Հավաքչություն

մարդու տնտեսական գործունեության նախնական ձևերից՝ սնունդ և այլն հավաքել

Հավաքչություն, մարդու տնտեսական գործունեության նախնական ձևերից՝ սննդի ու դեղամիջոցների (վայրի բույսեր, արմատներ, պտուղներ, թռչունների ձվեր, մեղր, երբեմն՝ միջատներ, զեռուններ ևն) հավաքելը։ Նախնադարյան հասարակարգում (հատկապես՝ քարի դարում) որսորդության ու ձկնորսության հետ եղել է բնության պատրաստի արդյունքների յուրացման տնտեսաձև և, նախորդելով անասնապահական, երկրագործական տնտեսությանը, հիմք է ծառայել մարդու արտադրական գործունեության առաջացմանը։ Նախամարդիկ ապրել են խմբերով, որոնք գիտնականների կողմից ստացել են «Մարդկային հոտ» անվանումը։ Հավաքչությամբ զբաղվել են կանայք, մասամբ՝ երեխաները։ Օգտագործել են սկզբում քարե, փայտե, ապա՝ մետաղե պարզունակ գործիքներ (բհիրներ, բրիչներ, դանակներ, շեղբեր ևն), որոնք հետագայում դարձել են բրիչային երկրագործության հիմնական արտադրամիջոցները։ Բուսական սննդի հավաքումը երբեմն ընդունել է բարդ ձևեր, որոշ ցեղեր անձրևային սեզոնից առաջ այրել են խոտը, ոռոգել հողը՝ վայրի բույսերն առավել փարթամ աճեցնելու համար։ Շատ ժողովուրդների համար, նույնիսկ զարգացած երկրագործության և անասնապահության պայմաններում, հավաքումը ունի կարևոր տնտեսական նշանակություն։ Հարավային Ամերիկայի արևադարձային շրջանների որոշ ցեղերի, Ավստրալիայի բնիկների մի մասի մեջ հավաքչությունը այժմ էլ կազմում է տնտեսության հիմքը։

Հայաստանում վայրի բանջարեղենի (շուշան, սիբեխ, ավելուկ, ժախ, սունկ ևն) և պտուղների հավաքումն այժմ էլ կիրառվում է իբրև տնտեսության օժանդակ ճյուղ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 266