Դանիել Վարուժան

հայ բանաստեղծ, գրող

Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (ապրիլի 20, 1884(1884-04-20)[1][2][3], Բրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - օգոստոսի 26, 1915(1915-08-26)[1][2][3], Չանկիրի, Kastamonu Vilayet, Օսմանյան կայսրություն), XX դարի արևմտահայ բանաստեղծ։ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։

Դանիել Վարուժան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Դանիէլ Չպուքքարեան
Ծնվել էապրիլի 20, 1884(1884-04-20)[1][2][3]
ԾննդավայրԲրգինք, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3]
Վախճանվել էօգոստոսի 26, 1915(1915-08-26)[1][2][3] (31 տարեկան)
Վախճանի վայրՉանկիրի, Kastamonu Vilayet, Օսմանյան կայսրություն
Գրական անունԴանիէլ Վարուժան
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան (1905)[2] և Գենտի համալսարան (1909)[2]
Ուշագրավ աշխատանքներՀարճը, Հեթանոս երգեր և Ցեղին սիրտը
Изображение автографа
Դանիել Վարուժան Վիքիքաղվածքում
Դանիել Վարուժան Վիքիդարանում
 Daniel Varujan Վիքիպահեստում

Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ՝ պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին՝ Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ (գյուղը հիմնադրվել է 11-րդ դարում վասպուրականցիների կողմից, և իսկական անունով կոչվել է Բագրատունիք) գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում, սկզբում Սագըզ Աղաջի Մխիթարյան դպրոցում, ապա Քաղկեդոնի վարժարանում։

Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։

Բանտարկյալ հորը նա պատմում է իրենց քաշած ծանր կյանքի մասին. տատը մահացել է, մայրը հիվանդ է և խուլ հազում է, չորացել են պարտեզի վարդենիները, ավերվել է հայրական օջախը։ Հայրը մի կերպ ազատվում է բանտից և աշխատում Պոլսի իջևանատներից մեկում։ Դպրոցական արձակուրդները պատանին անց է կացնում հոր մոտ և ականատես դառնում պանդուխտների տառապալի կյանքին։

1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչության ու քանդակագործության կոթողները իրենց առողջ և հյութեղ ռեալիզմով։ Նա հափշտակությամբ ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում էլ նա գրում է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թվականի ջարդերի թեմաներով։

1905 թվականին բանաստեղծը մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների բարձր մշակույթը. նա խորազնին ուսումնասիրում է XVII-XVIII դարերի ռեալիստական նկարչությունը և տարվում 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։

Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909 թվականին վերադառնում է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է անում Սեբաստիայի Արամյան վարժարանում։ 1910 թվականի օգոստոսի 15-ին ամուսնանում է իր նախկին աշակերտուհի Արաքսի Թաշճյանի հետ։ 1911 թվականի հունիսի 6-ին ծնվում է նրանց ավագ զավակը՝ Վերոնիկան, որին հայրը սիրում էր Վարաժնակ կոչել[4]։

1911 թվականին Դանիել Վարուժանը տեղափոխվում է Եվդոկիայի (Թոքատի) ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։

Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարել թարգմանություններ։

1914 թվականին եղել է «Մեհեան» գրական ամսաթերթի 5 հիմնադիրներից մեկը՝ Կոստան Զարյանի, Յակոբ Քյուֆեճյանի (Օշական), Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ Հ. Ճ. Սիրունու հետ խմբագրել է «Նավասարդ» գրական տարեգիրքը, որից լույս է տեսել միայն առաջին հատորը 1914 թվականին։

1915 թ. ապրիլի 24-ին Վարուժանը գտնվել է այն մտավորականների ու հասարակական գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են թուրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ 26 օգոստոսի 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին դաժանորեն սպանվել է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։

1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի է ունեցել Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը՝

 

Ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի,
երբոր երազն անմահ է։

 

Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին իրավացիորեն գրել է. «Վարուժանը պատկանում է նույնքան Արևմուտքին, որքան Հայաստանին»։

