Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջան

Արարատյան ֆիզիկաաշխարհագրական շրջան, Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, Հայաստանի Հանրապետության ամենաընդարձակ շրջանը, ընդգրկում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերը: Հյուսիսից եզրավորված է Արագած լեռնազանգվածով, Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաներով, արևելքից՝ Գեղամա լեռնավահանով ու նրա հարավային շարունակությունը կազմող Երանոսի և Ուրծի լեռնաշղթաներով, հարավից՝ Հայկական Պար լեռնաշղթայով, Մեծ ու Փոքր Մասիսներով, արևմուտքից՝ Կարսի սարահարթով:

Արարատը Խոր Վիրապից

ՌելիեֆԽմբագրել

 
Ախուրյանի կիրճը

Ռելիեֆի գլխավոր տարրը Արարատյան գոգավորությունն է, որը ձգվում է Ախուրյանի գետաբերանից մինչև Նախիջևանի գոգավորություն: Գոգավորությունը եզրավորող լեռներն ամֆիթատրոնաձև իջնում են դեպի Արարատյան դաշտ, լեռնաճյուղերը ջրբաժան են գետերի միջև, որոնք առաջացրել են նեղ, խոր քարքարոտ կիրճեր (Քասաղի, Հրազդանի, Ազատի, Վեդու և այլն)։ Շրջակա հրաբուխներից ժայթքած լավաները առաջացրել են նախալեռնային գոտու սարավանդները (Թալինի, Կարմրաշենի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի)։ Անցումը դաշտից դեպի նախալեռներ կտրուկ է, երբեմն՝ աստիճանական։ Հրաբխային ապարները մերկացել են՝ առաջացնելով ռելիեֆի բազմապիսի ձևեր, առանձնապես գեղեցիկ են բազալտային սյունաձև առաջացումները՝ Հրազդանի կիրճի Երևանի հատվածում, Ազատի կիրճում և այլն։ Նախալեռներից անցումը դեպի հրաբխային զանգվածների միջին և վերին գոտիները կատարվում է աստիճանաբար։ Նախալեռնային սարավանդները և լեռնալանջերը ծածկված են երիտասարդ հրաբխային ապարներով։ Լեռնագրության հիմնական միավորներից են Ծաղկունյաց լեռնաշղթան, Արայի լեռը, Հատիս, Գութանասար հանգած հրաբուխները, Եղվարդի եռաբլուրները, Արտենի, Իրինդ հրաբխային կոները։ Գոգավորության ցածրադիր մասի ռելիեֆի ձևավորման գործում որոշակի ազդեցություն է թողել Արաքս գետը, որը հունը հաճախ փոխել է՝ առաջացնելով դարավանդներ։ Արմավիրի տարածաշրջանում պահպանվում է Երասխահունը (Արաքսի հին հունը)։

ՊաշարներԽմբագրել

Կան մարմարի, գրանիտի, քարաղի, քվարցային ավազի, բազալտի, տուֆի, պեռլիտի, հրաբխային խարամի, հանքային (Արզնի, Բջնի, Հանքավան, Արարատ), անուշահամ (Քառասունակն), արտեզյան (Արարատյան արտեզյան ավազան) ջրերի պաշարներ։

ԿլիմաԽմբագրել

Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ամառը՝ շոգ, արևոտ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2500-2800 ժ է, անարև օրերի թիվը՝ 30-40: Ձմռանը լանջերից ցած իջնող սառը օդը կուտակվում է Արարատյան դաշտում՝ առաջացնելով ջերմաստիճանի շրջադասություն (ինվերսիա)։ Օդի ջերմաստիճանի տարեկան միջին տատանումները հասնում են ավելի քան 30 °C, նվազագույնը՝ -42 °C (Ապարան), առավելագույնը՝ 42 °C (Արարատ)։ Գարունը կարճատև է, համեմատաբար՝ խոնավ, փոփոխական, ամառը՝ տևական (4-5 ամիս)՝ շոգ, չոր եղանակների գերակշռությամբ։ Միջլեռնային գոտում կլիմայական եղանակները համընկնում են տարվա օրացուցային եղանակներին։ Կլիման ավելի մեղմ է։ Ամառվա միջին ջերմաստիճանը 18-20 °C է։ Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով, գոգավորության հատակին ամեն տարի չէ, որ ձնածածկույթ է ձևավորվում։ Քամիների արագությունը, ըստ բարձրության, ավելանում է, առավելագույնը՝ ձմռանը։ Կլիման դեպի լեռնագագաթներ խստանում է, ձմեռը տևական է՝ 5-6 ամիս, ամառը՝ կարճատև, օդի ամսական միջին ջերմաստիճանը՝ 10-14 °C: Ձմռան ամիսների միջին ջերմաստիճանն իջնում է -10 °C-ից, նվազագույնը՝ -40 °C: Քամիների արագությունը 5-7 մ/վ է, տարեկան տեղումները՝ 230-900 մմ։ Մակերևութային հոսքը գրեթե բացակայում է։

ՋրագրությունԽմբագրել

 
Էրեբունի արգելոցի վայրի ցորենը՝ Ցորեն արարատյան (Triticum araraticum)

Բացի Մեծամորից, գետերը (Արաքս, Ախուրյան, Հրազդան, Ազատ, Վեդի) տարանցիկ են, վարարում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հուները։ Հրաբխային լեռնազանգվածների շրջանում գերիշխում է ստորերկրյա հոսքը, որը միախառնվում է Արարատյան արտեզյան ավազանին։ Տարածքում են Թալինի, Ապարանի, Արագածի, Ազատի, Աղբյուրակի ջրամբարները, Աշտարակի, Արտաշատի, էջմիածնի, Կոտայքի, Գառնու, Արզնի-Շամիրամի, Արմավիրի, Ստորին Հրազդանի ջրանցքները։

ԳոտիականությունԽմբագրել

Լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը։ Շրջանում իրար են հաջորդում անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, տեղ-տեղ՝ անտառային, ենթալպյան ու ձնամերձ լանդշաֆտային գոտիները։ Լանդշաֆտները փոխվել են առավել չափերով, ենթարկվել են մարդու տևական գործունեության ազդեցությանը։ Հյուսիսում և արևելքում որոշ տարածքներ ներառված են Խոսրովի անտառ և էրեբունիի արգելոցների, Գոռավանի ավազուտներ, Որդան կարմիրի, Բանքսի սոճու, Հանքավանի արգելավայրերի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։