Բողկ
Բողկ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Brassiceae |
Ցեղ | Բողկ (Raphanus) L., 1753 |
Բողկ (լատ.՝ Raphanus), բողկուկ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա և երկամյա արմատապտղավոր բանջարաբույսեր։ Հայտնի է 8 (10), ՀՀ-ում վայրի վիճակում՝ 1 տեսակ՝ բողկ դաշտային (R. raphanistrum)։
Նկարագրություն Խմբագրել
Ծաղկացողունը ճյուղավորվող է։ Վարդակի տերևները թավոտ են, տերևաթիթեղը՝ քնարաձև բլթակավոր, վերին բլթակը՝ խոշոր։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ սպիտակ, վարդագույն, մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը չբացվող պատիճ է, արմատապտուղները՝ տարբեր ձևի (կլոր, կլոր-տափակավուն, կոնաձև, ձվաձև, գլանաձև և այլն), մեծության (տարեկանը՝ 0, 5-5 կգ, ամսաբողկը՝ 20-60 գ) և գույնի (սպիտակ, կարմիր, վարդագույն, մոխրագույն և այլն)։
Քիմիական բաղադրություն Խմբագրել
Պարունակում են վիտամիններ (C, B), կալիումի, կալցիումի, երկաթի և ֆոսֆորի աղեր (գերակշռում են հիմնային աղերը), գլիկոզիդներ, սպիտակուցներ, ֆերմենտներ և այլն։ Սննդի մեջ օգտագործում են միայն թարմ (բարելավում է նյութափոխանակությունը և մարսողությունը)։
Կիրառությունը բժշկության մեջ Խմբագրել
Բողկը ունի միզամուղ, լեղամուղ, խորխաբեր, ցավամոքիչ, հանգստացնող հատկություն։ Բարձրացնում է դիմադրողականությունը, կանխում ջղակծկումները, կանխարգելում ուռուցքների առաջացումը։ Կորեացիներն օգտագործում են սերմերը՝ ստամոքսաբորբի, վատ մարսողության, քրոնիկ բրոնխիտի, բրոնխների ասթմայի դեպքում, արմատապտուղը՝ այտուցի, ցիստիտի, շաքարային դիաբետի, եփուկը՝ քրոնիկ լուծի, հյութի ջրային լուծույթը՝ ստոմատիտի դեպքում, տրորած տերևը դնում են կապտուկներին։
Հակացուցումներ Խմբագրել
Չի կարելի օգտագործել սիրտ-անոթային հիվանդությունների, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, կոլիտի, ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի դեպքում։ Պետք է զգուշանալ պանկրեատիտի, լեղաքարային հիվանդության, հոդերում «աղերի կուտակման» դեպքում։
Տարածումը Հայաստանում Խմբագրել
Հանդիպում է Տավուշի, Գեղարքունիքի մարզերում (մինչև վերին լեռնային գոտի), Երևանի շրջակայքում։ Աճում է ցանքերում, բնակավայրերի մոտ և այլն։ Մշակության մեջ ՀՀ գրեթե բոլոր մարգերում տարածված է բողկ մշակովին կամ ընտանին (R. sativus), որն ունի 2 տարատեսակ՝ տարեկան բողկը և ամսաբողկը։
Ծանոթագրություններ Խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 514)։ |