Մխիթարյան միաբանություն

Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1717 թվականին սեպտեմբերի 8-ին, Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի և նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «ազգը չզոհել կրոնին և կրոնը՝ ազգությանը»։

Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանը arm.mechitaristlibrary.org

Պատմություն

խմբագրել
 
Մխիթար Սեբաստացու արձանը Մխիթարյան միաբանության մուտքի մոտ
 
Մխիթար Սեբաստացին

Յուրաքանչյուր մեծ գործի գլիխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը։ Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր։ Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը։

 
Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքի շենքը

Հիմնադրում

խմբագրել
 
Մխիթարյանների եկեղեցու ներքին հարդարանքը (Սուրբ Ղազար Կղզի)

Մխիթար Աբբահայրը՝ Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին՝ Սեբաստիա քաղաքում, երբ Հայաստանի մեծ մասը և ժողովուրդը դժվարին օրեր էր ապրում։ Ուսումը ստացել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում։ 1690-ականներին նցնում է Էջմիածնի, ապա Սևանի և Կարինի Հնձուց վանքերը։ 1693 թվականին ուսման նպատակով Մխիթարը մեկնում է Հալեպ, իսկ 1696 թվականի մայիսի 17-ին օծվում որպես քահանա։ Մխիթարն իր շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշում հիմնել միաբանություն։ Մխիթարը Կ. Պոլսի վարդապետ Խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն Խաչատուրը մերժում է այդ առաջարկը։ Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների կրթության գործով։ 1699 թվականին Կարմիր վանքում Մխիթարին շնորհվում է վարդապետի աստիճան։ Շուտով Մխիթարն ընդունում է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները։

1701 թվականի սեպտեմեբրի 8-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջ համախմբված երիտասարդները Կ. Պոլսում հիմնում են Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը։ Շուտով Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների միջև հարաբերությունները լարվում են՝ հասնելով արյունալի բախումների։ Կ. Պոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը՝ ձերբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին՝ Մխիթարին, Խաչատուր Առաքելյանին, Պետրոս Մսխեթցուն և Սարգիս Եվդոկացուն։ Մխիթարը փախուստի է դիմում։ Նրա պաշտպանություն է գտնում հիսուսյան հայրերի մոտ, ապա՝ Բերայի Կապուչին հայրերի միաբանությունում։ Մխիթարն ու մյուս միաբանները որոշում են տեղափոխվել Մորեա թերակղզի, որ գտնվում էր Վենետիկի իշխանության տակ՝ օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով։ Այս առիթով ծնվեց «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանը, որի սկզբնատառերը հայտնվեցին Միաբանության զինանշանի վրա։ Հիմնադրման ժամանակ միաբանությունում կար 12 վանական, որոնցից 4-ը՝ վարդապետ։ Հետապնդումների հետևանքնով Մխիթարն իր աշակերտներով գաղտնի մեկնում է Հունաստանի Մորեայի (Պելոպոնես) շրջանի Մեթոն բերդաքաղաք։

 

1705 թվականին Միաբանությունում գումարվում է ժողով, որի ընթացքում մշակվում է Միաբանության Կանոնադրության նախագիծը։ Այն հիմնված էր Բենեդիկտյան միաբանության հայրերի կանոնադրության վրա և քաղված էր սուրբ Անտոն Աբբայի վարքի կանոններից, նաև այլ հոգևոր հայրերի խրատներից, վկայագրերից և տեղական իշխանների հանձանարականներից։ Ժողովից հետո Մխիթարն իր աշակերտներին՝ հայր Եղիային և հայր Հովհաննեսին է հանձնում Հռոմի Պապ Կղեմես XI-ին ու Հավատքի տարածման կուսակալ կարդինալ Ֆաբրիոնիին ուղղված նամակները, մշակված կանոնադրության նախագիծը և ուղարկում նրանց Պապի մոտ։ 1705 թվականի սեպտեմբերի սկզբներին աշակերտները հասնում են Հռոմ, ուր արժանանում են Հավատքի տարածման կուսակալ, կարդինալ Ջուզեպպե Սակրիպանտեի, այնուհետև Պապի ընդունելությանը։ Վերջինս կրոնական Հավատասփյուռ ժողովին է ներկայացնում Մխիթարի «Հայ կաթողիկե վանականների հիմնադրած Սուրբ Անտոն աբբայի Միաբանությունը» հաստատելու մասին խնդրագիրը։ Սուրբ Անտոնի կանոնները լիարժեք չէին, այդուհանդերձ կրոնական Հավատասփյուռ ժողովը Մխիթարին առաջարկում է ընտրել ս. Բարսեղի, ս. Օգոստինոսի կամ ս. Բենեդիկտոսի կանոններից մեկը։ Մխիթարն ընտրում է ս. Բենեդիկտոսի կանոնները և 1711 թվականի մայիսի 12-ին իր կանոնադրությունը ներկայացնում է Հռոմի Պապի հաստատմանը։ 1717 թվականին Կղեմես XI Պապը հաստատում է միաբանության կանոնադրությունը և Մխիթարին շնորհում աբբահոր տիտղոսը։

Եկեղեցու և վանքի շինարարություն

խմբագրել

1706 թվականին Մխիթարը Վենետիկի կառավարության օգնությամբ Մեթոնում սկսում է եկեղեցու շինարարությունը։

 
Միաբանության բակը (Սբ. Ղազար կղզի)

1714 թվականի դեկտեմբերի 3-ին թուրքերը պատերազմ են հայտարարում վենետիկցիներին։ Պատերազմի վտանգը ստիպում է Մխիթարին և միաբանների մեծ մասին լքել Մեթոնը և տեղափոխվել Վենետիկ, որն էլ ծառայում է միաբանությանը որպես մշտական հանգրվան։ Մխիթարյան միաբանները իրենց ծրագրերն իրականացնելու համար առանձին մենաստանի ու վանատան կարիք ունեին։ Միևնույն ժամանակ նրանց համար ժամանակը խիստ աննպաստ էր. Սենատը նոր օրենք էր ընդունել, որով արգելվում էր քաղաքում որևէ նոր կրոնական միաբանության կառուցել։ Այնուամենայնիվ, Սենատի նկատի է առնվում Մխիթարի խնդրանքը և քննում այն։ Սենատը Աբբահորն առաջարկում է քաղաքից դուրս միաբանության համար մի վայր ընտրել։ Մխիթարն ընտրում է Սուրբ Ղազար կղզին, որը պատկանում էր Մենդիկանտի միաբանությանը։ 1716 թվականի ամռանը նա այցելում է կղզի։ Հայ առաքելական եկեղեցու Կ. Պոլսի պատրիարքարանի հոգևորականները փորձում են ամբաստանել և խոչընդոտել նրա գործունեությունը, սակայն 1717 թվականի օգոստոսի 26-ին Սենատը, այնուամենայնիվ, Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհում է Սուրբ Ղազար կղզին, ուր Մխիթարն ու իր միաբանները հաստատվում են սեպտեմբերի 8-ին՝ Միաբանության հիմնադրման տարեդարձի օրը։

1723 թվականին ավարտվում են եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 1724 թվականին Մխիթարը սկսում է իրագործել նոր վանքի շինարարության իր նախագիծը և ավարտին է հասցնում այն 1740 թվականին՝ գրադարանով և սեղանատնով։ 1749 թվականի ապրիլի 27-ին Մխիթարը մահացավ և թաղվեց Սուրբ Ղազար կղզու ավագ խորանի առջև։ Նրա գերեզմանը դարձավ ուխտատեղի։ 1990-ականների սկզբին Վիեննայի Մխիթարյանների միաբանությունը վարձակալության հիմունքով Հայաստանի Հանրապետության դեսպանությանը տրամադրում է մասնաշենք և դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունում ստանում մի հողակտոր և շինություն՝ Ավան համայնքում վարժարան հիմնելու նպատակով։ Այսպիսով, 1994 թվականին Երևանում բացվում է Մխիթարյանների կենտրոնը, ուր գործում է ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան։

2000 թվականին տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո՝ 2000 թվականի հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։

2000 թվականին Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։

2002-2004 թվականներին Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։

Մխիթարեան Վարժարաններ

խմբագրել

Մինչև Մխիթարեան միաբանութեան հիմնադրումը Մխիթար Սեբաստացին դպրոցներ է բացել տարբեր հայաբնակ քաղաքներում։ Աշխարհի տարբեր մասերում 1736 թվականից մինչ մեր օրերը գործել է շուրջ 100 Մխիթարեան վարժարան։

  1. Պաշպալով, Թրանսիլվանեայ՝ 1721-1820 (99 տարի)
  2. Եղիսաբեթուպոլիս, Հունգարիա՝ 1746-1820 (74 տարի)
  3. Վարատին, Հունգարիա՝ 1749-1820 (71 տարի)
  4. Սեփվիզ Ֆրումոասա, Հունգարիա՝ 1797-1815 (18 տարի)
  5. Պոլիս, Թուրքիա՝ 1803-ից ցայսօր՝ 2 վարժարան
  6. Բերա, Թուրքիա՝ 1808-1870 (62 տարի)
  7. Ղալաթիա, Թուրքիա՝ 1808-1915 (107 տարի)
  8. Տրապիզոն, Թուրքիա՝ 1817-1915 (98 տարի)
  9. Խարասու Բազար, Ղրիմ՝ 1821-1918 (97 տարի)
  10. Պարտիզակ, ՝ 1883-1915 (33 տարի)
  11. Նիկոմիդեայ, ՝ 1887-1915 (28 տարի)
  12. Իսթանպուլ, Թուրքիա՝ 1825-...
  13. Քեաֆթարլու, Կովկաս՝ 1830-1884 (54 տարի)
  14. Իզմիր-Զմիւռնիա, Թուրքիա՝ 1842-1922 (80 տարի)
  15. Ախալցխա, Կովկաս՝ 1831-1844 (13 տարի)
  16. Քոթահիա, Թուրքիա՝ 1912-1915 (3 տարի)
  17. Պադովա, Իտալիա՝ 1834-1846 (12 տարի)
  18. Վենետիկ, Իտալիա՝ 1836-1997 (161 տարի)
  19. Փարիզ, Ֆրանսիա՝ 1846-1870 և 1928-ից ցայսօր
  20. Սիմֆերոպոլ, Ղրիմ՝ 1850-1918 (68 տարի)
  21. Մուշ, Թուրքիա՝ 1852-1913 (61 տարի)
  22. Այտըն, Թուրքիա՝ 1852-1919 (67 տարի)
  23. Քաղկեդոն, Թուրքիա՝ 1870-1915 (45 տարի)
  24. Էրզուրում- Կարին Թուրքիա՝ 1870-1915 (45 տարի)
  25. Սաւուրա, Պարսկաստան՝ 1885-1900 (15 տարի)
  26. Նիկոմեդիա, Թուրքիա՝ 1887-1915 (28 տարի)
  27. Խարբերդ, Թուրքիա՝ 1912-1915 (3 տարի)
  28. Մալաթիա, Թուրքիա՝ 1912-1915 (3 տարի)
  29. Մերդին, Թուրքիա՝ 1912-1918 (5 տարի)
  30. Միլան, Իտալիա 1918-1933 (15 տարի)
  31. Երուսաղեմ, Պաղեստին՝ 1931-1934 (3 տարի)
  32. Ալեքսանդրիա, Եգիպտոս՝ 1936-1964 (28 տարի)
  33. Հալէպ, Սիրիա՝ 1936 թվականից ցայսօր
     
    Հալէպի Մխիթարեան վարժարանը 2012 թ.
  34. Պէյրութ, Լիբանան 1936-ից մինչ այսօր՝ 2 վարժարան

