Համալսարան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համալսարան (այլ կիրառումներ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Համալսարան (Գրաբարից; համա + լսեմи + արան, գերմ.՝ Universität բառից, որն էլ իր հերթին ծագում է լատին․՝ universitas - ընդհանրություն բառից), բարձրագույն ուսումնական հաստատություն, որը շնորհում է բոլոր մակարդակների ուսումնական կոչումներ (բակալավր, մագիստրոս, դոկտոր)։
Տեսակ | type of educational institution? |
---|---|
Նախորդ | միջնակարգ դպրոց և baccalaureate? |
Համալսարանի պատմությունը սկսվում է միջնադարից։ XI դարի բարձրագույն դպրոցներ են գործել Իտալիայում (Բոլոնիայի իրավունքի և Սալեռնոյի բարձրագույն բժշկական)։ XII-XIII դարերում ստեղծվեցին Փարիզի (1215 թ.) և Մոնպելյեի (1289 թ., Ֆրանսիա), Քեմբրիջի (1209 թ.) և Օքսֆորդի (Անգլիա), Սալամանկայի (Իսպանիա), Լիսաբոնի (1290 թ., Պորտուգալիա), XIV դ. Պրահայի (1348 թ., Չեխիա), Կրակովի (1364 թ., Լեհաստան), Վիեննայի (1365 թ., Ավստրիա), Հայդելբերգի (1386 թ., Գերմանիա), XV դ.՝ Ուփսալայի (1477 թ., Շվեդիա), Կոպենհագենի (1479 թ., Դանիա) համալսարանները։ Միջնադարյան համալսարաններն ունեին արտիստական կամ արվեստների (նախապատրաստական) և երեք բարձրագույն՝ իրավունքի, բժշկական և աստվածաբանական ֆակուլտետներ։ Արվեստների ֆակուլտետում (ավելի ուշ՝ փիլիսոփայական) դասավանդվել են յոթ ազատ արվեստները։ Դասավանդել են լատիներենով։ Բարձրագույն ֆակուլտետներում շնորհվել են գիտությունների մագիստրոսի և դոկտորի աստիճաններ։
Միջնադարյան համալսարանները մագիստրոսների և ուսանողների միավորումներ էին (այստեղից էլ նրանց անվանումը՝ universitas magistrosum et colarium՝ ուսուցիչների և սովորողների միավորումներ)։ Համալսարաններն ունեին իրենց վարչական ինքնավարությունը, իրավասությունը և կանոնադրությունը։ Առաջին համալսարանները հաճախ ազատ մտքի, առաջավոր գիտական և գաղափարական ուղղությունների օջախներ էին դառնում։ Եկեղեցին և աշխարհիկ իշխանությունները ձգտում էին ուժեղացնել իրենց ազդեցությունը համալսարանների վրա։ XV-XVI դարերում համալսարանական սխոլաստիկան մշակույթի և գիտության զարգացման արգելակ դարձավ։
Վերածննդի ժամանակաշրջանում մշակույթի զարգացումն ազդել է համալսարանների դասավանդման վրա։ Հումանիզմի կարևոր կենտրոններ դարձան Օքսֆորդի համալսարանն Անգլիայում, Կրակովինը՝ Լեհաստանում։ 1502 թվականին Գերմանիայում հիմնված Վիթթենբերգի համալսարանը դարձավ ռեֆորմացիայի կենտրոն։
Կապիտալիզմի դարաշրջանի համալսարանները հետագա զարգացում ապրեցին։ ԱՄՆ–ում համալսարանի զարգացումը երկար ժամանակ ետ էր մնում եվրոպականից։ Մինչև անկախության համար պատերազմը, Անգլիայի հյուսիսամերիկյան գաղութներում ստեղծվեց 9 քոլեջ (1636 թ.-ին՝ Հարվարդի, 1693 թ.-ին՝ Ուիլյամի և Մերիի և այլն), որոնք հետագայում (հիմնականում XIX դ.) վերածվեցին համալսարանների։ Լատինական Ամերիկայի երկրներում համալսարաններ հիմնվեցին իսպանական գաղութատիրության շրջանում (1538 թ.-ին՝ Սանտո–Դոմինգոյի, 1551 թ.-ին՝ Մեխիկոյի, Լիմայի և այլն)։ Դրանք միջնադարյան իսպանական համալսարանի պատճենն էին և գտնվում էին կաթոլիկ եկեղեցու ազդեցության տակ։ Ասիայի և Աֆրիկայի երկրներում, ընդհուպ մինչև XX դարը, ժամանակակից տիպի համալսարաններ համարյա չեն եղել։ Հնդկաստանում առաջին համալսարանը հիմնել են բրիտանական գաղութատերերը (Կալկաթայի, Մադրասի, Բոմբեյի, բոլորն էլ՝ 1857 թ.-ին, Փենջաբի՝ 1882 թ.-ին)։ Քոլեջի տիպի մի շարք բարձրագույն դպրոցներ հիմնեցին եվրոպական և ամերիկյան միսիոներական կազմակերպությունները Ամերիկյան (1866 թ.) և Սենթ Ջոզեֆի (1881 թ.) համալսարաններ Բեյրութում, Ալժիրինը՝ 1879 թ.]։
Ճապոնիայում համալսարաններ հիմնվեցին Տոկիոյում (1877 թ.), Կիոտոյում (1897 թ.)։ 1898 թ.-ին Չինաստանում բացվեց առաջին համալսարանը (Պեկինի)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անկախություն ստացած շատ երկրներում (Ինդոնեզիա, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Սուդան, Իրաք, Թունիս) ստեղծվեցին ազգային առաջին համալսարանները։
Ռուսաստանում 1725 թ.-ին հիմնվեց Ակադեմիական համալսարանը (գիտությունների ակադեմիային կից)։ 1755 թ.-ին բացվեց Մոսկվայի համալսարանը, 1802-05-ին ստեղծվեցին Դորպատի (այժմ՝ Տարտուի), Խարկովի, Կազանի համալսարանները, 1819 թ.-ին՝ Սանկտ–Պետերբուրգինը։ Հետագայում բացվեցին փիլիսոփայության, իրավաբանական և բժշկակագիտության ֆակուլտետներ։ Բոլոր ֆակուլտետներում պարտադիր ուսումնասիրվում էին աստվածաբանություն, եկեղեցու պատմություն։ 1914 թ.-ին Ռուսաստանում կար 10 համալսարան (37,5 հզ. ուսանող)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո համալսարանները սկսեցին վերակառուցվել սոցիալիստական գաղափարախոսության հիմքի վրա։ Բարձրագույն կրթությունը դարձավ անվճար, վերացվեցին դասային արտոնությունները, ազգային սահմանափակումը, կանայք տղամարդկանց հավասար բարձրագույն կրթության իրավունք ստացան։
Լեհաստանում 1816 թ.-ին հիմնվեց Վարշավայի համալսարանը։
Ուկրաինայում 1834 թ.-ին հիմնվեց Կիևի համալսարանը։ 1860-ական թթ. բարեփոխումների ժամանակաշրջանում վերականգնվեց համալսարանական ինքնավարությունը, ստեղծվեցին ուսանողական գիտական խմբակներ։ Համալսարանում առաջին անգամ թույլատրվեցին կին ազատ ունկնդիրներ։
Համալսարաններում մասնագետների պատրաստումը, համեմատած մյուս բուհերի հետ, ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք ապահովում են կրթության առավել բարձր ընդհանուր գիտական մակարդակ։ Այստեղ 5 տարվա ուսուցումը սերտորեն կապված է գիտական հիմնարար հետազոտությունների հետ։ Խոշորագույն համալսարաններ հիմնարար գիտությունների գծով գիտամանկավարժական մասնագետներ պատրաստող առաջատար բարձրագույն ուս. հաստատություններ են[1]։
Համալսարանները միջնադարյան Հայաստանում
խմբագրելՄիջնադարյան Հայաստանում գործել են բարձր կարգի դպրոցներ, որոնցից մի քանիսը կոչվել են համալսարաններ, ինչպես օրինակ Տաթևի 9-15-րդ դարերում, Սանահինի 10-13-րդ դարերում Անիի 11-13-րդ դարերում Ավագ Վանքի 15-րդ դարում։ Միջնադարյան հայկական համալսարաններում դասավանդվել են իմաստասիրություն, մաթեմատիկա, բնագիտություն, տրամաբանություն, քերականություն, պոետիկա, պատմություն, մարդակազմություն, տարրաբանություն, աստվածաբանություն, երաժշտություն, նկարչություն, գրչություն, արվեստ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6, Երևան, 1980
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 89)։ |
Ընթերցե՛ք «համալսարան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |