Խաչատուր Աբովյանի հուշարձան (Երևան, Քանաքեռ)

Այս հոդվածը Երևանի Քանաքեռ թաղամասի արձանի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Խաչատուր Աբովյանի հուշարձան (այլ կիրառումներ)։

Խաչատուր Աբովյանի հուշարձան, գտնվում է Երևանի Քանաքեռ թաղամասում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ, տեղադրվել է 1933-ին Աբովյան փողոցում, այնուհետև մի քանի անգամ տեղափոխվել է։ Ներկայիս վայրում տեղադրվել է 1964-ի սեպտեմբերին։ Ընդգրկված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Խաչատուր Աբովյանի հուշարձան

Խաչատուր Աբովյանի հուշարձանը Քանաքեռում
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.12/15.4
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 1908
Գտնվում է Քանաքեռում, Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտ
Քանդակագործ(ներ) Անդրեաս Տեր-Մարուքյան
Ճարտարապետ(ներ) Մարկ Գրիգորյան
Հիմնադրում 1910
Նյութ բրոնզ, գրանիտ
Շինարարության սկիզբ 1913
Շինարարության ավարտ 1933 թ., հուլիսի 6
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ

խմբագրել

Տվյալներ

խմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից։ Երևանում Խաչատուր Աբովյանի երկու հուշարձաններից առաջինն է։ Երկրորդը գտնվում է Կենտրոնում՝ Աբովյան պուրակում։

Պատմություն

խմբագրել

Հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անհետացման 60-ամյակի կապակցությամբ 1908 թվականին որոշվում է Երևանում հուշարձան կանգնեցնել։ Գործը պետք է իրականացներ Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Արձանը կառուցելու համար անհրաժեշտ գումարը՝ 12000 ռուբլին պետք է հավաքվեր հանգանակությամբ, ինչպես նաև կազմակերպված համարգներից ստացվող հասույթով։ Մի քանի տարում տեղի են ունենում համերգներ Կովկասի ու Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Թիֆլիսում, Բաթումում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում։ Սակայն պահանջվող գումարը հաջողվում է հավաքել միայն մի քանի տարի անց։

  Դա մի տաղանդավոր գրողի արձան չէ, դա հայ ժողովրդի վերքոտ սրտի արձան է, որը կանգնելու է այնտեղ, Արարատի սրբազան դաշտում՝ սերունդներին ու դարերին ի տես, որ տեսնեն, թե քանի սուր կա ցցված նրա մեջ, քանի դարդ ու ցավ։ Պետք է կանգնի հավիտյան, անլռելի պատմի աշխարհին հայի տանջանքն ու տենչանքը
- Հովհաննես Թումանյան[4]
 

Արձանը կառուցելու համար հայտարարվում է մրցույթ, որի հաղթողները պետք է ստանային դրամական պարգևներ՝ 500, 300 և 100 ռուբլի առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար։ Մրցույթին մասնակցում են տարբեր երկրնեում ապրող հայ անվանի քանդակագործներ Միքայել Միքայելյանը (Թիֆլիս), Անդրեաս Տեր-Մարուքյանը (Փարիզ), Հայկ Բադիկյանը (Բոստոն), Հակոբ Արապյանը (Կ. Պոլիս), գրող Մուրացանի դուստր Ե. Ռուզան-Մուրացանը (Բեռլին) և Հակոբ Գյուրջյանը (Փարիզ)։ Ներկայացված ութ նախագծերից ժյուրիի հավանությանն է արժանանում Անդրեաս Տեր-Մարուքյանի ներկայացրած նախագծերից երկրորդը։

 
Անդրեաս Տեր‐Մարուքյանն իր արվեստանոցում Խաչատուր Աբովյանի արձանի հետ, Փարիզ, 1910 թվական

1911 թվականին հեղինակը Փարիզից գալիս է Երևան, ճշտում է արձանը տեղադրելու տեղը, քանդակը պատրաստելու համար հավաքում անհրաժեշտ նյութեր։ Դրանից երկու տարի անց արձանը պատրաստ է լինում։ Այժմ էլ առաջանում է արձանը Երևան տեղափոխելու խնդիր. չկար անհրաժեշտ գումարը։

Շուտով Տեր-Մարուքյանը վախճանվում է՝ այդպես էլ չտեսնելով իր քանդակած արձանը նախատեսված վայրում։ Նա նաև չի հասցնում ստանալ խոստացված հոնորարը։

Միայն խորհրդային կարգերի օրոք՝ 1925 թվականին, պահանջվող գումարը փոխանցվում է, և քանդակը Փարիզից ուղարկվում է Երևան, բայց սխալմամբ հասնում է Թիֆլիս։

Միայն ութ տարի անց՝ 1933 թվականի հուլիսի 6-ին, արձանը տեղադրվում է Երևանի «Մոսկվա» կինոթատրոնին կից՝ Աբովյանի անվան հրապարակում[5] (այժմ՝ Շառլ Ազնավուրի հրապարակ)։ 1950 թվականին Աբովյան փողոցը վերակառուցվում է, որի պատճառով արձանը տեղափոխվում է Երևանի կրկեսի մոտ, նախկին երկաթգծի կայարանի դիմաց՝ անշուք վայր, թեպետ նույն թվականին Աբովյան պուրակում տեղադրվում է Աբովյանի մեկ այլ արձան, որի հեղինակը Սուրեն Ստեփանյանն է։

Որոշ ժամանակ անց Տեր-Մարուքյանի ստեղծած արձանը կրկին տեղափոխվում է՝ այս անգամ հայտնվելով Ծիծեռնակաբերդի բլրի վրա։

1957 թվականին արձանը ևս մեկ անգամ է տեղափոխվում և այս անգամ կանգնեցվում է Մանկական երկաթուղու տարածքում՝ Աբովյանի անվան զբոսայգում, թունելների մոտ։ Եվ միայն յոթ տարի անց՝ 1964 թվականին, արձանը զբաղեցնում է իր ներկայիս տեղը՝ Քանաքեռում` Աբովյանի տուն-թանգարանի մոտ[6]։

1980-ականների վերջին վանդալները Աբովյանի արձանի վրա կրակել են[7]։

Գտնվելու վայրեր

խմբագրել
  • 1913-1925՝ Փարիզի ձուլարանում
  • 1925-1933՝ որոշ ժամանակ Թիֆլիսում, հետո՝ անհայտ է
  • 1933-1950՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ
  • 1950-1953՝ կրկեսի մոտակայքում
  • 1953-1957՝ Ծիծեռնակաբերդի բլրի վրա
  • 1957-1964՝ մանկական երկաթուղու տարածքում, թունելների մոտ
  • 1964-ից՝ Քանաքեռում, Աբովյանի տուն-թանգարանի մոտ

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ». Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  2. «Հուշարձանների տեղեկատվական շտեմարան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  3. «Հայաստանի ազգային պատկերասրահ, Քանդակ». www.gallery.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  4. Խանջյան Ա. «Խաչատուր Աբովյանի հուշարձանը». Երևանի արձանները, Երևան, 2004։. hushardzan.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  5. «Կինո Մոսկվան՝ կենդանի պատմություն». 168 Hours Weekly. 2012 թ․ հունիսի 14. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  6. «Ուրիշ արձաններ, [[Երևան (ամսագիր)|«Երևան» ամսագիր]], թիվ 9(27), 2014 թ., էջ 52» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  7. «Արծրուն Ավագյան, Խաչատուր Աբովյան, կյանքի երեք շրջան, երեք միջավայր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.

Գրականություն

խմբագրել
  • Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
  • Արմեն Առուստամյան. «Այսպես ծնվեց նրա «Աբովյանը» (2017 թ.):
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.12/15.4