Վիքիպեդիա:Օրվա հոդված/Դեկտեմբեր 2015 թ.

Թարմացնել այս էջի քեշը
Դեկտեմբեր ամսվա հոդվածները
Դեկտեմբերի 1
Դերակատարը՝ Նինա Դոբրև
Դերակատարը՝ Նինա Դոբրև

Ելենա Գիլբերտ (անգլ.՝ Elena Marie Gilbert), Վամպիրի օրագրերը ամերիկյան հեռուստասերիալի հորինված հերոսուհի: Սերիալը նկարահանվել է Ջուլի Պլեքի և Քևին Ուիլյամսոնի կողմից Լիզա Ջեյն Սմիթի համանուն վեպի հիման վրա, որում Ելենան նույնպես հանդիսանում էր գլխավոր հերոսուհի: Հեռուստասերիալում Ելենա Գիլբերտի դերը կատարում է Նինա Դոբրևը:

Ելենա Գիլբերտը ապրում էր Վիրջինիա նահանգի Միստիկ-Ֆոլս քաղաքում իր եղբոր՝ Ջերեմի Գիլբերտի, և Ջեննա հորաքրոջ հետ: Վերջինս եղբոր և քրոջ խնամակալ էր դարձել ավտովթարի հետևանքով նրանց ծնողների մահից հետո: Սյուժեի հիմնական գիծը Ելենայի հարաբերություններն են վամպիր Ստեֆան Սալվատորի և նրա ավագ եղբոր՝ Դեյմոն Սալվատորի հետ: Սյուժեի զարգացումից պարզվում է, որ Ելենան իր նախնի Քեթրին Փիրսի նման գերբնական արարած է: Չնայած նրան, որ Ելենայի բնավորությունը տարբերվում է Քեթրինի բնավորությունից... Ավելին

Դեկտեմբերի 2
Վադիմ Աբրամով
Վադիմ Աբրամով

Վադիմ Աբրամով (ուզբ.՝ Vadim Karlenovich Abramov; օգոստոսի 5, 1962, Բաքու), խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ:

Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 5-ին, Բաքվում: Ֆուտբոլում առաջին քայլերն արել է 1970 թվականին Բաքվի «Նեֆտչի-2» ակումբում՝ Էդուարդ Գրիգորի Օհանեսովի մոտ: Երիտասարդ տարիներին հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ-ի պատանեկան հավաքականում: Ֆուտբոլային կարիերան սկսել է 1979 թվականին Սիմֆերոպոլի «Տավրիա» ակումբում, բայց թիմի հիմնական կազմում այդպես էլ չի խաղացել:

1980 թվականին տեղափոխվել է ուկրաինական մեկ այլ ակումբ՝ Սևաստոպոլի «Ատլանտիկա»: 1981-1983 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում և մասնակցել է Աֆղանստանում տեղի ունեցող պատերազմական գործողություններին: Վերադառնալով բանակից՝ մեկնել է Ուզբեկստան: 1984-1985 թվականներին Եվգենի Վալիցկու ղեկավարությամբ խաղացել է կոլտնտեսային «Նարիմանովեց» ակումբում: 1986 թվականին խաղացել է Ջիզակի «Յոշլիկ» ակումբում, իսկ 1987 թվականին՝ Խալկաբադի «Սոխիբկոր» ակումբում: Ավելին

Դեկտեմբերի 3
Հայկական դրամի խորհրդանշան
Հայկական դրամի խորհրդանշան

Հայկական դրամը (ISO կոդ՝ AMD) Հայաստանի Հանրապետության ազգային արժույթն է։ Ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը երկրի տարածքում։ Շրջանառության մեջ գտնվող դրամանիշերը հանդիսանում են Կենտրոնական բանկի անվերապահ պարտավորությունը և ապահովված են նրա բոլոր միջոցներով։ «Դրամ» բառը թարգմանաբար նշանակում է «փող» և ծագում է «դրախմա» բառից (հուն․՝ δραχμή)։ Հայկական դրամի խորհրդանշանն է նշանը:

ՀՀ ազգային արժույթի ներդրումն իրականացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ստեղծված ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 1993 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ, որի համաձայն՝ «1993թվականի նոյեմբերի 22-ի ժամը 00:00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը»:

Հայաստանի Հանրապետությունում պետական դրամատպարանի և դրամահատարանի բացակայության պայմաններում ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված շրջանառու թղթադրամներն ու մետաղադրամները պատրաստվում են արտերկրում։ Ավելին

Դեկտեմբերի 4
Լոնտոն
Լոնտոն

Լոնտոն (անգլերէն՝ London) Միացեալ Թագաւորութեան եւ Անգլիոյ մայրաքաղաքն է։ Միացեալ թագաւորութեան եւ Եւրոպական Միութեան մեծագոյն քաղաքն է՝ 1,706 քառ. քմ.։ Կը գտնուի Թեմզ գետի ափերուն եւ բնակեցուած է գրեթէ երկու հազար տարի առաջ։ Լոնտոնի պատմութիւնը սկսած է Հռոմէական կայսրութեան շրջանէն։ Հռոմէացիները քաղաքին տուած էին Լոնտինիում անունը: Լոնտոնի հնագոյն կորիզ հանդիսացող «Լոնտոնեան Սիթի»ն մինչեւ օրս կը պահպանէ իր միջնադարեան սահմանները։ Ժթ. դարէն սկսեալ` Լոնտոն անունը, կը վերաբերի նաեւ այս կորիզը շրջապատող բնակավայրերուն։ Ըստ Մեծն Բրիտանիոյ վարչական բաժանման, քաղաքը կը բաժնուի երկու շրջաններու՝ Լոնտոնի շրջան եւ Մեծ Լոնտոն վարչական շրջան, զորս կը կառավարեն, ընտրուած, Լոնտոնի քաղաքապետն ու Լոնտոնի ժողովը:

Լոնտոնը յառաջատար քաղաք է իր արուեստով, առեւտուրով, կրթութեամբ, ժամանցային վայրերով, նորաձեւութեամբ, տնտեսութեամբ... Ավելին

Դեկտեմբերի 5
Կովկասյան արշավանք
Կովկասյան արշավանք

Կովկասյան արշավանքները զինված հակամարտություն էին Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև. ավել ուշ հակամարտության մեջ ներքաշվեցին Ադրբեջանը, Հայաստանը, Կենտրոնական կասպիական բռնապետությունը և Բրիտանական կայսրությունը՝ որպես Առաջին համաշխարհային պատերազմի մերձարևելյան թատերաբեմ: Կովկասյան արշավանքները ներառեցին Կովկասից մինչև արևելյան Անատոլիան՝ ներառելով Տրապիզոնը, Բիթլիսը, Մուշը և Վանը: Ցամաքային արշավանքները ուղեկցում էին Սևծովյան ռուսական նավատորմը:

1917 թվականի փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի հեղափոխությունից հետո ռուսական զորքի առաջխաղացումը դադարեցվեց, այնուհետև ցրվեց ռուսական կովկասյան բանակը, որին փոխարինեցին Հայկական կամավորական ջոկատները և ֆիդայական ջոկատները: 1918 թվականին ստեղծվեց Կենտրոնական կովկասյան բռնապետությունը և Լեռնահայաստանի Հանրապետությունը:

1918 թվականի մարտի 3-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, և 1918 թվականի հունիսի 4-ին Օսմանյան կայսրությունը Հայաստանի հետ ստորագրեց Բաթումի պայմանագիրը: Սակայն զինված հակամարտությունը Կենտրոնական կովկասյան բռնապետության, Լեռնահայաստանի և Բրիտանական զորքերի միջև շարունակվեց մինչև... Ավելին

Դեկտեմբերի 6
«Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» (անգլ.՝ Indiana Jones and the Last Crusade), Սթիվեն Սփիլբերգի արկածային ֆիլմերից, հայտնի Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող երրորդ ֆիլմը, որը նկարահանվել է 1989 թվականին։ Սցենարի համահեղինակներից է Ջորջ Լուկասը։ Հարիսոն Ֆորդը կրկին մարմնավորել է Ինդիանա Ջոնսին, իսկ Շոն Քոններին` հնագետի հորը։ Ֆիլմում մասնակցել են նաև Էլիսոն Դուդուն, Դենհոլմ Էլիոթը, Ջուլիան Գլովերը, Ռիվեր Ֆենքսը և Ջոն Ռիս-Դևիսը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1938 թվականին։ Ջոնսն այս ֆիլմում ուղևորվում է իր հորը որոնելու, որին առևանգել են նացիստները։ Նացիստներն էլ իրենց հերթին ջանում էին գտնել Սուրբ Գրաալը։

«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» ֆիլմի խառը կարծիքներից ելնելով Սփիլբերգը որոշեց համակշռել բռնությունն ու արյունը նոր ֆիլմում: Այսպիսով «Խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմի սցենարի վրա Սփիլբերգն աշխատեց շուրջ 5 տարի և նա մի քանի անվամբ սցենարներ տվեց պրոդյուսեր Լուկասին, մինչև որ Ջեֆրի Բոամը հաստատեց սցենարը։ Ֆիլմը պետք է նկարահանվեր... Ավելին

Դեկտեմբերի 7
Էդվարդ Սնոուդեն
Էդվարդ Սնոուդեն

Էդվարդ Սնոուդեն (անգլ.՝ Edward Joseph Snowden, հունիսի 21, 1983, Էլիզաբեթ Սիթի), ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից, ով 2013 թվականի հունիսի սկզբին «Washington Post» և «Guardian» թերթերին է հանձնել նյութեր, որով բացահայտել է ԱՄՆ քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը «PRISM», ինչպես նաև՝ X-Keyscore և Tempora լրտեսական ծրագրերի միջոցով։

Պենտագոնի գաղտնի զեկույցի տվյալներով, Էդվարդ Սնոուդենը առևանգել է 1,7 մլն գաղտնի ֆայլեր։ Փաստաթղթերի մեծամասնությունը վերաբերում է ամերիկյան բանակի, ռազմածովային նավատորմի, ծովային կորպուսի և ռազմաօդային ուժերի կենսական կարևորություն ունեցող օպերացիաներին։ Այս առթիվ 2013 թվականի հունիսի 14-ին ԱՄՆ-ում Սնոուդենը հեռական կարգով մեղադրվում է լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ։ Ամերիկյան իշխանությունների կողմից հայտարարվում է միջազգային որոնում։ Շուտով Սնոուդենը ԱՄՆ-ից փախչում է սկզբում Հոնկոնգ, ապա՝ Ռուսաստան, որտեղ ավելի քան մեկ ամիս ապրում է «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում։ 2013 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի Դաշնությունում ստանում է ժամանակավոր ապաստան, իսկ մեկ տարի անց ... Ավելին

Դեկտեմբերի 8
Ուկրաինայի դրոշ
Ուկրաինայի դրոշ

Ուկրաինայի պետական դրոշը (ուկրաիներեն՝ Державний прапор України) նրա պաշտոնական պետական խորհրդանիշերից է՝ զինանշանի և օրհներգի հետ մեկտեղ:

Ներկայումս այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն կտավ՝ բաղկացած երկու հավասարաչափ հորիզոնական շերտերից՝ վերին կապույտ և ստորին դեղին: Դրոշի լայնությունն ու երկարությունը հարաբերում են 2:3-ի:

Ուկրաինայի սահմանադրության մեջ դրոշի գույների մասին սահմանված է.

Հոդված 20. ...Ուկրաինայի պետական դրոշը կապույտ և դեղին գույնի երկու հավասարաչափ հորիզոնական շերտերից գործվածք է...

Ամեն տարի օգոստոսի 23-ին նշվում է Ուկրաինայի պետական դրոշի օրը. հաստատվել է 2004 թվականին Ուկրաինայի նախագահի № 987/2004 հրամանագրով: Ավելին

Դեկտեմբերի 9
Bow Wow, 2009 թվականին
Bow Wow, 2009 թվականին

Շեդ Գրեգորի Մոս (մարտի 9, 1987, Կոլումբուս, ԱՄՆ, ավելի հայտնի է Bow Wow անվանմամբ (նախկինում՝ Lil' Bow Wow)), ամերիկացի ռեփեր և դերասան: 13 տարեկան հասակում Lil Bow Wow կեղծանվամբ թողարկել է իր դեբյուտային ալբոմը Beware of Dog անվանմամբ: 2003 թվականին նա թողարկում է իր երրորդ ալբոմը՝ «Unleashed» անվանմամբ, սակայն այս անգամ կեղծանունն օգտագործում է առանց Lil' նախդիրի՝ Bow Wow:

Թողարկումից կես տարի անց ալբոմը դարձավ բազմապլատինե: Հետագա տարիներին նա թողարկում է ևս երեք ալբոմ: 2005 թվականին թողարկեց իր «Wanted» ալբոմը, 2006-ին «The Prince of Farm» և 2009 թվականին «Geile Traume» ալբոմները: Իսկ 2007 թվականին, համագործակցելով Օմարիոնի հետ, նրանք համատեղ ձայնագրում են «Face Off» ալբոմը:

Bow Wow-ի առաջին ֆիլմը եղել է «Ամեն ինչ Բենջամինների մասին» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է էպիզոդիկ դերում: Նույն տարում Bow Wow նկարահանվում է «Like Mike» ֆիլմի գլխավոր դերում, 2005 թվականին «Roll Bounce» ֆիլմում, իսկ 2006 թվականին նա նկարահանվում է «Եռակի ֆորսաժ: Տոկիոյի դրիֆթ» ֆիլմում՝ որպես օժանդակ ուժ: Bow Wow-ն հայտնվել է նաև «Անտուրաժ» բազմասերիանոց ֆիլմի հինգ դրվագներում: Ներկայումս աշխատում է իր նոր՝ «Underrated» խորագրով ալբոմի վրա: Ավելին

Դեկտեմբերի 10
Լինք Ռեյ
Լինք Ռեյ

Լինք Ռեյ (անգլ.՝ Link Wray, իսկական անունը՝ Ֆրեդ Լինքոլն Ռեյ, անգլ.՝ Fred Lincoln Wray Jr, մայիսի 2, 1929, Դանն, Հյուսիսային Կարոլինա - նոյեմբերի 5, 2005, Կոպենհագեն), ամերիկացի կիթառահար և կոմպոզիտոր, ով հիմնականում ձայնագրել է ռոքնռոլային գործիքային ստեղծագործություններ, այդ թվում ՝ Link Wray and his Ray Men խմբի հետ։ Նրա արվեստը վիթխարի ազդեցություն է ունեցել գարաժային ռոքի, ծանր ռոքի և, ընդհանուր առմամբ, կիթառային երաժշտության զարգացման վրա։

Լինք Ռեյի ամենաազդեցիկ ստեղծագործությունը 1958 թվականին թողարկված «Rumble»-ն է։ Այս գործիքային տրեկում ռոք-երաժշտության մեջ առաջին անգամ էլեկտրոկիթառ օգտագործեցին, այսպես կոչված, «power chord»-ը և ֆուզզի էֆեկտը։

Բազմաթիվ ռոք-երաժիշտներ խոստովանել են Լինք Ռեյի ազդեցությունը իրենց վրա...

Փաստացի, 1960-ականների բոլոր առաջատար ռոք-երաժիշտները, ինչպես նաև՝ պանկ-ռոքի և սայկոբիլլի շատ ներկայացուցիչներ... Ավելին

Դեկտեմբերի 11
Ագաթանգեղոս
Ագաթանգեղոս

Ագաթանգեղոս (Ե. - Զ. դար) հայ գրականութեան Ոսկեդարու պատմիչ, «Պատմութիւն Հայոց» երկի (յայտնի է նաեւ «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն Եւ Վարք Ս. Գրիգորի» անուններով) հեղինակ: Ագաթանգեղոս անունը յունական ծագում ունի, կը նշանակէ «բարի հրեշտակ», «բարի լրաբեր» տիրոջ կողմէ ուղարկուած աւետաբեր (յունարէն՝ αvγαϑοvς՝ բարի, ανγγελος հրեշտակ, լրաբեր):

Ագաթանգեղոսը հեղինակ է հայ պատմագրութեան հնագոյն յուշարձանի՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որ յայտնի է նաեւ «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն եւ Վարք Ս. Գրիգորի» անուններով: Գիրքին մէջ գրուած տեղեկութիւններուն համաձայն Ագաթանգեղոս համարուած է ծագումով հռոմէացի. Տրդատ Գ. Մեծի օրով եկած է Հայաստան եւ եղած է անոր քարտուղարը, որպէս Տրդատի եւ Գրիգորի աշխարհիկ եւ հոգեւոր սխրագործութիւններու ժամանակակից եւ ականատես, Տրդատի յանձնարարութեամբ գրած է... Ավելին

Դեկտեմբերի 12
Քևին Քոսթները Սեզար մրցանակաբաշխության ժամանակ, 2013
Քևին Քոսթները Սեզար մրցանակաբաշխության ժամանակ, 2013

Քևին Մայքլ Քոսթներ (անգլ.՝ Kevin Michael Costner, հունվարի 18, 1955, Լինվուդ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և երաժիշտ։ Հանդիսատեսին հայտնի է «Ջրաշխարհ», «Թիկնապահը», «Ճպուռը», «Գայլերի հետ պարողը» և այլ ֆիլմերից։ Քևինը երկու անգամ արժանացել է Օսկար, երեք անգամ Ոսկե գլոբուս, մեկ Էմմի մրցանակի և 3 անգամ առաջադրվել է BAFTA մրցանակի համար: 2013 թվականին նա արժանացել է Սեզար կինոմրցանակի:

Քոսթների նշանակալից կերպարներն են Էլիոթ Նեսը «Անձռնմխելիները», Քրեշ Դեյվիսը «Դարհեմյան ցուլը», Ռեյ Կինսելլան «Նրա երազանքների դաշտը», լեյտենանտ Ջոն Դամբարը «Գայլերի հետ պարողը», Ջիմ Գարիսոնը «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալլասում», Ռոբին Հուդը «Ռոբին Հուդ. գողերի արքայազն», Ֆրենկ Ֆարմերը «Թիկնապահը» և Ջոնաթան Քենթը «Պողպատե մարդը» ֆիլմերում: Ավելին

Դեկտեմբերի 13
Լուիս Սուարես
Լուիս Սուարես

Լուիս Ալբերտո Սուարես Դիաս (անգլ.՝ Luis Alberto Suárez Díaz, հունվարի 24, 1987, Սալտո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, իսպանական «Բարսելոն» և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։ Սուարեսը «Նասիոնալ» ակումբի սան է, որի կազմում 2006 թվականին դարձել է Ուրուգվայի առաջնության հաղթող: 19 տարեկանում տեղափոխվեց հոլանդական Էրեդիվիզիի (Նիդերալանդների ֆուտբոլի բարձրագույն առաջնություն) «Գրոնինգեն» ակումբ: 2007 թվականին տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»: 2008/09 մրցաշրջանում իր ակումբում ճանաչվել է տարվա լավագույն խաղացող: Հաջորդ մրցաշրջանում դարձավ թիմի ավագը. այդ ժամանակ նա խփեց 35 գոլ 33 խաղերում և ճանաչվեց Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ: Բոլոր առաջնություններում «Այաքս»ի կազմում անցկացրած խաղերում նա այդ տարի աչքի է ընկել 49 անգամ, նաև ակումբի հետ նվաճել է Նիդերլանդների գավաթը: 2010/11 մրցաշրջանում նա իր հարյուրերորդ գոլը խփեց թիմի կազմում, ինչով հավասարվեց Դենիս Բերգկամպին, Յոհան Կրոյֆին և Մարկո վան Բաստենին:

2011 թվականի հունվարին 26,5 միլիոն եվրոյով տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»: Այդ տարի նա թիմին օգնեց 12-րդ հորիզոնականից բարձրանալ... Ավելին

Դեկտեմբերի 14
«Բրիգադա» (ռուս.՝ Бригада), 2002 թվականին ռուսական «Ավատար Ֆիլմ» կինոընկերության կողմից նկարահանված քրեական դրամա ժանրի բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար։ Ցուցադրվելուց հետո ունեցել է մեծ հաջողություն` արժանանալով չափազանց մեծ ուշադրության և դրական ու բացասական արձագանքների։

Բաղկացած է 15 մասից, իսկ գործողությունները ծավալվում են 1989 թվականից մինչև 2000 թվականը` չորս առանցքային կերպարների` մանկության ընկերներ Ալեքսանդր «Սաշա» Բելովի (Սերգեյ Բեզռուկով), Կոսմոս Խոլմոգորովի (Դմիտրի Դյուժև), Վալերի Ֆիլատովի (Վլադիմիր Վդովիչենկով) և Վիտյա Պչոլկինի (Պավել Մայկով) շուրջ, ովքեր Բելովի գլխավորությամբ ձևավորում են հանցավոր խմբավորում` այն անվանելով «Բրիգադա»։

Ֆիլմը դարձավ Ալեքսեյ Սիդորովի ռեժիսորական դեբյուտը և գլխավոր դերակատարներներին մեծ ճանաչում բերեց։ Ֆիլմում երկրորդական դերակատարներ են եղել ավագ սերնդի «աստղերը»:

«Բրիգադան» համարվում է «ռուսական ավազակային առասպել»: Ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի խոսքերով իր համար որպես կողմնորոշիչներ ծառայեցին այնպիսի դասական ֆիլմեր, ինչպիսիք են «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», սակայն առաջին հերթին 1932 թվականին նկարահանված... Ավելին

Դեկտեմբերի 15
Կլեոպատրա
Կլեոպատրա

«Կլեոպատրա», ռեժիսոր Ջոզեֆ Մանկևիչի նկարահանած դրաման, պեպլումը, Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բարթոն դերասանական զույգի ամենահայտնի գործերից։

Ֆիլմը ներկայացնում է մ.թ.ա. 48-30 թվականների իրադարձությունները՝ պատմելով Կլեոպատրայի կյանքի ու մահվան պատմությունը, նրա հարաբերությունները Հուլիոս Կեսարի և Մարկոս Անտոնիոսի հետ։ Ֆիլմի նկարահանումներն անցել են Իտալիայում, Իսպանիայում և Անգլիայում։ «Կլեոպատրա»-ն համարվում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆիլմերից մեկը։ Ֆիլմի արտադրությունը տևեց ավելի քան չորս տարի, իսկ նկարահանումներին ծախսվեց ավելի քան 44 միլիոն դոլար (2006 թվականի գներով՝ 290 միլիոն)։ Էլիզաբեթ Թեյլորը որպես հոնորար պահանջեց ավելի քան 1 միլիոն դոլար և ըստ որոշ գնահատականների՝ ընդհանուր առմամբ նկարահանումներին մասնակցելիս ստացավ մինչև... Ավելին

Դեկտեմբերի 16
Հուշադրամ
Հուշադրամ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Տաջիկստանի ազգային բանկի կողմից՝ սկսած 2004 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալի իրադարձությունների, կարող են ունենալ զուտ հավաքորդական և դրամագիտական նշանակություն: Երբեմն հուշադրամների շարքին են դասվում Տաջիկստանի ազգային բանկի կողմից թողարկած առանց անվանական արժեքի մետաղադրամները։

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900 հարգի ոսկի և 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (պղնձա-նիկելային համաձուլվածք, պղնձա-նիկելա-ցինկային համաձուլվածք, արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 50, 100 և 200 սոմոնի անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 3, 5, 50, 100 և 500 սոմոնի, պղնձա-նիկելային համաձուլվածքից՝ 1 սոմոնի, պղնձա-նիկելա-ցինկային համաձուլվածքից՝ 1 սոմոնի, իսկ երկմետաղ դրամներ՝ 3 և 5 սոմոնի։ Մետաղադրամները հատվել են UNC, BU և proof որակներով։

Տաջիկստանի ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են... Ավելին

Դեկտեմբերի 17
Հանա Սենեշ
Հանա Սենեշ

Հանա Սենեշ (հունգ.՝ Szenes Hanna, եբրայերեն՝ חנה סנש 17հուլիսի 17, 1921, Բուդապեշտ - նոյեմբերի 7, 1944, Բուդապեշտ), հունգար և հրեա բանաստեղծուհի, սիոնիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի պարտիզանուհի, Իսրայելի ազգային հերոսուհի: Ծնվել և մեծացել է Հունգարիայում, ձուլված հրեական ընտանիքում: 18 տարեկանում գիմնազիան ավարտելուց հետո գնացել է Պաղեստին: Պատերազմի ժամանակ հրեա պարաշյուտիստների խմբի կազմում բրիտանական հրամանատարության առաջադրանքով ուղարկվել է գերմանական թիկունք: Ձերբակալվել և գնդակահարվել է նացիստների կողմից Բուդապեշտում: 1950 թվականին նրա աճյունը հանդիսավորությամբ վերաթաղվել է Իսրայելում: Հանա Սենեշի բանաստեղծությունները դարձել են իսրայելյան ժողովրդական բանահյուսության մասը, իսկ նրա կերպարը սրբացվել է հրեական ազգային ինքնագիտակցության մեջ:

Հանա Սենեշը ծնվել է Բուդապեշտում 1921 թվականի հուլիսի 17-ին գրական ավանդույթներ ունեցող հրեական ընտանիքում: Հայրը՝ Բել Սենեշը (ի ծնե անունը՝ Սամուիլ Շլեզինգեր, 1894-1927), եղել է գրող և դրամատուրգ: Հորեղբայրը՝ հունգար բանաստեղծ և թարգմանիչ Անդոր Սենեշը (1899—1935),եղել է գրող, դրամատուրգ և ... Ավելին

Դեկտեմբերի 18
Անարատ Յղութեան Հայ Քոյրերու Միաբանութիւն, հիմնուած Կ. Պոլիս 5 Յունիս, 1847, հիմնադիր՝ Անտոն-Պետրոս Թ. Հասունեան։

Հիմնադիր՝ Անտոն-Պետրոս Թ. Հասունեան, Կաթողիկոս-Պատրիարք Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ եւ առաջին հայ Քարտինալ՝ Տիեզերական Եկեղեցւոյ:1840-ական թուականներուն կը ծրագրէ հիմնել «Հաւատաւոր Կոյսերու» միաբանութիւն մը, որու հիմնական նպատակ էր դաստիարակել հայ համեստ դասակարգի իգական սեռի միտքն ու հոգին քրիստոնէական, մարդկային ու ազգային արժէքներով։ Այս բարենպատակ ու ազգօգուտ ծրագիրը կ’իրականացնէ գործակցութեամբ՝ Մայր Սրբուհի Հաճի-Անտոնեանի, որ իր կեանքը նուիրած էր բարեսիրական գործերու, եւ իբրեւ «տան մայրապետ»՝ զբաղած աղքատ փոքրիկներու կրթութեամբ։ 9 Դեկտեմբեր, 1847-ին, Մայր Սրբուհին չորս նուիրեալ քոյրերու հետ միասին կ’ուխտեն՝ հնազանդութեամբ, ողջախոհութեամբ եւ խոնարհ կեանքով նուիրուիլ Աստուծոյ ծառայութեան։ Այսպիսով սկիզբ կ’առնէ «Աստուածամօր Տունը»՝ Անարատ Յղութեան Հայ Քոյրերու Միաբանութիւնը:

Միաբանութիւնը ճանչցուած, վաւերացուած եւ հաստատուած է Հայ Կաթողիկէ Պատրիարքական Կոնդակով՝ 5 Յունիս, 1847-ին, իսկ Քահանայապետական Կոնդակով... Ավելին

Դեկտեմբերի 19
Ինֆանտա Իզաբելլա (1851–1931)
Ինֆանտա Իզաբելլա (1851–1931)

Իզաբելլա դե Բորբոն ի Բորբոն, առավել հայտնի որպես Լա Չատա, ծննդյան անունը՝ Մարիա Իզաբելլա Ֆրանսիսկա դե Ասիս Կրիստինա դե Պաուլա Դոմինգա դե Բուրբոն ի Բուրբոն (իսպ.՝ María Isabel Francisca de Asís Cristina de Paula Dominga de Borbón y Borbón, դեկտեմբերի 20, 1851, Մադրիդ, Իսպանիա - ապրիլի 23, 1931, Փարիզ, Ֆրանսիա), Իսպանիայի ինֆանտա, Իզաբելլա II թագուհու և Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոնի ավագ դուստրը, իսպանական գահի ժառանգորդուհի, Աստուրիայի արքայադուստր՝ 1851-1857 և 1874-1880 թվականներին։ Իր եղբոր՝ Ալֆոնսո XII-ի և զարմիկի՝ Ալֆոնսո XIII-ի թագավորության ժամանակ հայտնի անձ էր։ Համարվում էր իսպանական արքայական ընտանիքի ամենահայտնի անդամը։ Ջիջենտոյի կոմսի՝ արքայազն Գաետանո Բուրբոն Սիցիլիացու կինն էր։

Իզաբելլան ծնվել է 1851 թվականի դեկտեմբերի 20-ին Մադրիդում՝ արքայական ընտանիքում։ Իսպանիան կառավարող թագուհու՝ Իզաբելլա II-ի և թագավորի Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոնի երկրորդ երեխան էր։ Ամուսինների ավագ երեխան՝ Ֆերդինանդ արքայազնը մահացավ ծնվելուց անմիջապես հետոց։ Երկրորդ երեխայի ծննդին անհամբերությամբ էին սպասում, սակայն... Ավելին

Դեկտեմբերի 20
Դավիթ Վիլյա
Դավիթ Վիլյա

Դավիթ Վիլյա Սանչես (իսպ.՝ David Villa Sánchez, դեկտեմբերի 3, 1981, Լանգերո, Իսպանիա), իսպանացի հարձակվող, ով հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»: Հանդես է եկել «Բարսելոնայում» և Իսպանիայի ազգային հավաքականում: Վիլյան Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 59 գնդակով: Հավաքականի կազմում հանդես է եկել 2005-2014 թվականներին: Իր ֆուտբոլային կարիերայում նվաճել է հնարավոր բոլոր գավաթները: Դարձել է նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների չեմպիոն: Այդ մրցաշարերում դարձել է լավագույն ռմբարկու: Արժանացել է նաև «Don Balon» մրցանակին:

Դավիթ Վիլյան 1999 թվականին ընդունվել է «Սպորտինգ Խիխոնի» ակադեմիա: Երիտասարդ հարձակվողը մեկ տարի անց կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր իսպանական ակումբի հետ: 2000/01 մրցաշրջանում Վիլյան հանդես է եկել «Սպորտինգ B»-ում, որը հանդես է եկել Իսպանիայի երրորդ դիվիզինում: Հաջորդ մրցաշրջանում նա հանդես է եկել հիմնական թիմում, որը հանդես էր գալիս «Սեգունդայում», և դարձել է 18 գոլի հեղինակ: Հիմնական կազմում անցկացնելով երկու մրցաշրջան՝ մասնակցել է 65 խաղի և դարձել 25 գոլի հեղինակ:

2003 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Ռեալ Սարագոսա»: Իր դեբյուտը Իսպանիայի առաջնությունում նշել է «Դեպորտիվոյի» դեմ խաղում, որում... Ավելին

Դեկտեմբերի 21
«Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը» (անգլ.՝ Indiana Jones and the Temple of Doom) Սթիվեն Սփիլբերգի արկածային ֆիլմերից, հայտնի Ինդիանա Ջոնսի արկածների մասին պատմող երկրորդ ֆիլմը։ Հարավային Հնդկաստան գալուց հետո Ինդիանա Ջոնսը հանդիպում է հուսահատ գյուղացիների, ովքեր խնդրում են Ջոնսին գտնել առեղծվածային քարը և փրկել իրենց երեխաներին Տուգի պաշտանմունքից, որը զբաղվում էր երեխաների ստրուկությամբ, սև կախարդանքով և Կալի աստվածուհուն նվիրված մարդկային ծիսական զոհաբերությամբ:

Պրոդյուսեր և համահեղինակ Ջորջ Լուկասը որոշել էր ֆիլմի շարունակությունը անել այնպես, որ նացիստները կրկին չարագործներ չլինեն: Երեք մերժված սյուժետային մասերից հետո Լուկասը գրեց սցենարի կտոր, որը հիշեցնում էր ֆիլմի եզրափակիչ մասը: Լուկասը Լոուրենս Կասդանին, որը զբաղվել էր «Ինդիանա Ջոնս: Կորուսյալ տապանը որոնելիս» ֆիլմի սցենարով, հանձանարարեց զբաղվել ֆիլմի սցենարով, սակայն Կասդանը հրաժարվեց: Կասդանի փոխարեն որպես սցենարիստ ընտրվեցին Ուիլարդ Հայկը և Գլորիա Կացը: Նրանց սցենարի մի մասը կառուցած էր 1939 թվականի «Գանգա Դին» ֆիլմի հիման վրա:

Ֆիլմն ունեցել է ֆինանասական հաջողություն, բայց քննադատները հակասական կարծիքներ են հայտնել ֆիլմի մասին: Նրանք ֆիլմը քննադատել են դաժանության համար և դրա հետևանքով... Ավելին

Դեկտեմբերի 22
Լիեժական վաֆլի
Լիեժական վաֆլի

Բելգիական խոհանոց, Բելգիայի ազգային խոհանոց, որ ներառում է իր մեջ հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի միջնադարյան հրուշակային ավանդույթները: Այդ ժամանակ՝ որպես տնային ուտեստներ, ռեստորանային խոհանոցում իր մեծ ազդեցությունն ուներ ֆրանսիական խոհանոցը:

Բելգիացիներն իրենց նախընտրությունն են տալիս սեզոնային և տեղական մթերքին, որի պատճառով այսպիսի ոչ մեծ թագավորության տեղական խոհանոցներում նկատվում են որոշ տարբերություններ: Մերձափնյա շրջաններում գերիշխում են ձկով և այլ ծովամթերքով ուտեստները, իսկ Արդեններում ավելի հաճախ օգտագործվում է որսամիս: Իրար մեջ հակամարտող Ֆլանդրիայի և Վալոնիայի տեղական խոհանոցներն ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները:

Բելգիական խոհանոցը հայտնի է առաջին հերթին շոկոլադով, վաֆլիով, ֆրիով և գարեջրով:

Ժամանակակից մարդը բնակություն է հաստատել արդիական Բելգիայի տարածքում շուրջ 20 000 տարի առաջ: Կերակրվելու ամենակարևոր աղբյուրը եղել է որսը և հավաքչությունը: Մեր թվարկությունից 4000 տարի առաջ անտառները խիտ էին, որը խնդիր էր որսորդության համար: Այդ ժամանակ զարգացած էր ձկնորսությունը, և հենց այդ ժամանակ... Ավելին

Դեկտեմբերի 23
Գեորգիևյան խաչ
Գեորգիևյան խաչ

Ռազմական պարգևի տարբերության նշան, Սուրբ Գեորգիի շքանշանին պատկանող, թշնամու դեմ ցուցաբերած ռազմական վաստակների և համարձակության համար տրվող, ցածր աստիճանների պարգև: Ռազմական պարգևի տարբերության նշանը համարվում է զինվորների ու ենթասպաների բարձրագույն պարգև: 1917 թվականի հունիսի 24-ից կարող էր տրվել նաև անձնական համարձակության ցուցաբերման համար: 1913 թվականին ստացել է իր պաշտոնական անվանումը` Գեորգիևյան խաչ:

Մինչև 1913 թվականը, բացի պաշտոնական անվանումն ունեցել է նաև ուրիշ, ոչ պաշտոնական, անվանումներ` 5-րդ աստիճանի Գեորգիևյան պարգև, զինվորական Գեորգիևյան խաչ, զինվորական Գեորգի («Եգորի») և այլն:

Զինվորական պարգևի ստեղծման գաղափարը հայտնվել է 1807 թվականի հունվարի 6-ին Ալեքսանդր I-ին ուղղված գրությունում (հեղինակն անհայտ է), որտեղ առաջարկվում էր ստեղծել «5-րդ աստիճան կամ Սուրբ Գեորգիի շքանշանի հատուկ պարգև զինվորների և մյուս ցածր զինվորական աստիճանների համար, որը... Ավելին

Դեկտեմբերի 24
Ռոմարիո
Ռոմարիո

Ռոմարիո դե Սոուզա Ֆարիա (պորտ.՝ Romário de Souza Faria; հունվարի 29, 1966, Ռիո դե Ժանեյրո), բրազիլացի ֆուտբոլիստ՝ հարձակվող։ 1994 թվականին ստացել է աշխարհի չեմպիոնի մեդալը և ճանաչվել է աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թվականին Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցության կողմից ընտրվել է Ազգային կոնգրեսի ստորին պալատի անդամ։

Ռոմարիոն իր կարիերան սկսել է բրազիլական «Վասկո դա Գամա» ակումբում, և երբ նրան կանոնակարգը խախտելու համար աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ հեռացրել են Բրազիլիայի հավաքականից՝ նա դեռևս երիտասարդ հասակում ձեռք է բերել խիստ սկանդալային համբավ։

1988 թվականին Սեուլում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ ցուցադրեց փայլուն խաղ (Ռոմարիոն մեկական գոլ հեղինակեց նախ կիսաեզրափակչում, իսկ հետո եզրափակչում՝ ավելացված ժամանակում, սակայն եզրափակչում բրազիլացիները զիջեցին ԽՍՀՄ-ի հավաքականին), ինչից հետո տեղափոխվեց «ՊՍՎ»։ Այնտեղ նա ունեցավ լուրջ տարաձայնություններ մարզչի և խաղընկերների հետ, սակայն դա ամենևին չխանգարեց նրան, որպեսզի Նիդերլանդների առաջնության հինգ մրցաշարերում հեղինակի 98 գնդակ։ 1993 թվականի ամռանը... Ավելին

Դեկտեմբերի 25
Նեմեսիս
Նեմեսիս

Նեմեսիսի Գործողութիւնը Համաշխարհային Ա. պատերազմը վերջացաւ ի նպաստ դաշնակիցներուն, ուր պարտուած կեդրոնական պետութիւնները զինադադար պահանջեցին։ Թուրքիա 1918 Հոկտեմբեր 30-ին ստորագրեց դաշնակիցներուն հետ զինադադարի համաձայնագիրը։ Սակայն իթթիհատական կառավարութեան անդամները, խուսաբելով պատերազմին իրենց կատարած արարքներուն հետեւանքներէն, փախուստ տուած էին Պոլսէն եւ ապաստանած ուրիշ բարեկամ երկիրներու մէջ։

Հայերուն դէմ կատարուածներուն տպաւորութիւնները տակաւին թարմ ըլլալով դաշնակիցներու յիշողութեան մէջ, կը ստիպեն Պոլսոյ մէջ կազմելու զինուորական ատեան՝ պատերազմի ոճրագործները դատելու համար։ Այսպէս, քանի մը նիստերու ընթացքին կը դատուին իթթիհատ վէ թերաքքի կուսակցութեան շարք մը ղեկավարներ։ Մահուան կը դատապարտուին մեծ ջարդարարներ՝ Էնվեր, Ճեմալ, Թալէաթ եւ տոքթ. Նազըմ, որոնք բոլորն ալ արդէն փախուստ տուած կը գտնուէին այլ երկիրներու մէջ բնականոն կեանք մը ապրելու համար։

Սակայն մահապատիժի վճիռները եւ դատավարութիւնները ընդհանրապէս դժգոհութիւն կը յառաջացնեն թուրքերուն մէջ, եւ ... Ավելին

Դեկտեմբերի 26
Արթուր Բորուց
Արթուր Բորուց

Արթուր Բորուց (լեհ.՝ Artur Boruc, փետրվարի 20, 1980, Սելդցե), լեհ ֆուտբոլիստ, անգլիական «Բորնմութի» և Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահը:

Մինչև «Սաութհեմփթոն» տեղափոխվելը խաղացել է լեհական «Պոգոն», «Լեգիա» և «Դոլցան», շոտլանդական «Սելթիկ» և իտալական «Ֆիորենտինա» ակումբներում:

Լեհաստանի ազգային հավաքականում Արթուրը խաղացել է 58 խաղ, բաց թողել 62 գնդակ: Մունդիալ 2006և Եվրո-2008-ի խաղարկությունների մասնակից:

Արթուրը ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին լեհական Սեդլցե քաղաքում՝ նախկին հոկեյիստ Վլադիսլավի և տնային տնտեսուհի Յադվիգ Բորուցի ընտանիքում: Նրանից բացի ընտանիքում կար ևս մեկ որդի՝ Ռոբերտը, և երեք աղջիկ՝ Կատարժինան, Աննան և Պաուլինան: Բորուցի մանկությունը անցել է լեհ կարդինալ Ստեֆան Վիշինսկու պատվին անվանված Վիշինսկի փողոցի տանը: Փոքրիկ Արթուրի նման ֆուտբոլային նախասիրություն ուներ... Ավելին

Դեկտեմբերի 27
Մշակութային պաշտպանության տարբերանշան
Մշակութային պաշտպանության տարբերանշան

Մշակութային ժառանգություն, նախորդ սերունդների կողմից ստեղծված հոգևոր և նյութական մշակույթի այն մասը, որը դիմակայել է ժամանակի փորձությանը և փոխանցվել հետագա սերունդներին՝ որպես արժեք:

Չնայած այն հանգամանքին, որ «մշակութային ժառանգություն» հասկացությունը հարաբերականորեն երիտասարդ հասկացություն է, այնուամենայնիվ, այս երևույթի և հասկացության մեկնաբանման համար տարբեր մոտեցումներ են մշակվել բավական վաղ ժամանականերից սկսած: Առաջիններից մեկը, ով զբաղվել է մշակութային ժառանգության ուսումնասիրությամբ, ռուս գիտնական Էլեազար Բայլերն է: Նա մշակութային ժառանգությունը դիտարկել է փիլիսոփայական տեսանկյունից. «մշակութային ժառանգությունը կապերի, հարաբերությունների և նախորդ պատմական ժամանակաշրջանների հոգևոր վերարտադրության արդյունքների համախումբն է, իսկ ավելի նեղ իմաստով` նախորդ ժամանակաշրջանների մշակութային արժեքների համակարգ, որը յուրացվում և օգտագործվում է կոնկրետ ժամանակաշրջանի պատմական և հասարակական պահանջներին համապատասխան»: Այսինքն՝ Բալլերը մշակույթը դիտարկում էր որպես... Ավելին

Դեկտեմբերի 28
«Քերրի» (անգլ.՝ Carrie), ամերիկյան էպիսթոլարական ոճի սարսափ վեպ։ Սթիվեն Քինգի առաջին ստեղծագործությունը, որը լույս է տեսել 1974 թվականի ապրիլի 5-ին։ Այն վաճառվել է ավելի քան 30000 տպաքանակով։ Գիրքը պատմում է Քերրիետտա (Քերրի) Ուայթի մասին, ով սովորում է միջնակարգ դպրոցի ավարտական դասարանում և հաճախ է ենթարկվում համադասարանցների ծաղր ու ծանակին։ Հանկարծ նա իր մեջ բացահայտում է տելեկինետիկ կարողություններ, որոնց միջոցով ցանկանում է վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ծաղրել են իրեն։ Այս ամենը հանգեցնում է ամերիկյան պատմության ամենամեծ ողբերգություններից մեկին։ Այն ամենահաճախ արգելվող գրքերից է Միացյալ Նահանգների դպրոցներում։

Գրքի մեծ մասը գրված է էպիսթոլարական կառուցվածքով՝ օգտագործելով նիշքեր թերթերից, հոդվածներ ամսագրերից, նամակներ և գլուխներ գրքերից («Իմ անունը Սյու Սնելլ է»), որպեսզի պատմվի, թե ինչպես է Քերրին ավիրել Մենի Չեմբերլեյն քաղաքը, երբ վրեժ է լուծել իր դաժան դասընկերներից։

Քերրին ունի մի քանի տարբերակներ՝ 1976 թվականի ֆիլմը, որի ռեժիսորն է Բրայան դե Պալման, իսկ գլխավոր դերում՝ Սիսի Սփեյսեքը, 1988 թվականի Բրոդվեյան մյուզիքլը, 1999 թվականի ֆիլմի շարունակությունը՝ «Քերրի 2․ ցասում», 2002 թվականի հեռուստատեսային ֆիլմը և... Ավելին

Դեկտեմբերի 29
Լիվ Թայլեր
Լիվ Թայլեր

Լիվ Թայլերը (անգլ.՝ Liv Tyler, հուլիսի 1, 1977, Նյու Յորք) ամերիկացի դերասանուհի է և մոդել։ Իրական անունն է Լիվ Ռունդգրեն (անգլ.՝ Liv Rundgren)։ Նա Աերոսմիթ խմբի ղեկավար Սթիվեն Թայլերի և մոդել Բիբի Բյուելի դուստրն է: Թայլերը մոդելի կարերիան սկսել է 14 տարեկանում, իսկ մի տարուց քիչ անց նա որոշեց զբաղվել դերասանությամբ: «Լուռ աշուն» (1994) ֆիլմի դեբյուտից հետո նա նկարահանվեց ««Կայսրություն» անունով խանութը» (1995), «Ծանր» (1996) և «Այն, ինչ դու անում ես» (1994) ֆիլմերում:

Լիվին մեծ ճանաչում բերեց Բերնանդո Բերտոլուչիի «Գողացված գեղեցկություն» (1996) ֆիլմը, որտեղ նրա հերոսը պատանի աղջնակ էր, ով Իտալիայում այցելում էր իմ մահացած մոր նկարիչ ընկերներին: Դրանից հետո նա տարբեր դերերով հանդես եկավ «Էբոթների մտացածին կյանքը» (1997) և Ռոբերտ Ալտմանի «Ճակատագրի անիվը» (1999) սև կատակերգությունում:

Թայլերը միջազգային ճանաչում ստացավ «Մատանիների տիրակալ» (2001-2003) եռագրությունում էլֆուհի Արվենին մարմնավորելուց հետո: Նա նկարահանվել է մի շարք հանրահայտ ֆիլմերում, որոնցից են «Աղջիկը Ջերսիից» (2004), «Միայնակ Ջիմը» (2005), «Դատարկված քաղաքը» (2007) դրաման, հսկայաբյուջետ «Արմագեդոն» (1998), սարսափ ժանրի... Ավելին

Դեկտեմբերի 30
Յասպերսը գտնում է, որ առանցքային ժամանակն է սկիզբ դրել փիլիսոփայությանը՝ որպես ինքնուրույն գիտակարգի
Յասպերսը գտնում է, որ առանցքային ժամանակն է սկիզբ դրել փիլիսոփայությանը՝ որպես ինքնուրույն գիտակարգի

Առանցքային ժամանակ (գերմ.՝ Achsenzeit), եզրույթ՝ ներմուծված գերմանացի փիլիսոփա Կառլ Յասպերսի կողմից՝ մարդկային պատմության այն ժամանակահատվածի նշանակման համար, որի ընթացքում առասպելաբանական աշխարհայացքին փոխարինելու է գալիս ռացիոնալ-փիլիսոփայականը՝ ձևավորելով ներկայիս մարդուն: Առանցքային ժամանակը թվագրվում է մ.թ.ա. 800-200 թվականներին, երբ աշխարհի տարբեր մասերում՝ Հունաստան, Պաղեստին, Միջագետք, Հնդկաստան, Չինաստան, գրեթե միաժամանակ անցում եղավ մարդկության հոգևոր զարգացման բարձր աստիճանի՝ առասպելաբանական դարաշրջանից դեպի բարդ սոցիալական կառույցներ: Յասպերսի կարծիքով առանցքային ժամանակի բոլոր ուսմունքները (որոնք գոյություն ունեն մինչւ այժմ) տարբերվում են ռացիոնալիզմով և մարդու ձգտմամբ՝ վերաիմաստավորելու եղած ավանդույթները, նորմերը, սովորությունները: Նախաառանցքային որոշ քաղաքակրթություններ (Հին Եգիպտոս, Ասորա-բաբելոնական քաղաքակրթություն) չեն կարողացել հարմարվել փոփոխություններին և դադարել են գոյություն ունենալ:

«Առանցքային ժամանակ» հասկացությունը Յասպերսը ներմուծել է... Ավելին

Դեկտեմբերի 31
Ամանոր
Ամանոր

Ամանորը ամէնէն հին տօներէն մէկն է: Բոլոր ազգերու կողմէ կը նկատուի նաեւ ուրախութեան ու տօնախմբութեան կարեւոր օր: Շատ հին ժամանակներուն զանազան ազգեր, Ամանորը տարբեր ժամանակներու կը տօնէին եւ ունէին իրարմէ տարբեր աւանդութիւններ: Յունուար 1-ը, իբրեւ Ամանորի առաջին օր, շատ ուշ ընդհանրացած է:

Հին Եգիպտացիներու մօտ Նոր Տարին կը սկսէր Յուլիս 19-20- ին, Հռոմէացիներու մօտ՝ Մարտ 1-ին, Բիւզանդացիներուն՝ Սեպտեմբեր 1- ին, իսկ հայերը՝ տարբեր ժամանակներու ընթացքին կը տօնէին:

«Զի՞նչ է Կաղանդ եւ Կաղանդիքա»: Կաղանդ ամսամուտ է, իսկ Կաղանդիքա «նախասկզբնակ օր տարւոյն» գրած է Անանիա Շիրակացին` իր «Տիեզերագիտութիւնը եւ տոմար» գիրքին մէջ:

«Կաղանդ» բառը ծագած է լատիներէն «calendae» բառէն, որ հայերէնով ստացած է Նոր Տարուան առաջին օրուան նշանակութիւնը: Արդարեւ, Նոր Տարի հասկացողութիւնը կ'արտայայտուի նաեւ Կաղանդ բառով, այդ առիթով իրար շնորհաւորելու սովորութիւնը` կաղընդել, նուէրը` կաղըդնչէք, իսկ երգերը` կաղանդոս բառերով:

«Ամանոր» բառն ալ ունի իր տարբեր անուանումները` ամանորաբեր, տարեմուտ, տարեգլուխ, տարին գլուխ, տարենոր, նոր տարի, նորաբեր, նաւասարդ եւ ծաղկըմուտ:

Նախաքրիստոնէական շրջանին, Նոր Տարին հայկական տոմարի առաջին ամսուան անունով կոչուած էր... Ավելին

2015 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր