Ճահճակուղբեր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ
Տիպ/Բաժին Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Խոզամազ
առնետներ
Ենթաընտանիք Ճահճակուղբեր (Myocastor
coypus
)

Molina, 1782
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ճահճակուղբեր (լատին․՝ Myocastoridae), կրծողների կարգի ենթաընտանիք։ Հայտնի է 1 ցեղի (լատին․՝ Myocastor) 1 տեսակ՝ Ճահճակուղբ կամ Նուտրիա (լատին․՝ Myocastor coypus). կիսաջրային կենսակերպի խոշոր կրծող է։ Հայաստանում Ճահճակուղբերի կլիմայավարժեցման աշխատանքները կատարվել են 20-րդ դարի 40-ական թթ.՝ Սև ջուր գետի ստորին ավազանում և Ակնալճում։ Այժմ հանդիպում է նաև Արաքսի և նրա վտակների ստորին ավազանների, Արմավիրի և Արարատի մարզերի ջրհոսքերի ու ջրամբարների հանդարտահոս կամ կանգուն, ձմռանը չսառցակալող և ջրային ու առափնյա բուսականությամբ հարուստ տեղանքներում։

Արտաքին տեսք

խմբագրել

Մարմնի երկարությունը, մինչև 60 սմէ, պոչինը՝ մինչև 45 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 8 կգ՝. Մարմինն ամրակազմ է, պոչը՝ կլոր՝ ծածկված թեփուկավոր մաշկով և նոսր, կոշտ մազերով։ Հետևի ոտքերն առջևիևներից զգալի երկար են ու խոշոր։ Առջևի թաթերն ունեն 4 զարգացած և 1 ապաճած մատներ, հետևինները հնգամատ են, որոնցից չորսը միացած են լողաթաղանթով, իսկ մեկն ազատ է։ Վերին և ստորին ծնոտների 2 զույգ կտրիչները չափազանց խոշոր են և դուրս ցրցված։ Մազածածկը պարզորոշ բաժանվում է կոշտ ստևի և աղվամազերի։ Մարմնի մորթին դարչնաշագանակագույն է, կողքերինը՝ ավելի բաց կամ դեղնավուն։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։

Բնակավայր

խմբագրել

Բնակվում է եղեգնախոտի և եղեգի մացառուտներում, մինչև 3 մ երկարությամբ ստորգետնյա բներում, որոնց մուտքն սկսվում է ջրի եզրից։

Սնունդ

խմբագրել

Սնվում է հյութեղ ջրային բույսերով, եղեգնախոտի և եղեգի արմատներով, երբեմն՝ մատղաշ ցողուններով ու տերևներով, ճահճային անողնաշարավորներով։ Լավ լողորդ է և սուզորդ։

Բազմացում

խմբագրել

Բազմանում է տարին 2-3 անգամ, ունենում մինչև 10 ձագ։ Ձագերը ծնվում են բավական զարգացած (աչքերը՝ բաց, մարմինը՝ մազածածկ), սեռահասուն են դառնում 5-6 ամսականում։ Կյանքի տևողությունը 8 տարի է։ Մորթու բարձր որակի շնորհիվ ունի մեծ տնտեսագործ. նշանակություն։ Բուծված են մորթու տարբեր գունավորմամբ ճահճակուղբեր։ Ունեն համաճարակաբանական նշանակություն. լեպտոսպիրոզի հարուցիչների բնական կրողներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճակուղբեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճակուղբեր» հոդվածին։