Կոլումբոսյան փոխանակում

(Վերահղված է Կոլումբոսի փոխանակումից)

Կոլումբոսյան փոխանակում (անգլ.՝ Columbian exchange, Columbian interchange), բույսերի, կենդանիների, մշակույթի, մարդկանց, տեխնոլոգիաների, հիվանդությունների ու գաղափարների լայնամասշտաբ տեղափոխումներ Ամերիկաների, Արևմտյան Աֆրիկայի ու Հին աշխարհի միջև 15-րդ և 16-րդ դարերում։ Տերմինը վերաբերում է նաև եվրոպական գաղութացմանն ու առևտրին, որ հետևել են Քրիստափոր Կոլումբոսի 1492 թվականի ճանապարհորդությանը[1]։ Ինվազիոն տեսակները, այդ թվում նաև վարակիչ հիվանդությունները եղել են փոխանակման կողմնակի արդյունքներ։ Գյուղատնտեսության բնագավառում տեղի ունեցած փոփոխություններն զգալի ազդեցություն են ունեցել աշխարհի բնակչության վրա։ Կոլումբոսի փոխանակման կարևորագույն ոչ ուղղակի հետևանքները եղել են մշակութային փոխանակումներն ու մարդկանց տեղափոխությունը (ազատ և ստրկացված) մայրցամաքների միջև։

Կոլումբոսյան փոխանակում
Նոր աշխարհի բույսեր (ժամսլաքի ուղղությամբ՝ սկսած վերևի ձախ անկյունից). 1. Եգիպտացորեն (Zea mays), 2. Լոլիկ (Solanum lycopersicum), 3. Կարտոֆիլ (Solanum tuberosum), 4. Վանիլ (Vanilla), 5. Հևեա բրազիլական (Hevea brasiliensis), 6. Կակաո (Theobroma cacao), 7. Ծխախոտ (Nicotiana rustica)
Հին աշխարհի բույսեր (ժամսլաքի ուղղությամբ՝ սկսած վերևի ձախ անկյունից). 1. Ցիտրուսայիններ (Rutaceae), 2. Խնձոր (Malus domestica), 3. Բանան (Musa), 4. Մանգո (Mangifera), 5. Սոխ (Allium), 6. Սուրճ (Coffea), 7. Ցորեն (Triticum spp.), 8. Բրինձ (Oryza sativa)

Երկու մայրցամաքների բնակչությունների միջև շփման շնորհիվ տարածվել են տարատեսակ գյուղատնտեսական մշակաբույսեր ու ընտանի կենդանիներ, ինչը նպաստել է երկու կիսագնդերում բնակչության թվաքանակի աճին, չնայած սկզբում հիվանդությունների պատճառով կտրուկ նվազել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների բնիկների թվաքանակը։ Առևտրականները, վերադառնալով Եվրոպա, իրենց հետ բերել են եգիպտացորեն, կարտոֆիլ և լոլիկ, որ դարձել են կարևոր մշակաբույսեր Եվրոպայում մինչև 18-րդ դարը։

Տերմինը 1972 թվականին առաջին անգամ օգտագործել է ամերիկացի պատմաբան Ալֆրեդ Քրոսբին իր «Կոլումբոսյան փոխանակում» (անգլ.՝ The Columbian Exchange) գրքում[2]։ Այն արագորեն ընդունվել է այլ պատմաբանների ու լրագրողների կողմից և ստացել լայն տարածում։

Տերմինի ծագում խմբագրել

1972 թվականին Օսթինում Տեխասի համալսարանից ամերիկացի պատմաբան Ալֆրեդ Քրսբին հրատարակել է «Կոլումբոսյան փոխանակում» (ռուս.՝ The Columbian Exchange) գիրքը[2]։ Նույն տասնամյակում նա հրատարակել է հետագա հատորները։ Նրա հիմնական խնդիրը եղել է Հին և Նոր աշխարհների միջև տեղի ունեցած կենսաբանական ու մշակութային փոխանակումների քարտեզագրումը։ Նա ուսումնասիրել է Կոլումբոսի ճանապարհորդությունների ազդեցությունները։ Մասնավորապես մշակաբույսերի, սերմերի ու բույսերի գլոբալ տարածումը Նոր աշխարհից հետ դեպի Հին աշխարհ։ Նրա ուսումնասիրությոնը ազդեցություն է թողել գիտնականների կողմից ժամանակակից այն էկոհամակարգերի բազմազանության ընկալման վրա, որոնք առաջացել են այդ փոխանակումների շնորհիվ[3]։

Տերմինը տարածվել է պատմաբանների ու լրագրողների շրջանում։ Այն ամրապնդվել է Քրոսբիի «Էկոլոգիական իմպերիալիզմ։ Եվրոպայի կենսաբանական ընդլայնումը, 900-1900» գրքի շնորհիվ, իսկ Քրոսբիի օրիգինալ ուսումնասիրությունն իր «1493 թվական» գրքում շարունակել է ընդլայնել ու արդիականացնել Չարլզ Մանը[4]։

Ազդեցություններ խմբագրել

 
Ինկերի դարարջանի սարավանդներ Տեքիլեում, որ օգտագործվել են Անդերի համար ավանդական բույսեր աճեցնելու համար, ինչպիսիք են քինոան ու կարտոֆիլը, ինչպես նաև ցորեն, որ ներմուծվել է Եվրոպայից

Մշակաբույսեր խմբագրել

 
Պորտուգալացիների կողմից վաճառվող կենդանիներ Ճապոնիայում, Նանբանի հատված (1570-1616)

Մի շարք բույսեր, որ աճել են միայն Ամերիկայում, տարածվել են ամբողջ աշխարհում, ներառյալ կարտոֆիլը, եգիպտացորենը, լոլիկը և ծխախոտըը[5]։ Նախքան 1500 թվականը Հարավային Ամերիկայից դուրս կարտոֆիլ չի աճեցվել։ Մինչև 19-րդ դարը այն հանդիպել է գրեթե ամենուր Եվրոպայում և տարածվել Հնդկաստանում ու Հյուսիսային Ամերիկայում։ Արդյունքում կարտոֆիլը դարձել է մարդկանց սննդի կարևոր բաղադրամաս Եվրոպայի մեծ մասում և նպաստել շուրջ 25 %-ով Աֆրիկայի ու Եվրասիայի բնակչության աճին 1700 և 1900 թվականների միջև ընկած ժամանակահատվածում[6]։ Բազմաթիվ եվրապական առաջնորդներ, ներառյալ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը և Ռուսաստանի տիրակալ Եկատերինա II-ը, խրախուսել են կարտոֆիլի աճեցումը[7]։

Եգիպտացորենն ու կասավան, որ պորտուգալացիների կողմից բերվել են Հարավային Ամերիկայից 16-րդ դարում[8], փոխարինել են սորգոյին ու կորեկին որպես Աֆրիկայի կարևորագույն ուտելի մշակաբույսեր[9]։ 16-րդ դարում իսպանական գաղութարարներն Ասիայում տարածել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայից բերված մշակավույսեր, ներառյալ եգիպտացորենն ու բաթաթը՝ դրանով իսկ նպաստելով Ասիայի բնակչության թվաքանակի ավելացմանը[10]։ Ընդհանուր առմամբ՝ Հին աշխարհում կարտոֆիլի ու եգիպտացորենի տարածումը նպաստել են սննդի կարոլիականության ու սննդային արժեքի բարձրացմանը՝ համեմատած Եվրասիայում նախկինում տարածված մշակաբույսերի հետ[11], քանի որ դրանց շնորհիվ ստացվել է ավելի բազմազան ու առատ սննդի արտադրություն[12]։

Լոլիկը, որ Նոր աշխարհից Եվրոպա է բերվել Իսպանիայի շնորհիվ, սկզբում բարձր է գնահատվել Իտալիայում հատկապես իր դեկորատիվ արժեքի համար։ 19-րդ դարից սկսած լոլիկի սոուսը դարձել է տիպական նեապոլիտանական խոհանոցի համար, իդկ վերջնական արդյունքում նաև իտալական խոհանոցի համար[13]։ Սուրճը, որ ներմուծվել է Ամերիկա շուրջ 1720 թվականին Աֆրիկայից ու Միջին Արևելքից և շաքարեղեգը, որ ներմուծվել է Հնդկական ենթամայրցամաքից, դարձել են Լատինական Ամերիկայից արտահանվող հիմնական ապրանքներից և աճեցվել ընդարձակածավալ պլանտացիաներում։ Պորտուգալացիների շնորհիվ Հարավային Ամերիկայից Հնդկաստան տարված կարմիր պղպեղն ու կարտոֆիլը դարձել են հնդկական խոհանոցի անբաժանելի մաս[14]։

Բրինձ խմբագրել

Բրինձը նույնպես մեծ տարածում է գտել Կոլումբոսի փոխանակման ժամանակ։ Նոր աշխարհում այդ մշակաբույսի պահանջարկի մեծանալուն զուգահեռ զարգացել են նաև գիտելիքները նրա մշակման վերաբերյալ։ Առավել շատ օգտագործվող երկու տեսակները եղել են՝ Oryza glaberrima և Oryza sativa, որոնց հայրենիքը եղել է Արևմտյան Աֆրիկան և Հարավարևելյան Ասիան համապատասխանաբար։ Նոր աշխարհում ստրկատերերը այդ երկու տեսակների աճեցումը վստահել են Աֆրիկայից բերված ստրուկներին[15]։ Հյուսիսային և Հարավային Կարոլինան եղել է բրնձի աճեցման հիմնական վայրը ստրկատիրության ժամանակներում, իսկ Կարիբյան ծովի կղզիները, ինչպիսիք էին Պուերտո Ռիկոն և Կուբան, հավասարապես եղել են արտադրության խոշորագույն կենտրոնները։ Աֆրիկացի ստրուկները կիսվել են ջրի վերահսկմանը, աղալուն, քամհարմանը և դաշտերում կատարվող ագրարային այլ աշխատանքներին վերաբերող իրենց գիտելիքներով։ Աֆրիկացիների գիտելիքների տարածման շնորհիվ բրինձն արդյունքում դարձել է Նոր աշխարհում տարածված հիմնական սննդամթերքներից[3]։

Մրգեր խմբագրել

Ցիտրուսային մրգերն ու խաղողը Ամերիկա տարվել են Միջերկրածովյան տարածքներից։ Սկզբում ամեն կերպ փորձ է արվել դրանք հարարեցնել տեղի կլիմային, բայց 19-րդ դարի վերջին դրանք աճեցվել են ավելի հետևողականորեն[16]։

Բանանն Ամերիկա ներմուծվել է պորտուգալացի նավաստիների կողմից, որոնք այն տարել են Արևմտյան Աֆրիկայից 16-րդ դարում աֆրիկացիներին ստրկացնելու ժամանակ։ Մինչև 1880-ական թվականները բանանն օգտագործվել է նվազագույն քանակով։ ԱՄՆ-ում բանանի սպառման աճ չի նկատվել այնքան ժամանակ, մինչև չեն տարածքվել բանանի պլանտացիաները Կարիբյան ծովի ավազանում[17]։ Հետագայում այն տարածվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։

Լոլիկ խմբագրել

Եվրոպայում հայտնվելուց միայն երեք դար հետո է լոլիկն ստացել լայն տարածում։ Ծխախոտը, կարտոֆիլը, կարմիր պղպեղը, ֆիզալիսն ու լոլիկը պատկանում են մորմազգիների ընտանիքին և բոլորը որոշակի նմանություն ունեն եվրոպական մորմի հետ, ինչը երևում է անգամ ծաղիկների ու պտուղների ձևից։ Եվրոպական մորմի որոշ տեսակների նման լոլիկն ու կարտոֆիլը կարող են լինել վնասակար կամ նույնիսկ մահացու, եթե այդ բույսերի որոշակի հատվածներն օգտագործվեն սխալ քանակով։ Նոր աշխարհից Իտալիա բերված բույսերից միայն կարտոֆիլի տարածման համար է պահանջվել լոլիկի չափ ժամանակ։ 16-րդ դարի բժիշկները, այդպիսով, հիմք են ունեցել զգուշանալու, որ այդ բնիկ մեքսիկական բույսը եղել է թունավոր և «մելանխոլիկ տրամադրությունների» պատճառ։ 1544 թվականին տոսկանացի բժիշկ և բուսաբան Պիետրո Անդրեա Մատիոլին ենթադրել է, որ լոլիկը կրաող է ուտելի լինել, սակայն չկան վկայություններ այն մասին, որ ինչ-որ մեկը կերել է այն։ 1548 թվականի հոկտեմբերի 31-ին լոլիկին տրվել է այն անվանումը, որով այդ բույսը հայտնի է դարձել Եվրոպայում, երբ Ֆլորենցիայի դուքս Կոզիմո I Մեդիչիի տնային կառավարիչը Մեդիչիի անձնական քարտուղարին գրել է, որ pomi d'oro-ի զամբյուղը «տեղ է հասել անվնաս»։ Այդ ժամանակ pomi d'oro պիտակն օգտագործվել է նաև թզի, սեխի և ցիտրուսային մրգերի համար գիտական աշխատանքներում[18]։

Սկզբնական շրջանում լոլիկն Իտալիայում աճեցվել է հիմնականում որպես դեկորատիվ բույս։ Օրինակ՝ ֆլորենտացի ազնվական Ջիովան Վետորիո Սոդերինին գրել է, որ դրանք ձեռք են բերվել «միայն իրենց գեղեցկության համար» և աճեցվել են միայն պարտեզներում ու ծաղկանոցներում։ Եվրոպա բերվելուց հետո լոլիկը շուրջ հիսուն տարի աճեցվել է քաղաքային ու քաղաքներից դուսր գտնվող այգիներում և միայն հազվադեպ պատկերվել արվեստի գործերում։ Սակայն 1592 թվականին Մադրիդի մոտ գտնվող Արանխուեսի բուսաբանական այգու (գտնվել է Ֆիլիպ II Հաբսբուրգի հովանու ներքո) գլխավոր պարտիզպանը գրել է, թե «ասում են՝ [լոլիկից] լավ սոուս է ստացվում»։ Չնայած դրան՝ լոլիկը շարունակել է համարվել դեկորատիվ նպատակներով աճեցվող էկզոտիկ բույս, որ հազվադեպ է աճեցվել խոհարարական նպատակներով։ Տոմատի սոուսով մակարոնը հայտնի է դարձել միայն 19-րդ դարի վերջին։ Ներկայում Իտալիայում աճեցվում է 13 000 հա լոլիկ, չնայած կան տարածաշրջաններ, որտեղ լոլիկը քիչ է աճեցվում և քիչ սպառվում[18]։

Ընտանի կենդանիներ խմբագրել

Առնվածզն Կոլումբոսյան փոխանակման սկզբում կենդանիները տեղափոխվել են հիմնականում մեկ ուղղությամբ՝ ԵՎրոպայից դեպի Նոր աշխարհ, որովհետև Եվրասիայում ավելի շատ կենդանիներ էին ընտելացվել։ Ձիերը, էշերը, ջորիները, խոզերը, կովերը, ոչխարները, այծերը, հավերը, մեծ շներ, կատուներ և մեղուներ արագ ընդունվել են տեղացիների կողմից և օգտագործվել տրանսպորտի, սննդի և այլ նպատակներով[19]։ Եվրոպայից Ամերիկա տեղափոխված առաջին կենդանիներից մեկը՝ ձին, փոխել է բազմաթիվ բնիկ ամերիկյան ցեղերի կյանքը։ Լեռնային ցեղերն անցել են քոչվոր կենսակերպի, որը ի տարբերություն երկրագործության, հիմնված էր բիզոնների որսի վրա (ձի հեծած), և շարժվել են դեպի Մեծ հարթավայրեր։ Հարթավայրերի ցեղերը ընդլայնել են իրենց տարածքները ձիերի միջոցով, և այդ կենդանիներն այնքան արժեքավոր են համարվել, որ ձիերի երամակները դարձել են հարստության չափման միջոց[20]։

Եվրոպային հատուկ անասունների ներմուծումն Ամերիկա միշտ չէ, որ դրական ազդեցություն է ունեցել շրջակա միջավայրի և մարդկանց վրա։ Կարիբյան ավազանում եվրոպական կենդանիների տարածումը մեծ ազդեցություն է ունեցել տեղական ֆաունայի և անտառային ծածկույթի վրա, ինչպես նաև վնաս է հասցրել մշակաբույսերին, որ բնիկ ժողովուրդներն աճեցնում էին իրենց գոյությունը պաշտպանելու համար[21]։

Մապուչեները (Արաուկանիա) արագորեն հարմարվել են ձիերի իսպանացիներից վերցված ձիերն օգտագործելուն՝ բարելավելով իրենց ռազմական հնարավորությունները, քանի որ Արաուկոյի պատերազմը շարունակվում էր իսպանացիների ու մապուչեների միջև[22][23]։ Իսպանացիների գալուց առաջ մապուչեսներն ունեցել են լամաներ։ Ոչխարների ներմուծումից հետո որոշակի մրցակցություն է եղել այդ երկու տնային կենդանիների միջև։ Ըստ վկայությունների՝ 17-րդ դարի կեսերինայդ երկու տեսակները գոյակցել են, բայց ոչխարներն ավելի շատ են եղել, քան լամաները։ Վերջիններիս թվաքանակը նվազագույնին է հասել 18-րդ դարի վերջին, երբ միայն Մարիքինայի մապուչեներն ու Անգոլի մոտի հյուքեններն էին պահում այդ կենդանիներից[24]։ Չիլոեի կղզեխմբում իսպանացիների կողմից խոզերի ներմուծումը հաջող է եղել, քանի որ նրանք օգտվել են կակղամորթների և ջրիմուռների առատությունից, որ բերում էին մեծ մակընթացությունները[24]։

Հիվանդություններ խմբագրել

Եվրոպացիները, գրավելով արևադարձային շրջանները, հայտնաբերել են քինինը՝ որպես մալարիայի բուժման առաջին արդյունավետ միջոց։ Եվրոպացիները տառապել են այդ հիվանդությամբ, բայց որոշ բնիկներ մշակել են առնվազն մասնակի դիմադրողականություն դրա նկատմամբ։ Աֆրիկայում մալարիայի նկատմամբ կայունությունը պայմանավորված է եղել Սահարայից հարավ ապրող աֆրիկացիների և նրանց ժառանգների մոտ տեղի ունեցած այլ գենետիկական փոփոխություններով, որոնք կարող են առաջացնել մանգաղաբջջային հիվանդություն[1]։ Փաստորեն, Միացյալ Նահանգների հարավում տարածված մալարիայի դեմ Սահարայից հարավ բնակվող աֆրիկացիների ունեցած դիմադրողականությունը նպաստել է այդ շրջաններում ստրկության զարգացմանը[25]։

Նախքան երկու կիսագնդերի միջև կանոնավոր հաղորդակցման հաստատումը՝ ընտանի կենդանիների տեսակները և մարդկանց փոխանցված վարակիչ հիվանդությունները, ինչպիսին է բնական ծաղիկը, զգալիորեն ավելի մեծաթիվ են եղել հին աշխարհում, քան Նոր աշխարհում, ինչի պատճառը եղել են հեռավոր երկրների հետ առևտրային զարգացած հարաբերությունները։ Դրանցից շատերը տարածվել են արևմուտքում Եվրասիայի միջոցով կենդանիների կամ մարդկանց հետ միասին, կամ առևտրականների միջոցով բերվել են Ասիայից, ինչի հետևանքով երկու մայրցամաքների հիվանդությունները փոխանցվել են բոլոր բնակիչներին։ Մինչ եվրոպացիներն ու ասիացիները տառապել էին եվրասիական հիվանդություններից, այդ մայրցամաքներում դարեր շարունակ նրանց ունեցած էնդեմիկ կարգավիճակը հանգեցրել է նրան, որ շատ մարդկանց մոտ ձևավորվել է ձեռքբերովի իմունիտետ։

Հին աշխարհի հիվանդությունները, ընդհակառակը, ավերիչ ազդեցություն են ունեցել Ամերիկայի բնիկների վրա, որովհետև Ամերիկայում մարդիկ նոր հիվանդությունների նկատմամբ բնական իմունիտետ չեն ունեցել։ Կարմրուկը դարձել է մեծ թվով մարդկանց մահվան պատճառ։ Համարվում է, որ բնական ծաղկի համաճարակները մեծ կորուստների պատճառ են դարձել բնիկ ամերիկացիների շրջանում՝ գերազանցելով ցանկացած պատերազմի[26] ինչպես նաև Եվրոպայում Սև մահվան պատճառով եղած համեմատական կորուստները[1]. հաշվարկվել է, որ 1492 թվականին հաջորդած առաջին 100-150 տարիների ընթացքում այդ համաճարակներից մահացել է Ամերիկայի բնիկների ավելի քան 80-95 %-ը, իսկ Ամերիկայի շատ տարածաշրջաններում համաճարակի զոհ է դարձել բնակչության 100 %-ը[1]։ Հյուսիսային Ամերիկայում ժողովրդագրական աղետի սկսվելը սովորաբար կապվում է 1518 թվականի դեկտեմբերին Էսպանյոլից բնական ծաղկի համաճարակի տարածման հետ[21]։ Այդ ժամանակ Էսպանյոլում կենդանի էր մնացել մոտ 10 000 բնիկ[21]։

Ենթադրվում է, որ դեղին տենդը Ամերիկա է հասել Աֆրիկայից տրանսատլանտյան ստրկավաճառության շնորհիվ։ Քանի որ այն Աֆրիկայում եղել է էնդեմիկ, շատերն ունեցել են իմունիտետ դրա նկատմմաբ։ Եվրոպացիներն ավելի շատ են տուժել Ամերիկայում տարածված դեղին տենդից, քան աֆրիկացիների սերունդները, երբ այդ հիվանդությունը տարածվել է բազմաթիվ գաղութներում 17-րդ դարում և շարունակվել էմինչև 19-րդ դարի վերջը։ Դեղին տենդը զանգվածային մահացությունների պատճառ է դարձել Կարիբյան ավազանում ստրուկների աշխատանքով մշակվող շաքարի պլանտացիաների ծաղկման շրջանում[21]։ Տեղական անտառների փոխարինումը շաքարի տնկարկներով և գործարանների կառուցումը նպաստել է արևադարձային գոտում դրա տարածմանը, որովհետև կրճատվել է մոծակների պոտենցիալ բնական գիշատիչների թիվը[21]։ Դեղին տենդի փոխանցման ուղիներն անհայտ են եղել մինչև 1881 թվականը, երբ Կառլոս Ֆինլեյը ենթադրել է, որ հիվանդությունը կարող են փոխանցել մոծակները, որ ներկայում հայտնի են որպես Aedes aegypti տեսակի էգ մոծակներ[21]։

Սիֆիլիսի առաջացման պատմությունը լավ ուսումնասիրված է, սակայն հիվանդության ճշգրիտ ծագումը հայտնի չէ և շարունակում է մնալ քննարկման առարկա[27]։ Կան երկու հիմնական վարկածներ. մեկը ենթադրում է, որ սիֆիլիսը Եվրոպա է տեղափոխվել Ամերիկայից Քրիստափոր Կոլումբոսի անձնակազմի կողմից 1490-ական թվականների սկզբին, իսկ ըստ երկրորդ վարկածի՝ սիֆիլիսը նախկինում գոյություն է ունեցել Եվրոպայում, սակայն մնացել է չբացահայտված[28]։ Այս վակածները կոչվում են «կոլումբոսյան» և «նախակոլումբոսյան» վարկածներ[28]։ Այս հիվանդության առաջին գրավոր նկարագրությունները Հին աշխարհում հայտնվել են 1493 թվականին[29]։ Եվրոպայում սիֆիլիսի առաջին խոշոր բռնկումը տեղի է ունեցել 1494/1495 թվականին Նեապոլում (Իտալիա)՝ Կարլ VIII բանակի շարքերում Նեապոլ ներխուժման ժամանակ[28][30][31][32]։ Նավարկության մասնակցած անձնակազմի շատ անդամներ միացել են այդ բանակին։ Հաղթանակից հետո Կարլի բանակի զինվորները, որոնց մեծ մասը վարձկաններ էին, վերադարձել են իրենց տները՝ դրանով իսկ տարածելով «Մեծ ծաղիկ» ողջ Եվրոպայում, որը դարձել է ավելի քան 5 միլիոն մարդու մահվան պատճառ[33][34]։

Մշակութային փոխանակումներ խմբագրել

Մարդկանց միգրացիայի ազդեցություններից են եղել մշակութային փոխանակումները։ Օրինակ՝ «Վաղ գլոբալիզացիայի առասպելը։ Ատլանտյան տնտեսություն, 1500-1800» (անգլ.՝ The Myth of Early Globalization: The Atlantic Economy, 1500–1800) հոդվածում Փիթեր Էմմերը նշում է, որ «1500 թվականից սկսած Ատլանտիկայում սկսվել է «մշակույթների բախում»[35]։ Մշակույթների այս բախումը բնիկ մշակույթներին տվել է եվրոպական արժեքներ։ Օրինակ՝ մասնավոր սեփականության առաջացումն այն տարածքներում, որտեղ գրեթե բացակայում էին հողային իրավունքները, մոնոգամիայի և նուկլեար ընտանիքի հասկացությունները, ընտանեկան համակարգում կանանց և երեխաների դերը, «ազատ աշխատանքի առավելությունը»[36]։ Օրինակ՝ այս տեսակի մշակութային փոխանակում է տեղի ունեցել 1500-ական թվականներին Հյուսիսային Ամերիկայում։ Նմանատիպ մշակութային փոխանակման օրինակ է տեղի ունեցել Հյուսիսային Ամերիկայում 1500-ական թվականներին։ Երբ Եվրոպայից եկած առաջին գաղութարարներն առաջին անգամ մտել են Հյուսիսային Ամերիկա, հանդիպել են առանց ցանկապատների հողերի, ինչից նրանք եզրակացրել են, որ դրանք չեն մշակվել։ Եվրոպացիները որոնում էին տնտեսական հնարավորություններ, այդ պատճառով հողը և ռեսուրսները նրանց համար կարևոր էին իրենց առաքելության հաջող ընթացքի համար։ Երբ այդ գաղութարարները մտել են Հյուսիսային Ամերիկա, նրանք հանդիպել են Պովհաթան կոչվող ժողովրդի լիովին ձևավորված մշակույթին։ Վիրջինիայում պովհաթան ֆերմերների ֆերմերային տարածքներն ցրված են եղել և ընդգրկել են մեծ տարածքներ։ Այդ մեծ ու մաքրված տարածքներում աճել են նաև ոչ տնկված և օգտակար բույսեր։ Քանի որ եվրոպացիները ցանկապատերը համարել են «քաղաքակրթության տարբերակիչ նշաններ», նրանք սկսել են վերափոխել հողը՝ այն հարմարեցնելով իրենց[37]։ Իրենց գործունեության ծավալման ընթացքում եվրոպացիները ստրկացրել, սպանել և շահագործել են բնիկներին։ Դրանից բացի, ստրկացված ժողովուրդների (և մասնավորապես, ստրկացված աֆրիկացիների) ընթացքում եվրոպացիները միաժամանակ տարածել են իրենց արժեհամակարգը՝ միաժամանակ արդարացնելով մարդկանց ստրկացումը փիլիսոփայության միջոցով, որը ստրկացված մարդկանց համարել է սեփականություն։ Այսպիսով, ստրկավաճառները և պլանտացիաների որոշ սեփականատերերը օգտագործել են ընտանիքի հայեցակարգը՝ ստրկացված ժողովրդին շահագործելու և վերահսկելու նպատակով։ Մշակութային փոխանակումների վրա ազդած այլ եղանակներից են եղել պրակտիկաների և ավանդույթների փոխանակումը։ Դրա օրինակ է ծխախոտի արդյունաբերությունը։

Ծխախոտը եղել է պերճանքի առարկաներից մեկը, որոնք տարածվել են որպես Կոլումբիական փոխանակման ուղղակի արդյունք։ Ծխախոտի առևտուրն ավելացրել է անվճար աշխատուժի պահանջարկը և ծխախոտը տարածել ամբողջ աշխարհում։ Քննարկելով ծխախոտի լայն օգտագործումը՝ իսպանացի բժիշկ Նիկոլաս Մոնարդեսը (1493-1588) նշել է, որ «Սև մարդիկ, որոնք այդ վայրերից հեռացել են Ինդիա, սկսել են ծխախոտ օգտագործել այնպես, ինչպես հնդիկները»[38]։ Երբ եվրոպական գաղութարարները և ստրկացված աֆրիկացիները ճանապարհորդել են աշխարհում և շփվել բնիկ ժողովուրդների հետ, նրանք իրենց հետ վերցրել են ծխախոտի հետ կապված մշակութային սովորույթները և դրանք տարածել այլ շրջաններում։ Այդ պատճառով ծխախոտի պահանջարկը մեծացել է մշակութային փոխանակումների և ժողովուրդների միջև շփումների ընդլայնման ընթացքում։

Չնայած մապուչե ժողովուրդն սկսել է օգտագործել ձիեր, ոչխարներ ու մշակել ցորեն, ընդհանուր առմամբ նրանք քիչ են վերցրել իսպանական տեխնոլոգիաները, ինչը բնութագրվել է որպես մշակութային դիմադրություն[22]։

Տրանսատլանտյան ստրկավաճառություն խմբագրել

 
Ստրկացված աֆրիկացիներին շղթայել են և նավերով ուղարկել Նոր Աշխարհ

Տրանսատլանտյան ստրկավաճառություն կոչվել է հիմնականում Արևմտյան Աֆրիկայից սևամորթների տեղափոխումը Ամերիկա 16-րդ դարից մինչև 19-րդ դարը[39]։ Շուրջ 10 մլն սևամորթներ են տեղափոխվել Աֆրիկայից Ամերիկա։ Այն ճանապարհորդությունը, որ ստրկացված աֆրիկացիները կատարել են Աֆրիայից մինչև Ամերիկա, հայտնի է որպես միջին անցում (Middle Passage)[40]։

Ստրկացված աֆրիկացիներն զգալի ազդեցություն են ունեցել Նոր աշխարհում ձևավորվող աֆրոամերիկյան մշակույթի վրա, ինչպես նաև այն բոլոր ժողովուրդների վրա, որոնց տարածքներ նրանք տեղափոխվել են, հատկապես Կարիբյան տարածաշրջանում և Բրազիլիայում։ Ստրկացված աֆրիկացիները եղել են որակյալ աշխատուժ, ինչպես նաև հիմք են հանդիսացել նոր բնակչության ձևավորման համար, որը երկու մշակույթների հիբրիդ էր[39]։ Սիդնի Մինցի և Ռիչարդ Փրայսի «Աֆրոամերիկյան մշակույթի ծնունդը։ Մարդաբանական հեռանկարը» (անգլ.՝ The Birth of African American Culture: an Anthropological Perspective) գրքում մանրամասն ներկայացվում է ստրկացված աֆրիկացիների մշակութային ազդեցությունն Ամերիկայում։

Տրանսատլանտյան ստրկավաճառության ժամանակ ստրկացված աֆրիկացիների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը դարձել է ամենավիճելի հարցերից մեկը Նոր աշխարհի պատմության մեջ։ 1865 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում դրա արգելման և մինչև 1890 թվականը մնացած Նոր աշխարհում դրա լիովին վերացման պահից այն մնում է որպես նշանակալի թեմա քաղաքականությունում, փոփ մշակույթում և մամուլում։

Օրինակներ խմբագրել

Մարդկանց հետ անմիջական կապ ունեցող բնիկ օրգանիզմների հետկոլումբոսյան փոխանակումներ
Օրգանիզմ Հին աշխարհից դեպի Նոր աշխարհ Նոր աշխարհից դեպի Հին աշխարհ
Ընտանի կենդանիներ
  • կատու (ընտանի, մի քանի վայրի տեսակներ արդեն եղել են)
  • կով (օգտագործվել է մսի, կաթի, գութան քաշելու և այլնի համար)
  • հավ
  • ավանակ
  • այծ (Հին աշխարհի այծեր, որ եղել են Capra տեսակի, տարբերվել են Նոր աշխարհի լեռնային այծերից, որ եղել են Oreamnos տեսակի)
  • սագ (Նոր աշխարհում գոյություն են ունեցել սագի տեսակներ, սակայն գյուղացիները ցանկացել են պահել նաև սագեր ոչ միայն միս, այլ նաև ձու ստանալու համար)
  • խայտահավ
  • մեղրատու մեղու (եվրոպական մեղրատու մեղու, վայրի և ընտանի այլ տեսակներ արդեն եղել են)
  • ձի
  • ճագար (ընտանի)
  • խոզ
  • ոչխար (միայն ընտանի, վայրի մեծաեղջյուր ոչխարը չի հանդիպել Միսիսիպիի գետից արևելք և չի հայտնաբերվել մինչև փոխանակման մեծ մասի ավարտը)
  • ջրային գոմեշ
Մշակաբույսեր
Մշակելի սնկեր
Վարակիչ հիվանդություններ

Ուշ շրջանի պատմություն խմբագրել

Բույսրը, որ ցամաքով, օդով կամ ջրով տեղափոխվել են նախքան 1492 թվականը, կոչվում են արխեոֆիտներ, իսկ դրանից հետո Եվրոպա ներմուծված բույսերը՝ նեոֆիտներ։ Ոչ կանխամտածված կերպով ներմուծվել են նաև ինվազիոն բույսեր և հարուցիչներ, ինչպիսիք են մոլախոտերի օշան (Salsola spp.) և խրփուկ սովորական (Avena fatua) տեսակները։ Մտածված կերպով ներմուծված որոշ բույսեր, ինչպիսին է kudzu vine բույսը, որ 1894 թվականին Ճապոնիայից տարվել է ԱՄՆ՝ նպաստելու համար հողի էրոզան կարգավորելուն, հետագայում ճանաչվել է ինվազիոն բույս նոր պայմաններում։

Մի մայրցամաքից մյուսը տեղափոխվել են նաև սնկեր, ինչպիսին է գերմանական թեղու հիվանդության համար պատասխանատու սունկը, որ ոչնչացրել է ամերիկյան թեղիները Հյուսիսային Ամերիկայի անտառներում ու քաղաքներում, որտեղ դրանք տնկվել էին փողոցներում։ Որոշ ինվազիոն տեսակներ դարձել են էկոհամակարգային ու տնտեսական լուրջ վտանգ Նոր աշխարհի պայմաններում հայտնվելուց հետո[41][42]։ Օգտակար (թեև հավանաբար ոչ կանխամտածված) ներմուծում է Saccharomyces eubayanus խմորիչը, որի շնորհիվ ստեղծվել է թեթև գարեջուրը, որը, ինչպես ներկայում համարվում է, ստեղծվել է Պատագոնիայում[43]։ Ուրիշները օվկիանոսը հատել են հակառակ ուղղությամբ՝ հայտնվելով Եվրոպայում և նույնիսկ փոխել պատմության ընթացքը. 1840-ական թվականներին ֆիտոֆտորա ինֆեստանսը վնասել է կարտոֆիլի բերքը Եվրոպայի մի քանի երկրներում և ամբողջովին ոչնչացրել բերքը Իռլանդիայում, ինչի արդյունքում միլիոնավոր մարդիկ սովի են մատնվել ու մահացել Իռլանդիայի կարտոֆիլայի սովի տարիներին։

Դրանից բացի, կանխամտածված կամ պատահական կերպով մի մայրցամաքից մյուսն են տեղափոխվել նաև մի շարք կենդանիներ։ Դրանց թվում են, օրինակ, գորշ առնետները, անձրևաորդերը (ամենայն հավանականությամբ բացակայել են նախակոլումբոսյան Նոր աշխարհի մի մասում), զեբրային խեցեմորթները, որ Նոր աշխարհ են հասել նավերի միջոցով[44]։ Ոչ բնիկ կենդանիների ազատ արձակված պոպուլյացիաները ծաղկում են ապրել Հին ու Նոր աշխարհներում և հաճախ բացասական ազդեցություն ունեցել տեղական տեսակների վրա։ Նոր աշխարհում տարածվել են վայրենացծ եվրոպական կատուները, խոզերը, ձիերն ու խոշոր եղջերավոր անասունները, իսկ Python bivittatus-ը և սովորական իգուանան խնդիրներ են ստեղծել Ֆլորիդայում։ Հին աշխարհում արևելյան գորշ սկյուռի հատկապես մեծ գաղութ է ձևավորվել Մեծ Բրիտանիայում, իսկ ենոտների ամերիկյան ջրարջերի պոպուլյացիաներ ներկայում հանդիպում են Գերմանիայի որոշ շրջաններում, Կովկասում և Ճապոնիայում։ Մորթու ֆերմաներից փախած ճահճակուղբերն ու ամերիկյան ջրաքիսները նույնպես ձևավորել են մեծ պոպուլյացիաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Nunn, Nathan; Qian, Nancy (2010). «The Columbian Exchange: A History of Disease, Food, and Ideas». Journal of Economic Perspectives. 24 (2): 163–188. CiteSeerX 10.1.1.232.9242. doi:10.1257/jep.24.2.163. JSTOR 25703506.
  2. 2,0 2,1 Gambino, Megan (2011 թ․ հոկտեմբերի 4). «Alfred W. Crosby on the Columbian Exchange». Smithsonian Magazine. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 Carney, Judith (2001). Black Rice: The African Origins of Rice Cultivation in the Americas. United States of America: Harvard University Press. էջեր 4-5.
  4. de Vorsey, Louis (2001). «The Tragedy of the Columbian Exchange». In McIlwraith, Thomas F; Muller, Edward K (eds.). North America: The Historical Geography of a Changing Continent. Lanham, MD: Rowman & Littlefield. էջ 27. «Thanks to…Crosby's work, the term 'Columbian exchange' is now widely used…»
  5. Ley, Willy (December 1965). «The Healthfull Aromatick Herbe». For Your Information. Galaxy Science Fiction. էջեր 88–98.
  6. Nathan, Nunn; Nancy, Qian (2011). «The Potato's Contribution to Population and Urbanization: Evidence from a Historical Experiment». Quarterly Journal of Economics. 2: 593–650.
  7. Crosby, Alfred (2003). The Columbian Exchange: Biological and Cultural Consequences of 1492. Westport, Connecticut: Praeger. էջեր 184.
  8. "Super-Sized Cassava Plants May Help Fight Hunger In Africa" Արխիվացված Դեկտեմբեր 8, 2013 Wayback Machine, The Ohio State University
  9. "Maize Streak Virus-Resistant Transgenic Maize: an African solution to an African Problem" Արխիվացված 2019-12-27 Wayback Machine, Scitizen, August 7, 2007
  10. "China's Population: Readings and Maps", Columbia University, East Asian Curriculum Project
  11. Nathan, Nunn; Nancy, Qian (2010). «The Columbian Exchange: A History of Disease, Food and Ideas» (PDF). Journal of Economic Perspectives. 2: 163–88, 167. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  12. Crosby, Alfred W. (2003). The Columbian Exchange: Biological and Cultural Consequences of 1492. Praeger. էջեր 177.
  13. Riley, Gillian, ed. (2007). «Tomato». The Oxford Companion to Italian Food. Oxford University Press. էջեր 529–530. ISBN 978-0-19-860617-8.
  14. Collingham, Lizzie (2006). «Vindaloo: the Portuguese and the chilli pepper». Curry: A Tale of Cooks and Conquerors. Oxford: Oxford University Press. էջեր 47–73. ISBN 978-0-19-988381-3.
  15. Carney, Judith A. (2001). «African Rice in the Columbian Exchange». The Journal of African History. 42 (3): 377–396. JSTOR 3647168.
  16. McNeill, J.R. «The Columbian Exchange». NCpedia. State Library of North Carolina. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  17. Gibson, Arthur. «Bananas & Plantains». University of California, Los Angeles. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  18. 18,0 18,1 A History of the Tomato in Italy Pomodoro!, David Gentilcore (New York, NY: Columbia University Press, 2010).
  19. Michael Francis, John, ed. (2006). «Columbian Exchange—Livestock». Iberia and the Americas: Culture, Politics, and History: a Multidisciplinary Encyclopedia. ABC-CLIO. էջեր 303–308. ISBN 978-1-85109-421-9.
  20. Կոլումբոսյան փոխանակման շնորհիվ ձին երկրորդ անգամ է ներմուծվել Ամերիկա, որովհետև այդտեղ այն ոչնչացել էր Եվրոպայում ձիու ժամանակակից տեսակի ի հայտ գալուց առաջ։
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 Palmié, Stephan (2011). The Caribbean: A History of the Region and Its Peoples. Chicago: University of Chicago Press. ISBN 9780226645087.
  22. 22,0 22,1 Dillehay, Tom D. (2014). «Archaeological Material Manifestations». In Dillehay, Tom (ed.). The Teleoscopic Polity. Springer. էջեր 101–121. ISBN 978-3-319-03128-6.
  23. Bengoa, José (2003). Historia de los antiguos mapuches del sur (Spanish). Santiago: Catalonia. էջեր 250–251. ISBN 978-956-8303-02-0.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. 24,0 24,1 Torrejón, Fernando; Cisternas, Marco; Araneda, Alberto (2004). «Efectos ambientales de la colonización española desde el río Maullín al archipiélago de Chiloé, sur de Chile» [Environmental effects of the Spanish colonization from de Maullín river to the Chiloé archipelago, southern Chile]. Revista Chilena de Historia Natural (Spanish). 77: 661–677. doi:10.4067/s0716-078x2004000400009.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. Esposito, Elena (Summer 2015). «Side Effects of Immunities: the African Slave Trade» (PDF). European University Institute. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 31-ին.
  26. "The Story Of... Smallpox – and other Deadly Eurasian Germs", Guns, Germs and Steel, PBS Արխիվացված 16 Հունվար 2010 Wayback Machine
  27. Kent ME, Romanelli F (February 2008). «Reexamining syphilis: an update on epidemiology, clinical manifestations, and management». Ann Pharmacother. 42 (2): 226–36. doi:10.1345/aph.1K086. PMID 18212261.
  28. 28,0 28,1 28,2 Farhi, D; Dupin, N (Sep–Oct 2010). «Origins of syphilis and management in the immunocompetent patient: facts and controversies». Clinics in Dermatology. 28 (5): 533–8. doi:10.1016/j.clindermatol.2010.03.011. PMID 20797514.
  29. Smith, Tara C. (2015 թ․ դեկտեմբերի 23). «Thanks Columbus! The true story of how syphilis spread to Europe». Quartz. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. «The first cases of the disease in the Old World were described in 1493.»
  30. Franzen, C (December 2008). «Syphilis in composers and musicians—Mozart, Beethoven, Paganini, Schubert, Schumann, Smetana». European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases. 27 (12): 1151–7. doi:10.1007/s10096-008-0571-x. PMID 18592279.
  31. A New Skeleton and an Old Debate About Syphilis; The Atlantic; Cari Romm; February 18, 2016
  32. Choi, Charles Q. (2011 թ․ դեկտեմբերի 27). «Case Closed? Columbus Introduced Syphilis to Europe». Scientific American. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  33. CBC News Staff (January 2008). «Study traces origins of syphilis in Europe to New World». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.
  34. Harper, Kristin; և այլք: (January 2008). «On the Origin of the Treponematoses: A Phylogenetic Approach». Վերցված է 2008 թ․ հունվարի 21-ին.
  35. Emmer, Pieter. "The Myth of Early Globalization: The Atlantic Economy, 1500–1800." European Review 11, no. 1. Feb. 2003. p. 45–46
  36. Emmer, Pieter. "The Myth of Early Globalization: The Atlantic Economy, 1500–1800." European Review 11, no. 1. Feb. 2003. p. 46
  37. Mann, Charles. 1493: Uncovering the New World Columbus Created. New York, New York: Vintage Books, 2011. loc. 1094 and 1050
  38. Monardes, Nicholas. "Of the Tabaco and of his Greate Vertues." Frampton, John trans, Wolf, Michael, ed. Taboacco.org. Accessed June 1, 2017 http://archive.tobacco.org/History/monardes.html Արխիվացված 2012-06-07 Wayback Machine
  39. 39,0 39,1 Carney, Judith (2001). Black Rice. Harvard University Press. էջեր 2–8.
  40. Gates, Louis. «100 Amazing Facts About the Negro». PBS. WNET. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
  41. Simberloff, Daniel (2000). «Introduced Species: The Threat to Biodiversity & What Can Be Done». American Institute of Biological Sciences: Bringing Biology to Informed Decision Making. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  42. Fernández Pérez, Joaquin and Ignacio González Tascón (eds.) (1991). La agricultura viajera. Barcelona, Spain: Lunwerg Editores, S. A.
  43. Elusive Lager Yeast Found in Patagonia Արխիվացված 2012-01-04 Wayback Machine, Discovery News, August 23, 2011
  44. Hoddle, M. S. «Quagga & Zebra Mussels». Center for Invasive Species Research, University of California, Riverside. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել