Մանվել Ջախջախյան
Մանվել Ջախջախյան (մարտի 25, 1770[1] - հունվարի 5, 1835 կամ 1836[1], Վենետիկ, Ավստրիական կայսրություն), հայ բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ։
Մանվել Ջախջախյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1770[1] |
Մահացել է | հունվարի 5, 1835 (64 տարեկան) կամ 1836[1] |
Մահվան վայր | Վենետիկ, Ավստրիական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, հոգևորական և գրող |
Կենսագրություն
խմբագրելՎենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1791 թվականից)։ Զբաղվել է քարոզչությամբ, ապա մանկավարժական, գիտական գործունեությամբ։ 1815-1816 թվականներին խմբագրել է «Դիտակ Բյուզանդյան» պարբերականը[2]։ Գրել է բանաստեղծություններ, որոնց մի մասը տպագրվել է «Մխիթարյան տաղարան» (1824) ժողովածուում՝ Վահրամ Ռուբինյան ստորագրությամբ։ Թարգմանել է Գ. Գոռացցայի («Արհեստ բարւոք սիրելոյ», 1819), Սալոմոն Գեսների («Քերթուած ի մահն Աբելի», 1825), Ֆրանսուա Ֆենելոնի («Արկածք Տելեմաքայ որդըոյն Ոդիսեայ», 1827) և այլոց ստեղծագործություններից։ 1804-ին Վենետիկում լույս է տեսել Ջախջախյանի «Բառարան յիտալական լեզուե ի հայ և ի տաճիկ» աշխատությունը (45 հազար բառահոդված, համառոտը՝ 1825 թվականին՝ 30 հազար բառահոդված), իսկ 1837 թվականին, ետմահու՝ «Բառգիրք ի բարբառ հայ և իտալական»-ը (60 հազար բառահոդված), որը հայ երկլեզվյան բառարանագրության լավագույն նմուշներից է. ամփոփում է հայ մատենագիտության մեջ օգտագործված, ինչպես նաև իր ժամանակի կենսունակ բառերը, նորաբանությունները։ Թարգմանության հետ միաժամանակ տրվում են բառի բացատրությունը, հաճախ՝ հոմանիշը, գրաբար, բարբառային համարժեքները, նշվում փոխառությունները։ Վերջում բերված են հայկական անձնանունները (Վարդան-Vartano) և տեղանունները (Երասխ-Arasse)՝ իտալերեն արտասանությամբ կամ թարգմանությամբ[3]։
Աշխատություններ
խմբագրել- Համառօտ Բառարան Յիտալականէ ի հայ եւ ի տաճիկ։ 1829, Տպարան Սրբոյն Ղազարու, Վենետիկ։
- Բառգիրք ի բարբառ հայ և իտալական (երկհատոր)։ 1837, Տպարան Սրբոյն Ղազարու, Վենետիկ (հայերէնէ հայերէն եւ իտալերէն)
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Ciakciak, Emanuel (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 2. — S. 367.
- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԴԻՏԱԿ ԲԻՒԶԱՆԴԵԱՆ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 470)։ |