Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալկաթա (այլ կիրառումներ)

Կալկաթա[1] (բենգալերեն՝ কলকাতা, անգլ.՝ Kolkata), քաղաք Հնդկաստանում, Գանգեսի դելտայում՝ Հուգլի բազուկի ափին, Բենգալյան ծովածոցի ափից 140 կմ հեռու։ Արևմտյան Բենգալիա նահանգի վարչական կենտրոնն է։ Ծովային նավահանգիստ է։

Քաղաք
Կալկաթա
কলকাতা
Դրոշ

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքԿալկաթայի շրջան
ՔաղաքապետԲաքիշ Ռանջան Բհաթաչարյա
Առաջին հիշատակում1690
Մակերես185 կմ²
ԲԾՄ9 մ
Բնակչություն4 486 679 մարդ (2011)
Խտություն27 462 մարդ/կմ²
Ագլոմերացիա14 112 536
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91 33
Փոստային դասիչ700001 - 700157
Ավտոմոբիլային կոդWB-01, WB-02, WB-03, WB-04
Պաշտոնական կայքkolkatamycity.com
Կալկաթա (Հնդկաստան)##
Կալկաթա (Հնդկաստան)

Անվանումը

խմբագրել

Անվանումն առաջացել է այն գյուղի անունից, որի տեղում 1690 թ.-ին անգլիական Արևելա-Հնդկական ընկերությունը հիմնադրեց այժմյան քաղաքի հիմքը հանդիսացող իր ֆակտորիան։ Այդ գյուղը կոչվում էր Kalikata «Կալիի կացարան» (Կալին հինդուիստական դիցաբանության աստվածուհիներից է՝ Շիվայի կինը), պաշտամունքային վայր էր։

Պատմություն

խմբագրել

Կալկաթան անգլիացիների կողմից հիմնադրված քաղաք է. նրա պատմությունը փաստորեն համընկնում է անգլիացիների կողմից Հնդկաստանի նվաճման պատմությանը։

Կալկաթան հիմնադրվել է անգլիական Օստ-Հնդկական ընկերության կողմից, որը վայելում էր Հնդկաստանի հետ առևտուր կատարելու մենաշնորհը։ Ներկա Կալկաթայի տեղը 1690 թ.-ին մի ֆակտորիա կար, որտեղ հետագայում անգլիացիները կառուցեցին Վիլյամ բերդը։ Այդ բերդը դարձավ Կալկաթայի կորիզը։

1773-1911 թվականներին Կալկաթան եղել է Հնդկաստանում անգլիական գաղութատիրության վարչական կենտրոնը։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Ֆորտ-Վիլյամը, Վիկտորյա Մեմորիալ թանգարանը, որտեղ ցուցադրվում են Վիկտորյա թագուհու տիրապետության շրջանի նյութեր, Ջայն տաճարը և բուսաբանական այգին։

Հայերը Կալկաթայում

խմբագրել

Կալկաթայի հայ համայնքը կազմավորվել է 17-րդ դարում։ Քաղաքում հայտնաբերված հայերեն արձանագրություններով տապանաքարերը (թվագրված՝ 1630, 1646) վկայում են, որ հայերն այստեղ բնակվել են անգլիացիների երևալուց շատ առաջ։ 1724-ին կառուցվել է Սուրբ Նազարեթ եկեղեցին (1734-ին ճարտարապետ Ղևոնդի նախագծով եկեղեցուն կից ավելացվել է զանգակատուն)։ Կալկաթայում գործում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1909), Թենկրայի Ս. Երրորդություն մատուռը։ Հայերը հիմնականում առևտրականներ (հատկապես ջութի), արհեստավորներ (հայտնի էին ոսկերիչները), նավահանգստում աշխատող գործավորներ էին. կային նաև բժիշկներ, ճարտարապետներ, իրավաբաններ։ Հիշատակության են արժանի իրավաբաններ Գրիգոր Պոլը (պաշտոններ է վարել Հնդկաստանի բարձրագույն դատարանում), Հ. Առաքելը, Ս. Սարգիսը։ Կալկաթայում կա Հայկական փողոց (Արմինիըն չըրչ սթրիթ)։ Հայկական են կոչվում նաև քաղաքի խոշոր նավահանգիստներից մեկը (կառուցված՝ 18-րդ դարի 70-ական թթ.) և Կալկաթայից ոչ հեռու գտնվող մի լեռ։

19-րդ դարի սկզբին Կալկաթայում գործել է Հարություն Գալուցյանի դպրոցը, 1817-ին՝ Ս. Սանդուխտ երկսեռ դպրոցը, 1821-ին բացվել է Հայոց մարդասիրական ճեմարանը (գործում է ցայսօր), 1847-55-ին՝ Ս. Սանդխտյան աղջկանց դպրոցը, 1922-ին՝ Դավիթյան օրիորդաց կարժարանը (1949-ին միացել է Հայոց մարդասիրական ճեմարանին)։

Կալկաթահայ մշակութային կյանքը կազմակերպել են Իմաստախնդրական միաբանությունը, Արարատյան ընկերությունը, Մարզական ակումբը (ունեցել է ֆուտբոլի, հոկեյի, ռեգբիի, բասկետբոլի խմբեր), Հայ կանանց բարեգործական միությունը, Հայկազյան գեղարվեստից միությունը, որն ունեցել է զանազան ինքնագործ խմբեր, կազմակերպել թատերական ներկայացումներ, երաժշտական երեկոներ, հայ մշակույթին նվիրված դասախոսություններ, նպաստել գաղութի կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Մինչև 1990-ական թթ. գործել է Մեսրոպ Սեթի 1909-ին հիմնած ճեմարանի շրջանավարտների միությունը։ 1820-ին հիմնվել է Աղքատախնամ մարմին, ըստ էության՝ ծերանոց, որը գործում է ցայսօր։

Կալկաթահայ համայնքը նշանակալի հաջողությունների է հասել նաև սպորտի բնագավառում։ 1960-ական թթ. հռչակ է վայելել ռեգբիի հայկական թիմը, որը Արշամ Սուքիասի գլխավորությամբ շահել է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի գավաթը։

Հնդիկ բանասեր-արևելագետ Սունիթի Կումար Չաթերջին, կապված լինելով Կալկաթայի հայ համայնքի հետ, ուսումնասիրել է հայերենը (մասնավորապես գրաբարը), տպագրել հոդվածներ հայոց լեզվի, պատմության և մշակույթի վերաբերյալ, 1961-ին հրատարակել «Հայկական հերոսական լեգենդները և Սասունցի Դավիթ էպոսը» գիրքը։ 1966-ին Չաթերջին այցելել է Հայաստան։

Կալկաթայում հրատարակվել են «Հայելի Կալկաթյան», «Ազգասեր», «Շտեմարան», «Արևելյան հնդկաց լրագիր», «Ազգասեր Արարատյան», «Եղբայրասեր», «Արա», «Արմենիա», «Զանգ», «Նոր ազդարար» պարբերականները[2]։

Գրականություն

խմբագրել
  • Հ.Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ), Երևան, «Լույս», 1987, էջ 231։
  • Կ. Ավետիսյան, Արևելքի մարգարիտը, Երևան, Հայպետհրատ, 1964։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
  2. Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 360։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալկաթա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 177