Բուդդայականություն
Բուդդայականություն (սանսկրիտ՝ बुद्ध धर्म, buddha dharma IAST[1]), երեք համաշխարհային կրոններից մեկը[Ն 1][2]: Իրենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով (հինդի՝ बुद्ध՝ լուսավորյալ)։
Հետևորդներ | |
---|---|
488-535 միլիոն | |
Հիմնադիր | |
Բուդդա | |
Հետևորդների զգալի թվով տարածաշրջաններ | |
Հարավային և Հարավարևելյան Ասիա, Արևելյան Ասիա | |
Հարավային Ասիա | Հնդկաստան, Շրի Լանկա, Նեպալ, Բութան |
Հարավարևելյան Ասիա | Թայլանդ, Վիետնամ, Լաոս, Կամբոջա |
Արևելյան Ասիա | Չինաստան, Թայվան, Կորեա, Ճապոնիա |
Սուրբ Գրքեր | |
Բուդդավականա, Տրիպիտակա, Մահայանա Սութրաս, Պալի օրենսգիրք (Տիբեթյան օրենսգիրք, Չինական օրենսգիրք) | |
Լեզուներ | |
Սանսկրիտ, պալի, գանդարի, դասական չինարեն, դասական տիբեթերեն, թանգութ, սինհալերեն, թայերեն, քհմերերեն, բիրմաներեն, մոն, կորեերեն, ճապոներեն, չինարեն, վիետնամերեն |
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում[3]։ Նա հայտնի է որպես լուսավորյալ[4] կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են Թհերավադան («ավագների դպրոց»), որը հանդիսանում է հնագույն և ուղղափառ բուդդայականությունը և Մահայանան («մեծ մարտակառք»), որն առաջացել է ավելի ուշ։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում (Կամբոջա, Լաոս, Թայլանդ, Մյանմա և այլն), Մահայանան՝ Արևելյան Ասիայում (Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Վիետնամ, Սինգապուր, Թայվան և այլն)։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի (ինքնախորասուզում) միջոցով։
Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն (ձեն, չինարեն չան) տարատեսակը։
Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը (ճակատագրապաշտությունը), բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։
Պատմություն
խմբագրելՓիլիսոփայական միտքը Հնդկաստանի և Չինաստանի տարածքում սկզբնավորվել է առաջին քաղաքակրթությունների ստեղծմանը զուգահեռ՝ մ.թ.ա. 7-6-րդ դարերում և իր ոսկեդարն է ապրել մ.թ.ա. 5-3-րդ դարերում։ Դա համընկել է Հին Հունաստանի «դասական ժամանակաշրջանի» հետ, երբ գիտության և մշակույթի անտիկ գործիչները սկիզբ են դնում անտիկ փիլիսոփայության զարգացմանը։
Մերձավոր Արևելքի հնագույն քաղաքակրթություններում գիտության, առաջին հերթին՝ փիլիսոփայության առաջացումն ու բարգավաճումը կատարվում էր գլխավորապես կրոնական առաջնորդների հիմնած, հոգևոր կառույցներին կից ուսումնական հաստատություններում։ Ուստի փիլիսոփայական միտքը անմիջականորեն կապված էր դիցաբանության հետ։ Նույն սկզբունքը գործում էր նաև առավել հեռու գտնվող պետություններում` Հնդկաստանում և Չինաստանում։
Բուդդիզմն աշխարհի հնագույն կրոններից է և հանդես է գալիս Արևելքի քաղաքակրթության ընդհանուր հավատալիքների համալիրում։ Այն սկզբնական շրջանում հանդես է եկել որպես կրոնական ազատախոհ երևույթ ընդդեմ քարացած ուղղահավատ բրահմայականությանը և արտաքին ծիսակարգերին։
Բուդդիզմը չի ընդունել ինչպես Բրահմայի ուսմունքը, այնպեսև Վեդայի սրբերի հեղինակությունը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ սուրբ՝ արխատ կամ բուդդա։ Դրա հետ մեկտեղ բուդդիզմը հանդիսանում է Ուպանիշադի փիլիսոփայության կրկնությունը՝ նոր տրամաբանությամբ։ Կարմայի օրենքների հանդեպ հավատքը, վերածնվելու և մոկշայի կամ նիրվանայի հասնելու հնարավորությունը, աշխարհի և անհատականության փոփոխական լինելու գաղափարներն ընդհանուր են ուպանիշադի և բուդդայի համար։
Փիլիսոփայությունը Չինաստանում և Հնդկաստանում
խմբագրելՀին չինացիների դիցաբանական ուսմունքը ներկայացված է տարբեր ժողովածուներում՝ «Երգերի գիրք», «Պատմության գիրք», «Լեռների և ծովերի գիրք» և «Փոփոխությունների գիրք»։ Դրանում ուրույն տեղ է գրավում Երկնքի՝ որպես կեցության, տիեզերքի, հասարակության և մարդկային կյանքի բարձրագույն ուժի, պաշտամունքը։ Դիցաբանական աշխարհայեցողության կենտրոնական գաղափարներից էր նաև նախնիների պաշտամունքը, որը ներառում էր անվերապահ հարգանքն ու սերը ծնողների, ավագների և կառավարողների հանդեպ։ Դիցաբանության մեջ նշվում է նաև տիեզերքի առաջացման մասին, որը ներկայացվում է որպես նախնական քաոսից երկու հակադիր տիեզերական ուժերի՝ յանի (երկնայինի) և ինի (երկրայինի) փոխներգործության արդյունք։
Արևմտյան՝ հունահռոմեական փիլիսոփայության մեջ որպես աշխարհաստեղծման մատերիա՝ նշվում են չորս տարրեր՝ օդ, կրակ, հող և ջուր։ Չինական փիլիսոփայության մեջ դրանց ավելացվում են երկուսը՝ մետաղը և փայտը։ Բացի այդ, տարածված էր այն պատկերացումը, որ բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կախված են թագավորների խելքից, վարքագծից և երկրում իշխող կարգերից[5]։
Չինական փիլիսոփայությունը ոչ թե տեսական-հայեցողական, այլ կենցաղային բնույթի էր։ Արդեն մ.թ.ա. 6-5-րդ դարերում Չինաստանի տարածքում գոյություն ունեին բազմաթիվ փիլիսոփայական դպրոցներ։ Դրանց մեջ առավել հայտնի էին կոնֆուցիականության (հիմնադիր՝ Կունգ Ֆու-Ցզի, չինարեն՝ 孔夫子՝ լատիներեն տառադարձությամբ՝ Կոնֆուցիոս, մ.թ.ա. 551-479) և դաոսիզմի (հիմնադիր՝ Լաո Ցզի, չինարեն՝ 老子, մ.թ.ա. 604-531) դպրոցները[6]։
Չինական փիլիսոփայությանը զուգահեռ՝ Հնդկաստանում նույնպես զարգանում է փիլիսոփայական միտքը։ Հին Հնդկաստանում փիլիսոփայական միտքը ծնունդ է առել դեռևս մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներում և ունեցել է բացառապես կրոնադիցաբանական ուղղվածության[7]։ Հնդիկների կրոնադիցաբանական պատկերացումներն ամփոփված են Վեդաներում (հինդի՝ वेद՝ գիտելիք, իմացության)։ Դրանք բաժանվում են չորս խմբի՝ Սամհիթներ, Բրահմաներ, Արանյակներ և Ուպանիշադներ[8]։ Դրանցից վերջինները ստեղծվել էին մ.թ.ա. 7-րդ դարում։ Ի տարբերություն չինական փիլիսոփայական դպրոցների՝ հնդկական ուսումնական կենտրոնները եղել են երկու տեսակի՝ ուղղադավան, որոնք ընդունել են Վեդաների հեղինակությունը, և ոչ ուղղադավան։ Վերջիններիս մեջ մտնում էր նաև բուդդիզմը։ Հնդկական փիլիսոփայության նպատակը համարվում է ոչ թե մարդու տեսական հետաքրքրությունների բավարարումը, այլ ճիշտ ապրելակերպի հիմնավորումը[9]։
Հին հնդկական փիլիսոփայական դպրոցներից ամենատարածվածը բուդդիզմն է, որն առաջացել է մ.թ.ա. 6-5-րդ դարերում։ Այդ դպրոցի հիմնադիր է Բուդդան՝ Սիդհարթա Գաուտաման (մ.թ.ա. 624-544)։ Նա ծնվել է արիական Շաքյա ցեղի Գաուտամա տոհմում։ Բուդդայականության համակարգման առաջին փորձը տրված է «Եռապիթակա» գրքում («Երեք զամբյուղ ուսմունքներ»)։ Այս կրոնը տարածվել է Հնդկաստանի արևելքում և հարավում, Շրի Լանկայում, Բիրմայում և Թայլանդում, նրա մեկ ուրիշ ճյուղը հաստատվել է Տիբեթում, Չինաստանում և Ճապոնիայում[10]։
Բուդդայականությանը նախորդել են ջայնիզմը և լոկայաթան։ Դրանք ժխտել են աստծո գոյությունը և աշխարհագոյացման ու աշխարհընկալման մասին տվել ուրույն բացատրություններ։ Ջայնիզմը տարածել են քսանչորս իմաստուններ, որոնցից առավել հայտնի է վերջինը՝ Վարդհամանան (մ.թ.ա.6-5-րդ դդ.), ով ստացել է Ջինա (Հաղթող) մականունը։ Հունահռոմեական փիլիսոփաների նման ջայնիստներն աշխարհը ներկայացնում են չորս տարրերի՝ հողի, ջրի, կրակի և օդի համադրություն ու փոխներգործության արդյունք։ Իրերի ծագումն ու ոչնչացումը բացատրվում են շարժմամբ ու պատճառներով։ Ֆիզիկական տարրերը օժտված են հոգով և իրարից տարբերվում են գիտակցության մակարդակով։ Լոկայաթա ներկայացուցիչների կարծիքով ամեն ինչ բաղկացած է նյութական տարրերից, որոնք ընկալվում են զգայություններով։ Զգայությամբ չընկալվողը գոյություն չունի. հետևաբար ավելորդ են կրոնական ծեսերն ու զոհաբերությունները։ Մարդու կյանքի նպատակն է որ քան հնարավոր է շատ հաճույք ու բավականություն ստանալ և խուսափել տառապանքներից[11]։
Հնդկական փիլիսոփայական մեկ այլ դպրոցի՝ սանքյայի հիմնադիրն է Կապիլան (մ.թ.ա. 6-րդ դար)։ Սանքյան («սանքյա» նշանակում է թիվ, հաշվարկում, այլ կերպ՝ ճշմարիտ սկզբունքներ թվարկող) դուալիստական փիլիսոփայություն է, որն ընդունում է իրարից անկախ երկու սկիզբների՝ «փուրուշայի» և «փրաքրիթիի» գոյությունը։ Դրանցից առաջինը բանական սկիզբ է, հավերժական գիտակցություն, տիեզերքում կատարվող ամեն մի փոփոխության վկան։ Երկրորդը տիեզերքի անգիտակցական հավերժական նախասկիզբն է, որի կոչումն է ծառայել Ես-ին։ Սանքյայի դպրոցին ազգակից է յոգայի փիլիսոփայությունը, որի հիմնադիրն է համարվում Փաթանջալին (մ.թ.ա. 2-րդ դար)[12]։
Բուդդայականությունը առաջացել է հյուսիսարևելյան Հնդկաստանում՝ Գանգես գետի հովտում գտնվող Մագադհա, Կոշալա և Լիչխավի թագավորությունների տարածքում[13]։ Մ.թ.ա. I հազարամյակի կեսերը Հնդկաստանում անկում էր ապրում վեդայական կրոնը, որի հետևանքով առաջ են գալիս բազմապիսի կրոնափիլիսոփայական ուսմունքներ։ Դրանք հիմվում էին ճգնավոր ասկետները, շրամանների ու փիլիսոփաների կողմից։ Միևնույն ժամանակ տեղի էր ունենում պետական իշխանության ամրապնդման աշխույժ գործընթացներ, որի արդյունքում թագավորի ու բանակի դերը մեծանում էր՝ ի հաշիվ հոգևորականության[14]։
Բուդդիզմի ծագում
խմբագրելԲուդդայի հայրը՝ Շուդհոդանա թագավորը, իրեն մեկուսացրել էր արտաքին աշխարհից, շրջապատել էր շքեղությամբ և անում էր ամեն ինչ, որպեսզի թագաժառանգը ոչ մի դժվարություն չտեսնի։ Գաուտաման ապրում էր անհոգ կյանք, նա ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ և արդեն ուներ մի երեխա։
Երբ նա դուրս է գալիս պալատից և ականատես լինում բորոտի, զառամյալ ծերունու, ապա՝ թաղման արարողության հետ։ Այսպես անհոգ թագաժառանգը իմանում է, որ աշխարհում կա հիվանդություն, ծերություն և մահ։ Հետո նա հանդիպում է մի չքավոր ճգնավորի, ում կյանքում ոչ մի բան պետք չէր։ Այդ ամենից ցնցված արքայազնն սկսում է մտածել մարդկային կյանքի իմաստի մասին։ Նա փախչում է պալատից և 29 տարեկանում միանում է թափառական ճգնավորակյացներին, որոնց հետ անց է կացնում վեց տարի։ Այդ տարիները խորը մտածմունքների մեջ անցկացնելով, նա 35 տարեկանում դառնում է Բուդդա՝ լուսավորված, արթնացած։ Դրանից հետո Բուդդան 45 տարի քարոզում է իր ուսմունքը։ Բուդդայի աշակերտների թիվն անընդհատ աճում է։ Նրանք միանում են բուդդայական համայնքներին՝ սանգհաներին, որոնք հետո ձևավորեցին բուդդայական վանքեր։ Բոլոր ուղղություններով ուղարկվում են առաքյալներ, ովքեր պետք է տարածեին նոր ուսմունքը։ Բրահմայականները նույնպես դիմում են բուդդիզմին։
Բուդդայականությունը տարածվեց քաղաքային ստորին խավերում։ Տիրապետող դասակարգերը որոշ դիմադրությունից հետո ճանաչեցին ու աջակցեցին բուդդայականությանը՝ ելնելով իրենց դասակարգային շահերից։ Միաժամանակ նրա գաղափարախոսությունը պահանջում էր հաշտություն ու հնազանդություն և այդ պատճառով էլ տիրապետող դասակարգի համար անվտանգ էր թվում[14]։
Բուդդիզմի փիլիսոփայությունը խարսխվում է մի շարք սկզբունքների վրա, որոնցից առավել կարևորներն են տիեզերքի համընդհանուր պատճառավորվածության և գոյի անընդհատ լինելության ու փոփոխության սկզբունքները։ Ամբողջ տիեզերքում իշխում է պատճառականության օրենքը, չկա մի երևույթ, որը չունենա իր պատճառը։ Բուդդիզմը մերժում է նաև հոգու գոյությունն իբրև մի ամբողջական ու անփոփոխ գոյացություն։ Ինչպես մարմինը կազմված է նյութական, այնպես էլ հոգին՝ հոգևոր մասնիկներից, որոնք կոչվում են «դհարմաներ»։ Հոգու անմահության, վերաբնակեցման և վերամարմնավորման գաղափարներն ընդունվում են բուդդիզմի կողմից։ Ինչպես մարմնի մեռնելուց հետո դրա տարրերը սփռվում են տիեզերքով մեկ, այնպես էլ հոգու տարրերը միավորվելով այլ տարրերի հետ՝ գոյացնում են նոր հոգիներ։
Ի տարբերություն համաշխարհային մյուս՝ ավելի երիտասարդ կրոնների՝ քրիստոնեության և իսլամի, բուդդիզմը չի ընդունում արարիչ աստծո գոյությունը։ Աստվածներ գոյության ունեն, բայց նրանք կատարելության հասած մարդիկ են։ Աստծո գոյությունը և աշխարհում գոյություն ունեցող չարիքը, վիշտն ու տառապանքը իրարամերժ են։ Աստվածներ դարձած մարդկանց խնդիրն է օգնել մյուս մարդկանց՝ դուրս գալու լինելության հավերժական շրջապտույտից և ընկնելու նիրվանայի մեջ։
Բուդդայի վարդապետության արդյունքում հիմնվեցին մի քանի դպրոցներ, որոնց խմբավորում են երկու ուղղության մեջ՝ հինայանա (հինդի՝ हीनयान՝ փոքր անիվ) և մահայանա (հինդի՝ महायान՝ մեծ անիվ)։ Եթե հինայանա ուղղության ներկայացուցիչները ընդունում են ներքին և արտաքին աշխարհների ռեալությունը և կարծում էին, որ նիրվանային հասնելու նպատակը բոլոր տեսակի տառապանքներից ազատագրվելն է, ապա մահայանա ուղղության ներկայացուցիչները մարդու փրկությունը կախման մեջ էին դնում աստծո ողորմածությունից։ Բացի դրանից, նիրվանային հասնելու նպատակը համարում էին ոչ թե սեփական տառապանքների ավարտը, այլ կատարյալ իմաստության հասնելը և բոլոր կենդանի գոյացությունների ազատագրումը տառապանքներից[15]։
Սկզբունքներ
խմբագրելԼինելով կրոնափիլիսոփայական վարդապետություն՝ բուդդիզմը ուղղված էր բրահմանականության դեմ։ Վերջինս հասարակությունը բաժանել էր չորս վառնայի (զայնի), ըստ որի ընդունվում էր հասարակական չորս «կաստա» (խավ)՝ բրահմանների (հինդի՝ ब्राम्हण՝ քրմեր, ուսուցիչներ, մարգարեներ), քշատրիների (հինդի՝ क्षत्रिय՝ արքաներ, կառավարիչներ, ռազմիկներ, զինվորներ), վայշիշների (հինդի՝ वैश्य՝ երկրագործներ, արհեստավորներ, առևտրականներ) և շուդրաների (հինդի՝ शूद्र՝ ծառաներ և ստրուկներ)։
Ճշմարտություններ
խմբագրելԲուդդան առաջացրեց նոր սկզբունք՝ բոլոր մարդիկ նույնն են և հավասար։ Նրանք տարբերվում են ոչ թե ծագմամբ, մաշկի գույնով, սոցիալական դիրքով, այլ բարոյական գիտակցությամբ, բարձրագույն ճշմարտության ըմբռնմամբ։ Տառապանքներից ազատագրվելու և փրկվելու ուղին Բուդդան տեսնում էր ինքնակատարելագործման, ինքնուրույն կերպով բարին ու չարը ճանաչելու, ինքնամաքրագործման ու ինքնաճանաչողության մեջ։ Զոհաբերությունների ծիսակատարությունների համակարգը նա փոխարինեց հաճույքների, կրքերի և ցանկությունների զոհաբերմամբ[16]։
Բուդդիզմի փրկության վարդապետության հիմքում ընկած է չորս «վեհագույն ճշմարտությունների» մասին ուսմունքը՝
- մարդկային կյանքը տառապանք է. գոյություն ունենալ նշանակում է տառապել
- տառապանքները ծնվում են որոշակի պատճառներից. ցանկություններ, կրքեր, ձգտումներ, ապրելու տենչ
- ազատագրվելու ուղին. այն է՝ հրաժարվել ցանկություններից, զսպել կրքերը, ձգտումները
- առաքինություններ. մարդը ազատվում է տառապանքներից և հայտնվում հանգիստ վիճակում
Բուդդայի 8 առաքինություններն են.
- ճշմարիտ հայացք. ազատվել մոլորություններից, որի համար պետք է հասկանալ 4 ազնիվ ճշմարտությունները
- ճշմարիտ վճռականություն. հեռու մնալ աշխարհիկ կյանքից, վատ մտադրություններից, մարդկանց նկատմամբ ունեցած թշնամանքից
- ճշմարիտ խոսք. հեռու մնալ ստախոսությունից, զրպարտությունից, դաժան խոսքերից, անիմաստ խոսակցություններից
- ճշմարիտ վարքագիծ. հրաժարում ամեն ապրողի սպանությունից, զգայական հակումների կեղծ բավարարումից
- ճշմարիտ ապրելակերպ. ապրել ազնվորեն, նույնիսկ կյանքը պահպանելու համար չդիմել արգելված միջոցների
- ճշմարիտ ջանք (ջանադրություն.՝ պետք է հեռացնել վատ մտքերը և ծնել լավ մտքեր և դա կատարել անընդհատ
- մտքի ճշմարիտ ուղղվածություն. պետք է ամեն ինչ ընդունել այնպես, ինչպես կա՝ մարմինը մարմին է, միտքը՝ միտք, և առաջնորդվել այն մտայնությամբ, որ այս աշխարհում ամեն ինչ անցողիկ է
- ճշմարիտ կենտրոնացում. որը ներառում է 4 հաջորդական աստիճաններ.
- զուտ ուրախություն, էքստազ, որը ծնվում է առանձնացմամբ և օբյեկտի մտային ուսումնասիրությամբ
- ներքին հանգստություն և խաղաղություն՝ ազատում դատողություններից և ուսումնասիրություններից
- ազատում էքստազից, ուրախությունից, մարմնական բոլոր զգայություններից ազատվելու գիտակցում և կատարյալ անխռով վիճակի ձեռք բերում
- բացարձակ հանգիստ վիճակ, անտարբերություն ինքնատիրապետման, տառապանքի ազատության, նույնիսկ այդ վիճակի գիտակցման նկատմամբ։
Այս վիճակը կոչվում է «նիրվանա», որը ոչ կյանք է, ոչ մահ, կեցություն չէ, ոչ կեցություն էլ չէ, որում գտնված և կյանք վերադարձած մարդիկ ազատվում են Սանսարայի և Կարմայի ազդեցություններից, հոգին ազատում մարմնական կապանքներից և դառնում իմաստուն[17]։
Հիմունքներ
խմբագրելՄի քանի տարի սեփական մտավոր կարողությունները ուսումնասիրելու ընթացքում Բուդդա Շաքյումանին գալիս է այն եզրակացության, որ մարդկանց տանջվելու պատճառը հենց մարդիկ են, իրենց կապվածությունը կյանքին, նյութական հարստություններին, հավատին՝ առ անփոփոխ հոգի և այլն։ Տանջանքներին վերջ տալու և նիրվանային հասնելու համար պետք է հրաժարվել այդ կապանքներից և սահմանափակումներ դնել[19]։
Բուդդայի համոզմամբ՝ իր ուսմունքը աստվածային անկեղծություն էր, որը նա ստացել էր սեփական հոգու պայծառակերպությունից։ Ըստ ուսմունքի՝ յուրաքանչյուր մարդ կարող է հասնել կատարելության, սակայն արդյունքը հարաբերական է՝ կախված մարդու հնարավորությունից, կամքի ուշից ու ցանկությունից։
:
Երկուսուկես հազար տարվա ընթացքում բուդդայականությունը տարածվել է և իր մեջ ընդգրկել բազմատեսակ սովորույթներ ու ծիսակարգեր։ Նրա հետևորդները ինքնաճանաչման համար օգտագործում են մեդիտացիան, հաճո գործերը կամ Բուդդային խոնարհվելը[22]։
Բուդդայի տասը պատվիրաններ
խմբագրելՍանսկրիտից «նիրվանա» թարգմանաբար նշանակում է մարել, հանգցնել կրակը։ Նիրվանայի մեջ ընկածը իր մեջ մարում է ատելության, նախանձի և տգիտության կրակը։ Ըստ Բուդդայականության՝ նիրվանան բացարձակ սիրո, հոգևոր երանության և ներշնչման վիճակ է։ Նիրվանան լուսավորման, պայծառացման գործընթաց է, անհատական կեցության արժանի միացումը բացարձակ կեցությանը՝ բրահմանին։ Բայց նիրվանա կիրականանա, եթե բուդդայականը առաջնորդվի Բուդդայի 10 պատվիրաններով[23]՝
- Մի՛ կործանիր որևէ մեկի կյանքը (ոչ մեկին չզրկել կյանքից)
- Մի՛ խլիր ուրիշի ունեցվածքը
- Մի՛ ստիր
- Մի՛ խմիր հարբեցնող խմիչքներ
- Մի՛ զբաղվիր անօրեն սեռական հարաբերություններով
Այս հինգ պահանջները պարտադիր են բոլորի համար։ Հաջորդ հինգը միայն հոգևորականների համար են՝
- Անժամանակ մի՛ սնվիր (որոշ դեպքերում նշվում է. ժամը 16-ից հետո այլևս չսնվել)
- Զարդեր մի կրիր և խուսափիր օծանելիքից
- Քնիր կոշտ անկողնում (չօգտագործել բարձ կամ փափուկ մահճակալ)
- Խուսափի՛ր պարից, երաժշտությունից և զվարճախաղերից
- Մի՛ ունեցիր ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ
Ուսմունքի տարածում
խմբագրելԲուդդայականությունը Մաուրենների դինաստիայի օրոք (մ.թ.ա. 4-րդ դար) Հնդկաստանում դարձել է իշխող, իսկ Աշոկա կայսրը (մ.թ.ա. 273-232) նրան տվել է պետական կրոնի նշանակություն և նպաստել նրա տարածմանը այլ երկրներում՝ ընդհուպ մինչև Միջին Ասիա և Սիբիր։ Մ.թ.ա. 3-րդ դարից մինչև մ.թ. 1-ին հազարամյակի կեսերը բուդդայականությունն ընդունվել է Ինդոնեզիայում, Հնդկաստանում, մ.թ. 1-ին դարից սկսած թափանցել Չինաստան, Տիբեթ, 4-6-րդ դարերում՝ Կորեա, Ճապոնիա, 16-17-րդ դարերում՝ Մոնղոլիա, 18-րդ դարում՝ Բուրյաթիա։
Հարավարևելյան երկրներում հաստատվել է բուդդայականության հինայանա ուղղությունը՝ հարավային բուդդիզմ անվամբ, հյուսիսում՝ մահայանա՝ հյուսիսային բուդդիզմ անվամբ։ Հնդկաստանում ուսմունքի ծաղկումը տևել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսից մինչև մ.թ. 1-ին հազարամյակի սկիզբը, որից և սկսվում է հինդուիզմի զարգացումը[24]։
Բուդդիզմն այսօր իր մեծությամբ աշխարհի չորրորդ կրոնն է՝ քրիստոնեությունից, իսլամից և հինդուիզմից հետո։ Սանգհա վանականների օրդենը, որն սկիզբ է առել Բուդդայի կենդանության օրոք, աշխարհի հնագույն կազմակերպություններից է։ Բուդդիզմը եղել է առաջին համաշխարհային կրոնը և եղել է աշխարհի ամենամեծ կրոնը 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում՝ 1951 թվականին Բուդդիզմն ունեցել է 520 միլիոն հետևորդ։ Այդ ժամանակ մեծությամբ երկրորդը քրիստոնեությունն էր՝ 500 միլիոն հետևորդով։
Նշումներ
խմբագրել- ↑ "Buddhism". (2009). In Encyclopædia Britannica. Retrieved November 26, 2009, from Encyclopædia Britannica Online Library Edition
Արտաքին հղումներ
խմբագրելhttps://www.facebook.com/BuddhaArmenia/ Բուդդայականության վերաբերյալ հայերեն էջ ֆեյսբուքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Online Sanskrit Dictionary (անգլ.) Buddha — Լուսավորված (The Enlightened One). Dharma — Օրենք, Ճշմարտություն, Ուսմունք (Law, Truth, Doctrine).
- ↑ Lopez, 2001, էջ 239
- ↑ Lopez, Donald. «Buddha: Founder of Buddhism». Encyclopedia Britannica. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ Guang Xing (2005). The Three Bodies of the Buddha: The Origin and Development of the Trikaya Theory. Oxford: Routledge Curzon: pp.1 and 85
- ↑ Զաքարյան Սեյրան, Փիլիսոփայության պատմություն, Երևան, «Նաիրի», 2000, էջ 13-14 — 336 էջ։
- ↑ Զաքարյան Սեյրան, Փիլիսոփայության պատմություն, Երևան, «Նաիրի», 2000, էջ 15-16 — 336 էջ։
- ↑ Կեսոյան, Փիլիսոփայություն, Երևան, 2003, էջ 24 — 280 էջ։
- ↑ Սարգսյան Արամ, Փիլիսոփայության դասընթաց։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Տնտեսագետ», 2008, էջ 72-73։
- ↑ Զաքարյան Սեյրան, Փիլիսոփայության պատմություն, Երևան, «Նաիրի», 2000, էջ 19-20 — 336 էջ։
- ↑ Ասմուս Վ. Ֆ. և ուրիշներ, Փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ, Երևան, 1979, էջ 28։
- ↑ Զաքարյան Սեյրան, Փիլիսոփայության պատմություն, Երևան, «Նաիրի», 2000, էջ 22-24 — 336 էջ։
- ↑ Զաքարյան Սեյրան, Փիլիսոփայության պատմություն, Երևան, «Նաիրի», 2000, էջ 24-27 — 336 էջ։
- ↑ Торчинов Е. А., Введение в буддологию: курс лекций, Սանկտ Պետերբուրգ, 2000, էջ 7-9 — 304 էջ։
- ↑ 14,0 14,1 Ասմուս Վ. Ֆ. և ուրիշներ, Փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ, Երևան, 1979, էջ 27։
- ↑ Զաքարյան Սեյրան, Փիլիսոփայության պատմություն, Երևան, «Նաիրի», 2000, էջ 21 — 336 էջ։
- ↑ Զաքարյան Սեյրան, Փիլիսոփայության պատմություն, Երևան, «Նաիրի», 2000, էջ 20-21 — 336 էջ։
- ↑ Սարգսյան Արամ, Փիլիսոփայության դասընթաց։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Տնտեսագետ», 2008, էջ 81-82։
- ↑ Info on Bodhgaya
- ↑ Лестер Р. Ч., Буддизм: Путь к нирване // Религиозные традиции мира. В двух томах., հ. 2, Մոսկվա, «КРОН-ПРЕСС», 1996, էջ 264-394 — 640 էջ, ISBN ISBN 5-232-00311-9։
- ↑ Терентьев А. А., Буддизм // Энциклопедия религий, Մոսկվա, «Академический проект», 2008, էջ 202-212 — 1520 էջ, ISBN ISBN 978-5-8291-1084-0։
- ↑ Урбанаева И. С., Специфика буддизма как философии и религии, հ. 8, Ուլան Ուդե, «Вестник Бурятского государственного университета», 2009, էջ 264-394 — 61-69 էջ, ISBN ISSN 1994-0866։
- ↑ Торчинов Е. А., Введение в буддологию: курс лекций, Սանկտ Պետերբուրգ, 2000, էջ 19 — 304 էջ։
- ↑ Սարգսյան Արամ, Փիլիսոփայության դասընթաց։ Ուսումնական ձեռնարկ, Երևան, «Տնտեսագետ», 2008, էջ 82-83։
- ↑ , Հայկական սովետական հանրագիտարան (խմբ. Աբել Սիմոնյան), Երևան, 1976, էջ 584 — 720 էջ։
Գրականություն
խմբագրել- Васильев Л. С., История религий Востока, М., 1988
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդդայականություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 584)։ |