Հանա Սենեշ (հունգ.՝ Szenes Hanna, եբրայերեն՝ חנה סנש 17հուլիսի 17, 1921(1921-07-17)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - նոյեմբերի 7, 1944(1944-11-07)[1][2], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգար և հրեա բանաստեղծուհի, սիոնիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի պարտիզանուհի, Իսրայելի ազգային հերոսուհի[3]։ Ծնվել և մեծացել է Հունգարիայում, ձուլված հրեական ընտանիքում։ 18 տարեկանում գիմնազիան ավարտելուց հետո գնացել է Պաղեստին։ Պատերազմի ժամանակ հրեա պարաշյուտիստների խմբի կազմում բրիտանական հրամանատարության առաջադրանքով ուղարկվել է գերմանական թիկունք։ Ձերբակալվել և գնդակահարվել է նացիստների կողմից Բուդապեշտում[4]։ 1950 թվականին նրա աճյունը հանդիսավորությամբ վերաթաղվել է Իսրայելում։ Հանա Սենեշի բանաստեղծությունները դարձել են իսրայելյան ժողովրդական բանահյուսության մասը, իսկ նրա կերպարը սրբացվել է հրեական ազգային ինքնագիտակցության մեջ։

Հանա Սենեշ
Szenes Hanna
חנה סנש
Ծննդյան անունSzenes Anikó
Ծնվել էհուլիսի 17, 1921(1921-07-17)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 7, 1944(1944-11-07)[1][2] (23 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
ԳերեզմանMount Herzl Military Cemetery
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և Հատուկ գործողությունների գործակալ
Լեզուհունգարերեն
ՔաղաքացիությունՀունգարիա Հունգարիա Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ժանրերլիրիկա
ԿայքThe Hannah Senesh Legacy Foundation
 Hannah Szenes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագում խմբագրել

 
Հանայի ծնողները՝ Բելլան և Կատալին

Հանա Սենեշը ծնվել է Բուդապեշտում 1921 թվականի հուլիսի 17-ին, գրական ավանդույթներ ունեցող հրեական ընտանիքում[5]։ Հայրը՝ Բել Սենեշը (ի ծնե անունը՝ Սամուիլ Շլեզինգեր, 1894-1927), եղել է գրող և դրամատուրգ[6]։ Հորեղբայրը՝ հունգար բանաստեղծ և թարգմանիչ Անդոր Սենեշը (1899-1935), եղել է գրող, դրամատուրգ և բանաստեղծ-երգահան Իվան Սենեշի (1924-2010, նրա դուստրը՝ հեռուստահաղորդավար Անդրեա Սենեշն է) հայրը[7]։

Մայրը Կատալին Սենեշն է (հունգ.՝ Szenes Kató, ի ծնե՝ Կատալին Զալցբերգեր, 1896-1992), ծնվել է Արևմտյան Հունգարիայի Յանոշխազա գյուղակում[8][9]։ Նրա ծնողները Ֆալ Զալցբերգերը (ի ծնե՝ Յոզեֆինիա Ապֆել, 1867-1937) և Լեոպոլդ Զալցբերգերը (1851-1905) լավ կրթություն ստացած մարդիկ են եղել, հետաքրքրվել են երաժշտությամբ և գրականությամբ[9]։

Վիեննայում ուսումնառության ավարտից հետո, 1919 թվականին Կատալինն ամուսնացել է Բել Սենեշի հետ[10][11]։ Նրանք պատկանում էին միջին դասին, տուն ունեին Բուդապեշտում։ Նրանց Դյորդ (Գիորա) որդին ծնվել է Հանայից մեկ տարի առաջ, 1920 թվականին։ 1927 թվականի մայիսի 26-ին Բել Սենեշը սրտի նոպայից մահացավ, և Կատալինը երեխաներին միայնակ մեծացրեց[12][13]։ Յոզեֆինիան (տանը նրան «Ֆինա տատիկ» էին կոչում) ապրում էր Սենեշ ընտանիքի հետ միասին, և Հանան շատ կապված է եղել նրա հետ[12]։ Տատիկը մահացել է 1937 թվականի հուլիսի 28-ին[9]։

Մանկությունը Հունգարիայում խմբագրել

 
Հանան և Գիորա Սենեշը

Հանան բանաստեղծություններ սկսել է գրել 6[14] կամ 7 տարեկանում։ Տեղական թերթերից մեկը նրան անվանել է «հունգարական պոեզիայի մեծ հույսը»[15][16]։ 1934 թվականին, 13 տարեկանում Հանան սկսեց օրագիր պահել, որում գրում էր իր բանաստեղծությունները և կյանքի մասին դատողություններ[4]։ Մինչև 1939 թվականի ապրիլը նա գրում էր հունգարերեն, ապա՝ խառնիխուռն՝ եբրայերեն (իվղիթ) և հունգարերեն։ Պաղեստին տեղափոխվելուց հետո 1940 թվականի հուլիսին լիովին անցավ եբրայերենի։ Այդ նույն տարում երևան եկավ եբրայերեն առաջին բանաստեղծությունը։

Հանան օրագիրը վարեց մինչև 1943 թվականը։ Գերազանցությամբ ավարտելով տարրական դպրոցը՝ Հանան իգական գիմնազիա ընդունվեց, որտեղ երեխաների կրթության համար կաթոլիկները կրկնակի էին վճարում, քան լյութերականները, իսկ հրեաները՝ եռակի ավելի։ Հաշվի առնելով Հանայի գրական հատուկ տաղանդը՝ նրա համար վճարման զեղչ սահմանեցին։ 11 Տարեկանից Հանան առանձնանում էր նրանով, որ ընկերուհիներին օգնում էր պատրաստել դասերը, իսկ ապա զբաղվում էր ուսուցչությամբ[12][15]։

1937 թվականին նա ընտրվեց դպրոցի գրական խմբակի կազմում, սակայն աշակերտների, ովքեր կարծում էին, որ այդպիսի պաշտոն կարող է զբաղեցնել միայն քրիստոնյան, ճնշման տակ ընտրության արդյունքները չեղարկվեցին։ Դա նրա վրա ուժեղ ազդեցություն ունեցավ[4][12]։ Սեպտեմբերի 16-ին նա իր օրագրում գրում է[15]։

  Եթե ես մինչ այդ ընտրված չլինեի, ես ոչ մի բառ անգամ չէի ասի։ Բայց տվյալ դեպքում ինձ ուղղակիորեն վիրավորանք հասցվեց։ Ես որոշեցի այլևս չմասնակցել խմբակի աշխատանքներին և չհետաքրքրվել նրա գործերով  

1938 թվականին Գիորա Սենեշը մեկնեց Ֆրանսիա՝ Սորբոնում ճարտարագիտական բարձրագույն կրթություն ստանալու[17]։ Պլանավորվել էր, որ նա պետք է սովորի Վիեննայում, բայց այդ ժամանակ Ավստրիան օկուպացված էր նացիստների կողմից։ Հանան շատ է տխրում նրա մեկնելու պատճառով, բայց ամեն կերպ աջակցում է եղբորը։ Լինելով տակավին դեռահաս՝ Հանան կարդում էր դասական և ժամանակակից գրականություն և օրագրի մեջ գրառում էր իր տպավորությունները։ Մասնավորապես, նա կարդում էր Ս. Ցվայգ, Դոստոևսկի, Լ. Տոլստոյ, Տ. Մանն և հունգարական գրողների։ Միաժամանակ նա մտորում էր քաղաքականության և հրեա ժողովրդի ճակատագրի մասին։ Այդ մտորումները Հունգարիայում սաստկացող անտիսեմիտիզմի (հրեատեցության) մթնոլորտում բերեցին նրան, որ Հանան դարձավ համոզված սիոնիստ, սովորեցնում էր իվղիթ և մասնակցում էր հրեական հասարակական կազմակերպությունների գործունեությանը։ Հրեական պետության ստեղծման սիոնիստական գաղափարի իրականացումը դարձավ նրա կյանքի կարևորագույն գործը[12]։ Նրա համոզմունքների ձևավորման վրա ազդեցություն ունեցավ Բուդապեշտի գլխավոր ռաբունի Իմրե Բենոչովսկին։ Գիմնազիան ևս նա ավարտեց գերազանցությամբ և պատրաստ էր էմիգրանտվել[17]։ 1939 թվականի մարտին նա հրավեր ստացավ ուսումը շարունակելու Պաղեստինի գյուղատնտեսական իգական դպրոցում[4]։ 1939 թվականի հուլիսի 17-ին նա իր օրագրում գրում է.

  Երկրի վրա միայն մեկ տեղ կա, ուր մենք փախստականներ և էմիգրանտներ չենք։ Դա մեր տունն է՝ Իսրայելի հողը  

Պաղեստինում խմբագրել

 
Հանա Սենեշի ժամանումը Պաղեստին
 
Հանա Սենեշը գյուղատնտեսական դպրոցում

1939 թվականի սեպտեմբերի 19-ին տասնութ տարեկանում Հանա Սենեշը ինքնուրույն տեղափոխվեց Պաղեստին։ Սեպտեմբերի 21-ից նա սկսեց սովորել «Նահալալ» գյուղատնտեսական դպրոցում, ուսումնառությունը տևեց երկու տարի[4]։ Իվղիթով առաջին բանաստեղծությունը նա գրեց 1940 թվականին։

Նախկին կալանավոր Ֆերենց Պատակին հաստատում է, որ այդ ժամանակաշրջանում ինքն ապրել է Պաղեստինում և Հանայի հետ միասին սիրահարված են եղել միմյանց, սակայն Հանայի օրագրում դրա մասին փաստարկ չկա։ Վերջինս գրում է, որ իր ծանոթներից ոչ մեկի հանդեպ լուրջ զգացմունքներ չի տածում[18]։ Դպրոցն ավարտելուց հետո 1941[4] թվականի սեպտեմբերին Հանան միանում է կիբուցական շարժմանը՝ երիտասարդական Միացյալ կիբուց շարժման կազմում (հա-Կիբուց հա-Մեուհադ)[19]։

1941 թվականի դեկտեմբերի 22-ին նա դառնում է Կեսարիային կից Սդոտ-Յամ կիբուցի անդամ, ապրում և աշխատում է այստեղ մինչև 1943 թվականը։ Օրագրում նա նկարագրում է Պաղեստինի և տեղացի հրեաների հետ ծանոթության տպավորությունները, իր աշխատանքը կիբուցում։ Նրան վրդովվում են բրիտանական վարչակազմի կողմից Եվրոպայից եկած հրեա փախստականների հանդեպ՝ Պաղեստին մուտք գործելու համար ստեղծած խոչընդոտները։ Նա գրում է այդ քաղաքականության դեմ հրեա ազգաբնակչության ծավալած զանգվածային բողոքների մասին։

1942 թվականին Պաղեստինում լուրեր էին տարածվում Եվրոպայում հրեաների հանդեպ կատարվող դաժան բռնությունների մասին][5][20]։ Անհանգստանալով մոր համար՝ վերջինիս գրում է, որ նա, որքան հնարավոր է շուտ աշխատի Պաղեստին գալ[21]։ 1943 թվականի հունվարի 8-ին Հանան գրել է իր օրագրում.

  Հանկարծ իմ մեջ միտք ծագեց, որ ես պետք է վերադառնամ Հունգարիա և մնամ այնտեղ, որպեսզի օգնեմ «Ալիաթ հա-Նոար» կազմակերպությանը և մորս տեղափոխեմ Իսրայել  

Փետրվարին նա դառնում է հրեական ինքնապաշտպանական ռազմական Հագանա կազմակերպության անդամ և դիմում է ներկայացնում օկուպացված Եվրոպայում բրիտանական բանակի կողմից գերմանական թիկունք ուղարկվելիք պարաշյուտիստների ջոկատին կամավորագրվելու համար։ Այդ օպերացիան Հրեական գործակալության և բրիտանական հատուկ օպերացիաների վարչության համատեղ գործողությունն էր[4]։ Հունիսին Հանային կանչեցին Թել-Ավիվ՝ հարցազրույցի։ Հունիսի 12-ին նա դարձավ Մեծ Բրիտանիայի ռազմա-օդային ուժերի օգնական կանանց խմբի անդամ և ստացավ «Ագար» գաղտնի մականունը[21]։ 1943 թվականի աշնանը նա Ռամաթ հա-Քովեշ կիբուցում ռադիոհաղորդավարների (ռադիստ) արագացված դասընթաց անցավ, ապա՝ նաև մասնակցեց պարաշյուտային պատրաստվածության և զենքի տարբեր տեսակներ օգտագործելու դասընթացների[22][23]։ Այս դասընթացների արդյունքում նրան սպայական կոչում շնորհվեց[24]։

250 կամավորականներից ուսուցում անցան 110-ը, 37-ը՝ ընտրվեցին առաջադրանքներ կատարելու համար[25]։ Հանայից բացի, այդ խմբում ևս երկու կանայք կային՝ Հավիվա Ռայքը և Սառա Բրավերմանը[24]։

1944 թվականի հունվարին խումբը տեղափոխվեց Եգիպտոս՝ բրիտանական ռազմաօդային ուժերի մարզական բազա[26]։ Պարաշյուտիստներին պատրաստողներից մեկը՝ Ռեուվեն Դաֆնին, պատմում է, որ իրեն ապշեցրել է այն փաստը, որ խմբում աղջիկ կար և որ հենց վերջինս վարժանքների և ապա նաև Հունգարիայում եղած ժամանակ ողջ խմբին վարակել էր իրենց առաքելության հաջողության համոզմունքով։ Նրա խոսքերով, բրիտանացի և ամերիկացի հրահանգիչները ևս ապշած էին գերմանական թիկունք ուղարկվող խմբի կազմում Հանայի ներկայությամբ[27]։

Հանայի եղբայր Գիորան Փարիզից Պաղեստին ներգաղթեց 1944 թվականի փետրվարի 2-ին՝ Հանայի՝ հերթական վարժանքի նպատակով Եգիպտոս մեկնելուց մեկ օր և Եվրոպա ուղարկվելուց քիչ առաջ։ Դա նրանց վերջին հանդիպումն էր[4]։

Առաքելությունը Եվրոպայում և ձերբակալությունը խմբագրել

 
Հանան և Գիորա Սենշը Պաղեստինում (1944)

Նախապես պլանավորվել էր, որ Հանայի խումբը պետք է դեսանտ իջնի Հունգարիայում, բայց մարտի սկզբին՝ հաշվի առնելով մոտակա ժամանակներում գերմանացիների կողմից Հունգարիայի ենթադրվող բռնազավթումը։ Պլանները փոփոխվեցին. խումբը պետք է ցած իջներ Հարավսլավիա, ապա անցներ հունգարական սահմանը։ Նրան երկու հիմնական առաջադրանք ունեին. աշխատել բրիտանական հետախուզությունում և օգնել տեղի հրեաներին։ հետախուզական աշխատանքում նրանք պետք է պարզեին և հաղորդեին թշնամու մասին կարևոր տեղեկություններ և ազատեին գերի ընկած բրիտանացի օդաչուներին։ Բացի դա, նրանք պետք է փորձեին կազմակերպել հրեա ազգաբնակչության փրկության գործը։

1944 թվականին մարտի 11-ին Հանան մեկնում է Իտալիա, որտեղից մարտի 13-ին նա Ռեուվեն Դաֆնիի, Իոնա Ռոզենի և Աբա Բերդիչևի հետ պարաշյուտներով նետվում է Հարավսլավիայի տարածք՝ պարտիզան Իոսիլ Բրոզ Տիտոյի մոտ։ 1944 թվականի մարտի 15-17-ը Հունգարիայում տեղի ունեցած ֆաշիստական հեղաշրջման և մարտի 19-ին՝ բռնազավթման պատճառով սահմանային շրջանը զորքերի նշանառության տակ էր, և սահմանն անցնելու համար նրանք ստիպված եղան 300 կմ հեռավորության գտնվող այլ պարտիզանական ջոկատ մեկնել։ Ապրիլի կեսերին նրանց միացավ պարաշյուտիստներ Իոել Պալգին (Էմիլ Նուսսբահեր) և Գոլդշտեյն Պղպեղը։ Հանային հաջողվեց Հունգարիայում լինել միայն 3 ամիս անց[28][29][30][31]։

1944 թվականի նոյեմբերի 2-ին Հարավսլավիայում, պարտիզանական ջոկատում գտնվող բրիտանացի սպա Բիլլ Թոունը գրում է Երուսաղեմի իր ընկերներին.

  Ես ուրախ էի հանդիպել պաղեստինցի այդ երիտասարդ կնոջը, ով պարաշյուտով ցած իջավ Սլովենիայի մեր շտաբ-բնակարանի մոտակայքում... նա մեծ, քաջ աղջիկ էր, ինչպես ոչ ոք։ Եթե դուք իմանաք, թե նա երբ կվերադառնա, խնդրում եմ, փորձեք հանդիպել նրա հետ։ Նրան ուղեկցում էին երկու տղամարդիկ Պաղեստինից։ Ապրեն իրենք, նրանք ժամանակի մեջ կճանաչվեն մեծագույն հերոսներ  

Հասկանալով, որ պարտիզանները չեն կարող իրեն օգնել՝ մեկնելու Հունգարիա՝ հանան համոզեց երեք փախստականների (երկու հրեա և մեկ ֆրանսիացի)՝ իր հետ միասին վերադառնալ Հունգարիա։ Սահմանն անցնելուց հետո 1944 թվականի հունիսի 9-ին երկու հրեաները ուղևորվեցին հունգարական գյուղեր՝ հետախուզության, և բանտարկվեցին ժանդարմների կողմից, նրանցից մեկը գնդակահարվեց։ Գյուղի բնակիչները մատնեցին Հանային և ֆրանսիացուն։ Նրանցից մեկի մոտ ոստիկանները հայտնաբերեցին ականջակալներ, որից հետո Հանայի մոտ ռադիոհաղորդիչ գտան։

Հետաքննությունը, դատը և մահապատիժը խմբագրել

Սոմբատհեյի բանտից նրան ուղարկեցին Բուդապեշտի Խադիկ զորանոց, ուր տեղակայված էր ռազմական հակահետախուզությունը, իսկ հետո՝ Մարգիտ բուլվարի զինվորական բանտ։ Այստեղ Հանային ենթարկեցին հարցաքննության, ծեծի և կտտանքների՝ պահանջելով պատմել իր առաջադրանքների մասին և հայտնել հաղորդիչի կոդը։ Այդ ծեծերով և կտտանքներով զբաղվում էին հունգարական հետաքննիչները, իսկ գերմանացիները հիմնականում փորձում էին հոգեբանական ազդեցություն կիրառել։ Հանան իրեն քաջաբար դրսևորեց։ Չնայած խոշտանգումներին, նա չկորցրեց ոգու արիությունը։ Բանտում նա իվղիթի ինքնուսույց գրեց։

Հունիսի 17-ին Կատալին Սենեշին Հանայի հետ առերեսման բերեցին՝ պահանջելով ազդել դստեր վրա, որպեսզի վերջինս համագործակցի հետաքննության հետ։ Նույն օրը ձերբակալվեց նաև Կատալին Սենեշը. նրան մի քանի ամիս պահեցին նույն բանտում։ Հունիսի 23-ին Կատալինն իմացավ, որ Հանան գտնվում է իր կողքին[4]։ Հետագայում մայր ու դուստր կարողանում էին տեսնվել և շփվել։ Սեպտեմբերի 11-ին Հանային տեղափոխեցին Կոնտի փողոցի վրա գտնվող բանտը, իսկ սեպտեմբերի 13-ին Կատալինին բանտից տեղափոխեցին Բուդապեշտի արվարձանի Կիշտարչե համակենտրոնացման ճամբարը։ Սեպտեմբերի վերջին ճամբարը լուծարվեց, և բանտարկյալներին ազատ արձակեցին։ Հոկտեմբերի 12-ին Հանային օգնելու նպատակով Կատալինը վարձեց փաստաբան Անդոր Սելեչենին։ Նրա պաշտպանությամբ զբաղվում էր նաև փաստաբան Էնդրե Նանաին[12]։ Սելեչենին Կատալին Սենեշին վստահեցնում էր, որ Հանային բանտարկության երկարատև ժամկետ է միայն սպառնում, որը կարելի է չեղարկել հենց որ Հունգարիան անձնատուր լինի հանձակվող Կարմիր բանակի առջև։ Սակայն նրա ճակատագրում վճռորոշ դեր խաղաց Հունգարիայում հոկտեմբերի 15-16-ին տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որի արդյունքում իշխանության եկավ նացիստական «Խաչաձև նետեր» կուսակցությունը Ֆերենց Սալաշի գլխավորությամբ։

Դատը, որը կայացավ 1944 թվականի հոկտեմբերի 28-ին, Հանա Սենեշին մեղադրեց լրտեսության մեջ՝ հիմք ունենալով ռազմական հակահետախուզության տրամադրած փաստաթղթերը։ Մեղադրանքի համար հիմանական փաստարկը ռադիոհաղորդիչն էր, որը հայտնաբերվել է նրա մոտ ձերբակալվելիս։ Հատուկ տրիբունալը գլխավոր շտաբի ղեկավարությամբ, որի կազմի մեջ էին ռազմական իրավաբան կապիտան Դյուլա Շիմոնը և երկու սպաներ ոչ իրավաբանական կրթությամբ, 1939 թվականի «Ազգային պաշտպանության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն Հանային դատապարտեց մահապատժի։ Մեղադրանքը ներկայացրեց ռազմական իրավաբան Միխայ Կեչկեշը։ Պաշտպանական խոսքով հանդես եկավ Անդոր Սելեչենին։ Ներում շնորհելու առաջարկություն չեղավ։

Դատավճռի կայացումը հետաձգվեց 8 օրով։ Այդ ընթացքում մայրը՝ Կատալին Սենեշը, նոյեմբերի 1-ն, 2-ին և 3-ին փորձում էր հանդիպել Դյուլա Շիմոնի հետ, որպեսզի կարողանա հանդիպել Հանայի հետ։ Սակայն Դյուլա Շիմոնը այդ օրերին գտնվում էր Բուդապեշտում, և երբ նրանք վերջապես նոյեմբերի 7-ին հանդիպեցին, վերջինս հայտնեց, որ արդեն նոյեմբերի 6-ից Հանա Սենեշի գործը այլևս իր իրավասության ներքո չի։

Նոյեմբերի 7-ին պաշտպանության փոխնախարար և գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-գնդապետ ֆերենց Ֆեկետեխալմի-Ցեյդները և Հատուկ տրիբունալի ղեկավար փոխգնդապետ Լասլո Դյուրեն պաշտպանական կողմի բացակայությամբ հրապարակեցին դատավճիռը, և Հանան գնդակահարվեց հենց այդ նույն օրը, բանտի ներքին բակում։ Եղե՞լ է արդյոք դատավճռի պաշտոնական հրապարակումը թե՝ ոչ, հայտնի չէ, քանի որ ոչ մայրը, ոչ փաստաբանը որևէ կերպ տեղեկացված չեն եղել։ Զինվորական դատարանի փաստաթղթերը, իրավաբանների ձայնագրությունները և արխիվային թղթերը չեն պահպանվել։

Գնդակահարվելուց առաջ Հանային առաջարկվել է ներում հայցել և թույլատրվել է գրել երկու նամակ։ Ներում հայցել, ինչպես նաև գնդակահարման ժամանակ աչքերը կապել նա չի ցանկացել, բայց նամակներից մեկում՝ հասցեագրված ընկերներին, հորդորում էր

  Գնացեք առաջ, մի նահանջեք մեր ճանապարհից։ Պայքարեք մինչև վերջ, քանի դեռ չի եկել մեր ժողովրդի ազատության օրը, հաղթանակի օրը  

Դյուլա Շիմոնը Կատալին Սենեշին ասել է, որ նրա դուստրը « մինչև վերջին րոպեն պահպանեց բնավորության արիությունը և հաստատակամությունը»

Հունգարիայի ազատագրումից հետո խմբագրել

 
Հանա Սենեշի հուշարձանը կիբուցում

Այն բանից հետո, երբ 1945 թվականի գարնանը Կարմիր բանակը մտավ Բուդապեշտ, Կատալին Սենեշը սկսեց փնտրել դստեր գերեզմանը։ Հունգարական գրականության և մշակույթի մասնագետ դոկտոր Աննա Սալաին վստահեցնում է, որ «միայն մի գյուղացի գիտեր Բուդապեշտի հրեական գերեզմանատանը գտնվող Սենեշի գերեզմանի հստակ տեղը, և նա էլ մորը տարավ այդտեղ»։ Գտնելով Հանայի գերեզմանը՝ կատալին Սենեշը տեղի ճարտարապետին հուշարձան կանգնեցնել պատվիրեց։

1945 թվականի հուլիսին կենդանի մնացած պարաշյուտիստներից մեկի Իոել Պալգի[Ն 1] օգնությամբ Կատալին Սենեշը Ռումինիայով մեկնեց Պաղեստին։ Նա Պաղեստինում ժամանեց 1945 թվականի հոկտեմբերին։ Կատալինը մահացավ Իսրայելում 1992 թվականին, 96 տարեկանում՝ կյանքի վերջին տարիներն ապրելով տարեցների տանը[32]։ Գիորա Սենեշը ապրել է Իսրայելում, Հայֆում[33][34], ունի երկու որդի՝ Էյթանը և Դավիդը, և թոռնիկ՝ Դեգանիտը։ Գիորան մահացել է 1995 թվականին[35]։

Դյուլա Շիմոնի հետաքննությունը խմբագրել

Նրանք, ովքեր դատեցին Հանա Սենեշին, հետագայում ռազմական հանցագործության համար քրեական հետապնդման ենթարկվեցին։ Դրա համար ի սկզբանե հիմք հանդիսացավ համար 81/1945 (II. 5.) ME որոշումը, որով ստեղծվում էին բացառիկ հատուկ տրիբունալների կարգավիճակ ունեցող ժողովրդական դատարաններ։ Հետագայում այս որոշումը օրենքի ուժ ստացավ 1945 թվականին՝ որպես 7-րդ օրենքի համար 1 հավելված[36][Ն 2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հանա Սենեշի ընկերները և հարազատները նրա մահվան մեջ մեղադրեցին կապիտան, ռազմական իրավաբան Դյուլա Շիմոնին։ Ավելի ուշ առաջ եկավ նաև գնդապետ, ռազմական իրավաբան Յոժեֆ Բաբոշի պատասխանատվության հարցը։ Բայց քանի որ Հունգարիայի բռնազավթումից հետո նա անցել էր թոշակի, նրան պատասխանատվության ենթարկելու հարցը չեղարկվեց[37]։

Կատալին Սենեշը պահանջեց Դյուլա Շիմոնին քրեական պատասխանատվության ենթարկել[Ն 3]։ Բուդապեշտյան գլխավոր ոստիկանական վարչության քաղաքական բաժինը Կատալին Սենեշի հայտարարության հիման վրա Դյուլա Շիմոնին 1945 թվականի դեկտեմբերի 28-ին ձերբակալեց։

1946 թվականի վաղ աշնանը հրապարակված մեղադրական ակտի համաձայն ժողովրդական դատարանների մասին 11-րդ օրենքի 5-րդ պարագրաֆի և 2-րդ պարագրաֆի 2-րդ կետի հիման վրա Դյուլա Շիմոնը մեղադրվում էր ռազմական և հակաժողովրդական հանցագործություններում։

Մեղադրանքների շարքում նշվում էր, որ նա 1944 թվականի հոկտեմբերի 28-ին ղեկավարել է բրիտանական բանակի ավագ լեյտենանտ Հանա Սենեշի դատական գործընթացը և մասնակից է եղել միջազգային իրավունքի խախտմամբ մահապատժի դատավճռի կայացմանը։ Հետաքննության ընթացքում Դյուլա Շիմոնը ժխտում էր հանցագործությունները, որում իրեն մեղադրում էին։ Առաջին ատյանի դատարանը հակաժողովրդական հանցագործության գործով արդարացրեց Դյուլա Շիմոնին, բայց մեղավոր ճանաչեց ռազմական հանցագործությունների մեջ և ժողովրդական դատարանների մասին օրենքի 1-րդ պարագրաֆի 7-րդ և 8-րդ կետերի, 11-րդ պարագրաֆի «բ» կետի և Քրեական օրենսգրքի 92-րդ պարագրաֆի հիմքերով դատապարտվեց մեկ տարվա բանտարկության ինչպես նաև հինգ տարի ժամկետով զրկվեց քաղաքական և պաշտոն զբաղեցնելու իրավունքներից։ Դյուլա Շիմոնը բանտից ազատ արձակվեց 1946 թվականի սեպտեմբերի 21-ին՝ առաջին ատյանի դատարանի՝ վճռի կայացման օրը։ Ժամկետից շուտ ազատ արձակվելու պատճառը անհայտ է։

Վճռի հանդեպ դատախազը գանգատ ներկայացրեց, և գործը նորից անցավ դատական քննության, ընդ որում, պարզվեց, որ Հանա Սենեշի գործի դատավարական բնագիր փաստաթղթերը անհայտացել են, իսկ Դյուլա Շիմոնը դատարանի կանչերին սկսեց չներկայանալ։ Հանա Սենեշի մահապատժի հետ կապավծ ռազմական հանցագործության համար տրիբունալը հեռակա կարգով ժողովրդական դատարանների մասին օրենքի 11-րդ պարագրաֆի 5-րդ կետի հիման վրա Դյուլա Շիմոնին դատապարտեց յոթ տարվա բանտարկության՝ պաշտոնավարման և թոշակի, ինչպես նաև տասը տարով քաղաքական իրավունքի զրկմամբ։

Դյուլա Շիմոնը չբանտարկվեց ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո։ Վերջին անգամ նրան տեսել են Հունգարիայի Սոմբատհե կայարանում 1946 թվականի նոյեմբերի 25-ին։ Նրա հետախուզման վերաբերյալ վերջին գրառումը 1970 թվականի հոկտեմբերի 8-ին է։ Ռազմական գլխավոր դատախազությունը 1993 թվականի հունիսի 29-ին ժողովրդական դատարանի գործընթացի վերաբերյալ հարցում կատարեց, ենթադրաբար, նոր իրավաբանական գործընթաց սկսելու նպատակով։ Հավանաբար, Դյուլա Շիմոնը լքել էր Հունգարիան 1946 թվականի վերջին շաբաթվա մեջ, և, խուսփելով պատժից, մահացել է արտասահմանում։

Հանա Սենեշին Հունգարիայում արդարացնելու և պարգևատրելու հարցի մասին խմբագրել

Դաշնային վերահսկիչ հանձնաժողովի բրիտանական ներկայացուցչությունը Բուդապեշտում Հանա Սենեշի գործով պաշտոնապես 1945 թվականի մայիսի 3-ին դիմել է հունգարական Պաշտպանության նախարարությանը։ Այս կապակցությամբ, հանձնաժողովի՝ դեմոկրատական Հունգարիայի համար ունեցած վաստակի համար պարգևատրելու առաջարկի հիման վրա, Պաշտպանության նախարարության ղեկավարությունը 1945 թվականի հոկտեմբերի 4-ին առաջ քաշեց Նախարարների Խորհրդի կողմից ավագ լեյտենանտ Հանա Սենեշին (փաստաթղթում անունը սխալմամբ նշվել է Էթելկա) պահեստազորի կապիտանի կոչում շնորհելու հարցը։ Առաջարկը չքննվեց Նախարարների Խորհրդում, որովհետև հունգարական բանակում բացակայում էր պահեստազորի կապիտանի կանանց կոչումը։ Նոյեմբերի 30-ին կրկին առաջ բերվեց Հանա Սենեշի վաստակը ըստ արժանվույն գնահատելու և նրան պարգևատրելու առաջարկը։ Սակայն գործընթացն այդ ժամանակ վերջնականապես դադարեցվեց, և 1949 թվականի հոկտեմբերի 25-ին գործը փակվեց «Արդեն արդիական չէ» ծանոթագրությամբ։

Ավելին, Հանա Սենեշի մեղադրական դատավճիռը չեղարկվեց հունգարիայում կոմունիստական ռեժիմի ողջ ժամանակաընթացքում։ Միայն 1993 թվականի հուլիսին Իսրայելի կառավարության հարցմամբ հունգարական ռազմական տրիբունալը վերանայեց Հանա Սենեշի գործը։ 1993 թվականի նոյեմբերի 5-ին Թել-Ավիվում հանդիսության ժամանակ Հունգարիայի դեսպանը Հանա Սենեշի ընտանիքին փոխանցեց նրա ռեաբիլիտացիայի և բոլոր մեղադրանքները չեղարկելու մասին որոշումը։ Հանդիսությանը մասնակցում էր Իսրայելի պրիեմյեր-մինիստր Իցհակ Ռաբինը։

Գրական ժառանգությունը խմբագրել

Թեպետ բանաստեղծուհու ստեղծագործական ընթացքը շատ կարճ է եղել, բայց նրա բանաստեղծությունները լայն ճանաչում և հռչակ են ձեռք բերել Իսրայելում և[38], փաստացի, դարձել են ազգային ժողովրդական բանահյուսության մասը։ Առավել հայտնի բանաստեղծությունը՝ «Կեսարիայի ճանապարհին», (եբրայերեն՝ ‏הליכה לקיסריה‎‏‎‎‎ - Ալիխա լա-Կեսարիա) գրվել է 1942 թվականի նոյեմբերի 14-ին, ներառվել է իսրայելյան պոեզիայի քրիստոմատիայի մեջ[39][40]։ Այդ բանաստեղծության խոսքերով Դավիդ Զեէվին 1945 թվականին գրել է « Աստված իմ, Աստված իմ…» երգը (‏եբրայերեն՝ אלי אלי‏‎‎‎ Էլի, Էլի…)[41][42]:

Իվղիթ Գրադարձություն Թարգմանություն
אלי אלי Էլի, Էլի Աստված իմ, Աստված իմ
שלא יגמר לעולם Շէ լո յիգամէր լե օլամ Թող մնան ընդմիշտ
החול והים Ա խոլ վէ ա յամ Ավազ և ծով
רשרוש של המים Ռիշրուշ շէլ ա մաիմ Ջրի ճողփյունը
ברק השמיים Բէրակ ա շամայիմ Երկնային կայծակի փայլը
תפילת האדם Տֆիլատ ա ադամ Մարդու աղոթքը

Գրականագետ Շուլամիթ Շալիթը գրում է, որ «Է-լի, Է-լի» բառերին, որոնք կրկնվում են երգի սկզբում[43], «երաժշտություն նույնիսկ չի էլ պահանջվում, հնչյուններն՝ իրենք, հենց երաժշտություն են…» և որ «ռիշտուշ շել ա-մաիմ»-ի (ռիշռուշ՝ խշշոց, շշուկ) անսպասելի համադրությունը՝ օգտագործված ոչ թե ծառերի և տերևների, այլ՝ ալիքների համար, «ծով վերադարձող ջրի, գետաքարերի խշշոցի շոշոփելի զգացողություն է հաղորդում… Այդ հնչյունը, այդ հրաշքը ռուսերեն թարգմանությամբ ոչ ոքի չի հաջողվում փոխանցել…»: 2009 թվականին անցկացված հետազոտության արդյունքներ ցույց տվեցին, որ Իսրայելում սա Հոլոքոստի մասին ամենատարածված երգն է[38]։

 
«Օրհնված լուցկի» բանաստեղծությունից

1944 թվականի գարնանը Հարավսլավիայում, պարտիզանական ջոկատում Հանան ծանոթացել էր մի հրեա աղջկա հետ, ում մազերը ամբողջությամբ ճերմակել էին իր ապրումներից։ «Օրհնված լուցկի» (եբրայերեն՝ ‏אַשְׁרֵי הַגַּפְרוּר‏‎‎‎,‎ Աշրեյ հա-գաֆրուր) բանաստեղծությունը, որը ևս Իսրայելում տարածված երգ դարձավ, նա ձոնել է այդ աղջկան։

Իվղիթ Գրադարձություն Թարգմանություն
אַשְׁרֵי הַגַּפְרוּר שֶׁנִּשְׂרַף Աշրեյ հա Գաֆրուր շե նիսրաֆ Օրհնված լուցկին, որը վառվեց
וְהִצִּית לֶהָבוֹת, Վե հիցիտ լեավոտ Եվ կրակ վառեց
אַשְׁרֵי הַלְּהָבָה שֶׁבָּעֲרָה Աշրեյ հա լեավա շե բաարա Օրհնված վառվող կրակը
בְּסִתְרֵי לְבָבוֹת Բեսիտրեյ լևավոտ Սրտերի խորքում
אַשְׁרֵי הַלְבָבוֹת שֶׁיָדְעוּ Աշրեյ հա լևաոտ շե յադու Օրհնված սիրտը, բանիմաց, ինչպես
לַחְדֹל בְּכָבוֹד… Լահդոլ բե կաոդ Կանգ առնելուն արժանի
אַשְׁרֵי הַגַּפְרוּר שֶׁנִּשְׂרַ Աշրեյ հա գաֆֆուր շե նիսրաֆ Օրհնված լուցկին, որը վառվեց
וְהִצִּית לֶהָבוֹת Վե հիցիտ լեավոտ Եվ կրակ վառեց
Իվղիթ Գրադարձություն Թարգմանություն
אחד - שנים - שלשה… שמונה האורך Էհադ Շնաիմ Շլոշա շմոնա հա օրեհ Քայլ, երկու, երեք… ութերորդը երկարությամբ
- שני צעדים הוא רוחב הצלע Շնեյ ցեադիմ հու րոհավ հա ցելա Երկուսը լայնությամբ, ահա սահմանները
.החיים מרפרפים בסימן שאלה Հա հայիմ մերաֆրեֆիմ բե սիման շէլա Իմ կյանքը կախված է մազից և ձգվում է
אחד - שנים - שלשה … אולי עוד שבוע Էհադ Շնաիմ Շլոշա Ուգլայ օդ շավու Մեկ օր, երկու, երեք… դե, մեկ շաբաթ, միգուցե
.או סוף הירח ימצאני פה עדיין Օ սոֆ հա յերահ յիմցեզնի պո ադաին Հուլիս ամիսը ինձ այստեղ գտնի
.אך ממעל לראשי - האין Ահ մի մաալ լե րոշի հա աին Չգոյություն՝ քունքերում։ Վրա է հասնում դատարկությունը
כעת בחודש יולי בת כ"ג אה Կա էտ բա հոդեշ յուլի բատ կաֆ գիմել էհի Հուլիսին ես կդառնամ քսաներեք տարեկան
במשחק נועז עלי מספר עמדתי Բե միսհակ նօազ ալայ միսպար ամադտի Ես խիզախորեն համարաձակ խաղի եմ գնացել, եղել է
.הקוביה כרכרה, הפסדתי Հա կուբիյա կիրկերա հիֆսադտի Զառը կենտ է ընկել, և ես պարտվել եմ

Հանա Սենեշի գրական ժառանգությունը կազմում է 40-ին հասնող բանաստեղծությունները, օրագիրը, որը նա գրեթե տասը տարի վարել է, «Ջութակ» պիեսը, հոդվածների և հրապարակային ելույթների շարքը։ Հանա Սենեշի բանաստեղծությունները ներառված են ոչ միայն Իսրայելի, այլ նաև հրեական Սփյուռքի դպրոցական ծրագրերում[44]։ Փիլիսոփա և գրականության պատմաբան Գալինա Պոդոլսկայան գրում է, որ[45]

  Հանա Սենեշը հրեական պոեզիայում մնաց որպես «հարազատ դեմքի լույս, «մեր կրակե դարը», մարդկային հղկված կերպար…  

Հիշատակը խմբագրել

 
Հանա Սենեշի աճյունի վերաթաղման արարողությունը (1950)
 
Հուշակոթող Բուդապեշտում

Հանա Սենեշը Իսրայելի ազգային հերոսուհի է[46], երբեմն նրան «իսրայելական Ժաննա դը Արկ» են անվանում[47]։ Հանա Սենեշի անվամբ է կոչվում Սամարիայի սահմանին կից գտնվող կիբուցը, մի շարք քաղաքների փողոցներ և այլ օբյեկտներ[48]։ Մինչ Իսրայելի պետության կազմավորումը, նրա անունն էր կրում այն նավը, որը անլեգալ հրեա փախստականներին հասցրեց Պաղեստին[49][50][51]։ Նրա «Էլի, Էլի» բանաստեղծությունն անգիր գիտի իսրայելացի յուրաքանչյուր դպրոցական[52]։

1950 թվականին Հանա Սենեշի աճյունը տեղափոխվեց Իսրայել և զինվորական պատիվներով վերաթաղվեց Իսրայելի Հերցլ սարի վրա։ 2007 թվականի նոյեմբերի 7-ին, մահից 63 տարի անց, Բուդապեշտի հրեական գերեզմանատնից Հանա Սենեշի հուշարձանը ևս տեղափոխվեց Իսրայել։ Սդոտ-Յամ կիբուցում հուշարձանի տեղադրամն արարողությանը մասնակցել են նաև Հանային եղբորորդիներ Դավիդ և Էյթան Սենեշները, ինչպես նաև Իսրայելի կառավարության անդամ Ամի Այալոնը, ում քեռին՝ Իոնա Ռոզենը Հանա Սենեշի հետ միասինԵվրոպայում մասնակցել էր դեսանտային օպերացիային[53]։

Սդոտ-Յամ կիբուցում ստեղծվել է «Հանա Սենեշի տուն-թանգարանը», որը ազգային պատմա-մշակութային «Ժառանգություն» նախագծի մաս է կազմում և ֆինանսավորվում է Իսրայելի կառավարության կողմից[54][55]։ Թանգարանը տարեկան 15 հազար այցելու է ընդունում։ 2010 թվականի հոկտեմբերի 13-ին Նյու Յորքի Հրեական ժառանգության թանգարանում Հանա Սենեշին նվիրված էքսպեզիցիա բացվեց, որտեղ առաջին անգամ նյութեր ներկայացվեցին նրա անձնական արխիվից. այդ նյութերը թանգարանին ի պահ էին տվել նրա եղբորոդիները[34][56]։

Հայրենիքում Հանա Սենեշի անունը կրող դպրոց և այգի (հունգ.՝ Szenes Hanna Park) կա Բուդապեշտում։ Այգում հուշարձան է տեղադրված։ Հանա Սենեշի անունն է կրում նաև Բրուկլինում (Նյու Յորք) գտնվող հրեական մասնավոր դպրոցը[57]։

2010 թվականի սեպտեմբերի 2-4Բուդապեշտում կայացավ իսրայելացի և հունգարացի պարաշյուտիստների համատեղ ցուցադրական ելույթներ՝ ի հիշատակ Հանա Սենեշի։ Այս կապակցությամբ հանդիսավոր ընդունելությանը մասնակցություն ունեցավ Հանայի հորեղբոր տղան՝ գրող և կոմպոզիտոր Իվան Սենեշը[Ն 4]։ Հանա Սենեշի սխրանքը շուտով, Իսրայել պետության ստեղծումից հետո, մտավ դպրոցական ծրագրերի մեջ, ընդ որում՝ ոչ միայն երկրում։ Հանա Սենեշի՝ արձակագիր կենսագրությունը երեխաների համար եբրայերեն գրվել է Ահարոն Մեհեդի կողմից 1957 թվականին (նախատեսված է Կանադայի հրեական դպրոցների համար, գերմանական խմբի հրեերեն՝ իդիշ թարգմանությամբ հրապարակվել է Մոնրեալում 1969 և 1972 թվականներին)[58][59]։

Համանման հրապարակումներ իդիշով եղել են նաև հրեական սփյուռքի դպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում։ Օրինակ՝ Արգենտինայում (1948), ԱՄՆ (1954) և Մեքսիկայում (1960)[60]։ Հանա Սենեշի կենսագրությունը հետագայում ներկայացվել է ԱՄՆ-ի պետական դպրոցների հանրակրթական ծրագրերում և այդ նպատակով հրապարակվել է դպրոցական գրադարանային շարքով[61]։

Մշակույթում խմբագրել

Հանա Սենեշի մասին շատ գրքեր են գրվել, այդ թվում[62][63]՝ երեխաների և դեռահասների համար (ներառյալ՝ նաև կոմիկսներ)[64][65], բեմադրվել են մի շարք թատերական ներկայացումներ և նկարահանվել են մի քանի ֆիլմեր։ Նա հիշատակվում է շատ ստեղծագործություններում, մի քանի բանաստեղծներ նրան ստեղծագործություններ են ձոնել[66]։

«Հանա Սենեշ. կյանքը, առաքելությունը և հերոսական մահը» գիրքը, ներառյալ նրա օրագիրը, նամակները և գրական ժառանգությունը, ինչպես նաև նրա մասին հոդված-հիշողություններ՝ կազմված նրան կիբուցից անձամբ ճանաչող պատմաբան Մոշե Բրեսլավսկու կողմից, առաջին անղամ իվղիթով լույս են տեսել 1946 թվականին։ Այդ ժամանակից ի վեր գիրքը վերահրատարակվել է տասը անգամ, թարգմանվել է հունգարերեն (1954), իսպաներեն (1966), անգլերեն (1971)[67], ռուսերեն (1975) և այլ լեզուներով[49]։ Արդեն 1948 թվականին Բուենոս-Այրեսում իդիշով հրապարակվեց չիլիացի գրականագետ Պինհոս Բիցբերգի « Հանա Սենեշ, հրեա հերոսուհի» դրաման։ Սդոտ-Յամ կիբուցից հերոսուհուն ճանաչող Ահարոն Մեհեդի «Հանա Սենեշ» փաստագրական պիեսը (1958) հրապարակումից մեկ տարի անց իդիշով բեմադրվեց Մոնրեալում ռեժիսոր Դորա Վասսերմանի կողմից«Dora Wasserman (1919-2003) - Grande Dame of Montreal Theatre». The Montreal International Yiddish Theatre Festival (անգլերեն). The Segal Centre for Performing Arts. 2009. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.</ref>։ 1979 թվականին Հանա Սենեշի սխրանքի մասին երաժշտական ներկայացում բեմադրվեց՝ «Թևեր» (բառերը՝ Իսրայել Էլիրազի, երաժշտությունը՝ Մարկ Կոպիտմանի)։ 1986 թվականին Կատալին ու Գիորա Սենեշները ներկա գտնվեցին Դավիդ Շեխտերի՝ Հանային նվիրված պիեսի պրեմիերային։ Նրա դերը խաղում էր ամերիկյան դերասանուհի Լորի Վիլները։ 1988 թվականին իսրայելացի ռեժիսոր Մենահեմ Գոլանը նկարահանեց լիամետրաժ «Հանայի պատերազմը» կինոդրաման։ Հանա Սենեշի դերը խաղում էր հոլիվուդյան դերասանուհի Մարուշկա Դետմերսը[68][69]։

1944 թվականին Գիորա Սենեշը դիմեց Իսրայելի Վերին դատարան՝ պահանջելով Ռուդոլֆ Կաստների մասին պատմող հեռուստատեսային երեքսերիանոց ֆիլմից հեռացնել սուտ և Հանայի հիշատակը զրպարտող ակնարկը, թե վերջինս տեղի ոստիկանությանն է մատնել իր երկու ընկերներին։ Դատարանը, խոսքի ազատության սկզբունքի հիման վրա, մերժեց բավարարել հայցը[32][70][71]։ Սակայն ռադիոյի և հեռուստաարձակման Վարչությունը ֆիլմից հանեց տվյալ ակնարկ-հատվածը[72]։

2008 թվականին ռեժիսոր Ռոբերտ Գրոսսմանը (ԱՄՆ) նկարահանեց «Օրհնված լուցկի. Հանա Սենեշի կյանքն ու մահը» (անգլ.՝ Blessed Is the Match: The Life and Death of Hannah Senesh, Հանա Սենեշի՝ Հարավսլավիայում գրած բանաստեղծության «Օհնված լուցկի…» տողին համահունչ) վավերագրական ֆիլմը, որի հիմքում ընկած էր Հանայի և իր մոր նամակագրությունը։ Հանայի դերը խաղում էր Մերի Ռոտը, կատալինի դերը՝ Մարինա Նոենկովան[73]։

Հանա Սենեշի կերպարը հրեական ազգային ինքնագիտակցության մեջ խմբագրել

Ժամանակակից մի շարք հետազոտողներ կարծում է, որ Իսրայելում և սիոնիստական շարժման մեջ ազգային ինքնագիտակցությունը նույնականացվում է Հանա Սենեշի կերպարի հետ՝ զոհված հրեա յոթ պարաշյուտիստների մեջ միակը ենթամանդատային Պաղեստինից[74][75][76]։

Հանա Սենեշի հերոսական կերպարը կարևոր դեր խաղաց 1950-ականների ԱՄՆ-ի հրեական կրթական ոլորտում։ Մասնավորապես, 1955 թվականին Նյու Յորքի կրթության հրեական կոմիտեն ամառային ճամբարների համարՀոլոքոստի թեմայով երեք գիրք ներկայացրեց՝ Հանա Սենեշի, Վարշավյան գետտոյի ապստամբության և հրեաների՝ դեպի Պաղեստին անլեգալ ներգաղթի մասին։ Այդ ժամանակվա ուսումնական նյութերը ընդգծում էին հրեաների հերոսականությունը և նրանց՝ նացիստների դեմ պայքարելու ձգտումները[77]։

Մեկնաբանելով Հանա Սենեշի կերպարի ակտիվ ժողովրդականացումը՝ իսրայելական պատմաբան Յեհիամ Վայցը կարծում է, որ դա կապված է իշուվների՝ նացիզմի դեմ մղած պայքարում ունեցած ներդրումը ի ցույց դնելու անհրաժեշտությամբ։ Դա հանգեցրեց այն բանին, որ Հանա Սենեշի անունը ավելի շատ է հայտնի Իսրայելում, քան գետտոյի այնպիսի ընդհատակյա գործիչների, ինչպիսիք էին Ցավիա Լյուբետկինը, Հայկա Գրոսսմանը և Ռուժկա Կորչակը։ Թել-Ավիվի համալսարանի հրեական գրականության ամբիոնի ղեկավար Դան Լաորը գրում է, որ Հանա Սենեշի հերոսական կերպարը նպատակաուղղված է կերտվել՝ ի հակադրություն հրեա զանգվածների պասիվ ռեակցիայի և «սփյուռքի ժխտման»[78]։ Նա միաժամանակ ուշադրություն է դարձնում Կաստների[Ն 5] մասին պատմող հեռուստատեսային պիեսի շուրջ ծավալաված կոնֆլիկտին, ուր տեղ էին գտել Սենեշի մասին սխալ և զրպարտիչ փաստեր. այս կոնֆլիկտը նա դիտարկում է որպես բախում եվրոպական հրեաների աղետի հերոսականացմանը միտված սկզբունքային տարբեր մոտեցումների։ Բար-Իլանի համալսարանից պատմաբար Ջուդի Թայդոր Բաումելը, ուսումնասիրելով Իսրայելում Հանա Սենեշի հերոսականության օգտագործումը ազգային կոլեկտիվ հիշողության ձևավորման մեջ, հերոսուհու կերպարի նույնականացման մի քանի փուլ է տարբերակում։ Ենթամանդատային Պաղեստինում Հանա Սենեշի և մյուս պարաշյուտիստների սխրանքի մասին իմացան 1945 թվականի գարնանը։ Սկզբնապես նրանց հիշատակը հավերժացվում էր կիբուցներում և այն քաղաքական կազմակերպություններում, որոնց անդամ էին եղել նրանք մինչև առաջադրանքի ուղարկվելը։ Միայն Իսրայելի պետականության ձևավորումից հետո փորձեր արվեցին համազգայնացնելու զոհված պարաշյուտիստների հիշատակը։ Դրանով հանդերձ, Հանա Սենեշի հիշատակի պաշտամունքը, չնայած ոչ վաղ տարածվածության, ձևավորվեց որպես իշուվների (նույնիսկ՝ սաբրերի) հերոսականության օրինակ՝ առանց Հոլոքոսի հետ կապելու։ Միայն, երբ 1950-ական թվականների վերջերից երկրում աստիճանաբար սկսեց փոխվել Հոլոքոստի հանդեպ երկակի վերաբերմունքը, Հանա Սենեշի կերպարը որոշակիորեն սկսեց դիտարկվել ինչպես իսրայելական, այնպես էլ համահրեական հերոսականության ենթատեքստով[75]։ Ինչպես նշում է Ռութի Գլիկը (նույնպես Բար-Իլանի համալսարանից)՝ չնայած Հանա Սենեշի սխրանքի լիակատար թվացող նույնականացմանը, նրա օրագրերն ու նամակները մինչև այժմ լիարժեք թարգմանված չեն իվղիթով և հրապարակվում են կրճատումներով։ Այսպես, նոր հայրենիքում հարմարվելու և նոր մշակութալեզվաբանական միջավայրին ինտեգրվելու մասին պատմող պասաժները դեռևս իվղիթով են[76]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. «Еврейские партизаны». Американский мемориальный музей Холокоста. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 «Timeline». Fire In My Heart (անգլերեն). Музей еврейского наследия — выставка, посвящённая Хане Сенеш. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Life Story» (անգլերեն). The Hannah Senesh Legacy Foundation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. Varjas B. (1945). «Magyar Könyvszemle» (PDF) (հունգարերեն). Magyar Nemzeti Múzeum. էջեր s. 6. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «Szenes Andrea show» (հունգարերեն). andi.hu — сайт Андреа Сенеш - племянницы Ханы. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  8. Jánosháza // Memorial Book of Vas County (Hungary) / Judy Petersen. — Tel Aviv: Vas Commemorative Committee, 1963. — 214 p.
  9. 9,0 9,1 9,2 О нашей семье // Хана Сенеш. Жизнь, миссия и героическая смерть / Пер. c ивр. А. Белова и И. Лапидота. — Библиотека Алия, 1975. — С. 115-125.
  10. David Alster Yardeni. (1987 թ․ մայիսի 7). «Katherine Szenes». Women of Valor: Partisans and Resistance Fighters (անգլերեն). Women and the Holocaust. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
  11. Pécsi T. Boldog a gyufa lángja - Szenes Hanna világító példája(հունգարերեն) // HETEK. — 10.09.2010. — В. XIV/36.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Моя дочь Анико // Хана Сенеш. Жизнь, миссия и героическая смерть / Пер. c ивр. А. Белова и И. Лапидота. — Библиотека Алия, 1975. — С. 302-384.
  13. «Szenes Béla» (հունգարերեն). www.szineszkonyvtar.hu. 2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. Whitman, 1986, էջ 14
  15. 15,0 15,1 15,2 Сенеш Х. (1934-1937). «Детство в диаспоре». Дневник. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. «Хана Сенеш». Ивритская литература 20-го века в переводах на русский язык. RJews.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  17. 17,0 17,1 Whitman, 1986, էջ 16
  18. Szegő P. «Szenes Hanna volt a nagy szerelmem»(հունգարերեն) // Szombat. —Budapest, 2008.
  19. Сенеш Х. (1941). «1941». Дневник. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 25-ին.
  20. Whitman, 1986, էջ 18
  21. 21,0 21,1 Сенеш Х. (1943). «Письма». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  22. Baumel-Schwartz, 2010, էջ 13-14
  23. Wisenberg S. L.. Holocaust Girls: History, Memory, & Other Obsessions. - Lincoln, NE: University of Nebraska Press, 2002. - P. 95.
  24. 24,0 24,1 Cosner S., Cosner V. Women Under the Third Reich: A Biographical Dictionary. — Greenwood Press, 1998. — P. 156-157. — 203 p. — ISBN 9780313303159
  25. «Jewish parachutists from Palestine». Энциклопедия Холокоста (անգլերեն). Американский мемориальный музей Холокоста. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  26. Rochelle Mass. Hannah Senesh (Szenes) World Zionist Organization (29 - Apr - 2003)
  27. Дафни Р. Миссия. К последней черте // Хана Сенеш. Жизнь, миссия и героическая смерть / Пер. c ивр. А. Белова и И. Лапидота. — Библиотека Алия, 1975. — С. 283-301.
  28. Atkinson, 1992, էջ 132
  29. Hecht Ben. Perfidy, first published by Julian Messner, 1961; this edition Milah Press, 1997, P. 118-133. Hecht cites Bar Adon, Dorothy and Pessach. The Seven who Fell. Sefer Press, 1947, and «The Return of Hanna Senesh» in Pioneer Woman, XXV, № 5, May 1950.
  30. Biss A. Der Stopp der Endlösung. — Seewald, 1966. — P. 115. — 357 p.
  31. Tydor Baumel J. What did really happen in Hungary?(անգլ.) // Haaretz. — 13.06.2003.
  32. 32,0 32,1 שמואל אדלמן. (10.11.2004). «אשת חיל» (եբրայերեն). Седьмой канал. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  33. Whitman, 1986, էջ 11
  34. 34,0 34,1 Бакулина С. (13.10.2010). «Архив Ханы Сенеш приютили в Нью-Йорке». Jewish.ru. ФЕОР. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  35. «Artifact Exploration». Fire In My Heart (անգլերեն). Музей еврейского наследия — ролик «Photograph of last meeting of Hannah Senesh and her brother Gyuri (Giora)» на сайте выставки. 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  36. «1945. évi VII. törvény» (հունգարերեն). 1000 év törvényei. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.(չաշխատող հղում)
  37. Исторический архив государственных служб безопасности (дальше: ÁBSZTL), папки номер V-85325, V-85325/1, V-87992/1, V-90546, V-101594/1; последняя папка - это копия, оригинал уничтожили в 1989 г. BFL VII. 5.e-1950, номер дела 3006, XXV. 1.a-1946, XXV. 2.b.-1945, номер дела 81/1945. 11. 5.
  38. 38,0 38,1 יונתן הללי. השיר המושמע ביותר ביום השואה: "הליכה לקיסריה" של חנה סנש(եբրայերեն) // Маарив : газета. — 21.4.2009.
  39. Whitman, 1986, էջ 23
  40. «Freedman Catalogue lookup: artist Senesh, Chana». Digital.library.upenn.edu (անգլերեն). University of Pennsylvania. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  41. «Хана Сенеш (1921-1944) - героическая дочь еврейского народа и одарённая поэтесса». sem40. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  42. «Дорога в Кейсарию (Эли, Эли… - О, Бог, мой Бог…)». Журнал «Самиздат». 6 июля 2003. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  43. «Шуламит Шалит». Заметки по еврейской истории. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.
  44. Журина М. А., Грузман И. В. Учебная программа Еврейская литература I-XI классы / Мин-во образ. Республики Беларусь. — Минск: Нац. ин-т образования, 2010. — С. 16. — 35 с.
  45. Подольская Г. Г. (август 2000). ««Да славится пламя, чья пламенность в сердце вошла»». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 4-ին.
  46. «Священник пролил свет на судьбу еврейской героини». MIGnews.com. 23.07.2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  47. Matheson L. M. Icons of the Middle Ages: Rulers, Writers, Rebels, and Saints: Rulers, Writers, Rebels, and Saints. — ABC-CLIO, 2011. — P. 447. — 800 p. — (Greenwood Icons). — ISBN 9781573567800
  48. Неер Р. Хана Сенеш // Улицы хранят память / Пер. с фр. С. Тартаковской. — Иерусалим: АМАНА.
  49. 49,0 49,1 Предисловие // Хана Сенеш. Жизнь, миссия и героическая смерть / Пер. c ивр. А. Белова и И. Лапидота. — Библиотека Алия, 1975. — С. 115-125.
  50. Спектор Й. (13.08.2009). ««Ты отметил нас трудной любовью»». Мы здесь. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին. «Там, в этой колонке, были, среди прочих, опубликованы стихи, посвящённые итальянцу - капитану судна «Хана Сенеш», который в 1945 году провёл его через заслон британской морской охраны и высадил нелегальных иммигрантов на берег Земли Израиля, в Нагарии»
  51. Грановский О. (2008). «Структура ВМС Израиля». Waronline.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին. ««Хана Сенеш» - прибыло 25.12.45 с 252 репатриантами на борту. Вошло в состав ВМС под названием «Хана Сенеш»»
  52. Windolf J. Remembering Hannah Senesh(անգլ.) // Vanity Fair : magazine. — հոկտեմբերի 2, 2009. — ISSN 0733-8899.
  53. Ashkenazi E. Decades later, tombstone follows Hannah Szenes' body to Israel(անգլ.) // Haaretz. — 25.11.2007.
  54. «Правительство решило поддержать кибуцы». Strana.co.il. 17.10.2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  55. Pfeffer A. Gov’t, kibbutz to put up money to keep Szenes archive here(անգլ.) // Haaretz. — 15.10.2010.
  56. דער ארכיוו פון כאנע סענעש האָט געפונען א מאָקעם=מענוכע אין ניו=יאָרק (yi) // Биробиджанер штерн - Биробиджанская звезда : газета. — 29.10.2010. — № 79 (14177).
  57. «The Hannah Senesh Community Day School» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  58. «Ḥaneh Senesh» (անգլերեն). National Yiddish Book Center. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  59. Khane Senesh. Montreal: Jewish School Publishing House Արխիվացված 2012-03-10 Wayback Machine, 1969 (С. 55)
  60. Бриджер Д. «Ханэ Сенеш ун андэрэ дэрцейлунген», Идише шул ин Мексике, 1960: דוד ברידזשער, חנה סענעש און אַנדערע דערצײלונגען
  61. Ransom C. F. So Young to Die: The Story of Hannah Senesh. — Scholastic, 1993. — 152 p. — (Scholastic Biography). — ISBN 9780590446778, множество переизданий
  62. «Hannah Senesh Bibliography». Museum of Tolerance (անգլերեն). The Simon Wiesenthal Center. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 29-ին.
  63. «More About Senesh» (անգլերեն). Katahdin Foundation. 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  64. Schur M. R. Hannah Szenes: A Song of Light. — Jewish Pubn Society, 1998. — 106 p. — ISBN 978-0827606623
  65. Atkinson L. In Kindling Flame: The Story of Hannah Senesh, 1921-1944. — Beech Tree Books, 1992. — ISBN 978-0688116897
  66. חנה מלאָטעק. — Стихотворение Песи Гершфельд-Померанц (1900-1978) о подвиге Ханы Сенеш (14.11.2008). «איר 30סטן יאָרצײַטפּעסיע הערשפֿעלד־פּאָמעראַנץ - אַן אומבאַקאַנטע ייִדישע דיכטערין - צו» (իդիշ). Forward Association. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  67. անգլ.՝ Hannah Senesh, Her Life and Diary. Неоднократно переиздавалась с 1971 по 2007 годы.
  68. Shepard R. F. 'Hannah' Heroism in War // The New York Times. - February 20, 1983.
  69. Hannah; Play with music and dance. Text by Israel Eliraz, music by Mark Kopytman. Choreographed and directed by Anna Sokolow.
  70. Постановление Верховного суда Израиля по делу Багац 6126/94(չաշխատող հղում) Гиора Сенеш против Управления телерадиовещания, Постановления Верховного суда 53(3) 817 (1999) (եբրայերեն) (см. также перевод постановления на английский язык(չաշխատող հղում)).
  71. Lahav P. A «Jewish State … to Be Known as the State of Israel»: Notes on Israeli Legal Historiography(անգլ.) // Law and History Revew : журнал. — West Nyack NY: Cambridge University Press, 2001. — Vol. 19. — № 2.
  72. Лазарис В. «Список Кастнера». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
  73. Blessed Is the Match: The Life and Death of Hannah Senesh(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  74. Baumel J. T. The Heroism of Hannah Senesz: An Exercise in Creating Collective National Memory in the State of Israel(անգլ.) // Journal of Contemporary History. — July 1996. — Vol. 31. — № 3. — P. 521-546.
  75. 75,0 75,1 Baumel J. T. Founding myths and heroic icons: reflections on the funerals of Theodor Herzl and Hannah Szenes(անգլ.) // Women's Studies International Forum. — November-December 2002. — Vol. 25. — № 6. — P. 679-695. — ISSN 0277-5395.
  76. 76,0 76,1 Glick R. «The Immigration Story of Hanna Szenes as an Identity Reshaping Journey» (PDF) (անգլերեն). The Association for Israel Studies. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  77. Sheramy R. «Resistance and War»: The Holocaust in American Jewish Education, 1945-1960. // American Jewish History. - 2003. - Vol. 91. - № 2.
  78. Hutchinson J., Smith A. D. Feminism and Nationalism // Nationalism: Critical Concepts in Political Science. — Routledge, 2000. — Vol. 4. — P. 1576. — 2011 p. — ISBN 9780415201131

Նշումներ խմբագրել

  1. Պալգին և Գոլդշտեյնը Բուդապեշտում գերի են ընկել գերմանացիներին, Գոլդշտեյնը զոհվեց համակենտրոնացման ճամբարում, Պալգին փախավ և ողջ մնաց, ապրեց։
  2. 1994 թվականին Սահմանադրական դատարանը որոշեց (վճիռ 2/1994 (I. 14.)), որ 11-րդ պարագրաֆի 1-ինից 4-րդ և 6-րդ կետերը, ինչպես նաև 13-րդ պարագրաֆի 1-ին և 3-7-րդ կետերը իրավունքի սկզբնագիր նորմերով հակասահմանադրական են, քանի որ դրանք խախտում են օրենքի հակադարձ ուժով պատժից ազատվելու իրավունքը։ Այս վճռով Սահմանադրական դատարանը նշանակալիորեն սահմանափակեց ռազմական հանցագործների և ռազմական հանցագործությունների հասկացությունները:Տես՝ Magyar Közlöny, 1994 թվականի հունվարի 14։
  3. BFL XXV. 2.b-1946. Դյուլա Շիմոնը ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 11-ին, Տերեկկոպպանում։ Ստացել է իրավաբանական կրթություն։ 1936 թվականից՝ արհեստավարժ զինվորական, լեյտենանտ, 1942 թվականից՝ ավագ լեյտենանտ։ Մեկ տարի եղել է ռազմաճակատում, ապա ծառայել է Պեչում։ 1944 թվականի սկզբից ուղարկվել է Բուդապեշտ որպես զինվորական դատավոր՝ կապիտանի կոչումով։
  4. Իվան Սենեշը մահացել է այդ իրադարձությունից մի քանի օր անց՝ 2010 թվականի սեպտեմբերի 13-ին։
  5. Այսպես կոչված «Կաստների գործի» շուրջ առաջացած կոնֆլիկտը շարունակվում է տասնյակ տարիներ, և վեճերը շարունակվում են մինչ օրս։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանա Սենեշ» հոդվածին։