դոսի առաջին շրջանի վեպերում և վիպակներում ընտանիքի ու բարոյականության թեման է («ճշմարիտ բարեկամ», 1886, «Քնքուշ լարեր», 1887, «Ձազունեան», 1890)։ «Աննա Սարոյեան» (1888) և «Սպանուած աղաւնի» (1898) վեպերում հասարակությունից օտարված անհատն է, հոռետեսությամբ համակված նրա անհեռանկար դեգերումներն ան տարբեր աշխարհում։ «Պայքար» (1911) վեպում Նար-Դոսը ներկայացրել է պահպանողական և ազատամտական հոսանքների բախումը։ «Մահը» (1912) վեպը հայ ռեալիստական գրականությյան լավագույն գործերից է, որտեղ գրողը ժողովրդի համար իր կյանքը նվիրաբերող իդեալական անհատին հակադրել է հոռետեսական հայացքներ որդեգրած, «առանց դավանանքի» մարդուն, նրա անկումը։ «Մեր թաղը» պատմվածաշարում Նար-Դոսը պատկերել է քաղաքի խուլ թաղամասում մեկուսացած արհեստավորական խավերի թշվառ վիճակը, կյանքի ընթացքից օտարված մարդկանց։ Հայ քննադատական ռեալիզմի մեջ Նար-Դոսը խորացրել է «հոգեբանական ուղղությունը»։

Շիրվանզադե

խմբագրել
 
Շիրվանզադե

Հայկական ռեալիզմի հիմնավորմանն ու զարգացմանը նպաստել են Շիրվանզադեի վեպերն ու բազմաթիվ գրաքննադատական հոդվածները։ Նրա «Նամուս» (1888), «Չար ոգի» (1894) վեպերում գավառական քաղաքի բարքերն են, հնի ու նորի բախումը, մարդկային ճակատագրի ողբերգական հետևանքները։ «Օրիորդ Լիգա» (1885), «Մելանիա» (1889) վիպակներում, «Իշխանուհի» (1891), «Եվգինէ» (1901), «Ունէ՞ր իրավունք» (1902) և «Արմենուհի» (1909) դրամաներում գրողն անդրադարձել է ընտանիքի ու բարոյականության, կնոջ ազատության հարցերին։ Ի հակադրություն պարտականության բարոյական օրենքի՝ Շիրվանզա-դեն կնոջ ազատությունն առնչել է անհատի ինքնակամ դրսևորումներին, մերժել է ավանդական հնամենի նախապաշարումներն ու կենցաղավարությունը։ «Գործակատարի յիշատակարանից» (1883) և «Վարդան Ահրումեան» (1902) վիպակներում, «Զուր յոյսեր» (1890) և «Արսեն Դիմաքսեան» (1893) վեպերում, «Պատուի համար» (1904) դրամայում քննադատել է նյութապաշտ հասարակությունը։ Շիրվանզադեի ստեղծագործության ընդհանրացումը «Քաոս» (1898) վեպն է, որտեղ գրողը ներկայացրել է բուրժուական հասարակության տարբեր խավերը, նրանց բարոյական արժեքների անկումը և ստեղծել սոցիալ-հոգեբանական սուր բախումների տեսարաններ։

20-րդ դարի սկիզբ

խմբագրել

Հայ գրականության պատմության մեջ կարևորվում ու առանձնանում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի տասնամյակները։ Իրենց ստեղծագործական ուղին շարունակում էին Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Վ. Վահրամ Փափազյանըը, Շիրվանզադեն, Նար-Դոսը, Գրիգոր Զոհրապը, Մուրացանը և ուրիշներ։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին վերագնահատվել են արժեքները՝ փոփոխելով մտավոր մշակույթի և գեղարվեստական մտածողության ողջ համակարգը։ Դասական ռեալիզմը տեղի է տվել արդիապաշտական ուղղություններին՝ նատուրալիզմին, նեոռոմանտիզմին, ֆուտուրիզմին, որոնք էլ վերաձևել են արվեստի, գրականության կառուցվածքային և ոճային համակարգը։ Միսաք Գոչունյանի «ժառանգորդը» (1901), Զապել Եսայանի «Կեղծ հանճարներ» (1905), Երուխանի «Ամիրային աղջիկը» (1908), Օնիկ Չիֆթե-Սարաֆի «Միամիտի մը արկածները» (1908), «Խորհրդաւոր աղջիկը» (1909) վեպերում նկատելի են նատուրալիզմի որոշակի դրսևորումներ։ Այդ ժամանակաշրջանի հայ գրականության բարձրագույն նվաճումն արտահատվել է քնարերգության մեջ։ Ասպարեզ են եկել ոչ միայն ընդգծված անհատականություններ, այլև ձևավորվել են գրական հոսանքներ և ուղղություններ, որոնք հայ պոեզիան մոտեցրել են համաշխարհային քնարերգությանը։

Առանձար

խմբագրել
 
Առանձար

Արևմտահայ գրականության մեջ ռեալիստական ուղղությանն են հետևել Առանձարը՝ իր երգիծական պատմվածքներով («Վշտի ծիծաղ», 1905), Ռուբեն Զարդարյանը՝ գավառի կյանքը պատկերող պատմվածքներով ու քնարական արձակով («Ցայգալոյս», 1910), Տիգրան Չյոկյուրյանը՝ «Վանքը» (1914) վեպով, Երուխանը՝ 1891-1996 թվականներին տպագրած պատմվածքներով և նովելներով («Պապուկը», «Լուացարարուհին», «Կաղընդչէք», «Արեան ուժը»)։ Արևմտահայ իրականության արհավիրքներն ու ազատագրական պայքարն են ներկայացրել Սմբատ Բյուրատը («Ազատութեան համար։ Ձէյթունի վրէժը», «Արիւնի ճամբուն վրայ», երկուսն էլ՝ 1911), Ավետիս Ահարոնյանը («Արցունքի հովիտ», 1902, «Լռութիւն», 1904, «Իմ բանտը», 1911, «Պարտուածներ», 1912), Միսաք Գոչունյանը («Կրակին մէջէն», 1908, «Կարապետը», 1910

Երվանդ Օտյան

խմբագրել
 
Երվանդ Օտյան

Ստեղծագործական բացառիկ բեղմնավորությամբ հանդես է եկել Երվանդ Օտյանը՝ ծաղրելով պոլսահայ քաղքենի կյանքը («Գործի մարդիկ», 1901, «Ազգային բարերար», 1905, «Ընտանիք, պատիւ, բարոյական», 1910, «Ես դուրսեցի չեմ առներ», 1913, «Թաղականին կինը», 1915), ազգային գործիչներին («Յեղափոխութեան մակաբոյծները», 1899, «Պրոպա գանդիստը», 1901, «Ընկ. Բ Փանջունի», 1911-1923, «Վաճառականի մը նամակները», 1914)։ Հայ վեպի պատմության մեջ նորություն էին նրա «Ապտիւլ Համիտ եւ Շերլօք Հոլմս» (1911), «Սալիհա հանըմ կամ Բանակը բռնատրին դէմ» (1912) պատմաարկածային վեպերը, որտեղ գրողը տվել է երիտթուրքերի հակաաբդուլհամիդյան պայքարի ծաղրանկարը։

Հովհաննես Թումանյան

խմբագրել
 
Հովհաննես Թումանյան

Հայ գրականության մեջ ազգային բնավորության, իդեալների և գեղարվեստական ավանդույթների կրողն ու մարմնավորողը Հովհաննես Թումանյանն է. նա հայտնի է դարձել 1890-1892 թվականներին հրատարակված «Բանաստեղծութիւններ» ժողովածուներով։ Թումանյանի պոեզիային բնորոշ է մարդու տիեզրակա կեցության, ժամանակի, տարածության, հավերժականի ու անցավորի թեմաները։ Բանաստեղծություններում և պոեմներում անդրադարձել է հայրենիքի, ազգի խնդիրներին, նահապետական գյուղի սոցիալ-կենցաղային հակասություններին («Հայոց վիշտը», «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Մարոն»)։ «Դէպի Անհունը» (1894) պոեմում արտացոլել է կյանքի ու մահվան առեղծվածը։ Բալլադների հիմքում հայկական և արևելյան լեգենդներն ու ավանդություններն են («Ախթամար», 1892, «Թմկաբերդի առումը», 1902, «Փարուանա», 1903, «Հսկան», 1908, «Մի կաթիլ մեղր», 1909, «Աղաւնուվանքը», 1913, «Թագատրն ու չարչին», 1917)։ Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները («Գիքոր», 1895) և մանկական չափածո ու արձակ գործերը («Շունն ու կատուն», 1886, հրատարակվել է 1892, «Անբախտ վաճառականներ», 1886, հրտ.՝ 1899)։

