Հացի ծառ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Թթազգիներ
Ցեղ Հացի ծառ
Լատիներեն անվանում
Bread tree



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հացի ծառ կամ արտոկապուս, բույս, որի հայրենիքը հին աշխարհի արևադարձային շրջաններն են։ Պատկանում է թթազգիների ընտանիքին։ Այն բավականին մեծ ծառ է՝ 18—35 մ բարձրությամբ։ Ունի մեծ ու ընդարձակ ճյուղեր՝ ծածկված կաշենման, ճեղքված խոշոր տերևներով, պտուղները ձվաձև են՝ 10—15 սմ տրամագծով, մոտավորապես դդումի մեծության, որոնք կարճ կոթուններով լինում են ծառի բնի կամ հաստ ճյուղերի վրա։ Խակ ժամանակ պտուղները կանաչ են, հասունանալիս դեղնում են։ Աճում է Հարավ-արևելյան Ասիայի արևադարձային շրջաններում։ Այս ծառի պտուղներից տեղացիները թխում են հատուկ հաց, որը իր որակով չի զիջում սովորական հացին և ունի բուժիչ հատկություններ, քանի որ պարունակում է վիտամիններ (վիտամին B)։ Այն պարունակում է 28 % ածխաջրեր, աղեր։ Մեծ ծառը տարեկան տալիս է 50—100 պտուղ։ Արտաքին տեսքով տարբերվում է սովորական հացենուց։ 14–րդ դարում Ցեյլոն այցելած եվրոպացի ճանապարհորդ Ջոն Մարինոն գրում է․

Այդ հիանալի ծառի պտուղները աճում են բնի և ոչ թե ճյուղերի վրա, ունեն զարմանալի տեսք։ Այնքան մեծ են, որ կարծես մեծ գառի կամ 3 տարեկան երեխայի գլուխ լինեն։ Ծառի տեսքը իրոք որ արտասովոր է, կարճ կոթունների միջոցով ուղղակի ծառի բնին ամրացած են խոշոր, մինչև 25 կգ կշիռ ունեցող պտուղները

:

Պատմություն խմբագրել

Օվկիանիայում հացի ծառը մշակում են հնագույն ժամանակներից։ Պտուղները հավաքելուց հետո բնիկներն այն սրածայր փայտով ծակծկում են և մեկ գիշեր թողնում բաց օդում, որպեսզի պտղի մեջ սկսվի խմորումը։ Հաջորդ օրը դասավորում են հատուկ հորերում և ծածկում, որտեղ պտուղները դիմանում են երկար ժամանակ։ Պտղի միջուկը շաղախում են ջրով, ավելացնում կոկոսի յուղ, ապա պատրաստի խմորը թխում վառարանում կամ հատուկ քարերի վրա․ հենց այդ թխվածքն էլ բնիկների հացն է։ Երիտասարդ հացի ծառի կեղևից ստանում են թելեր, որից պատրաստում են գործվածք, հագուստ և կենցաղային այլ իրեր։ Հացի ծառը հրաշալի դեկորատիվ բույս է, նրա վրա ձևավորվում է հսկայական կանաչ սաղարթ, որն առաջացնում է շատ լավ ստվեր և զարդարում արևադարձային երկրների քաղաքների պուրակներն ու այգիները։ Հացի ծառի տերևներով կերակրում են այծերին, իսկ ամուր, գեղեցիկ բնափայտը, օգտագործվում է որպես շինանյութ։ Բնափայտը պարունակում է նաև լատեքս[1]։

Պտուղը խմբագրել

  • Ունի բաց ոսկեգույն գույն
  • Երկարությունը՝ մոտավորապես 1 մ
  • Տրամագիծը՝ մոտավորապես 50 սմ

Հնդկաստանի ջունգլիներում նույնպես աճում է այդ հացի ծառը։ Դրանցից կտրում են մոտ 20 կգ-անոց պտուղներ։ Այդ պտուղները կտրատում են, եփում, օգտագործում ինչպես հացը։

Գրականություն խմբագրել

  • Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 3-րդ հատոր, էջ 296

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, Լույս հրատարակչություն, Երևան, 1984
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացի ծառ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացի ծառ» հոդվածին։