Բաղեշ

քաղաք Թուրքիայում

Բաղեշ կամ Բիթլիս (հունարեն՝ βαλαλείςωυ, արաբերեն՝ Badlis), քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, Վանա լճից 18 կմ հարավ-արևմուտք, ուր միախառնվում են համանուն գետի վտակները։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամատչելի բնական լեռնանցքը՝ Ձորա պահակը։ Ժամանակին բերդի անունով կոչվել է Սալնոձոր։

Քաղաք
Բաղեշ
Բաղեշ
Վարչական տարածքԹուրքիա, Բիթլիսի էմիրաթ
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներԱբիբիթլիս, Բաղաղեշ, Բեդլիս, Բիթլիս, Սալնաձոր
ԲԾՄ1500 մետր
Բնակչություն52 024 մարդ (2020)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր, քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունբաղեշցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ13000
Պաշտոնական կայքbitlis.bel.tr(թուրքերեն)
Բաղեշ (Աշխարհ)##
Բաղեշ (Աշխարհ)

Բաղեշի տարածքում սկզբում միայն բերդ է եղել։ Հետագայում բերդի տարածքում հիմնել են քաղաքը, իսկ բերդը դարձել է միջնաբերդ։

Բաղեշի մասին առաջին անգամ հիշատակել է Սեբեոսը, իսկ որպես քաղաք Բաղաղեշի մասին առաջին անգամ հիշատակել է Թովմա Արծրունին։ Հունական աղբյուրներում Բիթլիսը հիշատակում են Բալալեզա, Բալալեյսա անվանումներով, արաբական աղբյուրներում՝ Բեդլիս, Բադլիս, իսկ թուրքականում՝ Բիդլիս, Բիթլիս ձևերով[1]։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Բիթլիս անվանումը կապված է Ալեքսանդր Մակեդոնացու հետ։ Նախքան արշավանքները մեծ հայորդին իր Լիս Զորավարին հանձնարարել է կառուցել այնպիսի բերդ, որը ինքը չկարողանա գրավել։ Արշավանքներից վերադառնալուց հետո Ալեքսանդրը այն չի կարողացել գրավել։ Նա բերդն անվանել է Բեդլիս, որը թարգմանաբար նշանակում է «Չար Լիս»[1]։

Բաղեշ անվանումը կապված է մի ավանդության հետ, որի համաձայն ձմռանը գոմի դուռը բաց է մնում։ Էշը գոմից դուրս է գալիս և Ջլիֆտա ձորն ընկնելով սառչում է և սատկում։ Էշին տեսնողները ասում են պաղ էշ, որտեղից էլ հետո առաջացել է Պաղէշ, իսկ ապա Բաղեշ անվանումները[2]։

Քաղաքի անուններ

խմբագրել

Բաղեշ քաղաքի պատմական անունները հետևյալն են. Աբիբիթլիս, Ապի-Բիթլիզ, Բադլիս, Բալալեզա, Բալալեյսա, Բաղաղեշ, Բեդլիս, Բեթլիս, Բիթլիս, Շահաստան Բաղեշ, Պիթլիզ, Պիտլիս, Սալնաձոր, Սալնոձոր[1]։

Բաղեշի ձմեռը ցուրտ է, ձյունառատ։ Գարնանն ու ամռանը նրա հարավահայաց մասում արևի ճառագայթների ներգործությունը մեծանում է և ձորալանջերի խոնավ հողը ծածկվում թավ բուսականությամբ։ Օդն առողջարար է, սառնորակ ջրերը՝ առատ[3]։

Աշխարհագրություն

խմբագրել

Բաղեշի միջով հոսում են բազմաթիվ գետակներ։ Գետակներից նշանավոր էին Ավեխու կամ Ամպա ջուրը (հայտնի է նաև Համեղաջուր անունով) և Խոսրովու կամ Խոցերու ջուրը (Ամրդոլ չայ)։ Գետակները, միախառնվելով կենտրոնական ձորում, կազմում են Բաղեշ գետը, որը թափվում է Տիգրիսի մեջ[3]։

Քաղաքի մոտ գտնվում է Գոմաց ձոր ձորահովիտը[4]։

Բուսականություն

խմբագրել

Բաղեշն ուներ փարթամ բուսականություն։ Փողոցները զարդարված էին ուռենիներով և կաղամախիներով։ Առաձնատները շրջափակված էին խաղողներով լի պտղատու այգիներով և պտղատու պարտեզներով[1]։

Լինչը գրում է, որ բնական այդ պայմանների շնորհիվ խաշնարած ցեղերն իրենց դարավոր տիրապետության ընթացքում չեն կարողացել ոչնչացնել Բաղեշի առատ բուսականությունը։ Դեռևս XIII դարում արաբ աշխարհագիր Յակուբ ալ–Համավին Արմինիայի Բադլիսը հիշատակում է որպես «մրգառատ քաղաք»։ Գրեթե բոլոր տներն ունեին այգիներ։ Այդտեղ աճում է տանձ, խնձոր, սալոր, ծիրան, խաղող, թուզ, սերկևիլ, նուռ, բալ, կեռաս, թութ, ընկույզ, կաղին[3]։

Պատմություն

խմբագրել

Բիթլիսն Ալեքսանդր Մակեդոնացու օրերին

խմբագրել
 
Բաղեշ քաղաքի ընդհանուր տեսքը XIX դարասկզբին

«Բաղէշ» անունն առաջին անգամ հանդիպում է Սեբեոսի «Պատմության» մեջ[5]։ Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-ում[6] Բաղեշը վերագրված է Բզնունիք գավառին։ Տեղական ավանդազրույցը բերդի հիմնադրումը վերագրում է Ալեքսանդր Մակեդոնացուն։ Իբրև Ալեքսանդր Մակեդոնացին, որ արշավել էր Հայաստան, գնահատելով այս լեռնանցքի ռազմական դիրքը, իր Լաիս կամ Լիս զորավարին հրամայել է այստեղ կառուցել բերդ։ Նորակերտ բերդն իբր այնքան անառիկ է եղել, որ Ալեքսանդրը վերադարձին այն չի կարողացել գրավել։ Իսկ երբ բերդի բանալիները կամովին հանձնել են Ալեքսանդրին՝ նա բերդն անվանել է Չար Լիս կամ պարսկերեն թարգմանությամբ՝ Բեդ Լիս (որտեղից Բիթլիս)։ Այս ավանդազրույցի տարբերակները գրանցել են XVI դարի քուրդ պատմիչ Շարաֆ–խան Բիդլիսին, XVII դարի թուրք ուղեգիր Էվլիյա Չելեբին և ուրիշներ[3]։

Բիթլիսը VII - X դարեր

խմբագրել

VII դարի վերջից արաբական նվաճողների կայազորները հաստատվել են Բաղեշում՝ այն դարձնելով Աղձնիքի տիրակալ Զուրարինների ամիրայական տոհմի նստավայրը։ Մերձակա վայրերի նկատմամբ իշխող դիրք ունենալու և առևտրական ճանապարհների հանգույցում գտնվելու շնորհիվ վաճառաշահ Բաղեշն ապրել է վերելք։ Արաբ առաջին աշխարհագիրները Բաղեշն անվանել են Արմինիայի ծաղկող քաղաք։ Իսկ Թովմա Արծրունին (IX դար) Բաղեշը հիշատակում է որպես «շահաստան»։

IX դարի 2-րդ կեսից Բաղեշին տիրել են Շայբանիների, X դարի 1-ին կեսից՝ Կայսիկների արաբ ամիրայական տոհմերը։ 929–930 թ թվականին բյուգանդական զորավար Հովհաննես I Կուրկուասը (Գուրգեն), արշավելով Կայսիկների դեմ, ի թիվս այլ քաղաքների գրավել է նաև Բաղեշը[3]։

Քրդական տիրապետության օրոք

խմբագրել

X դարի 2-րդ կեսին, արաբական ամիրայությունների քայքայումից հետո, Բաղեշում հաստատվեցին իսլամացող քրդական ցեղերը, որոնք թափանցել Էին Հայոց հարավային գավառները՝ որպես արաբական ամիրաների վարձկան զինվորներ։ X դարի վերջին Բաղեշը գտնվում Էր Մրվանյան քուրդ տոհմի ձեռքում։ Իսկ XIXIX դարերում նրան տիրել են ռուզակներ կամ ռոշկացիներ կոչվող քրդերը։ Բաղեշը եղել է ցեղապետների նստավայր։ Այդ ընթացքում ռուզակները Բաղեշի իշխանությունը կորցրել են միայն 1139-1180 և 1466-1494 թվականներին՝ 1-ին անգամ սելջուկների, 2-րդ անգամ՝ Ակ-Կոյունլուների տիրապետության օրոք։ Բաղեշի քրդական իշխանությունը առավելապես հզորացել է XVI –XVIII դարերում։ Բաղեշի առանձին խաներ (Շամշադդին և ուրիշներ) նույնիսկ սեփական դրամ են հատել։ Բաղեշի ռազմական դիրքի շնորհիվ թե թուրք, սուլթանը և թե պարսկական շահը որոնել են նրա հզոր խաների դաշնակցությունը։ XVI –XVIII դարերում Բաղեշի խանությունը կործանելու թուրքական պետության փորձերն ի վերջո ավարտվեցին անհաջողությամբ․ Թուրքիան հարկադրված ճանաչեց այն որպես Վանի Էլայեթում առանձնաշնորհ հյուքյումեթություն[3]։

Թուրքիայի տիրապետության օրոք

խմբագրել

1849 թվականին թուրքական պետությունը, վերջնականապես ընկճելով Բաղեշի քրդական խանության դիմադրությունը, գրավեց քաղաքը, ավերեց բերդը, բազմաթիվ կառույցներ։ Բաղեշը այնուհետև վերածվեց համանուն վիլայեթի կենտրոնի։

Թուրքերի կողմից հայերի ջարդը սկսվել է 1915 թվականի հունիսի 27-ից։ Կարճ ժամանակ անց Բիթլիսը դադարել է հայաբնակ լինելուց[1]։

Բնակչություն

խմբագրել

Միջցեղային կռիվների, մշտատև բռնությունների, հարկահանությունների, ազգային ու կրոնական խտրականության հետևանքով հետզհետե նվազել է Բաղեշի բնակչության, մասնավորաբար հայերի թիվը։ Լինչի տվյալներով՝ XIX դարի վերջին Բաղեշի բնակչությունը կազմում էր 30 000, մեկ երրորդը՝ հայ։ XX դարի սկզբին հայերն ունեին 5 արական և 3 օրիորդաց դպրոց։ Միայն Կարմրակ եկեղեցու բարեկարգ դպրոցում սովորում էր ավելի քան 100 աշակերտ։

Երիտթուրքերի կառավարությունը 1915 թվականին Բաղեշի հայությանը ես բնաջնջման և աքսորի ենթարկեց։ Հայերի վերջին մնացուկները Բաղեշից տարագրվեցին 1916 թվականից հետո, երբ հեռացան ռուսական զորքն ու հայ կամավորական ջոկատները։ 1965 թվականի տվյալներով ուներ 18 500 բնակիչ (հիմնականում՝ քրդեր, թուրքեր)[3]։

Տնտեսություն

խմբագրել

Երկրագործությունից բացի հայերը զբաղվում էին նաև արհեստագործությամբ և առևտրով։ Զարգացած էին կաշեգործությունը, կտավագործությունը, դերձակությունը, ներկարարությունը (առանձնապես հռչակված էր Բաղեշի կարմիր տորոն կամ շիլա ներկը), զինագործությունը, հետագայում՝ ծխախոտագործությունը։ XVIII-XIX դարերում կար 2 շուկա, շուրջ 1200 խանութ, որտեղ վաճառվում էին գլխավորապես տեղական արհեստագործական ապրանքներ։

Բաղեշը եղել է ոսկերչության հանրահայտ կենտրոն։ Զարգացած է եղել թանկարժեք մորթիներից մուշտակ կարելու արհեստը[3]։

Քաղաքից արտահանվում էր Կարմիր շիլա կոչվող կտավ, օճառ և զանազան գյուղատնտեսական ապրանքներ[1]։

1986 թվականի դրությամբ Բաղեշը Թուրքիայի ծխախոտի ու կաշվի արդյունաբերության կենտրոն է[3]։

Մշակույթ

խմբագրել

Ճարտարապետություն

խմբագրել

Քաղաքի կառուցվածք

խմբագրել
 
Բաղեշ քաղաքը XIX դարասկզբին

Բաղեշի ձորի կենտրոնում վեր խոյացող ժայռաբլրին (հայտնի է Սեպուհ կամ Քարալեռ անունով) գտնվում էր բարձրապարիսպ և ատամնաշար աշտարակներով միջնադարյան բերդը, ուր կարելի էր մտնել՝ անցնելով հաջորդաբար կառուցված 3 շարժական կամուրջները։ Ճանապարհն ուղղաբերձ է, դժվարամատույց։

Բերդի արևելյան կողմում՝ խոր ձորի եզրին կառուցված աշտարակից խաները ցած են նետել մահապարտներին։ Դրա համար էլ ժողովուրդն այն կոչել է Արյունոտ աշտարակ (Կանլի-կալե)։ Բերդի մետաղակուռ դարպասները գտնվում էին հարավային կողմում։ Խանի ապարանքը, ինչպես և ավագանու տները (մոտ 300) բերդի ներսում էին։

Բուն քաղաքը եղել է անպարիսպ և ունեցել 6 դարպաս (գաբուսի)՝ Վանի, Չիթճիլերի, Արաբ չարսուի, Ամիրա չարսուի (Ամիրու շուկայի դուռն), Մեյվանեի և Օղրունի (Դաղտան դուռն)։ Տներն ամֆիթատրոնի ձևով փռված էին ձորի լանջերին։ Ձորի մեջ է եղել շուկան։ Տներն ու մյուս շենքերը քարակերտ էին (կառուցված տեղական թեթև «փութ» կոչվող քարից, սպիտակ մարմարից կամ խճաքարից)։ Զգալի թիվ էին կազմում բազմահարկ ապարանքներն ու քարավանատները[3]։

Հայկական կառույցներ

խմբագրել

Քաղաքում մինչև 1915 թվականը կար 4 հայկական եկեղեցի և 4 վանք (ըստ քաղաքի 4 կողմերի ու թեմերի), որոնք ունեին ընդարձակ ագարակներ, անդաստաններ ու այգիներ։ Հարավ–արևելյան կողմում գտնվում էր Կարմրակ Ս․ Նշան (հնում կոչվել է Ս․ Կիրակոս) գմբեթավոր եկեղեցին։ Այս եկեղեցին պատկանում էր Ամլորդվու (Ամրդոլու) Ս․ Հովհաննես մենաստանին, որը շատ կարևոր դեր է խաղացել XVI –XVIII դարերում հայ դպրության պատմության մեջ։ Այստեղ են սովորել կամ աշխատել Վարդան, Առաքել, Ներսես Բաղիշեցիները, Բարսեղ Աղբակեցին, Հովհաննես Կոլոտը, Գրիգոր Արճիշեցին և ուրիշ վարդապետգիտնականներ։ Կարմրակ եկեղեցին համարվում էր քաղաքի գլխավոր եկեղեցին։

Ս․ Գևորգ քարագմբեթ եկեղեցին պատկանում էր Խնդրակատարի Ս․ Աստվածածին վանքին, Ս․ Սարգիսը՝ Ավեխու Ս․ Աստվածածին վանքին, իսկ Ս․ Պողոս–Պետրոս առաքյալների Հինգ Խորան եկեղեցին՝ Գոմաց (Տատրաբնակ) Ս․ Աստվածածին վանքին։

Բաղեշի մոտակայքում էր գտնվում նաև Ծապրկորու Ս. Կարապետ վանքը[3]։

Մզկիթներ

խմբագրել

Բաղեշում կային թվով 15 հատ մզկիթներ ու մինարեներ, դրանցից նշանավոր էին Կըգլ Մաջիդը (հնում եղել է եկեղեցի), Շեմսեդդինը, Շերեֆիեն, Մաջիդի Խաթունը։ Նրանցից երկուսը եղել են հայկական եկեղեցիներ[1]։

Կամուրջներ և բաղնիքներ

խմբագրել

Բաղեշի միջով հոսող գետակների վրա կառուցվել են բազմաթիվ կամուրջներ։

Բաղեշում կային հասարակական բաղնիքներ (տղամարդկանց և կանանց)։ Սակայն մեծ թիվ են կազմել տնային բաղնիքները (ըստ Էվլիյա Չելեբու, XVII դարի դրանց թիվը հասել է 600-ի)[3]։

Հնություններ

խմբագրել

Բացի վերը նշված շինություններում Բիթլիսում կար բերդի ավերակներ, ավերակ և լքյալ եկեղեցիներ ու մատուռներ, կենդանեկերպ գերեզմաններ՝ ձիաքար, արջաքար, որոնց վրա կային տապանագրեր[1]։

Գրչություն

խմբագրել

XV դարում Բաղեշի Ամրդովլու վանքը հռչակված էր որպես գրչության կենտրոն։ Նշանավոր գրիչներից է եղել տաղասաց Կարապետ վարդապետ Բաղիշեցին (ծնված. 1475 թվականին)։

Միայն XV դարի առաջին կեսին այդտեղ ընդօրինակվել են.

  • 1 Քարոզգիրք
  • 4 Հայսմավուրք
  • 4 Ավետարան

Նույն դարի 50-80-ական թվականներին ընդօրինակվել են.

  • 6 Ավետարան
  • 2 Հայսմավուրք
  • 1 Շարակնոց

17-րդ դարում գրչությունը նոր շունչ է ստացել։ Կարապետ վարդապետ Բաղիշեցու գործը շարունակել են Դավիթ (ժամանակագիր, պատմիչ) և Վարդան Բաղիշեցիները[1]։

Նշանավոր մարդիկ

խմբագրել

Բաղեշից են սերում Վիլյամ Սարոյանի ծնողները։ Բաղեշում է ծնվել հայ դերասանուհի Զաբելը՝ Մարիամ Կնորոզովան (ծնված․ 1858 թվականին)[1]

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 685-686
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 573, Բաղեշի գավառակ
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 ՀՍՀ, հտ 2, էջ 254-256, Արսիս
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 970 — 992 էջ։
  5. Սեբէոս, Պատմութիւն:
  6. Վարդան Արեւելցի, Աշխարհացոյց:

Տես նաև

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաղեշ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 254  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 437