Բացել գլխավոր ցանկը
Կարիա պեկան
C. il.-seeds-12.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ընկուզածաղկավորներ
Ընտանիք Ընկուզազգիներ
Ցեղ Կարիա
Տեսակ Կարիա պեկան
Լատիներեն անվանում
Carya Pecan


Կարիա Պեկան (լատ.՝ Caria pecan), ընկուզազգիների ընտանիքի, կարիա ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Տերևաթափ հսկա ծառ է 50-65 մ բարձրությամբ և 2-2,5 մ տրամագիծ ունեցող բնով։ Ազատության մեջ առաջացնում է հսկայական վրանաձև սաղարթ։ Կեղևը հաստ է, պատված խոր ճաքերով, անջատվում է շերտերով։ Ճյուղերը մոխրավուն են կամ մոխրադարչնավուն։ Ընձյուղները խիտ աղվամազածածկ են։ Գագաթնային բողբոջները սրված-ձվաձև են, կողմնայինները ձվաձև, 6-7 մմ երկարությամբ, մազմզուկապատ և գեղձապատ, հակադիր դասավորված թևտուկներով։ Տերևները խոշոր են, 30-50 սմ երկարությամբ, կազմված 11-17 տերևիկներից։ Վերջիններս երկարավուն-նշտարաձև են, կլորավուն կամ լայն-սեպաձև, անհավասարակողմ հիմքով և սուր գագաթով, 10-12 սմ երկարությամբ և 2,5-7 սմ լայնությամբ, սղոցաեզր կամ կրկնակի սղոցաեզր, ծածկված գեղձիկներով և թավշային մազմզուկներով (հետագայում մերկանում են)։ Առէջային կատվիկները 3-ական են, դեղին փոշեպարկեր ունեցող 4-6 առէջներով։ Վարսանդային ծաղիկները 3-11-ական հավաքված են փնջերում։

Կեղծ կորիզապտուղները գտնվում են 3-10-ական ողկույզներում, երկարավուն են, 3-անկյունանի, 3,5-8 սմ երկարությամբ, մուգ դարչնագույն, դարչնագույն մազափնջերով, ամուր, հեշտ փշրվող կեղևով, որը հասունանալիս ճեղքվում է մինչև հիմքը և շատ հաճախ ձմռան ընթացքում մնում է ծառի վրա, մինչև ընկույզների թափվելը։ Ընկույզը երկարավուն-ձվաձև է կամ էլիպսաձև, հաճախ գրեթե գլանաձև, 2,5-5 սմ երկարությամբ, փայլուն, մուգ դարչնագույն, անկանոն բծերով ծածկված։ Երբեմն գագաթնային սրվածք ունի՝ փշրվող կեղևով և թղթանման միջնապատով։ Սերմերն ունեն կարմրադարչնագույն թաղանթ։

Առաջին անգամ Հայաստանում մշակվել է Այգեհովտի տնկարանում։ 1940 թվականին բերված մի քանի ծառեր այստեղ պահպանվել էին մինչև 1964 թվականը։ 25-26 տարեկան ծառերը հասնում էին 12 -13 մ բարձրության և 25-30 սմ բնի տրամագիծ ունեին։ Թեթևակի ցրտահարվում էին միայն արտակարգ ուժեղ սառնամանիքների դեպքում։ Ամեն տարի ծաղկում և պտղաբերում էին։ Դժբախտաբար, Իջևան-Աղստաֆա երկաթուղու շինարարության կապակցությամբ այդ խիստ արժեքավոր ծառերը հատվեցին։ Ներկայումս կարիայի երիտասարդ ծառեր կան Իջևանի դենդրարիում, որոնք դեռևս պտղաբերման շրջան չեն մտել։

ՏարածվածությունԽմբագրել

 
Կարիա պեկան

Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Միսսիսիպիի ավազանի միջին մասում, հիմնականում գետահովիտներում, այն մարզերում, որտեղ մթնոլորտային տեղումները կազմում են տարեկան 500-1000 մմ։ 200 մ-ից ավելի վեր դեպի լեռները չի բարձրանում։

ԿիրառությունԽմբագրել

Հյուսիսային Ամերիկայում ստացվել է այս բույսի ավելի քան 100 սորտ։ Զգայուն է հատկապես ուշ գարնանային ցրտահարությունների նկատմամբ։ Պտուղները խիստ արժեքավոր են, համեղ են և սննդարար, պարունակում են 2,9 % ջուր, 10,8 % պրոտեին, 70,8 % ճարպեր, 14,3 % ածխաջրեր և 1,7 % մոխիր։ 400 գ միջուկը պարունակում է 3445 կալորիա, այսինքն՝ գրեթե կրկնակի անգամ ավելի մարդու օրական պահանջից։ Այս չափազանց օգտակար ու արժեքավոր բույսը արժանի է մեծ ուշադրության։ Ցրտադիմացկուն սորտերը կարելի է Փորձարկել Արարատյան դաշտի պայմաններում[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 219)։