Շանթի առաքելություն
Շանթի առաքելություն, կազմավորել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (1920 թվականին)՝ խորհրդային Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու և պայմանագիր կնքելու նպատակով։ Անդամներն էին Լևոն Շանթը (նախագահ), Հ. Տերտերյանը և Լ. Զարաֆյանը։ Պատվիրակությունը Մոսկվա է հասել 1920 թվականի մայիսի վերջին և բանակցություններ սկսել ՌԽՖՍՀ արտգործժողկոմ Գեորգի Չիչերինի և նրա տեղակալ Լևոն Կարախանի հետ։
Նպատակ
խմբագրելՊատվիրակությանը հրահանգված էր հասնել այն բանին, որ խորհրդային Ռուսաստանը ճանաչի Հայաստանի Հանրապետությունը՝ նրա սահմաններով, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, սկզբունքորեն ընդունի արևմտյան Հայաստանի միացումը Հանրապետությանը, չմիջամտի Հայաստանի ներքին գործերին, Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանում բնակվող հայերին իրավունք տա գաղթել Հայաստան, հատուցի առաջին աշխարհամարտի պատճառով Հայաստանին հասցված նյութ, վնասները և այլն։
Բանակցությունների ընթացքը
խմբագրելՍակայն բանակցություններն այլ ընթացք ստացան, հենց սկզբից առաջին պլան մղվեց հայ-թուրքական հարաբերությունների հարցը, որտեղ խորհրդային Ռուսաստանը ցանկանում էր ստանձնել միջնորդի դեր։ Գեորգի Չիչերինը հայկական պատվիրակությանը առաջարկեց հրաժարվել եվրոպական դիվանագիտությունից և հայթուրք. վեճի լուծումը հանձնել Մոսկվայի իրավարարությանը։ Իսկ տարածքային հարցի լուծման համար առաջ քաշեց ագգագրական սահմանի սկզբունքը՝ հիմք ընդունելով մինչև առաջին աշխարհամարտը եղած ազգային փոխհարաբերությունները. և առաջարկեց երկու կողմից էլ փոխադարձ վերաբնակեցում կատարել՝ միատեսակ, ազգագրական տարածք ստեղծելու նպատակով։ Շանթի պատվիրակությունը թեև արևմտյան Հայաստանի մասին բանակցություններ վարելու լիազորություն չուներ, բայց համաձայնեց այդ սկզբունքի հետ, թեև, ինչպես Չիչերինն է նշել, «այդ սկզբունքը կոնկրետացնելու փորձի ժամանակ պարզվեց, որ դաշնակների պահանջները դեռևս այնքան մեծ են, որ նրանց հետ Հայաստանի սահմանների ընդունելի որոշման հասնել հնարավոր չէր[1]։ Նույն ժամանակ Մոսկվայում գտնվող թուրքական պատվիրակությունը Բեքիր Սամիի գլխավորությամբ[2] ոչ միայն չընդունեց ազգագրական սահմանի սկզբունքը, այլև համառորեն պնդում էր Բրեստ-Լիտովսկի պայմանագրով գծված սահմանների և Հայաստանի դեմ ռազմական արշավանքի անհրաժեշտության վրա։ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների ճըշտման հարցում ևս բանակցություններն արդյունք չտվեցին, եթե Շանթը պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղը որպես պատմական Հայաստանի տարածք և հայերով բնակեցված երկրամաս պետք է կցվի Հայաստանին, ապա խորհրդային Ադրբեջանը Մոսկվայից պահանջում էր իրեն կցել ոչ միայն Ղարաբաղը, այլև Զանգեզուրը, Նախիջևանը, Շարուր-Դարալագյազը։ խորհրդային Ադրբեջանի ղեկավարները հանդես էին գալիս նաև Թուրքիայի շահերի պաշտպանությամբ՝ Չիչերինին ուղարկած հեռագրերում պնդելով, որ «դաշնակցական կառավարության հետ ամեն մի բանակցություն համարում ենք ավելորդ, իսկ Թուրքահայաստանի հարցը Ձեր մտադրության ձևով՝ անժամանակ»։ Հուլիսի 1-ին Երևան ուղարկած հեռագրում Լ. Շանթը նշում էր. որ «միակ դժվարությունը Ադրբեջանի սահմանն է, որովհետև Բաքվից ամեն կերպ աշխատում են խանգարել պայմանագրի կնքմանը»։ Հուլիսի 19-ին Թիֆլիս՝ Հայաստանում ՌԽՖՍՀ փազոր ներկայացուցիչ նշանակված Բորիս Լեգրանին ուղարկած հեռագրում այդ նույն միտքը կրկնել է նաև Չիչերինը՝ ասելով, որ «հայկական պատվիրակության հետ բանակցությունները կանգ են առել մեռյալ կետի վրա», քանի որ Ադրբեջանի պահանջները հայկական պատվիրակության համար ընդունելի չեն, և հայտնում էր, որ նա լիազորվում է շարունակել բանակցությունները Հայաստանում, անմիջականորեն կառավարության հետ։ Այսպես անարդյունք ավարտվեց Շանթի առաքելությունը Մոսկվայում. օգոստոսի 10-ին Շանթի պատվիրակությունը դուրս եկավ Մոսկվայից և Երևան հասավ սեպտեմբերին։ Հոկտեմբերին պատվիրակությունը նույն կազմով բանակցություններ վարեց Լեգրանի հետ Երևանում, որն ավարտվեց ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև հաշտության պայմանագրի ստորագրումով։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Օ. Հ. Տերտերյա, Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի բանակցությունները. Լևոն Շանթի պատվիրակությունը. •Հայրենիք» ամսագիր, 1954, N1, 2, 5:
- Документы внешней политики СССР, т. 2, Л/., 1958.
Տես նաև
խմբագրել- Լեգրանի առաքելություն
- Երևանի հայ-ռուսական համաձայնագիր (1920)
- Թիֆլիսի հայ-ռուսական համաձայնագիր (1920)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |