Թարմացնել այս էջի քեշը
Ապրիլ ամսվա հոդվածները
Ապրիլի 1
Ախուրյանի կիրճը
Ախուրյանի կիրճը

Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջան, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, Հայաստանի ամենաընդարձակ շրջանը, ընդգրկում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերը։ Հյուսիսից եզրավորված է Արագած լեռնազանգվածով, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներով, արևելքից՝ Գեղամա լեռնավահանով ու նրա հարավային շարունակությունը կազմող Երանոսի և Ուրծի լեռնաշղթաներով, հարավից՝ Հայկական Պար լեռնաշղթայով, Մեծ ու Փոքր Մասիսներով, արևմուտքից՝ Կարսի սարահարթով։

Ռելիեֆի գլխավոր տարրը Արարատյան գոգավորությունն է, որը ձգվում է Ախուրյանի գետաբերանից մինչև Նախիջևանի գոգավորություն։ Գոգավորությունը եզրավորող լեռներն ամֆիթատրոնաձև իջնում են դեպի Արարատյան դաշտ, լեռնաճյուղերը ջրբաժան են գետերի միջև, որոնք առաջացրել են նեղ, խոր քարքարոտ կիրճեր (Քասաղի, Հրազդանի, Ազատի, Վեդու և այլն)։

Հրաբխային ապարները մերկացել են՝ առաջացնելով ռելիեֆի բազմապիսի ձևեր, առանձնապես գեղեցիկ են բազալտային սյունաձև առաջացումները՝ Հրազդանի կիրճի Երևանի հատվածում, Ազատի կիրճում և այլն շարունակել...

Ապրիլի 2
Մուհամմադ Ալի փաշա
Մուհամմադ Ալի փաշա

Մուհամմադ Ալի փաշա (1769-1849) (արաբերեն՝ محمد علي باشا), օսմանյան բանակի զորահրամանատար, ով դառնում է վալի, ապա՝ ինքնիշխան խեդիվ և անկախ միապետ՝ փաշա։ Նա ղեկավարել է Եգիպտոսը ավելի քան 40 տարի։ Նրա հիմնած դինաստիան եգիպտական գահին էր իշխում 150 տարի՝ մինչև 1952թ.։ Մուհամմադ Ալին, լինելով ալբանացի, Եգիպտոսի զարգացման համար կատարել է անուրանալի քայլեր։

Նա ծնվել էր 1796 թ.-ին Կավալլա մակեդոնական քաղաքում։ Երբ 30 տարեկան էր, Բարձր Դուռը հրաման է արձակում Կավալլայից Եգիպտոս ուղարկել ալբանական 300 հոգուց բաղկացած ջոկատ։

Մուհամադ Ալին ընդգրկվեց այդ ջոկատում որպես հրամանատարի օգնական և առաջին իսկ օրերից աչքի ընկավ զինվորական տաղանդով և քաջությամբ: Շուտով նա դարձավ Եգիպտոսում բոլոր ալբանական ջոկատների հրամանատար։ Առաջին հաջողություններից ոգևորված նա որոշեց գրավել ողջ երկիրը, և այդ նպատակով նա դաշինքի մեջ մտավ մամլուքների հետ շարունակել...

Ապրիլի 3
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 առաջինն էր ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ: Այն տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թ-ի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 30-ը:

ՖԻՖԱ-ն, որոշեց անցկացնել առաջնությունն Ուրուգվայում, քանի որ այդ տարի այն նշում էր իր սահմանդրության 100-ամյակը և այն հաղթել էր 1928 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը:

Աշխարհի առաջնության բոլոր խաղերն անց են կացվել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, իսկ խաղերի մեծամասնությունը անց է կացվել Էստադիո Սենտենարիո մարզադաշտում, որ հատուկ կառուցվել էր աշխարհի առաջնության համար շարունակել...

Ապրիլի 4
Խաչբառ
Խաչբառ

Խաչբառ (անգլ.՝ Crossword, բառացի՝ «խաչվող բառեր»), ամենատարածված բառախաղն աշխարհում։

Խաղի նպատակն է գտնել առաջադրվող հարցի պատասխանը և տեղադրել խաչբառի ցանցի համապատասխան համարով վանդակներում: Լրացված բառերը հատվում են միմյանց, ինչն օգնում է խաչբառը լուծելուն: Գոյություն ունեն բազմաթիվ թերթեր, հանդեսներ, որոնք մասնագիտացած են խաչբառեր հրապարակելու գործում։ Խաչբառեր են տպագրում նաև այդ գործում չմասնագիտացած հրատարակությունները։

Հայաստանում խաչբառեր տպագրող մասնագիտացված առաջին թերթերից էին «9-րդ Հրաշալիքը», «Զվարճալիքը», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը և այլն շարունակել...

Ապրիլի 5
Արյունահոսություն մատից
Արյունահոսություն մատից

Արյուն, հեղուկ շարակցական հյուսվածք: Արյունը հյուսվաքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը: Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ:

Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից: Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս` արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն):

Արյունը մասնակցում է օրգանիզմում կատարվող բազմաթիվ կենսական պրոցեսների, որոնք կարելի է խմբավորել մի քանի ֆունկցիաների մեջ: շարունակել...

Ապրիլի 6
«Ազգի ծնունդը» ֆիլմի տիտրերից (ԱՄՆ, 1915)
«Ազգի ծնունդը» ֆիլմի տիտրերից (ԱՄՆ, 1915)

Համր կինո, կինեմատոգրաֆի ընդունված անվանումը իր ստեղծման առաջին տասնամյակներին, երբ կինոնկարները էկրան էին բարձրանում առանց համահունչ ձայնի։

Հատկապես ձայնագրման և նրա համահունչ վերաարտադրման տեխնիկապես անհնար լինելը առավել կարևոր պատճառ հանդիսացավ, որոշելու կինոնկարների գեղարվեստական յուրահատկությունը այդ ժամանակ։ Հնչեղ խոսքի բացակայությունը խթան հանդիսացավ պատկերի արտահայտչական հնարավորությունների որոնման համար։

Ձայնի պակասը բերեց բարդ սյուժեն «համր» ներկայացնելու ձևեր, առաջացան տիտրերը, դերասանական խաղում առաջ եկավ յուրահատուկ մնջախաղի տեսակ։ շարունակել...

Ապրիլի 7
Ինգրիդ Բերգման (շվեդ.` Ingrid Bergman, օգոստոսի 29, 1915, Ստոկհոլմ, Շվեդիա - օգոստոսի 29, 1982, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), թատրոնի և կինոյի շվեդ հայտնի դերասանուհի:

Խաղացել է ամերիկյան և եվրոպական ֆիլմերում, Օսկարի եռակի և Ոսկե Գլոբուսի քառակի դափնեկիր: Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 4-րդ տեղում է:

Ինգրիդ Բերգմանը ծնվել է 1915 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Նա մանուկ հասակից մեծացել է առանց ծնողների: 3 տարեկանում մահացել է մայրը, իսկ 13 տարեկանում հայրը` Յուստուս Սեմուել Բերգմանը, ով մասնագիտությամբ դերասան և լուսանկարիչ էր: Նրան խնամքի տակ է վերցնում իր հորեղբայր` Օտտո Բերգմանը, ով ուներ 5 երեխա: Արդեն 17 տարեկանում նրան աշխատանքի են վերցնում Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնում շարունակել...

Ապրիլի 8
Առաջին նամականիշը` Սև պեննին:
Առաջին նամականիշը` Սև պեննին:

Ֆիլատելիա, դրամի փոխարեն փոստային վճարումների համար նախատեսված դրոշմաթղթերի (փոստային նամականիշներ, ծրարներ ու բացիկներ՝ տպագրված կամ սոսնձված նամականիշերով) օրացուցային, հատուկ փոստային մարումների և փոստային ու ֆիլատելիստական այլ նյութերի հավաքածուների ստեղծում։

Ֆիլատելիա անվանումը (ֆր. philatélie, հուն. φιλέω - սիրել և ἀτέλεια - վճարումներից, տուրքերից ազատող դրոշմ), առաջին անգամ օգտագործել է ֆրանսիացի կոլեկցիոներ Ժորժ Էրպենը (Georges Herpin) 1864 թվականի նոյեմբերի 15- ին «Փոստային նամականիշերի կոլեկցիոներ» (Le Collectionneur de timbres-postes) ամսագրում։

Հին Հունաստանում նամակների վրա հատուկ նշան («τέλος» -թելոս) էին դնում շարունակել...

Ապրիլի 9
Լուիշ Ֆիգու
Լուիշ Ֆիգու

Լուիշ Ֆիլիպե Մադեյրա Կաեյրու Ֆիգու (պորտ․ Luís Filipe Madeira Caeiro Figo, 4 նոյեմբերի 1972, Լիսաբոն),Կիսապաշտպանի դիրքում խաղացող պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ։ Բարսելոնայի պատմության մեջ առաջին արտասահմանցի ավագը։

Իր ավելի քան 20 տարվա կարիերայում խաղացել է Սպորտինգ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ինտեր ակումբներում։ Ճանաչվել է 2000թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, գտնվում է ՖԻՖԱ 100-ի ցանկում։

1996թ․, 2000թ․,2004թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների մասնակից։ 2002 և 2006թթ աշխարհի առաջնությունների մասնակից։ Լուիշ Ֆիգուի վերջին ակումբը եղավ Միլանի Ինտերը։2008-2009թթ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ավարտեց կարիերան։ Հավաքականում և ակումբներում խաղացել է 704 խաղ, խփել 127 գոլ շարունակել...

Ապրիլի 10
Արաբական նվաճումները 7-8-րդ դարերում․      Մոհամեդ մարգարեի շրջանում, 622-632 թթ․      Հայրիշխանական խալիֆայության շրջանում, 632-661 թթ․      Ումմայադ խալիֆայության շրջանում, 661-750 թթ․
Արաբական նվաճումները 7-8-րդ դարերում․      Մոհամեդ մարգարեի շրջանում, 622-632 թթ․      Հայրիշխանական խալիֆայության շրջանում, 632-661 թթ․      Ումմայադ խալիֆայության շրջանում, 661-750 թթ․

Արաբները պատկանում են սեմական ժողովուրդների շարքին և բնակվում են Արաբական թերակղզում։ Արաբիայի վրայով անցնող ճանապարհները Հնդկաստանը և Հաբեշստանը կապել են հնագույն մշակութային օջախներ Միջագետքի, Սիրիայի (Ասորիք), Փոքր Ասիայի և Եգիպտոսի հետ։ Թերակղզու բնակչության միայն աննշան մասն է վարել նստակյաց կյանք և զբաղվել երկրագործությամբ։ Նրանց մեծ մասը եղել է քոչվոր և զբաղվել անասնապահությամբ՝ պահելով ոչխարներ, ուղտեր և ձիեր։

Թերակղզու ամենազարգացած մարզը հարավ-արևմուտքում գտնվող Եմենն էր, որ նշանակում էր աջ կամ «երջանիկ Արաբիա»։ Սա շատ արգավանդ երկրամաս էր և այստեղի բնակիչները զբաղվում էին առևտրով. պատահական չէ, որ Արևմտյան Արաբիայով ձգվող քարավանային ճանապարհը հնուց հայտնի էր «օծանելիքի ճանապարհ» անունով։ Կարևոր մարզերից էր նաև Հիջազը (Հիջասը)։ Ամենամեծ մարզը Նեջդն էր, որն ընդգրկում էր թերակղզու կենտրոնական մասը։ Նեջդում բնակվում էին քոչվոր բեդուինների բազմաթիվ ցեղեր (բեդուին կամ բեդվին նշանակում է տափաստանցի), որոնք առանձին ջրհորների շուրջը առաջացած օազիսներում զբաղվում էին անասնապահությամբ։

Արաբները նվաճումների ժամանակ, բնակություն հաստատելով Միջերկրածովյան ավազանի երկրներում, ամենուրեք տարածեցին նաև փյունիկյան արմավենու մշակությունը։ Արաբական ցեղի գլուխ կանգնած էր շեյխը շարունակել...

Ապրիլի 11
Խաչատուր Աբովյանի հուշարձան Քանաքեռում
Խաչատուր Աբովյանի հուշարձան Քանաքեռում

Խաչատուր Աբովյանի հուշարձան Քանաքեռում, գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, տեղադրվել է 1933-ին Աբովյան փողոցում, այնուհետև մի քանի անգամ տեղափոխվել է։ Ներկայիս վայրում տեղադրվել է 1964-ի սեպտեմբերին։ Ընդգրկված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից։ Երևանում Խ. Աբովյանի երկու հուշարձաններից առաջինն է։ Երկրորդը գտնվում է Կենտրոնում՝ Աբովյան պուրակում։

1908 թվականին նշվում էր Խաչատուր Աբովյանի մահվան 60-ամյակը, և մի խումբ հայ գրողներ առաջարկեցին կառուցել նրա հուշարձանը։ Սակայն պետականությունից զուրկ Հայաստանի պայմաններում այդպիսի ազգային-հայրենասիրական ձեռնարկումների իրականացումը մեծ խոչընդոտների հանդիպեց շարունակել...

Ապրիլի 12
Ղարաբաղի խանության դրոշ
Ղարաբաղի խանության դրոշ

Ղարաբաղի խանություն (պարս.՝ خانات قره‌باغ‎ — Khānāt-e Ḡara-bāḡ), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1822 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թ. վերջնականապես ձևավորվում է Ղարաբաղի խանությունը՝ Ղարաբաղի կուսակալության տարածքի մեծ մասի վրա։ 1805 թվականից խանությունը մտել է Ռուսաստանի կազմի մեջ, 1822թ.՝ կազմալուծվել և դարձել ռուսական նահանգ։

Խանության տարածքը կազմել է շուրջ 24,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Սյունիք նահանգի հարավային շրջանները՝ Զանգեզուրը, Արցախ նահանգը ամբողջությամբ և Ուտիք հարավային շրջաններները։ Այժմ խանության տարածքը համապատասխանում է Հայաստանի Սյունիքի մարզին և Արցախի Հանրապետությունը։ Բացառություն է կազմում Ուտիք հարավային հատվածը կամ Դաշտային Ղարաբաղը, որն ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը։

1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Ղարաբաղի խանությունը Գանձակի խանության և մի քանի մանրումիջին մուսուլմանաբնակ խանությունների հետ միացվել է Ռուսական կայսրությանը շարունակել...

Ապրիլի 13
Սպիտակ թզուկ

Սպիտակ թզուկ, ջերմամիջուկային էներգիայի սեփական աղբյուրներից զուրկ, շատ մեծ խտությամբ աստղ, որի զանգվածը չի գերազանցում Չանդրասեկհարի սահմանը (նվազագույն սահման, որի դեպքում աստղը կարող է գոյություն ունենալ որպես սպիտակ թզուկ):

Սպիտակ թզուկի զանգվածը համեմատական է Արեգակի զանգվածին, սակայն շառավիղը Երկրի շառավղի կարգի է: Համապատասխանաբար, լուսատվությունը ~10 000  փոքր է Արեգակի համեմատ: Խտությունը 105-109 գ/սմ³ է, ինչը գրեթե միլիոն անգամ մեծ է գլխավոր հաջորդականության սովորական աստղերի խտությունից: Տարբեր գնահատականներով սպիտակ թզուկները կազմում են մեր գալակտիկայի աստղերի 3-10 %-ը: 2009 թ․ հունվարին Մոտիկ աստղերի հետազոտման կոնսորցիումը Արեգակին ամենամոտ հարյուր աստղերի մեջ հաշվեց ութ սպիտակ թզուկներ:

Սպիտակ թզուկների տեսության զարգացման մեջ մեծ ավանդ ունեն հայ գիտնականները, հատկապես՝ Վիկտոր Համբարձումյանը: շարունակել...

Ապրիլի 14
Բաղեշ քաղաքի փողոցներից
Բաղեշ քաղաքի փողոցներից

Բաղեշ կամ Բիթլիս (հուն․ βαλαλείςωυ, արաբ․ Badlis), քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, Վանա լճից 18 կմ հարավ–արևմուտք, ուր միախառնվում են համանուն գետի վտակները։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամատչելի բնական լեռնանցքը՝ Չորա պահակը։ Ժամանակին բերդի անունով կոչվել է Սալնոձոր։

Բաղեշի տարածքում սկզբում միայն բերդ է եղել։ Հետագայում բերդի տարածքում հիմնել են քաղաքը, իսկ բերդը դարձել է միջնաբերդ։ Բիթլիս անվանումը կապված է Ալեքսանդր Մակեդոնացու հետ։

Բաղեշ անվանումը կապված է մի ավանդության հետ, որի համաձայն ձմռանը գոմի դուռը բաց է մնում։ Էշը գոմից դուրս է գալիս և Ջլիֆտա ձորն ընկնելով սառչում է և սատկում։ Էշին տեսնողները ասում են պաղ էշ, որտեղից էլ հետո առաջացել է Պաղէշ, իսկ ապա Բաղեշ անվանումները։ Բաղեշ քաղաքի պատմական անունները հետևյալն են. Աբիբիթլիս, Ապի-Բիթլիզ, Բադլիս, Բալալեզա, Բալալեյսա, Բաղաղեշ, Բեդլիս, Բեթլիս, Բիթլիս, Շահաստան Բաղեշ, Պիթլիզ, Պիտլիս, Սալնաձոր, Սալնոձոր շարունակել...

Ապրիլի 15
«Յուշարձան ապրիլ տասնըմէկի» հուշամատյանի շապիկը, որին պատկերված է Սուրբ Հակոբ ‎հայկական գերեզմանատնում կանգնեցված Մեծ եղեռնի առաջին հուշարձանը
«Յուշարձան ապրիլ տասնըմէկի» հուշամատյանի շապիկը, որին պատկերված է Սուրբ Հակոբ ‎հայկական գերեզմանատնում կանգնեցված Մեծ եղեռնի առաջին հուշարձանը

Յուշարձան ապրիլ տասնըմէկի, հրատարակիչ ու գրող Թեոդորոս Լափչինճյանի (Թեոդիկ) 1919 թվականի ապրիլին Ստամբուլում հրատարակած, Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշամատյան, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական։ Նախաձեռնողն եղել է «Ապրիլի 11-ի սգո հանդես» Ստամբուլում ստեղծված հանձնախումբը։ Լույս է ընծայել «Արզուման» հրատարակչությունը։

Վերնագրում նշված է ապրիլի 11, քանի որ հին տոմարով համապատասխանում է ապրիլի 24-ին:

«Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը իր գործունեությունը ծավալել է Մուդրոսի զինադադարից հետո, այն կարճ ժամանակահատվածում, երբ «պատերազմի և տեղահանության հանցագործությունների հետաքննությունն» էր ընթանում։ Այդ օրերին հանձնախմբի նախաձեռնությամբ Սուրբ Հակոբ ‎հայկական գերեզմանատնում հուշարձան կանգնեցվեց Մեծ եղեռնի առաջին հուշարձանը, որն այնուհետև ոչնչացրին, և հետքերը անհետ կորան շարունակել...

Ապրիլի 16
Ջուղայի գերեզմանոցը 1915 թ-ին
Ջուղայի գերեզմանոցը 1915 թ-ին

Ջուղայի խաչքարերի ոչնչացում, Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված միջնադարյան հայկական խաչքարերի ավերում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, հատկապես Ջուղա քաղաքում:

Վերջին բնաջնջման դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ որ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերի հետ: Այնտեղ գտնվող խաչքարները ջարդված են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցը ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի:

Ջուղա քաղաքը, ըստ ավանդույթի, հիմնադրել է լեգենդար հայկական թագավոր Տիգրան Ա Երվանդյանը: Այն գտնվում էր Նախիջևանում, հայաբնակ հողերի կենտրոնում, որոնք տարածվում էին Քուր գետից մինչև Եփրատի և Տիգրիսի վերին հոսանքները շարունակել...

Ապրիլի 17
15-րդ դ. սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375թ. կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը: Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը:

Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները: Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում: Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին: Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին:

Այս վիճակում էր Հայաստանը, երբ Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում 15-րդ դ. վերջերին և 16-րդ դ. սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան շարունակել...

Ապրիլի 18
Սայքս–Պիկոյի համաձայնագրին կից քարտեզը
Սայքս–Պիկոյի համաձայնագրին կից քարտեզը

Սայքս-Պիկոյի համաձայնագիր (1916), գաղտնի համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման մասին։ Գաղտնի տորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում, 1916-ի մայիսին: Կոչվել է համաձայնագրի նախագիծը պատրաստած դիվանագետներ Մարկ Սայքսի (Մեծ Բրիտանիա) և ժորժ Պիկոյի (Ֆրանսիա) անունով:

Դեռևս 1915-ի անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ Կ․ Պոլիսի և նեղուցների դիմաց պահանջում են ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ։

1916-ի սկզբին Կովկասյան ճակատում ռուսական զորքերի հաջողությունները աշխուժացման նոր ազդակ են դառնում Թուրքիայի տարածքի բաժանման անգլո-ֆրանսիական մեկընդմեջ ընթացող այդ բանակցությունների համար: Արդյունքում՝ 1916-ի փետրվարին կազմվում է համաձայնագրի նախագիծը, ըստ որի նախատեսվում էր արաբական երկրները բաժանել հինգ գոտիների (որոնց մեջ էին մտնում նաև Արևմտյան Հայաստանի մի մասը և Քուրդիստանը) շարունակել...

Ապրիլի 19
Գանձակի խանության վարչական միավորի քարտեզ
Գանձակի խանության վարչական միավորի քարտեզ

Գանձակի խանություն (պարս.՝ خانات گنجه‎ — Khānāt-e Ganjeh), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1804 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747թ. վերջնականապես ձևավորվում է Գանձակի խանությունը՝ Ղարաբաղի կուսակալության տարածքի մեծ մասի վրա։ 1804 թվականից խանությունը մտել է Ռուսաստանի կազմի մեջ։

Խանության տարածքը կազմել է շուրջ 5,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Ուտիք հյուսիսային շրջաններները՝ Գարդմանա, Շակաշեն գավառները, մասամբ՝ Փառիսոսը։ Դա Արևելյան Հայաստանի տարածքում ձևավորված ամենափոքր խանությունն էր։ Այժմ խանության ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը։ 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Գանձակի խանությունը Ղարաբաղի խանության և մի քանի մանրումիջին մուսուլմանաբնակ խանությունների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ Ավելի ուշ վերոհիշյալ երկու խանություններից ձևավորվել է մեկ վարչատարածքային միավոր՝ Ելիզավետպոլի նահանգը՝ Ելիզավետպոլ կենտրոնով։

Գանձակը հիմնադրվել է 859թԱրմինիայի կուսակալ Մուհամմադ իբն Խալիդ իբն Յազիդի կողմից շարունակել...

Ապրիլի 20
Հայկական հարցը Ռուսաստանի արտաքին քաղաքական տեսադաշտում հայտնվել է Արևելյան հարցի (որը Ռուսաստանի ուշադրության կենտրոնում էր ամբողջ 19-րդ դարի ընթացքում) ուշ փուլերից մեկում։ Դեռևս 18-րդ դարին հզորացող Ռուսական կայսրությունը դեպի «տաք ջրեր» ելք ունենալու համար ձգտում էր հաստատվել Բալկաններում և Հարավային Կովկասում։ Ռուսաստանի այս ձգտումն էլ պատճառ է դառնում ոչ միայն ռուս-թուրքական հակամարտության, այլ նաև առաջատար եվրոպական պետությունների հետ հարաբերությունների բարդացման, որոնք բոլորովին շահագրգռված չէին Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդմամբ։

Իրականացնելով իր արտաքին քաղաքական մտահաղացումները՝ ռուսական դիվանագիտությունը լայնորեն օգտագործում էր Օսմանյան կայսրությանը ենթակա քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի շահերը պաշտպանելու պատրվակով Թուրքիայի ներքին գործերին միջամտելու, վերջինիս կառավարող շրջանների վրա ճնշում գործադրելու հնարավորությունը։

Հայ հասարակական-քաղաքական շրջանները մեծ հույսեր էին կապում Ռուսաստանի հետ՝ հայկական հարցի լուծման, թուրքական լծից արևմտյան Հայաստանի ազատագրման, հայկական պետականության վերականգնման գործում շարունակել...

Ապրիլի 21
Շարժման անդամները Սեբաստիայի համաթուրքական կոնգրեսի ժամանակ, ձախից աջ՝ Ռաուֆ Օրբայ, Մուստաֆա Քեմալ Աթաթուրք, Բեքիր Սամի Քունդուհ
Շարժման անդամները Սեբաստիայի համաթուրքական կոնգրեսի ժամանակ, ձախից աջ՝ Ռաուֆ Օրբայ, Մուստաֆա Քեմալ Աթաթուրք, Բեքիր Սամի Քունդուհ

Քեմալական շարժում, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուաագգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում, ինչի արդյունքում ձևավորվում է Թուրքիայի Հանարապետությունը։

Մուդրոսի զինադադարից (1918) հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին գրավել Օսմանյան կայսրության տարածքը։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներին, հայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։

Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ շարունակել...

Ապրիլի 22
Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր
Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր

Երևանի ցույցեր տեղի են ունեցել 1965 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 50-ամյակի օրերին, ԽՍՀՄ-ում նմանատիպ առաջին ընդվզումն էր։ Արդյունքում հայոց նորագույն պատմությունը շրջադարձ ապրեց, ազգի մեծագույն ողբերգությունը վերջապես դադարեց լինել արգելված հարց։

1894-1896, 1909, 1915-1923 թվականներին գործադրվեց մարդկայնության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկը՝ Հայերի Ցեղասպանությունը: Ցեղասպանության հետևանքով հայությունը զրկվեց իր բնօրրանի՝ հայրենիքի հիմնական տարածքներից և սփռվեց աշխարհով մեկ՝ զրկվելով զարգացման ու առաջընթացի բնական իրավունքից: 1920 թվականի ապրիլի 3-ին, երբ հայ ժողովուրդը վերականգնել էր իր անկախությունը, Վրթանես Փափազյանը առաջարկով դիմեց հանրապետության պառլամենտին, նախարարների խորհրդին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին, որպեսզի պետականորեն նշվեն Եղեռնի զոհերի հիշատակի օրերը՝ ապրիլի 24-ը, 25-ը, 26-ը որպես ազգային սգո օրեր:

Խորհրդային տարիներին մոռացումի, ժխտողականության տարիներ էին շարունակել...

Ապրիլի 23
Երիտթուրքական հեղափոխություն, 1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբություն: Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքին (թուրքերեն՝ İttihat ve Terakki Cemiyeti, արաբ․՝ إتحاد و ترقى‎‎)` միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր 1894 թվականին:

Կուսակցության կազմի մեջ մտնում էին մտավորականության և զինվորականների առաջատար ներկայացուցիչները, ովքեր արտահայտում էին թուրք բուրժուազիայի շահերը և ձգտում էին Օսմանյան կայսրությունը վերածել բուրժուա-սահմանադրական պետության: Աբդուլհամիդյան աջակիցների միջոցով հաջողվեց բացահայտել երիտթուրքերի ընդհատակյա կազմակերպությունների մի մասը և գլխատել շարժումը: 1897 և 1899 թվականներին տեղի ունեցան կազմակերպության անդամների դատերը, և նրանցից շատերը ստիպված եղան լքել երկիրը: 1902 թվականին Փարիզյան համաժողովի ժամանակ Միություն և Առաջադիմությունից անջատվեցին մի խումբ օսմանցի լիբերալիստներ (ազատականներ) Սաբահեդին արքայազնի գլխավորությամբ, նրանք հանդես էր գալիս Օսմանյան կայսրության ապակենտրոնացման հիմքի վրա ինքնավար նահանգների ստեղծման ճանապարհով ազգային խնդրի լուծման օգտին և նրանց ու երիտթուրքերի միջև առաջացան տարաձայնություններ:

Հայկական կողմի շահերը ներկայացնում էր գլխավորապես Հայ Հեղափոխական Դաշնակցությունը շարունակել...

Ապրիլի 24
Սպանված հայերի դիակներ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի 1918 թ. տպագրված գրքի լուսանկար
Սպանված հայերի դիակներ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի 1918 թ. տպագրված գրքի լուսանկար

Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության կառավարող շրջանների կողմից կազմակերպված հայ ժողովրդի ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության այլ նահանգների հայ բնակչությունը։

Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ-ի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։ Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է:

Առաջին աշխարհամարտը հնարավորություն է ընձեռում Երիտթուրքերին հաշվեհարդար տեսնել կայսրության հպատակ հայերի նկատմամբ` իրականացնելով դեռևս 1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովի որոշումը։ Այն նախատեսում էր, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն շարունակել...

Ապրիլի 25
1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝ առաջին շարք Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո երկրորդ շարք Ռուբեն Սևակ, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի, Երուխան
1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝ առաջին շարք Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո
երկրորդ շարք Ռուբեն Սևակ, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի, Երուխան

Հայ մտավորականների տեղահանություն, երբեմն անվանում են Կարմիր կիրակի, Հայոց Ցեղասպանության ժամանակ կազմակերպված գործողություն, որի ընթացքում Օսմանյան կայսրության մայրաքաղաքի հայ համայնքի առաջնորդները, իսկ հետագայում նաև կայսրության այլ համայնքների հայտնի ներկայացուցիչները ձերբակալվեցին և տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ, ղեկավարվելով Ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշայի 1915 թվականի ապրիլի 24-ին արձակած հրամանով։

Այդ գիշերը հայ մտավորականների առաջին հոսքը, թվով 235 մարդ, ձերբակալվեց Կոստանդնուպոլիսում։ Ձերբակալվածների ընդհանուր քանակը այս գործողության արդյունքում կազմեց 2345 մարդ։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո, 1915 թվականի մայիսի 29-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքում և նրանց մեծամասնությունը սպանվեցին։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասը փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյուքում։

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամբողջ աշխարհում ամեն տարվա ապրիլի 24-ին ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերի շարունակել...

Ապրիլի 26
Շանթի առաքելություն, կազմավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (1920 թվականին)՝ խորհրդային Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու և պայմանագիր կնքելու նպատակով։ Անդամներն էին Լևոն Շանթը (նախագահ), Հ. Տերտերյանը և Լ. Զարաֆյանը։ Պատվիրակությունը Մոսկվա է հասել 1920 թվականի մայիսի վերջին և բանակցություններ սկսել ՌԽՖՍՀ արտգործժողկոմ Գեորգի Չիչերինի և նրա տեղակալ Լևոն Կարախանի հետ։

Պատվիրակությանը հրահանգված էր հասնել այն բանին, որ խորհրդային Ռուսաստանը ճանաչի Հայաստանի Հանրապետությունը՝ նրա սահմաններով, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, սկզբունքորեն ընդունի արևմտյան Հայաստանի միացումը Հանրապետությանը, չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանում բնակվող հայերին իրավունք տա գաղթել Հայաստան, հատուցի առաջին աշխարհամարտի պատճառով Հայաստանին հասցված նյութ, վնասները և այլն։

Սակայն բանակցություններն այլ ընթացք ստացան, հենց սկզբից աոաջին պլան մղվեց հայ-թուրքական հարաբերությունների հարցը, որտեղ խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր ստանձնել միջնորդի դեր շարունակել...

Ապրիլի 27
Հունաստանը և հայկական հարցը, Հայկական հարցի հանդեպ Հունաստանի վերաբերմունքը պայմանավորված է մի շարք գործոններով: Օսմանյան կայսրությունում հույների և հայերի տնտեսական և հաս-քաղաքական դրության նմանությամբ, կրոն, հարազատությամբ, մեծ տերությունների քաղաքականությունից ունեցած կախվածությամբ և այլն։

Այդ իսկ պատճառով հույների վերաբերմունքը «եղբայրական ժողովրդի» (այսպես էր այն ժամանակ հայերին անվանում հույների եկեղեցական ղեկավարությունը) նկատմամբ հիմնականում համակրական Էր։ Եվ, չնայած դրան, երկու ժողովուրդների ղեկավար շրջաններին չհաջողվեց համագործակցության հիմքեր մշակել ընդհանուր խնդիրների լուծման համար։

Հունաստանի և Թուրքիայի հայ բնակչության ներկայացուցիչների միջև շփումներ հաստատելու առաջին փորձերը կատարվել են 1876-77 թվականների ձմռանը՝ արևելյան ճգնաժամի սրման կապակցությամբ Կ.Պոլսում գումարված միջազգային կոնֆերանսի ժամանակ։ Մի կողմից Թուրքիայում հուն, դեսպանը, Կրետեի, Թեսալիայի, Էպիրոսի և Թրակիայի ներկայացուցիչները, մյուս կողմից Կ. Պոլսի հայոց պատրիարք՝ Ներսես Վարժապետյանը, փորձեցին կոնֆերանսի օրակարգի մեջ մտցնել Թուրքիայի հունաբնակ և հայաբնակ նահանգներում վարչական բարենորոգումներ իրականացնելու իրենց պահանջները շարունակել...

Ապրիլի 28
Հուշարձանը Ասսենի «Դը Բոսքամփ» գերեզմանատանը
Հուշարձանը Ասսենի «Դը Բոսքամփ» գերեզմանատանը

Հայկական հուշարձան Ասսենում, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան Նիդերլանդների Ասսեն քաղաքի «Դը Բոսքամփ» գերեզմանատանը։ Բացվել է 2001 թ.։

Խաչքարն ունի 2 մետր բարձրություն և պատրաստված է տուֆից։ Կենտրոնում գտնվում է ծաղկազարդ խաչը, իսկ վերևում՝ Քրիստոսի և երկու հրեշտակների խորաքանդակներ։ Դիմացի սեղանին գրված է «Ի հիշատակ 1910-1920 թթ. մեր նախնիների» (հոլ.՝ Ter herdenking aan onze Armeense voorouders uit de periode 1910-1920)։ 1999 թ. Ասսենի բնակիչ Նիկոլայի Ռոմաշուկը համայնքապետարանից թույլտվություն է ստանում հուշարձան բացելու համար։ Այս որոշման դեմ բողոքում են թուրքական համայնքը և թուրք կոնսուլը։ 2001 թ. մարտին Ասսենում գտնվող «Իսլամական մշակույթի միությունը» դատական գործ է սկսում Ասսենի համայնքապետարանի դեմ։ Դատարանը հայտարարեց, որ «Իսլամական մշակույթի միությունը» չի կարող հանդես գալ շահագրգիռ կողմ և նրանց հայցը համարեց ոչ ընդունելի։ Թուրքական կազմակերպությունը այնուհետև դիմեց Նիդերլանդների Պետական Խորհրդին, սակայն վերջինս նույնպես 2002 թ. օգոստոսին պահանջը համարեց ոչ ընդունելի։

Չնայած դատական գործերին, հուշարձանի բացումը տեղի ունեցավ 2001 թ. ապրիլի 24-ին շարունակել...

Ապրիլի 29
Մշո ինքնապաշտպանություն, Մշո գավառի հայ խաղաղ բնակչության ինքնապաշտպանությունը թուրք ջարդարարների դեմ։ Հայկական ջարդերն ու կոտորածները Հայոց Ցեղասպանության մաս էին կազմում։ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից թուրք կառավարողները ձեռնամուխ եղան հայ բնակչության ոչնչացմանը՝ գլխավոր հարվածն ուղղելով Մուշի և Սասունի դեմ, որոնք հռչակված էին որպես հայ ազգ-ազատագրական շարժման կարևոր կենտրոններ։ Կատարելով թուրք, կառավարության հրահանգները՝ տեղական իշխանությունները զինվորական հրամանատարության հետ մշակեցին և գործողության մեջ դրին գավառի ամբողջ հայության բնաջնջման հրեշավոր ծրագիրը:

1915 թվականի գարնանը թուրքական կանոնավոր զորամասերը քրդական աշիրեթների հետ հարձակվեցին գավառի հայ բնակչության վրա։ Հայերը պատրաստ չէին ինքնապաշտպանության, մանավանդ որ գավառի հայ ղեկավար գործիչներն էլ միակարծիք չէին դիմադրություն կազմակերպելու վերաբերյալ։ Գազանաբար սպանվեցին Ցրոնք, Գոմս, Հերկերտ գյուղերի բնակիչները։ Մուշի հայերին լրիվ բնաջնջումից փրկեց հայ կամավորների ու ռուսական բանակի մոտեցումը, որոնք, հետապնդելով նահանջող հակառակորդին, մայիսի սկզբին հասան Բուլանըխ, ընդհուպ մոտեցան Մուշին։ Թուրքերն ընկան խիստ ծանր կացության մեջ։

Այս պայմաններում առավել վճռականորեն տրամադրված Մուշի հայոց առաջնորդները հնարավոր համարեցին կազմակերպել Մուշի հայոց զինված դիմադրությունը։ Սակայն առաջացած տարաձայնությունների պատճառով պահը բաց թողնվեց շարունակել...

Ապրիլի 30
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Մոնտեբելլոյում
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Մոնտեբելլոյում

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Մոնտեբելլոյում, հուշարձան ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Մոնտեբելլո քաղաքում, որը նվիրված է 1915-1921 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրը, որի բացումը տեղի է ունեցել 1968 թ. ապրիլին, կառուցված է սպիտակ բետոնից և իրենից ներկայացնում է իրար միացված 23 մետր բարձրությամբ ութ կամարից բաղկացած շինություն։

Արձանի հեղինակը Հրանտ Աղբաբյանն է։ Սա Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամեծ հուշահամալիրն է ԱՄՆ-ում։

Հուշահամալիրի հուշատախտակին անգլերեն գրված է.
«Հայ նահատակաց հուշարձան (այս բառերը գրված են նաև հայերեն)
Այս հուշարձանը կառուցվել է ամերիկահայերի կողմից, նվիրված է 1915-1921 թվականներին թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1500000 զոհերի և մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհ դարձած բոլոր ազգությունների մարդկանց հիշատակին: 24 ապրիլի, 1968» շարունակել...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր