Հուշագրություն
Հուշագրություն (անգլ.՝ /ˈmemwɑːr/[1]; ֆրանսերեն` mémoire: memoria, որ նշանակում է հուշ, հիշողություն), գեղարվեստավավերագրական գրականության ժանր, անցյալի հուշեր՝ շարադրված նկարագրվող իրադարձության ականատեսի կամ մասնակցի կողմից։ Անհատի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին անձնական կամ հանրային հուշերի ամբողջությունն է[2][3]։ Նկարագրվող դեպքերը դիտվում են իբրև փաստեր։ Թեպետ պատմականորեն հուշագրությունը համարվել է կենսագրության և ինքնակենսագրության ենթատեսակ, 20-րդ դարի վերջերից ժանրի սահմաններն առավել հստակ դարձան՝ ներկայացնելով առավել նեղ շրջանակ։ Կենսագրությունը և ինքնակենսագրությունը ներկայացնում են մի կյանքի պատմություն ամբողջականորեն, մինչդեռ հուշագրությունը ներկայացնում է մի այնպիսի հատված կյանքից, որը նշանակալի և պատմականորեն վճռորոշ է եղել հեղինակի կյանքում։ Չնայած այս սահմանումներին՝ երբեմն խիստ դժվար է հստակեցնել հուշագրության, ինքնակենսագրութ-յան և վավերագրությունների սահմանները մեր օրերում, երբ ժանրային «հիբրիդները» տարածված երևույթ են։ Հուշագրության հեղինակին կոչում են հուշագրող կամ մեմուարիստ։
Հուշագրությունները լինում են արձակ և չափածո։ Հիշատակագրություններ են թողել ինչպես ձեռագրերի գրիչ-ընդօրինակողները, այնպես էլ ծաղկողները, կազմողները, ստացողները, գերությունից ազատողները։ Հիշատակագրություններն ըստ էության ձեռագրական հիշատակարանի բեկորներն են, որոնք իրենց մանրամասներով լրացնում ու հարստացնում են նրա բովանդակությունը։
Վաղ շրջանի հուշագրություններ
խմբագրելՀուշագրություններ գրվել են դեռևս հնագույն ժամանակներում, ինչպես Հուլիոս Կեսարի «Նոթեր Գալլական պատերազմի մասին» ստեղծագործությունը։ Այստեղ Կեսարը նկարագրում է այն ճակատամարտերը, որ 9 տարի շարունակ տեղի են ունեցել Գալլական պատերազմի ընթացքում։ Նրա երկրորդ հուշագրությունը՝ «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին», մ.թ.ա. 49 և 48 թվականների ընթացքում Գնեոս Պոմպեոսի և Սենատի դեմ ծավալված քաղաքացիական պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների վավերագրությունն է։ Նշանավոր Լիբանիոսը՝ հռետորաբանության ուսուցիչ, ով ապրել է մ.թ. մոտ 314-394 թթ., իր կյանքի հուշագրությունը կազմել է որպես իր հերթական գրական ճառերից մեկը, որ բարձրաձայն պիտի ընթերցվեր առանձնության մեջ։ Այս տեսակ հուշագրությունը կապվում է Հին Հունաստանում և Հռոմում տարածված գաղափարի հետ, որի համաձայն հուշագրությունները նման են «մեմոների» կամ անավարտ ու չհրապարակված գրության հատվածների, որը գրողը կարող է օգտագործել որպես օգնություն՝ հիշելու և ամբողջական դարձնելու կիսատ թողած ստեղծագործությունը։
Ճապոնական հուշագրության վաղ օրինակ է «Սարաշինայի օրագիրը»՝ գրված Հեիյան շրջանում։ Բանաստեղծական օրագրությունը կամ «Նիկկի Բունգակուն» ձևավորվեց այս ժամանակահատվածում։
Միջնադարում Ժոֆրուա Վիլլարդուենը, Ժան դե Ժուանվիլը, Ֆիլիպ դե Կոմմինը գրում էին հուշագրություններ, այն դեպքում, երբ ժանրի մասին խոսվեց և այն սահմանվեց Վերածննդի վերջերին Բլեզ դե Մոնլյուկի և Մարգարիտա դե Վալուայի աշխատանքներով. վերջինս առաջին կին գրողն է, ով իր «Հուշերը» շարադրեց հուշագրության ժամանակակից ոճով[4]։
Մինչև Լուսավորության դարաշրջանը (17-18-րդ դարեր) հուշագրություններ էին գրում Էնթընի Էշլի-Կուպերը (Շեֆթսբըրիի 1-ին կոմսը), Ֆրանսուա դը Լարոշֆուկոն, Սեն Սիմոն Լուի դե Ռուվրուան. վերջինս իր հուշագրությունը գրեց իր ընտանիքին պատկանող Լա Ֆերտե-Վիդամե դղյակում։ Չնայած Սեն Սիմոն Լուի դե Ռուվրուան համարվում էր պատումի և կերպարստեղծման առումով հմուտ գրող, նրա մահից հետո միայն նրա գործերը դիտվեցին որպես հուշագրություն՝ մեծ հռչակ բերելով նրան[5]։
Հետագա զարգացում
խմբագրել18-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը հիմնականում հուշագրություններ գրում էին նրանք, ովքեր հայտնի էին իրենց մասնագիտության մեջ ունեցած լուրջ հաջողություններով։ Նրանք գրում էին՝ վավերագրելու և փոխանցելու իրենց փորձը՝ այդպիսով իրենց հանրայնացնելով։ Դրանք հիմնականում քաղաքական գործիչներ և դատական համակարգի ներկայացուցիչներ էին, որոնց հետո ավելացան ռազմական առաջնորդներ և գործարարներ (Ուինսթոն Չերչիլ, Շառլ դը Գոլ, Եկատերինա II): Նրանց շարքում բացառություն է կազմում Հենրի Դեյվիդ Թորոն, որի 1854 թվականի հուշագրությունը՝ «Ուոլդեն կամ կյանքն անտառում», ներկայացնում է երկու տարիների նրա մենավոր կյանքի պատմությունը՝ հասարակութ-յունից հեռու՝ Ուոլդեն լճի ափին կառուցած խրճիթում։
20-րդ դարի հուշագրություններն ասես ժանրի առանձին ենթատեսակ դառնան՝ պատկերելով միայն Առաջին համաշխարհային պատերազմի տարիները։ Այս առումով հայտնի են Էռնստ Յունգերի («Պողպատե ամպրոպների մեջ») և Ֆրեդերիկ Մաննինգսի հուշագրությունները («Her Privates We» ): Նացիստական Գերմանիայի բանտարկությունների վավերագրությունն է Պրիմո Լևիի «Արդյոք սա մա՞րդ է» հուշագրությունը, որը նկարագրում է նրա՝ որպես Իտալիայի ընդդիմադիր շարժման ներկայացուցչի բանտարկությունը, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում անցկացրած տարիները։ Էլի Վիզելի «Գիշերը» պատմում է Օսվենցիմի, Մոնովիցի և Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում հեղինակի անցկացրած կյանքը։
Հիշատակելի է նաև Օսիպ Մանդելշտամի կնոջ՝ Նադեժդա Մանդելշտամի հուշագրությունը՝ «Իմ ամուսինը՝ Օսիպ Մանդելշտամը», որը հարուստ տեղեկություն է հաղորդում թե′ Մանդելշտամի ստեղծագործական կյանքի մասին, թե′ ստալինյան ժամանակաշրջանի վերաբերյալ՝ դառնալով աղբյուրագիտական կարևոր նյութ։
Հուշագրությունն այսօր
խմբագրելՎաղ 1990-ականներին հուշագրություններ գրվում էին մեծ հաջողությունների հասած հասարակ մարդկանց կողմից։ Շատ մարդիկ եկան այն գիտակցության, որ իրենց նախնիների և իրենց իսկ պատմությունը գուցե անհետ կորչի, և այն գրառելու անհրաժեշտություն զգացին։ Միևնույն ժամանակ հոգեբանական և այլ հետազություններ ցույց տվեցին, որ իրենց ծագումնաբանության իմացությունն օգնում է մարդկանց գտնել իրենց տեղն աշխարհում, իսկ կյանքի վերանայումը նպաստում է անցյալի հետ համերաշխության հաստատմանը[6]։ Այս առումով հիշատակելի է հատկապես Ֆեթհիյե Չեթինի և Այշե Գյուլ Ալթընայի «Թոռներ» գիրքը, որի շնորհիվ շատ թուրքեր իմացան իրենց հայկական ծագման մասին[7]։
21-րդ դարի առաջին տասնամյակին ոչ թանկ թվային գրքերի ի հայտ գալով[8] ժանրը կտրուկ զարգացում ապրեց։ Լայն տարածում գտան այն հուշագրությունները, որոնք նկարագրում էին որևէ ընտանիքի պատմություն (դա համարվում էր անձնական և ընտանեկան պարտավորվածություն), իսկ հուշագրությունը՝ որպես գրական ժանր և պատմական փաստաթուղթ, զիջեց իր դիրքերը[9]։
Նոր ժամանակների հուշագրության սկզբնավորման շրջանում Ամհերսթում (Մասաչուսեթս) ձևավորվեց Անձնական պատմաբանների ասոցիացիան (Association of Personal Historians - APH) որպես միջազգային միություն այնպիսի մասնագետների, ովքեր օգնում են անհատներին, ընտանիքներին և կազմակերպություններին իրենց կյանքի պատմությունը վավերագրելու հարցում՝ հատկապես նախընտրելի արխիվային ձևաչափով[10]։
Ժողովածուներ
խմբագրելԱկանատեսների կողմից նկարագրվող պատմության հանդեպ հետաքրքրության մեծ աճի հետ կապված՝ որոշ կազմակերպություններ[11] համագործակցում են հմուտ հուշագրողների հետ, ովքեր վերջնական տեսքի են բերում շարադրանքը, կազմում հուշագրությունների ժողովածուներ։ «Վետերանների պատմություն» նախագիծը, օրինակ, ամբողջացնում, կազմում է այն մարդկանց հուշագրությունները, ովքեր ծառայել են ԱՄՆ զինված ուժերում, հատկապես նրանցը, ովքեր կռվել են վճռական մարտերում և աչքի ընկել սխրագործություններով[12]։
Հուշագրությունը հայ գրականության մեջ
խմբագրելՀայ գրականության մեջ ևս շատ են գրվել հուշագրություններ։ Ժանրային առումով հուշագրությանը մոտ ստեղծագործություններ հայտնի են դեռևս 5-րդ դարի հայ գրականությունից (ժամանակագրություն, վարքագրություն և այլն)։ Հուշագրական են Կորյունի «Վարք Մաշտոցի», Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկերը։ Հայ հուշագրական գրականության դասական նմուշներ են Պերճ Պռոշյանի «Հուշիկներ», Ղազարոս Աղայանի «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքերը։ Նոր շրջանի հայ գրակականության մեջ հուշագրական բնույթ ունեն Վահրամ Փափազյանի «Հետադարձ հայացք» և «Սրտիս պարտքը» երկերը, Գարեգին Բեսի «Հուշանովելները», Նվարդ Թումանյանի հուշերը Հովհաննես Թումանյանի մասին և այլն։
Հուշագրության տարատեսակներ են ինքնակենսագրությունը (Ստեփան Զորյան, «Մի կյանքի պատմություն») և ճանապարհորդական նոթերը (Սիլվա Կապուտիկյան, «Քարավանները դեռ քայլում են»)։ Ինքնակենսագրական, հուշագրական բնույթի են Գուրգեն Մահարու «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին», անավարտ «Երիտասարդություն», «Ծաղկած փշալարեր», «Այրվող այգեստաններ» ստեղծագործությունները։ Շատ հուշագրություններ ունեն աղբյուրագիտական նշանակություն (Շիրվանզադե, «Կյանքի բովից»)։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «memoir noun - Definition, pictures, pronunciation and usage notes». www.oxfordlearnersdictionaries.com.
- ↑ «memoir». Merriam-Webster.com. Merriam-Webster. 2015 թ․ հուլիսի 5.
- ↑ «memoir». Oxford Dictionaries. Oxford University Press. 2015 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ (Ֆրանսերեն) Viennot, Éliane, Marguerite de Valois et l'écriture de l'histoire, 1574-1614 Արխիվացված 2020-09-19 Wayback Machine, Études Épistémè, 17, spring 2010.
- ↑ Saintsbury, George (1911). Saint-Simon, Louis de Rouvroy, Duc de, In Chisholm, Hugh. Encyclopædia Britannica, 24 (11th ed.). Cambridge University Press, pp. 47, 48.
- ↑ «rulibs.com : Документальная литература : Биографии и Мемуары : Психология в лицах : Сергей Степанов : читать онлайн : читать бесплатно». rulibs.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Ինքնությունը կորցրած հայերի պատմությունը` թոռների շուրթերով. «Ազգ»». haynews.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Henke, Harold (2001). Electronic Books and ePublishing: A Practical Guide for Authors. Springer Science & Business Media. ISBN 978-1852334352. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Balzer, Paula (2011). Writing & Selling Your Memoir: How to Craft Your Life Story So That Somebody Else Will Actually Want to Read It. Writer. ISBN 978-1599631356. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Wright, Chris (2002 թ․ հունվարի 17). «Ordinary people». The Phoenix. Phoenix Media/Communications Group.
- ↑ Time Magazine. «The Memoir Network». The Memoir Network.
- ↑ «Veterans History Project (Library of Congress)». loc.gov.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուշագրություն» հոդվածին։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 413)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 679)։ |