Աբրահամ Գ Կրետացի
Աբրահամ Գ Կրետացի (17-րդ դար, Հերակլիոն[1][2] - ապրիլի 18, 1737[1], Վաղարշապատ[2]), Ամենայն հայոց կաթողիկոս 1734 թվականից, պատմագիր։ Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն։
Աբրահամ Գ Կրետացի | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ծնվել է | 17-րդ դար |
Ծննդավայր | Հերակլիոն[1][2] |
Մահացել է | ապրիլի 18, 1737[1] |
Մահվան վայր | Վաղարշապատ[2] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կրետե կղզու Կանդիա քաղաքում։ Նախքան կաթողիկոսական գահը ստանձնելը եղել է Երուսաղեմի միաբան և նվիրակ, 1709–1734 թթ.՝ Թրակիայի Ռոդոսթո քաղաքի թեմի առաջնորդ, որի համար կոչվել է նաև Թեքիրդաղցի։
1709 թվականին նա դառնում է Թրակիայի հայոց եկեղեցու առաջնորդ և հաստատվում Ռոդոսթո քաղաքում, ունենալով եպիսկոպոսի աստիճան։ Ելնելով Աբրահամ Կրետացու առանձնահատուկ նվիրվածությունից և ջերմությունից Էջմիածնի նկատմամբ, կարող ենք հաստատորեն ասել, որ նա այդ պայքարում իրեն դրսևորել է որպես կաթոլիկության հակառակորդ և ամեն կերպ պաշտպանել հայոց եկեղեցու և դավանանքի անկախությունն ու ինքնուրույնությունը։ 1734 թվականին Կրետացին մի խումբ ուխտավորների հետ ուղևորվում է Էջմիածին և հարյուրօրյա դժվարին ու վտանգավոր ճամբորդությունից հետո․ օգոստոսի 3-ին հասնում է հայոց հոգևոր կենտրոնը։ Նա նպատակադրվել էր Էջմիածնից հետո այցելել նաև Տարոնի Գլակա վանքը։ Սակայն Կրետացու այդ մտադրության իրագործումը կաթողիկոս Աբրահամ II Խոշաբեցու խնդրանքով հետաձգվում է հաջորդ տարվան, որի պատճառով նա հարկադրված էր հրաժարվել վերադարձի մտքից և առայժմ մնալ Էջմիածնում՝ կաթողիկոսի մոտ։ Նա շատ ջերմ սիրով հենց սկզբից կապվել էր հեռվից եկած խելացի ու բանիմաց եպիսկոպոսի հետ և չէր ուզում բաժանվել նրանից։ 1734 թվականի օգոստոսի վերջերին Աբրահամ Կրետացին կաթողիկոսի հետ, մի խումբ հոգևորականների ուղեկցությամբ, իր առաջին շրջագայությունն է կատարում Էջմիածնի մոտակայքի վանքերում, այցելում է Հովհանավանք, Սաղմոսավանք, լինում է Օշականում։
Հոկտեմբերին Աբրահամ Կրետացին նոր ուղևորություն է կատարում դեպի Խորվիրապ, Ակոռի, Գառնի, Այրիվանք ու շտապ հետ վերադառնում Էջմիածին, որտեղ ինչ-որ վտանգավոր հիվանդություն էր տարածվել և միաբանների ու բնակիչների մեջ կային շատ զոհեր։ Կրետացին կաթողիկոսին գտնում է անկողնում, հիվանդության ցավերի մեջ։ 1734 թվականի նոյեմբերի լույս 11-ի գիշերը կաթողիկոսը վախճանվում է։ Այդ անհանգիստ ժամանակներում կաթողիկոսական աթոռը թափուր թողնել չէր կարելի։ Նոր կաթողիկոսի միակ ու հարմար թեկնածուն բոլորի համար Աբրահամ եպիսկոպոսն էր։ Սակայն այլ էր Կրետացու վերաբերմունքը։ Նա հրաժարվում է հայոց հոգևոր առաջնորդության լիազորությունները վերցնելուց։ Միայն Երևանի այն ժամանակվա թուրքական կառավարչի սպառնալիքից հետո աբրահամը տվեց իր համաձայնությունը և 1734 թվականի նոյեմբերի 14-ին ընտրվեց հայոց կաթողիկոս։ Իր «պատմությունը» Աբրահամ Կրետացին շարադրել է հենց այդ դեպքերի ընթացքում, այն բաղկացած է 53 ոչ ընդարձակ գլուխներից։ Վերջում կցված է նաև կաթողիկոս Կրետացու Կոնդակը, որտեղ նշում է, որ աշխատությունը գրել և ավարտել է 1736 թվականի փետրվարի 20-ին, Մուղանի դաշտում։ Առաջին անգամ Կրետացին Նադիրին հանդիպել է 1736 թվականի մայիսին Ապարանի մոտ, երբ նա պատրաստվում էր հարձակումով դուրս քշել թուրքերին Երևանից և Արարատյան դաշտից։ Կրետացին այնպիսի դրական տպավորություն է թողել Նադիրի վրա, մանավանդ վերջինիս Եղվարդի մոտ 1735 թվականի հունիսի 19-ին թուրքերի դեմ տարած փայլուն հաղթանակից հետո։ Պատմության մի քանի գլուխներում Աբրահամ Կրետացին ամենայն մանրամասնությամբ նկարագրում է Մուղանի համաժողովը և Նադիրի թագադրության հանդեսը, որը տեղի է ունենում 1736 թվականի գարնանը[3]։
Կրետացու օրոք Հարավային Կովկասի քաղաքական դրությունն անկայուն էր։ Իրանում ասպարեզ իջած Թահմազ Ղուլի խանը (ապագա Նադիր շահը), պատերազմելով Թուրքիայի դեմ, վերանվաճել է Իրանի կորցրած հողերը, այդ թվում՝ Անդրկովկասը։ Աբրահամ Գ Կրետացին շահելով Իրանի արքա Նադիր շահի վստահությունը, վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները և գերությունից ու աքսորից փրկել բազմաթիվ հայերի։ Կրետացու միջնորդությամբ խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ։
Գրել է «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր Շահին պարսից» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796 թ. Կալկաթայում), որտեղ նկարագրվում է Թահմազ Ղուլի խանի պատերազմները Անդրկովկասում և Մուղանի դաշտում 1736 թվականի մարտի 10-ին Թահմազ Ղուլիին շահ թագադրելու արարողությունը։
Կրետացու «Պատմագրությունը» տպագրվել է 1796 թվականին, Կալկաթայում[3] և 1870 թվականին՝ Վաղարշապատում։ Այն ֆրանսերեն է թարգմանել ֆրանսիացի պատմաբան, հայագետ Մարի-Ֆելիսիտե Բրոսեն և հրատարակել «Collection d'historiens armeniens» ժողովածուում (հ. 2, 1876)։
Կաթողիկոսական գահին Աբրահամ Գ Կրետացուն հաջորդում է Ղազար Ա Ջահկեցին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990.
- ↑ 3,0 3,1 «Պատմութիւն Անցից Տեառն Աբրահամու՝ Սրբազան Կաթուղիկոսին Հայոց Թաքիրդաղցւոյ, առ Նադրշահ Արքայիւն Պարսից, Կալկաթա, 1796։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Գ Կրետացի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 41)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Նախորդող՝ Աբրահամ Բ Խոշաբեցի |
Կաթողիկոս 1734-1737 |
Հաջորդող՝ Ղազար Ա Ջահկեցի |