Զաքարյան իշխանապետություն

(Վերահղված է Զաքարյան Հայաստանից)

Զաքարյան իշխանապետություն, պետություն Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և արևելյան հատվածում՝ Վրացական թագավորության (1008-1490) հովանավորության ու գերիշխանության ներքո։ Այն կառավարել են Զաքարյան տոհմի ներկայացուցիչները[Ն 1]։

Զաքարյան իշխանապետություն
 Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան 1200 - 1360 Մոնղոլ-թաթարների տիրապետությունը Հայաստանում 
Քարտեզ


(13-րդ դարի սկիզբ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Անի
Լեզու հայերեն
վրացերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Զաքարյաններ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Զաքարյանները Հայաստանում իշխանության են եկել այնպիսի ժամանակաշրջանում, երբ վերացել էր Անիի Բագրատունիների թագավորությունը (885-1045) և բոլոր ենթակա թագավորություններն ու իշխանությունները Տարոնում (800-966), Տայքում (809-1001), Վասպուրականում (908-1021), Վանանդում (963-1065), Տաշիր-Ձորագետում (978-1113), Սյունիքում (987-1170) և այլուր։ Հայաստանում ստեղծվել էին բազմաթիվ ամիրայություններ, որոնց գլուխ էին կանգնել իսլամադավան սելջուկները։ Վերջիններիս արշավանքը Հայաստան տեղի էր ունեցել 11-րդ դարի կեսերին։

Կաթողիկոսական աթոռը հայտնվել էր դեգերումների մեջ և հանգրվանել բուն Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Եփրատի ափին գտնվող Հռոմկլա ամրոցում։ Այն հետագայում մտնում է նորաստեղծ հայկական պետության՝ Կիլիկիայի թագավորության կազմում։ Բուն Հայաստանում հայկական հողերը միավորելու, հայ ազնվական ու հոգևորական վերնախավը վերամիավորելու և ժողովրդի խաղաղ զարգացումն ապահովելու համար Զաքարյանները զինակցում են հայկական ծագում ունեցող Բագրատունիների հետ։ Վերջիններս Վրաստանում հասել էին թագավորական աստիճանի և կառավարել ավելի քան մեկ հազարամյակ (9-19-րդ դարեր)։ Հաջողվում է ազատագրել Հայաստանի հյուսիսային, արևելյան ու կենտրոնական հատվածները։

Զաքարյանների օրոք վերջին անգամ հայ ժողովուրդը իր տարածքում կարողանում է ստեղծագործական աշխատանքի անցնել։ Կառուցվում են նորանոր վանքեր ու եկեղեցիներ, ամրոցներ ու բերդեր, շունչ են տրվում հայկական միջնադարյան քաղաքներին։ Որպես քաղաք՝ նոր զարգացում է ապրում Երևանը։ Նրանց թուլացմանն ու անկմանը զուգընթաց, հայ ժողովուրդը սկսում է արտագաղթել հայրենիքից, առաջանում են միջնադարյան գաղթավայրեր Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում մեկը մյուսին է հաջորդում մոնղոլ-թաթարների, Կարակոյունլու և Ակկոյունլու թուրքմենների, օսմանյան թուրքերի և պարսիկների տիրապետությունը։ Բնակություն են հաստատում բազմաթիվ քրդական ու թյուրքական ցեղեր։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ


Զաքարյանների ծագում խմբագրել

11-րդ դարի առաջին կեսին Սելջուկ-թյուրքերի արշավանքները դժվարին դրության մեջ դրեցին փոքր և ռազմականապես թույլ հայկական թագավորություններին ու իշխանություններին։ Հերթական արշավանքից հետո՝ 1065 թվականին, Կարսի (Վանանդի) թագավոր Գագիկ Աբասյանը Բյուզանդիային հանձնեց իր տիրույթները և կալվածքներ ստացավ Փոքր Ասիայի Կեսարիա քաղաքի շրջակայքում։ Մյուս երկու թագավորությունները՝ Սյունիքն (987-1170) ու Տաշիր-Ձորագետը (978-1113), դիմացան սելջուկյան արհավիրքներին և գոյատևեցին ևս մի որոշ ժամանակ։

11-րդ դարի վերջերին սկսվեց Սելջուկյան սուլթանության թուլացումն ու տրոհումը։ Գահակալական անվերջ կռիվներից ու խռովություններից մեծապես տուժում էին նվաճված երկրները։ Սելջուկյան պետության քայքայման պայմաններում հայկական թագավորությունները և իշխանությունները հերոսական պայքարի շնորհիվ վերականգնեցին իրենց անկախությունը և անգամ ընդարձակեցին իրենց տիրույթները։

Լոռու թագավորությունում 12-րդ դարի սկզբին իշխում էին Դավիթ և Աբաս եղբայրները, իսկ Սյունիքում՝ Գրիգոր թագավորը։ Հայկական իշխանություններից Արծրունիների տոհմի մի ճյուղը տիրում էր Աղթամար կղզուն։ Այդ իշխանությունը հետ էր մղում թշնամիների հարձակումները և իր ձեռքում էր պահում Աղթամարն ու շրջակա գավառները։ Սասունի Թոռնիկյանների իշխանությունը միակն էր Հարավային Հայաստանում, որ Մանազկերտի ճակատամարտից հետո պահպանեց իր անկախությունը։ Սասունից բացի, Թոռնիկյանները տիրում էին Արածանիի միջին հոսանքում ընկած գավառներին։ Սասունի իշխանությունը 12-րդ դարում իր շուրջն էր համախմբել շրջակայքի ավելի փոքր հայկական իշխանությունները և գլխավորում էր ազատագրական պայքարը։ Թոռնիկյան իշխանը կամ, ինչպես արաբներն էին նրան անվանում, «Սասունի թագավորը» կարող էր պատերազմական դաշտ դուրս բերել մի քանի տասնյակ հազարանոց զորք։

Սյունիքի թագավորության հարևանությամբ հայկական իշխանությունների խիտ ցանց էր հաստատված Արցախում։ Հատկապես հայտնի էին Խաչեն գավառի Ներքին Խաչեն, Հաթերք և Ծար իշխանությունները, որոնք մշտական կռիվների մեջ էին թշնամիների դեմ։

 

12-րդ դարի երկրորդ կեսին քայքայվող սելջուկյան տիրակալության դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված հուժկու ազատագրական պայքարը գլխավորել են վրաց Բագրատունիների շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները՝ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները, ապա և Զաքարյանները։ Վերջիններիս նախնի համարվող Խոսրով Արծրունին 11-րդ դարի երկրորդ կեսին, խուսափելով սելջուկյան նվաճողների բռնություններից, հաստատվել է Գուգարքում և ծառայության մտել Տաշիր-Ձորագետի Բագրատունիների արքունիքում։ Վասալական ծառայության դիմաց Կյուրիկե Ա Բագրատունին Խոսրով Արծրունուն և նրա որդի Զաքարիային շնորհել է Խոժոռնի բերդը և շրջակա հողերը։ Մեծ հեղինակություն ձեռք բերած Զաքարիայի անունով էլ Խոժոռնու Արծրունիների իշխանատունն այնուհետև կոչվել է Զաքարյան։ 11-րդ դարի երկրորդ կեսին Արծրունիների տոհմի մեկ այլ իշխան՝ Վահրամը, հաստատվել է Գուգարքի Ձորոփոր գավառում և վասալական ծառայության դիմաց նույն Կյուրիկե Ա Բագրատունուց (978-989) ստացել Մահկանաբերդ և Կայան բերդերը՝ շրջակա հողերով հանդերձ։ 1118 թվականին, երբ Վրաստանին է միացվել Կյուրիկյանների թագավորության տարածքի զգալի մասը և այն վրաց Բագրատունիները շնորհել են Օրբելյաններին, Զաքարյան-Արծրունի իշխանատները դարձել են Օրբելյանների վասալները։ Վրաց թագավոր Դեմետրե I-ի օրոք (1125-1156) Վահրամի որդի Վասակ Արծրունին կարգվել է Տփղիս քաղաքի շահապ (քաղաքագլուխ), որին 1170-ական թվականներին հաջորդել է եղբայրը՝ Ամիր Քուրդ Արծրունին։ Վերջինիս քույր Սահակադուխտն ամուսնացել է Զաքարիայի որդի Սարգիս Մեծի (Սարգիս Զաքարյան) հետ։ Նրանց որդիներն էին Զաքարյան տոհմի նշանավոր ներկայացուցիչներ Զաքարե Բ ու Իվանե Ա։

Հայաստանի մուսուլմանական ամիրայություններ խմբագրել

Սելջուկյան սուլթանությունը հզորության գագաթնակետին էր հասել Մալիքշահի օրոք (1072-1092)։ Երկրի մշակութային զարգացմանը մեծապես նպաստել էր վեզիր Նիզամ ալ-Մուլքը։ Սուլթանի մահից հետո Հայաստանում առաջացան մուսուլմանական բազմաթիվ իշխանություններ՝ ամիրայություններ, որոնք ամեն կերպ խոչընդոտում էին հայ ազատագրական շարժմանը։

 
Վրաց թագավորությունը Դավիթ Շինարար թագավորի օրոք (1089-1125)

Արևելյան Հայաստանի իշխանություններից հատկապես հայտնի էին Գանձակի ու Դվինի Շադդադյան ամիրաները, որոնք աջակցել էին սելջուկ-թյուրքերին Այսրկովկասի նվաճման գործում։ 1064 թվականին Շադդադյանները սուլթանից ստացել էին Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անին։ Այստեղ հաստատվեց Շադդադյան Մանուչե ամիրան և շուտով բարեկամական փոխհարաբերությունների մեջ մտավ քաղաքի հայ բնակչության հետ։ Նրա օրոք նորոգվեցին Անիի վնասված պարիսպները, քաղաք հրավիրվեցին որոշ հայկական իշխանական տոհմեր։ Անեցիների և Շադդադյանների փոխհարաբերությունները թշնամական բնույթ ձեռք բերեցին Մանուչեի մահից հետո, 12-րդ դարում, երբ կրոնական հալածանքներ սկսվեցին հայ բնակչության նկատմամբ։

Ուտիք նահանգում՝ Գարդման, Շակաշեն և Տավուշ գավառներում 12-րդ դարում կազմավորվեց Գանձակի ընդարձակ աթաբեկությունը։ Այն պարբերաբար հարձակումներ էր գործում Արցախի հայկական իշխանությունների վրա, իսկ 1170 թվականին գրավեց Սյունիքի թագավորությունը։ Սյունիքի Բաղաբերդ ամրոցում բարբարոսները ոչնչացրին ավելի քան 10 հազար հայերեն ձեռագիր։

Հայաստանի հարավում ամենահզորը Շահ-Արմենների ամիրայությունն էր՝ Խլաթ կենտրոնով։ Նրա բնակչության մեծ մասը կազմում էին հայերը։ Ամիրայության սահմանների մեջ էին մտնում Արճեշ, Մուշ, Մանազկերտ քաղաքները։ Շահ-Արմենները Հայաստանի ազատագրման անհաշտ թշնամիներից էին։

Քրդական, սելջուկյան և արաբական ամիրայություններ կային նաև Հայաստանի այլ քաղաքներում՝ Դվինում, Կարսում, Կարինում, Խարբերդում ու նրանց շրջակա գավառներում։ Այդ իշխանությունները մեծ ուժ չէին ներկայացնում, բայց հաճախ միանում էին խոշոր ամիրայությունների բանակներին և փորձում կասեցնել հայ-վրացական բանակների առաջխաղացումը[1]։

Հայ-վրացական զինակցություն խմբագրել

1008 թվականին Բագրատունիները հիմնում են Վրացական թագավորությունը։ Այն իր գոյության առաջին դարում ստիպված էր բախվել Միջին Ասիայից Մերձավոր Արևելք ներխուժած սելջուկ-թյուրքերի դեմ։ Վրաստանը ստիպված էր ընդունել սելջուկյան սուլթանների գերիշխանությունը և հարկ վճարել։ Մալիքշահ սուլթանի (1072-1092) մահից հետո Վրաստանում գահ բարձրացած Դավիթ Շինարարը (1089-1125) երկիրը տարավ հզորացման ու միավորման ուղիով։ Վրացական թագավորությունը 12-րդ դարում հզորացավ և գլխավորեց սելջուկ-թյուրքերի դեմ ուղղված ազատագրական պայքարը։

 
Դավիթ Շինարար Բագրատիոնի
(1089-1125)

Բագրատիոնիների գերիշխանության ներքո այսրկովկասյան մի շարք, այդ թվում՝ վրացական իշխանությունների միավորումն ու միասնական Վրաստանի հզորացումը ոգևորում էր հայերին և մոտալուտ ազատագրության հույսեր ներշնչում։ Հայոց այրուձիի այն մասը, որը Անիի թագավորության անկումից հետո ապաստան էր գտել հարևան երկրում, վրացական բանակի կազմում մասնակցում էր սելջուկյան ամիրայությունների դեմ կռիվներին։ Այդ զորաջոկատները գլխավորում էին հայ իշխանները, որոնցից ոմանք բարձր դիրք ունեին վրաց արքունիքում։ Հայ զորավարներից ամենանշանավորը Սարգիս Զաքարյանն էր, որն իր կյանքի վերջին տարիներին նշանակվեց վրացական բանակի և նրա կազմում կռվող հայկական զորաջոկատների գլխավոր զորահրամանատար՝ ամիրսպասալար։ Հայաստանից արտաքսելով թշնամուն՝ Վրաստանն ապահովում էր իր հարավային սահմանների անվտանգությունը, իսկ Հայաստանը, ի դեմս Վրաց թագավորության, հզոր դաշնակից էր ձեռք բերում։

Հայկական երկրամասերի ազատագրման նախաձեռնությունը պատկանում էր տեղական բնակչությանը, որն անտանելի վիճակի մեջ էր գտնվում։ Ամիրայությունները հաճախակի պատերազմներ էին վարում միմյանց դեմ, որից առաջին հերթին տուժում էր հայ բնակչությունը։ 1124 թվականին անեցիները հատուկ պատգամավորություն ուղարկեցին Դավիթ Շինարարի մոտ և հայտնեցին քաղաքը նրան հանձնելու իրենց որոշման մասին։ Անեցիների օգնությամբ վրացական բանակն արագորեն գրավեց Անին և ձերբակալեց քաղաքի Շադդադյան կառավարչին։ Անեցիները լիակատար ինքնավարություն ձեռք բերեցին քաղաքի ներքին կյանքի հարցերում։ Սակայն հաղթանակը երկար չտևեց։ Անիի կառավարչի որդին զինական օժանդակություն ստացավ հարևան ամիրայություններից և պաշարեց քաղաքը։

Անի քաղաքի պաշտպանական մարտերին մասնակցում էին վրացական զորքը և անեցի աշխարհազորայինները, որոնց կազմում կային նույնիսկ կանայք։ Նրանցից Այծեմնիկը, արհամարհելով նետերից ստացած վերքերը, պարսպի վրայից քարեր էր նետում թշնամու զինվորների վրա։ Միայն երկու տարի անց, երբ քաղաքում սով սկսվեց, անեցիները համաձայնեցհն վերստին ենթարկվել Շադդադյաններին։ Հաջորդ տասնամյակների ընթացքում՝ մինչև 12-րդ դարի ավարտը, Շադդադյանները ևս երկու անգամ արտաքսվեցին Անիից։ Սակայն հարևան ամիրայություններն անմիջապես օգնության էին հասնում և վերականգնում նրանց իշխանությունը[2]։

Հայաստանի ազատագրում խմբագրել

12-րդ դարի վերջին իսլամադավան տիրակալներից արևելյան Հայաստանը ազատագրելու նախաձեռնությամբ հանդես են գալիս Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի որդիները՝ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը (թագաժառանգի խնամակալը)։ Նրանք վրացական արքունիքի ամենաազդեցիկ գործիչներից էին և մարմնավորում էին հայ-վրացական զինական համագործակցությունը։ Նրանց փառքը տարածված էր մոտիկ և հեռավոր երկրներում։ Եղբայրների սխրանքներին ցնծությամբ էր հետևում ոչ միայն բուն երկրի, այլև Կիլիկիայի հայ բնակչությունը։

 
Թամար թագուհի (1184-1207)

1177-78 թվականներին Գեորգի III թագավորի դեմ ծավալված գահակալական կռիվների ժամանակ հայ-վրացական զորքերի ամիրսպասալար Իվանե Օրբելյանը պաշտպանել է իր փեսային՝ գահի հավակնորդ Դեմետրեին։ Սակայն հայկական զորքերի հրամանատար Սարգիս Մեծ Զաքարյանի աջակցությամբ հաղթանակը շահել է Գեորգի III: Պարտված Օրբելյանների տոհմը սրատվել է, իսկ փրկվածներն ապաստանել են Սյունիքում։

Դեռ ազատագրական շարժումից առաջ՝ 1185 թվականին, վրաց Թամար թագուհին (1184-1207) Սարգիս Մեծին շնորհել է հայ-վրացական զորքերի գերագույն հրամանատարի՝ ամիրսպասալարի պաշտոնը, ինչպես նաև Օրբելյանների նախկին այն տիրույթները, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխեթ (Հայաստան) անվանումով։ Սարգիս Մեծի որդիներ Զաքարեն և Իվանեն գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը հասել է 40 հազարի։ Սարգիս Մեծի մահից (1187) հետո Զաքարեն կարգվել է ամիրսպասալար, իսկ Իվանեն՝ վրաց արքունի մեծ վեզիր։ Հայ իշխաններից Ամիր Քուրդ Արծրունին նշանակվել է Քարթլիի և Տփղիսի Էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև վրաց արքունի գանձապետ։ Վահրամ Զաքարյանի (Սարգիս Մեծի եղբայրը) ավագ որդի Զաքարեին շնորհվել է Գագ ամրոցը և մերձակա հողերը, իսկ կրտսեր որդի Սարգսին՝ Թմուկ (Թմոգվի) բերդը և շրջակա գավառը։ Հայ-վրացական սերտ համագործակցության արդյունքում ոչ միայն ամրապնդվել և հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սելջուկյան նվաճողներից շուտով ազատագրվել են Հայաստանի հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական նահանգները։

Թշնամու դեմ պայքարում առաջին խոշոր հաղթանակն Ամբերդ ամրոցի գրավումն էր։ Զաքարեի և Իվանեի գլխավորած զորքերն առաջացան դեպի Հայաստանի կենտրոնական ու արևելյան շրջաններ։ 1198 թվականին վերջնականապես ազատագրվեց Անին, շուտով թշնամին թողեց ամբողջ Շիրակը։ Զաքարյան իշխանները զավթիչներին դուրս քշեցին նաև Արագածոտնից ու Այրարատյան դաշտից։ 1203 թվականին Զաքարեի ու Իվանեի զորաբանակները մտան Դվին։

 
Վրաց թագավորությունը Թամար թագուհու օրոք

Արարատյան դաշտի ազատագրումից հետո ազատագրական մարտեր ծավալվեցին նաև Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Հայ բնակչության օգնությամբ հայ-վրացական զորքերը կարողացան հարձակում ծավալել տարբեր ուղղություններով և ամենուր հաջողության հասան։ Շարժվելով դեպի արևմուտք՝ նրանք գրավեցին Կարսը, իսկ հարավում՝ Բագրևանդը։ Շարունակելով հարձակումը՝ Զաքարեն և Իվանեն հասան մինչև Արճեշ ու Մանազկերտ, բայց չկարողացան ամրանալ Հարավային Հայաստանում։

12-րդ դարի վերջին Ֆաթիմյան խալիֆայության կործանմամբ ազգությամբ քուրդ Սալահ ալ-Դինը (1138-1193) հիմնել էր նոր պետություն։ Նա 1187 թվականին նվաճում է Երուսաղեմը, որը խաչակիրները գրավել էին 1099 թվականին։ Սալահ ալ-Դինի հաջորդները շարունակում են նրա գործը։ 1207 թվականին Եգիպտոսի սուլթանի ազգականներին՝ Այուբյաններին անցան Շահ-Արմենների տիրույթներն, որից հետո Զաքարյաններն անհաջողություն կրեցին Խլաթ քաղաքի մատույցներում և դադարեցրին հետագա առաջխաղացումը։ Զաքարեի և Իվանեի նախաձեռնած ազատագրական մարտերը շարունակեցին նրանց որդիները։

Մինչև մոնղոլական արշավանքները, շուրջ կես դար, Զաքարյան իշխանների տարբեր ճյուղերը բազմաթիվ մարտեր մղեցին։ Նրանց ջանքերով ազատագրվեց Գուգարքի, Արցախի, Ուտիքի, Սյունիքի և Այրարատի մեծ մասի հայ բնակչությունը[3]։

Հայաստանը Զաքարյանների օրոք խմբագրել

 
Զաքարյանների առյուծի և ցուլի պատկերագրությամբ զինանշան բարձրաքանդակն է Գեղարդի Կաթողիկե եկեղեցու մուտքի վերևում[4]։

Հայկական լեռնաշխարհի ազատագրված տարածքներում իրենց իշխանությունը հաստատեցին Զաքարյանները և նրանց հետ կապված հայկական իշխանական տները։ Վերջիններիս մեծ մասը վաղ միջնադարում գոյություն ունեցած հայկական ազնվական տոհմերի շառավիղներն էին։ Զաքարե ամիրսպասալարին և նրա ժառանգներին էր պատկանում Անիի նախկին թագավորությունը՝ շրջակա գավառներով։ Այս ընդարձակ իշխանության կենտրոնը Անի քաղաքն էր։ Զաքարյանների երկրորդ ճյուղն ի դեմս Իվանե աթաբեկի ու նրա ժառանգների տիրում էր հյուսիսարևելյան Հայաստանի կենտրոնական շրջաններին։ Նրանց նստավայրն էր Դվին քաղաքը։ Զաքարյանների երրորդ ճյուղի հիմնադիրը Սարգիս Զաքարյանի եղբայր Վահրամն էր։ Նրա ժառանգները՝ Վահրամյանները, հաստատվել էին Հայաստանի հյուսիս-արևելքում։ Նրանց գլխավոր հենակետն ու աթոռանիստը Գագ ամրոցն էր։

 
Զաքարյան իշխանապետություն

11-րդ դարի ընթացքում սելջուկ-թյուրքերի կողմից նվաճված և 12-րդ դարի ընթացքում հալածված հայկական իշխանական տները վայելում էին Զաքարյանների հովանավորությունը։ Նրանք օգնեցին, որպեսզի իրենց իրավունքները վերականգնեն մի շարք իշխանական տներ։ Ծնունդ առան մի շարք նոր իշխանական տներ, որոնց հիմնադիրները Զաքարյանների հայ զորապետերն էին։ Արագածոտնում և Նիգ գավառում ազդեցիկ դիրք էին ձեռք բերել Վաչուտյանների, Մարմաշենում, Բագնայրում և Լմբատում՝ Պահլավունիների, Լոռում՝ Համազասպյան-Մամիկոնյանները, Մահկանաբերդում՝ Արծրունիների, Մածնաբերդում՝ Կյուրիկյանների, Ձորագետում՝ Սևադյանների, Վայոց ձորում՝ Պռոշյանների, Սյունիքում՝ Օրբելյանների, Արցախում՝ Հասան-Ջալալյանների և Դոփյանների իշխանական տները։

Մեկուկես դար առաջ կործանված Բագրատունիների թագավորության (885-1045) տարածքների մեծ մասում իրենց գերիշխանությունը հաստատելով՝ Զաքարյան եղբայրները հռչակվել են հայ Բագրատունիների օրինական իրավահաջորդները։ Նրանք սեփականացրել են նրանց «շահնշահ» տիտղոսը։ Ազատագրված Հայաստանը Զաքարյանները տնօրինել են լիակատար իրավունքներով՝ որպես «սեփական ժառանգութիւն նախնեաց»։ Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Անի քաղաքը։ Զաքարյանների երեք խոշոր իշխանաճյուղերը թեև իրենց տիրույթների ներքին գործերը վարել են ինքնուրույն, սակայն երկրի ընդհանուր կառավարումն իրականացվել է միասնաբար՝ իշխանապետի և «շահնշահի» գլխավորությամբ։

Հայաստանի ազատագրված տարածքներում Զաքարյանները և նրանց ենթակա իշխանները լիակատար ինքնուրույնություն էին վայելում։ Նրանց տիրույթները կառավարվում էին հատուկ նշանակված պաշտոնյաների միջոցով։ Իշխանություններն ունեին իրենց դրոշը, զինանշանը և զորքը։

Օտարների լուծը թոթափելուց հետո բարենպաստ պայմաններ առաջացան երկրի տնտեսական զարգացման համար։ Վերելք ապրեցին երկրագործությունը և անասնապահությունը։ Ընդարձակվեցին այգիները և ցանքատարածությունները։ Բարելավվեց ոռոգման գործը, շարք մտան նոր ջրամբարներ ու ջրանցքներ, վերականգնվեցին հները։

Անկման վիճակում գտնվող հայկական քաղաքներն ապաքինվեցին և կրկին բռնեցին վերելքի ուղին։ Գեղեցկացավ, նոր շուք ստացավ քաղաքամայր Անին։ Հայաստանի քաղաքները վերստին աշխուժորեն մասնակցում էին Արևելքի երկրների և Բյուզանդիայի հետ կատարվող առևտրին։ Աճեցին ու ընդարձակվեցին Դվինը և Կարսը։ Որպես միջնադարյան քաղաք ձևավորվեց Երևանը։

Քաղաքներում արհեստավորները համախմբված էին հատուկ կազմակերպությունների՝ եղբայրությունների կամ համքարությունների մեջ։ Այդ կազմակերպությունները միավորում էին միևնույն արհեստով զբաղվող վարպետներին։ Համքարությունները պաշտպանում էին իրենց անդամների շահերը, օգնում էին նրանց դժվարությունների պահին։ Եղբայրություններն ունեին իրենց կանոնադրությունները, որոնք կարգավորում էին դրանց գործունեության բոլոր կողմերը։

Զաքարեի որդու՝ Շահնշահի սերունդը բուն Զաքարյանների տոհմն էր։ Շահնշահի ժառանգ Վահրամի Աբուլ-Զաքարե որդուց առաջացավ Վահրամյան-Գագեցի տոհմը, իսկ մյուս որդին՝ Սարգիսը, Թամարից ստացավ Ջավախք գավառի հյուսիսային մասը՝ Թմոգվի (Թմկաբերդ) բերդաքաղաքով։ Սարգսի տոհմը դառնալով քաղկեդոնական եկեղեցու հետևորդ՝ վրացիացավ և հայտնի է Թմոգվելի տոհմանունով։ Իվանեի դուստր Թամթան 1245 թվականից դարձավ Խլաթի ամիրայության կառավարիչ։ Զաքարյանների տոհմը խնամիական կապերով կապված էր իրենից վասալական կախման մեջ գտնվող հայկական ավատատիրական տների հետ։ Մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ Զաքարյանները մրցակցության մեջ էին Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ՝ պահպանելով իրենց դիրքը վրաց արքունիքում։ Զաքարե Մեծի որդի Շահևշաևը մսախուրթուխուցես էր, իսկ Իվանեի որդի Ավագը՝ ամիրսպասալար ու աթաբեկ։ Աբուլ-Զաքարեի որդի Վահրամը դարձավ մսախուրթուխուցես (1213-40), Շահնշահի որդի Զաքարեն՝ ամիրսպասալար (1230-63)։ Այս պաշտոնը ժառանգեց նրա որդի Շահնշահը, իսկ վերջինիս եղբայր Իվանեն դարձավ մսախուրթուխուցես։ 14-րդ դարի առաջին կեսին այս Շահևշահի որդի Զաքարեն դարձավ ամիրսպասալար, իսկ նրա եղբայր Իվանեի որդի Վահրամը՝ աթաբեկ։ Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշվում Զազան (1345-1380)։ Այնուհետն մինչն 18-րդ դարը հիշատակություն չկա Զաքարյանների մասին։

 
Մխիթար Գոշ

Զաքարյանների տիրապետության ընթացքում եղել է շինականների նվիրատվություն և առուվաճառք։ Ճորտացումն ըևթանում էր դասակարգային սուր պայքարի պայմաններում, որի արտահայտություններից է շինականների վերաբերյալ միննույն հոդվածի հակադիր խմբագրությունների առկայությունը Մխիթար Գոշի Դատաստանագրքում։ Զգալի տեղաշարժ է կատարվում նաև իշխող դասակարգի կազմում։ Նախկին տոհմիկ ազնվականությունը (Մամիկոնյաններ, Արծրունիներ, Սյունիներ, Բագրատունիներ) զոհվել էր պատերազմներում կամ գաղթել երկրից։ Նրանց մնացորդներն աննշան տեղ ու դիրք ունեին։ Առաջացել էին ավատական նոր տներ (Դոփյաններ, Պռոշյաններ), որոնց հիմնադիրները Զաքարյան տոհմի անդամներն էին կամ նախկին մանր ազնվականներ, որոնք Զաքարյանների մղած պատերազմներում աչքի էին ընկել ն բարձրանալով ստացել որպես «սեփականություն» կամ «ի կառավարումն» հողային ընդարձակ տարածքներ։ Իշխող դասակարգի կազմում ավարտուն տեսք է ստանում ևս մի խավ՝ «մեծատունների» դասը, որը սկսել էր ձնավորվել նախորդ դարաշրջանում։ Նրանք առևտրի, վաշխառության, հարկային կապալառության միջոցով մեծ դրամ կուտակած, հողային ընդարձակ տարածությունների տիրացած, ազնվականի, իշխանի կոչումներ ստացած անտոհմիկ մարդիկ էին (Տոնենք, Ումեկենք)։ Տեղաշարժ էր կատարվել նաև հոգևորակաևության վերնախավի մեջ։

Պետական իշխանության ու կառավարման բարձրագույն մարմինները միաձուլված էին ն դրանց ֆունկցիաներն իրականացնում էին Զաքարյան եղբայրներ Զաքարեն ու Իվանեն, այնուհետն նրանց ժառանգները։ Պետական-քաղաքագիտական ու զորավարական տաղանդի շնորհիվ գերագահը Զաքարեն Էր․ սկզբնաղբյուրները հենց նրան են կոչում թագավոր, արքա, շահնշահ։ Իշխանապետության յուրաքանչյուր հատված իր տիրույթների ներքին գործերը վարում էր ինքնուրույնաբար՝ կառավարման մարմինների իր համակարգով ու վասալ իշխանների ցանցով, բայց երկրի ընդհանուր կառավարումը իրականացվում էր միասնաբար՝ Զաքարեի գլխավորությամբ։

Պետության և ավատատիրակաև աստիճանակարգության գլուխը Զաքարեն էր, որը նաև զորքերի գերագույն հրամանատարն էր՝ ամիրսպասալարը։ Նա էր լուծում պատերազմի ու խաղաղության հարցերը, նշանակում և ազատում բարձր պաշտոնյաներին։ Պետության կառավարման կենտրոնական մարմնի գլուխ կանգնած պաշտոնյան կոչվում էր «գլուխ իշխեցող և հրամանատար ամենայն իշխեցողաց և գլխաւորաց տան թագաւորութեան տեառն իւրոյ», որ միջնադարյան իրավըմբռնմամբ նշանակում է առաջին վեզիր։ Իվանեի արքունիքում նույնպես կար նման պաշտոնյա՝ «գործակալ ն հրամանատար ի վերայ ամենայն իշխանութեանց իւրոց, և աւագ հէջպաց»։ Զաքարյաններն ունեին նաև սպարապետներ և այլ պաշտոնյաներ (գործակալ, վերակացու և այլն), իշխանությունը տեղերում իրականացնող ավելի մանր պաշտոնյաները (կողմնակալ, կողմնապահ և այլն) իրեևց կառավարմանը ենթակա երկրամասերում օժտված էին զինվորական, քաղաքացիական, հարկային և դատական իրավազորությամբ։ Դատարանային համակարգը կազմված էր պետության (իշխանապետական, իշխանական և տեղական դատավորների ու գեղջավագների), հոգևոր-եկեղեցական (կաթողիկոսական, եպիսկոպոսական ն քահանայական) և ավատատիրական (դասային և տերունական) ատյաններից։ Գերագույն դատավորն էր Զաքարյան իշխանապետության տիրակալը։

 
Ֆրիկ

12-13-րդ դարերում հայ մշակույթն ապրում է նոր վերելք։ Բուռն ծաղկում են ապրում մշակույթի կենտրոնները՝ Անիում Հովհաննես Իմաստասերի վարդապետարանը, Գեղարդավանքի, Սանահինի, Հաղբատի, Հաղարծինի ուսումնագիտական կենտրոնները, Գլաձորի համալսարանը, Նոր Գետիկի (Գոշավանք), Խորանաշատի, Կայենաձորի, Խոր Վիրապի վարդապետարանները, որոնք բարձրագույն դպրոցներ էին։ Զարգանում է նաև պատմագրությունը։ 12-13-րդ դարերի նշանավոր պատմիչներից էին Սամուել Անեցին, Մխիթար Անեցին, Մխիթար Այրիվանեցին, Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը ն ուրիշներ։ Իրավագիտական միտքը վերելք ապրեց հանձինս Դավիթ Ալավկաորդու կանոնների ն Մխիթար Գոշի Դատաստանագրքի, որը հայ միջնադարյան իրավունքի գլուխ-գործոցն է։ Գրականության մեջ զարգա-ցան առակագրությունը, մեկնությունները և այլն։ Տաղասացներ Խաչատուր Կեչառեցին, Ֆրիկը և ուրիշներ ստեղծեցին քնարական գործեր։ 13-14-րդ դարերում ավարտվեց ճարտարապետական մի շարք համակառույցների՝ Տաթևի, Սանահինի, Հաղբատի, Կեչառիսի, Հաղարծինի, Հառիճի, Հովհաննավանքի, Մակարավանքի շինարարությունը, ստեղծվեցին վանքային նոր համալիրներ՝ Գեղարդավանքը, Նոր Գետիկը, Ամաղուի Նորավանքը, Սաղմոսավանքը, Դադիվանքը, Տեղերի, Դեղձուտի, Խորանաշատի, Գանձասարի վանքերը և այլն։ Զաքարյան իշխանապետությաև ժամաևակ քաղաքաշինությունը նույնպես մեծ վերելք ապրեց։ Անին հասավ իր զարգացման գագաթնակետին։ Ծաղկում ապրեցին նաև Դվինը, Կարսը, Լոռեն և այլն։

Հայաստանի ազատագրված տարածքների քաղաքական, տնտեսական ու մշակութային վերածնունդը երկարատև չեղավ։ Շուտով արևելքից ներխուժեցին քոչվորների նոր հորդաներ, և երկրի բնականոն զարգացումը դարձյալ ընդհատվեց[5]։

13-րդ դարի առաջին կեսին՝ մոնղոլ-թաթարական հորդաներն արշավել և գրավել են Հայաստանը, որը տրոհվել է նվաճողների նորաստեղծ վարչատարածքային բաժանումների՝ վիլայեթների միջև։ Հարավ-արևմտյան նահանգները ներառվել են Մեծ Հայքի վիլայեթի, իսկ Այրարատը, Սյունիքը, Խաչենը և Գուգարքը՝ Գյուրջիստանի վիլայեթի կազմում։ Մեծ Հայքի վիլայեթում հայկական իշխանությունները մեծ մասամբ ոչնչացվեցին, իսկ մի քանի մանր իշխանություններ գոյատևեցին Վասպուրականում (Վան, Ռշտունիք), Աղձնիքում (Սասուն) և Մոկսում։

Մոնղոլ-թաթարական (Հուլավուների) տիրապետության ժամանակ Զաքարյանների տոհմը իլխանների արքունիքում կոչվում է «Արղութ», որը հոմանիշ է Մխարգրձելի (վրաց.՝ მხარგრძელი) տոհմանվան ն նշանակում է «երկայնաբազուկ»։ 18-րդ դարի վերջին, երբ Սանահինի կալվածատեր Մխարգրձելիները մտան ռուսական ազնվականության շարքերը, ստացան Արղության-Երկայնաբազուկ (ռուս.՝ Аргутинский Долгорукий) ազգանունը։ Նրանց կենտրոն Սանահին գյուղի վանքում էր Զաքարյանների տոհմական դամբարանը։

Զաքարյանների օրոք կառուցված և վերականգնված եկեղեցիներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Զաքարյանները ծագել են Բագրատունիներից, իսկ ուշ միջնադարում հայտնի էին որպես Արղությաններ կամ Երկայնաբազուկներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մուսուլմանական ամիրայությունների առաջացումը Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  2. «Հայ-վրացական զինակցության սկզբնավորումը։ Պայքար Անիի համար». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  3. «Հյուսիսարևելյան Հայաստանի ազատագրում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  4. LLC, Ayb Solutions. «ՀԱՅ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. «Հյուսիսարևելյան Հայաստանը Զաքարյանների օրոք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Լևոն Բաբայան, Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դարերում։ Երևան, 1964
  • Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում։ Երևան, 1975
  • Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Երևան, 2001
  • Հովսեփյան Գ․, Խադբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ, 2 հրատարակություն, Անթիլիաս, 1969
  • Երեմյան Ս․, Ամիրսպասալար Զաքարիա Երկայնաբազուկ, Ե․, 1944
  • Մխիթար Գոշ, Գիրք դատաստանի, Ե․․ 1975
  • Վարդան Բարձրաբերդեցի (Արևելցի), Պատմութիւն տիեզերական, Մ․, 1861
  • Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961
  • Շահնազարյանց Ա․, Զաքարյան (Երկայնաբազուկ) տոհմի ծագումը, գաղթը դեպի Զորագետ և նախորդները, «Շողակաթ»․ Ս․ Էշմիածնի հայագիտական ժողովածու, գիրք 1, Վաղարշապատ, 1913
  • Տեր-Ղևոնդյան Արամ, Զաքարիայի ն Իվանեի արաբատառ արձանագրությունը Ամբերդում, Երևան 1971
  • Ստեփանոս Օրբելյան «Պատմութիւն նահանգին Սիսական» -Թ. 1910 թ.
  • Ղարիբյան Ի. «Վրաց ժամանակագրություն (1207-1318)» -Ե. 1971 թ.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 676