Անանուխ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանուխ (այլ կիրառումներ)
Անանուխ | |
![]() Անանուխ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Տրիբա | Mentheae |
Ենթատրիբա | Menthinae |
Ցեղ | Դաղձ (Mentha) |
Տեսակ | Անանուխ (M. ×piperita) |
Միջազգային անվանում | |
Mentha ×piperita |
Անանուխ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։
Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։
ԲաղադրությունԽմբագրել
Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4 - 6, տերևներում՝ 2.4 - 2.75, իսկ ցողուններում՝ մինչև 0.3 տոկոս։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրմման եղանակով։ Նրա հիմնական մասը (41 - 65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։
ՕգտագործումԽմբագրել
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։
Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։
2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը[1]։
Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։
ԾանուցումներԽմբագրել
- ↑ Գ. Ա. Պետրոսյան, «Մրգերի և բանջարեղենների օգտակարությունը», 1978, «Հայաստան» հրատարակչություն