Գեյշան մի կին է, ով զբաղեցնում է իր հաճախորդ «հյուրերին», կատարելով նրանց համար ճապոնական երգեր ու պարեր, ճապոնական արարողակարգով թեյ մատուցելով, տարբեր թեմաներով զրույցներ անելով։ Գեյշաները հիմնականում աշխատում են թեյի տներում, այնտեղ ավանդական բանկետներ (օ-զաշիկի) անցկացնելով, ճապոնական ոճի հյուրանոցներում և ճապոնական ավանդական հյուրանոցներում։ Այդ հաստատություններում գեյշան հանդես է գալիս որպես երեկոյի տիրուհի՝ վարում է զրույցներ, նպաստում է հյուրերի ուրախ ժամանակ անցկացնելուն, հաճախ նրանց հետ սիրաբանելով, բայց միևնույն ժամանակ պահպանելով արժանապատվությունը։

Գեյշա բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «արվեստի մարդ»։ Հանդիպում են նաև այլ անուններ։ Այսպես, օրինակ՝ գեյշաների մշակույթի կենտրոն համարվող Կիոտո քաղաքում գործածական են գեյկո, իսկ նոր սովորողների համար՝ մայկո անունները։ Տոկիոյում գեյշաների աշակերտուհիներին ասում են հանգյոկու՝ կիսաթանկարժեք քար (նկատի ունենալով, որ նրանց ժամանակը կիսով չափ էժան է գեյշայի ժամանակից)։ Գործածական է նաև օ-շակու՝ անունը, որը նշանակում է սակե լցնող։

Աշխատանքի բնույթը խմբագրել

Գեյշան երաժշտության, պարի և զվարճանքի գիտակ է։ Նա երկար տարիներ սովորում է նվագել զանազան երաժշտական գործիքների վրա, երգել, պարել և տղամարդկանց ընկերախմբում կատարյալ տանտիրուհի լինել։

Գեյշայի պարը, վարսերի հարդարումը, հագուստը և շարժուձևը հաշվարկված են, որպեսզի համապատասխանեն տղամարդու իդեալական կնոջ պատկերացմանը, և տղամարդիկ պատրաստ են վիթխարի գումարներ ծախսել գեյշաներից իրենց ցանկացած կամ գրեթե ցանկացած քմահաճույքն ստանալու համար։

Շատ արևմտացիներ շփոթում են գեյշաներին մարմնավաճառների հետ։ Սակայն, Ճապոնական մշակույթի նրբությունները հասկացողները գիտեն, որ դա այդպես չէ։

Իսկական գեյշան հաջողակ է, որովհետև նա անընդհատ ձգտում է անհասանելի կատարելության։ Երբ տղամարդիկ վարձում են գեյշա՝ իրենց զվարճացնելու համար, ապա նրանց միջև սեռական հարաբերություններ տեղի չի ունենում։ Գեյշան զբաղեցնում է երգով, պարով, պատմություններ պատմելով, ուշադրությամբ և սիրահետությամբ։ Նա կարող է զրուցել քաղաքականությունից և նույն հեշտությամբ կարող է բացատրել խմելու կամ որևէ խաղի կանոնները։

Կար ժամանակ, երբ ընդհանրապես ճապոնացի կանանց արգելվում էր հասարակական կյանքին մասնակցություն ունենալ, և գեյշաները հենց այն կանայք էին, ովքեր կարող էին ուշադիր և հոգատար դեր տանել գործնական հանդիպումների ժամանակ։

Սկզբում գեյշաները տղամարդիկ էին, և նրանք զվարճացնում էին մարդկանց ամբողջ Ճապոնիայով մեկ։ Սոցիալական սահմանափակումները թելադրում էին, որ կանայք չէին կարող զբաղեցնել հավաքույթների մասնակիցներին։ Այդ տղամարդիկ վարում էին զրույցներ, ցուցադրում էին ներկայացումներ և շողոքորթում էին ներկա գտնվող ազնվականներին և մտավորականներին։

Ժամանակն առաջ էր ընթանում, և մասնավորապես Ճապոնիայի աղքատ տարիներին, գեյշաների հաջողությունը հանգեցրեց այն բանի, որ բազմաթիվ սնանկացած ծնողներ ստիպված էին վաճառել իրենց դուստրերին գեյշաների կացարանին (օկիյա)։

Հինգ կամ վեց տարեկանից ուսուցանվող այս երեխաները դառնում էին հաջողված գեյշաներ և հետագայում պետք է փոխհատուցեին դասընթացի վրա ծախսած գումարը։

Այսօր երիտասարդ կանանց համար գեյշա դառնալը ասես բժշկի մասնագիտություն լինի։ Նրանք հաճախում են դասընթացների ավագ դպրոցը ավարտելուց հետո։ Դասընթացները շատ խիստ են, և միայն նվիրված կանայք կարող են համալրվել գեյշաների շարքերը։

Սեռական հարաբերությունները խմբագրել

Գեյշան կարող է վճռել սեռական հարաբերություն ունենալ այն հաճախորդի հետ, ում հետ նա ձևավորել է հատուկ հարաբերություններ, բայց սա նրա գործի մասը չի կազմում և նա մի գիշերվա համար չէ։ Սրանք երկարատև հարաբերություններ են։ Գեյշային մշտական հաճախորդի (դաննա) հետ կապելու արարողությունը նման է ճապոնական ամուսնությանը, և եթե գեյշան և իր դաննան վճռեն վերջ դնել այդ հարաբերություններին, ապա նրանք անցկացնում են «ամուսնալուծությանը» նման մեկ այլ վերջնական արարողություն։

Կենցաղը խմբագրել

Չնայած գեյշաների ամբողջ ուշադրությունը տղամարդկանց վրա է, սակայն նրանք ապրում են մայրիշխանական շրջապատում։ Կանայք են վարում օկիյայի տնտեսությունը, կանայք են սովորեցնում աղջիկներին այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են գեյշա դառնալու համար, նրանք են աշխատեցնում թեյարանները և կարող են փլուզել գեյշայի կարիերան։ Եթե գեյշան վիրավորանք հասցնի այն թեյարանի տիրուհուն, որտեղ նա ծավալում է իր բիզնեսը, ապա նա ամբողջովին կկորցնի իր ապրուստը։

Գեյշան միշտ միայնակ կին է, եթե նա որոշում է ամուսնանալ, ապա նա թողնում է իր մասնագիտությունը։

Զգեստը խմբագրել

Աշխատանքի անցնելու նախապատրաստությունները տևում են ժամեր։ Գեյշային բնորոշ արտաքին տեսքը հրապուրանքի մի մասն է։ Արտաքինով կարելի է նաև միմյանցից տարբերել գեյշային և մայկոյին, ինչպես նաև դեռահաս գեյշային չափահասից։

Ի տարբերություն սովորական կիմոնոյի, գեյշայի կիմոնոն ընդգծում է նրա պարանոցը։ Ճապոնական մշակույթի համաձայն, այն համարվում է կնոջ ամենազգայուն մասը։

Կիմոնոն կարող է արժենալ հազարավոր դոլարներ։ Մայկոն կրում է ավելի երկար, գունագեղ և ասեղնագործությամբ նրբորեն զարդարված կամ ձեռքով նկարված ձևավորումներով և երկար թևքեր ունեցող կիմոնո (դրանք դիպչում են գետնին, երբ նա իջեցնում է իր ձեռքերը)։ Նրա օձիքը կարմիր է, իսկ օբին՝ երկար և լայն։ Կրում է օկոբո կոչվող բարձր, փայտե կոշիկներ, որպեսզի իր կիմոնոն գետնով քարշ չգա։ Բացի դրանից, սովորում է քայլել այս հանդերձանքով առանց վայր ընկնելու։

Յուրաքանչյուր գեյշա ունի կիմոնո հագնելու համար իր օգնականը, քանի որ շատ դժվար է այն ճիշտ հագնել և գրեթե անհնար դա անել միայնակ։ Մայկոյի օբին այնքան երկար է, որ նա նույնիսկ չի կարող առանց օգնության գետնից բարձր պահել։

Երբ մայկոն դառնում է գեյշա, նա իր կարմիր օձիքը փոխում է սպիտակի և մայկոյի կիմոնոն՝ գեյշայի։

Կար ժամանակ, երբ սպիտակ շպարը, որն օգտագործում էին միայն գեյշաները, թունավոր էր և պատրաստվում էր կապարից։ Այժմ այն արդեն վնասակար չէ։ Եթե մայկոն ձգտում է ավանդական տեսք ունենալ, ապա առաջին հերթին նա երեսին քսում է քսուկ և մի շերտ մեղրամոմ։ Այս ամենի շնորհիվ նրա մաշկը դառնում է կատարյալ հարթ, և միայն այս ամենից հետո կարելի է քսել սպիտակ դիմափոշին, կարմիր շրթներկը միայն ստորին շուրթին, ինչը վկայում է սկսնակ լինելու մասին։

Նախքան սկսնակ դառնալը երիտասարդ կինը իր վարսերը շատ երկար է աճեցնում, որպեսզի հնարավոր լինի հարդարել մայկոյին համապատասխան սանրվածք։ Կրում է առնվազն հինգ տարբեր ոճեր, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում է իր կարիերայի տարբեր փուլերը։

Սկսնակ գեյշաներն ամեն շաբաթ ժամեր շարունակ անց են կացնում գեղեցկության սրահում՝ իրենց սանրվածքը պահպանելու համար։ Նրանք քնում են գլուխները դնելով հատուկ բարձերի վրա, որոնց մեջտեղում կա մի անցք։ Վերջինս նախատեսված է քնելու ժամանակ սանրվածքը չփչացնելու համար։

Հարկ է նշել, որ գեյշայի արտաքին տեսքը, շարժուձևը և աշխատանքը տղամարդկանց գոհացնելու համար է։

Ուսումը խմբագրել

Գեյշա դառնալու առաջին քայլը օկիյա դիմելն ու ընդունվելն է։ Օկիյան գեյշաների կացարանն է, որի տիրուհին հենց ինքն է վճարում դասընթացի համար։ Այդ կնոջն ասում են օկասան, ինչը նշանակում է մայր։

 

Այս և երբեմն նաև իր հետագա կարիերայի ընթացքում գեյշան բնակվում է օկիյայում, որը գիշերօթիկ դպրոցի նման մի բան է գեյշաների և գեյշա-ուսուցիչների համար։

Օկիյան գեյշայի կյանքի մեծ մասնիկն է։ Այդտեղ գտնվող կանայք իր գեյշա ընտանիքն է, և օկասանն էլ ղեկավարում է իր կարիերան։ Իր վաստակած գումարից գեյշան տոկոսներ է վճարում՝ տունը պահելու և այն մարդկանց օժանդակելու, ովքեր գեյշաներ չեն, այդ թվում սկսնակ, կամ թոշակի անցած գեյշաներին և աղախիններին։

Գեյշան սովորում է արվեստ կաբուրենջոյում։ Սա գեյշաներին կրթելու համար նախատեսված դպրոց է։ Այստեղ կա թատրոն, որտեղ գեյշաները հազվադեպ են հանդես գալիս իրենց բեմադրություններով։ Ուսման ընթացքում գեյշան սովորում է նվագել։ Հավաքույթների և ներկայացումների ժամանակ նա նվագում է շամիզեն, ցուզումի ու այլ նվագարաններ և սովորաբար նրան ձայնակցում է մեկ այլ երգող գեյշա։

Բացի նվագելուց գեյշաները սովորում են երգել, պարել ճապոնական ավանդական նիհոն-բույո պարը։ Սովորում են նաև թեյի արարողություն կատարելը, ինչպես նաև յուրացնում են ծաղիկների ձևավորման և գեղագրության արվեստները։ Բացի դա, գեյշան իր ուսման ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ, մասնավորապես հետևում է քաղաքական նորություններին՝ հաճախորդների հետ համապատասխան զրույցներ վարելու համար։

Երիտասարդ կինը երկար տարիներ անց է կացնում ոչ միայն արվեստներ, այլև իրեն նրբագեղ պահելաձև սովորելով։ Օրինակ՝ խոսել այն շրջանի ակցենտով, որտեղ նա աշխատում է, քայլել մինչև հատակը երկարություն ունեցող կիմոնոյով՝ առանց եզրերը տրորելու և սակեն այնպես լցնել, որ կիմոնոյի թևերը չմտնեն բաժակի մեջ։ Գեյշան պետք է իմանա նաև, թե տղամարդկանցից որին պետք է առաջինը խոնարհվի և որքան խորը խոնարհվի ամեն մեկին, ինչպես շողոքորթի ամաչկոտին, ինքնահավանին կամ անհետաքրքիր մարդուն։ Այս ամենը տեղի է ունենում, երբ նա դեռ մայկո է՝ սկսնակ գեյշա։

Սկզբնական շրջանը մեկնարկվում է, երբ երիտասարդ կինը գտնում է ավագ քույր (օնեե-սան)։ Նրանք երեքական կում են անում սակեի գավաթից։ Ստանալով նոր մայկո կարգավիճակ, երիտասարդ կինը կրում է նոր անուն, որը նրա «գեյշա անունն» է։ Ավագ քույրը նրան ուղեկցում է հավաքույթներին, որտեղ նա չի զվարճացնում, այլ մնում է հանդարտ և հնազանդ, սովորում է, թե ինչպես են գեյշաները շփվում տղամարդկանց հետ, ինչպես են գործի դնում իրենց խելքը, լարում ուշադրությունը և կիրառում կանացի խորամանկությունները բոլորին հրճվանք պատճառելու համար։ Օնեե-սանը մայկոյին սովորեցնում է այն ամենը, ինչը նրան հարկավոր է լինելու հանամաչիում աշխատելու համար։

Օնեսանի խնդիրն է մայկոյին ներկայացնել գեյշաների շրջապատին, համոզվել, որ բոլորը գիտեն նրա ով լինելը։ Այս ձևով, երբ մայկոն կատարում է իր առաջնաելույթը, նա արդեն որոշակի հարաբերություններ ունի այն հաճախորդների և թեյարանների հետ, որոնք հետագայում լինելու են իր ապրելամիջոցը։

Մայկոյից գեյշա փոխվելու ծեսը կոչվում է էրիկաե, որը նշանակում է «օձիքի շրջում»։ Մայկոն իր կարմիր օձիքը փոխում է սպիտակ, ամուր օձիքով, ինչն էլ վկայում է գեյշայի սկզբի խորհրդանիշ, և այս ժամանակ նա սկսում է պաշտոնապես կատարել իր աշխատանքը։

Ժամանակակից գեյշաները խմբագրել

21-րդ դարում շատ քիչ կանայք են վարում գեյշայի կյանք։ Այսօրվա գեյշաներից շատերն ընտրում են այս մասնագիտությունը այն պատճառով, որ այն ռոմանտիկ է, գեղարվեստական կամ էլ ընտանեկան բիզնես է։ Նույնիսկ նրանք, ովքեր գեյշաներ են, մնում են այդ կարգավիճակում մի քանի տարի նախքան համալսարան հաճախելը կամ ամուսնանալը։

Ժամանակակից գեյշաներն արդիական կանայք են, որոնց կարիերան ներառում է անցյալի վերականգնումը։

«Գեյշայի հուշերը» վեպը խմբագրել

«Գեյշայի հուշերը» ամենագնայուն վեպում նկարագրվում է գեյշաների կյանքը Ճապոնիայում Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում։ Վեպի հերոսուհին հանգրվանում է գեյշաների կացարան՝ որպես ստրուկ և դառնում Գիոնի ամենահաջողակ կանանցից մեկը։ Նա և՛ պարուհի է, և՛ երաժիշտ, և՛ կին՝ առանց բազում հնարավորությունների։ Նրա կուսությունը վաճառվում է ամենախոշոր գնորդին ահռելի գումարով, ինչի շնորհիվ էլ նշանավորվում է գեյշաների պատմության մեջ։

Սա պատմություն է դժվարության, շահագործման և մեծ հաջողության մասին, սակայն առաջին հերթին գեղարվեստական երկ է։ Այն գեյշան, որի տված ինֆորմացիայի հիման վրա ծնվեց այս գիրքը, դատական գործ հարուցեց հեղինակի նկատմամբ, քանի որ իր կարծիքով վերջինս խաբեությամբ տիրացավ իր գումարներին, և ստեղծագործությունը լիովին անհաջող էր։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Dalby, Liza C. Geisha. — Vintage, 2000. — 165 p.
  • Foreman, Kelly M. The Role of Music in the Lives and Identities of Japanese Geisha. — Kent State University, 2002. — 546 p.
  • Foreman, Kelly M. Bad Girls Confined: Okuni, Geisha, and the Negotiation of Female Performance Space // Bad Girls of Japan : Historical and Contemporary Models of Transgressing Women / Eds. Laura Miller, Jan Bardsley. — Palgrave Press, 2005. — 240 p. — ISBN 978-1403-96947-7.
  • Miyazaki, Manabu. Toppamono : outlaw, radical, suspect. — Kotan Publishing, 2005. — 460 с. — ISBN 0-9701716-2-5.
  • Graham-Diaz, Naomi. Make-Up of Geisha and Maiko // Immortal Geisha — 2001.
  • 飯田 孝. 線香代 // 今昔あつぎの花街

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեյշա» հոդվածին։