Բացել գլխավոր ցանկը

Մեղրատու մեղու

միջատների տեսակ

Մեղրատու մեղու (լատ.՝ Apis mellifera) կամ արևմտյան մեղրատու մեղու կամ եվրոպական մեղրատու մեղու, աշխարհում մեղրատու մեղուների 7-12 ցեղերից ամենահայտնի տեսակ[1][2], թաղանթաթևավորների կարգի իսկական մեղուների ընտանիքի Apinae ենթաընտանիքի հասարակական միջատների տեսակ։

Հնագույն ժամանակներից մարդիկ բազմացնում են մեղրատու մեղուներին՝ ստանալու համար մեղվապահական մթերքներ, ինչպիսիք են մոմը, մեղրը, թույնը, ակնամոմը, մեղրահացը և այլն։ Գյուղանտեսության զարգացման զուգընթաց մեծացել է մեղուների՝ որպես բնական փոշոտողների դերը (տարածվել է նաև մեղուների միջոցով մշակաբույսերի փոշոտումը ջերմոցներում)[3]։

ԿառուցվածքԽմբագրել

ԳենոմԽմբագրել

Մեղրատու մեղուն դարձել է երրորդ միջատը դրոզոֆիլից ու մոծակից հետո, որի գենոմը հայտնի է։ Այն պարունակում է ԴՆԹ-ի շուրջ 300 մլն զույգ հիմքեր[4]։ Առաջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ այդ տեսակն առաջացել է Աֆրիկայում, որտեղից երկու ալիքներով գաղթել է Եվրոպա[5]։ Սակայն մեղվի գենոմի հետագա ուսումնասիրություններն ամբողջ աշխարհում ցույց են տվել[6], որ նրանք տարածվել են Ասիայից մոտավորապես 300 հազար տարի առաջ և արագ տարածվել Եվրոպայում և Աֆրիկայում[7]։ Ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հայտնաբերվել է գենետիկական բազմազանության բարձր մակարդակ, սակայն որոշ տարածաշրջաններում մեղուների գաղութները ոչնչանում են ինբրիդինգի պատճառով[7]։

Մեղուների միտոքոնդրիալ ԴՆԹ-ն կարող է փոխանցվել հաջորդ սերնդին ոչ միայն էգերից, այլև արուներից[8]։

Աշխատավոր մեղվի անատոմիա
1. Լեզվիկ
2. Ենթածնոտային գեղձի ելանցք
3. Մաքսիլա
4. Մանդիբուլա
5. Վերին շրթունք
6. Ներքին շրթունք
7. Վերին ծնոտի թքագեղձ
8. Ներքին ծնոտի թքագեղձ
9. Ըմպան
10. Ըմպանային գեղձ
11. Ուղեղ
12. Պարզ աչքեր
13. Շրթնային թքագեղձ
14. Թռիչքի երկայնական մկան
15. Ֆրագմա
16. Առջևի թև
17. Հետևի թև
18. Սիրտ
19. Շնչառական օրգաններ
20. Օդապարկ
21. Միջին աղիք (ստամոքս)
22. Սրտի փականներ
23. Բարակ աղիք
24. Հոտային գեղձ
25. Որովայնային գեղձ
26. Հաստ աղիք
27. Հետանցք
28. Խայթ
29. Թունավոր գեղձի պահեստարան
30. Խայթի հատված
31. Մեծ թունավոր գեղձ
32. Փոքր թունավոր գեղձ
33. Սերմնաբշտիկ
34. Մոմային գեղձեր
35. Փորային նյարդային շղթայիկ
36. Սրտի փական
37. Փականի լայնվածք
38. Փականի մուտքի բացվածք
39. Մեղրի կտնառք
40. Աորտա
41. Կերակրափող
42. Նյարդային ջիղ
43. Լաբիում
44. Հետևի ոտք

Ոտքի կառուցվածք

a. Փոքր կոնք (սոհա)
b. Ազդրոսկրի գլուխ (trochanter)
c. Ազդր (femora)
d. Սրունք (tibia) ծաղկափոշու զամբյուղիկով
e-h. Թաթիկ (tarsus)

Մարմնի կառուցվածքԽմբագրել

 
Մեղվի գլուխը խոշոր պլանով

Մարմինը կազմված է երեք մասից՝ գլուխ, կուրծք և փորիկ։ Մարմնի համար հիմք է ծառայում նրա արտաքին էկզոկմախքը։ Արտաքինից մարմինը ծածկված է մազիկներով, որ կատարում են շոշափելիքի գործառույթ և ծառայում որպես աղտոտումներից պաշտպանող շերտ։ Մարմնի մասերը միմյանց միացած են կուտիկուլայի բարակ էլաստիկ թաղանթով։ Գլխի վրա գտնվում են երկու մեծ բարդ և երեք պարզ աչքեր։ Բարդ աչքերը կազմված են մեծ թվով աչիկներից և տեղակայված են գլխի կողքերին, իսկ պարզերը՝ գլխի գագաթնային հատվածում (բոռերի պարզ աչքերը գտնվում են ավելի դեպի ճակատը)։ Գլխի ներսում գտնվում է ներքին կմախքը (տենտորիում)։ Դրանք ամուր խիտինային լարեր են, որոնք անցնում են գլխի առջևի պատից դեպի հետինը և անհրաժեշտ ամրություն տալիս գլխի պատիճին ու հատկապես նրա ստորին հատվածին։ Դրանց ամրացված են մկանները, որոնք ապահովում են գլխի, վերին ծնոտների ու կնճիթիկի շարժումները, ինչպես նաև ծառայում որպես հենարան մի շարք ներքին օրգանների համար։ Գլխի վրա գտնվում են մեկ զույգ բեղիկները։ Առջևից բերանը ծածկում է խիտինային բարակ շերտ՝ վերին շրթունքը, իսկ կողքերից տեղակայված են վերին ծնոտները՝ մանդիբուլները։ Զգալիորեն տեղաշարժված ներքին շրթունքը ստորին զույգ ծնոտների հետ միասին կազմում է կնճիթիկը։ Էգ մեղուների փորիկը բաժանված է վեց հատվածների, բոռերինը՝ յոթ[9][10]։

Մարսողական համակարգԽմբագրել

Մեղուների մարսողական համակարգը կազմված է միմյանց միացած երեք բաժնից։ Առաջին բաժնում ներառված են ըմպանը, կերակրափողն ու մեղրի կտնառքը։ Ըմպանը, որ գտնվում է գլխում, առջևի աղու լայնացած հատվածն է։ Ըմպանը միանում է կերակրափողին, որը կրծքի միջով հասնում է փորի առջևի հատված, որտեղ լայնանում է ու առաջացնում մեղրի կտնառք։ Դատարկ կտնառքի ծավալը կազմում է 14 մմ³, սակայն մեղրով կամ նեկտարով լցվելու դեպքում այն կարող է մեծանալ 3-4 անգամ։ Կտնառքում գտնվող մկանների օգնությամբ նրանում գտնվող մեղրը կամ նեկտարը կարող է դուրս մղվել կերակրափողի ու կնճիթիկի միջով։ Երկրորդ բաժինը (միջին աղի) տեղակայված է կտնառքից հետո և ծառայում է որպես մարսողության հիմնական օրգան։ Երրորդ բաժնի (հետնաղի) կազմում ներառված են բարակ ու հաստ (ուղիղ) աղիները։ Ուղիղ աղում, որն առանձնանում է մեծ ծավալով, կուտակվում են կերի չմարսված մնացորդները ձմեռվա, ցրտի կամ վատ եղանակի ընթացքում, իսկ երիտասարդ մեղուների մոտ՝ նախքան նրանց ուղղորդված թռիչքը։ Օրգանիզմի վրա արտաթորանքի վնասակար ազդեցությունների բացառման նպատակով տեղի է ունենում ջրի ու կղանքի ներծծում և հատուկ գեղձերի կողմից հակազդող նյութերի արտազատում[10]։

Արյունատար համակարգԽմբագրել

Մեղվի սիրտը, որ նման է երկար խողովակի, գտնվում է մարմնի վերին հատվածում և ձգվում է նրա մեջքի կողմի երկայնքով՝ վեցերորդ տերգիտից մինչև գլուխը։ Կրծքով անցնում է այդ խողովակի ավելի նեղ հատվածը (աորտա), որից հեմոլիմֆան հոսում է գլխի խոռոչ։ Խողովակը մկանային թելերով ամրացված է մարմնի մեջքային կողմից, ունի հինգ հատվածներ (վերջինը, որ գտնվում է վեցրորդ տերգիտի տակ, փակ է), որոնք միմյանցից առանձնացված են փականներով, որոնք թույլ են տալիս հեմոլիմֆայի հոսքը միայն մեկ ուղղությամբ՝ փորիկից դեպի գլուխը։ Արյունատար համակարգի մեջ ներառված են նաև փորային ու մեջքային դիաֆրագմաները, որոնք կարգավորում են հեմոլիմֆայի հոսքը դեպի մարմնի խոռոչ։ Փորիկի խոռոչում հեմոլիմֆան, մաքրվելով քայքայված նյութերից և հարստանալով սննդարար նյութերով, անցնում է սիրտ և նորից ուղղվում դեպի գլխի անոթներ։ Մեղվի ոտքեր, բեղիկներ ու թևեր հեմոլիմֆան հասնում է այսպես կոչված պղպջակների օգնությամբ, որոնք տեղակայված են այդ օրգանների հիմքերի մոտ։ Հանգիստ վիճակում մեղուների սիրտը րոպեում կծկվում է 60-70 անգամ, իսկ թռիչքից անմիջապես հետո նրա սրտի կծկումների թիվը հասնում է րոպեում 150-ի[10]։

Շնչառական համակարգԽմբագրել

Ներշնչված օդը նախ լցվում է կուտիկուլայի անցքեր, որոնցից երեք զույգը տեղակայված են կրծքի, վեց զույգը՝ փորիկի վրա։ Այդ օրգաններում գտնվող մազիկների միջոցով փոշուց մաքրված օդն անցնում է գլխային, կրծքային ու փորային զույգ պարկեր, որոնք միացված են միմյանց, ապա շնչափողերով հասնում է միջատի բոլոր օրգաններին։ Օդն օրգանիզմ ներթափանցում է մարմնի բոլոր անցքերով, սակայն դուրս է գալիս հիմնականում կրծքային երրորդ զույգով[10]։

ԹևերԽմբագրել

Մեղվի թևերը ձևավորվում են հարսնյակի փուլում։ Հասուն մեղուների թևերը բարակ, էլաստիկ թիթեղներ են։ Թևի համար որպես հիմք ծառայում է պլեյրիտը, որից դուրս ընկած է երկար ուսը։ Թռչելու ժամանակ հիմնական դերը կատարում են ոչ ուղղակի մկանները, որոնց կրճատումը փոխում է կրծքի սեգմենտների թեքությունը։ Ուղղակի ազդեցության մկաններն ազդում են անմիջականորեն թևերի վրա ջղերի և խիտինային թիթեղիկների միջոցով։ Թռիչքի ընթացքում առջևի ու հետևի թևերը միանում են իրար հետևի թևերի առջևի ծայրին տեղակայված կեռիկներով, որոնք ուղղված են առաջ և կոչվում են «համուլուս» (լատ.՝ hamulus - փոքրիկ կեռիկ)։ Երբ միջատը վայրէջք է կատարում, այդ կեռիկներն առաձնանում են, ու թևերը տեղակայվում են մարմնի երկայնքով[9][11][12]։ Այդ կեռիկների ընդհանուր թիվը կազմում է 17-ից մինչև 28 [13]։

Մեղուն կարող է թռչել մինչև 65 կմ/ժ արագությամբ (առանց բեռի, իսկ բեռով՝ 20-30 կմ/ժ)՝ այդ ընթացքում թևերը թափահարելով վայրկյանում 200-250 անգամ։ Նրանք կարող են փեթակից հեռանալ մինչև 3-4 կմ։ Սակայն նեկտարի հետ արդյունավետ աշխատել նրանք կարող են մինչև 2 կմ հեռավորության վրա[13]։

ԶգայարաններԽմբագրել

Զգայարաններից զարգացած են տեսողությունը, լսողությունը, հոտառության, համի, ջերմության ընկալիչները և այլն:

Տեսողություն

Բարդ աչքերը կազմված են մեծ թվով փոքր աչիկներից (3000-4000՝ մայր մեղվի, 4000-5000՝ աշխատավոր մեղվի, 7000-10000՝ բոռի մոտ), որոնցից յուրաքանչյուրն ընկալում է առարկայի որոշակի մասը, իսկ բոլորը միասին ընկալում են առարկան ամբողջությամբ (խճանկարային կամ մոզաիկ տեսողություն): Գլխի գագաթնային հատվածում տեղավորված են 3 պարզ աչքերը: Մեղուները տեսնում են բևեռացված լույսը, ինչը հնարավորություն է տալիս որոշել արևի դիրքը նույնիսկ այն ժամանակ, երբ այն ծածկված է ամպերով[14]: Մեղուները չեն տեսնում կարմիր գույն, ի տարբերություն դեղինի, կապույտի և ուլտրամանուշակագույնի[15]:

Հոտառություն և շոշափելիք

Հոտառության օրգանները գտնվում են բեղիկների վրա։ Մարմինը ծածկող մազիկների մի մասը կատարում են շոշափելիքի օրգանների դեր և կապված են զգայական բջիջների ու նյարդային համակարգի հետ։ Հոտառության ու շոշափելիքի օրգանները թույլ են տալիս կողմնորոշվել մութ փեթակում։ Հոտառության ծակոտիների քանակը բոռերի բեղիկերի վրա մոտավորապես յոթ անգամ ավելի շատ է, քան աշխատավոր մեղուների մոտ[16]։

Համ

Համի ընկալիչները գտնվում են կնճիթիկի վրա, ըմպանում, բեղիկների ու ոտքերի թաթերի վրա։

Լսողություն

Ձայնը մեղուներն ընկալում են համապատասխան օրգանների միջոցով, որ տեղակայված են իրանի առանձին հատվածներում և ոտքերի վրա։

Այլ

Մեղվի բեղիկների վրա տեղակայված են օրգաններ, որոնցով նա ընկալում է խոնավությունը, ջերմությունը ու սառը, ածխաթթու գազի պարունակության մակարդակը, ինչը նրան թույլ է տալիս վերահսկել փեթակի միկրոկլիման, որն առավել հարմար է թրթուրների զարգացման համար[16]։

ԽայթոցԽմբագրել

Մեղվի խայթող ապարատը գտնվում է փորիկի հետևի մասում և կազմված է երկու թունավոր գեղձերից, թույնի պահեստարանից և մեղվի խայթիչից, որն ունի 2 մմ երկարություն և 0,1 մմ տրամագիծ։ Խայթիչն ատամնավոր է, այդ պատճառով էլ երբ այն խրվում է ողնաշարավորների մաշկի մեջ, մեղուն, չկարողանալով հանել խայթող ապարատը, կորցնում է այն ու մահանում։ Մեղվի թույնը բնորոշ հոտով և դառը համով անգույն հեղուկ է, այն ունի թթու ռեակցիա (pH = 4,5—5,5), օդում արագ չորանում է և վերածվում ամորֆ բյուրեղների 1,1313 գ/սմ³ խտությամբ։ Մեղուների թույնը ջերմակայուն է, դիմանում է ցրտին և մինչև 115 °C տաքացմանը։ Այլ կենդանական թույներին հատուկ բաղադրիչներից բացի նրանում պարունակվում են նյութեր, որոնք բնորոշ են միայն մեղուների թույնին։ Թույնի բաղադրիչներն ունեն խիստ սահմանազատված ազդեցություններ, սակայն գործում են սիներգիայով՝ լրացնելով և ուժեղացնելով մեկը մյուսին։ Խայթելու ժամանակ մեղուն զոհի օրգանիզմ է ներմուծում 0,3-0,8 մգ թույն․ վերջինիս չափը կախված է տարվա եղանակից և մեղվի տարիքից։ Մարդու համար մահացու է 0,2 գ թույնը (500-1000 խայթոց)[17]։

Մայր մեղուԽմբագրել

Մայր մեղու
Թրթուրներ (աջից) և մայր մեղվի կողմից նոր դրված ձվեր (ձախից)
Թրթուր, որից պետք է դուրս գա մայր մեղու
Մայր մեղվի հարսնյակը մայրաբջջում, որ բացվել է ժամանակից շուտ

Մայր մեղուն ընտանիքի միակ լիարժեք էգն է, որ ունի զարգացած սեռական օրգաններ։ Նրանից են ծագում փեթակի մյուս բոլոր մեղուները՝ աշխատավորները, բոռերն ու երիտասարդ մայրերը։ Մայր մեղուն մշտապես շրջապատված է աշխատավոր մեղուներով, որոնք հոգ են տանում նրա մասին, կերակրում, մաքրում նրա մարմինը, նախապատրաստում բջիջները ձվադրման համար և այլն։ Փեթակում մայր մեղվի ներկայությունը մեղուներին հայտնի է դառնում նրա հոտի միջոցով։ Մայրն արտադրում է հատուկ նյութ, այսպես կոչված՝ «մայրական նյութ», որի հոտը փոխանցվում է փեթակի բոլոր առանձնյակներին նրանց միջև առկա սննդի փոխանակման շնորհիվ։ Մայր մեղվի մահվան դեպքում «մայրական նյութ» այլևս չի արտադրվում, և նրա բացակայությունն արագ զգում է ամբողջ փեթակը։ Մայր մեղուն ունի մարմնի համեմատաբար մեծ չափեր՝ 18-25 մմ (աշխատավոր մեղուներինը՝ 12-15 մմ) և համեմատաբար կարճ թևեր (մարմնի երկարության համեմատությամբ)։ Նրա կնճիթիկն ավելի կարճ է (3,5 մմ), քան աշխատավոր մեղուներինը։ Նա նույնպես ունի խայթոց, սակայն դա օգտագործում է միայն այլ մայրերի հետ պայքարի ժամանակ։ Ամռանը մայր մեղուն կշռում է մոտ 0,25 գ, իսկ աշխատավոր մեղուների միջին քաշը կազմում է 0,1 գ։

 
Խորշային մայրաբջիջներ

Մեղուները մայր մեղվին աճեցնում են հատուկ պատրաստված մեծ մայրաբջջում: Մայրաբջիջ մեղուները կարող են պատրաստել սովորական բջիջներում, որտեղ մայր մեղուն արդեն դրել է բեղմնավորված ձու։ Այդպիսի մայրաբջիջները, որոնք մեղուները պատրաստում են մայր մեղվի հանկարծակի մահվան դեպքում, կոչվում են խորշային։ Եթե մեղուները պատրաստվում են ձագ տալու (այդ ժամանակ մայր մեղուն հեռանում է պարսի հետ) նոր մայր մեղվի դուրս գալու համար մայր մեղուն ձուն դնում է հատուկ պատրաստված բջջում, որը կոչվում է պարսային, որից դուրս եկած մայր մեղուները կոչվում են պարսային[10]։

Դրված ձվից երեք օր հետո դուրս է գալիս թրթուրը, որին մեղուները մինչև մայրաբջջի փակումը կերակրում են կաթով: Այդ կաթը պարունակում է հատուկ սպիտակուցներ, որը պատասխանատու է թրթուրից մայր մեղվի առաջացման համար[18]: Թրթուրն արագ է աճում և ձվադրումից 8,5-9 օր հետո մեղուները փակում են մայրաբջջիջը մոմի և ծաղկափոշու խառնուրդից ծածկոտեն կափարիչով: Փակված մայրաբջջում թրթուրը 7,5-8 օրում վերածվում է հարսնյակի, իսկ հետո հասուն միջատի՝ երիտասարդ մոր: Այդպիսով՝ մոր ձևավորումը ձվից մինչև հասուն միջատի տևում է 16-17 օր[10]:

Մայրաբջջից դուրս գալուց 3-4 օր հետո երիտասարդ մայրն սկսում է թռչել տարածքում՝ ծանոթանալու տեղանքին և փեթակի դիրքին: Իր կյանքի 7-10-րդ օրը նա թռչում է բոռերի հետ հանդիպման («բեղմնավորման թռիչքներ»): Այսպիսի թռիչքների տևողությունը մոտավորապես 20 րոպե է: Մայր մեղվին բեղմնավորում են սովորաբար 7-10 բոռեր (պոլիանդրիա), սակայն երբեմն դրանց թիվը կարող է ավելի մեծ լինել[10]։

Տասօրյա տարիքից մայր մեղուները սկսում են ձվադրել (եթե վատ եղանակային պայմանների պատճառով բեղմնավորումը չի հետաձգվել): Առաջին շրջանում երիտասարդ մայրերը քիչ քանակությամբ ձու են դնում, բայց հետո նրանց քանակն արագ աճում է: Գարնանը և ամռանը բարենպաստ պայմանների դեպքում մայր մեղուները օրվա մեջ դնում են 1500-2000 ձու, իսկ ամբողջ սեզոնի ընթացքում՝ 150-200 հազար ձու: Այդպիսի քանակությամբ ձու մայրը կարող է դնել միայն ուժեղ մեղվաընտանիքում, որն ունի բնի մեծ ծավալ, որակյալ բջիջներ և բավական քանակությամբ մեղր ու ծաղկեփոշի:

Մեկ օրվա ընթացքում մայր մեղվի դրած ձվերի ընդհանուր քաշը հաճախ գերազանցում է նրա մարմնի քաշը: Այդպիսի մեծ քանակությամբ ձվեր մայր մեղուն կարող է դնել միայն լավ և բարձր կալորիականությամբ սննդի առկայության դեպքում: Մայր մեղվի ձվադրության ամբողջ ընթացքում մեղուները նրան կերակրում են սննդարա կերով՝ կաթով (որով կերակրում են ապագա մայրերի թրթուրներին):

Մեղվաբուծության մեջ մայր մեղուն մեծ արժեք է ներկայացնում իր կյանքի առաջին երկու տարիներին: Սկսած երրորդ տարվանից ձվադրության քանակն արագ նվազում է: Ծեր մեղուները դնում են մեծ թվով չբեղմնավորված ձվեր, որոնցից դուրս են գալիս բոռեր։

Մայր մեղուն ապրում է մինչև հինգ[19], հազվադեպ՝ մինչև ութ տարի[14]։

Աշխատավոր մեղուներԽմբագրել

 
Երիտասարդ մեղվի դուրս գալը բջջից
 
Աշխատավոր մեղուները մեղրաշրջանակի վրա
 
Սնուցող մեղուները կերակրում են թրթուրներին

Մեղուների ընտանիքը կազմված է հիմնականում աշխատավոր մեղուներից։ Ձմռանը լավ ընտանիքներում լինում է 20-30 հազար, իսկ ամռանը 60-80 հազար և ավելի աշխատավոր մեղու։ Մեղվաընտանիքի բոլոր աշխատավոր մեղուները սերում են նույն մորից։ Նրանք, ինչպես մայր մեղուն, էգ առանձնյակներ են, սակայն աշխատավոր մեղուների սեռական օրգանները թերզարգացած են։

Մայր մեղուն ձվադրումից հետո այլևս հոգ չի տանում սերնդի մասին։ Ձվերից ձևավորված թրթուրներին խնամում են արդեն աշխատավոր մեղուները։ Ընդ որում՝ սնուցող մողուներն օգտագործում են մեծ քանակով սպիտակուցային կեր։

Աշխատավոր մեղուները կատարում են բոլոր աշխատանքները բնի ներսում ու նրանից դուրս։ Նրանք մաքրում են բույնը, նախապատրաստում մեղրաբջիջները, որ մայր մեղուն դրանց մեջ ձու դնի, պատրաստում մոմ և դրանից կառուցում նոր բջիջներ, կերակրում թրթուրներին և բնում պահպանում անհրաժեշտ ջերմաստիճան, պահպանում փեթակը, ծաղիկներից հավաքում նեկտար և ծաղկափոշի, դրանք տանում փեթակ, այսինքն՝ աշխատավոր մեղուները կատարում են մեղվաընտանիքի կյանքի հետ կապված բոլոր աշխատանքները։

Փեթակում տաքություն ապահովելու համար պատասխանատու են «վառարան֊մեղուները», որոնք մեծ ճշգրտությամբ կարգավորում են ջերմության առաջացումը և կարող են տաքացնել մինչև 44°C։ Մեկ այդպիսի մեղուն, մտնելով ազատ մեղրաբջիջ, կարող է ապահովել ջերմության մինչև 70 հարսնյակ, իսկ ընդհանուր առմամբ, կախված մեղվաընտանիքի չափերից, այդպիսի մեղուների քանակը կարող է կազմել մի քանի հատից մինչև մի քանի հարյուր։ Ջերմաստիճանը, որում զարգանում է հարսնյակը, ազդում է նրա ապագա «մասնագիտության» վրա։ Հարսնյակը, զարգանալով 35°C-ում, դառնում է մատակարարող, իսկ 34°C-ում՝ «տնային տնտեսուհի»[20]։ Բացի այդ, մեղուների մասնագիտությունը կախված է ազդակի նկատմամբ բնածին արձագանքից․ հատկապես դրական ազդակներին (սնունդ) արձագանքողները դառնում են հավաքողներ, իսկ բացասականներին արձագանքողները՝ պահակներ[21]։

Աշխատավոր մեղվի զարգացում ձվադրումից մինչև հասուն միջատ դառնալը տևում է 21 օր, որի ընթացքում անցնում է մի քանի փուլ․ ձու՝ 30 օր, թրթուր բաց բջջում՝ 6 օր, թրթուր և հարսնյակ փակված բջջում՝ 12 օր։

Փեթակային մեղուներԽմբագրել

Բջջից նոր դուրս եկած երիտասարդ մեղուները դեռևս շատ թույլ են և հազիվ են շարժվում։ Նրանց կերակրում են այլ, ավելի հասուն մեղուներ։ Սակայն մի քիչ ուժ հավաքելուց հետո երիտասարդ մեղուներն արդեն ձգտում են մասնակցել փեթակում պարզագույն աշխատանքների կատարմանը։ Առաջին այդպիսի աշխատանքը բջիջերի մաքրումն է, առանց որի մայր մեղուն դրանցում ձու չի դնի։ Իրենց կյանքի չորրորդ օրը մեղուները արդեն թրթուրներին կերակրում են մեղրի ու ծաղկափոշու խառնուրդով։ Եթե անհրաժեշտություն է լինում, երիտասարդ մեղուները դառնում են սնուցող մեղուներ։ Մինչ յոթերորդ օրն սկսում են գործել մեղուների՝ կաթնագեղձերը, և դրանից հետո նրանք կարող են կերակրել կաթով ամենաերիտասարդ թրթուրներին (մինչև երեք օրականը) և մայրերին[17]։ Դայակ մեղուների ուղեղում ավելացած է մեղուների մայրական կաթի MRJP1, MRJP2 և MRJP7 հիմնական սպիտակուցների պարունակությունը, որոնք կապված են թրթուրային զարգացման ընթացքում մեղվի կաստայի որոշման հետ[22]։

Կյանքի երրորդից հինգերորդ օրերին մեղուն կատարում է կարճատև թռիչքներ փեթակից դուրս, որոնց ընթացքում մաքրում է իր աղիքները կուտակված կղկղանքներից։ Մինչ 12-րդ օրը զարգանում են մոմի գեղձերը։ Նրանք արդեն կարող են պատրաստել բջիջներ, եթե փեթակում կա դրա անհրաժեշտությունը։ Դրա համար պետք է լինին բարենպաստ պայմաններ․ փեթակում պետք է լինի անհրաժեշտ քանակի կեր, բնության մեջ՝ գոնե փոքր քանակի նեկտար։

Մոմային գեղձերը գտնվում են մեղուների փորի ստորին կիսօղակների վրա (մեկական զույգ երրորդից մինչև վեցերորդ կիսօղակների վրա)։ Գեղձերից մոմն արտազատվում է հեղուկ վիճակում, օդում պնդանում է ու վերածվում փափուկ եռանկյուն թեփուկների կամ մոմե թիթեղիկների, որոնց քաշը կազմում է 0,25 մգ։ Ապա դրանք ոտքով ուղղում են դեպի մանդիբուլաներ, լավ փափկացվում, վերածում գնդիկների, ինչից հետո դրանք պատրաստ են օգտագործման։ Մայր մեղուներն ու բոռերը մոմային գեղձեր չունեն[14]։ Մեղուների մոմային գեղձերն առավել զարգացած են 12-18 օրականում։ Ավելի ծեր մեղուների մոտ այդ գեղձերը փոքրանում են ու ավելի քիչ մոմ են արտազատում։ Վաղ գարնանը մոմային գեղձերը գործում են այն մեղուների մոտ, որոնց մոտ դրանց զարգացումը չէր ավարտվել աշնանը։

15-18 օրական երիտասարդ (փեթակային, չթռչող) մեղուները կատարում են նաև շատ ուրիշ աշխատանքներ փեթակում։ Նրանք պահպանում են բնի մաքրության, փակում են բջիջների կափարիչով, երբ դրանք լցվում են մեղրով և կամ դրանցում տեղավորված են հասուն թրթուրները, հսկում են բույնը այլ միջատների ներխուժումից և այլ ընտանիքների գող մեղուներից, որոնք փորձում են տանել պատրաստի կերային պաշարները։ Երիտասարդ մեղուները նեկտարը ստանում են փեթակ վերադարձած հավաքող մեղուներից։ Նոր բերված նեկտարը պարունակում է շուրջ 50 % ջուր։ Այդ ձևով այն պահպանվել չի կարող քանի որ կարճ ժամանակ անց դրանում կարող է սկսվել խմորում։ Մեղուները գոլորշացնում են ավելորդ ջուրը և դրա պարունակությունը հասցնում միջինը մինչև 18-20 %։ Դրա համար նոր հավաքված նեկտարը նրանք նախ փոքր կաթիլներով տեղավորում են դատարկ բջիջների պատերին, ապա այդ բջիջների վերևում երկար ժամանակ թափահարում թևերը, որպեսզի ջուրը գոլորշիանա։ Դրանից հետո մեղր պատրաստող մեղուն բերանից հանում է նեկտարը, ապա նորից կուլ տալիս այն։ Այդպես շարունակվում է մինչև 240 անգամ, ինչից հետո մեղուն այն դնում է բջջի մեջ։ Որոշակիորեն պնդանալուց հետո այլ մեղուներ դրանք տեղափոխում են մի բջջից մյուսը և տեղավորում ավելի մեծ մասնաբաժիններով, մինչև այն պնդանում է։ Այդ գործընթացքում նեկտարը հարստացվում է ֆերմենտներով, վիտամիններով և մանրէազերծվում[19]։

Թռչող մեղուներԽմբագրել

 
Թռչող մեղու
 
Նեկտար հավաքող մեղու
 
Թավշածաղկից նեկտար հավաքող մեղու

Ավելի հասուն (հաճախ 15-18 օրականից) մեղուները բույսերի ծաղիկներից հավաքում են նեկտար ու ծաղկեփոշի, ջուր և կպչուն խեժային նյութեր են տանում փեթակ։ Մեղրատու բույսերը գտնելու և փեթակի կիսախավարում մանր առարկաները տեսնելու համար մեղուների մոտ մշակվել են տեսողության որոշակի առանձնահատկություններ։ Իմագոն (աշխատավոր մեղու, մայր մեղու, բոռ) գլխի կողքերից ունի երկուական բարդ աչքեր, որոնք կազմված են մեծ թվով փոքր աչիկներից, որոնք պատկերն ընկալում են խճանկարի տեսքով։ Դրանից բացի, գլխի գագաթնային հատվածում իմագոն ունի երեք պարզ աչքեր, որոնք ծառայում են որպես հավելում բարդ աչքերին՝ լույսի ինտենսիվության աստիճանի ընկալման համար[10]։

Հաստատվել է, որ մեղուները լավ են տեսնում արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթները (որոնք անտեսանելի են մարդու համար)։ Համարվում է, որ մեղուները տարբերում են հետևյալ գույները՝ դեղին, կապտականաչ, կապույտ, մանուշակագույն և ուլտրամանուշակագույն, ըստ վերջին տվյալների՝ կախված նրանց կողմից ուլտրամանուշակագույն ճառագայթների անդրադարձման բնույթից, մեղուներին այդ գույները թվում են բոլորովին տարբեր, քան մարդուն։ Այսպես, կապույտը և մանուշակագույնը մեղուն տեսնում է որպես չորս տարբեր գույներ։ Կարմիրը նրանք կարող են շփոթել մանուշակագույնի ու սևի հետ։ Կանաչն ու նարնջագույնը մեղուներն ընկալում են որպես դեղին գույն[10]։

Մեղուները լավ են հիշում միայն առարկաների այն ձևերը, որոնք հիշեցնում են ծաղկի մասնատված թերթիկներ։

Մեղրատու բույսերի ծաղիկները միջատներին գրավում են ոչ միայն իրենց վառ գունավորմամբ, այլև բուրմունքով։ Մեղուների մոտ շատ լավ է զարգացած հոտառությունը։ Դրա օրգանները գտնվում են մեղուների բեղիկներում։ Հոտառությունը մեծ նշանակություն ունի մեղուների կյանքում․ հոտով նրանք իրենց ընտանիք մեղուներին տարբերում են օտարներից, որոնում են նեկտար և այլն[10]։

Բերանային հավելուկները մեղուների մոտ ձևավորված են այնպես, որ թույլ են տալիս լեզվի գդալիկով հեշտությամբ լիզել նեկտարի փոքրագույն կաթիլները բացված ծաղկում և հանել այն ծաղիկների ավելի խոր ծաղկապսակներից կնճիթիկի օգնությամբ, որը ձևավորվում է ներքին շրթունքից ու ներքին ծնոտներից։ Աշխատավոր մեղուների կնճիթիկի երկարությունը կազմում է 5,5-6,4 մմ, իսկ որոշ մեղուների մոտ կարող է հասնել 6,9 և նույնիսկ 7,2 մմ՝ կախված նրանց ցեղատեսակից[10] (մայր մեղուներինը՝ 3,5 մմ[10]

Մեղուների հավաքած նեկտարը նրանց բերանի ու կերակրափողի միջով անցնում է մեղրային կտնառք, հասցվում փեթակ և փոխանցվում երիտասարդ ընդունող մեղուներին։ Նեկտարից բացի մեղուները բույսերից հավաքում են ծաղկափոշի, որը նրանց սպիտակուցային կերն է։ Մեղվի մարմինը պատված է խիտ մազիկներով։ Մեղվի թռչելու ընթացքում այդ մազիկները կուտակում են ստատիկ էլեկտրականություն, որը հետո ձգում է ծաղկափոշին[3]։ Ծաղկի վրա իջնելիս մեղուն այդ մազիկների միջև հավաքում է մեծ քանակի ծաղկափոշու հատիկներ, որոնք նա ոտքի «խոզանակով» լցում է զամբյուղիկների (փոսիկներ հետևի ոտքերի վրա) մեջ։ Զամբյուղիկի մեջտեղում գտնվում է մեկ խոշոր մազիկ, որին էլ կպչում է ծաղկափոշին։ Վերջինիս գնդիկի քաշը կազմում է միջինը 10-15 մգ, իսկ երբեմն՝ 20 մգ։ Ծաղկափոշին հավաքելու ժամանակ մեղուներն այն փոքր-ինչ խոնավացնում են նեկտարով ու հատուկ գեղձերի արտազատուկներով, ինչի շնորհիվ ծաղկափոշու հատիկներն ամուր մնում են զամբյուղիկում պինդ գնդիկների տեսքով[9][17]։

Սովորաբար մեղուները ծաղկափոշի հավաքում են էնտոմոֆիլ (միջատների կողմից փոշոտվող) բույսերից, որոնք միաժամանակ արտադրում են նեկտար։ Սակայն առանձին ժամանակաշրջաններում (հատկապես վաղ գարնանը), երբ չեն ծաղկում մեղրատու բույսեր կամ դրանք շատ քիչ են, և նրանք չեն կարողանում բավարարել մեղուների ծաղկափոշու պահանջմունքը, նրանք կեր ստանում են անեմոֆիլ (քամու միջոցով փոշոտվող) բույսերից[10]։

Փեթակ վերադառնալուց հետո մեղուները ծաղկափոշու գնդիկները նետում են մեղրաբջիջների մեջ։ Երիտասարդ մեղուներն անմիջապես գլխով տոփանում են ծաղկափոշին, իսկ երբ բջիջը գրեթե լցվում է, վերևից ավելացնում են մեղր։ Այն սպիտակուցային սննդի աղբյուր է մեղուների ընտանիքի համար[17]։

Գոյություն ունեն մեղրի մի քանի դասակարգումներ։ Ըստ բուսաբանական ծագման տարբերում են ծաղկային, ցեղամեղր (բոսոջիլների արտաթորություններից հավաքած մեղր) և խառը մեղր։ Ծաղկային մեղրը լինում է մոնոֆլյոր և պոլիֆլյոր։ Մոնոֆլյորը պատրաստվում է գերազանցապես մեկ տեսակի բույսի նեկտարից, պոլիֆլյորը՝ տարբեր տեսակի ծաղիկներից, առանց որևէ մեկի գերակշռության։ Ցողամեղրը պատրաստվում է որոշ միջատների շաքարային արտաթորություններից։ Խառը մեղրն ստացվում է միաժամանակ մեղրի ու ցողամեղրի հավաքման արդյունքում։ Ծաղկային մեղրը, կախված լանդշաֆտի բնույթից, կարող է լինել անտառային, մարգագետնային, տափաստանային դաշտային և մրգային։ Ըստ աշխարհագրական տեղանքի՝ հայտնի են այնպիսի տեսակներ, ինչպիսիք են՝ ուրալյան, բաշկիրական, սիբիրյան, հեռավորարևելյան և այլն[17]։

Մեղուները անհրաժեշտ քանակության ջուր ստանում են ծաղիկներից հավաքվող ու փեթակ տարվող նեկտարից։ Բայց եթե բնության մեծ նեկտարի քանակը բավարար չէ, իսկ ընտանիքն այդ ժամանակ խնամում է ներ սերնդի, մեղուներն զգում են ջրի կարիք և ստիպված են այն տանել փեթակ։ Ջրկիր մեղուները փեթակ ջուր են տանում կտնառքով (քաղցրահամ կամ աղի, որում աղի պարունակությունը չի գերազանցում 1 %-ը), իսկ երբեմն էլ կաթնասունների մեզ։ Ջուրն օգտագործվում է պնդացած մեղրի ջրիկացման, ինչպես նաև փեթակի զովացման համար[23][10]։

Մեղրաբջիջների հաթեցման, փեթակում առկա մանր անցքերը փակելու համար մեղուներն օգտագործում են ակնամոմ, որի կազմի մեջ մտնում են ծաղկափոշու հատիկների թաղանթի բալզամային նյութեր, բույսերի խեժային նյութեր ու մոմի խառնուրդ։ Մեղուերը, որ ակնամոմի պատրաստման համար փեթակ են տանում բուսախեժ, այն հավաքում են զամբյուղիկների մեջ, իսկ կտնառքում տանում են միայն այն մեղրը, որ վերցրել են փեթակում։ Փեթակում բուսախեժը վերցնում են փեթակային մեղուները, զամբյուղիկներից հանում են այն թել առ թել։ Առավել մեծ թվով մեղուներ բուսախեժի հետևից թռչում են կեսօրին, ամենատոթ եղանակին։ Եթե բնության մեջ նեկտարի քանակը շատ է, մեղուները բուսախեժ գրեթե չեն հավաքում[14]։

Վարք և կողմնորոշում տեղանքումԽմբագրել

Ինչպես փեթակի ներսում, այնպես էլ դրանից դուրս մեղուների վարքը պայմանավորված է ռեֆլեքսների կամ ազդակների նկատմամբ նրանց օրգանիզմների օրինաչափ ռեակցիաների ամբողջությամբ։ Տարբերվում են բնածին կամ ոչ պայմանական և կյանքի փորձի ընթացքում ձեռքբերովի կամ պայմանական ռեֆլեքսներ։ Այսպես, բնածին ռեֆլեքսներ են (ոչ պայմանական ռեֆլեքսների բարդ կոմպլեքսներ) թրթուրների կերակրումը, բջիջների կառուցումը և այլն։ Մի տեսակի ծաղիկը մյուսից տարբերելու ունակությունը, ընդհակառակը, մեղուների մոտ ձևավորվում է կյանքի ընթացքում՝ պայմանական ռեֆլեքսերի հիման վրա։

Երիտասարդ մեղուները կողմնորոշիչ թռիչքի ժամանակ հիշում են իրենց փեթակի դիրքը շրջակա միջավայրի մարմինների նկատմամբ (ծառեր, թփեր, այլ փեթակներ և այլն)։ Բավական է, որ փեթակը տեղափոխվի մեկ մետրից պակաս հեռավորության վրա, որ նեկտարով ծանրաբեռնված մեղուները վերադարձից հետո երկար ժամանակ այն փնտրեն հին վայրում և շատ դժվարությամբ գտնեն նրա նոր տեղը։ Եթե փեթակը տեղափոխում ավելի մեծ հեռավորության վրա, ապա մեղուները ընդհանրապես չեն կարողանում գտնել այն։

Մեղուները հիշում են ոչ միայն փեթակի դիրքը, այլև մուտքի տեղը։ Եթե փեթակի մուտքը բարձրացվի կամ իջեցվի, կամ փոխվի դրա տեղը, ապա վերադարձած մեղուն երկար ժամանակ կփնտրի դրա տեղը։ Նույնը վերաբերում է փեթակի գունավորմանը և նրան շրջապատող առարկաների դիրքի փոփոխությանը (հարևան փեթակների այլ գունավորում, նրան շրջապատող ծառերի ու թփերի հատում)։

Նեկտար կամ ծաղկափոշի հավաքելիս յուրաքանչյուր մեղու ձգտում է այն հավաքել միայն ինչ-որ մի տեսակի բույսից։ Օրինակ, սկսելով նեկտար հավաքել հնդկաձավարի ծաղկից՝ մեղուն չի թռչում մեկ այլ բույսի վրա, քանի դեռ շարունակվում է հնդկաձավարի ծաղկման շրջանը։ Դա ունի կենսաբանական մեծ նշանակություն բույսերի փոշոտման համար։ Միայն այն դեպքում, երբ միաժամանակ ծաղկում են տարբեր տեսակների ոչ մեծ թվով բույսեր, մեղուները մեկ թռիչքի ընթացքում այցելում են մի քանի տեսակի ծաղիկի[14]։ Մի բույսի ծաղկման շրջանն ավարտվելուց հետո դրանից նեկտար հավաքող մեղուները միանում են այլ բույսերից նեկտար հավաքողներին կամ սկսում փնտրել ուրիշ տեսակի բույսեր (այդ դեպքում նրանք կոչվում են հետախույզ մեղուներ)։ Գտնելով կերի նոր աղբյուր՝ մեղուներն այն հավաքում են իրենց մեղրային կտնառքում, ապա մի քանի անգամ թռչում ծաղկող բույսի շուրջը, որպեսզի հիշեն նրա տեղը, ինչից հետո վերադառնում են փեթակ։ Փեթակի ճանապարհը նույնպես մեղուները հիշում են ճանապարհին հանդիպող ուղղորդիչ երևույթների միջոցով (ծառեր, թփեր, ջրամբարներ, ճանապարհներ և այլն) արևի լույսի ուղղությամբ կամ Երկրի մագնիսական դաշտով։

Մեղուն վերադառնում է փեթակ գրգռված վիճակում։ Նա իր բերած նեկտարը տալիս ընդունող մեղուներին, իսկ ինքը կատարում է բնորոշ շարժումը, որ կոչվում է «հավաքագրման պար», որով նա մեղվաընտանիքի մյուս անդամներին հրավիրում է հավաքելու իր գտած նեկտարը։ Եթե կերը գտնվել է փեթակի մոտ՝ 100 մետրից ոչ հեռու, ապա մեղուն արագ վազում է մի մեղրաբջջի շուրջը, ապա շրջվում և կատարում նույնպիսի շրջան հակառակ ուղղությամբ։ Մի մեղվից մյուսին անցնելով՝ նա կրկնում է այդ շարժումները մի քանի վայրկյանի ընթացքում։ Այդ պարը կոչվում է շրջանաձև[14]։

Երբ ծաղկող բույսերը գտնվում են հարյուր մետրից ավելի հեռավորության վրա, նեկտար բերած մեղուները կատարում են պար, որն ի տարբերություն շրջանաձևի, կոչվում է գալարաձև։ Նրանք սկզբում կատարում են կիսաշրջան մի քանի բջիջների չափով, այնուհետև 2-3 բջջի չափով անցնում են ուղիղ գծով՝ շարժելով փորիկը մի կողմից մյուսը, ինչից հետո կատարում են երկրորդ կիսաշրջանը հակառակ ուղղությամբ։ Պարի բնույթը, ինչպես նաև ուղիղ գծով շարժման ընթացքում փորի տատանումների թիվը կախված են հավաքող մեղվի գրգռվածության աստիճանից, այսինքն՝ ծաղիկների գտնվելու վայրի հեռավորությունից։ Որքան հեռու է կերի աղբյուրը, այնքան քիչ է շարժում փորը մեղուն ուղիղ թռիչքի ժամանակ, որը կատարում է ասես շատ հոգնած։ Պարով մեղուները հայտնում են ոչ միայն մինչև կերի աղբյուրն ընկած հեռավորությունը, այլև այն, թե ինչ ուղղությամբ պետք է թռչել։ Պարող մեղվի (հետախույզ մեղու) գրգռվածության աստիճանը փոխանցվում է նրան շրջապատող մեղուներին։ Դա օգնում է նրանց գտնել ծաղկած բույսերը, որի մասին հայտնում է պարող մեղուն[14]։

Սակայն պարը նեկտարի աղբյուրի հեռավորության վերաբերյալ տեղեկություն հաղորդելու միակ միջոցը չէ: Դրա ժամանակ մեղուներն արձակում են ռիթմիկ ձայնային ազդակների՝ շարք 33 Հց հաճախականությամբ: Հենց դրանք են տեղեկություն պարունակում մեղրահավաքի վայրի մասին: Հեռավորության մեծանալու հետ մեծանում է նաև յուրաքանչյուր շարքի տևողությունն ու դրանում ընդգրկված իմպուլսների քանակը: Հնչյուններն ընկալելու համար մեղուներն ունեն ֆոնոընկալիչներ, որոնք տեղակայված են նրա մարմնի վրա[24]:

Պարող մեղվին շրջապատող մեղուները հոտոտում են նրան ու դուրս թռչում փեթակից՝ որոնելու նույն հոտն ունեցող ծաղիկներ։ Որոշ ժամանակ անց նույն վայր է թռչում նաև այն մեղուն, որն առաջինն էր գտել այն։ Վերադառնալով փեթակ՝ այդ մեղուները նույնպես կատարում են նմանատիպ պար՝ նեկտարի աղբյուրի մասին հայտնելով ավելի մեծ թվով մեղուների, որոնք զբաղված չեն այլ ծաղիկներից նեկտար հավաքելով։ Այդ բույսերի կողմից նեկտարի արտադրությունն ավատվելուց կամ խիստ կրճատվելուց հետո մեղուներն այլևս նման պար չեն կատարում, ինչի շնորհիվ կարգավորվում է այդ ծաղիկներին այցելող մեղուների թվաքանակը։

Բացի այդ հետախույզ մեղուն կարող է զգուշացնել իր ցեղակիցներին, որ պաշարի ինչ-որ տեսակ վտանգավոր է, և այնտեղ թռչել պետք չէ: Դրա համար նրանք թափահարում են թևերը 380 Հց հաճախականությամբ և 150 մվ տևողականությամբ: Ազդանշանը այն առանձյակի համար է, որը կատարում է պարը և ի պատասխան զգուշացնող ազդանշանի կտրուկ իջեցնում է պարի ինտեսիվությունը[25]։

ՁայնԽմբագրել

Մեղուներն ունակ են արձակել տարբեր բարձրության ու տեմբրի ձայներ։ Մեղվաընտանիքը փեթակում բզզում է տարբեր կերպ՝ կախված իր ֆիզիոլոգիական վիճակից։ Այդպիսով կարելի է կենսաակուստիկ տեսանկյունից վերահսկել մեղուների դրությունը։ Ձայնի բնույթից կարելի է որոշել, թե արդյոք նրանք մրսում են, սոված են, ընտանիքը որոշել է ձագ տալ, արդյոք մայր մեղու կա ընտանիքում, ինչպես են մեղուները վերաբերվում փեթակ դրված մայր մեղվին (մեղուները միշտ չէ, որ ընդունում են նրան), ինչպիսին է մեղուների ռասայական պատկանելությունը (յուրաքանչյուր ռասա արձակում է իրեն հատուկ ձայն)։ Կարելի է նաև ակուստիկորեն վերահսկել մեղուների թռիչքները, օրինակ՝ սահմանափակել նրանց դուրս գալը փեթակից (օրինակ՝ դաշտերը թունաքիմիկատներով մշակելու ժամանակ)[24]։

Մեղրատու մեղուների տեսակներԽմբագրել

 
Մեղրատու մեղուն տատրակի ծաղկի վրա

Եվրոպական տեսակներ․

Աֆրիկյան տեսակներ․

  • Apis mellifera adansonii Latreille, 1804 – արևմտաաֆրիկական մեղրատու մեղու,
  • Apis mellifera capensis Eschscholtz, 1822 – կապյան մեղրատու մեղու,
  • Apis mellifera intermissa von Buttel-Reepen, 1906; Maa, 1953 – հյուսիսաֆրիկյան սև մեղրատու մեղու,
  • Apis mellifera jemenitica Ruttner, 1976 – եմենյան մեղրատու մեղու,
  • Apis mellifera lamarckii Cockerell, 1906 – եգիպտական մեղրատու մեղու,
  • Apis mellifera litorea Smith, 1961,
  • Apis mellifera major Ruttner, 1978 – Ռիֆի աֆրիկյան մեղրատու մեղու,
  • Apis mellifera monticola Smith, 1961 – լեռնային աֆրիկյան մեղրատու մեղու,
  • Apis mellifera nubica – սուդանյան մեղրատու մեղու,
  • Apis mellifera sahariensis Baldensperger, 1932 – Սահարայի մեղրատու մեղու,
  • Apis mellifera scutellata Lepeletier, 1836 – արևելաաֆրիկյան մեղրատու մեղու,
  • Apis mellifera unicolor Latreille, 1804 – մադագասկարյան մեղրատու մեղու[26]։

Միջին Արևելքևի և Ասիայի տեսակներ՝

  • Apis mellifera adamii Ruttner, 1977,
  • Apis mellifera anatolica Maa, 1953,
  • Apis mellifera armeniaca – հայկական մեղրատու մեղու,
  • Apis mellifera macedonica Ruttner, 1988 – մակեդոնական մեղրատու մեղու,
  • Apis mellifera meda Skorikov, 1829,
  • Apis mellifera pomonella Sheppard & Meixner, 2003,
  • Apis mellifera syriaca Skorikov, 1829 – սիրիական մեղրատու մեղու,

Տեսակները միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով (գունավում և չափեր), վարքով (ագրեսիվություն, այլ մեղվաընտանիքներից մեղր գողանալու հակում, ջերմության տատանումներին դիմանալու ունակությամբ։

  • Փչակային մուգ անտառային մեղու Apis mellifera subsp. mellifera

ՄեղվաբուծությունԽմբագրել

Մեղվաբուծությունն իր զարգացման ընթացքում անցել է մի քանի փուլ։ Սկզբում մարդիկ ուղղակի հավաքել են վայրի մեղուների մեղրը։ Ապա սկիզբ է առել փչակային մեղվաբուծությունը․ մեղվի պարսերը տեղավորվել են բնական կամ հատուկ պատրաստված փչակներում։ Մեղրը հավաքվելու դեպքում այն հանել են։ Հետագայում մեղուները պահվել են կավե կամ կեղևից պատրաստված փեթակներում։ Մեղրը և մոմը հանելու համար մեղուներին սպանել են ծծմբային ծխով, իսկ փեթակները՝ ջարդել։ 1814 թվականին Պյոտր Պրոկոպովիչը ստեղծել է ժամանակակից մեղրաշրջանակը, որը թույլ է տալիս հանել մեղրը առանց մեղուներին վնասելու[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Michael S. Engel (1999)։ «The taxonomy of recent and fossil honey bees (Hymenoptera: Apidae: Apis)»։ Journal of Hymenoptera Research 8: 165–196 
  2. Lo N., Golag R.S., Anderson D.L., Oldroyd B.P. (2010)։ «A molecular phylogeny of the genus Apis suggests that the Giant Honey Bee of the Philippines, A. breviligula Maa, and the Plains Honey Bee of southern India, A. indica Fabricius, are valid species»։ Systematic Entomology 35 (2): 226–233։ doi:10.1111/j.1365-3113.2009.00504.x 
  3. 3,0 3,1 «Документальный фильм «Молчание пчёл»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2012-1-5 
  4. «Впервые расшифрован геном пчелы»։ membrana։ 2004-01-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-12-28 
  5. Whitfield, W. Charles et al. Thrice Out of Africa: Ancient and Recent Expansions of the Honey Bee, Apis mellifera(անգլ.) // Science. — 2006. — Т. 314. — № 5799. — С. 642—645.
  6. Wallberg A., Han F., Wellhagen G., et al. «A worldwide survey of genome sequence variation provides insight into the evolutionary history of the honeybee Apis mellifera». Nat Genet. 2014; doi:10.1038/ng.3077.
  7. 7,0 7,1 Генетики выяснили, что медоносная пчела родом из Азии // «Газета.Ru». — 26.08.2014.
  8. Meusel M. S., Moritz R. F. (1993)։ «Transfer of paternal mitochondrial DNA during fertilization of honeybee (Apis mellifera L.) eggs»։ Curr. Genet. 24 (6): 539–43։ PMID 8299176։ doi:10.1007/BF00351719 
  9. 9,0 9,1 9,2 «Морфология (строение) пчелы»։ Пуд мёда. Всё о пчёлах։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2012-1-8 
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 Нуждин А. С. Пчёлы: улей и пасека. — М.: Колос, 1997. — 302 с. — ISBN 5-10-003356-8
  11. Фил Гейтс. От репейника к застёжке-молнии. Прочное скрепление // Живая природа = Wild Technology / Пер. Е. Е. Дуковой. — М.: АСТ, 2001. — С. 13. — ISBN 5-17-004107-1
  12. «Крылья пчелы»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2012-1-7 
  13. 13,0 13,1 «Строение тела пчелы»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2012-1-8 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 Акимушкин И. И. Мир животных: Насекомые. Пауки. Домашние животные. — 4-е изд. — М.: Мысль, 1995. — 462[2] с. — ISBN 5-244-00806-4
  15. §34. Медоносная пчела // Биология: Животные: Учебник для 7—8 классов средней школы / Б. Е. Быховский, Е. В. Козлова, А. С. Мончадский и другие; Под редакцией М. А. Козлова. — 23-е изд. — М.: Просвещение, 1993. — С. 91—94. — ISBN 5090043884
  16. 16,0 16,1 Фриш К. Из жизни пчёл / Халифман И. А. (отв.ред.). — М.: Мир, 1980. — 216 с. — 50 000 экз.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 Хисматуллина Н. З. Апитерапия. — Пермь: Мобиле, 2005. — 296 с. — 10 000 экз. — ISBN 5-88187-263-0
  18. Надежда Маркина (2011-11-10)։ «Три белка делают пчелу королевой»։ Infox.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-02-20 
  19. 19,0 19,1 Анашкина Е. Н. Пчёлы // 300 вопросов и ответов о домашних животных. — Ярославль: Академия развития, 1997. — С. 43—48. — (Расширяем кругозор детей). — 50 000 экз. — ISBN 5-7797-0049-4
  20. Леонид Попов (2010-03-15)։ «Заботливые пчёлы превращают свои тела в жаркие печи»։ membrana։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-17 
  21. Екатерина Люльчак (2010-02-10)։ «Мотивация током»։ Этология.Ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-06-17 
  22. Маркина Н. (2009-04-16)։ «Биохимия пчелиного мозга меняется со специальностью»։ Infox.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-02-20 
  23. Халифман И. А. Шмели и пчёлы: дома и на цветках // Шмели и термиты. — М.: Детская литература, 1988. — С. 62. — 319 с. — ISBN 5-08-001212-9
  24. 24,0 24,1 Морозов В. П. Занимательная биоакустика — 2-е изд., доп., перераб. — М.: Знание, 1987. — 208 с. + 32 с. вкл. — С. 36—42.
  25. Надежда Маркина (2010-02-12)։ «Пчёлы танцем предупреждают своих об опасности»։ Infox.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-24-ին։ Վերցված է 2012-02-06 
  26. Кривцов И. И.։ «Идентификация внутривидовых таксонов пчелы медоносной»։ Архив статей 2003։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-12-28 

ԳրականությունԽմբագրել