Խաչատուր Աբովյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբերի 15, 1809[1][2][3], Քանաքեռ[1][2] - ապրիլի 14, 1848[1][4][5], Երևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը։ Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։
Խաչատուր Աբովյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1809[1][2][3] |
Ծննդավայր | Քանաքեռ[1][2] |
Վախճանվել է | ապրիլի 14, 1848[1][4][5] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ուսուցիչ, բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, լուսավորիչ և ազգագրագետ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Երևանի խանություն և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (1822)[2], Ներսիսյան դպրոց (1826)[2] և Դորպատի կայսերական համալսարան (1836)[2] |
Ժանրեր | արձակ |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Վերք Հայաստանի[2][3] |
Աշխատավայր | Սանահինի վանական համալիր[2] և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Զավակներ | Վարդան Աբովյան |
Ազգականներ | Վիկտորիա Աբովյան |
Ներշնչվել է
| |
Խաչատուր Աբովյան Վիքիքաղվածքում | |
Խաչատուր Աբովյան Վիքիդարանում | |
Khachatur Abovian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԽաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականի հոկտեմբերի 15֊ին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։ Նախնիները հարկադրաբար գաղթել են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածից՝ Խութից[6]։
Աբովյանը մինչև տասը տարեկանն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1819 թվականին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն։ 1819-1822 թվականներին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1824 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։ Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ եղել է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ 1826 թվականի հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմն Աբովյանին խանգարել է իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ Երեք տարի Ներսիսյան դպրոցում հայտնի բանաստեղծ Հարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվականին, վերադառնում է հայրենիք։ Նույն թվականին նա անցնում է Էջմիածին։ Կես տարի (1827-1828 թվականների միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։
Արարատի նվաճում
խմբագրելԽաչատուր Աբովյանը Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։
1829 թ. Էջմիածին է գալիս Դորպատի (քաղաք Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսն Աբովյանին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս մասնակցել այդ գիտական արշավախմբին։ Արշավախումբն ստացել է Նիկոլայ I կայսեր հավանությունը, ով նաև զինվորական ուղեկցող էր տրամադրել։ Անցնելով Արաքսը՝ նրանք գնացին Ակոռի, որ տեղակայված է Արարատի հյուսիսային լանջին՝ ծովի մակարդակից 1200 մ բարձրության վրա։ Արշավախումբը, հետևելով Հարություն Ալամդարյանի խորհրդին, ճամբար է հիմնում Սուրբ Հակոբ վանքի մոտ (ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա)։ Հյուսիսային լանջով Արարատի գագաթը մագլցելու նրանց առաջին փորձը ձախողվեց տաք հագուստի բացակայության պատճառով։
6 օր անց, հետևելով Ակոռիի գյուղապետ Ստեփան Խոջիյանցի խորհրդին, արշավախումբը վերելքն սկսեց հյուսիսարևմտյան լանջով։ Հասնելով 4885 մ բարձրության` նրանք ստիպված էին վերադառնալ, քանզի մինչև մայրամուտը չէին հասցնի գագաթ բարձրանալ։ Արշավախումբն Արարատի գագաթը բարձրացավ երրորդ փորձից 1829 թ. սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9)-ին՝ 15: Աբովյանը սառույցի վրա փոս արեց ու տեղադրեց փայտե խաչ՝ ուղղված դեպի հյուսիս։ Նա նաև սառույցի կտոր դրեց շշի մեջ ու իջեցրեց որպես սուրբ ջուր։ Հետագայում Արարատի գագաթը բարձրանալը հայտարարվել է «սրբապղծություն», և Աբովյանը հալածվել է հոգևորականների կողմից։
Նույն տարվա նոյեմբերի 8-ին Աբովյանն ու Պարրոտը բարձրացան Փոքր Արարատի՝ Սիսի գագաթը։
Տարիներ անց՝ 1845 թվականին, Աբովյանը գերմանացի բնագետ Օտտո Վիլհելմ Հերման ֆոն Աբիխի հետ կրկին բարձրացավ Արարատի գագաթը։ Երրորդ և վերջին անգամ Աբովյանն Արարատի գագաթը բարձրացավ 1846 թվականին անգլիացի Հենրի Դանբի Սեյմուրի հետ։
Ուսումը Դորպատում
խմբագրելՊարրոտի աջակցությամբ Աբովյանը 1830-1835 թվականներին պետական թոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, հատուկ ծրագրով նախապատրաստվել ուսուցչական գործունեության։ Ուսումնասիրել է բնական և հասարակական գիտություններ, լեզուներ (գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն), եվրոպական գրականություն ու փիլիսոփայություն (Գյոթե, Շիլլեր, Հերդեր, Կանտ, Ռուսո և ուրիշներ), երաժշտություն, արհեստներ։ Սերտ կապեր է հաստատել եվրոպացի և ռուս մտավորականների հետ։ Ապրել է հոգևոր վերածնունդ։
1836-1848 թվականներ
խմբագրել1836 թ. վերադարձել է հայրենիք, նպատակադրվել լուսավորական գործունեություն ծավալել, սակայն հոգևորականությունն անվստահությամբ է վերաբերվել «այլադավանների» միջավայրում կրթված Աբովյանին։ Չհամակերպվելով ներազգային խնդիրներում էջմիածնի դիրքորոշմանը՝ Աբովյանը հրաժարվել է հոգևոր կոչումից։ 1837-1843 թթ. Թիֆլիսի գավառական դպրոցի տեսուչ էր։ Ժողովրդական դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով հիմնադրել է նաև մասնավոր դպրոց։
Ցարական պաշտոնեությունը, հայ հետադեմ մտավորականների գործակցությամբ, անվերջ խոչընդոտներ է հարուցել Աբովյանի լուսավորական գործունեության ճանապարհին։ Այդ ծանր պայմաններում Աբովյանը կարողացել է ստեղծել իր ամենանշանակալից երկերը՝ «Նախաշավիղ կրթության» (2 մաս, 1837-1840, հրտ. 1862), «Պարապ վախտի խաղալիք» (1838-1841, հրտ. 1864), «Հազարփեշեն» (1840), «Վերք Հայաստանի» (1841, հրտ. 1858) և այլն։
1843–1848 թվականներին աշխատել է Երևանի գավառական դպրոցներում։ Նա ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն։ Գրել է չափածո («Զգացմունք ցավալի սրտիս», «Գարուն», «Սեր առ հայրենիս») և արձակ («Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Առաջին սեր») գործեր, հեղինակ է նաև ուսումնասիրությունների, դպրոցական ձեռնարկների («Նախաշավիղ կրթության»)։ 1841 թվականին Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպով սկզբնավորվել է հայ նոր գրականությունը։
Մահվան առեղծված
խմբագրել1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90 000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ («Օրհնվի էն սհաթը...») առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորականի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ[7]։
1848թ. ապրիլի 2-ին, առավոտյան մի վաղ ժամի, Աբովյանը դուրս ելավ տնից ու այլևս չվերադարձավ։
Ա. Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848 թ. Եվրոպական հեղափոխություններին մասնակցելու։ Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։ Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։
Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորականի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։
1927 թ. Վիեննայի «Հանդես ամսօրյա»-ում տպված «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»։
Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Սբ. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը։ Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնառության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է Խաչատուր Աբովյանին։
Գրաքննադատական հայացքներ
խմբագրելԱբովյանի գրական հայացքներում առանձնահատուկ ընդգծում ունի ազգային գոյության տեսանկյունից ճակատագրական մի հարց, թե արդյոք հայերը գեղարվեստասեր են։ Եվրոպացիները զարմանում են, քանի որ ունենալով հարյուրամյակների պատմություն, մշակույթ՝ չունենք «Օրինավոր բանաստեղծություն»։ Իսկ Աբովյանը պատասխանում է, որ հայերի պատմությունը, մշակույթը, ավանդույթները, առօրյան առանձին պատմություններ են, որոնք կարող են բանաստեղծությանը վերին թռիչք տալ։
Աբովյանի ապրած դարաշրջանը հատկանշվում է պարսկական և թուրքական բռնապետական լծի դեմ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարով, Ռուսաստանի հովանավորության տակ անցնելու հույսերի իրականացմամբ և լուսավորական շարժմամբ, որի նպատակն էր փրկել հայրենիքը հոգևոր ստրկությունից և մտավոր խավարից։ Աբովյանը դարձել է այդ շարժման գաղափարական առաջնորդ։ Աբովյանը հայ և ռուս ժողովուրդների եղբայրական բարեկամության, հայերի ռուսական կողմնորոշման ջատագովն էր։
Գնահատելով ժողովրդական բանահյուսության դերը գրականության զարգացման գործում՝ Աբովյանը հավաքել ու մշակել է առակներ, առածներ, ավանդություններ, երգեր և սկզբնավորել հայ բանագիտությունը։ Աբովյանը թարգմանել է Հոմերոսի, Գյոթեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Ն. Կարամզինի որոշ գործեր։ Աբովյանը ճիշտ է ըմբռնել լեզվի, որպես ազգապահպանման կարևոր գործոնի, հասարակական դերն ու նշանակությունը։ Նա ծանոթ էր նույն շրջանում ձևավորվող պատմահամեմատական լեզվաբանությանը, որի դիրքերից էլ քննել է լեզվի ծագման, զարգացման ու փոփոխության հարցերը, ծավալել աշխարհաբարը ժամանակի պահանջներին համապատասխան մշակելու մեծ աշխատանք։
Աբովյանն զբաղվել է նաև քերականության հարցերով. «Նախաշավիղ»–ի երկրորդ մասում շարադրել է աշխարհաբարի քերականությունը, բաղդատել գրաբարի և աշխարհաբարի լեզվաքերականական իրողությունները, մատնանշել նրանց տարբերությունները։ Աբովյանը Տապպեի «Ռուս-գերմանական քերականության» օրինակով կազմել է «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց» (1838-1839) ձեռնարկը։ Ստեղծել է ոուս-հայերեն առաջին զուգադրական քերականությունը։
Աբովյանի ստեղծագործությունն արժեքավոր ներդրում է հայ նոր պատմագրության մեջ («Մեկ երկու խոսք Էլ հայոց վրա», «Ուղևորություն դեպի Անիի ավերակները»)։ Աբովյանը քննադատել է ժամանակի եվրոպական պատմագրությունը, այն որակել աշխարհակալ տերությունների պատմություն, որից վտարված են փոքր ժողովուրդներն ու աշխատավոր խավերը։ Նա կարծում էր, որ պատմական անցյալը պետք է դառնա ազատագրական պայքարի, արդիական հարցեր լուծելու ազդակ։ Աբովյանը ձաղկել է իր ժամանակի հոգևորականության ներկայացուցիչներին, թեև չի հանգել կրոնի և նրա սպասավորների ժխտման։ Նրա ըմբռնմամբ աշխարհն արարչագործության ծնունդ է, բնությունը՝ աստվածայինի դրսևորում, զարգացումն ու փոփոխությունները՝ ամենատեսի կամքի արտահայտությունը։ Աբովյանն ուսումնասիրել է հայերի ընտանեկան սովորույթներն ու կենցաղը («Գյուղական տների կառուցվածքը» (1835), «Ակնարկ Թիֆլիսում ապրող հայերի կյանքի ու հատկապես նրանց հարսանեկան սովորությունների մասին» (1840)) և սկզբնավորել հայ ազգագրությունը։ «Քրդեր» և «Եզդիներ» (1846) ակնարկներով հիմք է դրել քրդագիտությանը Հայաստանում։
Գրական ժառանգություն
խմբագրելԱբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն, թեև իր կենդանության օրոք նա տպագրել է միայն «Նախաշավիղ կրթության» դասագիրքը, իսկ նրա ձեռագրերը երկար ժամանակ անհայտ են մնացել լայն ընթերցարանի համար։ 1858 թ. լույս է տեսնում նրա «Վերք Հայաստանի» պատմավեպը, իսկ խորհրդային տարիներին Գիտությունների Ազգային Ակադեմիան 1948-1961 թթ. կազմեց Աբովյանի երկերի՝ 10 հատորից բաղկացած ժողովածուն։ Աբովյանի «Վերք Հայաստանի» (տարբեր բեմավորումներով՝ «Ասլան բալասի», «Աղասի» և այլն), «Ֆեոդորա կամ Որդիական սեր», «Խաղարկություն մանկանց» և այլ գործեր բեմադրվել են, իսկ նրա հեքիաթների մոտիվներով նկարահանվել է «Որսորդները» հայկական մուլտֆիլմը (1977 թվական)։
Աբովյանի առաջին բանաստեղծությունները, որոնք գրված են գրաբարով, արտացոլել են նրա ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց» (1824), «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց» (1824) և այլն)։ Պարսկական բռնակալության մղձավանջն ապրած բանաստեղծը երազել է հայրենիքի անցած փառքը և կորցրած պետականությունը վերականգնելու մասին։ 20-ական թթ. վերջերին Աբովյանը գրել է սիրո և կարոտի տաղեր, որոնք ուշ միջնադարի հայ տաղերգուների (Պաղտասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Սիմեոն Երևանցի, Ահարոն Վարդապետ) և ժողովրդական գուսանների ստեղծագործական փորձի յուրատեսակ համադրություն էին։
Դորպատյան տարիներին մտորել է գեղարվեստական գրականությունը համապատասխանեցնել նոր ժամանակի պահանջներին, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնել գրականության լեզու։ «Սուգ հարազատ և ծնողասեր որդվո» (1835), «Տաղ հրաժարական» (1836) և այլ բանաստեղծություններ այդ ձգտումն իրականացնելու առաջին փորձերն էին։ Աբովյանը հայ քնարերգությունը լիցքավորել է հասարակական-քաղաքական բարձր գաղափարներով, խոհականությամբ և դրամատիզմով։ Նրան տանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի ու աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալից սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Երեկոյ», «Առ էմ. Կ.», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831-1835 թթ.)։ Ետդորպատյան տարիների ստեղծագործությունները սերտորեն առնչվում են Աբովյանի լուսավորական նպատակներին։ Առակների միջոցով նա ջանացել է բարոյապես ազնվացնել մարդկանց («Պարապ վախտի խաղալիք»)։ «Հազարփեշեն» պոեմում ծաղրել է ցարական պաշտոնեությանը, ձգտել ժողովուրդների փոխադարձ ճանաչման։
Հետագա ստեղծագործություններում Աբովյանը երազել է բանական հասարակության մասին, որը նրա համոզմամբ պետք է ազատ լինի կրոնական կաշկանդումներից, մարդիկ պետք է թեթևացնեն միմյանց հոգսն ու ցավը, ճանաչեն միայն սիրո, եղբայրության ու բարեկամության կրոնը («Թուրքի աղջիկը»)։
«Վերք Հայաստանի» պատմավեպ
խմբագրելԱբովյանի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ։ Վեպում նկարագրված դեպքերն ու դեմքերը պատմական են։ Աբովյանը հայրենիքի վերածնության հույսը կապել է ազգային համախմբման, պայքարի, կրթության և լուսավորության տարածման հետ։
Վեպը նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով։ Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով հեղինակը ցույց է տվել «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխար, երկրում ի՞նչ պետք է անենք...», մատնանշել նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը։ «Վերքը» հայ առաջին վեպն է, հայկական ռոմանտիզմի իրական սկիզբը։ Վեպում պատկերված են հայ ժողովրդի վիճակը Պարսկաստանի և Թուրքիայի տիրապետության տակ, հայության ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Աբովյանն առաջինն է բացահայտել հայ նոր գրականության հերոսին՝ շինական հային։ Ցույց է տվել հայ ժողովրդի պատմական ճակատագրի ողբերգականությունը՝ ապաքինվելու միջոցը համարելով լուսավորությունը։ Աբովյանի հիմնական նպատակն էր ժողովրդին հասցնել ինքնաճանաչման, օգնել համազգային ուժերի համախմբմանը և Ռուսաստանի հովանավորության ներքո վերստեղծել հայկական պետականությունը։ Վեպի գլխավոր հերոսը՝ Աղասին, իդեալական կերպար է, ամենաժողովրդականը XIX դ. հայ իրականության մեջ։ «Վերքը» հարուստ է ժողովրդական կենդանի խոսքով, հայոց բնաշխարհի գունեղ պատկերներով։
Վեպի ‹‹Հառաջաբան››-ը մեր նոր գրականության զարգացման ծրագիրն է, ուր շարադրված են այն հիմնական սկզբունքները, որոնք հեղափոխիչ նշանակություն պիտի ունենային արդեն սկսված գրական վերածննդի համար։ Ազգային գրականության արտացոլման ոլորտը պիտի ընդգրկի ժողովուրդի պատմությունն ու ներկան, նրա կյանքը ամբողջության մեջ, նրա հոգսերն ու ներկան։ Երրորդ սկզբունքային խնդիրը կապված էր հերոսի ընտրության հետ։ Այդ ժամանակ տիրապետող գրական ուղղությունը՝ կլասիցիզմը, ոչ միայն գրականության դռներն էր փակում աշխարհաբարի առջև, այլև սահմանափակում էր հերոսի ընտրության հնարավորությունը։
Պարապ վախտի խաղալիք
խմբագրելՊարապ վախտի խաղալիք, առակների ու զրույցների հավաքածու է, որ գրվել է 1838-1841 թթ., տպագրվել է 1864 թ.: Ժողովածուի առաջաբանում Աբովյանը, բարձր գնահատելով գրաբարը, առաջ է քաշել աշխարհաբարով ստեղծագործելու անհրաժեշտության հարցը։ Ժողովածուն ընդգրկում է տարբեր առակներ, որոնց միջոցով հեղինակը բարոյական խրատներ է տալիս ընթերցողին («Էս գրքի ճամփի խրատը», «Հացակեր փոշը», «Լոռըցիք», «Երկաթակեր մուկը», «Ծառերն ու կացինը» և այլն)։
Աբովյանի մանկավարժական հայացքներ
խմբագրելԱբովյանի մանկավարժական ըմբռնումները ձևավորվել են նախորդ դարերի մեծ մտածողների ու լուսավորականների (Ռուսո, Պեստալոցցի, Ֆրանկե) հայացքների հետնությամբ։ Ըստ Աբովյանի՝ ուսուցումը պետք է համապատասխանի մանկան հոգեկան կարողություններին և ժամանակի պահանջներին, տարվի ոչ թե սխոլաստիկ օրենքներով ու մեռած լեզվով, այլ՝ կենդանի խոսքով, զննական միջոցներով։ Աղջիկները պետք է կրթվեն տղաներին հավասար։ Աբովյանն սկզբում նպատակադրվել էր Հայաստանում ստեղծել գիտական միաբանություն՝ դպրոցով ու տպարանով, գավառներից հավաքել մանուկների, կրթել ու դաստիարակել նրանց և ապա ուսուցիչ-քահանայի պաշտոնով ուղարկել գյուղերն ու քաղաքները։ 1834 թ. Աբովյանը ծրագրել էր հիմնել երեք կարգի դպրոց՝ քահանայացուների, աղքատ ու որբ երեխաների և ունևոր դասի ու վաճառականների գավակների համար։ Երկրորդ կարգի դպրոցի սաները, հանրակրթական առարկաներին զուգընթաց ուսանելով արհեստներ, գյուղատնտեսություն և վերադառնալով ծննդավայր, նպաստելու էին տեղի տնտեսական կյանքի զարգացմանը։ Բոլոր դպրոցների ընդունակ շրջանավարտներն ուղարկվելու էին Եվրոպայի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ։ 1836 թ. Աբովյանն առաջ է քաշել Հայաստանում մանկավարժական ինստիտուտ և ժողովրդական դպրոցներ բացելու հարցը։ Ավելի ուշ նա համոզվեց, որ անհրաժեշտ է հոգևորականությանը մեկուսացնել երեխաների դաստիարակությունից։ Աբովյանի ծրագրած դպրոցներում հավասարապես պիտի ընդունվեին հարևան ժողովուրդների երեխաները, որպեսզի լուսավորություն տարածեին իրենց ազգերի մեջ ևս։ Իր մանկավարժական գործունեությամբ, դասագրքերով («Նախաշավիղ կրթության», «Նոր տեսական և գործնական քերականութիւն ռուսաց վասն հայոց», «Ամերիկա լիս քցիլը»), հոդվածներով ու գրություններով Աբովյանն առաջ է քաշել համընդհանուր գրագիտության խնդիրը, որ իրագործվելու էր ժողովրդական դպրոցների միջոցով։ Նա առաջարկել է ուսուցումը կապել երեխաների առօրյա աշխատանքային գործունեության հետ, դպրոցներին կից ստեղծել արհեստանոցներ ու փորձադաշտեր, պարբերաբար կազմակերպել բնարշավներ։ Երեխաների գեղագիտական դաստիարակությունը, գեղեցիկ արվեստները, հատկապես երաժշտությունն ու նկարչությունը համարել է անհատի հոգևոր վերափոխման կարևորագույն միջոց՝ պարտադիր բոլորի համար։
Աբովյանի մանկավարժական գլխավոր երկը «Նախաշավիղ կրթության»–ն է՝ մեր իրականության մեջ հնչական եղանակով կազմված առաջին դասագիրքը, որում մարմնավորվել են մեծ մտածողի մանկավարժական հայացքներն ու սկզբունքները։ Աբովյանի հիմնական հոգսը հայրենիքի համար կրթված ու պիտանի քաղաքացիներ դաստիարակելն Էր։ Չհաշված առանձին հոդվածներ, «Նախաշավիղ կրթության»–ը գրողի կենդանության օրոք տպագրված միակ երկն է։ Սակայն ցարական պաշտոնեությունը և հայ հետադիմականները խափանել են գրքի գործածությունը։
Աբովյանագիտություն
խմբագրելՀայ գրականության և հասարակական մտքի պատմության վրա Աբովյանի ստեղծագործությունը խոր հետք է թողել։ Նրա մատնանշած ուղիով են ընթացել Պերճ Պռոշյանը, Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը՝ զարգացնելով նրա գրականության ավանդները և նոր գրականության լեզուն։
Աբովյանի կյանքն ու ստեղծագործությունը ուսումնասիրել են Միքայել Նալբանդյանը, Հովհաննես Թումանյանը, Ե. Շահազիզը, Արսեն Տերտերյանը և ուրիշներ։ Հետագայում առանձին ուսումնասիրությունները վերաճել են հայ գրականագիտության ինքնուրույն ճյուղի՝ աբովյանագիտության։ Աբովյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն։
Աբովյանի անվամբ են կոչվում շրջան, քաղաք, գյուղ, երկաթուղային կայարան Հայաստանում, Երևանի հայկական մանկավարժական ինստիտուտը և այլ հաստատություններ, պուրակներ, փողոցներ և այլն։ Աբովյանի հուշարձանները կանգնեցված են Երևանում, Քանաքեռում, որտեղ և գտնվում է Աբովյանի տուն-թանգարանը։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Ֆէօդօրայ կամ որդեական սէրը, Տփղիս, 1841, 137 էջ։
- Վէրք Հայաստանի, Տփղիս, 1858, 276 էջ։
- Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից, Տփղիս, 1862, 104 էջ։
- Պարապ վախտի խաղալիք, Տփղիս, 1864, 138 էջ։
- Երկերը, Մոսկուա, 1897, 536 էջ։
- Վէրք Հայաստանի, Մոսկուա, 1897։
- Վէրք Հայաստանի, Տփղիս, 1908, 304 էջ։
- Ողբ հայրենասիրի, Կ. Պոլիս, 1931, 316 էջ։
- Պարապ վախտի խաղալիք, Մոսկուա, 1932, 344 էջ։
- Վերք Հայաստանի, Յերևան, 1939, 218 էջ։
- Ընտիր յերկեր, հատ. 1, Յերևան, 1939, 344 էջ։
- Նախաշավիղ կրթութեան ի պետս նորավարժից, Յերևան, 1940, 172 էջ։
- Դիվան Խաչատուր Աբովյանի, հատ. 1, Երևան, 1940, 368 էջ։
- Առակներ, Երևան, 1941, 60 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 1941, 76 էջ։
- Ընթերցարան, Երևան, 1941, 124 էջ։
- Մանկական բանաստեղծություններ։ Առակներ, Երևան, 1941, 52 էջ։
- Գրական-բանասիրական հետախուզումներ, գիրք 1, Երևան, 1946, 448 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 4. Արձակ էջեր, Դրամա, Թարգմանություններ, Երևան, 1947, 386 էջ։
- Գրական-բանասիրական հետախուզումներ, գիրք 2, Երևան, 1948, 284 էջ։
- Գրական-բանասիրական հետախուզումներ, գիրք 3, Երևան, 1948, 336 էջ։
- Դիվան Խաչատուր Աբովյանի, հատ. 2, Երևան, 1948, 284 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 1. Բանաստեղծություններ, Թարգմանություններ, Սևագիր և անավարտ բանաստեղծություններ, Վարիանտներ, Երևան, 1948, 416 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 2. Աղասու խաղը, Պարապ վախտի խաղալիք, Այլ առակներ, Ագնես, Ազնվամտություն և շնորհակալություն, Ադելայիդայ ֆոն Վուլֆինգենան, Երևան, 1948, 372 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 3. Վերք Հայաստանի, Երևան, 1948, 400 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 1948, 176 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 5. Մանկավարժական երկեր, Երևան, 1950, 512 էջ։
- Վէրք Հայաստանի, Պէյրութ, 1954, 352 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 6. Դորպատյան օրագրեր (1830–1835 թթ.), Երևան, 1955, 340 էջ։
- Պարապ վախտի խաղալիք։ Պարապ մարդու տանու միտք, Երևան, 1955, 176 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 1955, 300 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 7. Ուղեգրություններ, Թարգմանություններ, Երևան, 1956, 524 էջ։
- Վերք Հայաստանի (գրական կոմպոզիցիա), Երևան, 1957, 92 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 8. Հոդվածներ և ուսումնասիրություններ, Երևան, 1958, 472 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 1958։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 9. Նոր տեսական և գործնական քերականություն ռուսաց վասն հայոց, Երևան, 1959, 352 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 1959, 224 էջ։
- Երկերի լիակատար ժողովածու, հատ. 10. Հոդվածներ, Երևան, 1961, 456 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 1975, 152 էջ։
- Վերք Հայաստանի (գրական կոմպոզիցիա), Երևան, 1978, 64 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 1981, 382 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 1984, 284 էջ։
- Երկեր. Վերք Հայաստանի, Առաջին սերը, Թուրքի աղչիկը, Պարապ վախտի խաղալիք, Զվարճալի ու կարճ պատմությունք, Կարճառոտ պատմությունք, Բանաստեղծություններ, Հոդվածներ, Ուսումնասիրություններ, Մանկավարժական երկեր, Ուղևորություն դեպի Անիի ավերակները, Երևան, 1984, 720 էջ։
- Վէրք Հայաստանի, Երևան, 2004, 424 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 2009, 316 էջ։
- Վէրք Հայաստանի, Պէյրութ, 2011, 464 էջ։
- Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2013, 248 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 2014, 284 էջ։
- Վէրք Հայաստանի, Երևան, 2014, 712 էջ։
- Վերք Հայաստանի, Երևան, 2016, 400 էջ։
Թարգմանություններ
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Կռիլով Իվան։ Առակներ։ Հատընտիր.- Երևան։ Հայպետհրատ, 1944.- 125, 3 չհ. էջ։
Գեղարվեստական երկեր Աբովյանի մասին
խմբագրել- Եղիշե Չարենց, Դեպի լյառը Մասիս...
- Ակսել Բակունց, Խաչատուր Աբովյան (անավարտ վեպ)
Գրականություն
խմբագրել- Ն. Տեր-Կարապետյան, Խաչատուր Աբովյան, Թիֆլիս, 1897:
- Թադևոս Ավդալբեգյան, Խաչատուր Աբովյան, Վաղարշապատ, 1910:
- Ակսել Բակունց, Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Երևան, 1932:
- Ա. Հովհաննիսյան, Աբովյան, Երևան, 1933:
- Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1939, 96 էջ։
- Ռուբեն Զարյան, Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Ե., Հայպետհրատ, 1939, 100 էջ։
- Ռուբեն Զարյան, Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Ե., Հայպետհրատ, 1940, 128 էջ։
- Հրայր Մուրադյան, Աբովյանը և Ռուսաստանը, Երևան, Երևանի մանկավարժական ինստիտուտի հրատարակություն, 1940:
- Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին, Ե., 1941:
- Արսեն Տերտերյան, Աբովյանի ստեղծագործությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1941, 389 էջ։
- Հրայր Մուրադյան, Ժամանակակիցները Խաչատուր Աբովյանի մասին, Երևան, Հապետհրատ, 1941, 128 էջ։
- Ա. Ղանալանյան, Աբովյանը և ժողովրդական բանահյուսությունը, Երևան, 1941:
- Երվանդ Շահազիզ, Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Երևան, 1945:
- Հրայր Մուրադյան, Հավերժության ուղևորը (Խաչատուր Աբովյան, դրամա), Երևան, 1947, 178 էջ։
- Տ. Ղանալանյան, Խաչատուր Աբովյան, Երևան, 1948:
- Վաչե Պարտիզունի, Խաչատուր Աբովյան, Երևան, 1952:
- Մուշեղ Սանթրոսյան, Հայ մեծ լուսավորական-մանկավարժ Խ. Աբովյանը, Երևան, 1953:
- Ռուբեն Զարյան, Աբովյանի կյանքը (համառոտ ակնարկ), Ե., Հայպետհրատ, 1954, 136 էջ։
- Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, «Գիտելիք», 1955, 44 էջ։
- Պիոն Հակոբյան, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը, Երևան, 1955:
- Ալեքսանդր Մարգարյան, Խ. Աբովյանը գրապայքարի հիմնադիր, Ե., Երևանի համալս. հրատ., 1956, 124 էջ։
- Ալեքսանդր Մարգարյան, Խ. Աբովյանի լեզվագիտական հայացքները, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1956, 80 էջ։
- Ա. Մարգարյան, Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը, Երևան, 1958:
- Հրայր Մուրադյան, Խաչատուր Աբովյան, Երևան, Հայպետհրատ, 1963, 183 էջ։
- Սահակ Բազյան, Աբովյանի գրական ժառանգությունը» մենագրություն, Ե., «Միտք», 1966, 674 էջ։
- Սերգեյ Սարինյան, Հայկական ռոմանտիզմ, Երևան, 1966, 556 էջ։
- Պիոն Հակոբյան, Խաչատուր Աբովյան, կյանքը, գործը, ժամանակը (1809-1836), Երևան, 1967:
- Նշան Մուրադյան, Աբովյանի պոետիկան, Ե., «Սովետական գրող», 1979, 396 էջ։
- Կ. Ա. Սիմոնեան, Վարք Խաչատուր Աբովեանի, Ե., «Ազատ խոսք», 2002, 122 էջ։
- Г. Абов, Хачатур Абовян, 1948:
- М. А. Сантросян, Хачатур Абовян - выдающийся армянский педагог, Москва, Учпедгиз, 1957, 160 с.
- F. Parrot, Reise zum Ararat, B., 1834:
- M. Wagner, Reise nach dem Ararat Hochland Armenien, Stutgart and Tebingem, 1848:
- F. Bodenstend, Tausend und ein Tag im Orient, B. 1-2, B., 1850:
- A. Haxthausen, Transcaucasia, B. 1, Lpr., 1856:
- H. Abich, Aus kaukasischen ländern, B. 1-2, Wjen, 1896:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 7. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ «Краткая история армянского Карвачара» հոդված ИА Реалист միջազգային տեղեկատվական գործակալության կայքում հրապարակված 10․06․2021թ․-ին, (արխիվացված 12․12․2021թ․)։(ռուս.)
- ↑ Օ. Մելքոնյան, «Ուշագրավ վկայություն Խաչատուր Աբովյանի առեղծվածային անհայտացման մասին», «Կրթություն» թերթ, 7(116), 2003։ (Օ. Մելքոնյանը Խ. Աբովյանի տուն-թանգարանի գիտաշխատող է)։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Աբովյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Աբովյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Աբովյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 32)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |