Պետրոս Նախիջևանցի

հայ բանաստեղծ

Պետրոս Նախիջևանցի, Բերդումյանց (Աղամալյանց, 1720[1], Նախիջևան[1] - 1787[1], Վաղարշապատ[1], թաղված է Սուրբ Գայանեի վանքի բակում), բանաստեղծ, աստվածաբան-փիլիսոփա։

Պետրոս Նախիջևանցի
Ծնվել է1720[1]
ԾննդավայրՆախիջևան[1]
Մահացել է1787[1]
Մահվան վայրՎաղարշապատ[1]
ԳերեզմանՍուրբ Գայանե եկեղեցի
Մասնագիտությունբանաստեղծ

Կենսագրություն խմբագրել

Հինգ տարում Կ. Պոլսի Մայր դպրատան լրիվ դասընթացն ավարտելուց հետո, 1740-ական թթ. վերջին, Կ. Պոլսի Հակոբ Նալյան հայոց պատրիարքի (1741–64) օրոք ընդունել է հոգևոր կոչում՝ ձեռնադրվելով աբեղա։ Այնուհետև ուղարկվել է Ղրիմ՝ Ս. Օգսենտի վանքը, որպես վանահայր և առաջնորդ։ Ղրիմից տեղափոխվել է Էջմիածին, իսկ 1759 թվականին Հակոբ Ե Շամախեցի Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1759–1762 թվականներին կաթողիկոսի նվիրակն էր Կարինում, որտեղ լրացրել է իր ուսումը՝ ստանալով ասորական և լատինական կրթություն։ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի օրոք Էջմիածնում ծավալել է բեղմնավոր մանկավարժական գործունեություն։ Պետրոս Նախիջևանցին գրել է մի շարք աստվածաբան. և մեկնողական գործեր «ի յօգուտ մանկանց եկեղեցւոյ»։ 1764 թվականին պատրաստ էր նրա ավետարանական առակների մեկնությանը նվիրված աշխատությունը, որը հայտնի է «Աղբիւր բացեալ» անվամբ։ 1769–1973 թվականներին Էջմիածնում Պետրոս Նախիջևանցին գրել է իր աստվածաբանական, մեկնողական, փիլիսոփայականերկերի, քարոզների, աղոթքների մեծ մասը, որոնք հիմնականում նախատեսված էին Էջմիածնի ժառանգավորաց դպրոցի աշակերտության համար։ Սակայն Սիմեոն Ա Երևանցու անբարյացակամ վերաբերմունքը (նույնիսկ Պետրոս Նախիջևանցու երկերը այրելու հրաման է արձակել) զգալի ստվեր է գցել նրա գործունեության վրա։ Կաթողիկոսը Պետրոս Նախիջևանցուն հեռացրել է Էջմիածնից և 1772 թվականին նշանակել կաթողիկոսության նվիրակ Եվդոկիա (Թոքատ) քաղաքում։ Այստեղ նա ավարտել է իր «Մեկնութիւն Յոբայ» երկը (1776)։ 1777 թվականին վերադարձել է Էջմիածին, սակայն Եվդոկիայում նվիրակության ժամանակ թույլ տված վարչ. սխալների պատճառով չկարողանալով Մայր աթոռին վճարել պահանջվող գումարը՝ վերջնականապես գժտվել է կաթողիկոսի հետ, հեռացվել միաբանությունից և բանտարկվել։ Եղբոր մահից հետո կտակի հետ կապված հարցերը լուծելու համար ազատ է արձակվել և 1778 թվականի ապրիլին մեկնել է Կ. Պոլիս՝ պայմանով, որ վերադառնալու է և որևէ վայրում առաջնորդ չի նշանակվելու։ Սակայն հակառակ Սիմեոն Ա Երևանցու կամքի, Կ. Պոլսի Զաքարիա Կաղզվանցի պատրիարքը ջերմ ընդունելություն է ցույց տվել Պետրոս Նախիջևանցուն և նշանակել Եվդոկիայի հոգևոր առաջնորդ, բայց, հավանաբար, Պետրոս Նախիջևանցին չի հասցրել պաշտոնը ստանձնել։ 1780 թվականին վախճանվել է Սիմեոն Ա Երևանցին, իսկ նոր կաթողիկոսը՝ Ղուկաս Ա Կարնեցին,

Պետրոս Նախիջևանցուն հրավիրել է Էջմիածին։ 1782 թվականի նոյեմբերին Պետրոս Նախիջևանցին վերադարձել է Մայր աթոռ և վերականգնվել Էջմիածնի միաբանության շարքերում։ 1783 թվականի ապրիլին նշանակվել է Կարինի առաջնորդ։ Կյանքի վերջին տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Պետրոս Նախիջևանցին թողել է գրական մեծ ժառանգություն։ Երևանի Մատենադարանում ավելի քան 160 ձեռագրեր պարունակում են նրա մոտ 20 անուն գործերը։ Գրել է բազմաժանր և բազմաբնույթ երկեր, որոնք բաժանվում են 4 հիմնական խմբի.

Ստեղծագործությունները խմբագրել

ա. Մեկնողական երկեր. «Մեկնութիւն Ծննդոց», գրել է 1777 թվականին։ Իր բոլոր գործերի նման այս աշխատությունն էլ մեծածավալ է։ Ծննդոց գրքի հիսուն գլուխները մեկնված են տող առ տող՝ համեմված Աստվածաշնչյան մյուս գրքերի մեջբերումներով և այլևայլ հեղինակներից կատարած հղումներով։

«Մեկնութիւն Յոբայ» (1776), «Մեկնութիւն Երգ երգոցի» (1771)։ Վերջինս թերի է, մեկնված է ընդամենը 4 համար՝ Ա 4, Գ 8 և Դ 11–12:

Սակայն այդ վիճակով էլ երկն աստվածաբանական արժեքավոր նյութ է պարունակում և հեղինակի մեկնողական ուշագրավ գործերից է։ «Աղբիւր բացեալ»-ը (Մեկնություն ավետարանական առակների) Պետրոս Նախիջևանցու ամենահայտնի և ամենատարածված երկն է։ Միայն Մատենադարանում կան այս գործը պարունակող 60-ից ավելի ձեռագրեր։ Երկու անգամ հրատարակվել է Էջմիածնում (1845, 1857)։ «Մեկնութիւն Յայտնութեան ս. Յովհաննու» (հրտ. 1846, Կալկաթա)։ Ի տարբերություն մյուս գործերի, սա խմբագական աշխատություն է, որտեղ ի մի են բերված նախորդ մեկնողական երկերը՝ Հովհաննեսի Հայտնության վերաբերյալ։ Մեկնողական երկերից են նաև՝ «Մեկնութիւն թղթոյն Պօղոսի առ Եփեսացիս» (հրտ. 1850, Երուսաղեմ) և «Մեկնութիւն Գործք առաքելոցի» (չի պահպանվել)։

բ. Աստվածաբանական - փիլիսոփայական երկեր. «Աստուածանմանութիւն» (հրտ. 1827, Կալկաթա)։ Երկու հատորից բաղկացած այս աշխատությունը լուրջ պատկերացում է տալիս XVIII դ. աստվածաբանական մտքի զարգացման աստիճանի մասին։ 15 գլուխներից կազմված առաջին հատորում հեղինակը հանգամանորեն և խոր իմացությամբ քննել է Աստծո ստորոգելիները, Աստծո ճանաչման միջոցներն ու հնարավորությունները, Աստծո պատկեր հանդիսացող մարդու՝ Գերագույնի այս կամ այն հատկության հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները։ Երկրորդ հատորը (յոթ գլուխ) նվիրված է Ս. Երրորդությանը և նրա երեք Անձերին։ «Կշիռ արդարութեան» գործը հավանաբար գրվել է Էջմիածնում, հեղինակի ուսուցչության տարիներին։ Իր բովանդակությամբ որոշ չափով «Աստուածանմանութեանը» նմանվող այս երկը նույնպես գրվել է «ի յօգուտ մանկանց»։ Փիլիսոփայական բնույթի երկերն են. «Տրամաբանութիւն», «Մեկնութիւն վերլուծութեանցն Արիստոտելի», «Ասացուածք իմ աստնոց» (թարգմանական ժողովածու անտիկ և քրիստոնյա փիլիսոփաների ասույթներից)։

գ. Քարոզներ եվ աղոթքներ. Պետրոս Նախիջևանցու մատենագրական վաստակի մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում քարոզները, որոնք արտասանվել են տարվա ընթացքում՝ եկեղեցական բոլոր տոներին, և ապա գրի են առնվել։ Քարոզները բաղկացած են երկու հատորից՝ «Քարոզք տարեկան» (1771), որոնք պարունակում են հիսուն ինքնուրույն գործեր՝ նվիրված այս կամ այն Տերունական խոսքին կամ հատուկ տոներին։ Սա այն գործերից է, որ Սիմեոն Ա Երևանցին հրամայել էր այրել ու ոչնչացնել։

Պետրոս Նախիջևանցն հորինել է նաև հատուկ արձակ աղոթքներ՝ մանավանդ ճանապարհորդների և վաճառականների համար, որոնք հաճախ ձեռագրերում տեղադրվում են «Ապաշխարան» կոչվող տաղերի ժողովածուի մեջ՝ որպես 2-րդ հատոր։ Պետրոս Նախիջևանցու աղոթքները հրատարակել է Էջմիածնի միաբան Հովհաննես եպս. Շահխաթունյանցը 1845 թվականին՝ «Երգարան աղօթից ի պէտս վաճառականաց և ճանապարհորդաց» վերնագրով։

դ. Չափածո երկեր. Պետրոս Նախիջևանցն իր ժամանակի նշանավոր բանաստեղծներից և տաղասացներից էր։ Իր տաղերի մի մասը հեղինակը 1760-ական թթ. հավաքել է մի ժողովածուի մեջ, որը կոչվել է «Ապաշխարան»։ Այստեղ հավաքված են հեղինակի լավագույն կրոն. բանաստեղծությունները՝ նվիրված Սուրբ Երրորդության երեք Դեմքերին, Աստվածամորը, ավետարանական տարբեր թեմաների։ Գրել է նաև «Յիսուս փեսայ» անունով մեծածավալ մի պոեմ, 100-ից ավելի տաղեր՝ հիմնականում Աստվածաշնչյան թեմաներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 AV Production (հայ.) — 2010.

Կից հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։