Սորգո
Սորգո | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Կորեկայիններ (Panicoideae) |
Տրիբա | Andropogoneae |
Ենթատրիբա | Andropogoninae |
Ցեղ | Սորգո (Sorghum) Moench, 1794 |
Սորգո (լատին․՝ Sorghum, լատին․՝ Sorgus՝ բարձրանալ[1]), հացազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ներառում է ավելի քան 30 տեսակ[2], որոնք աճում են Ասիայում, Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Եվրոպայում և Ավստրալիայում։ Սորգոյի որոշ տեսակներ աճեցնում են որպես մշակաբույսեր՝ հացահատիկային, տեխնիկական և կերային[3]։
Բուսաբանական նկարագիր
խմբագրելՋերմասեր, երաշտադիմացկուն, աղադիմացկուն խոտաբույս է, արտաքին տեսքով նման է եգիպտացորենին։ Հեշտությամբ հարմարվում է տարբեր հողերում[3]։
-
1543 թվականի ուսաբանական նկարազարդում
-
Բույսի արտաքին տեսքը
-
Ծաղկաբույլ
-
Սերմեր
Ուղիղ և կանգուն ցողունը կարող է ունենալ 0,5 մետրից (գաճաճ ձևերը) մինչև 7 մետր (որոշ արևադարձային տեսակներ) բարձրություն[3]։ Ներքին խոռոչը բացակայում է[4]։ Ներքին մասը լցված է պարենքիմով[5]։ Շատ տեսակների ցողունը հասունանալու հետ չորանում է, իսկ շաքարի սորգոն մնում է հյութալի։ Սորգոյի մշակովի տեսակները սովորաբար ունենում են մի քանի ցողուն։ Արմատային համակարգը լավ է զարգացած, նրա խորությունը կարող է հասնել 2-2,5 մետրի։ Տերևաթիթեղը նշտարաձև է, սուր ծայրերով։ Ծաղկաբույլը հուրան է, ուղղաձիգ, ճյուղավոր, խոնարհված կամ թեքված։ Խաղկաբույլի սովորական երկարությունը 10-70 սմ է, որոշ դեպքերում կարող է լինել ավելին։ Սերմերը՝ հատիկները, որպես կանոն, օվալաձև են կամ ձվաձև, կարող են լինել մերկ կամ թեփուկավոր։ Գույնն սպիտակ է, վարդագույն, կարմիր կամ դեղին։ Սերմնահատիկի զանգվածը 5-32 մգ է[3]։
Փոշոտումը խաչաձև է[6], վեգետացիայի շրջանը՝ 120-130 օր։
Տարածվածություն
խմբագրելՄշակովի կամ վայրի ձևերը հանդիպում են Ասիայում, հիմնականում նրա հարավարևմտյան մասում, Հասարակածային և Հարավային Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Եվրոպայի հարավում և Ավստրալիայում։
Սորգոյի հայրենիքը Հասարակածային Աֆրիկան է, տարածման երկրորդային կենտրոններն են Հնդկաստանը և Չինաստանը, Հնդկաստանում սորգո աճեցրել են մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակից, իսկ Չինաստանում և Եգիպտոսում՝ մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակից։ 15-րդ դարում սորգոն տարվել է Եվրոպա, իսկ 17-րդ դարում՝ Ամերիկա[3]։
Ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովը Աֆրիկան և Չինաստանը համարել է սորգոյի մշակովի ձևերի առաջացման անկախ օջախներ։ Վավիլովը նրա մշակության երկրորդային օջախ է նշել Հնդկաստանը, որտեղ այն մինչ օրս համարվում է կարևորագույն հացահատիկային բույսերից մեկը։
Մշակաբույսի ընդհանուր բնութագիր
խմբագրելԸստ կենսաբանական բնութագրերի՝ սորգոյի խմբերի միջև մեծ տարբերություններ չկան։ Սորգոն ջերմասեր, ջերմա- և երաշտադիմացկուն մշակաբույս է։ Սերմերի ծլման, բույսի աճի և զարգացման ամենաբարենպաստ ջերմաստիճանը +20…+30°С է։ Բույսը զարգացման ոչ մի փուլում ցրտահարություն չի հանդուրժում։ Գարնանային ցրտահարությունները կարող են ամբողջությամբ ոչնչացնել կամ զգալիորեն վնասել ցանքսերը, այդ պատճառով էլ չպետք է շուտ ցանել։ Ցրտելը ծաղկման շրջանում, նույնիսկ դրական ջերմաստիճանի դեպքում, կարող է հանգեցնել հատիկընմիջության։
Սորգոյի շատ տեսակների լիարժեք հասունացման համար դրական ջերմաստիճանների գոմարը պետք է կազմի 3000-3800°С[6]։
Սորգոն խոնավություն չի պահանջում։ Նրա սերմերի ուռչելու համար անհրաժեշտ ջուրը կազմում է սերմերի ընդհանուր կշռի 35 %-ը (եգիպտացորենի համար՝ 40 %, չումիզայինը՝ 42 %, մոգարինը՝ 58 %, ցորենինը՝ 60 %)։ Ապացուցվել է նաև, որ սորգոյի չոր նյութի մեկ մասի ձևավորման համար ծախսվում է 300 մաս ջուր (Սուդանի խոտ՝ 340, եգիպտացորեն՝ 338, ցորեն՝ 515, գարի՝ 534, վարսակ՝ 600, ոլոռ՝ 730, առվույտ՝ 830, արևածաղիկ՝ 895, տզկանեփ՝ 1200)։
Սորգոյի անատոմիական կառուցվածքի, կենսաբանական և ֆիզիոլոգիական բնութագրերի ուսումնասիրությունները ցույց են տվել նրա բարձր քսերոֆիտայնությունը, որը պայմանավորված է ոչ միայն արմատային համակարգի հզորությամբ և ընտրողական ունակությամբ, այլ նաև տերևի մակերևությի կառուցվածքի առանձնահատկություններով, խիտ էպիդերմիսի և սպիտակ մոմե ծածկույթի առկայությամբ։
Սորգոյի առանձնահատկությունն սկզբնական շրջանում աճի ցածր արագությունն է, ինչպես նաև աճի ու զարգացման համար անբարենպաստ պայմաններում աճը դադարեցնելու և մինչև բարենպաստ պայմանների առաջացումն անաբիոզ վիճակում մնալը ունակությունը։
Սորգո մշակաբույսը լավ է աճում հնձելուց հետո, որը լայնորեն կիրառվում է անասնակերի արտադրության մեջ։ Ստավրոպոլի երկրամասի պայմաններում ոռոգմամբ մեկ սեզոնում կարելի է կատարել մինչև 4 լիարժեք հունձ։
Չնայած բարձր երաշտադիմացկունությանը՝ սորգոն մեծապես արձագանքում է ջրի առկայությանը և տալիս մեծ քանակով հավելյալ բերք։ Ղազախստանի նախալեռների չոր տափաստանային գոտու պայմաններում ոռոգման միջոցով հացահատիկային սորգոն կարող է տալ 52,6-62,5 ցենտներ/հա հատիկ։
Սորգոն կարճ օրվա լուսասեր բույս է։ Դա պայմանավորված է նրա բարձր արևակայությամբ և կապված է կարճ ալիքի ճառագայթման ինտենսիվության բարձր պահանջկոտությամբ։ Սորգոյի տարբեր ձևերի մեծ մասի մոտ կարճ օրվա ընթացքում աճը կրճատվում է, իսկ երկար օրերին (ավելի քան 15 ժամ)՝ ավելանում։ Միաժամանակ կան սորգոյի՝ օրվա տևողության նկատմամբ չեզոք և թույլ զգայուն տեսակներ ու ձևեր։
Սորգոն բավականին անպահանջկոտ մշակաբույս է և կարող է աճել արգավանդ ավազակավերում, թեթև ավազուտում և լավ գազավորված կավոտ, մոլախոտերից զուրկ հողերում։ Հաճախ սորգոն օգտագործում են խոպան և ռեկուլտիվացիոն հողերի յուրացման համար։ Բացի այդ, ունենալով ուժեղ արմատային համակարգ, սորգոն կարող է մի քանի տարի բավարար և լավ բերք տալ հատիկավոր մյուս բույսերի համար աղքատ հողերում։ Սորգոն չի աճում միայն սառը, ճահճացած հողերում և վատ է աճում թթու հողերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չլինելը թույլ է տալիս սորգոն օգտագործել որպես առաջին մշակաբույս լանջերի ողողաշերտերը յուրացնելու ժամանակ։
Սորգոն, հողի նկատմամբ պահանջկոտ չլինելով, դրականորեն է արձագանքում հանքային սնուցման պայմանների բարելավմանը, հատկապես աղքատ հողերում։
Կիրառություն
խմբագրելՍորգոյի հատիկներից ստանում են ձավար, ալյուր, օսլա և սպիրտ։ Կանաչ զանգվածից ստանում են անասնակեր, այդ թվում նաև սիլոս, բայց ոչ բոլոր տեսակներից, քանի որ սորգոյի շատ տեսակների երիտասարդ բույսերը թունավոր են[3]։
Չոր խոտերն օգտագործվում են որպես վառելիք, որոշ տեսակների ծաղկաբույլերը՝ որպես մեղրամոմի և կաշվի համար կարմիր ներկի ստացման հումք[3][7]։ Ծղոտից պատրաստում են հյուսկեն արտադրանք, թուղթ, ավել, օգտագործում են որպես շինանյութ տանիքների ու ցանկապատերի համար[3]։
Չորային և կիսաչոր շրջաններում սորգոյի մշակության նպատակահարմարությունը պայմանավորված է նրա ունիվերսալությամբ և բարձր արտադրողականությամբ։ Կանաչ զանգվածն ու հատիկները լավ կեր են գյուղատնտեսական կենդանիների բազմաթիվ տեսակների համար։ Սորգոն ոչ միայն բարձր բերքատվությամբ մշակաբույս է, այլև այն հարուստ է ածխաջրերով, սպիտակուցներով, կարոտինով, դաբաղանյութերով, վիտամիններով, որոնք կարևոր դեր են խաղում կենդանիների մթերատվության բարձրացման գործում։
Սննդային հատկություններով սորգոյի հատիկները և կանաչ զանգվածը գրեթե չեն զիջում եգիպտացորենին, իսկ որոշ շրջաններում նրան գերազանցում են։ Բացի կերից, սորգոյի հատիկներն օգտագործվում են սպիրտի և օսլայի արտադրության մեջ։ Զարգացող երկրներում տեխնիկական սորգոն լայնորեն օգտագործվում է տարբեր ցախավելների ու ավելների արտադրության համար։
Սորգոյի որոշ տեսակների մատղաշ բույսերը հատիկներում պարունակում են տանին և ցիանական թթու տերևներում ու ցողուններում, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է կենդանիների թունավորման։
Շաքարի սորգոն և Սուդանի խոտը ցանում են նաև լոբազգիների, եգիպտացորենի, արևածաղկի հետ խառնած։ Հյութալի ցողունը, որ հարուստ է շաքարով, թույլ է տալիս ստանալ հաշվեկշռված սիլոս և սենաժ, ընդ որում ցանքի բերքատվությունը մնում է շատ բարձր։
Արդյունաբերություն
խմբագրելՀամաձայն Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների՝ 2006 թվականին սորգոյի խոշորագույն արտադրողը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգները (9,7 միլիոն տոննա)։ Նրանից հետո սորգոյի հիմնական արտադրողներն են Նիգերիան, Սուդանը, Մեքսիկան, Եթովպիան և Հնդկաստանը։ Մեծ քանակությամբ սորգո են աճեցնում նաև հետևյալ երկրներում՝ Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Բուրկինա Ֆասոյում, Արգենտինայում, Մալիում, Կամերունում, Եգիպտոսում, Նիգերում, Տանզանիայում, Չադում, Ուգանդայում, Մոզամբիկում, Վենեսուելայում և Գանայում[8]։ 2007 թվականին Ռուսաստանում արտադրվել է 351 հազար տոննա սորգո[9], իսկ 2016 թվականին՝ 313 հազար տոննա[10]։
2010 թվականին ամբողջ աշխարհում հավաքել են 55,6 միլիոն տոննա սորգո, իսկ 2016 թվականին՝ 63,9 միլիոն տոննա[10]։ Միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 1,37 տոննա։ Առավել բերքատու է եղել Հորդանանի ֆերմերային տնտեսությունը, որտեղ բերքատվությունը 1 հեկտարում եղել է 12,7 տոննա։ Սորգոյի խոշորագույն արտադրող ԱՄՆ-ում միջին բերքատվությունը կազմել է հեկտարից 4,5 տոննա[10]։
Սորգոյի մշակության տարածքները նվազում են, միևնույն ժամանակ բերքատվությունը 1 հեկտարից աճում է։ Վերջին 40 տարվա ընթացքում աշխարհում ամենաշատ սորգո արտադրվել է 1985 թվականին՝ 77,6 միլիոն տոննա։
Երկիր | 1985 | 1995 | 2005 | 2012 | 2014 | 2016 |
---|---|---|---|---|---|---|
ԱՄՆ | 28456 | 11650 | 9848 | 6272 | 10987 | 12199 |
Նիգերիա | 4911 | 6997 | 8028 | 6900 | 6741 | 6939 |
Սուդան | 3597 | 2450 | 2600 | 1883 | 6281 | 6466 |
Մեքսիկա | 6597 | 4170 | 6300 | 6969 | 8394 | 5006 |
Եթովպիա | — | 1141 | 1800 | 3604 | 4339 | 4752 |
Հնդկաստան | 10197 | 9327 | 8000 | 6010 | 5390 | 4410 |
Արգենտինա | 6200 | 1649 | 2900 | 4252 | 3466 | 3029 |
Չինաստան | 5696 | 4854 | 2593 | 2003 | 2885 | 2401 |
Նիգեր | 329 | 266 | 944 | 1376 | 1426 | 1808 |
Ավստրալիա | 1369 | 1273 | 1748 | 2238 | 1282 | 1791 |
Բուրկինա Ֆասո | 798 | 1266 | 1553 | 1923 | 1707 | 1742 |
Բրազիլիա | 268 | 277 | 1530 | 2016 | 2279 | 1154 |
Սորգոյի դասակարգում
խմբագրելՉնայած բույսն օգտագործվում և ուսումնասիրվում է հնագույն ժամանակներից սկսած, երկար ժամանակ չի հաջողվել համընդհանուր դասակարգում մշակել։ Դա պայմանավորված է բազմաթիվ տեսակներով ու միջանկյալ ձևերով, դրանց լայն տարածվածությամբ և աճի էկոլոգիական ու աշխարհագրական պայմանների բազմազանությամբ[11]։ Թ. Սնոուդենը, Դե Վետտը, Ջ. Պ. Հյուքբեյը և ուրիշները սորգոյի ցեղը բաժանել են 2 մասի, որոնցից մեկը ներառում էր 28 մշակովի, մյուսը՝ 24 վայրի ազգակից ենթատեսակ։ Օտտո Շտապֆը և Սնոուդենը բաժիններն առանձնացրել են 2 ենթաբաժինների. առաջինը ներառում էր միամյա տեսակները, երկրորդը՝ բազմամյա։
Սորգոյի գիտական կենսաբանական դասակարգման հիմունքները մշակել են Սնոուդենը, Շտապֆը և Իվանյուկովիչը։ 1969 թվականին Յակուշևսկին առաջարկել է սորգոյի տարբեր ձևերը խմբերում միավորել՝ կախված նրանց տնտեսական կիրառությունից, և ոչ թե կենսաբանական առանձնահատկություններից։ Այդպիսի դասակարգումն ավելի հարմար է գործնական կիրառման համար, չնայած այն տեսական ուսումնասիրություններում նպատակահարմար չէ օգտագործել[12]։
Սորգոն երկգույն (Sorghum bicolor) հավաքական տեսակ է, ներառում է մի քանի ձևեր[7], այդ թվում շաքարի սորգո (Sorghum saccuratum), տեխնիկական սորգո (Sorghum technicum) և նեգրական (Sorghum bantuorum Jakuschev)[12], գվինեական (Sorghum guineense), չինական (Sorghum chinense) և կաֆրիական (Sorghum caffrorum) հատիկային սորգո[13]։
Յակուշևսկու դասակարգում
խմբագրելՄի շարք երկրներում տարածված է 1969 թվականին Ե. Յակուշևսկու առաջարկած դասակարգումը, որտեղ սորգոյի բոլոր ձևերը, ըստ տնտեսական կիրառման սկզբունքի, ստորաբաժանված են 4 խմբերի (հատիկային, շաքարի, խոտային և ավելի[14]) և 8 տեսակների (գվինեական հատիկային սորգո, կաֆրիական հատիկային սորգո, նեգրական հատիկային սորգո, հացահատիկային սորգո, չինական հատիկային սորգո, շաքարի սորգո, խոտային սորգո, տեխնիկական կամ ավելի սորգո)։
Հատիկային սորգո
խմբագրել1. Գվինեական հատիկային սորգո (Sorghum guineense Stapf., Jakuschev.) – ավելի շատ տարատեսակներ հանդիպում են Արևմտյան Հասարակածային Աֆրիկայի երկրներում՝ հարավային Սահարայում, այդ թվում Գվինեայի ծոցի հարևանությամբ[12]։
2. Կաֆրիական հատիկային սորգո (Sorghum caffrorum Beauv. Jakuschev.) – բնորոշ է Հարավային Աֆրիկայի այն վայրերին, որոնք ընկած են 10° հ. լ. հարավ, այստեղ առկա է տեսակային ամենամեծ բազմազանությունը։ Նախկին ԽՍՀՄ տարածքի ամենատարածված տեսակն է[11][12]։
3. Նեգրական հատիկային սորգո (Sorghum bantuorum Jakuschev.) – առավել մեծ բազմազանություն հանդիպում է Կենտրոնական և Արևելյան Հասարակածային Աֆրիկայի երկրներում։ ԱՊՀ տարածքում նեգրական սորգոն լայն տարածում չի ստացել[12]։
4. Հացահատիկային սորգո (Sorghum durra Forsk., Jakuschev.) – տարածման հիմնական տարածքը Հյուսիսարևելյան Աֆրիկայի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներն են, Արաբիան, Հնդկաստանը, Պակիստանը, որտեղ այն մշակվել է առավել վաղ։ Հիմնական ներկայացուցիչներն են դուրրան, ջուգարան, մայլոն։ Կախված հասկի, թաղանթի, հատիկի տեսքից և կառուցվածքից՝ առանձնացվում են հետևյալ ենթատեսակները[12].
- եթովպիական սորգո (S.durra ssp. aethiopicum Jakuschev.),
- նուբիական սորգո (S.durra ssp. nubicum Jakuschev.),
- արաբական սորգո (S.durra ssp. arabicum Jakuschev.)։
5. Չինական հատիկային սորգո (Sorghum chinense Jakuschev.) – կամ գաոլյան, համեմատաբար ցրտադիմացկուն և վաղահաս տեսակ է։ Տարբերվում է կամրա-դարչնագույն հատիկներով։ Տարածված է Կորեայում, Չինաստանում, Ճապոնիայում։ Հարուստ է տանինով, որը հատիկին հաղորդում է դառը համ՝ խոչընդոտելով նրա լայնորեն տարածմանը։ Օգտագործվում է սելեկցիոն ծրագրերում՝ հիբրիդներին ցրտադիմացկունություն, վաղահասություն և որոշ հիվանդությունների ու վնասատուների դեմ դիմացկունություն հաղորդելու համար։ Ըստ հատիկի էնդոսպերմի բնույթի՝ առանձնացնում են[12].
- սովորական գաոլյան (S. chinense convar.communis Jakuschev.)՝ ապակենման կամ ալյուրանման կազմությամբ էնդոսպերմով[12],
- մոմանման գաոլյան (S. chinense convar, glutinosum Jakuschev.)՝ կաթնա-սպիտակավուն կամ մոմանման կազմությամբ էնդոսպերմով[12]։
Շաքարի սորգո
խմբագրելՇաքարի սորգո (Sorghum saccuratum Jakuschev.) – ունիվերսալ մշակաբույս է, կարելի է օգտագործել կերերի, սննդի[5] և կենսավառելիքի[15] արտադրության մեջ։ Մեկ հեկտար ցանքից կարելի է ստանալ 220-500 ցենտներ ցողունի կենսազանգված և 25-50 ցենտներ, երբեմն մինչև 100 ցենտներ հատիկ[5]։ Հյութը կարող է պարունակել մինչև 20 % շաքար։ Շաքարի սորգոյի 100 կիլոգրամը պարունակում է 24-25 սննդային միավոր։ Ցողունը պարունակում է 14-15 % շաքար[7]։ Շաքարի սորգոյի հյութը, որ ստացվում է գլանի ճզմումից, շաքարեղեգից ոչ պակաս շաքար է պարունակում, բայց, բացի բուսաշաքարից, պարունակում է զգալի քանակությամբ գլյուկոզա, ֆրուկտոզա և լուծելի օսլա։ Լուծելի օսլան կանխում է բյուրեղացումը, այդ պատճառով էլ շաքարի սորգոյի հյութից ստանում են ոչ թե բյուրեղային շաքար, այլ մաթ կամ օշարակ, որ պարունակում է մոտ 75 % չոր նյութ։ Այդպիսի հյութը կազմում է ցողունի զանգվածի մոտ 20 %-ը։
Խոտի սորգո
խմբագրելՆերառում է մի շարք միամյա և բազմամյա վայրի ձևեր, որոնցից 2 տեսակը մշակվում է[11]։
- Սուդանի խոտ (Sorghum sudanense Jakuschev.[16]) – առավել արժեքավոր միամյա կերային բույսերից մեկն է, լայնորեն մշակվում է հողային և կլիմայական տարբեր պայմաններում։ Մշակվում է 1909 թվականից։ Խոտի սորգոյի մի քանի տեսակների խաչասերումից ստացվում է սորգո-սուդանյան հիբրիդներ, որոնք բազմաթիվ ցուցանիշներով գերազանցում են ծնողական ձևերին։ Սուդանի խոտը և խոտի սորգոյի հետ նրա հիբրիդները լավ են աճում հնձելուց և անասունների արածելուց հետո[11][17]։
- Բերրի սորգո (Sorghum × almum Parodi[18]) – ստացվել է Հարավային Հնդկաստանում գվինեական սորգոյի և գումայի խաչասերումից։ Սուդանի խոտից տարբերվում է կարճ, խիտ տեղակայված ընդերացողունով, ուշ հասունացմամբ, բակտերիոզի դեմ ունեցած դիմադրողականությամբ և գետնամած լինելով[11]։
Տեխնիկական սորգո
խմբագրելՏեխնիկական կամ ավելի սորգո (Sorghum technikus (Koern.) Rozchev.) – ունի 110-120 սմ երկարությամբ և չոր միջուկով ցողուն[11]։ Օգտագործվում է ավել, խոզանակ, ցախավել պատրաստելու համար։
Առանձնացնում են 2 տեսակ.
- արևելաեվրասիական (Sorghum technicus convar. oriento-eurasieum Jakuschev.), տարբերվում է ճկուն և բավականին խոնարհված ծաղկաբույլի ոստերով, հասկիկները խավավոր չեն։ Մշակվում է հյուսիսարևելյան Չինաստանում[11]։
- արևմտաեվրասիական (Sorghum technicus convar. occidento-eurasieum Jakuschev., բնութագրվում է ավելի խիտ և պակաս խոնարհված ծաղկաբույլի ոստերով, հասկիկները խավավոր են, հատկապես ծայրերում։ Մշակվում է Միջին Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում[11]։
Ժամանակակից դասակարգում
խմբագրելԺամանակակից դասակարգման մեջ ցեղը բաժանվում է Chaetosorghum, Heterosorghum, Parasorghum, Sorghum բաժինների[19]։
Ըստ The Plant List կայքի տվյալների՝ ցեղն իր մեջ պարունակում է հետևյալ տեսակները[2].
- Sorghum amplum Lazarides
- Sorghum angustum S.T.Blake
- Sorghum arundinaceum (Desv.) Stapf
- Sorghum bicolor (L.) Moench – Հատիկավոր սորգո
- Sorghum brachypodum Lazarides
- Sorghum bulbosum Lazarides
- Sorghum burmahicum Raizada
- Sorghum controversum (Steud.) Snowden
- Sorghum ecarinatum Lazarides
- Sorghum elliotii Stapf
- Sorghum exstans Lazarides
- Sorghum grande Lazarides
- Sorghum halepense (L.) Pers. — հալեպյան սորգո[20]
- Sorghum hewisonii (C.V.Piper) Longley
- Sorghum interjectum Lazarides
- Sorghum intrans F.Muell. ex Benth.
- Sorghum laxiflorum F.M.Bailey
- Sorghum leiocladum (Hack.) C.E.Hubb.
- Sorghum macrospermum E.D.Garber
- Sorghum matarankense E.D.Garber & Snyder
- Sorghum miliaceum (Roxb.) Snowden
- Sorghum nitidum (Vahl) Pers.
- Sorghum plumosum (R.Br.) P.Beauv.
- Sorghum propinquum (Kunth) Hitchc.
- Sorghum purpureosericeum (A.Rich.) Schweinf. & Asch.
- Sorghum stipoideum (Ewart & Jean White) C.A.Gardner & C.E.Hubb.
- Sorghum timorense (Kunth) Buse
- Sorghum trichocladum (Hack.) Kuntze
- Sorghum versicolor Andersson
- Sorghum virgatum (Hack.) Stapf
- Sorghum × almum Parodi
- Sorghum × derzhavinii Tzvelev
- Sorghum × drummondii (Nees ex Steud.) Millsp. & Chase
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Росинформагротех, 2012, էջ 3
- ↑ 2,0 2,1 The Plant List: Sorghum Արխիվացված 2017-09-06 Wayback Machine
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Сорго / Н. С. Калашник // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Сорго // Биология. Современная иллюстрированная энциклопедия / Гл. ред. А. П. Горкин. — М.: Росмэн, 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 Агроэкологический атлас России и сопредельных стран: экономически значимые растения, их болезни, вредители и сорные растения
- ↑ 6,0 6,1 Сорго // Сельскохозяйственная энциклопедия / П. П. Лобанов (Гл. ред.). — 3. — М.: Государственное издательство сельскохозяйственной литературы, 1955. — Т. 4. — 670 с.
- ↑ 7,0 7,1 7,2 Сорго // Биологический энциклопедический словарь / Гл. редактор М. С. Гиляров. — М.: Советская энциклопедия, 1986.
- ↑ «Agricultural Production, Worldwide, 2009». FAOSTAT, Food and Agriculture Organization of the United Nations. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Сорго и его характеристика». uralniishoz.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Crop Production, Worldwide, 2010 data». FAOSTAT, Food and Agriculture Organization of the United Nations. 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 «Классификация сорго // Библиотека по агрономии». agrolib.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 Росинформагротех, 2012, էջ 4
- ↑ Sorghum bicolor
- ↑ Дронов, А. В., Дышлюк, М, Ю., Обложко, Е. М. Ресурсный потенциал сорго всех видов при производстве кормов и продуктов переработки в условиях Брянской области.
- ↑ Росинформагротех, 2012, էջ 34
- ↑ Sorghum × drummondii (Nees ex Steud.) Millsp. & Chase
- ↑ Суданская трава // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Sorghum × almum Parodi
- ↑ «genus». Germplasm Resources Information Network (GRIN).
- ↑ Подсемейство просовые (Panicoideae) // Жизнь растений. В 6-ти т. / Гл. ред. А. Л. Тахтаджян. — М.: Просвещение, 1981. — Т. 6. / Под ред. А. Л. Тахтаджяна. — С. 371—373. — 300 000 экз.
Գրականություն
խմբագրել- Демиденко Б. Г. Сорго. — М.: Сельхозиздат, 1957. — 158 с.
- Якушевский Е. А. Сорго, Мировое сортовое разнообразие сорго и пути его селекционного использования в СССР // Сорго в южных и юго-восточных районах : сборник. — М.: Колос, 1967. — С. 19—36.
- Росинформагротех Ресурсосберегающая технология производства зернового сорго. — М.: ФГБНУ «Росинформагротех», 2012. — 40 с. — ISBN 978-5-7367-0918-2
- «Сорго». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - National Research Council (1996 թ․ փետրվարի 14). «Sorghum». Lost Crops of Africa: Volume I: Grains. Lost Crops of Africa. Vol. 1. National Academies Press. ISBN 978-0-309-04990-0. Վերցված է 2008 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Классификация сорго // Библиотека по агрономии». agrolib.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.