Ստեփան Պալասանյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեփան Հովհաննեսի Պալասանյան (դեկտեմբերի 5, 1837 - փետրվարի 19, 1889), արևելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիրն է, նշանավոր լեզվաբան, գրականագետ, պատմաբան, սոցիոլոգ և մանկավարժ։
Ստեփան Պալասանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1837 |
Ծննդավայր | Բոտոշանի, Ռումինիա |
Մահացել է | փետրվարի 19, 1889 (51 տարեկան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան, գրականագետ, պատմաբան, սոցիոլոգ և ուսուցիչ |
Ծնվել է Ռումինիայի Բոտոշան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է իր քաղաքի քահանա Պ. Հակոբյանի մոտ, 1852-1855 թթ.-ին սովորել է Փարիզի Մուրադյան վարժարանում, աշակերտել է Գաբրիել արք. Այվազովսկուն, Ա. Գալֆայանին, Ս. Թեոդորյանին, ապա ուսումը շարունակել է իր ուսուցիչների հիմնած Հայկազյան վարժարանում (Փարիզ), 1858 թ.-ին հրավիրվել է Թեոդոսիա և պաշտոնավարել է Խալիպյան դպրոցում: Այստեղ աշխատելիս առաջադիմական ոգով հոդվածներ է տպագրել «Մասեաց աղաւնի» պարբերականում, որի պատճառով էլ գժտվել է իր ուսուցիչ Գաբրիել արք. Այվազովսկու հետ և մեկնել է Նոր Նախիջևան: Այստեղ ընկերների հետ հիմնել են նոր դպրոց, որտեղ 3 տարի աշխատելուց հետոՙ 1863 թ.-ին, աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցումՙ դասավանդելով հայոց լեզու, հայոց ընդհանուր պատմություն, հայ գրականություն և ֆրանսերեն: 1869 թ.-ին Պալասանյանը մի խումբ ընկերների հետ Թիֆլիսում հիմնում է Գայանյան օրիորդաց դպրոցը. որպես լուսավորիչ-մանկավարժ նա շատ կարևոր տեղ էր տալիս աղջիկների կրթությանը: 1881 թ.-ից մինչև կյանքի վերջըՙ 1889 թվականը նա որպես մանկավարժ աշխատում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանումՙ դասավանդելով հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն, հայոց պատմություն և ֆրանսերեն: Մահացել է 1889 թ.-ի փետրվարի 19-ին Էջմիածնումՙ 52 տարեկան հասակում, թաղված է Ս. Գայանե տաճարի հյուսիս-արևելյան մասում:
Ստ. Պալասանյանի նորարարությունն առանձնապես դրսևորվել է լեզվաբանության ասպարեզում. նա առաջինն էր, որ հետևելով հայտնի լեզվաբան-հայագետ Արսեն Այտընյանի տեսությանը, հիմք դրեց արևելահայերենի աշխարհաբարի գիտական քերականությաննՙ առաջին անգամ համակարգված ներկայացրեց արևելահայերենի հնչյունական համակարգը, բառակազմությունն ու իմաստաբանությունը և քերականությունըՙ իր երկու բաժիններով (ձևաբանություն և շարահյուսություն)ՙ իրենց քերականական կարգերին բնորոշ առանձնահատկություններով: Ազգի լուսավորության ու գոյատևման հիմքը համարելով ազգային լեզուն, նա դեմ էր օտարաբանություններին, ինչպես և ծայրահեղ մաքրամոլությանը։
Լեզվի ձևաբանական մակարդակում նա քննում է աշխարհաբարի խոսքի մասերը, ըստ որում, այս տերմինը առաջինը Պալասանյանն է ներմուծել աշխարհաբարումՙ «մասունք բանի»ի փոխարեն: Նա մեր լեզվում ներմուծել է նաև ենթակա և ստորոգյալ տերմինները, իսկ նախադասություն տերմինը վերցրել է Այտընյանից:
Աշխարհաբարի ձևաբանական համակարգում Պալասանյանը քննում և ընդունում է 10 խոսքի մաս, 7 հոլով, 3 հոլովում և բայական 4 լծորդություն: Նա դերբայը դիտում է առանձին խոսքի մաս:
Շարահյուսական մակարդակում նա սահմանում է նախադասությունը, ապա բերում է դրա բոլոր տեսակները, որոնք այժմ ընդունված են հայերենի դասագրքերում, խոսում է նաև դերբայական դարձվածի մասին որպես բարդ նախադասության կրճատման արդյունք:
ԳրքերԽմբագրել
- «Գործնական քերականութիւն հայերէն լեզուի» (Թիֆլիս, Ա, Բ հատորներ, 1869 թ.), մենագրություն։
- «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց» (Թիֆլիս, 1870 թ.), մենագրություն։
- «Քերականութիւն մայրենի լեզուի հայոց» (Թիֆլիս, 1874 թ.), մենագրություն։
- «Պատմութիւն հայոց գրականութեան» (1865 թ.), դասագիրք։
- «Պատմութիւն հայոց», ունեցել է չորս հրատարակություն (1890, 1895, 1911, 1920 թթ.)։
- «Ֆրանսերէնի այբբենարան եւ սկզբնական ընթերցանութիւն» (Թիֆլիս, 1865 թ.), դասագիրք։