Մարկո Պոլո (իտալ.՝ Marco Polo, սեպտեմբերի 15, 1254[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2] - հունվարի 8, 1324[2][3], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]), իտալացի վաճառական, ճանապարհորդ և գրող[5][6][7][8][9]։ 1300 թվականին իր շարադրած «Աշխարհի հրաշքների մասին» (ֆրանսերեն՝ Livres des merveilles du monde) գրքում ներկայացրել է Ասիայի երկրներում իր ճանապարհորդությունների պատմությունը։ Գիրքը ներկայացնում է եվրոպացիներին Չինաստանի ընդարձակ տարածքները, հարստությունները, նրա մայրաքաղաք Պեկինը և ասիական այլ երկրների քաղաքները և երկրները։ Մարկո Պոլոն առևտրական գործը սովորել է իր հորից և հորեղբորից՝ Նիկոլո և Մատեո Պոլոներից, ովքեր ճանապարհորդել էին Ասիայում և հանդիպել Խուբիլային։ 1269 թվականին նրանք վերադառնում են Վենետիկ և առաջին անգամ հանդիպում Մարկոյին։ Ապա կրկին ճանապարհ են ընկնում Ասիա՝ այս անգամ երեքով և վերադառնում են Վենետիկ 24 տարի անց։ Վենետիկն այդ ժամանակ պատերազմի մեջ էր Ջենովայի հետ։ Մարկոն բանտարկվում է և իր պատմությունները թելադրում բանտախցի ընկերոջը։ 1299 թվականին ազատ է արձակվում, դառնում ունևոր վաճառական, ամուսնանում և ունենում երեք երեխա։ Մահացել է 1324 թվականին և թաղվել Վենետիկի Սան Լորենցո եկեղեցու գերեզմանատանը։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (օգոստոսի 17, 2018) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Մարկո Պոլո
Marco Polo
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1254[1]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]
Մահացել էհունվարի 8, 1324[2][3] (69 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[2]
ԳերեզմանSan Lorenzo, Venice
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԵրկերThe book of Ser Marco Polo the Venetian concerning the kingdoms and marvels of the East?
Մասնագիտությունվաճառական, ճանապարհորդ հետազոտող, դիվանագետ, դեսպան, world traveler, գրող, ճանապարհորդ, ձեռնարկատեր և հիշատակագիր
ԱմուսինDonata Badoer?
Ծնողներհայր՝ Niccolò Polo?
ԵրեխաներFantina Polo? և Agnese?[4]
 Marco Polo Վիքիպահեստում

Մարկո Պոլոն Չինաստան հասած առաջին եվրոպացին չէր, բայց նա առաջինն էր, որ թողել է իր ճանապարհորդությունների մասին մանրամասն ժամանակագրություն։ Նրա գիրքը նշանակալի ազդեցություն է ունեցել 14-16-րդ դարերում ծովագնացների, քարտեզագիրների և գրողների վրա։ Մասնավորապես, այն եղել է Քրիստափոր Կոլումբոսի[10] սեղանի գիրքը՝ նրա Հնդկաստանը որոնելու ճանապարհորդության ընթացքում։

Չնայած երկում ներկայացված տեղեկությունների նկատմամբ առկա որոշ անվստահությանը, որը առաջ է եկել դրա լույս ընծայումից քիչ հետո և շարունակվում է առ այսօր, ներկայումս այն մասնագետների մեծամասնության կողմից ճանաչվում է որպես արժեքավոր աղբյուր 13-րդ դարի երկրորդ կեսի Պարսկաստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և այլ երկրների աշխարհագրության, ազգագրության, պատմության ուսումնասիրության համար։

Մարկո Պոլոյի աշխատությունը բացառիկ տեղեկություններ է պարունակում նաև Կիլիկյան Հայաստանի և հայ ժողովրդի վերաբերյալ։ Մարկո Պոլոյի գիրքը նաև ոգեշնչել է եվրոպական քարտեզագիրներին և նրա հիման վրա ստեղծվել է Ֆրա Մաուրոյի քարտեզը։

Մարկո Պոլոյի ճանապարհորդությունների քարտեզ

Ծագում

խմբագրել
 
Կորտե դել Միլիոնը դեռ կոչվում է Պոլոյի մականունով՝ Իլ Միլիոն

Մարկո Պոլոն ծնվել է 1254 թվականին[11], Վենետիկի Հանրապետությունում[12]։ Նրա ծննդյան ստույգ ամսաթիվը և վայրը անհայտ է[13][14]։ Վենետիկյան ծննդյան գրանցամատյաններում նրա ծննդյան հետ կապված որևէ հիշատակություն չի պահպանվել։ Որոշ պատմաբաններ նշում են, որ նա ծնվել է սեպտեմբերի 15-ին[15][16], սակայն այդ ամսաթիվը ստույգ աղբյուրներով հաստատված չէ։ Առաջին գրավոր հիշատակությունը, որը կապում է Մարկո Պոլոյի ընտանիքը և Վենետիկը, վերաբերում է 1280 թվականին։ Իտալական պատմագրությունը ենթադրում է, որ նա ծնվել է Վենետիկում և նրա հորական պապը Անդրեա Պոլո Սան Ֆելիչեն է, իսկ նրա ընտանիքը դալմաթյան ծագում ունի[11][14][17][18]։ Այլ աղբյուրներ, սակայն, համարում են, որ Մարկո Պոլոյի ծննդավայրը Կորչուլա կղզին է։ Այս վարկածի իսկությունը, չունենալով բավարար փաստարկներ, շարունակ կասկածի տակ է դրվում[12], նույնիսկ որոշ խորվաթ պատմաբաններ կարծում են, որ Կորչուլա կղզու վարկածը «ակնհայտորեն հորինվածք» է[19]։ Իտալական աղբյուրները, ելնելով Մարկո Պոլոյի Վենետիկում ծնված լինելու արխիվային աղբյուրների բացակայությունից, պարզապես նշում են, որ նա ծնվել է Վենետիկի Հանրապետությունում[14][20]։ Կոստանդնուպոլիսը[21][14] կամ Կորչուլա կղզին[22][14][23][24] նույնպես վիճարկվում են որպես Պոլոյի ծննդավայրեր։

Վաղ կյանք և ասիական ճանապարհորդություն

խմբագրել

1168 թվականին Մարկո Պոլոյի մեծ հորեղբայրը՝ Մարկո Պոլոն, փող պարտք արեց, մի նավ հանդերձավորեց և ճանապարհ ընկավ Կոստանդնուպոլիս[25][26]։ Նրա պապը՝ Անդրեա Պոլոն Սան Ֆելիչե տոհմից, ուներ երեք որդի՝ Մաթեոն, Պոլոն և ճանապարհորդի հայրը՝ Նիկոլոն[25]։ Այս ծագումնաբանությունը, սակայն, փաստարկների բացակայության պատճառով, հիմնականում չի ընդունվում[27]։ Մարկո Պոլոյի հայրը՝ Նիկոլոն, վաճառական էր, որ առևտուր էր անում Մերձավոր Արևելքի հետ։ Շուտով նա հարստանում և մեծ հեղինակություն է ձեռք բերում[28][29]։ Մարկոյի ծնունդից առաջ հայրը եղբոր՝ Մաթեոյի հետ մեկնում է առևտրային ճանապարհորդության[11][29]։ 1260 թվականին Նիկոլոն և Մաթեոն, գտնվելով Կոստանդնուպոլսում, որ այն ժամանակվա Լատինական կայսրության մայրաքաղաքն էր, կանխատեսում են սպասվող քաղաքական հեղաշրջումը և իրենց ապրանքը շտապ վերածելով թանկագին զարդերի, հեռանում են այնտեղից[28]։ Ըստ «Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները» գրքի, նրանք ճանապարհ են ընկնում դեպի Ասիայի խորքերը և հանդիպում մոնղոլ առաջնորդ Խուբիլային՝ Յուան դինաստիայի հիմնադրին[30]։ Ժամանակը ապացուցեց, որ Կոստանդնուպոլսից հեռանալու նրանց որոշումը ճիշտ էր։

1261 թվականին Միքայել VIII Պալեոլոգոսը, Նիկիայի կայսրության առաջնորդը, գրավում է Կոստանդնուպոլիսը և վերականգնում Բյուզանդական կայսրությունը։ Գերեվարված վենետիկցիներին կուրացնում են[31], իսկ նրանցից շատերը, որոնք փորձում էին փախչել Էգեյան ծովի վենետիկյան տարբեր գաղութներ, նավերի ծանրաբեռնվածության պատճառով նավաբեկության են ենթարկվում և ջրահեղձ լինում։

Մարկո Պոլոյի մանկության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, մինչև նրա 15 տարեկան դառնալը, բացի նրանից, որ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Վենետիկում[32][33]։ Այդ ընթացքում մահանում է նրա մայրը և նրա խնամքը ստանձնում են մորաքույրը և նրա ամուսինը։ Նա լավ կրթություն է ստանում, սովորում վաճառականություն, ուսումնասիրում օտարերկրյա արտարժույթ, ապրանքների գնահատում և բեռնատար նավերի ղեկավարում։ Լատիներեն գրեթե չի սովորել։ Հետագայում Մարկոյի հայրը ամուսնանում է երկրորդ անգամ՝ Ֆլորադիսե Պոլոյի (օրիորդական ազգանունը՝ Թրևիսան) հետ։ 1269 թվականին Նիկոլոն և Մաթեոն վերադառնում են Վենետիկ և առաջին անգամ հանդիպում Մարկոյին[32]։ 1271 թվականին Լորենցո Տիեպոլո դոժի կառավարման տարիներին 17-ամյա Մարկոն հոր և հորեղբոր հետ ճանապարհ է ընկնում դեպի Ասիա։ Այդ ճանապարհորդությունները հետագայում նկարագրվում են նրա գրքում։ Նրանք վերադառնում են Վենետիկ 24 տարի անց՝ 1295 թվականին, իրենց հետ բերելով բազում հարստություն և գանձեր։ Նրանք անցել էին ընդհանուր առմամբ 15 հազար մղոն կամ 24 հազար կիլոմետր։

Բանտարկություն և հետագա կյանք

խմբագրել
 
Վենետիկի Սան Լորենցո եկեղեցին, որտեղ թաղված է Մարկո Պոլոն։ Նկարում պատկերված է եկեղեցին ներկա վիճակում, 1592 թվականի վերանորոգումից հետո

1295 թվականին Մարկո Պոլոն վերադառնում է Վենետիկ՝ իր կարողությունը թանկագին քարերի վերածած։ Այդ Ժամանակ Վենետիկը պատերազմի մեջ էր Ջենովայի դեմ[34]։ Պոլոն տրեբյուշեներով (քար նետող մեքենա)[35] զինված մի գալերա (թիանավ) է ձեռք բերում և միանում պատերազմին։ 1296 թվականին Անատոլյան ափից հեռու, Ադանայի և Ալեքսանդրետի ծոցի միջև ռազմական մի ընդհարման ժամանակ նա գերի է ընկնում ջենովացիներին[36]։ Ըստ մեկ այլ վարկածի, որն առաջարկել է Ջիովանի Բատիստա Ռամուսիոն[37][38], Մարկո Պոլոն գերի է ընկել 1298 թվականի սեպտեմբերին, Կուրցոլայի ճակատամարտում[39]։ Բանտարկության մի քանի ամիսներին նա իր ճանապարհորդությունների մասին մանրամասն պատմություններ է թելադրում բանտախցի ընկերոջը՝ Ռուստիչելո դա Պիզային[29], որն այդ պատմություններին ավելացնում էր սեփական մտքերը, Չինաստանին առնչվող ընթացիկ գործերի մասին պատմություններ և անգամ անեկդոտներ։ Գրքի ձեռագիրը շուտով տարածվում է Եվրոպայով մեկ և ճանաչում է ձեռք բերում որպես «Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները»։ Այն նկարագրում էր Պոլոյի ճանապարհորդությունները Ասիայով մեկ և առաջին անգամ ամբողջական պատկերացում էր տալիս եվրոպացիներին Հեռավոր Արևելքի մասին՝ ներառյալ Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան[40]։

1299 թվականի օգոստոսին Պոլոն ազատ է արձակվում[29] և վերադառնում Վենետիկ, որտեղ հայրը և հորեղբայրը Կոնտրադա Սան Ջիովանի Կրիսոստոմո թաղամասում ձեռք էին բերել մի վեհաշուք պալացո՝ Կորտե դել Միլիոն[41]։ Այդպիսի ձեռնարկման համար Պոլո ընտանիքը հավանաբար վճարում է առևտրից ստացված հասույթը և անգամ շատ թանկագին քարեր, որոնք բերել էին Արևելքից[41]։

Հոր ձեռնարկությունը շարունակում է իր հաջող գործունեությունը և Մարկոն շուտով դառնում է հարուստ վաճառական։ Նա հորեղբոր՝ Մաթեոի հետ այլ հետազոտական արշավներ ևս կազմակերպում են, սակայն էլ երբեք չեն հեռանում Վենետիկյան մարզերից, ոչ էլ վերադառնում են Մետաքսի ճանապարհ և Ասիա[42]։ Ինչ որ մի ժամանակ մինչև 1300 թվականը մահանում է Մարկո Պոլոյի հայրը[42]։ 1300 թվականին Մարկոն ամուսնանում է Դոնատա Բադոերի՝ վաճառական Վիտալե Բադոերի դստեր հետ[43]։ Նրանք ունենում են երեք դուստր՝ Ֆանտինա (ամուսնանում է Մարկո Բրագադինի հետ), Բելելա (ամուսնանում է Բերտուչիո Քեռինիի հետ) և Մորետա[44][45]։

1305 թվականին նրա անունը հիշատակվում է վենետիկյան մի փաստաթղթում, որտեղ նշված էին այն նավապետները, որոմք պարտավոր էին հարկեր վճարել[27]։ Նրա առնչությունը ինչ որ Մարկո Պոլոյի հետ, որը 1300 թվականին հիշատակվում է որպես խռովարար՝ իշխող կառավարության դեմ, ապա խուսափում մահապատժից, ստույգ չէ։ Ինչպես նաև ստույգ չէ նրա կապը 1310 թվականի խռովությունների կազմակերպչի՝ Բաջամոնտե Տիեպոլոյի (մայրական գծով խորվաթ ազնվական կոմս Տրոգիր Ստջեպկոյի թոռան) և Մարկո Քեռինիի հետ, որոնց ապստամբների թվում էին Ջակոբելո և Ֆրանչեսկո Պոլոները, որոնք, սակայն, ուրիշ տոհմից էին[27]։ Պոլոյի անունը հստակ հիշատակվում է 1305 թվականից հետո՝ 1319 թվականի մի փաստաթղթում, որտեղ նշվում էր, որ նա հոր կտակի համաձայն դառնում է մի քանի կալվածքների սեփականատեր և 1321 թվականին, երբ նա ձեռք է բերում կնոջ՝ Դոնատայի ընտանիքին պատկանող ունեցվածք[27]։

1323 թվականին Մարկո Պոլոն հիվանդանում և անկողին է ընկնում[46]։ 1324 թվականին, չնայած բժիշկների նրան ոտքի կանգնեցնելու ջանքերին, Պոլոն մահվան մահճում էր[47]։ Նրա կտակը գրելու և հաստատելու համար ընտանիքը հրավիրում է Սան Պրոկոլոյի քահանային՝ Ջիովանի Ջիուստինիանիին։ Պոլոյի կինը՝ Դոնատան և երեք դուստրերը նրա կողմից նշանակվում են ժառանգորդներ[47]։ Նրա կամքով եկեղեցին ստանում է նրա կալվածքների մի մասը և հավելյալ գումար է հատկացվում նաև Վենետիկի Սան Լորենցո եկեղեցուն, որի գերեզմանատանը նա ցանկանում էր հուղարկավորվել[47]։ Նրա կամքի համաձայն ազատ է արձակվում նրա թաթար ստրուկ-ծառան՝ Պիտերը, որը հավանաբար նրան ուղեկցել էր Ասիա կատարած ճանապարհորդությունների ժամանակ[48]։ Նա Պիտերին նաև կտակում է 100 վենետիկյան լիրա[49]։ Իր կարողության մնացած մասը նա բաժանում է տարբեր մարդկանց, եկեղեցական կազմակերպությունների՝ յուրաքանչյուր գիլդիայի և եղբայրության, որին նա պատկանում էր[47]։ Նա նաև ներում է բազմաթիվ պարտքեր՝ ընդհանուր առմամբ 300 լիրա, որ պարտք էին նրան հնոջ քույրը, Սան Ջիովանի մենաստանը, Վենետիկի Սան Պաոլո եկեղեցին և մի հոգևորական՝ Բենվենուտո անունով[47]։ Նրա կամքի համաձայն Ջիովանի Ջիուստինիանին, ստանում է 220 սոլդի՝ իր նոտարական աշխատանքի և աղոթքների համար[50]։

Կտակը չի ստորագրվում Պոլոյի կողմից, այն ընդամենը վավերացվում է այն ժամանակ ընդունված «signum manus» ձևով, երբ կտակատուն բավարարվում էր միայն կտակին դիպչելով և այն վավեր էր ճանաչվում ներկաների կողմից[49][51]։ Վենետիկյան օրենքի համաձայն, ըստ որի օրն ավարտվում է մայրամուտին, Մարկո Պոլոյի մահվան ստույգ օրը հայտնի չէ, սակայն որոշ պատմիչներ նշում են 1324 թվականի հունվարի 8-ի և 9-ի մայրամուտների միջև[52]։ Մարչիանա գրադարանը, որտեղ պահվում է Մարկո Պոլոյի կտակի բնօրինակը, կտակի հաստատման ամսաթիվ է նշում 1323 թվականի հունվարի 9-ը, իսկ մահվան ամսաթիվ՝ 1324 թվականի հունիսի ինչ-որ մի օր[51]։

Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները

խմբագրել
 
Մանրանկար «Իլ Միլիոնից»

Մարկո Պոլոյի գրքի հեղինակային տարբերակը չկա և չի կարող լինել, քանի որ վաղ շրջանի ձեռագրերը նշանակալիորեն տարբերվում են այդ գրքից։ Նրա գրքի հրատարակությունները կամ հենվում են միայն ձեռագրերի վրա՝ որում միախառնված են բազմաթիվ տարբերակներ, կամ պարունակում են ծանոթագրություններ, ինչպես օրինակ, Հենրի Յուլի անգլերեն թարգմանության մեջ։ Մոուլի և Պոլ Փելիոթի 1938 թվականի թարգմանությունը հիմնված է 1932 թվականին Տոլեդոյի տաճարի գրադարանում գտնված մի լատիներեն ձեռագրի վրա և 50 տոկոսով ավելի երկար են, քան երբևէ գտնված որևէ այլ ձեռագիր[53]։ Գոյություն ունեն տարբեր լեզուներով գրված ձեռագրի մոտավորապես 150 օրինակ և նախքան տպագրահաստոցի ստեղծումը, ձեռագրերը արտագրվում և թարգմանվում էին[54]։ 1958 թվականին «Penguin Books»-ի հրատարակած Լաթմանի հայտնի թարգմանությունը մի քանի տեքստեր մշակելով դարձել է ընթեռնելի ամբողջություն[55]։

 
«Իլ Միլիոնի» էջերից մեկը մի ձեռագրից, որ թվագրվում է 1298-1299 թվականներին

Պոլոն իր հուշերը պատմել է Ռուստիչելո դա Պիզային, երբ երկուսն էլ Ջենովայի հանրապետության բանտարկյալներն էին։ Ռուստիչելոն գրում է «Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները» («Իլ Միլիոն») օյլի կամ լինգվա ֆրանկա լեզվով, որը խաչակիրների և Արևելքում՝ արևմուտքից եկած վաճառականների գործածած լեզուն էր[56]։ Գաղափարը հավանաբար վաճառականների համար գործնական, տեղեկատու գիրք ստեղծելն էր, քանի որ գիրքը հիմնականում պարունակում էր քաշերի, չափերի և հեռավորությունների մասին տեղեկություններ[57]։

Բովանդակություն

խմբագրել

Գիրքը սկսվում է նախաբանով, որտեղ նկարագրվում է Մարկո Պոլոյի հոր և հորեղբոր ճանապարհորդությունը դեպի Բուլղար քաղաք՝ ներկայիս Կամա-վոլգյան Բուլղարիայի խոշորագույն քաղաքներից մեկը, որտեղ ապրում էր Բերկե խանը՝ Չինգիզ խանի թոռը։ Մեկ տարի անց նրանք գնում են Յուկեկ[58], իսկ այնտեղից՝ Բուխարա։ Այնտեղ Լևանտի պատվիրակներից մեկը հրավիրում է նրանց հանդիպելու Խուբիլային, որը երբևէ եվրոպացիներ չէր տեսել[59]։ 1266 թվականին նրանք հասնում են Խանբալիկ՝ Խուբիլայի նստավայր՝ ներկայիս Չինաստանի մայրաքաղաք Պեկին։ Խուբիլայը գրկաբաց ընդունում է եղբայրներին և նրանց բազմաթիվ հարցեր է տալիս եվրոպական օրինական և քաղաքական համակարգերի մասին[60]։ Նա նաև հետաքրքրվում է Հռոմի պապի և հռոմեական եկեղեցու մասին[61]։ Երբ եղբայրները պատասխանում են նրա բոլոր հարցերին, Խուբիլայը նրանց հանձնարարում է մի նամակ տանել Հռոմի պապին, որով խնդրում էր իր երկիր ուղարկել 100 քրիստոնյաների, որոնք ծանոթ կլինեին յոթ ազատ արվեստներին՝ քերականություն, հռետորություն, տրամաբանություն, երկրաչափություն, հանրահաշիվ, երաժշտություն և աստղագիտություն։ Խուբիլայը պատվիրում է նաև, որ մի դեսպան նրան մյուռոն բերի Երուսաղեմից[62]։ Այս հանձնարարությունների կատարումը Պոլո եղբայրների կողմից հետաձգվում է 1268 թվականին երկար Sede Vacante-ի պատճառով՝ Կղեմես IV Պապի մահվան և նրա հաջորդի ընտրությունների հետ կապված։ Նրանք ընդունում են Թեոբալդ Վիսկոնտիի՝ Եգիպտոսում պապական ներկայացուցչի առաջարկը և Վենետիկ վերադառնում 1269-1270 թվականներին՝ սպասելու նոր Պապի ընտրությանը։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս երիտասարդ Մարկո Պոլոյին, 15 կամ 16 տարեկան հասակում առաջին անգամ տեսնել հորը[63]։

1271 թվականին Նիկոլո, Մաթեո և Մարկո Պոլոները ճանապարհ են ընկնում կատարելու Խուբիլայի խնդրանք-հանձնարարությունները։ Նրանք նավարկում են մինչև Աքքա, ապա ուղտերով հասնում պարսից Հորմուզ նավահանգիստ։ Պոլոները ցանկանում էին նավարկել ուղիղ մինչև Չինաստան, սակայն այնտեղի նավերը ծովային երկար ճանապարհորդության համար պիտանի չէին, այնպես որ նրանք շարունակում են իրենց ուղին ցամաքային՝ Մետաքսի ճանապարհով, մինչև որ հասնում են Խուբիլայի ամառային պալատ՝ Շանգդու, ներկայիս Չժանցզյակոուի մոտակայքում։ Ճանապարհորդության ընթացքում նրանք հանդիպում են վաճառականների մի քարավանի և միանում նրանց։ Դժբախտաբար, քարավանը շուտով ենթարկվում է ավազակների հարձակման, որոնք օգտվում էին ավազամրրիկից նրանց հանկարծակիի բերելու համար։ Պոլոներին հաջողվում է պայքարել և փախչել մոտակա քաղաք, բայց քարավանի շատ անդամներ սպանվում կամ ստրկացվում են[64]։ Վենետիկը թողնելուց երեք ու կես տարի անց, երբ Մարկոն մոտավորապես 21 տարեկան էր, Պոլոները հասան Խուբլայի պալատ[29]։ Նրանց ժամանման ստույգ օրը հայտնի չէ, սակայն պատմիչները մոտավորապես հաշվարկել են, որ այն պետք է որ եղած լինի 1271-ի և 1275 միջև։ Յուան արքունիք հասնելով, Պոլոները Խուբիլային նվիրում են Երուսաղեմից բերված սուրբ Մյուռոնը և հանձնում Պապի նամակները[28]։

Մարկոն գիտեր չորս լեզու և ընտանիքը բավականաչափ գիտելիք և փորձառություն էր կուտակել, որպեսզի բավարարեր Խուբիլայի հետաքրքրասիրությունը։ Հնարավոր է, որ Մարկո Պոլոն նշանակվել է կառավարության պաշտոնյա[29], քանի որ հետագայում նա գրում է Չինաստանի հարավային և արևելյան մարզեր կատարած կայսերական այցերի մասին։ Նրա հուշերից պարզ է դառնում, որ հասել է մինչև ծայր հարավային նահանգներ և Բիրմա՝ ներկայիս Մյանմա[65]։ Նրանք մեծ հարգանքի և պատվի են արժանանում նաև մոնղոլական արքունիքում, այնպես որ Խուբիլայը որոշում է տեղի տալ նրանց խնդրանքներին՝ հեռանալ Չինաստանից։ Նրանք անհանգստանում էին անվտանգ տուն վերադառնալու մասին, կարծելով, որ եթե Խուբիլայը մահանա, նրա թշնամիները հնարավոր է լարվեին իրենց դեմ, նրանց՝ առաջնորդի հետ ունեցած սերտ և ջերմ հարաբերությունների համար։ 1292 թվականին Խուբիլայի եղբորորդին, Պարսկաստանի տիրակալը պատվիրակություն է ուղարկում Չինաստան, որպեսզի հարմար հարսնացու ընտրեն իր համար։ Նրանք խնդրում են Պոլոներին ուղեկցել իրենց, այնպես որ նրանց թույլատրվում է հարսանեկան թափորի հետ վերադառնալ Պարսկաստան։ Այդ նույն տարում, հարավային Չինաստանի Ցայթուն (ներկայիս Ցյուանչժոու) քաղաքից, 14 յունկերից բաղկացած նավատորմով նրանք ճանապարհ են ընկնում դեպի տուն։

Թափորը նավարկում է դեպի Սինգապուր նավահանգիստ[66], ապա հյուսիս, դեպի Սումատրա[67] և նավարկում դեպի Փոինթ Պեդրո՝ Ջաֆնա Թագավորության նավահանգիստ և Թամիլաքամի Պանդյան Թագավորություն[68]։ Ի վերջո Պոլոները կտրում անցնում են Արաբական ծովը և հասնում Հորմուզ։ Երկու տարի տևած ճանապարհորդությունը չափազանց ճակատագրական էր՝ վեց հարյուր մարդկանցից (չհաշված անձնակազմը) ողջ էին մնացել ընդամենը տասնութը՝ ներառյալ երեք Պոլոները[69]։ Հորմուզ հասնելով Պոլոները բաժանվում են հարսանեկան թափորից և ցամաքային ճանապարհով մեկնում Սև ծովի նավահանգիստ Տրապիզոն[29]։

Ռուստիչելոյի դերը

խմբագրել

Բրիտանացի պատմաբան Ռոնալդ Լաթամը գտնում է, որ «Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները» իրականում համատեղ աշխատություն է, գրված 1298-1299 թվականներին։ Մտքերը շարադրել է Մարկո Պոլոն, իսկ դրանք գրի է առել փորձառու վիպասան Ռուստիչելո դա Պիզան[70]։ Լաթամը նաև միտք է արտահայտել, որ հավանաբար Ռուստիչելոն հմայվել է Պոլոյի արկածներից և շարադրանքին ավելացրել է ռոմանտիկ և երևակայական տարրեր, որոնք էլ գիրքը իր ժամանակաշրջանի «բեսթսելլեր» են դարձրել[70]։ Իտալացի մտածող Լուիջի Ֆոսկոլո Բենեդետոն նախապես նշել էր, որ գիրքը գրված է միևնույն դանդաղ, խոսակցական ոճով, որոնք բնորոշ են Ռուստիչելոյի բոլոր ստեղծագործություններին և որ գրքի որոշ հատվածներում տեղ են գտել Ռուստիչելոյի մնացած ստեղծագործություններից վերցված բառացի կրկնվող, կամ չնչին փոփոխություններով կտորներ։ Օրինակ, գիրքը սկսվում է այն նույն նախաբանով, ինչ որ Ռուստիչելոյի Արթուր արքայի մասին գրված երկը՝ «Կայսրերին և թագավորներին, դուքսերին և մարքիզներին»։ Ռուստիչելոն այդ գիրքը գրել էր մի քանի տարի առաջ և այնտեղ նկարագրված տեսարանը, երբ Տրիստանը այցելում է Արթուր արքայի Կամելոտ պալատի արքունիքը, համընկնում է Պոլոյի և Խուբիլայի երկրորդ հանդիպման և վերջինիս արքունիքի նկարագրությանը[71]։ Լաթամը հավատում է, որ գրքի որոշ տարրեր, ինչպես օրինակ, Միջին Արևելքի մասին առասպելները, տարաշխարհիկ հրաշալիքների մասին հիշատակումները պետք է որ Ռուստիչելոյի հավելումները լինեն, որը եվրոպացիներին տվել է այն, ինչ նրանք ակնկալում են գտնել ճանապարհորդական գրքերում[72]։

Անաչառություն և ճշմարտություն

խմբագրել

Գրքի հրատարակությունից հետո, որոշները թերահավատությամբ էին վերաբերվում դրան[73]։ Միջնադարում որոշ մարդիկ համարում էին, որ դա պարզապես ռոմանտիկ վեպ կամ առասպել է՝ այն կտրուկ տարբերությունների պատճառով, որ գոյություն ունեին Մարկո Պոլոյի գրքում նկարագրված Չինաստանի բարդ քաղաքակրթության և նախքան դա՝ Արևելքի մասին գրած ուրիշ հեղինակների գործերի միջև։ Մինչև Մարկո Պոլոյի գրքի շրջանառվելը, Արևելքի մասին գրել էին նաև Ջիովանի դա Պիան Կառպինեն և Վիլհելմ Ռուբրուքը և վերջինս մոնղոլներին համարել էր «բարբարոսներ, որոնք կարծես թե բոլորովին այլ աշխարհից լինեն»[73]։ Հետագա դարերի ընթացքում ևս Մարկո Պոլոյի ճանապարհորդական գրքի նկատմամբ մարդիկ շարունակում էին կասկածանքով վերաբերվել, օրինակ, որ նա երբևէ չէր հիշատակել Չինական մեծ պատը, կամ նրա գործածած տեղանունները դժվար էր ճանաչել և նույնականացնել[74] (թեև տեղանունների մեծ մասի ինքնությունն արդեն հաջողվել է պարզել)[75]։ Շատերը կասկածում են, արդյոք նա այցելել է այն բոլոր վայրերը, որոնք նկարագրում է իր երթուղու նկարագրության մեջ, թե պարզապես յուրացրել է հոր, հորեղբոր կամ ուրիշ ճանապարհորդությունների պատմածը։ Ոմանք կասկածում են, որ նա երբեք չի հասել Չինաստան, իսկ եթե նույնիսկ հասել է, ապա Խանբալիկից (Պեկին) այն կողմ չի գնացել[74]։ Սակայն պետք է նշել նաև, որ Մարկո Պոլոյի աշխատությունը Չինաստանի մասին ավելի ստույգ և մանրամասն է շարադրված, քան այդ ժամանակաշրջանի ուրիշ ճանապարհորդներինը։ Պոլոն երբեմն հերքել է այլ եվրոպացիների նկարագրած «սքանչելի» առասպելներն ու լեգենդները, բայց չնայած որոշ անճշտություններին և չափազանցություններին, նրա աշխատությունը ամենից քիչն է պարունակում անիրական հրաշքների նկարագրություններ։ Շատ դեպքերում էլ, եթե այնուամենայնիվ կա ինչ-որ հրաշքի նկարագրություն (հատկապես առաջին մասում՝ նախքան Չինաստան հասնելը, երբ նկարագրվում են քրիստոնեական հրաշքներ), նա բացատրում է, որ դա իր լսածն է, ոչ թե տեսածը։ Պոլոյի գիրքը զուրկ է չափազանց մեծ սխալներից, ինչպես օրինակ, մարոկացի Իբն Բատուտայի դեպքում էր,որը Դեղին գետը շփոթել էր Մեծ ջրանցքի և ուրիշ ջրային հոսանքների հետ և համոզված էր, որ ճենապակին ստացվում է ածուխից[76]։

Մարկո Պոլոյի գրքի ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրա ներկայացրած մանրամասնությունները, որոնք վերաբերում են արտարժույթներին, ապրանքներին և եկամուտներին, եզակի են և ստույգ։ Այդպիսի մանրամասն նկարագրություններ չեն հանդիպում որևէ այլ ոչ-չինական աղբյուրում, իսկ նրանց ստույգ լինելն ապացուցում են հնագիտական ուսումնասիրությունները, ինչպես նաև չինական այն աղբյուրները, որոնք գրի են առնվել Պոլոյի՝ Չինաստանից հեռանալուց հետո և հետևաբար քիչ հավանական է, որ ձեռք են բերվել «երկրորդ ձեռքից»։ Ուրիշ փաստեր ևս ապացուցվել են, օրինակ, Չժենցզյան և Ցզյանսու (Չինաստան) այցելելով, Մարկո Պոլոն նշում է, որ այնտեղ կառուցված են մեծ թվով քրիստոնեական եկեղեցիներ։ Նրա այս նշումը ապացուոցվում է 14-րդ դարին թվագրվող չինական մի մատյանի գրառմամբ, որը բացատրում է, թե ինչպես 13-րդ դարի երկրորդ կեսին, մի սողդիանացի՝ Մար-Սարգիս անունով, որը եկել էր Սամարղանդից, այնտեղ հիմնում է վեց նեստորական եկեղեցի և դեռ մեկն էլ՝ Հանչժոույում։ Պոլոյի պատմությունը արքայադուստր Կյոկյոչինի մասին, որին Չինաստանից ուղարկել էին Պարսկաստան, որպեսզի ամուսնանար խանի հետ, նույնպես ապացուցվում են թե՛ պարսկական և թե՛ չինական անկախ աղբյուրների կողմից։

Քննադատություն

խմբագրել
 
Ինոկենտիանոս IV Պապի նամակի տեքստը, ուղղված «Մոնղոլների տիրակալին և մոնղոլ ժողովրդին», որ 1245 թվականին Ջոն դե Կարպինիի միջոցով ուղարկվել է Գույուգ խանին
 
Գույուգ խանի կնիքը՝ դասական մոնղոլական գրով, 1246 թվականին Իննոկենտիոս IV Պապին ուղարկված նամակի վրա
 
Մոնղոլական իլխանության Արղութ խանի նամակը Նիկողայոս IV Պապին, 1290 թվական
 
Ղազան Խանի կնիքը՝ չինական գրով, Բոնիփակիոս VIII Պապին ուղղված նամակի վրա

Բացթողումներ

խմբագրել

Թերահավատներին երկար ժամանակ զարմացրել է, արդյոք Մարկո Պոլոն իր գիրքը գրել է ասեկոսեների հիման վրա և նրանցից ոմանք վկայակոչում են այն կարևոր բացթողումները, որ հեղինակը թույլ է տվել Չինաստանին վերաբերվող հատվածներում։ Մարկո Պոլոն նկարագրել է թղթադրամը, այրվող ածուխը, մինչդեռ չի անդրադարձել Չինական մեծ պատին, թեյին, չինարեն այբուբենին, չինական փայտիկներին կամ ոտքերը վիրակապելու սովորությանը[77]։ 17-րդ դարի կեսերին, ապա նաև 18-րդ դարի կեսերին ուսումնասիրողների թերահավատությունը կապված էր Չինական մեծ պատն իր գրքում երբևէ չներկայացնելու համգամանքով և նրանց հիմք էր տալիս կարծելու, որ Մարկո Պոլոն երբեք չի հասել Չինաստան։ Այնինչ Պոլոյի մտերիմ հարաբերությունները մոնղոլների հետ ենթադրում էին, որ նա դիտմամբ է խուսափել Մեծ Պատի մասին նշելուց, իմանալով, որ մոնղոլները չեն սիրում իրենց առաջ դարեր շարունակ խոչընդոտ հանդիսացած այդ հսկա պաշտպանական կառույցը[74]։ Ջոն Հեգերը կասկածի տակ էր դնում Պոլոյի հարավային Չինաստանում եղած լինելը, քանի որ ճանապարհորդությունների գրքում հարավային քաղաքների մասին չնչին տեղեկություններ կան՝ համեմատած հյուսիսային քաղաքների հետ, մինչդեռ հնագետ Հերբերտ Ֆրանկը առաջ է քաշում հավանականությունը, որ Պոլոն ընդհանրապես չի եղել Չինաստանում և հիմնվելով Պոլոյի մատնանշած բազմաթիվ պարսկերեն արտահայտությունների վրա, նշել, որ գուցե Պոլոն իր գիրքը գրել է օգտագործելով պարսկական աղբյուրները[78][79]։ 1995 թվականին Ֆրենսիս Վուդը իր «Գնացե՞լ է Մարկո Պոլոն Չինաստան» գրքում պնդում է, որ Պոլոն Պարսկաստանից (ներկայիս Իրան) այն կողմ երբեք չի անցել և որ Պոլոյի «Հրաշքների գրքում» որևէ այնպիսի բան չկա Չինաստանի մասին, որը նա չկարողանար իմանալ պարսկերեն գրքեր կարդալով[80]։ Վուդը պնդում է, որ առավել հավանական է, որ Պոլոն գնացել է Կոստանդնուպոլիս և Սև ծովի իտալական գաղութներ և ասեկոսեներ հավաքել այն մարդկանցից, որոնք արդեն եղել էին Արևելքում[80]։

Գրքի հիմնական բովանդակության ստույգության աջակիցները հակադարձում են թերահավատների տեսակետները կապված այնպիսի փաստերի հետ ինչպիսիք են ոտքերի վիրակապման չինական սովորույթը, կամ Մեծ Պատը։ Պատմաբան Սթիվեն Հոուն նշում է, որ Մեծ Պատը կառուցվել է հյուսիսային զավթիչներից պաշտպանվելու նպատակներով, մինչդեռ Մարկո Պոլոյի այցելության ժամանակ իշխող դինաստիան հենց նույն հյուսիսային զավթիչներն էին։ Նշվում է նաև, որ այսօր մեզ հայտնի Մեծ Պատը Մին դարաշրջանի կառույց է, որը կառուցվել է Մարկո Պոլոյի այցից մեկ կամ երկու դար հետո։ Բացի դա, Յուան դինաստիայի կառավարիչները, որոնց ծառայում էր Մարկո Պոլոն, իշխում էին այսօրվա Պատի թե՛ հյուսիսային և թե՛ հարավային կողմերում, ուստի պատճառ չունեին նախորդ դինաստիաներից մնացած պաշտպանական կառույցը ամրացնելու[81]։ Ուրիշ եվրոպացիներ, որոնք հասել են Խանբալիկ Յուան դինաստիայի ժամանակ, ինչպիսիք են Ջիովանի դե Մարինոլին և Օդորիկո Պորդենոնը, նույնպես ոչինչ չեն նշել Պատի մասին։ Մուսուլման ճանապարհորդ Իբն Բատուտան, Յուան դինաստիայի ժամանակ Չինաստան կատարած իր այցի ընթացքում, չի գտել մեկին, որը տեսած կամ լսած լիներ դրա մասին. դա վկայում է այն մասին, որ ավելի վաղ տարիներին կառուցված, ապա ավերված Պատի հետքերը որևէ կարևորություն կամ նշանակալիություն իրենցից չեն ներկայացրել[81]։

Ինչ վերաբերվում է ոտքերի վիրակապմանը, ապա Հոուն նշել է, որ այդ ժամանակ դա չինացիների մեջ ընդունված չի եղել, իսկ մոնղոլներին ընդհանրապես անծանոթ է եղել։ Մինչդեռ իտալացի միսիոներ Օդորիկո Պարդենոնը, որը Չինաստան է այցելել Յուան դինաստիայի ժամանակ, ակնարկել է դրա մասին, թեպետ նրա նկարագրությունն այնքան աղոտ է, որ դժվար է ասել նա ականատես է եղել ավանդույթին, թե պարզապես լսել է դրա մասին[82]։ Յուան դինաստիայի ժամանակ Չինաստան այցելած որիշ որևէ ճանապարհորդ չի խոսել ոտքերի վիրակապման մասին, հավանաբար այն պատճառով, որ ավանդույթը դեռևս լայնորեն տարածված չէր[83]։ Պոլոն ինքը, Տոլեդոյի ձեռագրում, նշել է չինացի կանանց մանրաքայլ, դանդաղ ընթացքը[81]։ Ինչ վերաբերվում է չինական փայտիկներին կամ թեյին, ապա ուրիշ ճանապարհորդներ ևս չեն նշել դրանց մասին[84]։ Հոուն նշում է նաև, որ չնայած որոշ բացթողումներին, Պոլոյի նկարագրությունն ավելի ընդգրկուն և մանրամասն է, քան այդ ժամանակաշրջանում Չինաստան այցելած այլ ճանապարհորդներինը[85]։ Մարկո Պոլոն նույնիսկ ուսումնասիրել է չինացիների նավաշինական գյուտերը, ինչպես օրինակ անխորտակելիությունը չինական յունկերում, որը նա սովորեցրեց նաև իր վենետիկցի ընկերներին[86]։

Չափազանցություն

խմբագրել

Շատ հետազոտողներ, ինչպես օրինակ, բրիտանացի պատմաբան Դևիդ Մորգանը, կարծում են, որ Մարկո Պոլոն չափազանցրել է իր կարևորությունը Չինաստանում[87], մինչդեռ Ռոնալդ Լաթամը կարծում է, որ այդ չափազանցությունները Պոլոյի ընկերոջ՝ Ռուստիչելո դա Պիզայի ձեռքի գործն են[72]։ «Հրաշքների գրքում» Պոլոն պնդում է, որ ինքը եղել է Խուբիլայի մտերիմ ընկերն ու խորհրդատուն և Յանչժոու քաղաքի կառավարիչը, մինչդեռ չինական ոչ մի աղբյուր չի հաստատում դա։ Իրականում, չինական աղբյուրներում Պոլոյի մասին նշում ընդհանրապես չկա[87]։ Հերբերտ Ֆրանկը նշում է, որ Յուանական տեքստերում բոլոր մոնղոլներին կամ թյուրքերին անվանել են Պո-լո, կամ Բոլոդ (ալթայերեն բոլոդ բառից, որ նշանակում է «գողանալ»)[79]։ Չինագետ Պոլ Պելիոն կարծում էր, որ հավանաբար Պոլոն կառավարական ծառայողի աստիճան է ունեցել Յանգչժոու քաղաքի աղի մոնոպոլիայում, որը կարևոր պաշտոն էր և հենց դա էլ բացատրում է նրա դերի նկարագրության չափազանցությունը[87]։ Պոլոն պնդում է նաև, որ ինքն է մոնղոլներին տեխնիկական ցուցումներ տվել քար նետող մեքենաների կառուցման համար՝ Քսիանյանգի ճակատամարտում, սակայն այդ պնդումը չի կարող ապացուցվել, քանի որ քար նետող մեքենաներ Չինաստանում գոյություն ունեին նախքան Պոլոյի այնտեղ գնալը[87]։ Քսիանյանգի ճակատամարտին մասնակցած մոնղոլական բանակը ուներ օտարերկրյա ճարտարագետներ, սակայն չինական աղբյուրները նշում են, որ նրանք Բաղդադից էին և ունեին արաբական անուններ[79]։ Սթիվեն Հոուն, այնուամենայնիվ, շարունակելով այս միտքը, նշում է, որ Պոլոն իր անձը կարևորելով հանդերձ, իրեն Յուան արքունիքում չի վերագրել շատ բարձր պաշտոն[88]։ Նա ավելացնում է, որ Պոլոն երբեք իրեն չի վերագրել ռազմական որևէ առաջնորդի կամ հրամանատարի պաշտոն, այլ ընդամենը՝ խանի ներկայացուցիչ Յանգչժոու քաղաքում[89]։ Չինական ձեռագրերում Պոլոյի անվան բացակայություն Հոուն բացատրում է նրանով, որ այդ ժամանակաշրջանում եվրոպացիները հակված չէին օգտագործել մարդու ազգանունը, իսկ Պոլոն անտեսել է իր քրիստոնեական անվան չինարեն կամ գոնե մոնղոլերեն տառադարձությունը վերցնել[88]։

Սխալներ

խմբագրել

Մարկո Պոլոյի գրքում հայտնաբերվել են մի շարք սխալներ։ Օրինակ, նա նկարագրում է մի կամուրջ, որը հետագայում կոչվեց Մարկո Պոլոյի կամուրջ և հայտնում, որ այն ուներ 24 կամար, այնինչ այն ուներ 11 կամ 13 կամար[84]։ Նա նաև ասում է, որ Խանբալիկ քաղաքն ուներ 12 դարպաս, երբ դրանք 11-ն էին[90]։ Պատմաբանները մատնանշում են նաև, որ նա շփոթում է Ճապոնիա ներխուժելու Խուբիլայի երկու փորձերի մանրամասները՝ 1274 և 1281 թվականներին։ Պոլոն գրում է հինգ կայմանի նավերի մասին, մինչդեռ հնագիտական հետազոտությունները ցույց են տվել, որ նավերը եռակայմ են եղել[91]։

Յուրացումներ

խմբագրել

Վուդը Պոլոյին մեղադրում է իր գրքում ուրիշների պատմածները սեփականացնելու կամ պարսկական տեղեկատու գրքեր և անհետացած աղբյուրներ օգտագործելու մեջ։ Օրինակ, չինագետ Ֆրենսիս Վուդման Քլիվսը նշում է, որ արքայադուստր Կյոկյոչինի Չինաստանից Պարսկաստան կատարած ճանապարհորդության Պոլոյի նկարագրությունը հաստատվում է 15-րդ դարի չինարեն Յոնգլ հանրագիտարանի և պարսիկ պատմիչ Ռաշիդ ալ-Դինի «Տարեգրությունների ժողովածու» աշխատության կողմից։ Այնուամենայնիվ, այս երկու աղբյուրներից որևէ մեկը չի հիշատակում որևէ եվրոպացու ներկայություն հարսանեկան թափորում[92]։ Պոլոյի անվան հիշատակության բացակայությունը Վուդը ներկայացնում է որպես օրինակ Պոլոյի՝ «արդեն հանրածանոթ պատմության» հեղինակին իրեն վերագրելուն։ Ի պաշտպանություն Պոլոյի, Մորգանը նշում է, որ չինական աղբյուրներում անգամ արքայադստեր մասին հիշատակություն չկա և որ զարմանալի կլիներ, եթե Ռաշիդ ալ-Դինը հիշատակեր Պոլոյին[93]։ Մինչդեռ իտալացի պատմաբան Իգոր դե Ռաչեվիլցը նշում է, որ պարսկական միակ աղբյուրը, որում արքայադստեր մասին հիշատակություն կա, հայտնի է դարձել 1310-1311 թվականներից հետո, հետևաբար Պոլոն չէր կարող որևէ պարսկական աղբյուրից տեղեկություն իմանալ և յուրացնել։ Ըստ Ռաչեվիլցի, Պոլոյի մանրամասն նկարագրությունները համեմատած այլ անկախ աղբյուրների հետ, վկայում են Չինաստանում նրա ներկայության մասին[84]։

Գնահատում

խմբագրել

Մորգանը գրում է, որ քանի որ «Հրաշքների գրքում» Մարկո Պոլոյի՝ Չինաստանի մասին ասածների մեծ մասը «մաքուր ճշմարտություն» է, պնդելը, որ Պոլոն չի գնացել Չինաստան «ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան լուծումներ» և հավանականությունների հավասարակշռությունը թույլ է տալիս ընդունել, որ նա այնուամենայնիվ հասել է Չինաստան, նույնիսկ եթե չափազանցրել է իր անձի կարևորությունն այնտեղ[94]։ Հոուն վանել է 17-րդ դարում Պոլոյի անվան շուրջ ստեղծված քննադատությունը և իր աշխատությունում բազմիցս շեշտել նրա գրառումների ճշգրտությունը, ինչպես օրինակ Մեծ ջրանցքը նկարագրելիս[95]։ Հոուն գրում է. «եթե Պոլոն ստախոս է, ապա նա աննկարագրելիորեն մանրակրկիտ ստեր է հորինել»[96]։ 2012 թվականին Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի չինագետ և պատմաբան Հանս Ուլրիխ Ֆոգելը հրատարակեց արժույթի, աղի արտադրության և պետական եկամուտների վերաբերյալ Պոլոյի նկարագրությունների մանրամասն վերլուծությունները և ապացուցեց, որ նա եղել է Չինաստանում, քանի որ նրա ներկայացրած մանրամասները նա չէր կարող որևէ այլ աղբյուրից իմանալ[97][98]։ Ֆոգելը նշում է, որ ոչ մի ուրիշ արևմտյան, արաբական կամ պարսկական աղբյուր չի ներկայացնում այդքան ճշգրիտ և եզակի մանրամասներ չինական արժույթի, դրա ձևի, չափսերի, կնիքների գործածության, թղթադրամի տարբեր անվանումների, ինչպես նաև Չինաստանի տարբեր շրջաններում արժույթի օգտագործման տատանումների մասին։ Յունան շրջանում խեցիների գործածության մասին հնագիտական փաստերով ապացուցված մանրամասներ չինական աղբյուրներում կուտակվել են Պոլոյի՝ Չինաստանից մեկնելուց շատ տարիներ անց միայն[99]։ Աղի արտադրության և դրանից ստացված պետական եկամուտների մասին Մարկո Պոլոյի նշումները նույնպես ստույգ են և ապացուցվում են Յուան դարաշրջանի չինական փաստաթղթերում[100]։ Տնտեսագիտական պատմաբան Մարկ էլվինը, Ֆոգելի մենագրության համար գրված իր առաջաբանում եզրակացնում է, որ Ֆոգելը «հստակ օրինակով հուշում է Պոլոյի գրառումների վերջնական լայնածավալ հավանականության մասին»։ Շատ խնդիրներ առաջացել են նախնական շարադրանքի բանավոր փոխանցման կամ զգալիորեն տարբեր ձեռագրերի արտագրման հետևանքով[101]։

Հոգևոր ժառանգություն

խմբագրել

Հետազոտություն

խմբագրել
 
Քրիստափոր Կոլումբոսի ձեռագիր գրառումներըՊոլոյի գրքի լատիներեն հրատարակության վրա
 
Ֆրա Մաուրոյի քարտեզը, հրատարակված 1450 թվականին վենետիկցի վանական Ֆրա Մաուրոյի կողմից

Այլ ավելի քիչ հայտնի եվրոպացի ճանապարհորդներ, ինչպես օրինակ Ջիովանի դա Պիան դել Կարպինեն, արդեն եղել էին Չինաստանում, բայց Պոլոյի գրքի շնորհիվ նրա ճանապարհորդությունը դարձավ ամենահայտնին։ Քրիստափոր Կոլումբոսը այնքան էր ոգեշնչվել Պոլոյի՝ Հեռավոր Արևելքի բացահայտմամբ, որ ցանկացավ ինքն էլ այցելել այդ վայրերը։ Նա իր իրերի մեջ մշտապես պահում էր Պոլոյի գրքի մի օրինակ և ձեռագիր գրառումներ էր անում դրա էջերին[10]։ Բենտո դե Գոիշը, ոգեշնչված Պոլոյի պատմած արևելյան քրիստոնեական թագավորությամբ, երեք տարում կտրեց-անցավ Կենտրոնական Ասիան։ Նա երբեք չգտավ այդ թագավորությունը, իսկ իր ճամփորդությունը ավարտին հասցրեց 1605 թվականին, Չինական Մեծ Պատի մոտ, ապացուցելով, որ «Կատայը» այն երկիրն է, որը Մաթեո Ռիչին (1552–1610) կոչել էր Չինաստանը[102]։

Քարտեզագրություն

խմբագրել

Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը ունեցել է զգալի ազդեցություն եվրոպական քարտեզագրության զարգացման վրա, որի արդյունքը եղան մեկ դար անց սկիզբ առած աշխարհագրական մեծ հայտնագործությունները[103]։ Ջիովանի Բատիստա Ռամուզիոյի կարծիքով 1453 թվականի Ֆրա Մաուրոյի քարտեզը մասամբ հիմնված է Պոլոյի՝ Կատայից բերված քարտեզներից մեկի վրա։

  Այդ հրաշալի, գունագեղ աշխարհի քարտեզը՝ մագաղաթի վրա, որը դեռ կարելի է տեսնել վանքի երգչախմբի հարակից պատին, վանականներից մեկի ձեռքի գործն է, որը մեծ ոգևորությամբ ուսումնասիրել է աստղազարդ երկինքը, ջանասիրաբար կրկնօրինակել և նկարազարդել է ամենագեղեցիկ և շատ հին ծովային և աշխարհի քարտեզներից, որոնք Կատայից բերել էր պատվելի Մարկո Պոլոն։
- Ջիովանի Բատիստա Ռամուզիո[103]
 

Թեև Պոլոն իր ճանապարհորդությունները լուսաբանող որևէ քարտեզ չի ստեղծել, նա և նրա հորեղբայրները Հեռավոր Արևելքի մի քանի քարտեզներ են ստեղծել, հիմնված իրենց անցած ճանապարհի վրա։ Այս քարտեզների ժողովածուն ստորագրված է Պոլոյի երեք դուստրերի՝ Ֆանտինայի, Բելելայի և Մորետայի կողմից[104]։ Դրանք ոչ միայն ցույց են տալիս Պոլոների անցած ուղին, այլև դեպի Ճապոնիա, Կամչատկա թերակղզի և Բերինգի նեղուց և նույնիսկ Ալյասկայի ափեր տանող ծովային ուղիներ՝ Ամերիկան եվրոպացիների կողմից վերաբացահայտելուց դարեր առաջ։

Հիշատակ

խմբագրել
 
1982 թվականին թողարկված իտալական թղթադրամ՝ Մարկո Պոլոյի դիմանկարով

Կենտրոնական Ասիայում հայտնաբերված վայրի ոչխարի մի տեսակ[105] կոչվել է ի պատիվ Մարկո Պոլոյի, որը նկարագրել էր այն Պամիրի լեռներով անցնելիս, 1271 թվականին։ 1851 թվականին Նյու Բրունսվիկում կառուցված մի եռակայմ կլիպեր կոչվեց նրա անունով։ Մարկո Պոլո նավը առաջինն էր, որ վեց ամսում շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց[106]։ Վենետիկի օդանավակայանը կոչվում է «Մարկո Պոլոյի օդանավակայան»[107]։

Արվեստ, ժամանց, լրատվություն

խմբագրել
Ֆիլմեր
խմբագրել
  • «Մարկո Պոլոյի ճանապարհորդությունները» (1938 թ.)
  • «Մարկո Պոլո» (1961 թ.)
  • «Մարկո Պոլո» խաղը բռնոցու տիպի խաղ է, որը խաղում են լողավազանում[108][109], կամ մի փոքր ձևափոխված կանոններով, նաև բակերում։
  • «Քաղաքակրթության հեղափոխություն» ռազմավարական տեսախաղի մեջ Պոլոն Մեծ Հետազոտողի դեր է կատարում[110]։
Գրականություն
խմբագրել

Մարկո Պոլոյի ճանապարհորդություններն արտացոլվել են մի շարք գեղարվեստական երկերում։

  • Բրայան Օսվալդ Դոն-Բիրն Պարոն Մարկո Պոլոն (1921 թ.)[111]
  • Իտալո Կալվինո Անտեսանելի քաղաքներ (1972 թ.)
  • Գերի Ջենինգս Ճանապարհորդը (1984 թ.)
Հեռուստատեսություն
խմբագրել
  • Ջուլիանո Մոնտալդոյի «Մարկո Պոլո» մինիսերիալը (1982 թ.), Քեն Մարշալի դերակատարմամբ, արժանացել է երկու էմմիի[112][113]։
  • «Մարկո Պոլո» հեռուստատեսային ֆիլմը (2007 թ.), որտեղ Խուբիլայի դերը խաղում է Բրայան Դենեհին, իսկ Մարկո Պոլոյի դերը՝ Իան Սոմերհոլդերը, նկարագրում է Չինաստանում մենակ մնացած Մարկո Պոլոյի զրկանքները, մինչև նրա հայրն ու հորեղբայրը վերադառնում են Վենետիկից[114]։
  • Մարկո Պոլոյի հետքերով (2009 թ.) վավերագրական ֆիլմ, որը նկարագրում է Մարկո Պոլոյի անցած ծովային և ցամաքային ուղին[115]։
  • Մարկո Պոլո հեռուստատեսայի դրամա՝ Խուբիլայի արքունիքում Մարկո Պոլոյի անցկացրած վաղ տարիների մասին։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի դեկտեմբերին։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Marco Polo // Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Maraini F., Peters E. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Errera C. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1935. — Vol. III Appendice.
  4. https://www.theguardian.com/world/2022/feb/07/marco-polo-had-previously-unknown-daughter-prior-to-marriage-will-suggests
  5. «Marco Polo - Exploration - HISTORY.com». Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  6. «Marco Polo - New World Encyclopedia». Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  7. «BBC - History - Historic Figures: Marco Polo (c.1254 - 1324)». Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  8. William Tait, Christian Isobel Johnstone (1843), Tait's Edinburgh magazine, Volume 10, Edinburgh
  9. Hinds, Kathryn (2002), Venice and Its Merchant Empire, New York{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. 10,0 10,1 Landström 1967, էջ. 27
  11. 11,0 11,1 11,2 Italiani nel sistema solare di Michele T. Mazzucato
  12. 12,0 12,1 Puljiz-Šostik, 2015, էջ 5
  13. Puljiz-Šostik, 2015, էջ 5–6
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Peklić, Ivan (2011). «Marko Polo - Svjetski Putnik» [Marco Polo - The World Traveler]. Metodički ogledi (Croatian). Križevci: Ivan Zakmardi Dijankovečki Gymnasium. 17 (1–2): 50. «Birthplace of Marco Polo is archivally undetermined, but it is assumed that his ancestors came from Dalmatia. There are many scientific discussions on the subject in which as the birthplace mention Korčula, Venice or Constantinople...»{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Marco Polo: The Connection with Greek Spirit, Gregory Zorzos - 2009.
  16. Marco Polo, Jim Ollhoff, 2014.
  17. Puljiz-Šostik, 2015, էջ 5–16
  18. Bettinelli, Giuseppe (1780). Dizionario Storico-Portatile Di Tutte Le Venete Patrizie Famiglie [Historical Dictionary Of All-Portable Venetian Patrician Families] (Italian). Venice. էջ 126. «Vennero dalla Dalmazia»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Olga Orlić (Institute for Anthropological Research, Zagreb, Croatia), The curious case of Marco Polo from Korčula: An example of invented tradition, Journal of Marine and Island Cultures, Volume 2, Issue 1, June 2013, Pages 20–28
  20. Bergreen 2007, էջ. 25 (online copy pp. 24–25)
  21. Puljiz-Šostik, 2015, էջ 14
  22. Bergreen, 2007, էջ 24
  23. Marco Polo and the Silk Road to China by Michael Burgan, Compass Point Books, 0756501806, p. 7
  24. Timothy Brook, The Troubled Empire: China in the Yuan and Ming Dynasties, 2010, 9780674046023, p. 24
  25. 25,0 25,1 Bergreen, 2007, էջ 25
  26. Rugoff, Milton (2015). Marco Polo. New Word City. ISBN 9781612308388.
  27. 27,0 27,1 27,2 27,3 Pavešković, Anđelko (1998). Putopisac Marko Polo [Travel writer Marco Polo]. Split. էջեր 38–66. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  28. 28,0 28,1 28,2 Britannica 2002, էջ. 571
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 Parker 2004, էջեր. 648–649
  30. Yule & Cordier 1923, ch.1–9
  31. Zorzi, Alvise, Vita di Marco Polo veneziano, Rusconi Editore, 1982
  32. 32,0 32,1 Bergreen, 2007, էջ 36
  33. Puljiz-Šostik, 2015, էջ 24
  34. Nicol 1992, p. 219
  35. Yule, The Travels of Marco Polo, London, 1870: reprinted by Dover, New York, 1983.
  36. According to fr. Jacopo d'Aqui, Chronica mundi libri imaginis
  37. Polo, Marco; Latham, Ronald (translator) (1958). The Travels of Marco Polo, p. 16. New York: Penguin Books. 0-14-044057-7.
  38. Puljiz-Šostik, 2015, էջ 8, 12, 28–36
  39. Puljiz-Šostik, 2015, էջ 28–36
  40. Bram 1983
  41. 41,0 41,1 Bergreen, 2007, էջ 332
  42. 42,0 42,1 Bergreen, 2007, էջ 333
  43. Bergreen, 2007, էջ 332–333
  44. Bergreen, 2007, էջ 333, 338
  45. Power 2007, էջ. 87
  46. Bergreen, 2007, էջ 339
  47. 47,0 47,1 47,2 47,3 47,4 Bergreen, 2007, էջ 340
  48. Britannica 2002, էջ. 573
  49. 49,0 49,1 Bergreen, 2007, էջ 341
  50. Bergreen, 2007, էջ 340–341
  51. 51,0 51,1 Biblioteca Marciana, the institute that holds Polo's original copy of his testament. Venezia.sbn.it
  52. Bergreen, 2007, էջ 342
  53. Bergreen 2007, էջեր. 367–368
  54. Edwards, էջ. 1
  55. The Travels of Marco Polo. (Harmondsworth, Middlesex; New York: Penguin Books, Penguin Classics, 1958; rpr. 1982 etc.) 0140440577.
  56. ^ Marco Polo, Il Milione, Adelphi 2001, 88-459-1032-6, Prefazione di Bertolucci Pizzorusso Valeria, pp. X–XXI.
  57. ^ Larner John, Marco Polo and the discovery of the world, Yale University Press, 1999, 0-300-07971-0 pp. 68–87.
  58. Yule & Cordier 1923, ch. 2
  59. Yule & Cordier 1923, ch. 3
  60. Yule & Cordier 1923, ch. 5
  61. Yule & Cordier 1923, ch. 6
  62. Yule & Cordier 1923, ch. 7
  63. Yule & Cordier 1923, ch. 9
  64. Zelenyj, Alexander, Marco Polo: Overland to China, Crabtree Publishing Company (2005) Chapter: Along the Silk Road. 978-0778724537
  65. W. Marsden (2004), Thomas Wright (ed.), The Travels of Marco Polo, The Venetian (1298) (PDF), Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 19-ին, Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին
  66. Yule & Cordier 1923, էջ. 281, vol. 3 ch. 8
  67. Yule & Cordier 1923, էջ. 286, vol. 3 ch. 9
  68. Yule & Cordier 1923, էջ. 373, vol. 3 ch. 21
  69. Boyle, J. A. (1971). Marco Polo and his Description of the World. History Today. Vol. 21, No. 11. Historyoftoday.com
  70. 70,0 70,1 Latham, Ronald "Introduction" pages 7–20 from The Travels of Marco Polo, London: Folio Society, 1958 page 11.
  71. Latham, Ronald "Introduction" pages 7–20 from The Travels of Marco Polo, London: Folio Society, 1958 pages 11–12.
  72. 72,0 72,1 Latham, Ronald "Introduction" pages 7–20 from The Travels of Marco Polo, London: Folio Society, 1958 page 12.
  73. 73,0 73,1 Na Chang. «Marco Polo Was in China: New Evidence from Currencies, Salts and Revenues». Reviews in History.
  74. 74,0 74,1 74,2 Haw, Stephen G. Marco Polo's China: A Venetian in the Realm of Khubilai Khan. Routledge. էջ 1. ISBN 9781134275427.
  75. Haw, Stephen G. Marco Polo's China: A Venetian in the Realm of Khubilai Khan. Routledge. էջեր 83–123. ISBN 9781134275427.
  76. Haw, Stephen G. Marco Polo's China: A Venetian in the Realm of Khubilai Khan. Routledge. էջեր 66–67. ISBN 9781134275427.
  77. Frances Wood, Did Marco Polo Go to China? (London: Secker & Warburg; Boulder, Colorado: Westview, 1995).
  78. Haeger, John W. (1978). «Marco Polo in China? Problems with Internal Evidence». Bulletin of Sung and Yüan Studies. 14: 22–30. JSTOR 23497510.
  79. 79,0 79,1 79,2 Franke, Herbert (1966). «Sino-Western Contacts Under the Mongol Empire». Journal of the Hong Kong Branch of the Royal Asiatic Society. 6: 49–72. JSTOR 23881433.
  80. 80,0 80,1 Morgan, D.O "Marco Polo in China-Or Not" 221-225 from The Journal of the Royal Asiatic Society, Volume 6, Issue # 2 July 1996 page 222.
  81. 81,0 81,1 81,2 Haw, Stephen G. (2006), Marco Polo's China: a Venetian in the realm of Khubilai Khan, Volume 3 of Routledge studies in the early history of Asia, Psychology Press, էջեր 52–57, ISBN 0-415-34850-1
  82. Ebrey, Patricia. Women and the Family in Chinese History. Routledge. էջ 196. ISBN 9781134442935.
  83. Haw, Stephen G. Marco Polo's China: A Venetian in the Realm of Khubilai Khan. Routledge. էջեր 55–56. ISBN 9781134275427.
  84. 84,0 84,1 84,2 Igor de Rachewiltz. «F. Wood's Did Marco Polo Go To China? A Critical Appraisal by I. de Rachewiltz».
  85. Haw, Stephen G. Marco Polo's China: A Venetian in the Realm of Khubilai Khan. Routledge. էջեր 65–66. ISBN 9781134275427.
  86. Cotterell, Arthur. Western Power in Asia: Its Slow Rise and Swift Fall, 1415-1999. John Wiley & Sons. էջ 9. ISBN 9780470824894.
  87. 87,0 87,1 87,2 87,3 Morgan, D.O "Marco Polo in China-Or Not" 221-225 from The Journal of the Royal Asiatic Society, Volume 6, Issue # 2 July 1996 page 223.
  88. 88,0 88,1 Stephen G. Haw (2006), Marco Polo's China: a Venetian in the Realm of Kublai Khan, London & New York: Routledge, p. 173, 0-415-34850-1.
  89. Stephen G. Haw (2006), Marco Polo's China: a Venetian in the Realm of Kublai Khan, London & New York: Routledge, pp 3-4, 0-415-34850-1.
  90. Stephen G. Haw (2006), Marco Polo's China: a Venetian in the Realm of Kublai Khan, London & New York: Routledge, p 73, 0-415-34850-1.
  91. «Explorer Marco Polo 'never actually went to China». The Daily Telegraph. 2011 թ․ օգոստոսի 9.
  92. Francis Woodman Cleaves (1976). «A Chinese Source Bearing on Marco Polo's Departure from China and a Persian Source on his Arrival in Persia». Harvard Journal of Asiatic Studies. 36: 181–203. JSTOR 2718743.
  93. Morgan, D.O (1996 թ․ հուլիս). «Marco Polo in China-Or Not" 221-225». The Journal of the Royal Asiatic Society. 6 (2): 224. JSTOR 25183182.
  94. Morgan, D.O "Marco Polo in China-Or Not" 221–225 from The Journal of the Royal Asiatic Society, Volume 6, Issue # 2 July 1996 pages 225.
  95. Stephen G. Haw (2006), Marco Polo's China: a Venetian in the Realm of Kublai Khan, London & New York: Routledge, pp 1-2, 0-415-34850-1.
  96. Stephen G. Haw (2006), Marco Polo's China: a Venetian in the Realm of Kublai Khan, London & New York: Routledge, pp 2-3, 0-415-34850-1.
  97. Hans Ulrich Vogel (2012 թ․ նոյեմբերի 21). Marco Polo Was in China: New Evidence from Currencies, Salts and Revenues. BRILL. ISBN 978-9004231931.
  98. «Marco Polo was not a swindler – he really did go to China». University of Tübingen. Alpha Galileo. 2012 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  99. «Marco Polo Did Go to China, New Research Shows (and the History of Paper)». The New Observer. 2013 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  100. «Marco Polo was not a swindler: He really did go to China». Science Daily.
  101. Hans Ulrich Vogel (2012 թ․ նոյեմբերի 21). Marco Polo Was in China: New Evidence from Currencies, Salts and Revenues. BRILL. էջ xix. ISBN 978-9004231931.
  102. Winchester 2008, էջ. 264
  103. 103,0 103,1 Falchetta 2006, էջ. 592
  104. Klein, Christopher (2014 թ․ սեպտեմբերի 30). «Did Marco Polo Visit Alaska?». History.
  105. Bergreen 2007, էջ. 74
  106. Lubbock 2008, էջ. 86
  107. Brennan, D. (2009 թ․ փետրվարի 1), Lost in Venice, WalesOnline, Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին, Վերցված է 2009 թ․ հուլիսի 15-ին
  108. Bittarello, Maria Beatrice (2009). «Marco Polo». In Rodney P. Carlisle (ed.). Encyclopedia of Play in Today's Society. SAGE. ISBN 1-4129-6670-1.
  109. Jeffrey, Phillip; Mike Blackstock; Matthias Finke; Anthony Tang; Rodger Lea; Meghan Deutscher; Kento Miyaoku. «Chasing the Fugitive on Campus: Designing a Location-based Game for Collaborative Play». Proceedings of CGSA 2006 Symposium. Canadian Games Study Association.
  110. «Civilization Revolution: Great People». CivFanatics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 4-ին.
  111. Donn-Byrne, Brian Oswald (1921). Messer Marco Polo.
  112. Academy of Television Arts & Sciences, Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 30-ին, Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին (Searching for "Marco Polo", and year 1982)
  113. «Marco Polo». IMDb TV miniseries. 1982.
  114. «Marco Polo». IMDb TV miniseries. 2007.
  115. «In the footsteps of Marco Polo (PBS)». WLIW.org. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մարկո Պոլո հոդվածին
 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Պոլո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 324