Արմենուհի Տիգրանյան
Արմենուհի Տիգրանյան-Ահարոնյան (գրական ծածկանունը՝ Մենուհի, 1888, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 9, 1962), բանաստեղծուհի, գրաքննադատ, հրապարակախոս։
Արմենուհի Տիգրանյան-Ահարոնյան Արմենուհի Տիգրանի Տիգրանյան | |
---|---|
Ծնվել է | 1888 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
Վախճանվել է | դեկտեմբերի 9, 1962 |
Վախճանի վայր | ԱՄՆ |
Գրական անուն | Մենուհի |
Մասնագիտություն | բանաստեղծուհի,հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թիֆլիսի օրիորդաց գիմնազիա |
Ուշագրավ աշխատանքներ | «Բեշտաուն» լեգենդ |
Ամուսին | Վարդգես Ահարոնյան |
Ազգականներ | Արմեն Տիգրանյան՝ եղբայր, Ավետիս Ահարոնյան՝ ամուսնու հայր |
Վարդգես Ահարոնյանի կինը, Արմեն Տիգրանյանի քույրը։
Կենսագրություն
խմբագրելԱրմենուհի Տիգրանի Տիգրանյանը ծնվել է 1888 թվականին, սովորել է Ալեքսանդրապոլում՝ աղջիկների ռուսական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Թիֆլիսի օրիորդաց գիմնազիայում։
Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ։ 1905 թվականից նրա բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Հայ օրիորդաց միության նախագահը։ 1914 թվականին Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ 1917 թվականին ամուսնացել է Վարդգես Ահարոնյանի հետ։
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց որոշ ժամանակ անց մեկնել է Փարիզ, որտեղ գտնվում էր Ահարոնյանների ընտանիքը։ 1923 թվականին ամուսնու հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ շարունակել է զբաղվել գրական գործունեությամբ։ Նրա աշխատությունների մեծ մասը հրապարակվել է ԱՄՆ-ում լույս տեսնող գրական-գեղարվեստական Հայրենիք օրաթերթում։ Գրականությունից բացի Արմենուհի Տիգրանյանը զբաղվել է նաև հասարակական աշխատանքով․ մոտ երեսուն տարի շարունակ նա հայոց լեզու և գրականություն է տարածել ամերիկահայ նոր սերդի շրջանում, եղել է ուսուցչուհի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոնգ Այլենդի հայկական դպրոցներում[1]։ Ամուսնու հետ միասին կազմել է հայոց լեզվի «Հրազդան» դասագրքերը՝ չորս տարիների դասընթացով, դասագրքերն ունեցել են մի քանի հրատարակություն[2][3][4]։
Արմենուհի Ահարոնյանի հասարակական գործունեության դաշտերից մեկն էլ եղել է Կարմիր Խաչ-Հայ օգնության միությունը, որին իր նպաստն է բերել ոչ միայն իբրև Նյու Յորքի Վաշինգտոն-Հայցի մասնաճյուղի անդամ, այլ հաճախ նաև որպես ՀՕՄ կենտրոնական վարչության անդամ, երբեմն նաև՝ ատենապետուհի։
Ըստ գրականագետների, Եղիշե Չարենցը մտերիմ հարաբերություններ է ունեցել Արմենուհու հետ։ Արմենուհի Տիգրանյանին է նվիրված «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը Չարենցը գրել է 1920 թվականին և առաջին անգամ տպագրվել է Չարենցի երկերի ժողովածուի 1-ին հատորում[5]։
Արմենուհի Տիգրանյանը մահացել է 1962 թվականին՝ երկարատև և ծանր հիվանդությունից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայրենիք օրաթերթ, 1963, հունվարի 10
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Ահարոնեան, Արմենուհի». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Ահարոնեան, Վարդգէս; Ահարոնեան, Արմենուհի (1935). Հրազդան։ երկրորդ տարի. Հրազդան հրատարակչական ընկերութիւն.
- ↑ Ահարոնյան, Վարդգես Ավետիսի; Ահարոնեան, Արմենուհի, eds. (1952). Հրազդան (2-րդ հրատ ed.). Բոստըն: Հայրենիք.
- ↑ Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին, էջ 175