Հայաստանի կենտրոնական բանկ

(Վերահղված է ՀՀ կենտրոնական բանկից)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (ՀՀ կենտրոնական բանկ, Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԲ, ոչ պաշտոնական՝ ՀՀ կենտրոնական դրամատուն), պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։

Հայաստանի կենտրոնական բանկ
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր Հայաստան
Հիմնադրված էապրիլի 27, 1993
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք
Հայաստանի կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը

Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը[1][2]։ Գների կայունության ապահովման նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է գների կայունության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկումը։ Գների կայունության նպատակն իրագործելու համար Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս նպատակները հակասում են իր հիմնական նպատակներին, ապա Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական նպատակներին և ղեկավարվում է դրանց իրագործման անհրաժեշտությամբ։»

Կենտրոնական բանկի խնդիրները

խմբագրել

Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են Հայաստանում գների ու ֆինանսական կայունության ապահովումը։

Կենտրոնական բանկի այլ նպատակներն են`

ա) Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

բ) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը.

գ) գործուն վճարահաշվարկային համակարգերի ստեղծումն ու զարգացումը.

դ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.

ե) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը.

զ) արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

է) ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը[3].

ը) ֆինանսական համակարգում ազատ և բարեխիղճ տնտեսական մրցակցության ապահովումը։

2. Իր նպատակներն իրագործելու համար Կենտրոնական բանկը`

ա) իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը.

բ) հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն.

գ) լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց, կազմակերպությունները ճանաչում է որպես ֆինանսական խումբ, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը.

դ) որպես վերջին ատյանի վարկատու՝ վարկեր է տրամադրում բանկերին.

ե) կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգերը, իրականացնում է վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի հսկողություն.

զ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները.

է) դրամավարկային, ֆինանսական համակարգի, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության հավաքագրման, ամփոփման և հրապարակման համար ստանում է անհրաժեշտ տվյալներ, վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ վիճակագրական անհատական (անվանական) տվյալներ (վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալներ) պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից։ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից ստացվող անհատական (անվանական) տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջների։ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը և Կենտրոնական բանկը համատեղ որոշում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հավաքագրվող վճարային հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վերաբերյալ հավաքագրման ենթակա տվյալների բովանդակությունը և հավաքագրման մեթոդաբանությունը.

ը) իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը, համակարգումն ու վերլուծությունը, տեղեկությունների փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին և միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ պետությունների իրավասու մարմիններին.

թ) օրենքով սահմանված կարգով ապահովում է ֆինանսական համակարգում ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցություն, ընդունում է գերիշխող դիրքի չարաշահումների, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման, համակենտրոնացումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և տիպաբանություններ.

ժ) իրականացնում է մակրոտնտեսական, ֆինանսական քաղաքականությունների, տնտեսագիտության և կարգավորման դաշտի վերաբերյալ հետազոտություններ[4]։

Եթե Կենտրոնական բանկի մյուս նպատակները հակասում են իր հիմնական նպատակներին, ապա Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական նպատակներին և ղեկավարվում է դրանց իրագործման անհրաժեշտությամբ։

Հայաստանի կենտրոնական բանկի պատմություն

խմբագրել

Հայաստանի կենտրոնական բանկի պատմությունը բաժանված է չորս հիմնական փուլերի՝ Նախախորհրդային ժամանակաշրջան, Առաջին Հանրապետության ժամանակաշրջան, Խորհրդային ժամանակաշրջան, Հայաստանի երրորդ Հանրապետության ժամանակաշրջան։ Այստեղ ներկայացված են նաև երրորդ հանրապետության ժամանակաշրջանում կատարված օրենսդրական փոփոխությունները, ֆինանսական կառույցների և ֆինանսական արդյունքների մասին ամփոփ նկարագրություն։

Հայկական դրամի պատմություն

խմբագրել

Հայկական դրամի պատմությունը բաժանված է մի քանի փուլի՝ Անտիկ ժամանակներից մինչև ցարական ժամանակաշրջան, Առաջին հանրապետության ժամանակաշրջան, ԽՍՀՄ ժամանակաշրջան, Երրորդ հանրապետության ժամանակաշրջան։

Հայաստանի ազգային արժույթ

խմբագրել
 

Նորանկախ Հայաստանի դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Դրամը (ISO կոդ՝ AMD) Հայաստանի արժույթն է։ Մեկ դրամը հավասար է հարյուր լումայի։ Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին ԱՊՀ-ի ամենակայուն արժույթներից է (2001 թ.-ի հունվարին փոխարժեքը եղել է 556 դրամ մեկ դոլարի դիմաց)։ Հայկական դրամի խորհրդանշանն է ֏ նշանը։

Հայաստանի կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանը և նկարիչ Ռուբեն Արուտչյանի առաջարկած Դրամի գրաֆիկական խորհրդապատկերները։

2003 թվականին սույն գրանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում։ 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում։ Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև ԱՄՆՍան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ-2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով։

Կենտրոնական բանկի կառուցվածք

խմբագրել

Կենտրոնական բանկի կազմակերպաիրավական կառուցվածքը

խմբագրել
 
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լոգոն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։

Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկը իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։

Անկախությունը անհրաժեշտ է գների և ֆինանսական կայունության ապահովմանը նպատակաուղղված արդյունավետ քաղաքականություններ իրականացնելու համար, որով Կենտրոնական բանկն իր ներդրումն է ունենում երկարաժամկետ հատվածում կայուն տնտեսական աճի ապահովման գործընթացում։

Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թվում՝ վերցնել վարկեր, հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող. Օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ։

Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել։

Կենտրոնական բանկի կառավարումը

խմբագրել

Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։

Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալները Կենտրոնական բանկի խորհրդի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե։ Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը` հինգ տարի ժամկետով։ Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոն զբաղեցնել։

Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը Կենտրոնական բանկի նախագահն է։ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով և պատասխանատու է Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար։

Կենտրոնական բանկի նախագահը կոորդինացնում է Կենտրոնական բանկի բնականոն աշխատանքը, ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ։

Նախագահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներից մեկը, իսկ տեղակալների բացակայության կամ նրանց պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը։

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներին նշանակում է ՀՀ նախագահը՝ վեց տարի ժամկետով։ Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, ինչպես նաև խորհրդի անդամները, չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կատարել այլ աշխատանք, բացառությամբ գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից։

2020 թվականի դրությամբ խորհրդի կազմը հետևյալն է

Նախագահ՝

Մարտին Գալստյան

Տեղակալներ՝

Հովհաննես Խաչատրյան,

Արմեն Նուրբեկյան

Խորհրդի անդամներ՝

Դավիթ Նահապետյան,

Լևոն Սահակյան,

Հասմիկ Ղահրամանյան,

Նարեկ Ղազարյան,

Արտակ Մանուկյան

Պետական բանկի և Կենտրոնական բանկի նախագահները

խմբագրել
  1. Գրիգորի Սմիռնով 1896-1901 թթ.
  2. Անտոն Կրիժիժանովսկի 1901-1905 թթ.
  3. Նիկոլայ Սաննիկով 1905-1910 թթ.
  4. Կոնստանտին Սիբանին 1910-1916 թթ.
  5. Վլադիսլավ Մորավսկի 1916-1921 թթ.
  6. Մարտին Սահակյան 1922-1924 թթ.
  7. Գրիգոր Ջաղեթյան 1924-1930 թթ.
  8. Գարսևան Վարշամյան 1930-1931 թթ.
  9. Հովհաննես Դավթյան 1931-1936 թթ.
  10. Վարդան Մամիկոնյան 1936-1937 թթ.
  11. Արկադի Մինասյան 1937-1939 թթ.
  12. Սերգեյ Բատուրին 1939-1943 թթ.
  13. Ռիզա Վելիբեկով 1943-1944 թթ.
  14. Արտաշես Սարգսյան 1944-1967 թթ.
  15. Ստեփան Սաֆարյան 1967-1969 թթ.
  16. Անդրեյ Պապովյան 1969-1972 թթ.
  17. Վլադիմիր Աղասյան 1972-1986 թթ.
  18. Իսահակ Իսահակյան 1986-1994 թթ.
  19. Բագրատ Ասատրյան 1994-1998 թթ.
  20. Տիգրան Սարգսյան 1998-2008 թթ.
  21. Արթուր Ջավադյան 2008-2020 թթ.
  22. Մարտին Գալստյան 2020 թվականից առայսօր

Դրամավարկային քաղաքականություն

խմբագրել

Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի (տոկոսադրույքի) կարգավորման գործընթացն է։ Դրամավարկային քաղաքականության միջոցով իրագործվում են այնպիսի նպատակներ, որոնք ուղղված են կայուն տնտեսական աճի և մակրոտնտեսական կայունության ապահովմանը։ Որպես այդպիսի նպատակ, համաձայն ՀՀ Սահմանադրության 83.3–րդ հոդվածի և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, ՀՀ ԿԲ-ի համար սահմանված է գների կայունության ապահովումը։ Այս նպատակն իրագործելու համար ԿԲ-ը՝ Կառավարության հետ համատեղ, սահմանում է գնաճի նպատակային թիրախը որը, համաձայն «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի, ամրագրվում է «Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում»։

Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը, ՀՀ կենտրոնական բանկը ևս նպատակ է հետապնդում ապահովել գների կայունությունը։ Գների կայունությունը մակրոտնտեսական կայունության կամ տնտեսական գործունեության համար կայուն պայմանների ստեղծման հիմնական նախադրյալներից է։ Գների կայունության ապահովմամբ ԿԲ-ը նպաստում է երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճին, հետևաբար բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Միջազգային փորձի հիման վրա իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ բարձր և տատանողական գնաճը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ Մասնավորապես, բարձր և տատանողական գնաճի պայմաններում, որն ի դեպ ուղեկցվում է նաև գների փոփոխման հետագա անորոշությունների մեծացմամբ, կրճատվում են իրական եկամուտներն ու խնայողությունները, ինչպես նաև երկարաժամկետ բիզնես ծրագրերում ներդրումները։

2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի սահմաններում փողի ագրեգատների նպատակադրումից պաշտոնապես անցում է կատարել գնաճի նպատակադրման ռազմավարության։ Այս ռազմավարության համատեքստում որպես դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակ գնաճի կանխատեսված մակարդակն է, իսկ որպես գործառնական նպատակ՝ կարճաժամկետ տոկոսադրույքը։ Ընդ որում ՀՀ ԿԲ-ը դրամավարկային քաղաքականության ռազմավարության, միջանկյալ և գործառնական նպատակների ընտրության հարցում լիովին անկախ է։ 2007 թվականից սկսած ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը՝ 1.5% տատանումների թույլատրելի միջակայքով։ Գնաճի նպատակային մակարդակը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից՝ Կառավարության հետ համատեղ։ Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։

Կենտրոնական բանկը եռամսյակը մեկ անգամ հաջորդ 12 ամիսների համար հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է ուղեցուցային բնույթ։

Դրամավարկային քաղաքականության ծրագրերը ներառում են՝

  1. Գնաճի կանխատեսումները,
  2. Դրամավարկային քաղաքականության ուղղությունները,
  3. Օրենքով uահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի uահմանած անհրաժեշտ այլ դրույթներ։

Կենտրոնական բանկի առաքելությունը

խմբագրել

Կենտրոնական բանկի առաքելությունն է՝

  • Լինել միջազգայնորեն ճանաչված՝ որպես անկախ, դինամիկ զարգացող, հեղինակավոր, թափանցիկ, գիտելիքին միտված, միջազգային ֆինանսական համակարգի զարգացման միտումները գնահատող արդյունավետ կառույց
  • Պահպանել տնտեսական միջավայրի փոփոխություններին արագ արձագանքելու և տնտեսական գործընթացների վրա արդյունավետորեն ազդելու ինստիտուցիոնալ կարողությունները
  • Մշտապես աջակցել երկրի մակրոտնտեսական կայուն զարգացմանը՝ լինելով տնտեսական մարտահրավերներին դիմակայելու գործում ՀՀ Կառավարության կարևոր գործընկերը։

Կենտրոնական բանկը հիմնական նպատակն իրականացնելիս ձգտում է բարձր պահել իր՝ որպես անկախ կառույցի և Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում գների և ֆինանսական կայունության երաշխավորի հեղինակությունը՝ առաջնորդվելով տնտեսության կայուն զարգացման ապահովման և միջազգային շուկաներին ինտեգրվելու հեռանկարով, ձգտելով ունենալ ֆինանսական ծառայությունների ոլորտում տարածաշրջանային կարևոր դերակատարում։

Կենտրոնական բանկն ու Հայաստանի տնտեսությունը

խմբագրել

Իր խնդիրներն իրականացնելիս Կենտրոնական բանկը համագործակցում է Հայաստանի պետական մարմինների հետ։ Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ են տալիս Ազգային Ժողովին և նրա հանձնաժողովներին՝ Կենտրոնական բանկի քաղաքականության մասին։ Երկրի գլխավոր դրամատունը մասնակցում է կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, ինչպես նաև աջակցում է դրանց իրականացմանը, եթե դա չի հակասում Կենտրոնական բանկի խնդիրներին։ Դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում Կենտրոնական բանկը խորհրդակցում է կառավարության հետ։ Բանկի նախագահը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կառավարության բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ։

Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ուղարկում և Ազգային ժողովի կանոնակարգ՝ Հայաստանի օրենքով սահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագիրը։

Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել Կենտրոնական բանկի խորհրդի բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ։

ՀՀ ԿԲ փոխհարաբերությունները ՀՀ պետական մարմինների հետ

խմբագրել
 
ՀՀ կենտրոնական բանկի նորակառույց շենքը

Կենտրոնական բանկն իրականացնում է կառավարության բանկային սպասարկումը։ Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորված պետական կառավարման մարմինը խորհրդակցում է Կենտրոնական բանկի հետ՝ պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում՝ նախատեսվող ներքին և արտաքին պետական փոխառությունների, դրանց աղբյուրների, ծավալների, ժամկետների և պայմանների, ինչպես նաև փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ։ Կենտրոնական բանկը պետական բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում։ Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի նախագծին կից ներկայացվում է Ազգային Ժողովի քննարկմանը՝ օրենքներով սահմանված կարգով։ Կենտրոնական բանկը կառավարությանը պաշտոնական եզրակացություն է ներկայացնում նաև պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ։ Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը կից կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողովի քննարկմանը՝ օրենքով սահմանված կարգով։

Կենտրոնական բանկը, կառավարության ֆինանսական գործակալն է՝

  • Կառավարության լիազորած մարմնի կողմից թողարկված պարտատոմսերի և այլ արժեթղթերի բաշխման, գրանցման և փոխանցման, ինչպես նաև արժեթղթերի հիմնական գումարի, տոկոսների կամ սահմանված այլ վճարումների իրականացման գծով հանդիսանում է կառավարության լիազորած մարմնի թողարկած պարտատոմսերի կենտրոնական պահառու.
  • Պետական բյուջեի և ներքին ու արտաքին պետական պարտքի սպասարկման հետ կապված գործառնությունների, ինչպես նաև վճարային այլ գործառնությունների իրականացման գծով.
  • Կենտրոնական բանկի խնդիրներին չհակասող այլ գործառնությունների գծով։

Կենտրոնական բանկը կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված կարգով տրամադրում է կառավարությանը դրամավարկային և օրենքով իր իրավասությանը վերապահված այլ հարցերին առնչվող տեղեկություններ, իսկ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով։ Կառավարության լիազորած մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված կարգով Կենտրոնական բանկին է տրամադրում տեղեկություններ՝

  • Պետական բյուջեի կատարման, դրա ընթացիկ ծավալների և եկամուտների վերաբերյալ.
  • Պետական փոխառությունների մասին, այդ թվում՝ դրանց աղբյուրների, ծավալի, տոկոսադրույքի, մարման ժամկետների, այլ պայմանների, փոխառու միջոցների օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ
  • Վճարային հաշվեկշռի, ֆինանսական և տնտեսական այլ հարցերի վերաբերյալ։

Կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ այլ պետական մարմիններին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վարկավորելը կամ այլ կերպ ֆինանսավորելն արգելվում է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Միջազգային համագործակցություն

խմբագրել

Հայաստանի Հանրապետությունը և երկրի կենտրոնական բանկը ինտեգրված են համաշխարհային հանրությանը։ ՀՀ կենտրոնական բանկը երկկողմ համագործակցություն ունի այնպիսի կառույցների հետ, որպիսիք են

Կենտրոնական բանկն, իր իրավասության շրջանակում, համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպություններների հետ, ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային ֆինանսական կազմակերպություններում, տարբեր երկրների կենտրոնական և այլ բանկերի հետ հարաբերություններում։

Միջազգային համագործակցության շնորհիվ ՀՀ կենտրոնական բանկը սկսել է ստացված վարկերի միջոցով իրականացնել համակարգային վերափոխումների, վճարային հաշվեկշռի սպասարկման, մասնավոր բիզնեսի ֆինանսավորման, ինստիտուցիոնալ և վերականգնողական վարկերի և համանման այլ ծրագրեր։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքի դրական արդյունքները նոր հեռանկարներ են բացում տնտեսական տարբեր ինստիտուտների և աշխարհի խոշոր բանկերի հետ համատեղ նախագծերի իրականացման համար։

ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն

խմբագրել
 
Դիլիջան Ուսումնահետազոտական Կենտրոն
 
Ձմեռային այգի
 
Խոհանոց

«Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը» ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներով հագեցված համալիր է։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ՝ տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում բազմակողմանի ուսումնահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Կենտրոնում անցկացվում են տնտեսագիտության և ֆինանսների բնագավառներին առնչվող կրթական, տարածաշրջանային և միջազգային ուսումնական ծրագրեր (սեմինարներ)։

 
Դիլիջան Ուսումնահետազոտական Կենտրոն_2

Կենտրոնում կատարված հետազոտական և վերլուծական աշխատանքները քննարկելու և ներկայացնելու, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կենտրոնական բանկի կուտակած գիտելիքն ու փորձը կիսելու նպատակով կենտրոնում կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, տարածաշրջանային սեմինարներ և ուսումնական ծրագրեր։ Հայաստանի Ամերիկյան համալսարանը կենտրոնում իրականացնում է տնտեսագիտության մագիստրոսի կոչում տվող կրթական ծրագիրը, որին մասնակցելու հնարավորություն ունեն տնտեսագիտության ոլորտում հետազոտություններ անելու կարողություն և ներուժ ունեցող երիտասարդները։

Կենտրոնի ստորին հարկն ամբողջությամբ նախագծված է որպես ակադեմիական հաստատություն՝ ներառելով բարձրակարգ կացարան՝ նախատեսված հետբուհական կրթական ծրագրի մասնակից ուսանողների և դասախոսական կազմի համար։ Համալիրում նախատեսված են կրթական գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ինչպես ուսանողների և դասախոսների կացարաններ, այնպես էլ արդի պահանջներին բավարարող կահավորված լսարաններ։

 
Քննարկումների դահլիճ 1
 
Սեմինարների դահլիճ

Կենտրոնում տարածքներ են հատկացվել առևտրային բանկերի, ԱրՔա պրոցեսինգային կենտրոնի, ԱՔՌԱ-վարկային և ԱՊՊԱ-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից այնտեղ ռեզերվային սերվերներով պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ։

Կենտրոնի տարածքում գործում է նաև տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով սպասարկվում են տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները։

Համալիրը հանդես է գալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի, Արևելյան Եվրոպայի կենտրոնական (ազգային) և առևտրային բանկերի, ֆինանսական հատվածի այլ մասնակիցների, միջազգային հեղինակավոր այլ ֆինանսական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչների գործնական հանդիպումների և հետազոտությունների միջավայր, որտեղ կազմակերպվում են տարածաշրջանային տարբեր խորհրդակցություններ, սեմինար-քննարկումներ ֆինանսական համակարգին առնչվող խնդիրների վերաբերյալ՝ Հայաստանի նկատմամբ ֆինանսական ոլորտի մասնակիցների հետաքրքրությունը մեծացնելու նկատառումով։

ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերակառուցվել է նաև Դիլիջանի նախկին քաղաքային գրադարանի շենքը։ Այն վերածվել է ժամանակակից «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի[5]։

Կենտրոնում գործում են՝

  • ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ ՀՀ կենտրոնական բանկի և հայկական դրամի պատմությանը, առևտրային բանկերի գործառույթներին և գործունեությանը (առաջին հարկ),
  • տեխնիկապես հագեցված և արդի տեղեկատվական տեխնոլոգիաներով կառավարվող ժամանակակից քաղաքային գրադարան՝ ինտերնետ անվճար մուտք գործելու հնարավորությամբ (երկրորդ հարկ),
  • Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը ստեղծվել է Երևանի Թումո կենտրոնի հետ համատեղ և ներառում է այն տեխնիկական և տեխնոլոգիական լուծումները, որոնք կիրառված են երևանյան կենտրոնում, (երրորդ հարկ)
  • օտար լեզուների, ինչպես նաև համակարգչային ծրագրերի բազմակողմանի ուսուցման խմբակներ (չորրորդ հարկ),
  • գործնական հանդիպումներ, սեմինարներ, դասընթացներ անցկացնելու համար նախատեսված դահլիճ (չորրորդ հարկ)։

Այցելուների կենտրոն

խմբագրել
 
ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն

Այցելուների կենտրոնը տեղակայված է ՀՀ կենտրոնական բանկի պատմական մասնաշենքում։ Այն առաջին անգամ իր այցելուների համար դռներն է բացել 2011 թվականի աշնանը, իսկ այցելուների առաջին խումբն այցելել է նույն թվականի սեպտեմբերի 20-ին։ Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնն զբաղեցնում է 2 հարկ՝ 500 քառ.մ. ընդհանուր մակերես, որտեղ այցելում է տարեկան մոտ 10 000 այցելու։

Այցելուների կենտրոնի ստեղծման նպատակը տարաբնույթ կրթական գործիքների՝ ստատիկ, թեմատիկ և ինտերակտիվ ցուցադրությունների միջոցով ՀՀ կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է։

Կենտրոնի հիմնական թիրախը բարձր դասարանների աշակերտներն են, ինչպես նաև ուսանողները, որոնց այցելությունները կազմակերպվում են օրական երկու անգամ, 20-25 հոգանոց խմբերով։ Կենտրոն կարող են այցելել նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրված են դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, կենտրոնում անցկացվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ, այցելություններ հատուկ խմբերի համար։

Ցուցադրանքում ներկայացված են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ՝ դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիային խաղեր, ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, Կենտրոնական բանկի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ։ Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ ցուցադրանքը երկլեզվյան է՝ հայերեն և անգլերեն։

Այցելուների կենտրոնի ընդհանուր կառուցվածքը հետևյալն է։

  1. Հայաստանի դրամաշրջանառության պատմություն
  2. Հայաստանի Հանրապետության արժույթ
  3. Դրամանիշերի/թղթադրամների ստեղծման գործընթաց
  4. Դրամի պաշտպանական հատկանիշներ
  5. Կեղծարարությունը հանցանք է
  6. Վճարահաշվարկային համակարգեր և վճարային քարտեր
  7. Դրամավարկային քաղաքականություն
  8. Միջազգային պահուստների կառավարում
  9. Ֆինանսական համակարգ և վերահսկողություն. աջակից կառույցներ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար, ԱՔՌԱ վարկային բյուրո, Ֆինանսական դիտարկումների կենտրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
  10. Բաց գրադարան
  11. Խաղասրահ
  12. Կինոսրահ
  13. Վաճառասրահ
 
Այցելունների կենտրոն

Կենտրոնական բանկի գրադարանը բաց է հանրության համար յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-17։00։ Նախատեսված է ոչ միայն Կենտրոնական բանկի աշխատակիցների, այլև տնտեսագիտական բուհերի ուսանողների և դասախոսների համար։

Գրադարանում առկա են մասնագիտական մոտ 3000 անուն գրքեր։ Առաջիկայում նախատեսված է գրադարանի անդամակցությունը էլեկտրոնային գրադարաններին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Arlis». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 13-ին, Հոդված 4
  3. «ՀՀ Կենտրոնական բանկի մասին օրենք» (PDF). cba.am. cba.am. 1996. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 12.07.2016-ին.
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ».
  5. «ՀՀ ԿԲ Դիլիջանի «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոն». www.facebook.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի կենտրոնական բանկ» հոդվածին։