Պէյրութ ապա Հազմիէ-ի վարժարան 1936-2018 (82 տարի) Նորակարոյց արդիական Ռաուտայի Մխիթարեան վարժարան 21 Մայիս 2018։ Mekhitarist School ֊ Rawda / Մխիթարեան Վարժարան - Ռաուտա

Բուենոս Այրես, Արգենտինա՝ 1956-ից ցայսօր

Ներկայումս գործում են Մխիթարյանների Բուենոս Այրեսի, Հալեպի, Բեյրութի, Ստամբուլի, Փարիզի և Լոս Անջելեսի վարժարանները։

Ժառանգավորաց դպրոցներից ներկայումս գործում են երկուսը՝ Լիբանանի և Հայաստանի ժառանգավորաց դպրոցները, որոնց վերապահված է միաբանությունը նոր վարդապետ-միաբաններով համալրելու առաքելությունը։

Մխիթարյան միաբանության վարժարաններում են ուսանել և աշխատել Միքայել Չամչյանը, Ղևոնդ Ալիշանը, Ծերենցը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Դանիել Վարուժանը, Արփիար Արփիարյանը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, ինչպես նաև Ջորջ Բայրոնը, Վալտեր Սկոտը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ստենդալը, Հայնրիխ Պետերմանը և այլք։

Աբբահայրեր

խմբագրել

1921 թ. Կյուրեղյանի մահից հետո միաբանությունը մտնում է անցումային նոր շրջան՝ Հայր Հովհաննես վարդապետ Թորոսյանի ղեկավարությամբ, իսկ աբբահոր պաշտոնը մնում է թափուր։ 1928 թ. ընդունվում է միաբանության՝ նոր օրենսգրքով վերանայված կանոնադրությունը։

  1. Մխիթար Սեբաստացի (1700-1749)
  2. Ստեփանոս Մելգոնյան (1749-1799)
  3. Ստեփանոս Ագոնց (1800-1824)
  4. Սուքիաս Սոմալեցի (1824-1846)
  5. Գևորգ Հյուրմյուզյան (1846-1876)
  6. Իգնատիոս Կյուրեղյան (1876-1921)
  7. Հովհաննես Թորոսյան, Տեղապահ (1921-1929)
  8. Հովհան Ավգերյան (1929-1935)
  9. Սերապիոն Ուլուհոջյան (1935-1964)
  10. Հմայակ Կետիկյան (1964-1970)
  11. Պողոս Անանյան (1970-1982)
  12. Հովհաննես Դերձակյան (1982-1984)
  13. Ներսես Տեր-Ներսիսյան, Տեղապահ, (1984-1991)
  14. Գևորգ Պալյան (1991-1996)
  15. Սահակ Ճեմճեմյան (1996)
  16. Վարդան Քեշիշյան (1996-1999)
  17. Եղիա Քիլաղբյան (2000-2016)

Գործունեություն

խմբագրել

Կրոնական-կաթոլիկական աշխատություններ

խմբագրել

Մխիթարյան միաբանության հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Դրանցից էին Ալբերտ Մեծի «Համառօտութիւն Աստուածաբանութեան» /1715/, Մխիթար Սեբաստացու «Մեկնութիւն սրբոյ աւետարանին Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի որ ըստ Մատթէոսի» /1737/, Ալփոնսոս Ռոտրիկվեցու «Կրթութիւն կատարելութեան և կրօնաւորականի առաքինութեան» եռահատոր աշխատությունը /1741-1742/: Նշանավոր էր հատկապես Մ. Չամչյանի «Մեկնութիւն Սաղմոսաց» տաս հատից բաղկացած աշխատությունը, ուր ներկայացված էին Դավիթ թագավորի սաղմոսների քննական ուսումնասիրությունն ու մեկնությունները։ Լույս են տեսնում նաև Չամչյանի «Պատկեր Տօնից» ճառերը, «Նուագարան օրհնութեան» մեկնությունը և «Սեղան Խնկոց» աղոթագիրքը՝ նախատեսված տարվա տարբեր տոների համար։ 1810-1815 թթ. լույս է տեսնում Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց» աստվածաբանական աշխատությունը։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ։

Պատմական աշխատություններ

խմբագրել
 
Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» աշխատության տիտղոսաթերթը

Լույս են տեսնում Ագաթանգեղոսի «Պատմութիւն», Եղիշեի «Մատենագրութիւնք» /1838/, Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց», Փավստոս Բուզանդի «Պատմութիւն հայոց» /1832/, Մովսես Խորենացու «Գիրք պիտոյից», Ղազար Փարպեցու «Պատմութիւն» աշխատությունները, ինչպես նաև հունա-հռոմեական մատենագրության թարգմանություններ, որոնց թվում էին Պլուտարքոսի «Զուգակշիռներ»-ը՝ վեց հատորով, Քսենոֆոնի «Կիւրոսի խրոտու պատմութիւնքը», Մարկոս Ավրելիոսի ճառերը, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականը»։

Այս ամենից բացի, սակայն, Մխիթարյանները հանդես են եկել իրենց ինքնուրույն աշխատություններով։ Դրանցից ամենանշանավորը Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոցն» է, որ լույս տեսավ 1784-1786 թթ. Վենետիկում։ 1865-1878 թթ. լույս է տեսնում Գ. Զարբհանալյանի «Պատմութիւն հայերեն դպրութեանց» աշխատությունը։

Պատմա-աշխարհագրական աշխատություններ

խմբագրել

Խոսելով աշխարհագրությանն առնչվող գործերի մասին՝ առաջին հերթին հարկ է հիշատակել Ղուկաս Ինճիճյանի և Ստեփանոս Ագոնցի ջանքերով հրատարակված «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» աշխատությունը։ 1802-1808 թթ. լույս տեսած այս աշխատությունը բաղկացած էր 11 հատորից, «բոլորն էլ ոսկեզօծ ու կաշվեկազմ»։ «Մոտ 8000 էջից բաղկացա այս աշխատության մեջ նկարագրվում են Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ամերիկայի բոլոր երկրները, նրանց աշխարհագրական դիրքը, բուսականությունը, վաճառականությունը, տեղագրությունը…» /«Հայ ժողովրդի պատմություն», 1974/: Լույս են տեսնում Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրութիւն» /1853/, «Սիսուան» /1885/, «Այրարատ» /1890/ և «Սիսական» /1893/ աշխատությունները։ Տպագրվել են նաև մի շարք աշխարհագրական քարտեզներ՝ Իգնատիոս Խաչատրյանի և Եղիա Էնտազյանի փորագրությամբ։ Դրանք են «Համատարած աշխարհացույց», «Հայաստանեայց», «Երկրին աւետեաց», «Չորից մասանց աշխարհի», «Օսմանեան տէրութեան», «Սեաւ ծովու և շրջակայիցն» և «Նեղուցին Կ. Պոլսոյ»։

Լեզվաբանական և բառարանագիտական աշխատություններ

խմբագրել
 
Վիեննայի Մխիթարյան միաբանության հիմնադրման 200-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ՝ թողարկված ՀՀ ԿԲ կողմից 2011 թ.
 
«Բառգիրք հայկազեան լեզուի» կազմը

1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար աբբան և իր աշակերտները սկսել էին աշխատել այս բացատրական բառարանի վրա դեռևս 1727 թվականից և ավարտին հասցրին այն 1745 թվականին։ Նախկինում չկային հայկական բառարաններ, որոնք կարող էին ծառայել որպես աղբյուր Մխիթարի աբբայի բառարանի համար։ Կային միայն լատին վարդապետների կողմից հրատարակված լատիներեն-հայերեն մի քանի փոքր բառարաններ։ Կար նաև Աստվածաշնչյան բառարան, որում տրված մեկնությունները նույնպես անօգուտ էին Մխիթարին։ «Բառգիրք Հայկազեան Լեզուի» ստեղծման համար աղբյուր են հանդիսացել հայկական հին ձեռագրեր, գրքեր և ամենահայտնի հայ հեղինակների աշխատությունները։ Մխիթար աբբան դիմում էր հիմնականում վստահվելի աղբյուրների, մեծապես օգտվում Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից՝ ձեռքի տակ ունենալով նաև հունարեն բնագրերը։ Մխիթար Սեբաստացու գրչին է պատկանում նաև 1730 թվականին լույս տեսած «Քերականութիւն Գրաբարի Լեզուի Հայկազեան սեռի» աշխատությունը։ Այս աշխատության նպատակն էր մաքրել հայերենը լատինամոլություններից։

1836-1837 թվականներին Գ. Ավետիքյանը, Մ. Ավգերյանն ու Խ. Սյուրմելյանը Վենետիկում հրատարակում են «Նոր Բառգիրք Հայկազեան լեզուի» երկհատոր բառարանը։ Այն ցայսօր համարվում է հայ բառարանագրության արժեքավոր գործերից մեկը և չի կորցրել իր արդիականությունը։ Բառարանում տեղ են գտել մինչև այդ թվականները հայ մատենագրության մեջ գործածված գրաբարյան բառերի բացատրությունները, ստուգաբանությունը։ Բառարանի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այնտեղ ընդգրկվել են նաև մի շարք բառեր, որոնք համեմատվել են հունարեն, լատիներեն, պարսկերեն, ասորերեն և այլ լեզվական համարժեքների հետ։ 1846 թվականին Մկրտիչ Ավգերյանը հրատարակում է «Առձեռն բառարան հայկազեան լեզուի»՝ վերոնշյալ բառարանի համառոտ խմբագրությունը։ 1865 սոյն բառարանը վերահրատարակվեց և պարունակում էր նախորդ հրատարակությունից դուրս մնացած 5000 լրացուցիչ բառային միավոր։

Հիշատակված բառարաններիվ բացի լույս են տեսել նաև տարբեր լեզուներով այլ բառարաններ կամ, ինչպես Մխիթարյաններն էին կոչում, «առաջնորդներ»։ Դրանցից են, օրինակ, 1804 թվականին Մ. Ջախջախյանի հրատարակած «Բառարան յիտալական լեզուէ ի հայ և ի տաճիկ բարբառ» աշխատությունը, Հարություն Ավգերյանի ֆրանսերեն-հայերեն և անգլերեն-հայերեն բառարանները։ 1820-կաններին Հ. Ավգերյանը հրատարակում է անգլերեն-հայերեն բառարաններ և քերականություն՝ Սուրբ Ղազար կղզում հայերեն ուսանող Ջորջ Գորդոն Բայրոնի օժանդակությամբ։ Հիշատակության արժանի են նաև Մ. Չամչյանի «Քերականութիւն Հայկազեան լեզուի» /1779/, Պ. Հովհաննիսյանի «Մարդկային լեզուին սկզբան» /1857/, Ա. Այտընյանի «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» /1866/, Ս. Տերվիշյանի «Հնդեվրոպական նախալեզու» /1885/ և այլ աշխատությունները։

Գրական-գեղարվեստական աշխատություններ

խմբագրել
 
Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ՝ թողարկված ՀՀ ԿԲ կողմից 2017 թ.

19-րդ դարը նշանավորվել նաև Մխիթարյանների գրական-գեղարվեստական գործունեությամբ։ Դրա հիմքն էր Մխիթար Սեբաստացու 1727 թ լույս տեսած «Տաղարան» ժողովածուն։ Դա կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր հայ գրականության մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1858 թ.՝ արտացոլվելով Ա. Բագրատունու «Հայկ Դիւցազն»-ի մեջ։ Կլասիցիզմն արտացոլվել է նաև Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախյանի և այլոց ստեղծագործություններում։ Հայկական կլասիցիզմն ավելի արգասավոր եղավ վիպերգի և դրամայի ասպարեզում։ Առաջին կլասիկական դրաման՝ «Արկածք Տիգրանայ» վերնագրով, հայտնվեց Մխիթարյանների թատրոնում 1776 թվականին։ Հաջորդ տասնամյակում ողբերգություններով հանդես եկան Մ. Ջախջախյանը՝ «Հաղթութիւն Տրդատայ ի վերայ Հռչեի», «Դավագործ մահ մեխին Խոսրովայ», Ե. Թովմաճյանը «Հայկ դյուցազն», «Հանդէս մեբնամարտութեան Որոտեանց» աշխատություններով, Պետրոս Մինասյանը «Արշակ Բ», «Խոսրով Մեծ», «Սմբատ Առաջին», «Երվանդ» պատմական ողբերգություններով և այլք։ Գեղարվեստական երկերից հատկանշական են Ս. Տերվիշյանի «Այրի մայրը և միամոր որդյակը», Կ. Սիպիլյանի «Տրդատա առանձնանալը, վերջին օրերն ու մեռնիլը», Ս Գաթրճյանի «Տարվույն չորս եղանակները կամ Նկարագիր սքանչելեաց բնութեան» գործերը և այլն։

Կատարվել են նաև մի շարք գեղարվեստական թարգմանություններ՝ Ժ. Ռասինի «Երգ վասն կրոնից», Ժ. Լաֆոնտենի «Առակք» և այլ ստեղծագործություններ։ 19-րդ դարի երկրորդ կեսին կլասիցիզմը զիջեց ռոմանտիզմին։ Վերջինիս հիմնադիրն էր Ղ. Ալիշանն իր «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի», «Հրազդան», չափածո, նաև «Յուշիկք հայրենեաց հայոց» ստեղծագործություններով։

Բնագիտական աշխատություններ

խմբագրել

Մխիթարյանների գործունեությունը նպաստել է նաև բնագիտության զարգացմանը։ «Բազմավեպ»-ի էջերում տպագրվում են մի շարք աշխատություններ, ինչպիսիք են «Սկզբունք բուսաբանության» /1846/, «Տարերք բուսաբանության» /1883/, Հ Քավտաջյանի «Տարերք կենդանաբանության» /1885/, Ս. Երեմյանի «Նմույշ հայ կենդանաբանության» /1879/ և այլն։

Տնտեսագիտական աշխատություններ

խմբագրել

Մխիթարյանները «Բազմավեպ» պարբերականում նաև տեղ են հատկացրել տնտեսագիտությանը։ Ղ. Տերտերյանն անդրադառնում է տնտեսական գործունեության դասակարգմանը, առաջ քաշում մի շարք տեսություններ, անդրադառնում ապրանքի արժեքին և գնի կատեգորիաներին՝ մոտենալով արժեքի գիտական բնութագրությանը։ Մեկ այլ հոդվածագրի՝ Տ. Թնկրյանի աշխատությունում կարելի է նկատել Ադամ Սմիթի անմիջական ազդեցությունը։ Նա անդրադառնում է ապրանքի, փողի, արժեքի և գնի խնդիրներին, փորձում ստեղծել արտադրության տարրերի մասին ամբողջական ուսմունք և դիտել այն որպես եկամտի երեք գլխավոր աղբյուրներ։

Թատրոն

խմբագրել

19-րդ դարի առաջին կեսից վերելք ապրեց թատրոնը։ Սկսեցին կազմակերպվել սիրողական ներկայացումներ։ 1770-ականներից ի վեր ներկայացումներ կազմակերպվեցին նաև Վենետիկի Սուրբ Ղազարի վանքում։ 1790-ականներից սկսած Մխիթարյանները ցուցադրում են հայոց պատմությանը ներկայացնող պիեսներ՝ «Վասակ Մամիկոնյան» (1792), «Ղևոնդյանց նահատակությունը» (1795), «Մեծն Վարդան Մամիկոնյան» (1799), «Հայկ դյուցազն» (1805) և այլն։ Այս ժամանակաշրջանում ցուցադրվել է նաև երկու ողբերգություն՝ «Տրդատա հաղթությունը» և «Վաճառումն Հովսեփա»։ Ավելի ուշ՝ 1820-1860 թվականներին հանդիպում են նաև կենցաղին առնչվող կատակերգություններ՝ «Ծաղրածու Յուսուֆ», «Ճիմիճ Ահմեդի նկարագիրը», «Ավրամ հրեա», «Վաճառական Մոշոն» և այլն։ Դեռ 1810-ական թվականներից Մխիթարյանները ներկայացումներ են կազմակերպել Կ. Պոլսի իրենց դպրոցներում (օրինակ՝ Գրիբայեդովի «Խելքից պատուհաս»-ը Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և այլն)։

Մամուլ

խմբագրել

Տետրակներ և տարեգրքեր

խմբագրել

1798 թվականին Մխիթարյանները հրատարակեցին «Տարեգրություն» փոքրիկ տետրակները։ 1803 թվականին դադարում է «Տարեգրության» տպագրությունը և դրա փոխարեն լույս է տեսնում «Եղանակ Բյուզանդյան» տարեգիրքը։ Քանի որ «Եղանակ Բյուզանդյանի» ընթերցողը հիմնականում եվրոպական քաղաքների հետ առնչություն ունեցող վաճառականներն էին, տարեգիրքը լայն տեղ էր հատկացնում աշխարհագրական, տեղագրական գիտելիքներին, անդրադառնում տարբեր գյուտերի, ժողովուրդների կենցաղին, առևտրին, քաղաքական դեպքերին և այլնին։ Այս տարեգիրքը շարունակվում է լույս տեսնել մինչև 1810 թվականը։

Պարբերականներ

խմբագրել

1812-1826 թվականներին Վենետիկում լույս է տեսնում «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը։ Այնուհետև ավելի քան երկու տասնամյակ Մխիթարյանները պարբերական չեն ունեցել։ Այդ ժամանակաընթացքում հրատարակվել են «Դարապատում» ժողովածուները։ Բոլոր հրատարակությունների խմբագիրը եղել է Ղուկաս Ինճիճյանը։

Ամսագրեր

խմբագրել
 
«Բազմավեպ» ամսագրի առաջին էջը

Այնուամենայնիվ, ո՛չ «Տարեգրությունը», ո՛չ «Եղանակ Բյուզանդյանը», ոչ էլ «Դիտակ Բյուզանդյանը» հայ հասարակական-մշակութային կյանքում չեն կատարել այն կարևորագույն դերը, ինչ «Բազմավեպը»։ 1843 թվականին լույս տեսած ամսագրի հետ համագործակցում էին Ղ. Ալիշանը, Գ. Զարպհանալյանը, Հ. Զոհրապյանը և այլք։ «Բազմավեպի» առաջին խմբագիրը եղել է Հովհաննես Այվազովսկու եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին։ Ամսագիրը, հետևելով «Եղանակ Բյուզանդյանի» օրինակին, լայն տեղ է հատկացրել պատմությանը, աշխարհագրությանը, բնագիտությանը, հնագիտությանը, տեղագրությանը, առևտրին, գյուտերին և այլն։ «Բազմավեպում» են հրատարակվել բանասիրական և գիտական բազմաթիվ հոդվածներ։ Հետագայում 1887-ից հրատարակվել է նաև «Հանդես ամսօրյա» ամսագիրը։

Շաբաթաթերթեր

խմբագրել

1847-1863 թվականներին Մխիթարյանները հրատարակել են նաև «Եվրոպա» շաբաթաթերթը։

Գրականություն

խմբագրել
  • Հ. Բարսեղ Սարգիսեան, Երկհարւրամեայ գրականական գործունէութիւն և նշանաւոր գործիչներ Վենետկոյ Մխիթարեան Միաբանութեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1905, էջ 19-29։
  • Հ . Յարութիւն վրդ. Պզտիկեան, «Մխիթար վրդ. Սեբաստացիի և Մխիթարեաններու նպաստը հայ մշակոյթին», Երևան, 2003
  • «Հայ ժողովրդի պատմություն», ԳԱԱ հրատարակչություն, Երևան, 1974
  • Լեո, «Հայոց պատմություն», Երևան, 1973
  • Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1981
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մխիթարյան միաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 635