Ավետիք Իսահակյան

խմբագրել

20-րդ դարի սկզբին հայ գրականության մեջ գերիշխող էր ռոմանտիկական հոսանքը։ Դա ազգային դասական ռոմանտիզմի պարզ շարունակությունը չէր. ավանդական հատկանիշներն այստեղ միաձուլվել են սիմվոլիզմին և կոչվել «նեոռոմանտիզմ»։ Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների առաջին՝ «Երգեր ու վէրքեր» (1894) ժողովածուն նոր խոսք էր հայ պոեզիայում։ Այս և հետագա ժողովածուներում («Բանաստեղծութիւններ», 1903, «Հայրենի աղբիւրից», 1920) գերակա են նեոռոմանտիկական տարրերը։ Իսահակյանի չափածո և արձակ գործերի գլխավոր թեման սերն է, կարոտը, հայրենիքը, մայրը («Դարդս լացեք, սարի սմբուլ», «Սիրեցի, յարս տարան», «Էս ճամփեն ոլոր-մոլոր», «Մայրիկիս», «Դարդս սրտիս, աղքատ ու խեղճ», «Լիլիթ», «Հավերժական սեր»)։ Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» (1909-1911) պոեմի քնարական հերոսը տիրող պայմաններից խորապես դժգոհ, աշխարհին մարտահրավեր նետող և հպարտ միայնության մեջ ապրող, մե՜րթ ընդվզող, մե՜րթ հուսահատ անհատն է։ Իսահակյանի պոեզիան ժողովրդական իդեալների ու ձգտումների պոեզիա է, որտեղ նա կյանքի և գոյի իմաստը որոնել է իմաստուն Արևելքի կենսափիլիսոփայության մեջ («Անանդան և մահը», «Շիդհարը», «Ուշինարա», «Սաադիի վերջին գարունը»)։ Նրա արձակում բացառիկ արժեք ունի «Ուստա Կարո» (1910) վեպը։

Սիամանթո

խմբագրել

Ազգային հեղափոխական սերնդի ականավոր բանաստեղծը Սիամանթոն է, որի «Դիւցազնօրէն» (1902) առաջին ժողովածուն հայ երիտասարդներին ուղղված պայքարի պատգամ է։ «Հայորդիներ» (1905, 1906, 1908) բանաստեղծ. երեք շարքերի քնարական հերոսը նորօրյա հայորդին է՝ ֆիդային, որը «դարերի վրեժի» կանչով նահատակության է գնում՝ վերադարձնելու համար հայրենի կորսված փառքը։ «Հոգեվարքի եւ յոյսի ջահեր» (1906) ժողովածուում բանաստեղծը հուշերի և երագների հակասական աշխարհում է, որտեղ տխուր մտորումների մղձավանջում չքանում է պատրանքը, և հայտնվում են մահվան տեսիլների չարագուշակ ստվերները («Չարչարանքի գիշեր», «Գիշերմը», «Անդրշիրիմյան աղաղակ»)։ «Կարմիր լուրեր բարեկամէս» (1909) շարքում պատկերել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրը, «Հայրենի հրաւէր» (1910) ժողովածուում վերադարձի հրավեր է հղել հայությանը և նավասարդյան աղոթք մատուցել Աստղիկ դիցուհուն։ 1912 թվականին գրել է «Սուրբ Մեսրոպ» պոեմը, որտեղ ներբողել է հայ գրերի գյուտը։

Դանիել Վարուժան

խմբագրել
 
Դանիել Վարուժան

Դասականության, [ռոմանտիզմի և ռեալիզմի ուրույն համադրությամբ է ներդաշնակված Դանիել Վարուժանի պոեզիան։ Առաջին՝ «Սարսուռներ» (1906) խորագրով ժողովածուում որոնումների ու ինքնա-հաստատման մտորումներ են՝ արդարության, չարի, բարու, իդեալի ու երազանքի։ «Ցեղին սիրտը» (1909) ժողովածուում արևմտահայ իրականության արհավիրքներն ու ագատագրական պայքարի «վաղվան բողբոջներ են», որոնք ունեն «հայկական ոգին» նորակերտելու առաքելությունը («Բագինի վրա», «Վահագն», «Հայրենիքի ոգին»)։ «Հեթանոս երգեր» (1909) գրքում բանաստեղծը ստեղծել է մարդու և բնության ներդաշնակության պատկերը («Վանատուր», «Հեթանոսական», «Ո՜, Լալագե»)։ Վարուժանի քնարերգության պսակը «Հացին երգը» (հրատարակվել է՝ 1924) շարքն է, որտեղ կյանքի հովվերգության բնապատկերն է՝ գեղջկական կենցաղով, աշխատանքի ու վաստակի բերկրանքով («Առաջին գիշեր», «Ցորյանի ծովեր», «Կամներգ», «Հունձըկը ժողվեմ», «Երևում»)։

Միսաք Մեծարենց

խմբագրել
 
Միսաք Մեծարենց

Ռոմանտիզմի հետ սերտորեն կապված էր նաև սիմվոլիզմը, որը որոշակի ազդեցություն է թողել Միսաք Մեծարենցի, Լևոն Շանթի ստեղծագործությունների վրա։ Միսաք Մեծարենցի «Ծիածան», «Նոր տաղեր» (երկուսն էլ՝ 1907) ժողովածուներում անհատի ներաշխարհն է, ներդաշնակ ու արդար աշխարհի երազանքը։ Նրա պոեզիայի սիմվոլիստկան խորհրդանիշներից է գիշերը, երբ «հոգեկան անդորր են հուշում երազները և կարոտները սուզում մոռացության թմբիրում» («Ձմռան պարզ գիշեր», «Սիրերգ», «Քուն», «Երազի պահեր»)։ Մեծարենցի քնարերգության մեջ բնությունը գերակա է, որի միջոցով բանաստեղծը հաճախ ներսուզվում է խորհրդապաշտական անուրջների մեջ («Տապի նոպաներ», «Գետափի երազանք», «Աքասիաներու շուքին տակ», «իրիկվան իղձ»)։ Բանաստեղծի քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախության» («Տո՜ւր ինձի, Տե՜ր, ...», «Ըլլայի՜, ըլլայի՜»)։ Մեծարենցը կերտել է արևմտահայ գյուղի հովվերգության պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին Երգը», «Այգերգ»)։

Լևոն Շանթ

խմբագրել
 
Լևոն Շանթին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Լևոն Շանթը գրական ուղին սկսել է ռոմանտիկական չափածո ստեղծագործություններով ու վիպակներով («Լերան աղջիկը», «Երազ օրեր», 1894, «Դուրսեցիներ», 1895, «Վերժին», 1897, «Դերասանուհին», 1899)։ Շանթի ստեղծագործության մեջ առավել արժեքավորը նրա դրամատուրգիան է («Հին աստուածներ», 1909, հրատարակվել է 1912, «Կայսր», 1916, «Շղթայուածը», 1921, «Ինկած բերդի իշխանուհին», 1923, «Օշին Պայլ», 1932«Հին աստվածներ» պատմափիլիսոփայական դրամայում խորհրդապաշտաայլաբանական պատկերներով ներկայացրել է հեթանոս աստվածներին և քրիստոնեական եկեղեցին, արծարծել է աշխարհիկ ու հոգևոր սկզբունքների հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության հարցերը։ Ըստ Շանթի՝ ունայն են կրքերն ու բնազդները, իրական է միայն Սուրբ Հոգին և «վեր՝ դեպի Աստված խոյացող միտքը»։

Վահան Տերյան

խմբագրել
 
Վահան Տերյան

1914 թվականին Վահան Տերյանը «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային ելույթով ազդարարել է պատմամշակութային մի շրջափուլի ավարտը և նորի սկիզբը, որի առաջամարտիկներից էր ինքը։ Տերյանի ստեղծագործության մեջ դրսևորվել է խորհրդապաշտական գեղագիտությունը։ «Մթնշաղի անուրջներ» (1908) ժողովածուով նա նորոգել է հայ բանաստեղծության պոետիկան թե՝ ըստ ձևի և թե՝ ըստ բովանդակության։ Տերյանը բացահայտել է մարդկային հոգու հարուստ ներաշխարհը։ «Գիշեր եւ յուշեր» (1912) շարքում վերստին արծարծել է անուրջի, հրաժեշտի, մենակության ու թախծի թեմաները։ Տերյանի բանաստեղծական շարքերը («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ», «Կատվի դրախտ») ստեղծել են քնարական հերոսի ներքին կյանքի ամբողջական համակարգ։ Բանաստեղծին հուզել է հայրենիքի վիճակը, և նա նորովի է անդրադարձել նրա քաղաքական ճակատագրին («Մեզ չի հասկանա օտարերկրացին», «Հայրենիքում իմ արնաներկ...», «Մշուշի միջից,- տեսիլ դյութական,- բացվում է կրկին Նաիրին տրտում...»)։ Տերյանը արմատապես հեղաշրջում է կատարել հայկական տաղաչափության մեջ՝ վանկային համակարգով գրված բանաստեղծությունների կողքին ստեղծելով վանկաշեշտային կառուցվածքով բանաստեղծություններ։ Նրա լեզուն իր հղկվածությամբ, մաքրությամբ և հարստությամբ արևելահայ գրականության լեզվի ամենաբարձր ու կատարյալ դրսևորումներից է։

1910-ական թվականներին հայ բանաստեղծության զարգացումն ընթացել է Տերյանի ազդեցությամբ։ Ասպարեզ է իջել նրան հետևող երիտասարդ բանաստեղծների սերունդ՝ Ազատ Վշտունի, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Գառնիկ Քալաշյան և ուրիշներ։ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներով ամբողջացել է հայ նոր գրականության պատմությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։