Հովհաննես Կարնեցի
Հովհաննես Կարնեցի (կոչվել է նաև՝ Հաննես, Հաննա, Հաննե, մոտ 1750-ականներ[1], Կարին, Օսմանյան կայսրություն[1] - մոտ 1820-ականներ[1], Կարին, Օսմանյան կայսրություն[1]), հայ տաղասաց, մանկավարժ[2][3][4]։
Հովհաննես Կարնեցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1750-ականներ[1] |
Ծննդավայր | Կարին, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | մոտ 1820-ականներ[1] |
Մահվան վայր | Կարին, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրիչ և ուսուցիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է մոտավորապես 1750-ական թվականներին՝ Կարին քաղաքում[3]։ Եղել է մահտեսի[2], 1799 թվականին արդեն ճանաչված մանկավարժ էր, հայտնի՝ «Արդար վարժապետ» մականունով։
Իր առաջին երգերը գրել է 1770-ական թվականների սկզբներին։ Առաջին հայտնի տաղն է՝ «Ի տղայական նորավարժ եւ խակակիրթ ժամանակի իմում» գործը[3][4]։
Հովհաննես Կարնեցու մեզ հասած վերջին թվակիր երկը գրվել է 1819 թվականին։ Այս փաստերը հնարավորություն են տալիս որոշելու նրա ծննդյան և մահվան մոտավոր ժամանակը։ Ծննդյան ժամանակն է՝ մոտավորապես 1750-ական թվականները, իսկ մահվանը՝ 1820-ական թվականների սկիզբը[4]։ Քանի որ Հովհաննես Կարնեցին իր մասին արտահայտվում է այսպես՝ «Վասն որոյ զպատմութիւն սոյնոյ Մսըր կոչեցեալ Սահակ մանկան երանելի նոր նահատակին Քրիստոսի ի նոյն իրագործութեան տարոյ ի ՌՄԻԷ (1778) թուոյն ի տղայական ի նորավարժ ժամանակի իմում անյարմար ստաչարութեամբ գրել էի», Համազասպ Ոսկյանը ենթադրում է, որ նա ծնվել է 1750-ականների վերջին տարիներին, որով 1770-ի սկզբները և 1778 թվականը կարող են համաձայնության մեջ մտնել «տղայական, նորավարժ և խակակիրթ» արտահայտությունների հետ[3]։
Շնորհիվ Մարկոս վարդապետի, հայտնի է Հովհաննես Կարնեցու ծնողների անունները․ «Յիշեսցէ ․․․շարադրոօղ սոյնոյ տետրակիս (Սահակ մանուկ վկայի վարքի) Կարնեցի նօտար տիրացու Յովհաննէսն եւ զծնօղսն սորին Յարութինն եւ զՆռանն»[4]։ Հովհաննեսն էլ իր հերթին հիշատակում է իր դաստիարակներից և ուղղություն տվողներից Մխիթար վարդապետին․ «Աշխատությեամբ մանկավարժ Յօհաննէս նօտարիս հաւանութեամբ հօր իւրոյ Մխիթարայ վարդապետի»[5] և Ստեփանոս վարդապետ Ջուղայեցուն․ «Որ ետ կարողութիւն ինձ մեղապարտիս գաղափարել զսոյն ամենացանկալի գիրքս քարոզից․․․ ի ՌՄԻԸ թւոյ (1779)... ի վայելումն գերյարգելի եւ հոգեւոր հօրն իմոյ Տեառն Ստեփանոս վարդապետի Ջուղայեցւոյ․․․ Յիշեսցիք ի յընդունական յաղաւթս ձեր զսոյն վերոգրեալ յարգելի պետն իմ զվայելողն սորին․․․ եւ զիս զյետնեալ ծառայս եւ սպասաւորս նորին զչնչին Յօհաննէս գրիչս Կարնեցի»[3][6]։
Հովհաննես Կարնեցու ծնողների մահվան թվականներն հայտնի չեն, սակայն նրանց մահացած լինելու մասին տեղեկանում ենք նրա կողմից գրված՝ Գրիգոր Օշականցու ծննդյան, վարքի ու մահվան հիշատակարանի մեջ․ «Խնդրեմ ի հանդիպողացդ յիշել․․․ եւ հանգուցեալ զծնօղս իմ»[3][7]։
Ստեղծագործություններ
խմբագրելԹողել է վկայաբան-էպիկական 5 պոեմ («Յաղագս ումեմն Մըսըր կոչեցեալ Սահակ մանկան․․․», 1788, «Յաղագս Վառվառ անուն ումեմն արիասիրտ աղջկան․․․», 1810)։ Հովհաննես Կարնեցուց մեզ է հասել մոտ 130 տաղ, որոնց մեծ մասը սիրո տաղեր են, երգվել և տարածված են եղել Կարինում ու շրջակայքում («Տաղ սիրոյ», «Ի սէր սիրելոյդ», «Տապ սիրոյ քոյ զիս տոչորեաց», «Հայիմ սէրս, որ ճեմս առեալ․․․» ևն)։ Ունի նաև ժողովրդական խաղերի և ջանգյուլումների ձևով գրված քառյակներ, հոգևոր երգեր։ Գրել է նաև հայատառ թուրքերեն տաղեր, թարգմանել հայերենից թուրքերեն (Կոմիտաս կաթողիկոսի շարականները, Ներսես Շնորհալու «Առաւոտ լուսոյ»-ն) և հակառակը։ Զբաղվել է նաև գրչությամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 703.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Չորս հայ տաղասացներ եւ անոնց տաղերը (Յովհաննէս Կարնեցի, Գրիգոր Օշականցի, Մովսէս Կարնեցի, Մարտիրոս Ղրիմեցի)», Համազասպ Ոսկյան, Վիեննա, 1966, էջ 1-57․
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Հովհաննես Կարնեցի, Տաղարան», աշխ. Շուշանիկ Նազարյանի, Երևան, Մատենադարան, 1962.
- ↑ «Վարք Գրիգորի Լուսաւորչի» Յովհաննէս Կարնեցի, 1822, էջ 9բ․ (թիվ 6601 ձեռագիր, Մատենադարան)․
- ↑ թիվ 2039 ձեռագիր, էջ 10 (Մատենադարան)․
- ↑ թիվ 6682 ձեռագիր, էջ 10 (Մատենադարան)․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 562)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |