Սիս, քաղաք Դաշտային Կիլիկիայում, ներկայիս Քոզան քաղաքը Թուրքիայում։

Նախկին մայրաքաղաք
Սիս
Սսի ամրոց
ԵրկիրԿիլիկիայի հայկական թագավորություն Կիլիկյան Հայաստան
Տվյալ կարգավիճակում1173 - 1375 թվականից
Սիս (Աշխարհ)##
Սիս (Աշխարհ)

Մինչև մայրաքաղաք խմբագրել

Սիս քաղաքը գտնվում է Պյուռամոսի (Զիհուն) Միս կամ Սուարան վտակի ափին։ Բերդը հիմնված է ապառաժուտ և դժվարամատչելի Սիս լեռան եռասայր գագաթին, քաղաքը փռվում է հյուսիսարևելյան լանջին ու ստորոտին։ Լեռան արևելյան ստորոտով հոսում և Սիս գետին է միախառնվում Ասմնցուկ (Անցմնցուկ) գետակը, որի ձորահունը արաբական աղբյուրներում հիշատակվում է Դարբանդի Սիս (Սսո դարպաս կամ Սսո Կապան) անվանումով։ Սսի շրջակայքը բարեբեր դաշտ է, որտեղ աճում է կիտրոն, նարինջ, խաղող, բրինձ և այլն։ Սիս լեռը հնում եղել է անտառապատ (ցարդ պահպանվում են կաղնու, սոսու, կաղամախու, հացենու պուրակների մնացորդներ)[1]։

Հնագույն ժամանակներում հիմնադրված Սիսը ենթադրաբար նույնացվել է անտիկ բերդաքաղաքներ Իսսոսին, Պինդենիսսոսին, Փլավիպոլսին և այլն։ Սիսան կամ Սիսիա անվանաձևերով առաջին անգամ հիշատակվում է 5-6-րդ դարերում բյուզանդական և լատինական աղբյուրներում։ 703 թվականին Սիսը ենթարկվել է արաբական նվաճողների ավերածությանը։ Արաբական աշխարհագիրների վկայությամբ՝ 8-9-րդ դարերում Սսում գերազանցապես բնակվել են հայեր[1]։

Կիլիկիայի Թորոս Ա իշխանապետը (1100-1129) գահակալման սկզբին տեղի հայերի աջակցությամբ բյուզանդական տիրապետությունից ազատագրել է Սիսը և մոտակայքում հիմնել Դրազարկի վանքը, որն այնուհետև դարձել է նաև Ռուբինյանների դամբարան։ 1114 թվականի նոյեմբերի 13–ի երկրաշարժից խիստ տուժել է նաև Սիսը, զոհվել են բազմաթիվ բնակիչներ։

Սիսը մայրաքաղաք խմբագրել

Մլեհ իշխանապետը իր կառավարման ժամանակաշրջանում զբաղվել է նաև տնտեսական և մասնավորապես շինարարական հարցերով, որոնք պետության համար ունեին ոչ պակաս կարևորություն։ Թերևս դրանց մեջ պետք է առանձնացնել նոր մայրաքաղաքի հիմնադրումը։

Մլեհ իշխանապետը վերակառուցել է Սիսը և 1173 թվականին այն հռչակել է Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք։ Անշուշտ, մայրաքաղաք Սսի բարեկարգումը և զարգացումը շարունակվեց նաև Կիլիկիայի հայկական թագավորության հաջորդ ղեկավարների օրոք։ Սիսը հիմնովին վերակառուցել, պարսպատել, արքունի ապարանքով, աշխարհիկ ու կրոնական շենքերով, պարտեզ–զբոսարաններով ու ծաղկանոցներով ճոխացրել է Լևոն Բ Մեծագործը (1185-1219)։

Հայտնի փաստ է, որ մինչև Մլեհը Ռուբինյան իշխանները Կիլիկիայում չեն ունեցել իրենց հաստատուն նստավայրը։ Առանձին տարիներին հայ իշխանները նստել են Կոպիտառում, Բարձրաբերդում, Վահկայում, Անարզաբայում և Մամեստիայում։ 12-րդ դարի 70-ական թվականներին Կիլիկիայի հայոց իշխանապետությունը օր օրի հզորանում և զարգանում էր, ուստի և կարիք ուներ մի նոր հաստատուն կենտրոնի, որն իրար կկապեր բարդ ռելիեֆ ունեցող շրջանները։ Հայոց իշխանապետը որոշեց նախապատվությունը տալ Սիս քաղաքին (հնում Փլավիապոլիս), որի դիրքը բավական հարմար էր։ Այն գտնվում էր մոտավորապես երկրի կենտրոնում և ավելի լավ պաշտպանված էր հարձակումներից՝ ունենալով դժվարամատչելի դիրք, որը բնական պաշտպանություն էր քաղաքի համար[2]։

Մայրաքաղաքի կառուցման իրադարձությունը տեղի ունեցավ 1173 թվականին։ Այդ մասին Մ. Օրմանյանը հետևյալն է նշում.

  Մլեհի գործն եղաւ Ռուբինեանց իշխանութեան տեւական կեդրոն մը կազմել, զնորաշէն քաղաքն Սիս, որ հին Փլաբիուպոլիս քաղաքին տեղը շինուած կը կարծուի, եւ իր լաւ դիրքովը յարմարագոյնն էր իշխանութեան մայրաքաղաքն ըլլալու։
- Մ․Օրմանյան
 


Այդ ժամանակից սկսած մինչև 1375 թվականը՝ այս քաղաքը մնաց որպես Կիլիկիայի հայոց պետության մայրաքաղաք։ Շուտով հայոց իշխանապետի հրամանով մայրաքաղաք Սսում կառուցում են առևտրական կենտրոններ։ Բացի այդ՝ քաղաքը զարդարում են բազմաթիվ գեղեցիկ շենքերով, ապարանքներով, տաճարներով, հյուրանոցներով և այլ շինություններով։ Նրա՝ մայրաքաղաք դառնալը նպաստեց քաղաքի՝ արագ տեմպերով զարգացմանը։ Սիսը ոչ միայն վարչաքաղաքական, այլև առևտրատնտեսական առումով կարևոր նշանակություն է ձեռք բերում՝ հավասարվելով և գերազանցելով Կիլիկիայի խոշոր քաղաքներին (Տարսոն, Ադանա, Մամեստիա, Անարզաբա)[2]։

Շինությունները խմբագրել

 
Կիլիկյան Հայաստան

Սսի նոր շինությունների ու ամրությունների մասին հիացմունքով է խոսում ավստրիացի Վիլլեբրանդ Օլդենբուրգցին, որը 1211-1212 թվականին դեսպան է եղել Կիլիկյան Հայաստան[1]։ Շինարարական աշխատանքները Սսում շարունակվել է նաև Հեթում Ա թագավորի և նրա հաջորդների ժամանակ։ Հայ պատմիչներն առաձնապես գովեստով են խոսում քաղաքի հյուսիսային թաղամասում Հեթում Ա–ի հիմնադրած նոր ապարանքի (կոչվել է նաև Դարպաս) ու դրա ճոխ քանդակների մասին։ Բոլորաձև հորինվածքով Դարպաս–ապարանքը կերտվել է սրբատաշ խոշոր քարերով, մարմարյա սև սյունաշարով(19-րդ դարի սկզբին դեռևս կանգուն էին դրանցից 4-ը)։ Հզոր աշտարակներով եռապարիսպ, եռադարպաս բերդը բաժանած է երեք մասի, որոնք միմյանց կապվում են քարակերտ ուղիներով։ Բերդի հարավային կողմում ներքնաբերդն է կամ բուն դղյանը, ուր վտանգի ժամանակ պատսպարվել է արքունիքը։ Բերդում պահպանվել է կիսակործան մի մատուռ (երկրորդ կատարին) և քաղցրահամ աղբյուր (երրորդ կատարին), որին ավանդաբար վերագրվել է բուժիչ հատկություն։ Կապարով ամրացված բերդապարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև բերդի շուրջ հիմնված դիտանոցները մեծամասամբ կանգուն են։ Սսի բերդը գրեթե միշտ եղել է անառիկ։ Պատահական չէ, որ Կոստանդին Բ թագավորը (1345–1365) Սսի պատվին հատել է ոսկե շքադրամ՝ «Սսոյ բերդն է թագավոր» վերտառությամբ[1]։

Սիսը ունեցել է մի քանի տասնյակ եկեղեցիներ ու վանքեր։ Հին եպիսկոպոսարանը և նրա եռախորան Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում էին քաղաքի հարավային ծայրամասում։ Հռոմկլայի գրավումից հետո այն դարձել է Հայոց ընդհանրական կաթողիկոսության (1293-1441), այնուհետև՝ Կիլիկիայի Հայոց կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը։ Կենտրոնին կից դամբարանում պահպանվում են բազմաթիվ կաթողիկոսների տապանաքարեր։ 1734 թվականին եկեղեցին նորոգել է Կիլիկիայի կաթողիկոս Ղուկաս Ա․ Աջապահյանը։

Լևոն Բ Մեծագործի օրով Սսում հիմնվել են Ս․ էջմիածին կաթողիկեն, Ս․ Մարինե և Ս․ Աստվածածին (այստեղ է ամփոփվել Լևոն Բ–ի մարմինը) եկեղեցիները[1]։ Հեթում Ա–ի օրոք հիմնվել է արքունական Ս․ Սոփի (Ս․ Սոփիա) եկեղեցին, որի արտաքին ճակատին երկաթագիր տառերով փորագրված են եղել Հեթում Ա, Լևոն Գ և այլ թագավորների անունները։ Եկեղեցում զետեղվել է առյուծի և արծվի պատկերաքանդակներով զարդարված թագավորական մարմարյա գահը։ Այդ եկեղեցին 1266 թվականին ավերել և հրկիզել են Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը։ Կիլիկիայի կաթողիկոս Կիրակոս Ա Աջապահյանը 1810-22 թվականիին վերանորոգել է այն, վերանվանել Ս․ Գրիգոր Լուսավորիչ և աթոռանիստը փոխադրել այնտեղ (հյուսիսարևմտյան կողմում պահպանվել են կաթողիկոսների տապանաքարերը)։ Սսի հայկական եկեղեցիներից աղբյուրներում հիշատակվում են՝ Ս․ Հռիփսիմե, Ս․ Հակոբ, Ս․ Հոգի, Ս․ Նշան, Ս․ Սիմեոն, Ս․ Նիկողայոս, Ս․ Ստեփանոս (կոչվել է նաև Գունդստաբլի եկեղեցի), Ս․ Մերկեռիոս, Ս․ Պողոս–Պետրոս, Ս․ Աթանագինե։

Միջնադարյան հայ դպրության և երաժշտագիտության կենտրոն Դրազարկի վանքից բացի, Սսի մերձակայքում հիշատակվում են նաև Տեր Պողոսի վանքը և գրչության կենտրոն Մեծքարի (Մեծայր) վանքը, որտեղ 1175 թվականին ամփոփվել է Մլեհ իշխանապետի աճյունը։ Սսում եկեղեցիներ են ունեցել հույները, ջենովացիները, վենետիկցիները, խաչակիր ասպետները և ասորիները։ Իգնատիոս Բ ասորին 1244 թվականին Սսում հիմնել է կաթողիկոսարան՝ Ս․ Պարսամա և Ս․ Աստվածածին եկեղեցիներով։ Սսի արվարձաններից մեկում գործել է ասորվոց Ս․ Պաքսեմատի վանքը[1]։

Սսի բարեգործական հիմնարկներից հայտնի էր Զապել թագուհու հիվանդանոցը, որի հիմնադրման (1241) մասին մարմարե քարի վրա պահպանվել է թագուհու արձանագրությունը։

Սիսը համահայկական մշակութային կենտրոն խմբագրել

Սիսը եղել է համահայկական մշակույթի խոշորագույն կենտրոն, որտեղ արքունիքի ընտրությամբ և պետական ռոճիկով գործող առաջնակարգ մտավորականները հավաքել, ուսումնասիրել, բազմացրել և կորստից փրկել են բազմահազար հին ձեռագրեր գիտական ու գրական արժեքավոր երկեր։ Սսի ընտիր ձեռագրերը հիմնականում պահվել են արքունի մատենադարանում։ Սիսը հռչակվել է մասնագիտացված բարձրագույն դպրոցներով, որոնցից մեծահամբավը եղել է Ներսես Լամբրոնացու հիմնադրած աշխարհիկ համալսարանը։ Սսի բարձրագույն դպրոցներում կատարելագործվել են Մխիթար Գոշը, Վարդան Մեծը, Կիրակոս Գանձակեցին, Հովհաննես Օրբելյանը և ուրիշներ։ Սսում կատարվել են թագադրման և այլ արարողություններ, արքունական մեծամեծ հանդեսներ, օտար դեսպանների ընդունելություններ, համապետական, համազգային նշանակություն ունեցող խնդիրների քննարկումներ[1]։

Սսի անկումը խմբագրել

1266 թվականի օգոստոսին Եգիպտոսի Բիբարս (Ֆնդխտար) սուլթանը խոշոր ուժերով ներխուժել է Կիլիկիա, պաշարել Սիսը, բայց չկարողանալով գրավել բերդը, ավերել և հրկիզել է քաղաքը, կողոպտել հարստությունները։

  Միայն մի գանձարկղից հափշտակել են 600 հազար կարմիր ոսկի։
- Վարդան Մեծ
 


  Մամլուքները հրկիզել են Ս․ Սոփիա տաճարը, քանդել արքունի և մեծատոհմ արանց շիրիմները, կոտորել, գերեվարել հազարավոր քաղաքացիների։
- Մաղաքիա
 


Սիսը զգալիորեն տուժել է 1268 թվականի երկրաշարժից։ 1270–ական թթ. քաղաքը վերաշինվել է, ամրացրել են պարիսպները։ 1275 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը կրկին փորձել են գրավել Սիսը, սակայն քաղաքի պարիսպների մոտ հայկական զորաբանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախել և ետ է շպրտել նրանց։ Այնուհետև շուրջ մեկ դար Սիսը ապրել է համեմատաբար խաղաղ կյանքով։ Եգիպտոսի սուլթանության 60 հազարանոց զորաբանակը վերստին պաշարել է Սիսը 1369 թվականին։ Քաղաքի պաշտպանական մարտերում հերոսական սխրանքներով նշանավորվել են Լիպարիտ սպարապետը, Հեթումը, Զարմանդուխտը և շատ ուրիշներ[1]։ Հրդեհի ճարակ դարձնելով և կողոպտելով քաղաքը՝ թշնամին այնուամենայնիվ, հարկադրված է եղել թողնել բերդի գրավումը և նահանջել։ Օգտվելով Կիլիկյան Հայաստանում պետական իշխանության թուլացումից ու ներքին երկպառակությունից՝ Եգիպտոսի սուլթան Մալիք ալ-Աշրաֆը 1375 թվականին պաշարել և գրավել է բերդը, ձերբակալել է թագավորին ու մի շարք իշխաններին։ Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայկական պետականության կորուստ։ Սաստկացող բռնությունների պայմաններում շատ սսեցիներ գաղթել են օտար երկրներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական Սովետական Հանրագիտարան. Vol. 10. p. 398.
  2. 2,0 2,1 Հովհաննիսյան, Արամ (2022). Մլեհ Ռուբինյան Իշխանապետ Կիլիկիո Հայոց (PDF). Երևան: ԵՊՀ հրատ․. pp. 91–93. ISBN 978-5-8084-2553-8.

Արտաքին հղումներ խմբագրել