Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծով (այլ կիրառումներ)

Ծով, Համաշխարհային օվկիանոսի մաս, որը քիչ թե շատ մեկուսացած է ցամաքով (թերակղզիներով, կղզիներով) կամ ստորջրյա բարձունքներով։ Օվկիանոսի բաց մասերից գլխավորապես տարբերվում է ջրաբանական, օդերևութաբանական և կլիմայական ռեժիմով։ Որոշ ծովեր հանդիսանում են այլ ծովերի մասեր (օրինակ՝ Էգեյան ծովը Միջերկրական ծովի մասն է)։ Մի քանի տիպիկ ծովեր ավանդաբար կրում են «ծոց» սխալ անվանումը (Մեքսիկական, Հուդզոնի, Պարսից)։ Դրան հակառակ ծով են կոչվում մի քանի լճեր (Կասպից, Արալյան, Մեռյալ), օվկիանոսային բաց տարածություններ (Սարգասյան, Ֆիլիպինյան

Սև ծով

Ըստ մեկուսացման աստիճանի և ջրաբանական ռեժիմի առանձնահատկությունների ծովերը բաժանվում են հետևյալ խմբերի՝ ներքին ծովեր, միջերկրական ծովեր, կիսամեկուսի ծովեր, ծայրամասային ծովեր, միջկղզային ծովեր։ Ըստ աշխարհագրական դիրքի միջերկրական ծովերը երբեմն բաժանում են միջմայրցամաքային և ներմայրցամաքային ծովերի։

Ծովերը երկրաբանական առումով երիտասարդ են։ Դրանք առաջացել են պալեոգեն-նեոգենում և վերջնականապես ձևավորվել անթրոպոգենում։ Կլիման և ջրի ջերմաստիճանը կախված են ծովի աշխարհագրական լայնությունից, ջրային զանգվածի ծավալից ու խորությունից, հարակից ցամաքների կլիմայից։ Դրանցից շատերի (Միջերկրական ծով, Կարմիր ծով, Ավստրալա-Ասիական ծով, Պարսից ծոց) ջուրը թե՛ մակերեսին և թե՛ խորքում ավելի տաք է, քան օվկիանոսի հարևան տարածություններինը, իսկ մյուսներինը (Օխոտի, Բերինգի ծովեր, Ա. Լավրենտիոսի, Հուդզոնի ծոցեր)՝ ավելի սառը։ Աշխարհում ջրոլորտի մակերևութային առավելագույն ջերմաստիճանները գրանցված են ոչ թե օվկիանոսներում (32 °C), այլ՝ ծովերում (Կարմիր ծովում, Պարսից ծոցում՝ մինչև 35 °C): Ծովի ջրի աղիությունը, ի տարբերություն օվկիանոսի, խիստ տատանվում է։ Սև ծովի մակերեսին աղիությունը 18‰ է, իսկ հյուսիսային ափերի մոտ, թափվող գետերի շնորհիվ, հասնում է 5-6‰-ի։ Խոնավ ու ցուրտ շրջանում գտնվող Բալթիկ ծովի աղիությունը 6-8‰ է։ Չորային կլիմա ունեցող երկրներով շրջապատված ծովերի աղիությունը բարձր է, Միջերկրական ծովինը 38-39‰ է, Կարմիր ծովինը՝ մինչև 41,5‰: Ծովի և օվկիանոսի միջև տեղի է ունենում ջրափոխանակություն (նեղուցներով)։ Սառցակալումն ինտենսիվ է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծայրամասային ծովերում, որտեղ սառույցները պահպանվում են նաև ամռանը։ Բարեխառն գոտու հյուսիսային մասի ծովերում սառցապատումն ավելի վաղ է սկսվում (հոկտեմբեր-նոյեմբեր)՝ ջրի նվազ աղիության և ցամաքի շուտ սառչելու հետևանքով։ Ամռանը, ցամաքի տաքացման և գետային տաք ջրերի ներհոսքի շնորհիվ, սառցապատումը շուտ է վերանում, քան օվկիանոսում։ Ծովի ջրի գույնը բարձր ջերմաստիճանի և զգալի աղիության պայմաններում կապույտ է, մերձբևեռային սառը և նվազ աղիության դեպքում՝ կանաչավուն։

Ծովային հոսանքներ առկա են համարյա բոլոր ծովերում։ Դրանց առաջացման պատճառը քամիները և գետերն են։ Գերակշռող ուղղությունը ցիկլոնային է։ Ծովի օրգանական աշխարհը, ի տարբերություն բաց օվկիանոսի, ներկայացված է զգալի թվով էնդեմիկ տեսակներով և հաճախ ավելի բազմազան է, որի պատճառները, բացի մեկուսացվածությունից, հանդիսանում են ծովում կյանքի բազմազան պայմաններն ու ջրավազանների երկրաբանական առանձնահատկությունները։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 133  
  Ընթերցե՛ք «ծով» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։