Գիշերահավասար
Գիշերահավասարի և արևադարձի օրերը և պահերը ըստ UTC-ի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
տարի | Գիշերահավասար Մարտ |
Արևադարձ Հունիս |
Գիշերահավասար Սեպտեմբեր |
Արևադարձ Դեկտեմբեր | ||||
օր | ժամ | օր | ժամ | օր | ժամ | օր | ժամ | |
2010 | 20 | 17:32:13 | 21 | 11:28:25 | 23 | 03:09:02 | 21 | 23:38:28 |
2011 | 20 | 23:21:44 | 21 | 17:16:30 | 23 | 09:04:38 | 22 | 05:30:03 |
2012 | 20 | 05:14:25 | 20 | 23:09:49 | 22 | 14:49:59 | 21 | 11:12:37 |
2013 | 20 | 11:02:55 | 21 | 05:04:57 | 22 | 20:44:08 | 21 | 17:11:00 |
2014 | 20 | 16:57:05 | 21 | 10:51:14 | 23 | 02:29:05 | 21 | 23:03:01 |
2015 | 20 | 22:45:09 | 21 | 16:38:55 | 23 | 08:20:33 | 22 | 04:48:57 |
2016 | 20 | 04:30:11 | 20 | 22:34:11 | 22 | 14:21:07 | 21 | 10:44:10 |
2017 | 20 | 10:28:38 | 21 | 04:24:09 | 22 | 20:02:48 | 21 | 16:28:57 |
2018 | 20 | 16:15:27 | 21 | 10:07:18 | 23 | 01:54:05 | 21 | 22:23:44 |
2019 | 20 | 21:58:25 | 21 | 15:54:14 | 23 | 07:50:10 | 22 | 04:19:25 |
2020 | 20 | 03:50:36 | 20 | 21:44:40 | 22 | 13:31:38 | 21 | 10:02:19 |
2021 | 20 | 09:37:27 | 21 | 03:32:08 | 22 | 19:21:03 | 21 | 15:59:16 |
2022 | 20 | 15:33:23 | 21 | 09:13:49 | 23 | 01:03:40 | 21 | 21:48:10 |
2023 | 20 | 21:24:24 | 21 | 14:57:47 | 23 | 06:49:56 | 22 | 03:27:19 |
2024 | 20 | 03:06:21 | 20 | 20:50:56 | 22 | 12:43:36 | 21 | 09:20:30 |
2025 | 20 | 09:01:25 | 21 | 02:42:11 | 22 | 18:19:16 | 21 | 15:03:01 |
Գիշերահավասար, աստղագիտական երևույթ, որը տեղի է ունենում, երբ արեգակի կենտրոնը հայտնվում է երկրագնդի հասարակածը պարունակող հարթության վրա[1][2]։ Այդ պահին հարավային և հյուսիսային բևեռները հավասարահեռ են արևի կենտրոնին, ինչի շնորհիվ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։
Գիշերահավասարը լինում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։
Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է։ Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, և նրա սկավառակը չափսեր ունի, ապա հասարակածով նրա անցումը կտևի մոտ 33 ժամ։ Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են։ Նշենք, որ խոսքն Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է, իսկ իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը։ Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի՝ Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան)։
Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև՝ 21-ին և այժմ՝ 20-ին։ Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է և 26 000 տարում կատարում 1 մեկ լրիվ պտույտ։ Այստեղից, մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ։
Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվարկման համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի՝ ուղղակի ծագման հաշվարկը։ Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռևս զրադաշտական կրոնի ժամանակներից և ունի շուրջ 3000 տարվա պատմություն։
Հիշեցնենք, որ մեզանում ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի՝ Զատկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ։ Այսպես, ամեն տարի Զատկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է։ Ի դեպ, 2011 թվականին Զատկի օրը համընկել է թե' արևմտյան և թե' հայ առաքելական եկեղեցիներով։
Գարնանային գիշերահավասարը տեղի է ունենում մարտի 20-ին կամ մարտի 21-ին, երբ Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, իսկ աշնանային գիշերահավասարը տեղի է ունենում սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 23-ին, երբ այն հյուսիսայինից անցնում է հարավայինին։ Այդ օրերին Արեգակը ծագում է գրեթե ճշգրիտ արևելքում և մայր է մտնում գրեթե ճշգրիտ արևմուտքում, օրվա տևողությունը ամբողջ երկրագնդի վրա գրեթե ճշգրիտ հավասարվում է գիշերվա տևողությանը (գիշերահավասարի պահի անցման, արեգակի չափսերի և ռեֆրակցիայի պատճառով ցերեկը տևում է ավելի երկար)։ Բացառություն են կազմում միայն բևեռները. Արեգակի չափսերի պատճառով այնտեղ ամբողջ ցերեկը և գիշերը կիսով չափ երևացող Արեգակը պտտվում է հորիզոնով։
Գիշերահավասարի կետեր
խմբագրելԵրբ արեգակը տարեկան տեղափոխման ընթացքում գտնվում է խավարածրի ու երկնային հասարակածի հատման կետերի տեղում, գիշերվա և ցերեկվա տևողությունները երկրի վրա բոլոր վայրերում լինում են իրար հավասար։ Գիշերահավասարի այն կետը, ուր արեգակը լինում է մարտի 21-ին, կոչվում է գարնանային գիշերահավասարի կետ․ նշանակվում է γ (խոյ համաստեղության նշանով)։ Որոշ աստղագիտական հաշվարկներում γ ընդունվում է որպես կոորդինատների սկզբնակետ։ Խավարածրի ու հասարակածի հատման մյուս՝ աշնանային գիշերահավասարի կետում, Արեգակը գտնվում է սեպտեմբերի 23-ին։ Այդ կետը նշանակվում է Ω (Կշեռք համաստեղության նշանով)։
Ազգեր և կրոններ, որոնք Նոր տարվա սկիզբը տոնում են գիշերահավասարի օրը
խմբագրելԶրադաշտականությունից փոխառվել է Նոռուզը, տոնում են՝
- Իրան (տես՝ Պարսկական տոմար)
- Աֆղանստան
- Տաջիկստան
- Ուզբեկստան
- Թուրքմենստան
- Ղազախստան
- Ղրղզստան
- Բահաի հավատք
- Ադրբեջան
Սեպտեմբերի 22-ը նույնպես տարվա սկիզբ է նշանակել Ֆրանսիական հանրապետական տոմարով։
Պատմական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել գիշերահավասարին
խմբագրել- Տես։ Մարտի 20
- Տես։ Մարտի 21
- Տես։ Մարտի 22
- Տես։ Սեպտեմբերի 21
- Տես։ Սեպտեմբերի 22
- Տես։ Սեպտեմբերի 23
Արևային ինտերֆերենցիա
խմբագրելԱրևային ինտերֆերենցիան արևային ճառագայթման հետ արբանյակից ընդունվող ռադիոազդանշանի ինտերֆերենցիոն աղավաղումն է։ Այն տեղի է ունենում, երբ ընդունիչ կայանից դիտելիս արեգակը երկնակամարում հայտնվում է արբանյակի շրջակայքում։ Համընդհանուր այս երևույթը տեղի է ունենում տարին երկու անգամ գիշերահավասարի շրջանում և տևում է մոտ 3.5 շաբաթ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Equinoxes». Astronomical Information Center. United States Naval Observatory. 2019 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «ESRL Global Monitoring Division - Global Radiation Group». NOAA. www.esrl.noaa.gov (ամերիկյան անգլերեն). U.S. Department of Commerce. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |