Բացել գլխավոր ցանկը

Քասաղ (գետ)

գետ ՀՀ Արագածոտնի մարզում
(Վերահղված է Քասաղից)

Քասաղ, Ապարան, Խարգախ, Խարսաղ, Կսզախ, Կասագ, Կասախ, Կասսախ, Կարբի, Կարբիի ջուր, Կարբի ջուր, Կարբո ջուր, Կարբվո ջուր, Կարբու ջուր, Կարպի, Կարփի, Ղազախ, Վսղարշապաաի գետ, Քասախ, Քարբի, Քարբվո ջուր, Քարսախ, Քարսահ, Քարսահղ, Քարսաղ, Քարփի, Քացախ, Քսաղ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզի և Արմավիրի մարզում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Քասաղ
Քասախի կիրճը, Օշական.JPG
Բնութագիր
Երկարություն89 կիլոմետր
Ավազանի մակերես1480 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԱրագած
 · Գետաբերանի տեղակայումՍևջուր
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱլվար, Ամբերդ, Գեղարոտ, Դաշտակի ջուր, Ենգո, Երնջառու, Թթուջուր, Նիգատուն, Շաղվարդ, Ջառջառիս, Վարդենիս, Գեղհովիտ, Անկյունասար, Գեղղհովիտ, Քարաղբյուր, Ամբարլու և Այուչայ
ԵրկիրՀայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ և Արմավիրի մարզ

Քասաղի ակունքները երեք գետակներ են, որոնցից ձախ օժանդակը՝ Քարաղբյուր, սկիզբ է առնում Փամբակի լեռների հարավային լանջերից, հոսում նախկին Ախուրյանի շրջանով: Աջակողմյան մյուս երկու՝ Դազքենդ և Ծաղկահովիտ օժանդակները սկիզբ են առնում Արագածի հյուսիսային լանջերից, հոսում Արագածի շրջանով, մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով, և Ռյա Թազա գյուղի մոտակայքում միախառնվում աջ կենտրոնական հոսանքին:

Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է: Մշտական հոսք ունի սկսած Ապարանից, որտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ: Հոսում է հարավ-արևելյան ուղղությամբ և Ապարանի ջրամբարից հարավ, Ափնագյուղ գյուղից արևելք թեքվում է դեպի հարավ և, աջից իր մեջ առնելով Գեղարոոտ վտակը, մտնում է Քասաղի կիրճը: Առավել ջրառատ և սրընթաց է Քասաղի միջին հոսանքը, հատկապես Աշտարակի և Օշականի մոտերքում, որտեղ գետի հովիտը մինչև 200 մ բարձր հասնող խոր ձոր է: Օշական գյուղից ցած՝ Քասաղը դուրս է գալիս Արարատյան դաշտ և, աջից իր մեջ ընդունելով Ամբերդ վտակը, գետաբերանային մասում բաժանվում է մի քանի բազուկների և ձախից միանում է Սևջուրին:

Ստորին հոսանքում՝ Արարատյան դաշտի սահմաններում, Քասաղի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասաղը իսպառ ցամաքում է։

ԱշխարհագրությունԽմբագրել

Քասաղն ունի 89 կիլոմետր երկարություն[1], ավազանը՝ 1480 կմ:²։ Նրա մեջ թափվող վտակներից ամենաջրառատը Ամբերդն է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կարևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակված ձյունը, որը սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։

Քասաղի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։

Սնումը ձնանձրևային է (76 %), հորդանամ է ապրիլ-հունիս ամիսներին: Գլխավոր վտակներն են Գեդարոտը, Շաղվարդը և Ամբերդը: Ջուրը մաքուր է, նախկինում ձկնառատ էր: Քասաղի վրա կառուցված Ապարանի ջրամբարի ջրերը օգտագործվում են ոռոգման համար: Դեռևս XIV դ առաջին կեսին Ագիգբեկյան իշխանական տոհմի ներկայացուցիչ Ագիգբեկ Ա-ն Քասաղից ջրանցք է հանել: Գետի վրա կան քարե գեղեցիկ կամուրջներ. Աշտարակի (հին՝ 1644 թ և նոր ու մեծ՝ 1955 թ), Օշականի մոտ (XVII դ), Էջմիածնի հյուսիս-արևմտյան կողմում (մինչև 1833 թ կանգուն է եղել) Քասաղը հիշատակում է Մովսես Խորենացին՝ Քասաղ, Քարսահղ, Քսադ ձևերով: Ղ. Ալիշանը Քասաղ անունը առաջացած է համարում Քարսահ ձևից: Քասաղը V դ-ում ունեցել է Սևջուր գետից անկախ ընթացք և հոսել է Վաղարշապատի միջով: Հետագայում հունը գնալով փոխվել է դեպի արմ: Ոմանք Կորյունի հիշատւսկած Ռահ գետը նույնացնում են նաև Քասաղի հետ: 1834 թ Քասաղը վարարել և քշել-տարել է Հովհանավանքի Անապատը: Քասաղի ձորում կան պաշտպանության համար հարմարեցված քարայրեր: Ակունքների շրջանում պահպանվել են Տրդատ թագավորին վերաբերող մի հունարեն արձանագրություն և հեթանոսական մեհյանի մնացորդներ[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 131 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 307 — 916 էջ։