Էդուարդ Հյուրմյուզյան
Էդուարդ Հյուրմյուզյան (Հյուրմյուզ) (հունվարի 22, 1799, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 26, 1876, Հռոմ, Իտալիա), հայ բանաստեղծ, բանասեր-լեզվաբան, աստվածաբան։ Հայկական կլասիցիզմի ներկայացուցիչ։ Սովորել է Վենետիկի Մխիթարյանների վարժարանում։ Մխիթարյան միաբանության անդամ (1819 թ.)։ Եղել է միաբանության գործակալը Հռոմում, շուրջ 30 տարի՝ ուսուցիչ, ապա վերակացու՝ Հռոմի հայկական վարժարանում։ Գրել է «Առձեռն ճարտասանութիւն» (1839 թ.) և «Առձեռն բանաստեղծութիւն» (1839 թ.) աշխատությունները։ «Բուրաստանք» չափածո երկում (1851 թ.) նկարագրել է Հայաստանի բուսական աշխարհը։ Գրել է նաև երգ, ներբող, ուղերձ, մշակել Աստվածաշնչից վերցված դրվագներ։ Մեծ է Հյուրմյուզյանի դերը հայոց լեզուն (գրաբարը) օտարամուծություններից մաքրելու գործում («Դուռն քերականութեան հայկազնեան լեզուի», 1833 թ., «Քերականութիւն գործնական...», 1836 թ. և այլն)։ Հեղինակ է «Յաւարտ տպագրութեան մեծի հայ բառագրոց» (1838 թ.), «Առձեռն դիցաբանութիւն կամ Առասպելախառն վէպք...» (1840 թ.), «Մաղթանք-չափաւ» (1843 թ.), «Առակացն գիրք երկեակ» (1865 թ.), «Ծաղկաքաղ քերթուածք» (1878 թ.) և այլ տեսական, աստվածաբանական գործերի։
Էդուարդ Հյուրմյուզյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 22, 1799 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1876 (77 տարեկանում) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա |
Ազգություն | հայ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | բանաստեղծ, լեզվաբան, բանասեր և աստվածաբան |
Զբաղեցրած պաշտոններ | կաթոլիկ եպիսկոպոս և titular bishop? |
Անդամություն | Մխիթարյան միաբանություն |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |