Սմբատ Շահազիզ
Սմբատ Շահազիզ (Շահազիզյան, սեպտեմբերի 17, 1840, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1908, Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ բանաստեղծ, հրապարակախոս և մանկավարժ։ Հայ բայրոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ։ Արևելյան լեզուների գիտությունների թեկնածու (1867)։
Սմբատ Շահազիզ | |
---|---|
Սմբատ Շահազիզ (19.11.1890, լուսանկարիչ՝ Մ. Մուշեղյանց) | |
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1840 |
Ծննդավայր | Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 5, 1908 (67 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան |
Աշխատավայր | Լազարյան ճեմարան |
Սմբատ Շահազիզ Վիքիքաղվածքում | |
Սմբատ Շահազիզ Վիքիդարանում | |
Smbat Shahaziz Վիքիպահեստում |
Հայ խորհրդային գրականագետ, պատմաբան, մանկավարժ Երվանդ Շահազիզի հորեղբայրը։
Կենսագրություն
խմբագրելՍմբատ Շահազիզը ծնվել է 1840թ. սեպտեմբերի 17-ին Երևանի նահանգի Աշտարակ քաղաքում՝ հոգևորականի ընտանիքում։ Նա վեց եղբայրներից կրտսերն էր։ Մինչև տասը տարեկանը լրանալը սովորել է տեղական դպրոցում, 1851 թվականին հայրը ուղարկում է նրան Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում սովորելու։ Ավարտում է այն 1862 թ.-ին, ապա մնում է ճեմարանում իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Ուսման տարիներին նա ոգեշնչվում է Ալիշանի, Նալբանդյանի և Պատկանյանի ստեղծագործություններով և ջերմ բարեկամությամբ կապվում է իր ուսուցիչներից Ստեփանոս Նազարյանցի հետ։ Մանկավարժական ասպարեզը թողնում է 35 տարի աշխատելուց հետո։ 1893-ին հիմնել է կարիքավոր գրողների «Աբով-Նազար» հիմնադրամը։ 1898-ին թոշակի անցնելուց հետո Մոսկվայում ստեղծեց կոմիտե՝ 1894-1896 թվականներին հայերի կոտորածների պատճառով որբացած երեխաների խնամքն ու կրթությունը կազմակերպելու համար (Համիդյան կոտորածներ)։ Նա մերկացրեց Ցարական Ռուսաստանի վարչակարգի հակահայկական դիրքորոշումը և թուրքական դիվանագիտության երկակիությունը։ 1895 թվականին լույս է տեսնում նրա «Լևոնի վիշտը և զանազան բանաստեղծություններ» վերնագրով ժողովածուն, որից հետո նա փաստորեն այլևս չի ստեղծագործում և հանդես է գալիս հրապարակախոսական բնույթի գործերով։ Նա ծանրաշարժ էր և հասարակական քաղաքական ակտիվ գործերից հեռու։ Ամբողջ 55 տարիների ընթացքում միայն մի անգամ է այցելել իր ծննդավայրը։ Շահազիզը վախճանվել է 1908 թվականի հունվարի 5-ին Մոսկվայում, 67 տարեկան հասակում։ Թաղված է Մոսկվայում։
Գրական կյանք
խմբագրելԳրական գործունեությունն սկսում է 1862 թվականին։ Բեղմնավոր շրջանը տևում է ընդամենը մի քանի տարի։ Այդ տարիները տալիս են այն, ինչը որ կազմում է Շահազիզի ամբողջ գրական բովանդակությունը։ Իր կյանքի հետագա 42 տարիների ընթացքում գրում է միայն ոտանավորներ՝ ոչինչ չավելացնելով իր գրական անվանը։ Այդ տարիների ընթացքում նա գրում է նաև մի քանի հրապարակախոսական գրվածքներ։
Սմբատ Շահազիզը «Հյուսիսափայլի» հետևողներից էր, բայց շատ չափավոր։ Այն, ինչ «Հյուսիսափայլի» ղեկավարները հրապարակախոսության միջոցով էին ուսուցանում, Սմբատ Շահազիզը փորձում էր քարոզել բանաստեղծական գրվածքներով։ Ազգ, հայրենիք, փոքր-ինչ վերակազմված եկեղեցի - ահա Շահազիզի բանաստեղծության առարկան։ Թույլ էր նրա կարողությունը, կարճ՝ նրա արվեստի շունչը։ Նրա ոգևորության ուժ տվող աղբյուրները եղել են ռուսական և եվրոպական մի քանի գրողներ։ Այդ ազդեցությունն այնքան մեծ էր, որ գրելիս նա չի կարողացել սահմանազատել դրսից կրած ազդեցությունը և իր ինքնուրույնությունը։ Այդ իսկ պատճառով նրա ինքնուրույն հաջողված գործերը, օրինակ՝ «Ազնիվ ընկերը» կամ «Երազը», ավելի շուտ ազատ թարգմանություններ են քան ինքնուրույն գործեր։ Շահազիզի ստեղծագործությունների վրա էական ազդեցություն է ունեցել Բայրոնը. նրա «Լևոնի վիշտը» պոեմը բայրոնիզմի ազդեցության տակ է գրված[1]։
Շահազիզի առաջին բանաստեղծությունները՝ «Ազատության ժամեր» ընդհանուր վերնագրով, տպագրվեցին 1860 թվականին։ Նրա ստեղծագործության համար առհասարակ բնորոշ են ժողովրդի լուսավորության և ազատության՝ այդ «սուրբ աքսորականի» գաղափարներին նվիրված ոտանավորները։ Շահազիզը խիստ հարձակումներ է գործում կղերականության վրա՝ ներկայացնելով նրանց ոչ միայն լուսավորության հակառակորդներ, այլև մինչ անգամ քաղաքական ու սոցիալական առումով ժողովրդի դահիճներ.
Հովիվ դառնալով ազգին հոգևոր՝ Մի սարսափելի նպատակ ունեն՝ Որպես մոլեռանդ դահիճ թունավոր, Զրկել, պատառել ժողովուրդներին…։
Իրենց ժողովրդի «հովիվներ» և «առաջնորդներ» համարող հոգևորականները մշտապես դավաճանում են ազատագրության գործին, որով հայությանը պահում են կապանքների մեջ և շարունակ կեղեքում նրան։ Այս բոլորը շատ ավելի խիստ է ասված, քան ասել են նրա ժամանակակից բանաստեղծներից շատերը։ Բայց սրանով հանդերձ Շահազիզին բնորոշ է նաև հասարակական պատկերացումների անհետևողականությունը դեմոկրատական արմատական հայացքներից՝ դեպի լիբերալիզմի կատարած անցումները։ Այսպես՝ «Լևոնի վիշտը» լիրիկական պոեմում լուսավորության և առաջադիմության հակառակորդների սուր քննադատության կողքին արծարծվում է Էջմիածնում եկեղեցական պետերի հովանու տակ ակադեմիա ունենալու հարցը։ Ի դեպ, Շահազիզն առաջինն էր, որ պոեմի ժանրը օգտագործեց պատմական թեմաների փոխարեն՝ ժամանակակից կյանքի հուզող հարցերը ստեղծագործության նյութ դարձնելու իմաստով։
Շահազիզը, որը մեր քաղաքական պոեզիայի աչքի ընկնող ներկայացուցիչներից էր, հայտնի դարձավ նաև, այսպես կոչված, անձնական քնարերգությանը վերաբերող իր մի քանի փայլուն բանաստեղծություններով, որոնք Պեշիկթաշլյանի՝ այդօրինակ գործերի հետ նախապատրաստեցին Հովհաննես Հովհաննիսյանի հանդես գալը։ Բոլոր դեպքերում Շահազիզի այդ բնույթի գործերն էլ, ինչպես՝ «Երազ», «Ինձ մի սիրի», «Ոգի Հայաստանի», «Գիշեր», «Աշտարակ» և այլն, ունեն որոշակի հայրենասիրական շեշտվածություն։
Երկեր
խմբագրել- Ազատութեան ժամեր, Մոսկուա, 1860, 189 էջ։
- Լեւոնի վիշտը եւ զանազան բանաստեղծութիւններ, Մոսկուա, 1865, 254 էջ։
- Հրապարակախօսի ձայնը (Ստեփանոս Նազարեանցի կեանքն ու հասարակական գործունեութիւնը), Մոսկուա, 1881, 352 էջ։
- Ծիծաղի տօպրակ, գիրք 1, Թիֆլիս, 1892, 220 էջ։
- Ամառնային նամակներ, Մոսկուա, 1897, 184 էջ։
- Ընտիր բանաստեղծություններ, Երևան, 1941, 96 էջ։
- Երկեր, Երևան, 1947, 255 էջ[2]։
- Երկեր, Երևան, 1961, 320 էջ։
- Շահազիզ Սմբատ, Հովհաննիսյան Հովհաննես, Ծատուրյան Ալեքսանդր, Միրաքյան Վահան, Երկեր, Երևան, 1980, էջ 4-192։
- Չափածո երկեր։ Լիակատար ժողովածու, Երևան, 1993, 412 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, 2015, 180 էջ։
Գրականություն
խմբագրել- Շահազիզ Ե., Սմբատ Շահազիզի կենսագրությունը, Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1944[3]:
- Մանուկյան Ա., Սմբատ Շահազիզ. Երևան, 1959 թ.:
- Հովասափյան Հ., Սմբատ Շահազիզ. Երևան, 1960 թ.:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ գրականություն, Սուրխաթյան, 1926 թ.
- ↑ Երկեր, Շահազիզ, Սմբատ Տեր-Սիմոնի
- ↑ Շահազիզ, Երվանդ (1944). Սմբատ Շահազիզի կենսագրությունը. ՀՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սմբատ Շահազիզը դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-06 Wayback Machine
- Սմբատ Շահազիզը zarkfoundation.com կայքում
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբատ Շահազիզ» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբատ Շահազիզ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմբատ Շահազիզ» հոդվածին։ |