Ուկրաինայի դրոշ
Ուկրաինայի պետական դրոշը (ուկրաիներեն՝ Державний прапор України) նրա պաշտոնական պետական խորհրդանիշերից է՝ զինանշանի և օրհներգի հետ մեկտեղ։
Ուկրաինայի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Երկիր | Ուկրաինա |
Իրավասության տարածք | Ուկրաինա |
Նշան | 🇺🇦 |
Հարաբերություն | 3:2 |
Ընդունված է | հունվարի 28, 1992 |
Գույներ | կապույտ և դեղին |
Պատկերված է | դաշտ |
Ներկայումս այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն կտավ՝ բաղկացած երկու հավասարաչափ հորիզոնական շերտերից՝ վերին կապույտ և ստորին դեղին։ Դրոշի լայնությունն ու երկարությունը հարաբերում են 2:3-ի[1]:
Ուկրաինայի սահմանադրության մեջ դրոշի գույների մասին սահմանված է.
Հոդված 20. ...Ուկրաինայի պետական դրոշը կապույտ և դեղին գույնի երկու հավասարաչափ հորիզոնական շերտերից գործվածք է[2][3]... |
Ամեն տարի օգոստոսի 23-ին նշվում է Ուկրաինայի պետական դրոշի օրը. հաստատվել է 2004 թվականին Ուկրաինայի նախագահի № 987/2004 հրամանագրով[1][4]։
Կառուցվածք
խմբագրելՍտորև ներկայացված են Ուկրաինայի պետական դրոշի գունային տվյալներն ըստ տարբեր գունային սխեմաների[1]։
Գունային սխեմա | Կապույտ | Դեղին |
---|---|---|
Pantone® | Process Blue | Yellow 109 |
RGB | 0-130-209 | 255-209-0 |
Lab | 37-33-57 | 86-5-100 |
CMYK | 100-35-5-0 | 2-16-100-0 |
Hex(web) | #0082D1 | #FFD100 |
Պատմություն
խմբագրելՈւկրաինայի ազգային խորհրդանիշերի արմատները վերագրում են մինչքրիստոնեական շրջանին, երբ երկու գույներ՝ դեղինը և կապույտը, որոնք խորհրդանշում էին կրակը և ջուրը, գերիշխում էին ժողովրդական ծեսերում։
Մի շարք ուսումնասիրողներ Ուկրաինայի ազգային դրոշի զարգացման ելակետ են համարում 1848 թվականը, երբ Ավստրիական կայսրության արևելյան եզրամասում՝ Գալիցիայում, տեղի ունեցած հեղափոխության ժամանակ Լվովում «Գլխավոր Ռուսական Ռադայի» (ուկրաիներեն՝ Головна Руська Рада) կողմից օգտագործվեց դեղին-կապույտ դրոշը[6]։
Սակայն դեռևս 1803 թվականին Ալեքսանդր Առաջին ցարը նախկին Զապորոժիեի կազակներից կազմված Սևծովյան կազակական զորախմբին շնորհեց երկու զորադրոշ՝ դեղին-կապույտ և կապույտ-դեղին[5]։
1917-1920 թթ. անկախության ժամանակաշրջանը
խմբագրել1917 թվականի նոյեմբերի 22-ին Կենտրոնական Ռադան (ուկրաիներեն՝ Центральна Рада) հռչակեց Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության կազմավորումը Ռուսաստանի կազմում, սակայն պետական խորհրդանիշերը՝ դրոշը և զինանաշանը, չէին հաստատվել։ Միայն 1918 թվականի հունվարի 14-ին Կենտրոնական Ռադան օրենք սահմանեց նավատորմի դրոշների մասին։ Ռազմական նավատորմի դրոշ ընդունվեց կապույտ-դեղին բիկոլորը, կապույտ շերտի ձախ մասում պատկերված էր ոսկեգույն եռաժանին՝ սպիտակ ներքին դաշտով[7]։
1917 թվականի դեկտեմբերին Խարկովում կազմավորվում է Խորհրդային Ուկրաինայի հեղափոխական կառավարությունը, որը չճանաչեց Կենտրոնական Ռադան և Ուկրաինական Ժողովրդական Հանրապետությունը։ 1917 թվականի դեկտեմբերի 11-12-ին Ուկրաինայի խորհուրդների առաջին համագումարում ընտրվեց Կենտրոնական Գործադիր Կոմիտեն, և հռչակվեց Ուկրաինական Ժողովրդական (բանվորական, գյուղացիական, զինվորական և կազակական պատգամավորների) Խորհուրդների Հանրապետությունը, որի դրոշը դարձավ կարմիր կտավը՝ ձախ վերին անկյունում ազգային դեղին-կապույտ բիկոլորով։
1918 թվականի մարտի 17-19-ին Ուկրաինայի տարածքում բոլոր խորհրդային կազմավորումները, որոնց թվում էին, վերոնշյալ ՈՒԺԽՀ-ից բացի, նաև Դոնեցկ-Կրիվոյռոգյան, Օդեսական և Տավրիկական խորհրդային հանրապետությունները, միավորվեցին Ուկրաինական Խորհրդային Հանրապետության մեջ՝ Խարկով մայրաքաղաքով և հեղափոխական կառավարությունով (Ժողովրդական Քարտուղարություն), որի խորհրդանիշն էր պարզ կարմիր դրոշը։ ՈՒԽՀ-ը մտնում էր Խորհրդային Ռուսաստանի կազմը, որը հռչակվել էր որպես խորհրդային ազգային հանրապետությունների դաշնություն։ Սակայն, 1918 թվականի ապրիլին գերմանական կայսերական զորամիավորումների ներխուժման հետևանքով ՈՒԽՀ-ը դադարեց գոյություն ունենալ։
1918 թվականի մարտի 22-ին Կենտրոնական Ռադան Կիևում հաստատեց ՈՒԺՀ պետական դրոշը՝ դեղին-կապույտ դրոշը (դեղինը վերևում)։ Գերմանական զորքերի կողմից հրահրված և օժանդակված պետական հեղաշրջման արդյունքում ՈՒԺՀ կողմից հսկվող տարածքներում 1918 թվականի մայիսի 2-ին հռչակվեց պետական կառուցվածքի նոր ձև՝ գետմանություն (գետմանատ)՝ գետման Պավել Սկորոպադսկու գլխավորությամբ, որը պաշտոնապես կրում էր «Ուկրաինական Տերություն» անվանումը։ Ուկրաինական Տերության պաշտոնական դրոշը դարձավ շրջված տարբերակը՝ վերևում կապույտը, ներքևում դեղինը։
Սակայն գետման Սկորոպադսկու կառավարումը շատ երկար չտևեց։ 1918 թվականի դեկտեմբերին գետմանի դեմ ապստամբության արդյունքում վերականգնվեց Ուկրաինական Ժողովրդական Հանրապետությունը, որի կառավարությունը ներկայացվեց Սիմոն Պետլյուրայի ղեկավարությամբ դիրեկտորիան։ Պետության խորհրդանիշերը պահպանվեցին եռաժանի-զինանշանը և կապույտ-դեղին դրոշը, որը երանգային փոփոխություն կրեց՝ դառնալով երկնագույն-դեղին։
1919 թվականի հունվարի 22-ին Կիևում հռչակվեց «Ուկրաինայի ամբողջականության ակտը», այսինքն՝ Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության և Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետության միավորումը։ ՈՒԺՀ սահմանադրության նախագծում նշվում էր, որ Ուկրաինական պետության պետական գույներն են կապույտը և դեղինը։
-
Ուկրաինական Տերության և ՈՒԺՀ ռազմածովային դրոշը (18.07.1918 - 02.1919)[7] -
ԴԿԽՀ ենթադրյալ դրոշներից մեկը (12.02.1918 - 05.1918)
-
Մախնոյի շարժման գոտու դրոշը (1918 - 1921)
Խորհրդային Ուկրաինան 1919-1991 թթ.
խմբագրել1919 թվականի մարտի 10-ին Խարկովում անցկացվեց Ուկրաինայի խորհուրդների երրորդ համագումարը, որն ազդարարեց Ուկրաինական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության կազմավորումը։ Մարտի 10-ին նաև հաստատվեց Ուկրաինական ՍԽՀ առաջին սահմանադրությունը, որը վերջնական խմբագրման տարբերակի բերվեց Համաուկրաինական Կենտրոնական Գործադիր Կոմիտեի 1919 թվականի մարտի 14-ի նիստում, որը սահմանեց.
Հոդված 35. ՈՒ. Ս. Խ. Հ. առևտրական, ծովային և ռազմական դրոշը բաղկացած է կարմիր (ալ) կտավից, որի ձախ վերին անկյունում տեղադրված են ՈՒ. Ս. Խ. Հ. (У. С. С. Р.) ոսկեգույն տառերը կամ Ուկրաինական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (Украинская Социалистическая Советская Республика) գրվածքը[9]: |
1929 թվականի հունվարի 30-ի սահմանադրությամբ ամրագրվեց Վարչական Օրենսգրքի 1927 թվականի որոշումը, ոևը վերաբերվում է դրոշի վրա հապավման տառատեսակի փոփոխմանը, ինչպես նաև ազգային տարածքներում համապատասխան լեզվով հանրապետության անվանումը գրառելու իրավունքին[10]։
Ուկրաինական ՍԽՀ-ի 1937 թվականի հունվարի 30-ի սահմանադրությամբ հանրապետության անվանումը փոփոխություն կրեց՝ Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ուկրաիներեն՝ Українська Радянська Соціалістична Республіка), փոփոխվեց նաև երկրի դրոշը. դրոշի վրա գրվածքը փոփոխվեց ուկրաինական նոր հապավմամբ (УРСР)՝ զեղչելով տառերին հաջորդող կետերը, ինչպես նաև ավելացվեց մուրճի և մանգաղի պատկերը։
1947 թվականին որոշվեց, որ խորհրդային հանրապետություններին, այդ թվում ՈՒԽՍՀ-ին, հարկ է ընդունել նոր ձևավորման դրոշներ, որոնք կարտացոլեն միութենական խորհրդային պետության գաղափարը։ Նոր ուկրաինական դրոշը ընդունվեց ՈՒԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով 1949 թվականի նոյեմբերի 21-ին և բաղկացած էր կարմիր (վերին 2/3) և լազուրե կամ կապույտ (ստորին 1/3) շերտերից, ինչպես նաև վերին ձախ անկյունում գտնվող ոսկե աստղի և մուրճի ու մանգաղի պատկերներից[8]։
Ուկրաինայի ռայխսկոմիսարիատը և ազգայնական շարժումները
խմբագրել1941-1942 թվականների ընթացքում գերմանական օկուպացիոն կառավարությունը բարձիթողի էր վերաբերվում տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկականական զորքերի կողմից ուկրաինական խորհրդանիշերի օգտագործման նկատմամբ, չնայած այդ սիմվոլիկան երբեք պաշտոնական կարգավիճակ չի ունեցել, իսկ պաշտոնապես օգտագործվել է Երրորդ Ռայխի դրոշը։ Դեղին գույնը սովորոբար տեղակայվում էր վերևում[11]։ 1942 թվականի կեսերից սկսած տեղերում սկսեցին ներդնել ուկրաինական սիմվոլիկայի օգտագործման արգելքներ։
Ուկրաինական ազգային դրոշը նաև օգտագործվում էր նաև որոշ ազգայնական պարտիզանական զորաջոկատների կողմից։
-
Ուկրաինայի ռայխսկոմիսարիատի պաշտոնական՝ Երրորդ Ռայխի դրոշը (20.08.1941 - 10.11.1944) -
Մելնիկի շարժման գոտու դրոշը (1938-1945) -
Բանդերայի շարժման գոտու դրոշը (1940-1945)
Ազգային դրոշի վերադարձը
խմբագրելՄիխայիլ Գորբաչովի Վերակառուցման ազդեցության տակ առանձին խորհրդային հանրապետություններում ակտիվացան ազգային շարժումները, որոնք հանգեցրեցին Խորհրդային Միության փլուզմանը և ավանդական սիմվոլիկան արտացոլող ազգային դրոշների ընդունմանն ու վերականգնմանը։ 1991 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանագրով Ուկրաինայի Գերագույն Ռադայի (ուկրաիներեն՝ Верховна Рада) նախագահությունը իրավաբանորեն ամրագրեց կապույտ-դեղին բիկոլորի՝ երկրի պետական դրոշի կարգավիճակը[12]։
Ըստ հայտնի ժամանակակից մեկնաբանության՝ դեղին գույնը խորհրդանշում է ցորենի դաշտերը, իսկ կապույտը՝ պարզ երկինքը նրա վերև։ Սլավոնական երկրների դրոշների շարքում միայն ուկրաինականը և բոսնիականը չունեն կարմիր գունավորում։
Պետք է նշել, որ չնայած ուկրաինական լեզվում գոյություն ունի «жовто-блакитний прапор» (թարգմանաբար՝ դեղին-երկնագույն դրոշ) կայուն արտահայտությունը, ժամանակակից տարբերակում դրոշը բաղկացած է վերին կապույտ և ստորին դեղին կեսերից։
-
Ուկրաինայի դրոշի նախագահական շտանդարտը -
Ուկրաինայի ռազմածովային ուժերի դրոշը (20.06.2006 - մինչ այժմ) -
Պետական դրոշի համամասնությունները
Ուկրաինայի վարչական միավորների դրոշները
խմբագրելԻնքնավար հանրապետություն
խմբագրելՀատուկ կարգավիճակով քաղաքներ
խմբագրել-
Կիևի դրոշը
-
Սևաստոպոլի դրոշը[13]
Մարզեր
խմբագրել-
Անդրկարպատյան մարզի դրոշը -
Դնեպրոպետրովսկի մարզի դրոշը -
Դոնեցկի մարզի դրոշը -
Զապորոժիեի մարզի դրոշը -
Ժիտոմիրի մարզի դրոշը -
Իվանո-Ֆրանկովսկի մարզի դրոշը -
Լվովի մարզի դրոշը -
Լուգանսկի մարզի դրոշը -
Խարկովի մարզի դրոշը -
Խերսոնի մարզի դրոշը -
Խմելնիցկիի մարզի դրոշը -
Կիրովոգրադի մարզի դրոշը -
Կիևի մարզի դրոշը -
Նիկոլաևի մարզի դրոշը -
Չեռնիգովի մարզի դրոշը -
Չեռնովցիի մարզի դրոշը -
Չերկասիի մարզի դրոշը -
Պոլտավայի մարզի դրոշը -
Ռովնոյի մարզի դրոշը -
Սումիի մարզի դրոշը -
Վիննիցայի մարզի դրոշը -
Վոլինի մարզի դրոշը -
Տերնոպոլի մարզի դրոշը -
Օդեսայի մարզի դրոշը
Նման դրոշներ
խմբագրելՉշփոթել Ուկրաինայի դրոշը ներքոնշյալ դրոշների հետ.
-
Ստորին Ավստրիա բունդեսլանդի դրոշը (Ավստրիա) -
Խեմնից քաղաքի դրոշը (Գերմանիա) -
Ռիսեի Բիբերախ քաղաքի դրոշը (Գերմանիա) -
Գրիֆուվ Սլյոնսկի համայնքի դրոշը (Լեհաստան) -
Ստարա Կամենիցա համայնքի դրոշը (Լեհաստան) -
Լուծարված Գորիցիա պրովինցիայի դրոշը (Իտալիա) -
Պատմական Բրաունշվայգի դքսության դրոշը -
Պատմական Հռենոսյան միության Իզենբուրգ-Բիրշտայն իշխանության դրոշը -
Պատմական Դալմաթիայի թագավորության դրոշը -
Պատմական Դհոպուրի իշխանության դրոշը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ուկրաինայի պետական դրոշը. պետական դրոշի օրը, դրոշի գույներն ըստ գունային սխեմաների. u-kraina.com Արխիվացված 2013-09-18 Wayback Machine (ռուս.):
- ↑ Ուկրաինայի Սահմանադրությունը. Հոդված 20. 28 հունիսի 1996 թ. Ռուսերեն Վիքիդարան։
- ↑ Ուկրաինայի Սահմանադրությունը. Հոդված 20. 28 հունիսի 1996 թ. Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք (ուկր.):
- ↑ Ուկրաինայի նախագահի № 987/2004 հրամանագիրը. Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք (ուկր.):
- ↑ 5,0 5,1 К. Гломозда, Д. Яневський Клейноди України: з історії державної і національної символіки. - Київ, МП «Абрис», 1991. (ուկր.)
- ↑ Ուկրաինայի պետական դրոշի պատմությունը bcoreanda.com կայքում. 23 օգոստոսի 2010 թ. (ռուս.):
- ↑ 7,0 7,1 7,2 ՈՒԺՀ-ի ռազմական դրոշները. Դրոշագիտության և հերալդիկայի Ռուսական կենտրոնի կայք (ռուս.):
- ↑ 8,0 8,1 Խորհրդային Ուկրաինայի դրոշները. Դրոշագիտության և հերալդիկայի Ռուսական կենտրոնի կայք (ռուս.):
- ↑ Ուկրաինական ՍԽՀ-ի Սահմանադրությունը. Հոդված 35. 10-14 մարտի 1919 թ. Ռուսերեն Վիքիդարան:
- ↑ Административный кодекс УССР. Текст и частный комментарий. Под редакцией С. Канарского и Ю. Мазуренко. - Харьков, 1929. (ռուս.)
- ↑ Karel C. Berkhoff. Harvest of Despair. Life and Death in Ukraine under Nazi Rule. - Cambridge, Massachusetts, 2004. (գերմ.)
- ↑ Ուկրաինայի Գերագույն Ռադայի № N 47 հրամանագիրը. 18 սեպտեմբերի 1991 թ. zakon.rada.gov.ua: (ուկր.)
- ↑ 13,0 13,1 Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի` Ռուսաստանի Դաշնության հետ միավորման պայմանագրի արդյունքում նրանց իրավական կարգավիճակը Ուկրաինայի կազմում հանդիսանում է վիճարկելի (Ռուսերեն Վիքիպեդիա, Ուկրաիներեն Վիքիպեդիա):
Արտաքին հղումներ
խմբագրել- Ուկրաինան Flags of the World դրոշագիտական կայքում (անգլ.)
- Ուկրաինայի դրոշները. Դրոշագիտության և հերալդիկայի Ռուսական կենտրոնի կայք (ռուս.)
- Ուկրաինայի դրոշները. պատմական էքկուրս. narodna.pravda.com.ua Արխիվացված 2013-05-12 Wayback Machine (ուկր.)
- Ուկրաինական հերալդիկաները Ուկրաինական հերալդիկական ընկերություն (ուկր.)
- Ուկրաինայի պետական զինանշանը և դրոշը. svoy-style.com.ua Արխիվացված 2019-08-05 Wayback Machine (ուկր.)
- Ուկրաինայի դրոշը. «Սումբուր» հանդեսի կայք Արխիվացված 2013-09-07 Wayback Machine (ռուս.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |