Անտանտ (ֆր.՝ entente — համաձայնություն), ռազմաքաղաքական դաշինք Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի միջև՝ ստեղծված որպես հակակշիռ Եռյակ միությանը՝ A-Entente ՝ Գերմանիային, Ավստրո-Հունգարիային և Իտալիային։ Ձևավորվել է հիմնականում 1904-1907 թվականներին և մեծ տերությունների սահմանազատումն ավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Եզրույթն առաջացել է 1904 թվականին՝ ի սկզբանե նշանակելով անգլո-ֆրանսիական դաշինքը, ընդ որում կիրառվում էր l’Entente cordiale («սրտակից համաձայնություն») արտահայտությունը՝ ի հիշատակ 1840-ական թվականներին նույն անվանումը կրող անգլո-ֆրանսիական կարճատև դաշինքի։

1914 թվականի ռուսական պաստառ
1917 թվականի ռուսական պաստառ

Անտանտի կազմավորումը խմբագրել

 
Ռազմա-քաղաքական միությունները Եվրոպայում Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին

20–րդ դարի սկզբին միջազգային հարաբերություններում եղան զգալի փոփոխություններ։ Բրիտանիան ստիպված էր դուրս գալ իր կողմից իրականացվող փայլուն մեկուսացման քաղաքականությունից և սկսել հավասարակշռող դաշինքների որոնման և ձևավորման քաղաքականություն։ 1902 թվականին կնքվեց անգլո-ճապոնական համաձայնությունը, որով Անգլիան իրեն ապահովեց ընդդեմ Ռուսաստանի, քանի որ Ռուսաստանը և Ճապոնիան հակամարտող կողմեր էին։ Անհրաժեշտ էր նաև դաշնակից որոնել ընդդեմ Գերմանիայի։ Գերմանիան ուներ հզոր ցամաքային բանակ և եվրոպական միակ պետությունը, որը կարող էր իր ցամաքային բանակով մրցել Գերմանիայի հետ և նրա հետ ուներ հակասություն դա Ֆրանսիան էր։ Ուստի անգլիական դիվանագիտությունը սկսեց աշխատել ֆրանս-անգլիական դաշինքի ձևավորման օգտին։ Ֆրանսիան իր հերթին դաշնակից էր փնտրում ընդդեմ Գերմանիայի, քանի որ նրա հիմնական դաշնակից Ռուսաստանը զբաղված էր Հեռավոր Արևելքում Ճապոնիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ 1904 թվականի ապրիլի 8-ին Լոնդոնում հանդիպեցին ֆրանսիական և անգլիական կողմերը՝ կնքվեց ֆրանս-անգլիական արտաքին համաձայնագիրը, որը կոչվեց entente (համաձայնություն)։ Պայմանագիրը բաղկացած էր երկու մասից՝ մեկը ենթակա էր հրապարակման, մյուսը գաղտնի էր։ Հրապարակման ենթակա բաժնում կողմերը պարտավորվում էին Մարոկկյան հարցի շուրջ պահպանել 1880 թվականի Մադրիդյան կոնֆերանսի սկզբունքները, իսկ գաղտնի հատվածում Անգլիան ճանաչում էր Ֆրանսիայի իրավունքները Մարոկկոյի, իսկ Ֆրանսիան՝ Անգլիայի իրավունքները Եգիպտոսի նկատմամբ։

Ռուս-ճապոնական պատերազմի ավարտից հետո ձախողված Ռուսաստանը նորից թեքվեց դեպի Եվրոպա, որտեղ սակայն ուժերի վերադասավորման արդյունքում Ռուսաստանի շահերի տարածքում արդեն ներկա էր ոչ թե Մեծ Բրիտանիան, այլ Գերմանիան։ Հետևաբար Մեծ Բրիտանիան այլևս չէր դիտարկվում որպես հակառակորդ և նույն այս հիմնավորմամբ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի կողմից նույնպես չէր դիտարկվում որպես հակառակորդ։ Բացի այդ առկա էր նաև Ֆրանսիայի գործոնը, քանի որ վերջինս համարվում էր այս երկու երկրների դաշնակիցը։ 1907 թվականի օգոստոսի 31-ին Պետերբուրգում հանդիպեցին անգլո-ռուսական կողմերը և կնքվեց անգլո-ռուսական կոնվենցիան, որով վերջնական ձևավորում ստացավ Անտանտը՝ դառնալով ֆրանս-անգլո-ռուսական եռյակ խմբավորում, որը պետք է պայքարեր Եռյակ միության դեմ Մեծ պատերազմում։

Հիմնական թվականներ խմբագրել

Հակագերմանական դաշինքի ամբողջական կազմը խմբագրել

Պետություն Պատերազմում ընդգրկվելու ամսաթիվը Ծանոթագրություն
  Սերբիա 28 հուլիսի 1914 Պատերազմից հետո դարձավ Հարավսլավիայի հիմնաքարը։
  Ռուսաստան 1 օգոստոսի 1914 1918 թվականի մարտի 3-ին Գերմանիայի հետ կնքեց սեպարատ հաշտություն։
  Ֆրանսիա 3 օգոստոսի 1914
  Բելգիա 4 օգոստոսի 1914 Լինելով չեզոք երկիր՝ հրաժարվեց երկրի ներս թողնել գերմանական զորքերը, ինչն էլ հանգեցրեց Անտանտի կողմից պատերազմի մեջ ընդգրկվելուն։
  Մեծ Բրիտանիա 4 օգոստոսի 1914
  Չերնոգորիա 5 օգոստոսի 1914 Պատերազմից հետո մտավ Հարավսլավիայի կազմի մեջ։
  Ճապոնիա 23 օգոստոսի 1914
  Եգիպտոս 18 դեկտեմբերի 1914
  Իտալիա 23 մայիսի 1915 Լինելով Եռյակ միության անդամ՝ սկզբում հրաժարվեց սատարել Գերմանիային, իսկ հետո անցավ նրա հակառակորդների կողմը։
  Պորտուգալիա 9 մարտի 1916
  Հիջազ 30 մայիսի 1916 Պատերազմի ընթացքում անկախություն հռչակած Օսմանյան կայսրության արաբներով բնակեցված տարածք։
  Ռումինիա 27 օգոստոսի 1916 1918 թվականի մայիսի 7-ին սեպարատ հաշտություն կնքեց, բայց հենց նույն թվականի նոյեմբերի 10-ին մտավ պատերազմի մեջ։
  ԱՄՆ 6 ապրիլի 1917 Հակառակ տարածված կարծիքի՝ երբեք Անտանտի անդամ չի եղել՝ հանդիսանալով միայն դաշնակիցը։
  Պանամա 7 ապրիլի 1917
  Կուբա 7 ապրիլի 1917
  Հունաստան 29 հունիսի 1917
  Սիամ 22 հուլիսի 1917
  Լիբանան 4 օգոստոսի 1917
  Չինաստան 14 օգոստոսի 1917 Չինաստանը պաշտոնապես մտավ պատերազմի մեջ Անտանտի կողմից, բայց մասնակցում էր միայն ձևականորեն. ռազմական գործողություններում Չինաստանի զինված ուժերը մասնակցություն չունեցան[1]։
  Բրազիլիա 26 հոկտեմբերի 1917
  Գվատեմալա 30 ապրիլի 1918
  Նիկարագուա 8 մայիսի 1918
  Կոստա Ռիկա 23 մայիսի 1918
  Հայիթի 12 հուլիսի 1918
  Հոնդուրաս 19 հուլիսի 1918
  Բոլիվիա
  Դոմինիկյան Հանրապետություն
  Պերու
  Ուրուգվայ
  Էկվադոր
  Սան Մարինո

Որոշ պետություններ Կենտրոնական տերություններին (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) պատերազմ չհայտարարեցին՝ սահմանափակվելով միայն դիվանագիտական հարաբերությունների խզումով։

1919 թվականին՝ Գերմանիայի դեմ հաղթանակ տանելուց հետո Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացի կատարում էր «համաշխարհային կառավարության» գործառույթները՝ զբաղվելով հետպատերազմյան կարգուկանոնի հաստատմամբ, բայց Անտանտի քաղաքականության տապալումը Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ սահմանեց նրա ամենազորության սահմանագիծը՝ հանգեցնելով հաղթող պետությունների միջև հակասությունների։ «Համաշխարհային կառավարության» նման կարգավիճակով Անտանտը դադարեց գոյություն ունենալ Ազգերի լիգայի կազմավորումից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 440