Խաղալիք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաղալիք (այլ կիրառումներ)
Խաղալիք, իր, որն օգտագործվում է խաղալու համար։ Վերստեղծելով իրական և երևակայական առարկաներ, կերպարներ՝ Խաղալիքը ծառայում է մտավոր, բարոյական, գեղագիտական և ֆիզիկական դաստիարակության նպատակին։ Օգնում է երեխաներին ճանաչելու արտաքին աշխարհը, ընտելացնում նրանց նպատակասլաց, իմաստալից գործունեության, նպաստում մտածողության, հիշողության, խոսքի զարգացմանը։ Խաղալիքն օգտագործվում է ուսումնա-դաստիարակչական աշխատանքի ընթացքում, երեխաների ստեղծագործելու ունակությունները զարգացնելու նպատակով։ Խաղալիքի տիպը, բնույթը, բովանդակությունը և ձևավորումը որոշվում է ըստ կոնկրետ դաստիարակչական խնդրի, երեխայի տարիքին, զարգացման աստիճանին և հետաքրքրություններին համապատասխան։
Ստեղծման պատմություն
խմբագրելՀայտնի է հնագույն ժամանակներից (Հին Եգիպտոս, մ. թ. ա. III հազարամյակ)՝ մարդկանց, կենդանիների, աշխատանքի գործիքների, կենցաղային առարկաների տեսքով։ Խաղալիքներ են հայտնաբերվել անտիկ դարաշրջանի (Հունաստան, Հռոմ) մանկական գերեզմանատներում։
Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում խաղալիքների առաջին արտադրությունը սկսվել է Նովգորոդում (XII դար), XVII դարից լայնորեն տարածվել է ժողովրդական տնայնագործական խաղալիքը։ Խաղալիքներ են պատրաստվել նաև մեծերի զվարճության համար։ XIX դարի վերջից սկսվել է խաղալիքի արդյունաբերական արտադրությունը մետաղից, թաղանթանյութից, ապա (XX դար)՝ պլաստմասսայից և սինթետիկ նյութերից։
Տեսակները
խմբագրելԽաղալիքները լինում են.
- կերպարային
- ուսուցողական
- տեխնիկական
- թատերական
- պարահանդեսային
- երաժշտական
- սպորտա-շարժիչային
- զվարճանքի
- տոնածառի
- փափուկ
- հեռակառավարումով
Արտադրություն
խմբագրելԽաղալիքի արտադրությունը առավելապես զարգացած է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խաղալիքներ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 708)։ |