Բել (Բելոս, Բահաղ), բաբելոնյան գերագույն աստված, Բաբելոն քաղաքի հովանին։ Սեմական ցեղերը նախապես Բել են անվանել ամեն մի կուռքի, յուրաքանչյուր ցեղ ունեցել է իր Բելին։ Բնակություն հաստատելով Միջագետքում և ընդունելով շումերական հնագույն դիցարանը՝ սեմական ցեղերն ու ժողովուրդները Շումերի գլխավոր աստված Էնլիլին անվանել են Բել։ Բելը նույնացվել է նաև Մարդուկ աստծուն, և նրա հիշատակը տոնվել Նոր տարվա սկզբին, Բաբելոն քաղաքի գլխավոր տաճարում։ Բելի ոսկե անդրին տեղադրվել է «Բաբելոնի աշտարակի 7-րդ հարկի վրա կառուցված «կապույտ տաճարում»։ Բելը նույնացվել է Սատուրն մոլորակին։ Աստվածաշնչում Բելը հիշատակված է Քամյան Քուշի որդի Նեբրովթ անունով՝ որպես քաջ և հսկա որսորդ, որը, հռչակվելով Բաբելոնի առաջին թագավոր, ընդարձակել է տիրակալությունը։ Ենթադրվում է, որ Բել–Նեբրովթի պաշտամունքը Բաբելոն է ներմուծվել Եթովպիայից։ Մովսես Խորենացին նույնպես Բել–Նեբրովթին անվանում է բնիկ եթովպացի։ Բելի կերպարն արտացոլվել է «Հայկ և Բել» հայ դիցաբանական առասպելի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 353)։