Շաքարեղեգ

բույսերի տեսակ

Շաքարեղեգ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա շաքարատու բույսերի ցեղ։ Ցողունը կանգուն է, բարձր (մինչև 6 մ)։ Ծաղկաբույլը խոշոր հուրան է։ Ցողունի պարենքիմային բջիջներում կուտակվում է շաքար։ Հայտնի է շաքարեղեգի 5 տեսակ, ազնիվ շաքարեղեգները, որը վայրի վիճակում չեն հանդիպում, մշակվում են հիմնականում հիբրիդները։ Բերբերի շաքարեղեդի տեսակն ունի հզոր արմատային համակարգ, ցողունը բարակ է, տարածված է Հնդկաստանի մերձարևադարձային գոտում։ Վայրի շաքարեղեգի տեսակը դիմանում է մինչև —30 °C ցրտի և հիվանդությունների։ Վայրի տեսակ է, ունի տարածման մեծ արեալ՝ Ասիան, Հյուսիսային Աֆրիկան, Սիրդարյա, Ամուդարյա գետերի ափերը։ Saccharum robustum տեսակը վայրի վիճակում տարածված է Հնդկաստանում, Չինաստանում։ Մշակվում է Ճապոնիայում։ Տեսակը վայրի աճում է Նոր Գվինեայում։ Շաքարեղեգի վայրի տեսակներն աճում են Հյուսիսային Աֆրիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Բիրմայում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում, Նոր Գվինեայում, Միջին Ասիայում։ Հայրենիքը Հարավարևելյան Ասիան է։ Հնդկաստանում մշակվել է դեռես մ․թ․ա․ 3–րդ հազարամյակում, 15–րդ դարում բերվել է Իսպանիա, ավելի ուշ՝ Կուբա, Մեքսիկա, Ամերիկա։ Կուբան, Ճամայկան և Հայիթին շաքարեղեգի շաքարի արտադրության հիմնական երկրներն են։ Բերքատվությունը 400-500 ց/հա է, իսկ փորձնական հողամասերում՝ մինչև 2000 ց/հա։ Շաքարեղեգը բազմացնում են կտրոններով։

Պատմություն

խմբագրել

Հնագույն լեգենդների և ձեռագրերի ուսումնասիրություններից պարզվել է, որ հին հռոմեացիները և հույները, որոնք համարվել են այն ժամանակի քաղաքակիրթ ժողովուրդները, տեղեկություն չեն ունեցել շաքարի գոյության մասին։ Նրանց օգտագործած միակ քաղցր հյութը եղել է մեղրը, որն այն ժամանակ ձեռք է բերվել մեծ դժվարությամբ, վայրի մեղուների «փեթակներից»։

Շաքարեղեգի ժամանակակից տեսակները մարդը ստացել է վայրի շաքարեղեգից, որը մշակվել է հնագույն ժամանակներից։Դա է պատճառը, որ այն համարվում էր «սրբազան սնունդ»՝ մատչելի միայն անվանի ու հարուստ մարդկանց ու հոգևորականներին։ Հնդկական շաքարը առաջին անգամ Ալեքսանդր Մակեդոնացու զինվորները ճաշակել են Հնդկաստանում, իսկ Մակեդոնացուն ուղեկցող բուսաբան Թեոֆրաստը նկարագրել է շաքարեղեգ բույսը, որը տեսել էր առաջին անգամ։

Եվրոպայում շաքարը հայտնվել է 12–րդ դարում՝ խաչակրաց արշավանքների ժամանակ։ Այստեղ շաքարի սպառումն ու պահանջարկը շատ մեծացավ 16–րդ դարում, երբ մուտք գործեց թեյը և սուրճը։ Միջին դարերում Եվրոպային և Ռուսաստանին շաքար մատակարարում էր Եգիպտոսը։ Շաքարեղեգի հումքի վերամշակման առաջին շաքարի գործարանը Ռուսաստանում կառուցվել է Պետերբուրգում՝ 1819 թվականին, հումքը բերվել է արտասահմանից։

Շաքարեղեգ մշակող գլխավոր երկրներն են՝ Հնդկաստանը, Բրազիլիան, Կուբան, Հարավարևելյան Ասիայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրները, Աֆրիկան և Ավստրալիան։ Մեր թվարկության սկզբում Հնդկաստանից շաքարեղեգը մուտք գործել Իրան և Արաբական երկրներ։ 6–րդ դարում այն մշակվել է նաև Միջերկրական ծովի ավազանի մի քանի երկրներում և Չինաստանում, իսկ 15–րդ դարում՝ Ազորյան և Կանարյան կղզիներում։ Աշխարհում առաջին անգամ շաքար ստացվել է Հնդկաստանում, հետո՝ Չինաստանում։ Հնդիկները մեր թվարկության առաջին հարյուրամյակում շաքարեղեգի հյութից պատրաստել են քաղցր փոշի և օգտագործել որպես դեղամիջոց, որից հետո ստացել են շաքար։

Նկարագրություն

խմբագրել

Շաքարեղեգի ցողունը կանգուն է, չի ճյուղավորվում, ուղղաձիգ է, գլանաձև 2—3 սմ տրամագծով։ Բազմացվում է շիվերով։ Ինչպես եգիպտացորենը, շաքարեղեգը ևս ունի երկար ժապավենաձև տերևներ։ Հուրանը գտնվում է ցողունի ծայրամասում։ Ցողունի ներսի մասը խողովականման է, որտեղ բույսի աճման ընթացքում ձևավորվում են հյութալի հյուսվածքներ, դրանց մեջ կուտակվում է շաքարահյութը։ Մշակվող շաքարեղեգի պարունակությունը հասնում է 10—20 %-ի, իսկ վայրի տեսակինը՝ 2—10%–ի։ Որպես արևադարձային բույս՝ այն շատ պահանջկոտ է միջավայրի, հատկապես ջերմության և խոնավության նկատմամբ։ Շաքարեղեգի վեգետացիոն շրջանը շատ երկար է։ Նրա ծլելուց մինչև հասունանալը պահանջվում է 15—18 ամիս, երբեմն էլ՝ ավելի։ Բույսը համարվում է հասունացած, երբ ցողունի միջուկը լցվում է շաքարահյութով և տերևները դեղնում են։ Հավաքելուց անմիջապես հետո շաքարեղեգը պետք է ուղարկել վերամշակման։ Ուշացնելու դեպքում պակասում է ցողունի պարունակության մեջ եղած շաքարահյութի քանակը, այդ պատճառով շաքարեղեգի բերքահավաքը կատարվում է մաս–մաս[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կ․ Մ․ Հարությունյան, Բուսական աշխարհի արժեքավոր տեսակները, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 472