Երևանում կան Վարուժանի անվան փողոցներ, դպրոցներ։

Ստեղծագործություն խմբագրել

Վարուժանի գրական նախափորձերը վերաբերում են Քաղկեդոնի գիշերօթիկում ուսանելու տարիներին։ Առաջին ոտանավորները հրապարակվել են աշակերտական «Արձագանք մոտայի» (1901) ձեռագիր թերթում։ 1902 թ. բանաստեղծը պատրաստել է իր առաջին ժողովածուն՝ «Ծաղկեփունջ կամ բրգնիքցիի մը նվագները», որը մնացել է անտիպ։ Առաջին տպագիր գործերն են «Բանաստեղծ նահապետին շիրիմին առջև» բանաստեղծությունը և «Եիկիտ Տոնել» դյուցազնավեպը («Բազմավեպ», 1904)։ 1904 թ. կազմել է իր երկրորդ ժողովածուն՝ «Փուշի ակոսներ» (սկզբնապես՝ «Մրրկահույզ կայծոռիկներ») խորագրով, որը նույնպես չի տպագրվել։

«Սարսուռներ» խմբագրել

1905 թ. տպագրության է ներկայացրել մի նոր ժողովածու՝ «Սարսուռներ», որտեղ առաջին անգամ ստորագրել է՝ Դանիել Վարուժան։ Սակայն Մխիթարյան հայրերը հարմար չեն գտել ամբողջապես հրատարակել այն։ Բանաստեղծությունների մի մասը նույն թվականին լույս է տեսել «Գեղունի» և «Բազմավեպ» հանդեսներում (1905)։ «Գեղունի»-ում տպագրվածները 1906 թ. հրատարակվել են Վենետիկում «Սարսուռներ» խորագրով։ Ժողովածուն Սիամանթոյի բանաստեղծական շարքերից հետո բերում է նոր գաղափարներ ու նոր ոճ. բնության, սիրո, անորոշ երազանքի տարածված մոտիվների փոխարեն ներշնչանքի աղբյուր է դառնում իրական կյանքը՝ մարդկային ճակատագրերով («Հիվանդ է»)։

Բանաստեղծը խորհում է ժողովրդի և անհատի, արվեստի և իրականության, բանաստեղծի և աշխարհի բարդ ու բազմազան կապերի մասին («Մուսային», «Ավազանին ձուկերուն», «Երազ և խոհ»)՝ արծարծելով մարդու տառապանքների հանդեպ բարության, անձնազոհության, հումանիզմի դեռևս աղոտ գաղափարներ։ «Սարսուռներ»-ը որոշ իմաստով գեղարվեստական ծրագիր է, որտեղ նշմարվում են Վարուժանի ապագա ստեղծագործության գրեթե բոլոր հիմնական հատկանիշները։ Բանաստեղծը աշխարհը տեսնում է ռոմանտիկական սուր բևեռացումների մեջ, մտածում վառ արտահայտված պատկերների լեզվով, հոգեբանական ու առարկայական տեսարանները ներկայացնում հատու և խոշոր գծերով։ Շարունակում է ձևավորվել բանաստեղծական աշխարհայեցողության այն կերպը, որով բնութագրվում է մի ամբողջ գրական ուղղություն՝ հայկական նեոռոմանտիզմը, որն իր ամենացայտուն արտահայտությունը պիտի գտներ Վարուժանի ստեղծագործության մեջ։

«Ցեղին սիրտը» խմբագրել

Վարուժանի երկրորդ գիրքը՝ «Ցեղին սիրտը» (1909), նշանավորում է արևմտահայ բանաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան։ Ռեակցիայի ծանր տարիները մնացել էին հետևում։ 1908 թ. երիտթուրքական հեղափոխությունը ժամանակավոր հնարավորություն էր ստեղծել համախմբելու ցրված գրական ուժերը։ Գրական անհատը ներաշխարհի անձուկ ոլորտից դուրս էր գալիս կենսական լուրջ հարցադրումների ասպարեզ։ Վարուժանը դառնում է գրական նոր շարժման կենտրոնական դեմքը։ Ժողովածուի լայնահուն պոեզիան հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը («Ձոն», «Նեմեսիս»)։ Քաղաքական ու սոցիալական ճնշման «Բագինին վրա» բարոյապես ու ֆիզիկապես ողջակիզվում է ոչ միայն հայը, այլև մարդն առհասարակ («Հայրենիքի ոգին», «Թիապարտները», «Վաղվան բողբոջներ», «Լվացարարուհին», «Ջարդը»)։ Վրեժի ու պայքարի «Կրկեսին մեջ» հերոսանում է ոչ միայն դարերով հալածված մի փոքրիկ ազգ, այլև իր վաղվա օրը կերտող մի ամբողջ մարդկություն («Վերածնություն», «Կռվի երթ», «Վահագն», «Դյուցազնի մը սուրին»)։

Ազգային-ազատագրության հույսերի արթնացման նոր ալիքը քաղաքական ու սոցիալական սուր շեշտվածություն է հաղորդում Վարուժանի բանաստեղծությանը։ «Ցեղին սիրտը» ժողովածուի մեջ նոր ձևով ու բովանդակությամբ շարունակվում են Խ․ Աբովյանի, Ղ. Ալիշանի, Մ․ Պեշիկթաշլյանի, Րաֆֆու ռոմանտիկական ավանդույթները։ Հայրենասիրությունը միայն զգացմունք չէ, այլև գաղափար, աշխարհայացք, գեղարվեստական մթնոլորտի կազմակերպման եղանակ, պոետիկական համակարգը ձևավորող սկզբունք։ Վարուժանը խորապես յուրացրել էր համաշխարհային հին ու նոր մշակույթի փորձը, երազում էր ստեղծել «մարդ էակին գիրքը»՝ իրար ձուլելով արևմտյան մտքի խստությունն ու արևելյան երևակայության կանոնազանց ազատությունը, վենետիկյան գույներն ու ֆլանդրիական «բարբարոս իրապաշտությունը»։ Սակայն ժողովրդի քաղաքական ճակատագրի անհրաժեշտությամբ գեղարվեստական խոսքը պետք է դառնար պայքարի զենք, հագենար հրապարակախոսական տարերքով։ Այս հարկադրական ինքնօտարումը վերաճում է ստեղծագործող անհատի ներքին դրամայի («Տրտունջք»), որով բնութագրվում է ժամանակի արևմտահայ բանաստեղծությունն առհասարակ։ «Ցեղին սիրտը» հարազատ ժողովրդի «ծովածուփ արյան» և ճնշված մարդկության դարավոր տառապանքի աղաղակն է։

«Հեթանոս երգեր» խմբագրել

Վարուժանի յուրաքանչյուր նոր ժողովածու բաց է անում արվեստի նոր ուղղություն, բերում է նոր բովանդակություն ու ոճ, հաստատում գեղարվեստական ձևի նոր սկզբունքներ՝ դասականորեն ներկայացնելով գրական շարժման տվյալ պահի համար բնորոշ միտումները։

«Հեթանոս երգեր»-ը (1912) 1910-ական թթ․ ծայր առած «հեթանոսական» շարժման ամենաամբողջական արտահայտությունն է։ Այս հոսանքի էությունն ազատության, ուժի, գեղեցկության պաշտամունքն էր՝ ի հակադրություն տիրող սոցիալական ու բարոյական անկման, բարքերի ապականության, մարդու բնական նկարագրի աղավաղման։ Գրքի երկու բաժիններում («Հեթանոս երգեր» և «Գողգոթայի ծաղիկներ») Վարուժանը պատկերում է իրարից տարբեր և իրար հակադրվող երկու աշխարհ։ «Ասպետական դարերու», «մեծազոր կենցաղի» փառաբանությունը չէր նշանակում անցյալի իդեալականացում կամ պատմության վաղնջական ժամանակները վերադառնալու կոչ․ դա միայն գեղարվեստական պայմանականություն էր, որով բանաստեղծը մարմին էր տալիս ուժեղ, առնական, կատարյալ մարդու, ազատ, ներդաշնակ ու գեղեցիկ աշխարհի մասին իր իդեալներին («Գեղեցկության արձանին», «Վանատուր», «Հեթանոսական», «Օ՛ Տալիթա», «Արևելյան բաղնիք», «Մեռած աստվածներուն», «Հարճը»)։ Արվեստի հրաշքով նա փորձում է վերագտնել մարդկության կորցրած արժեքները («Բեգաս», «Լույսը»)։

Իդեալի այսպիսի բարձրությունից բուրժուական աշխարհը ներկայացվում է որպես մարդկային չարչարանքի գողգոթա։ Գործարաններում, հանքերում, աշխատանքի բորսաներում եռում է մարդկանց բազմամիլիոն բանակը, ապրելը վերածվում է գոյության ծանր հարկադրանքի։ Մարդն օտարվում է իր նախաստեղծ էությունից, «ոսկի հորթի» պաշտամունքը, կեղծիքը, սուտը եղծում են գեղեցկի մաքուր իդեալը՝ ապրելու երջանկությունը դարձնելով գոյության դրամա («Բանվորուհին», «Սպասում», «Ընկեցիկը», «Մեռնող բանվոր», «Մեքենաները», «Դադար», «Մայիս մեկ»)։

«Հեթանոս երգեր»-ի գեղագիտական համակարգի հիմքը վսեմի կատեգորիան է՝ հերոսականի, ուժի, գեղեցկի կոնկրետ դրսևորումներով։ Եթե կլասիցիստներն անտիկ ժամանակներում փնտրում էին քաղաքացիական արիության ու առաքինության օրինակներ, իսկ Լըկոնտ դը Լիլը՝ սոցիալական ներդաշնակության իդեալ, ապա Վարուժանի ստեղծագործության մեջ հեթանոսական կենցաղի դրվագները վերանում են իրենց պատմական ժամանակից, այդ յուրօրինակ գեղարվեստական իրականության մեջ անունն ու տարազը փոխած ապրում է ժամանակակից մարդը։

«Գողգոթայի ծաղիկներ» շարքը ընդհանրության որոշ եզրեր ունի Էմիլ Վերհառնի ստեղծագործության հետ։ Էական տարբերությունն այն է, որ եթե Վերհառնը համանման բանաստեղծություններում հետևում էր որոշակի սոցիալական ուտոպիայի, ապա Վարուժանի ակնկալած վերածնությունը չէր ենթադրում որևէ հայտնի սկզբունքով կազմակերպված սոցիալական իրականություն, հակառակ ակնհայտ դեմոկրատական կողմնորոշմանը՝ հայ բանաստեղծի իդեալը կապվում էր գեղեցկի, ներդաշնակի, բնականի թագավորության որքան հրապուրիչ, նույնքան էլ անիրական մի աշխարհի հետ։

«Հացին երգը» խմբագրել

Երեք ժողովածուները լույս ընծայելուց հետո Վարուժանը պատրաստվում է հրատարակել «Հացին երգը» բանաստեղծական շարքը, որի վրա սկսել էր աշխատել դեռևս 1909-1910 թվականներից («Հացին երգը» գարնան դեմ պիտի սկսիմ»)։ 1914 թվականի մարտի 26-ին Պոլսից ընկերոջը՝ Վ. Ահարոնյանին գրում էր.

  Այժմ կգրեմ «Հացին երգը», որ հուսամ տարիե մը լույս կտեսնե. այդ հատորին մեջ երգված պիտի ըլլան հայրենի հողը, մշակներու աշխատությունը և գյուղական կյանքի խաղաղ մեծությունները[5]։  

Լիարյուն ու ներդաշնակ կյանքի, ուժեղ, առողջ, բնականորեն անեղծ մարդու իդեալը «Հեթանոս երգեր»-ից տարբեր, բայց էությամբ նույնական մի այլ աշխարհի սկիզբ է դառնում «Հացին երգը» (1921) շարքում, որի հղացման ազդակը Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» և Վերգիլիոսի «Մշակականք» պոեմներն են։ Սակայն Վարուժանն ստեղծել է ձևով ու բովանդակությամբ միանգամայն ինքնուրույն երկ։ Նրա նոր գրքի թեման հացի արարման պատմությունն է՝ հողագործի աշխատանքի ոգեշունչ փառաբանությամբ։ Ավելի լայն առումով «Հացին երգը» արտահայտում է մտքի ու մկանի աշխատանքով հայրենի եզերքն արգասավորելու, վերածնության ոգեղեն իդեալները հողեղեն մի սկզբի կապելու գաղափարը։ Մյուս կողմից՝ թեև «Հացին երգը» շարքում զգալի է հայ գյուղին բնորոշ կոլորիտը (բառապաշար, պատկերի կառուցման առարկայական ատաղձ ևն), բայց և այնպես ներկայացված գյուղաշխարհը չի կարելի կապել որոշակի աշխարհագրական միջավայրի հետ։ Բանաստեղծը թևակոխում է մի նոր եզերք՝ ընդարձակելով «Հեթանոս երգեր»-ում նվաճված աշխարհի սահմանները, այստեղ էլ քնարական մթնոլորտը շնչում է գեղեցկի ու ներդաշնակի որոնման պաթոսով, պոետիկական կառույցի հիմքը դարձյալ վսեմի կատեգորիան է, մասշտաբներն էպոսային վիթխարիություն ունեն («Մշակները», «Ցան», «Սայլերը»)։

«Հացին երգը» Վարուժանի ստեղծագործության մեջ որքան շարունակություն, նույնքան էլ սկիզբ էր․ բանաստեղծը ձգտում էր «Ցեղին սիրտը» և «Հեթանոս երգեր» շարքերի դասական արվեստի չափանիշները ձուլել ժողովրդական մտածողության տարերքին («Առաջին ծիլեր», «Ցորյանի ծովեր», «Հասուն արտ», «Հունձք կը ժողվեմ․․․», «Կամներգ», «Երնում»)։ Այս տեսակետից Վարուժանի վերջին գիրքը եզակի երևույթ է արևմտահայ բանաստեղծության մեջ։

Վարուժանը ծրագրել էր նաև գրել «Գինիին երգը» և մշակել ամբողջ «Սասնա ծռեր» էպոսը, բայց ողբերգական մահն անկատար թողեց այս ծրագրերը։

Վարուժանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն[6] և այլ լեզուներով։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Սարսուռներ, Վենետիկ, 1906, 44 էջ։
  • Ցեղին սիրտը։ Բագինին վրայ։ Կրկէսին մէջ, Կ. Պոլիս, 1909, 256 էջ։
  • Հեթանոս երգեր, Կ. Պոլիս, 1912, 336 էջ։
  • Հացին երգը, Կ. Պոլիս, 1921, 96 էջ։
  • Սարսուռներ, Վենետիկ, 1927, 116 էջ։
  • Հացին երգը, ա. տ. և թ., 88 էջ։
  • Սարսուռներ։ Ցեղին սիրտը, Վենետիկ, 1944, 132 էջ։
  • Հեթանոս երգեր։ Հացին երգը, Վենետիկ, 1944, 88 էջ։
  • Երկեր. Սարսուռներ, Ցեղին սիրտը, Հեթանոս երգեր, Հացին երգը, Արձակ էջեր, Թարգմանություններ, Նամակներ, Երևան, 1946, 480 էջ։
  • Հացին երգը, Երուսաղէմ, 1950, 76 էջ։
  • Սարսուռներ, Երուսաղէմ, 1950, 64 էջ։
  • Հեթանոս երգեր, Երուսաղէմ, 1953, 208 էջ։
  • Ցեղին սիրտը։ Բագինին վրայ։ Կրկէսին մէջ, Երուսաղէմ, 1953, 228 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, 1955, 448 էջ։
  • Հացին երգը (բանաստեղծություններ), Երևան, 1964, 86 էջ։
  • Նամականի, Երևան, 1965, 372 էջ։
  • Երկեր. Սարսուռներ, Ցեղին սիրտը, Հեթանոս երգեր, Հացին երգը, Երևան, 1969, 356 էջ։
  • Երկեր, Երուսաղէմ, 1973, 204 էջ։
  •  
    Դանիել Վարուժանի կիսանդրին համանուն դպրոցի առջև
    Հացին երգը, Պէյրութ, 1974, 56 էջ։
  • Ձոն (բանաստեղծություններ), Երևան, 1975, 80 էջ։
  • Վարուժան Դանիել, Սիամանթո, Երկեր. Բանաստեղծություններ  և պոեմներ, Երևան, 1979, էջ 209–509:
  • Սարսուռներ։ Ցեղին սիրտը, Վենետիկ, 1981, 132 էջ։
  • Հեթանոս երգեր։ Հացին երգը, Վենետիկ, 1981, 88 էջ։
  • Երկեր, հատ. 1. Սարսուռներ, Հացին երգը, Թեհրան, 1983, 80 էջ։
  • Երկեր, հատ. 2. Ցեղին սիրտը, Թեհրան, 1983, 228 էջ։
  • Երկեր, հատ. 3. Հեթանոս երգեր, Թեհրան, 1983, 208 էջ։
     
    Դանիել Վարուժանի արձանը Շիշլիի գերեզմանատանը
  • Երկեր (բանաստեղծություններ, արձակ էջեր), Երևան, 1984, 576 էջ։
  • Հացին երգը, Նիւ Ճըրզի, 1984, 80 էջ։
  • Բանաստեղծական երկեր, Անթիլիաս, 1986, 609 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Երևան, 1986, 596 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Բանաստեղծություններ, Պոեմներ, Թարգմանություններ, Երևան, 1986, 448 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Արձակ էջեր, Հոդվածներ և ելույթներ, Նամակներ, Երևան, 1987, 720 էջ։
  • Հացին երգը, ա. տ. և թ., 368 էջ։
  • Երկերի ժողովածու, Երևան, 2004, 476 էջ։
  • Հեթանոս երգեր, Իսթանպուլ, 2006, 204 էջ։
  • Հացին երգը, Երևան, 2009, 60 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2011, 276 էջ։
  • Հացին երգը, Անթիլիաս, 2011, 78 էջ։
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 300 էջ։
  • Poemes, Beyrouth, 1972․

Ընտրյալ բանաստեղծություններ խմբագրել

  • «Գեղեցկության արձանին »
  • «Հայր, օրհնե՛»
  • «Մեռած Աստվածներուն»
  • «Մոխիրներուն առջև»
  • «Ձոն»
  • «Վահագն»
  • «Նավասարդյան»
  • «Անդաստան»

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։

Աղբյուրներ խմբագրել

  • Ալբերտ Շարուրյան, Դանիել Վարուժան. կյանքի և ստեղծագործության տարեգրություն, ՀՀ ԳԱ հրատ., 1984
  • Խաչատուր Վարդանյան, Դանիել Վարուժանը և «գրական հեթանոսությունը», Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2006 թ.
  • Հայ գրականության դասագիրք 9-րդ դասարանի համար. «Լույս» հրատարակչություն, Երևան, 1978 թ.
 
Դանիել Վարուժանը՝ կնոջ՝ Արաքսիի հետ

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 4.
  4. LLC, VIP Studio. «Դանիել Վարուժանի դուստրը. Լուսանկարներ». www.arevelk.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Դ. Վարուժան, Նամականի, Երևան, 1965 թ., էջ 208
  6. Դանիել Վարուժանի «Հացին երգը»՝ թուրքերենով

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 348