Գրիգոր Օտյան

հայ հասարակական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Օտյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գրիգոր Պողոսի Օտյան (դեկտեմբերի 9 (21), 1834[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 6 (18), 1887[1], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), օսմանահայ հասարակական քաղաքական գործիչ, հրապարակախոս։

Գրիգոր Օտյան
արմտ. հայ.՝ Գրիգոր Օտեան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9 (21), 1834[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 6 (18), 1887[1] (52 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]
ԳերեզմանՊեր Լաշեզ[1] և Grave of Odian
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Երկեր1860 թվականի ազգային սահմանադրություն և 1876 թվականի Օսմանյան սահմանադրություն
Մասնագիտությունհասարակական գործիչ, հրապարակախոս, փաստաբան և գրող
 Krikor Odian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Եվփիմե․ Գրիգոր Օտյանի քույրը
 
Իսկուհի Երկանյան․ Գրիգոր Օտյանի քույրը

Գրիգոր Օտյանը ծնվել է 1834 թվականի դեկտեմբերի 9-ին, Կ.Պոլսում, Սկյուտարում։ Հինգ տարեկանից սովորել է հոր՝ Պողոս Օտյանի հիմնած տնային դպրոցում։ Առաջին ուսուցիչը եղել է Գաբրիել Պարտիզպանյանը։ Տասնչորս-տասնհինգ տարեկանում դասախոսություններ է լսել Փարիզում, իսկ տասնվեց տարեկանից սկսել է թարգմանություններ անել ֆրանսերենից հայերեն՝ թարգմանելով Լամարթինի, Վիկտոր Հյուգոյի բանաստեղծությունները (վերջինիս հետ եղել է մտերիմ)։ Օտյանը հատուկ ուշադրություն է դարձրել գիտությանը, ազգային-ազատագրությանը և ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ 1851 թվականին Կ.Պոլսում լույս է տեսնում նրա «Առաջարկություն աշխարհաբար լեզվի վրա» աշխատությունը, որտեղ Օտյանը պաշտպամում է աշխարհաբարի մշակումն ու տարածումը։ 1857 թվականին Ազգային ժողովի հանձնարարությամբ մասնակցում է Թուրքիայում ապրող հայերի ներքին գործերի կանոնադրության մշակմանը։ Օտյանը, Պալյանը, Ն. Ռուսինյանը և Սերվիչյանը ստեղծում են մի կանոնադրություն, որը հետո կոչվեց ազգային սահմանադրություն, բայց ընդունվեց միայն 1863 թվականի մայիսի 17-ին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 20-ին գումարվեց առաջին նիստը։ 1862 թվականին Օտյանի օժանդակությամբ Հ. Սերվիչյանը, Ն. Ռուսինյանը, Գր.Աղաթոնը, Տիգրան Չուխաջյանը ու Գաբրիել Երանյանը հիմնում են «Հայ երաժշտական ընկերությունը»՝ «Քնար հայկական» շաբաթաթերթով, որտեղ Մկրտիչ Պեշիկթաշլյանը հրատարակում է իր հայտնի «Եղբայր ենք մենք» բանաստեղծությունը։ Օտյանը աջակցում է նաև Զեյթունի հերոսական ապստամբության ղեկավարներին։ 1864-1867 թվականներին կառավարությունը մեկուսացնում է Գրիգոր Օտյանին՝ ուղարկելով Բուլղարիայի Ռուսճուգ քաղաքը։ 1867 թվականի հետ է կանչվում։ 1869 թվականին Օտյանը ուղևորվում է Եվրոպա՝ Ֆրանսիա, Գերմանիա։ Վերադառնալով՝ նվիրվում է օսմանյան սահմանադրության կայացմանը։ 1878 թվականին կրկին մեկնում է Եվրոպա, սակայն վերադառնում է և հիվանդանում։ Օտյանի հետապնդումները սկսվում են Աբդուլ Համիդի գահակալությամբ։ 1880 թվականին Օտյանը բարեկամների խորհրդով և Գ. Սամանճյանի աջակցությամբ գաղտնի հեռանում է Պոլսից և հաստատվում Փարիզում։ Իր կյանքի վերջին տարիները նվիրում է գրականությանը։ 1885 թվականին սրվում են հիվանդությունները՝ հոդացավ, շնչառության դժվարություն, սրտի և երիկամների հիվանդություն։ 1887 թվականի օգոստոսի 15-ի գիշերը 53 տարեկանում մահանում է Գրիգոր Օտյանը։

Գործունեություն

խմբագրել

Ստացել է իր ժամանակի համար փայլուն կրթություն՝ սկզբում ուսանելով Կ.Պոլսում, այնուհետև՝ Փարիզում։ Եղել է 1848 թվայկանի ֆրանսիական հեղափոխության ականատեսը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա գաղափարական ձևավորման վրա։ 1851 թվականին վերադարձել է Կ.Պոլիս։ Եղել է սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը։ 1875 թվականին օգնել է Միդհաթ փաշային մշակելու Օսմանյան կայսրության սահմանադրությունը։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսի նախօրյակին Կ.Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մշակել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի օսմանյան Հայաստանի»)։ Աբդուլ Համիդի կողմից օսմանյան սահմանադրության գործողությունը դադարեցնելուց հետո և դրան հաջորդած հալածանքների պայմաններում Օտյանը 1880 թվականին ստիպված մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Մանկավարժ ամսագիր12, 1990
  • Մ. Չերազ, Կենսագրական մյուզիոններ, Գրիգոր Օտյան, Փարիզ, 1929
  • Մ. Կազմարարյան, Գրիգոր Օտյանի գոհարները, Կ.Պոլիս, 1931
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Օտյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Օտյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 578