Դաշտային Արցախ, քաղաքական եզրույթ, որը տարածքով համապատասխանում է Միլի դաշտավայրին[1]։ Դա Արցախի արևելյան, ադրբեջանաբնակ մասն է։ Ըստ Ադրբեջանի վարչական բաժանման՝ այստեղ են գտնվում Բարդայի, Թարթառի, Աղջաբեդի, Բեյլագանի, Ֆիզուլիի և Աղդամի շրջանները։ Վերջին երկուսի մեծ մասը 1993-2020 թվականներին եղել է Արցախի Հանրապետության հսկողության տակ[2]։

1747 թվականից ստեղծվել էր Ղարաբաղի խանությունը, որի մեջ էին մտնում հայկական Սյունիք և Ուտիք նահանգների հարավը ու ամբողջ Արցախը։ 19-րդ դարում՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, Ղարաբաղի և Գանձակի խանությունները միավորվեցին Ելիզավետպոլի նահանգի մեջ։ 1921 թվականին, երբ Սյունիք նահանգի հարավը (Զանգեզուր, այժմ՝ Սյունիքի մարզ) վերջնականապես մտավ Հայկական ԽՍՀ կազմի մեջ, Արցախը հայտնի դարձավ որպես Ղարաբաղի լեռնային հատված։ Այդ հայաբնակ շրջանում 1923 թվականին ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, իսկ դրանից դուրս ընկած տարածքները հայտնի դարձան որպես «Դաշտային Ղարաբաղ» կամ «Դաշտային Արցախ»։

Այժմ դաշտային Արցախը հակադրվում է Արցախի լեռնային հատվածին՝ ցույց տալու համար տարածքի պատկանելությունը Ադրբեջանին։ Ինչ վերաբերում է Արցախի լեռնային հատվածին, ապա 1991 թվականի սեպտեմբերի 2-ից դե ֆակտո անկախ այդ պետությունը 2017 թվականի փետրվարից վերականգնել է հայկական պատմական անունը և կոչվում է «Արցախ»[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 32 — 992 էջ։
  2. (անգլ.)CIA — The World Factbook. Azerbaijan. Արխիվացված 2009-06-10 Wayback Machine
  3. Արցախի հանրապետության սահմանադրություն