Ընտանի հավ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Ենթաընտանիք Ֆազաններ
Լատիներեն անվանում
Gallus gallus (Linnaeus, 1758)


Հավ (լատին․՝ Gallus gallus domesticus, արուն՝ աքաղաղ կամ աքլոր), թվաքանակով աշխարհում ամենամեծ և ամենատարածված ընտանի թռչուններն են։ Պատկանում են հավազգիների կարգին։ Կարողանում են թռչել, սակայն ոչ հեռու և շատ վատ։ Հավերը մարդու կողմից բուծվում են միս, ձու, ինչպես նաև փետուր և աղվափետուր (բմբուլ) ստանալու համար, որպես պարարտանյութ օգտագործվում է նաև թռչնաղբը։ Հավերի ընտելացման երկարատև պատմության ընթացքում մարդու կողմից ստացվել և բուծվել են հավերի բազմաթիվ ցեղեր։

Ընտելացման պատմությունը խմբագրել

Համարվում է, որ ընտանի հավերը ծագել են Ասիայում հանդիպող բանկիվյան հավերից կամ ջունգլիների վայրի հավերից, որոնք հանդիպում էին Հնդկաստանի, Հնդկաչինի, Հարավային Չինաստանի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների տարածքներում։ Հավերի ընտելացման ամենավաղ վկայությունները վերագրվում են Հնդկաստանին՝ մոտ մթա 2000 տարի առաջ։ Ավելի ուշ ժամանակների հետազոտողների մի մասը պնդում էին, որ հավերի ընտելացման գործընթացը սկսվել է մոտ մթա 3200 տարի առաջ։ Ներկայումս բավականին շատ փաստեր են առկա, որ դա տեղի է ունեցել Հարավ-Արևելյան Ասիայում և Չինաստանում ` դեռևս մթա 6000-8000 տարի առաջ։ Միտոքոնդրիումային ԴՆԹ-ի հետազոտումները ցույց են տվել, որ ժամանակակից հավերի նախնիները ընտելացվել են մոտավորապես մթա 3500 տարի առաջ` Ասիայում։

Մթա 14-րդ դարում հավերը հայտնվել են Հին Եգիպտոսում։ Ավելի վաղ նրանք հայտնվել էին Մերձավոր Արևելքում։ Անտիկ ժամանակաշրջանում հավերը հայտնվել են Հունաստանում, իսկ այնտեղից տարածվել Եվրոպայում։

Արտաքին տեսք և բազմացում խմբագրել

Հավերի մարմինը համաչափ է և ունի միջին երկարություն։ Կուրծքը լավ է զարգացած՝ հատկապես մսատու ցեղերի մոտ։ Կատարը (երկրորդային սեռական օրգան) ունի տերևի, վարդի, պատիճի կամ ընկույզի ձև։ Ականջաբլթակները՝ կարմիր, հազվադեպ՝ սպիտակ։ Սեռահասուն են դառնում և ձվարկում 5-6 ամսականում։ Սաղմի զարգացման տևողությունը 21-22 օր է։ Ձվատվության քանակը կապված է վերարտադրական օրգանների, մասնավորապես ձվարանի և ձվատար խողովակի գործառնության հետ։ Սեռահասուն հավի ձվարանի արտաքին կեղևային շերտում հաշվվում է 2000-3500 ձվաբջիջ, որի միայն մեկ քառորդն է ստացվում մթերատվության ընթացքում (2-2,5 տարի)։ Մեծահասակ հավերի մթերատվությունը կարելի է 7-8 ամսով երկարացնել՝ արհեստական փետրափոխության միջոցով։

Ցեղեր խմբագրել

Հավերը բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ ձվատու, մսաձվատու և մսատու։ Առավել տարածված են ձվատու ցեղերը՝ լեգհոռն, մինորկա, անդալուզյան, համբուրգյան, իսպանական, օռլովյան, ռուսական սպիտակ և այլն։ Ձվատու ցեղի հավերը կշռում են մինչև 2 կգ (աքաղաղները՝ մինչև 3 կգ), տարեկան ձվատվությունը մինչև 250 ձու, ռեկորդը՝ 365 ձու։

Մսաձվատու ցեղերից են՝ ռոդ-այլենդ, նյու-հեմփշիր, պլիմուտրոկ, վիանդոտ, սուսկես, երևանյան, ֆավերոլ և այլն։ Կշռում են մինչև 4 կգ, միսը որակով է և համեղ, միջին ձվատվությունը՝ մինչև 240 ձու։

Մսատու ցեղերից են՝ կորնիշ, լանգշան, կոխինխին, բռամա և այլն։ Կենդանի զանգվածը մինչև 4,5 կգ, ձվատվությունը մինչև 130 ձու։ Դրանցից կորնիշները օգտագործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ (մսացու ճուտ) ստանալու համար։ Բրոյլերների միսը լավագույն դիետիկ սննդամթերք է, պարունակում է մինչև 20 % լիարժեք սպիտակուց և միայն 5-7 % ճարպ։

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հավ հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։