Դարչին
Դարչին
Դարչին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Դափնածաղկավորներ (Laurales)
Ընտանիք Դափնազգիներ (Lauraceae)
Ցեղ Դարչնածառ (Cinnamomum)
Տեսակ Դարչին (C. verum)
Միջազգային անվանում
Cinnamomum verum

ԳՈՐՇԵՆԻ, դարիճենիկ (նշ. Չինաստանի փայտ), դարսենի, կինամոն կամ ցեյլոնյան դարչնածառ (լատին․՝ Cinnamomum verum), դափնազգիների ընտանիքի ծառ, որի չորացրած կեղևը դարչինն է, որն օգտագործում են որպես համեմունք։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Մշտականաչ ծառ, մշակաթուփ։ Ճյուղերը գլանաձև են, վերևում՝ եռանիստ։ Տերևները կոթունավոր են, միմյանց հանդիպակաց, ձվաձև-որկարավուն, քիչ սրացող, 7-18 սմ երկարությամբ, հաստակեղև, ունեն 3-ից 7 գլխավոր երակներ։ Ծաղկավելներով հավաքված ծաղիկները կանաչավուն գույն ունեն և բավականին տհաճ հոտ։ Պտուղն իրենից ներկայացնում է մանուշակագույն, 1 սմ տրամագիծ և մեկ կորիզ ունեցող հատապտուղ։ Դարչինն աճեցնում են երկու տարվա ընթացքում, հետո կտրում են արմատից։ Հաջորդ տարվա ընթացքում առաջանում են տասնյակ նոր ընձյուղներ։ Հետո այդ ընձյուղներից կտրվում է կեղևը։ Այն չորացվում է։ Օգտագործվում է միայն արմատի ներսի 0,5 միլիմետրանոց բարակ շերտը։ Արտաքին փայտային մասը հեռացվում է և մնում է դարչինի մեկ մետրանոց գծիկները, որոնք չորանալու ընթացքում գալարվում են՝ վերածվելով երկար խողովակների։ Յուրաքանչյուր չորացած խողովակ կազմված է մի քանի ընձյուղից բաղկացած գծիկներից։ Այդ խողովակները հետագայում վաճառքի նպատակով կտրտվում են 5-ից 10 սմ երկարությամբ կտորների։

Տարածվածություն ու էկոլոգիա խմբագրել

Աճում է Շրի-Լանկայում[1] և Հարավային Հնդկաստանում։ Բուծվում է Սեյշելյան կղզիներում, Վեստ Ինդիայում և արևադարձային Ասիայում[1]։ Մշակվում է արևադարձային բոլոր գոտիներում։ Ամենաորակյալ դարչինը ստանում են Շրի-Լանկայում, բույսը առևտրային նպատակներով աճեցնում են Յավա և Սումատրա կղզիներում, Հարավային Հնդկաստանում, Բրազիլիայում, Վիետնամում, Մադագասկարում և Եգիպտոսում։ Շրիլանկյան բարձրորակ դարչինը պատրաստվում է շատ բարակ, նուրբ, բաց դեղնավուն կամ բաց շագանակագույն կեղևից, ունի հաճելի բուրմունք և անսովոր քաղցր, տաք ու հաճելի համ։

Դարչինի եթերայուղ խմբագրել

Դարչինի բույրն ու համը պայմանավորված են նրա մեջ պարունակվող բուրավետ յուղերով, որոնք կազմում են նրա պարունակության 0,5-ից մինչև 1 տոկոս։ Այդ եթերայուղը (դարչինի յուղ) ստացվում է երբ կեղևը մանրացնում են, թրջում են ծովի ջրում և վերջում արագորեն թրմում։ Յուղն ունենում է դեղնաոսկեգույն երանգ, դարչինին բնորոշ հոտ և կծու համ։ Կծու համն ու տաք բույրը առաջացնում է յուղի բաղադրության մեջ մտնող հիմնական բաղադրիչը՝ դարչնաթթվի ալդեհիդը կամ ցինամալը, որը կազմում է եթերայուղի 90 տոկոսը։ Ժամանակի հետ թթվելով՝ յուղը մգանում է և ձեռք է բերում խեժային կառուցվածք։ Եթերայուղի քիմիական բաղադրիչներից են՝ էվգենոլը ՝ շուրջ 10 տոկոս[2], ցինամալդեգիդ, բետա-կարիոֆիլենը, լինալոոլը, ֆիլլանդրենան և մետիլխավիկոլը[2]։

Պատմություն խմբագրել

Դարչինը հայտնի է հնուց ի վեր։ Այն բավականին բարձր է գնահատվել հին ազգերի կողմից, այդ պատճառով էլ հաճախ այն նվիրում էին միայն միապետներին ու այլ իշխանավորների։ Դարչինը ներմուծվել է Հին Եգիպտոս Հին Չինաստանից՝ մինչև մ․թ․ա 2-րդ հազարամյակը և հիշատակված է կտակարանում, երբ Մովսես մարգարեին պատվիրվում է օգտագործել քաղցր դարչին։ Դարչինի մասին գրել է նաև Հերոդոտը և այլ հին հեղինակներ։ Դարչինը օգտագործել են Հին Հռոմում՝ դիակիզումների ժամանակ, իսկ Ներոն կայսրը, որոշ աղբյուրների համաձայն, այրել է դարչինի տարեկան պաշարը՝ իր կնոջ՝ Պոպպեյ Սաբինի մահվան ժամանակ՝ մ․թ․ 65 թվականին։ Միջին դարերում արևմուտքի երկրների համար դարչնի ծագումը հանելուկ էր մնում։ Արաբ վաճառականները համեմունքը ցամաքային ճանապարհով Ալեքսանդրիայից բերում էին Եգիպտոս, որտեղ այն գնում էին իտալացի վենետիկյան վաճառականները, որոնք Եվրոպայում համեմունքի վաճառքի մենաշնորհ ունեին։ Այդ առևտրի դադարեցումը, որը պայմանավորված էր այլ միջերկրածովային ուժերի ի հայտ գալով, ինչպիսիք էին Մամլուքների դինաստիան և Օսմանյան կայսրությունը, դարձան այն բազմաթիվ հանգամանքներից մեկը, որ եվրոպացիներն ակտիվորեն սկսեցին ծովային ուղի փնտրել դեպի Ասիա։ Վերջապես 15-րդ դարի վերջում պորտուգալացի առևտրականները հայտնաբերեցին Ցեյլոնը (Շրի-Լանկա) և փոխեցին Սալագամա կաստայի կողմից դարչինի արտասրության ավանդական կառուցվածքը։ 1518 թվականին պորտուգալացիները կղզում հիմնեցին ամրոց և իրենց մենաշնորհը պահպանեցին ավելի քան 100 տարի։ Հոլանդացի առևտրականները դուրս մղեցին պորտուգալացիներին՝ միություն կազմելով Ցեյլոնի Քանդի թագավորության հետ։ Նրանք 1638-1640 թվականներին հիմնեցին փոստային ծառայություն, իրենց ձեռքը վերցրեցին գործարանների նկատմամբ հսկողությունը և 1658 թվականին վերջնականապես նեղեցին պորտուգալացիներին։ «Կղզու ափերը լիքն են դրանով և այն լավագույնն է ամբողջ արևելքում, եթե կանգնես քամու ուղղությամբ, ապա կարելի է դարչինի հոտը զգալ նույնիսկ ծովում՝ ափից 8 լյո հեռավորության վրա»։ Հոլանդական արևելահնդկական ընկերությունը շարունակել է վերանայել վայրի վիճակում դարչինի աճեցման մեթոդները և արդյունքում աճեցրել է սեփական ծառերը։ 1976 թվականին անգլիացիները դուրս են մղում հոլանդացիներին, չնայած ցեյլոնյան մենաշնորհն արդեն այնքան էլ կարևոր չէր։ Դարչինի ծառեր սկսեցին աճեցնել այլ տեղերում, գնորդների համար մատչելի դարչինը դարձավ ավելի ընդունելի, իսկ սուրճը, թեյը, շաքարն ու շոկոլադը սկսեցին դուրս մղել նախկինում հայտնի ավանդական համեմունքներին։

Խոհարարության մեջ խմբագրել

Դարչինի կեղևը լայնորեն օգտագործվում է որպես համեմունք, ցեյլոնյան դարչինի կեղևն ավելի բարձր է գնահատվում, քան չինականը։ Հիմնականում օգտագործվում է խոհարարության մեջ՝ որպես համեմունք կամ հոտավետ հավելում։ Օգտագործվում է մի շարք աղանդերների, շոկոլադի, սառնաշաքարի և լիկյորների պատրաստման ժամանակ։ Մերձավոր Արևելքում դարչինը հաճախ օգտագործում են գառան կամ հավի մսով կծու ուտեստների մեջ։ ԱՄՆ-ում դարչինն ու շաքարը հաճախ օգտագործում են շիլաներում կամ մրգերի՝ հատկապես խնձորի հետ՝ որպես հավելում։ Դարչինն օգտագործում են պահածոյացման՝ հատկապես թթուների պատրաստման ժամանակ։ Դարչինն ունի բարձր հակաօքսիդանտ հատկանիշ։ Դարչինի եթերայուղը նույնպես պարունակում է հակամանրէաբանական հատկանիշներ։ Դարչինի այս հատկանիշը բնորոշ է նաև այլ համեմունքների, որոնք օգնում են տնային պայմաններում երկար պահպանել մթերքները։

Բժշկության մեջ խմբագրել

Որպես բժշկական հումք կիրառում են ցեյլոնյան դարչինի կեղևը (լատին․՝ Cortex Cinnamomi zeylanici)[3]։ Բժշկության և արոմաթերապիայի մեջ դարչինի օգտագործումը կապված է նախևառաջ նրա օդ բարձրացող հոտավետ հատկանիշների ամբողջությամբ, հաճախ դրանցից որպես ապրանքատեսակ կարելի է առանձնացնել եթերայուղը։ Դարչինի հյութն ու եթերայուղը մեծ հեղինակություն են վայելում՝ որպես արժեքավոր դեղորայք մրսածության դեմ։ Զանգվածային լրատվամիջոցներով հայտնվում է դարչինի հայտնի դեղագործական արդյունավետության մասին՝ 2-րդ տեսակի շաքարախտի բուժման դեպքում։ Հետազոտությունների ժամանակ օգտագործվել են «ոչ ճիշտ» դարչին, այլ կասսիա։ Դարչինի յուղը օգտագործվում է նաև տաքացնող-գրգռող բնույթի քսուքների մեջ, սակայն դրա խտությունն այդ քսուքների մեջ սահմանափակ քանակությամբ է։

Օծանելիքի և կոսմետիկայի արտադրության մեջ դարչինի եթերայուղն օգտագործվում է «արևելյան» ծագում ունեցող օծանելիքների մեջ։

Դարչին և կասիա խմբագրել

«Դարչին» անվանումը պատկանում է Cinnamomum zeylanicum տեսակին, որն առավել հայտնի է «իսկական դարչին» անունով (Cinnamomum verum բուսաբանական անվանումից )։ Սակայն ազգակից բույս համարվող կասսիան (Cinnamomum aromaticum, չինական դարչինի ծառը) երբեմն վաճառվում է դարչնի անվան տակ, բայց այն ի տարբերություն իսկական դարչնի, արտադրողները պետք է պիտակավորեն որպես «Ինդոնեզիան դարչին»։ Իսկական դարչինից օգտագործելով միայն կեղևի ներքին բարակ շերտը, ստանում են լավագույն, քիչ խիտ և ավելի փխրուն կազմություն։ Իսկական դարչինը համարվում է ավելի ուժեղ և սուր համեմունք։ Ինդոնեզիան դարչինը սովորաբար միջին կամ մուգ կարմրաշագանակագույն երանգ ունի, և քանի որ օգտագործվում է ամբողջ կեղևը, ապա խողովակներնը հաստ են (2-3 մմ հաստությամբ) և կառուցվածքով ավելի շատ ծառ են հիշեցնում։ Դարչինի մեծ մասը, որը վաճառվում է սուպերմարկետներում, իրականում հանդիսանում է «ինդոնեզիական դարչին»։ Կեղևի երկու կտորները տարբերվում են ինչպես արտաքինից, այնպես էլ իրենց քիմիական բնութագրով։ Կեղևի փոշու վրա յոդի լուծույթի ազդեցությունը (փորձված է օսլայի վրա) իսկական դարչինը շատ քիչ արդյունք է տալիս, իսկ ինդոնեզիական դարչինի կեղևը ներկվում է մուգ կապույտ գույնով, դրա ուժգնությունը կախված է օսլայի խտությունից։ Որոշ տվյալներով «իսկական դարչինի» և «կասսիայի» շուրջ բանավեճը ցեյլոնյան «իսկական դարչին» արտադրողների շուկայագիտական հնարքն է։ Կազմակերպված իրարանցման հաշվին նրանք կարողացել են էապես մեծացնել ապրանքի շուկայական արժեքը և վաճառքի ընդհանուր մակարդակը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Согласно данным GRIN. См. карточку растения
  2. 2,0 2,1 Муравьёва, 1983
  3. Блинова К. Ф. и др. Ботанико-фармакогностический словарь : Справ. пособие / Под(չաշխատող հղում) ред. К. Ф. Блиновой, Г. П. Яковлева. — М.: Высш. шк., 1990. — С. 197—198. — ISBN 5-06-000085-0

Գրականություն խմբագրել

  • Книга:Пряно-ароматические и пряно-вкусовые растения|стр=118—120
  • Муравьёва Д.А. Тропические и субтропические лекарственные растения. — 2-е изд., перераб. и доп. — М.: Медицина, 1983. — С. 114—116. — 336 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարչին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարչին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 317